Լուսանկարը` Հասմիկ Բարխուդարյան
Ինքնակենսագրականն ինձ թվում է գրում են երկու դեպքում: Մեկը, երբ ինչ որ գործի են ընդունվում, մյուսը, որ մարդիկ կարդան ու ծանոթանան քեզ, կյանքիդ, արած-չարածիդ, ունեցած-չունեցածիդ: Առանձնապես շատ բան չունեմ: Առանձնապես չունեմ մի բան, որ մի ուրիշը չունի, ուրիշներից շատ չեմ տարբերվում, ուրիշների մեջ ինձ չեմ կորցնում, միշտ տենց է լինում ու դա անբացատրելի է ինձ համար: Ես ծնվել եմ Երևանում ՛90 թվականին, հիշում եմ կիսատ-պռատ էն ամենն ինչ էդ ժամանակվա ծնվածների մեծ մասը՝ տալոնով հացի հերթ տատիկիս հետ, ով մահացավ մի քանի տարի առաջ, ով ինձ շատ էր սիրում և ում երբեմն անսպասելի հիշում եմ, երբ նայում եմ կնոջս հատկապես, երբ կինս ժպտում է, հիշում եմ Կապանը, որտեղ ամառներս էի անցկացնում մեր գյուղում, ընտեղ սարերը շատ էին, մեծ-մեծ անտառներով, շատ մոշ կար, կողքի գյուղերից գալիս հավաքում էին, ես մենակ ուտում էի, ծառի ճյուղերից վրան էի սարքում ու անձրևին մտնում տակը՝ տեսնեի ջուր թողնո՞ւմ է (թողնում էր), ձի էի քշում, ու մեկ էլ հիշում եմ, ոնց էի սպասում թուխս նստած հավի տակից կարծեմ 40 օր հետո դուրս եկած ճտերին: Էլի նման բաներ, մի անգամ օձը ախպորս աչքից քիչ մնաց կծեր, մի անգամ էլ ժամերով կորել էի անտառում, բայց մամային չասեցի, հետո ոզնի գտա, բայց չեմ կարծում որևէ հատուկ բան մոռացա: Հա մեկ էլ հիշում եմ, որ պապս ինձ կացին էր տվել, բայց մենակ իմն էր ու դրանով էի անտառ գնում ամեն օր ու մինչև գիշեր թափառում: Գիշերը գայլերը ոռնում էին, պապս կրակում էր հրացանից, որ չգան մեր տան վրա: Անտառում կար օձ, արջ, չախկալ, գայլ, կխտար, ինչ ասես կար…հիմա տեսնես նույն ռիսկով կմտնե՞մ անտառ: Բայց ինձ թվում է կմտնեմ: Դպրոցս ոչ շատ սիրում էի, ոչ էլ առանձնապես զզվում: Սովորական էր: Տարրական ու հետտարեկան մի երկու տարին բացարձակ, ինչպես ասում էին ծնողական ժողովների ժամանակ, գերազանցիկ էի, հետո մի աղջկա սիրահարվեցի (անունը չեմ տա, կարող ա ճանաչող լինի) փաստորեն femme fatal էր, կամ fille fatal (13 տարեկան էինք հազիվ) ու ընկա ավելի մեծերի աշխարհ: Հիշում եմ ոնց էր իրա պապան վրաս գոռում, հիշում եմ լիքը կռիվներ կողքի դասարանցիների հետ, ծեծոցիներ, հիմա անգամ մտածում եմ լավ ա մի լուրջ բան չի պատահել, դուբինկա, կաստետ, դուռա, քսան-երեսուն հոգանոց արյունլվիկներ: Մի անգամ դասարանի փեչը ծախեցինք, որ տղերքից մեկի ցեպը լոմբարդից հանենք: Բայց հավես բան կար էդ ամեն ինչի մեջ, էդ ընթացում ավելի նոր էինք, չնայած էլի չեմ կարա նորմալ բացատրեմ թե ինչի: Էդ ժամանակ կարատեի էի գնում, չեմ մոռանում մրցումների ժամանակ ոնց ջարդեցի մեկի քիթը: Նման զգացողությունների համար արժեր նախորդ 5 մրցումների պարտություններս, հիասթափություններս ու վախերս: Համալսարանի առաջին կուրսը դպրոցի 10-րդ դասարանից հիմնականում տարբերվում էր աղջիկների անվերահսկելի քանակով (Ռոմանո եմ սովորել): Լավ էր: Առաջին երկու կուրսից մենակ կռիվ-բազառ եմ հիշում, բայց մեկ է հասցնում էի լավ սովորել: Դասախոսները միշտ ինձ հատուկ առանձնացնում էին: Իրոք լավ էի սովորում, որովհետև շատ շատ էի սիրում լեզվաբանությունն ու արտ. գրականությունը, ինչ կար-չկար կարդում էի, դուրս գրում, ինչ որ ցուցակներ կազմում, որ կարդայի (այ դրանք, բայց լրիվ չեմ հասցրել կարդալ դեռ): Ինձ զգում էի ջրի մեջի ձկան պես, այսինքն, ինչպես ձուկը ջրում: Հավելյալ տոննաներով բառեր էի սովորում, հարյուր հատ անգլերենի բառատետր ունեի, մի տեսակ սիրահարվում էի անծանոթ բառերին, իրանց տարբեր իմաստներին, նոր կառույցներին, արտասանությանը, թե ոնց է էդ բառը բերանիս մեջ տեղավորվում, հենց էնպես էջերով բարձրաձայն կարդում էի, Համլետից միջին անգլերենով հատվածներ էի անգիր անում (սիրուն դասախոս ունենալը չգիտեմ մի դեպք, որ իրա դրական ազդեցությունը չբերի): Էսսեների ու վերլուծությունների ժամանակ շատ էի կռվում-վիճում դասախոսներիս հետ (բարևներս հատկապես տկն Տոնյանին), բոլորին ուզում էի համոզել, ապացուցել: Ափսոս անգլիացի-ամերիկացի դասախոսներ չունեինք, էդ ժամանակ ինտերնետը տարածված չէր, լեզվակիր անգլախոսների խոսք քիչ էինք լսում: Չգիտեմ, չեմ կարծում, որ էլի ինչ որ առանձնահատուկ բան եմ արել: Մագիստրատուրա-ասպիրատնուրայի տարիներին գիշերները աշխատում էի, ցերեկները՝ դասի գնում, ամենակայֆը հինգերորդ գիշերվա հերթափոխից հետո մի օրում երեք իրար հաջորդող միջանկյալներ գրելն էր, ռեդբուլ, սուրճ, սիգարետ ու 19-20 էր: Գիշերը աշխատանքի ժամանակ Բայրոնի մասին ռեֆերատը գրեցի չափածո, պոեմի պես, երկար ոտքերով քառատներով, մի հատուկ բան չէր, բայց էս վերջերս նորից կարդացի (միակ ձեռագիր տարբերակը կնոջս մոտ է), վատը չէր: Տեսնես հիմա էլ կարա՞մ: Ինձ թվում է կարամ: Չփորձածի, անսովորի, տարօրինակի, վախենալուի սահմանն անցնելը, անդունդի եզրից նայելը սատանայական հրաշք ա ու միշտ էլ գազանանոց գնացող 6 տարեկանի փայլփլուն սև աչքերովս պատրաստ եմ էդ սահմանն անցնել, այժմ և միշտ, և քանի դեռ մահը չբաժանի մեզ… Համալսարանում հանդիպեցի կնոջս, էդ մասին մենակ այն, որ արժեր ապրել մի ամբողջ կյանք էդ հանդիպումն ունենալու համար, իսկ մնացածը…մնացածը մենակ մեր գործն է… Բայց չեմ ուզում գրածս վավերագրություն դառնա, չեմ ուզում այնուամենայնիվ ու անխուսափելիորեն ու շատ բաներ բաց թողնել, որովհետև գրում եմ միայն եղածի ստվերը, ու կատարվածի հետքերն եմ գրում ու չեմ փոխանցում ոչ հոտ, ոչ հոգնածություն, ոչ վախեր, ոչ հրճվանք, ոչ էն դատապարտվածության զգացողությունը, երբ նոր ուստարվա սկզբին իմացա, որ էդ ժամանակվա սիրածս աղջիկն արտագաղթել էր Ռուսաստան ու ամուսնացել: Չեմ ուզում շարունակել հատկապես, երբ արդեն ահագին գրել եմ իմ մասին, բայց որ կարդում եմ վերևից ներքև, ինձ թվում է նույն էս տեքստը կարող է վերաբերել էլի ուրիշ, շատ տարբեր, ուրիշ մարդկանց, ուրիշ տեղ, ուրիշ ժամանակ ու ոչնչով չառանձնացնել ինձ, ոչ մի չտեսնված բան, ոչ մի չարված-չտեսնված-չզգացված մի մեծ բան: Ու քանի որ գործի ընդունվելու համար չեմ գրում, իսկ ինձ ճանաչելու համար էսքան գրածս ինձ թվում է առանձնապես բան չի տա կփորձեմ գալ վերջին: Վերջում. ապրում եմ Երևանում: Երջանիկ եմ:

Հայր մեր որ ազատվեցիր ու թոկից կտրված լցվեցիր փողոցներ

երկու կուրծքդ խավար էր
ու ես մեջտեղը հետուառաջ անող մի օձ
ամեն ինչ ճիշտ էր գնում դեպի
վերմակիդ սառնաթարմության մեջերը
մենք մի կերպ էինք տեղավորվում սենյակումդ
ամենտեղումս կայիր, ներսս կախված գլխապտույտ չղջիկ
ներսուդուրս էիր անում միջովս,