Ծնուել եմ 1984-ին, Երևան: Հիմիկ ու հիմա, 1992-ից ի վեր, հաստատուած եմ Փարիզ: Ուրեմն, 24 տարեկան եմ: Եվ որքան յիշում եմ ինքս ինձ, առաջին հակումս եղել է գիտութեան մէջ դերակատար լինելը: Յատկապէս ատոմային ֆիզիկայի ասպարէզում: Եթէ երբևէ մէկն ինձ ասէր, որ մի օր վերջնականապէս հեռանալու եմ ճշգրիտ գիտութիւնից, կանոնների և մաթամատիկական ուրիշ պաղ հասկացողութիւններից և ակադեմիական բարձրագոյն դեկարտականութիւններից, որպէսզի հոգով ու մարմնով նետուեմ գեղարուեստի ստեղծագործութեան մարզ, ես նրան կը նայէի սառն ու անտարբեր հայեացքով և գուցէ թէ a+b սկզբունքով ապացուցէի, որ այդպիսի բան բացառւում է: Սակայն փաստը արդէն կայ: Իմ գրական ողնաշարը հայ, ֆրանսացի, ամերիկացի, ռուս գրողներից են, որոնց անունները թուարկելիս հնարաւոր է նաև այնպիսի տպաւորութիւն ստանալ, թէ խօսքս ոչ թէ ոսկրոտ ամուր ողնաշարիս, այլ խորովածի շամփուրի վրայ սոխով ու քացախով կակղեցրած չալաղաջի իւղալի կտորների մասին է: Այդ գրողները որքան հզօր են, նոյնքան և իրարից տարբեր ու երբեմն իրար հակասող: և ինձ ինքնավստահութիւն ու ազատութիւն տուող ուժն էլ հէնց այս յանգամանքն է: Այնուհանդերձ, ծնողներիս համառ խորհրդով ինձ գտայ քիմիական ֆիզիկայի բարձրագոյն կրթական հիմնարկութեան մէջ: Այս դիմակահանդէսը տևեց մէկ տարի: Քսան տարեկան հասակիս հիմնաւորապէս քաշուեցի ճշգրիտ գիտութիւններից, գնեցի լուսանկարչական մի գործիք և սկսեցի լուսանկարել ամէն ինչ և ինչ ասես: Կարծեմ աւելորդ է աւելացնել, որ դասերից փախչելով՝ գնում էի լուսանկարելու: և մի գեղեցիկ ու պայծառ առաւօտ էլ ինչ-որ անբացատրելի բան պատահեց ինձ հետ: Նախաճաշելիս յանկարծ ելա տեղից և մտորելով շարագրութեան մասին, սկսեցի ինչ որ տառեր գրել, յետոյ էլի ու էլի տառեր ու բառեր գրուեցին այնքան ժամանակ, մինչև որ մէկուկէս տարի անց այդ ամէնը դարձաւ իմ առաջին վէպը: Լուսանկարել սկսել եմ 2004-ից, իսկ գրելը՝ 2006-07-ից: Երկու գործով միաժամանակ զբաղուելս բնաւ չի խանգարում ինձ: Ճիշտ հակառակը: Ստեղծագործական աշխատանքս թեթևանում է: Այսօր, 2008-ին, աւարտել եմ իմ երկրորդ՝ «Այդ մսակեր ոչխարները» վէպը և ուսումս շարունակում եմ Սորբոնի համալսարանի ֆրանսական ժամանակակից գրականութեան բաժնում:

Եղեսպակի զգայախաբութեամբ բախտագուշակները

La Sauge des Devins Դրուագ վէպից Հեղինակազօրուած թարգմանութիւն ֆրանսերենից՝ Լիլիթ Կ. Սիմոնեանի Ես թարմ էի ու սթափ. և որևէ աղմուկ չէր կարող խանգարել իմ այս ուղևորութիւնը: Հէնց այս սենեակի մէջ, այս պահարանի վրայ էին գտնւում կեթամինի1  հարիւր միլիգրամանոց հաբերը: Որոշեցի երկու հաբ վերցնել: Դժբախտաբար մեկնելն ու վերադարձը ապահովելու համար ազոտի պրոտօքսիդ չկար: Ափսո՛ս: Բայց չենք կարող ամ ...