Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Ծնվել եմ 1988 -ին: Մի տեսակ տարօրինակ ա, որ մինչև էդ չկայի: Ծնվեցինք Սովետը սկսեց փլուզվել, չթողեցին տեսնենք էդ ինչ էր: Հիմա էլ բակի էրեխեքին, որ տեսնում եմ, էլի մի տեսակ տարօրինակ ա, որ մինչև էս չկային, իրանք էլ Սովետը չեն տեսել:   էրկու, թե իրեք տարի ապրեցի սկսվեց գաղութացումս. մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, բանակ, հիմա նորից ինստիտուտ:   Դպրոցի վերջին տարիներում Չարենց արտասանելս փրկեց ինձ: Տնօրենը պաչեց, ասեց` գանձս, մինչև էդ մի քանի անգամ դպրոցից հանում էր, էդ ժամանակ ես հասկացա Չարենցի արժեքը:   Բանակում բանաստեղծություն արտասանելը չէր անցնում, էնտեղ էրկու բան պիտի արտասանես` «ճիշտ այդպես» կամ «ոչ մի կերպ», բայց ճակատս ոչ մի աֆիցեռ դրա համար չպաչեց:   Ինստիտուտն էլ սխալ ընտրեցի. ծրագրավորող, որոնց չի հետաքրքրում գրականությունը:   Ընդհանրապես, մարդ իրա մասնագիտությունը նենց պիտի ընտրի, որ գործն անի «ճակատը պաչեն»: Բայց կյանքից գոհ եմ, որովհետև եթե գոհ չլինեմ, պիտի դժգոհ լինեմ, գոհ լինելը ավելի ա ձեռ տալիս: Ուվալնյատի օրը   Նվիրում եմ մեր մարտկոցի Արամիկին և ուվալնյատի օրը բոլոր զոհվածներին  

Արտաշիրմում

Տղա: Մամաս ա մեռել:
Ոստիկանություն: Սպանե՞լ են, թե՞ ինքնասպանություն ա գործել: Ու՞մ հետ ա խնդիրներ ունեցել ձեր մայրը: Հասարակությո՞ւնն էր պատճառը, թե՞ ձեր հայրն ա խոշտանգելով սպանել, թե՞ ձեր մայրը լեսբի էր ու չէր համակերպվում իրա սեռական կողմնորոշմանը, թե՞ դուք եք սպանել, որ տիրանաք իրա ունեցվածքին:

Վեճ

Իռան վերցրեց ընկերոջս գլուխը, սկսեց կճպել մանդարինի պես: Տակից նոր գլուխ դուրս եկավ, ավելի մաքուր, ավելի պայծառ, ավելի երիտասարդ ու համեղ: Տվեց ինձ ասեց.
- Կեր:

Ուվալնյատի օրը

Արա՛, սրանք վատ են, ախր սրանք իմ ընգերներն են, բանակի ընգերներն են: Արա՛, ուզում են ինձ սպանե՞ն: Ա՛խ, ա՛խ, վա՛խ աչքս: Ո՜ւ, ուղիղ սոլնիչնիիս: Արա՛, մի՛ խփեք: Ախր, էս ես եմ, ձեր ընգերը, Ամը: Չե՞ք հիշում: Արա դուք ախր ինձ Ամերիկանեց կնքեցիք, որտև ամերիկական սիգարետ էի բաժնում: Մի՛ խփեք արա: Էսօր տուն պտի էթամ: Հետո՞ ինչ, որ հըլը չեմ կարում, պիտի նենց անեք, որ վաբշե չկարենա՞մ: Դուզ քթիս, վա՜խ: