Մի վերադարձի ծննդոցը Ծնվել եմ ծովափնյա քաղաքում, ֆրանսիական Բրետանում, Շատոբրիանի երկրում: Ինձնից առաջ մեր ընտանիքում ծնվել էր չորս տղա, եւ ես վերջին երեխան էի. ինձ եւ եղբայրներիս մի սերունդ էր բաժանում: Մեր տունը կարելի է անվանել տուն-գրադարան. նրա տասնյակ հազարավոր գրքերը ներկայացնում էին համաշխարհային գրականությունըª բոլորը բնագրերով: Բացակա էր միայն հայ գրականությունը: Ես լսում էի, թե ինչպես էր հայրսª Շարլ Դեդեյանը, խոսում բոլոր եվրոպական լեզուներով, ես ունկնդրում էի նրա ելույթը ռադիոյով (նա համեմատական գրականագիտության իր ժամանակի ամենախոշոր մասնագետներից էր եւ դասախոսում էր Սորբոնում), բայց երբեւէ նրա շուրթերից հայերեն բառ չլսեցի: Շատ ավելի ուշ, նրա մահվանից մի քանի տարի առաջ, հայտնաբերեցի, որ նա աղոթում է հայերեն. միայն Աստծուն էր նա դիմում մայրենիով: Մայրս, ով նույնպես ծագումով հայ է, խոսում էր ֆրանսերեն եւ անգլերեն: 1922թ., չորս տարեկանում, մոր հետ փախել է հրդեհված Զմյուռնիայից, իսկ հորը սպանել են թուրքերը: Հայրս մեկնել է Զմյուռնիայից 1919թ. իր երկվորյակ եղբոր եւ ծնողների հետ: Բոլորը հանգրվանել են Փարիզում, անցյալի մասին երբեք չեն խոսել, ապրեցրել են այն իրենց սիրո մեջ: Մի օր, երբ տակավին մանուկ զբոսնում էի մորս հետ Բուլոնյան անտառում, հանդիպեցինք ծանոթների: Նրանք նայեցին ինձ թախծոտ, անսահման քնքշանքով եւ կամացուկ ասացինª շիկահեր հայուհի: Հստակ հիշում եմ ինձ համակած զգացումըª կարծես խորտակված նավից պոկված մի տաշեղ լինեիª ջրի երեսին լողացող: Ինչո՞ւ եմ գրում այս ամենը. չէ՞ որ ինձնից պահանջվում էր մի պարզ կենսագրականª դիպլոմների ցուցակով, հայկական ես-ը բժշկելու համար: Այն պարզ պատճառով, որ ինչ-որ մի օր ինչ-որ մի բան կոտրվել է, եւ առաջին տպագրությունը Հայաստանում, հայերենով, ցնցում է առաջացնում ավերումից ժառանգած կյանքում ու ստիպում այն վերընթերցել այս լույսի ներքո: Կարեւորը, թե որտեղից ես գալիս, կարեւորը ժառանգածդ վերաբերմունքն է աշխարհի հանդեպ, ժառանգորդությունը: Կար մի գաղտնիք, դատարկություն, լռություն: Ինձ շրջապատող մարդկանց նմանությամբ, գրքերում իմ որոնածի նմանությամբª ես էլ էի ուզում գրող դառնալ: Հասկանալու համար: Կիսելու համար. այս նյութը, իմը, մարդկայինը: Լուի լե Գրան լիցեյում եւ Սորբոնում հաճախում էի դասական բանասիրության դասընթացների, քանի որ հավատացած էի, թե այդպես են գրող դառնում: Սակայն այնտեղ սովորում էին ուղեղով եւ ոչ մարմնով: Ես անցա մարմինները զգեստավորելու գործինª կիրառելով իմ ժամանակի լեզունª նորաձեւությունը: Ընդունվեցի Բարձր նորաձեւության փարիզյան դպրոց (Haute Couture) եւ ավարտեցի որպես լավագույն շրջանավարտ: Դարձա երիտասարդ կուտյուրյե: Ստեղծածս զգեստները զարդարում էին փարիզյան Գալերի Լաֆայետի, Նյու Յորքումª Բլումինգդեյլսի, Տոկիոյիումª Շիշայդոյի ցուցափեղկերը: Իսկ հետո վրա հասավ համաճարակըª ՁԻԱՀ, եւ նրա հետª զանգվածային մահվան տեսարանը, ոչնչացման սարսափը: Հագուստը այլեւս չէր պաշտպանում, հարկավոր էր այլ զենքեր գտնելª ավելի խորիմաստ: Ես թողեցի նորաձեւությունը եւ սկսեցի գրել. այդ ժամանակ երեսուն տարեկան էի: Միանգամից մի երկխոսություն ծնվեցª կնոջ եւ ջրհորի խորքում գտնվող տղամարդու միջեւ: Գրվեց առաջին թատերական եռապատումըª “Ջրհորը”, որը բեմադրվեց Բրետանի ազգային թատրոնում: Եվ մի օր, ներկայացումից հետո, ես համարձակություն գտա իրար մոտեցնելու “ցեղասպանություն” բառն ու այն, ինչ կրում էի իմ ներսում: Նույն շրջանում, ընդամենը 12 օրվա ընթացքում, գրվեց “Մերկ, տղամարդ, նստած” վեպը: Ես բացարձակ չէի գիտակցում, թե ինչ եմ գրում, աչքերիս առաջ մի պատկեր էր, եւ դա իմ մեկնակետն էր: Միայն այն ժամանակ, երբ գիրքը տպագրվեց**, ես ինձ ասացիª “Այս ծառի ետեւում մի ամբողջ անտառ է թաքնված”: Ես երեսունհինգ տարեկան էի: Այդ գիրքը ձեռքիսª ես մեկնեցի Հայաստան 1997թ. նոյեմբերին, մեն-մենակ, վախը սրտումս: Ինձ թվում էր, թե վերադառնում եմ մահվան երկիր: Չնայած դրանª ես վստահ էի, որ ֆրանսերեն լեզվով եւ իմ հայկական ոգով գրված այդ ստեղծագործությունը պետք է կիսեմ ինձ հոգեհարազատ եղբայրներիս եւ քույրերիս հետ: Հրատարակչից գնել էի գրքի 200 օրինակը, որոնք պետք է ոչնչացվեին որպես չվաճառված օրինակներ: Այս անգամ լռության մեջ անէանալու սպառնալիքը կախվել էր գրքերիս գլխավերեւում: Ես նրանց դուրս պոկեցի այդ ճիրաններից եւ տնկեցի իմ հայրենիքում: 97-ին մութ էր, մռայլ, շատ քիչ լույս կար, հազվադեպª ջուր, բայց իմ այցը դարձավ տոն: Քանի որ ես եկել էի գրքիս հետ, քանի որ երկուստեք քաղց կար: Այդ ձմռան ցրտի մեջ հանդիպեցի նրանց, ֆրանսախոս ուսանողներին, որոնք այնուհետեւ դարձան իմ ընկերները, ի թիվս որոնցª տողերիս թարգմանիչը: Վերադարձը Ֆրանսիա ծանր էր: Ֆրանսիական ապարանքը փլվեց իմ ներսում, եւ երկար ժամանակ պետք եղավª տասը տարվա նավարկություն մի երկրից մյուսը, ֆրանսիան կորցնելու, Հայաստանը գտնելու ու կրկին Ֆրանսիան գտնելու համար, ներսումս երկուսը բնակեցնելու համար: Այդ ընթացքը, ներքին եւ արտաքին դեգերումը, արտացոլվեցին վերջին ձեռագրումս, որի վերնագիրն էª “Սկիզբը”: ___________ * Տետեյան ազգանունը արեւմտահայերենում հնչում է` Դեդեյան, հետեւաբար ֆրանսերենում գրվում է Dedeyan: Հեղինակի պնդմամբ հայերենում վերարտադրում ենք նախնական արեւմտահայերեն ձեւը: ** 1995թ. Belfond հրատարակչություն, որից շնորհակալություն ենք հայտնում վեպից հատվածը տպագրելու թույլտվության համար:

Մերկ, տղամարդ, նստած

Թքած. մայթի թագավորը ինքն է. թող շրջանցեն, չէ՞ որ ինքը շատ կարևոր բան ունի ասելու: Փորձում է նրան հասկացնել, որ սա իր խնդիրն է, իսկ նա պետք է հանգստանա. որ եթե փորձի այս բեռը տանել իր փոխարեն, իր համար կրկնակի դժվար է լինելու, որ դրա կարիքը չկա: