Միշելին Ահարոնյան Մարկոմը (ծնվ. 1968) թերևս ժամանակակից անգլալեզու գրականության լավագույն գրողներից է: Նրա առաջին վեպը` Three Apples Fell From Heaven («Երկնքից երեք խնձոր ընկավ», 2001), արժանացել է ՓԵՆ-Հեմինգուեյի անվան մրցանակին, Կոլումբիա համալսարանի Անահիտ գրական մրցանակին, ինչպես նաև կոչվել «Լոս Անջելես Թայմզի» ու «Վաշինգտոն Փոստի» կողմից 2001-ի լավագույն գիրքը: Երկրորդ վեպը` The Daydreaming Boy («Ցնորամոլ տղան», 2004), շահել է Լաննանի 2004-ի գրական մրցանակը, ինչպես նաև հեղինակավոր ՓԵՆ-ԱՄՆ 2005-ի գրական մրցանակն ու 2006-ի Ուայթինգ գրողների պարգևը: Երրորդ վեպը` Draining the Sea («Ծովի ցամաքեցումը», 2008), եզրափակում է Մարկոմի արտակարգ եռագրությունը, որից հետո լույս է տեսել ևս մի կարճ վեպ` The Mirror in the Well («Հայելին ջրհորի մեջ», 2008): Մարկոմը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և դասավանդում գրական-գեղարվեստական գրելաոճ Կալիֆորնիայի Միլլզ քոլեջում: Հրապարակվող հատվածը Մարկոմի «Ցնորամոլ տղան» վեպից է, որտեղ հեղինակն իր հիմնական կերպարի՝ Վահե Չեուբջեանի գիտակցության հոսքի միջոցով ուսումնասիրում է լեզվի ու հիշողության սահմանները: Վահե Չեուբջեանն այն աքսորյալն է, այն ծայրահեղ պատերազմի վերապրողն «ով երբեք չի կարող իմանալ ավելին, քան գիտի», ով չունի ոչ ծնողներ, և ոչ էլ պատմություն, մեկը, ով երբևէ չի գրելու իր մասին, ով վկայում է վկայության անհնարինության մասին: Վահեի «վկայությունն» անլսելի է, դժվարընթեռնելի. նա Քրիստևայի «մելանխոլիկի» պես օտար է իր մայրենի լեզվին, այն լեզվին, որն անվանում է թե բառացիորեն և թե խորհրդանշորեն «մեռած»՝ տալով լեզվին «իմաստի դիտարժան փլուզման» և, ի վերջո, կյանքի իմաստի փլուզման նշանակությունը: Գծային առաջընթացի պայմանական պատումն ու ստանդարտ ավանդական հերոսականացված սյուժեի բնույթն այստեղ սաբոտաժի են մատնված: Հերքելով իր փորձություններն ու գտնվելով ասիմբոլիայի եզրին՝ հաստատելով խորհրդանիշների ու կապի բոլոր միջոցների անզորությունն արտահայտելու իր (ան)հիշողության սարսափը, Վահեն՝ «ցնորամոլ տղան», նորից ու նորից վավերացնում է որ միայն լեզվային համակարգի միջոցով անհնար է ապահովել տեղի ունեցածի, անսահման կորստի ներըմբռնում կամ փորձության նշանակության ներդաշնակեցում: Վահեի «ծանոթ» վերապրողի ձայնը վերածվում է տարօրինակ ու ինքն իրեն կրկնօրինակող հրեշավոր արձագանքի, մարմնավորելով Ֆրոյդյան das Unheimliche-ը և փոխանցելով ընթերցողին այն անհանգիստ, օտարոտի զգացումով լի գիտակցությունը, որում միաժամանակ կարեկցանքն ու ռևուլսիան կամ խառնաշփոթը շարունակ միջամտում կամ հակազդում են միմյանց: Փաստորեն, վեպի անհանգստության զգացումը միջնորդվում է ոչ միայն Վահեի գիտակցության հոսքի միջոցով, որ կրկնօրինակում է տրավմայի դիսոցիացիան, հարկադրական կրկնությունը, պարալիզացումը (արտահայտված բայաձևերի բացակայությամբ-ջնջմամբ), և վերջապես, լեզվական խզումը, այլև դեպքի ահավոր ու ամոթալի բնույթից և մեր անկարողությունից, իրոք, անունակությունից ըմբռնել թե այս հակասական պատմություններում, որ ի հայտ են գալիս մոնտաժված տեսքով, որն է իրողություն ու որն է ֆիկցիա:  

Ցնորամոլ տղան

թարգմանիչ. Շուշան Ավագյան

Անճոռնի ես, սև մազերդ աճում են հատվածներով, ասես կարկատան: Մերդ բոզ ա, ասում են տղաները, ու քո ծուռ աչքերը, Ոստանիկ, միշտ արցունքոտում են, դու նայում ես վեր, գուցե փնտրում ես, սպասում ես բոզ մորդ, որ հեռացել լքել է քեզ: