Ծնվել եմ Իջևանի Աչաջուր գյուղում: Մասնագիտությամբ դեղագործ եմ, բայց արդեն 20 տարի է՝ աշխատում եմ դպրոցում: Այժմ աշխատանքին զուգահեռ հոգեբանություն եմ սովորում պետհամալսարանում: Գրել սկսել եմ շատ անսպասելի ձևով: Իմ լավ բարեկամ ու ընկեր Տիգրան Հարությունյանն իմ մեջ հայտնաբերեց գրելու կարողությունը, որի համար ես անչափ շնորհակալ եմ նրան: Կարդալով հեռավոր բարեկամիս ուղղված, բայց չուղարկված նամակները՝ հուշեց, որ կարող եմ նաև փոքրիկ պատմություններ գրել: Եվ սկսեցի գրել:

30 սմ

Ասես, ոչ թե ապրում ես, այլ ընդամենը շոշափում կյանքը: Խեղդվողի պես թափահարում ձեռքերդ, փորձում բռնել կյանքի փեշերից: Ցավից խելագարվում էի ու այրվում կրակների մեջ: Ներվաթելերը՝ օրգանիզմի ամենազգայուն մասնիկները, ձգված ու պրկված՝ իրենց անսովոր վիճակից դուրս գալու ելք էին փնտրում, պայքարում: Այդ ելքն էլ ցավի գագաթնակետն է դառնում… Սրսկումներն անօգուտ են, երբ խոսքը ներվին է վերաբերվում: Ասես դանակով քրքրում են ոտքերդ: Ցավն այնքան ուժեղ է, որ եթե սրախողխող անեն, չես էլ զգա: Իսկ եթե իրո՞ք սուր մտցնեն… Վստահ էի, որ միայն դա կհանգստացնի: