Տիգրան Մասնուրյան

«Ոչնչի» և «ինչ-որ» բանի միջև սահմանագիծը իբրև ստեղծագործական ռիսկ

Հայ մեղեդու մեջ նախադասություն կազմող տրոհման բաժանարար գծերը սովորաբար նվազ ընդգծված են: Մեղեդիական ծորուն շարժումը իր տաղաչափական ներքին տրամաբանությունն ունի, որ երբեմն կարող է հիշեցնել անհանգ բանաստեղծության (vers libres) հյուսվածքի խորքերում ընթացող ռիթմական հոսքի բարդ, երբեմն կամայական շարժումը: Եվրոպական դասական երաժշտությանը հայտնի ութ տակտայնությունը իր բոլոր հատկանիշներով, այստեղ մեծ մասամբ չի աշխատում, բացակայում է: