1983-ին Խորհրդային Միությունը դարձավ ծննդավայրս ու մի վերջին շտրիխով հասցրեցի վայելել Սև Ծովը`1989-ին: Հետո` ածուխի փեչ, վերմիշել, ակումլյատրով տելեվիզր, թուրքական սերիալներ` կողքի հարևանի տանը, Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքներ ու այդ պատանեկան վեպը` «Հովազաձորի գերիները», որը քրքրեցի մի հազար անգամ` սիրո տեղը գտնելու հույսով: Բայց պատմությունը ձմռան փակած ճանապարհների ու ընկերության մասին էր: Մնացի փակ սահմաններում ապրող ու ընկերությունը սիրուց գերադասող մարդ:   Երաժշտական դպրոց ինձ ուղարկել էին ժողովրդական երգեր ծնգծնգացնելու նպատակով. դա գլխից տապալված նախագիծ էր, որովհետև իմ դպրոցական սեղանին, մյուսներից հետ չմնալու սկզբունքով, փորագրված էին պոպ աստղերի անունները: Այդ անհասանելիները շփվում էին միայն ժուռնալիստների հետ, հետևաբար կլորիկ 400 դոլարը գնաց գրպանը ինչ-որ մի դեկան Կամո Մկրտչյանի, ով ծանոթ էր գյուղի մեր բարեկամներին: Ընդունվեցի շատ տարօրինակ մի տեղ. փաստորեն, Մանկավարժական ինստիտուտի ներքո անօրինական կերպով ժուռնալիստներ էին թողարկում: Դատախազությունում վկայություն տալուց խուսափեցի, բայց դիպլոմը(?) ստացա: Տարիների ընթացքում դրան գումարվեցին և մի քանի ատեստատներ, լուսանկարչությունն ու զարգացած տեխնոլոգիաները: Աստղերը մարեցին: 7 տարի շարունակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը բերանս էր դնում գրողների ու նկարիչների միության, կրթության նախարարության արտադրանքը: Ավարտվեց. ինտերնետային տարածությունը Հայաստանի սոցիալ-մշակութային արտադրանքի առաջատար համարող (չտպագրված) հոդվածս վերջինն էր նրանց համար: Մի քանի ընկերների հետ` այս պահին հետաքրքրված ենք մշակութային և արվեստի թարգմանության խնդիրներով:    «Ինքնագրում» հայտնվեցի Թուրքիայից իմ առաջին տպավորություններով, որոնք դուրս են ՀՀ-ԹՀ մշակութային հարաբերությունների բռնաբարման քաղաքական համատեքստից, բայց գտնվում են դրա ակունքներում:

Բանաստեղծություններ

Թուրքիայի հայերին եկեղեցին սպասարկում է մինչև երեկո:

Դրանից հետո Աստծո տան դռները փակվում են

հայ-թուրքական հարաբերությունների պատճառով,

և իմ ու թուրք ընկերներիս ջերմ բարեկամության տակ

թաքնված ա մի մեծ ու ահավոր թշնամություն,

Դինքից հետո խեղճ պատրիարքը խելքը թռցրել ա,

մահվան վախեր ա ապրում,

իսկ Ստամբուլի հայերի դեմքը մեծ մասամբ ավելի փակ ա,

քան չադրայով կանանցը,