Միշել Լերին (Michel Leiris )ֆրանսիացի գրող է, արվեստի քննադատ, էթնոլոգ: Ծնվել է Փարիզում 1901-ին: Գրական գործունեության առաջին շրջանում ազդվել է սյուռեալիստներից: 1929 թվականին աշխատել է Ժորժ Բատայի հիմնադրած “Documents” ամսագրում: 1929 թվից մինչև 1935 թվականը Լերին հոգեվերլուծության կուրս է անցնում, ինչի արդյունքում էլ ձեռնարկում իր առաջին խոշոր փորձը ինքնակենսագրականի ոլորտում` գրելով «Մարդու տարիքը»: Գիրքն էլ կարծես նույն հոգեվերլուծությունն է, որ հեղինակն այս անգամ անում է ինքն իր հետ` երևան հանելով իր գաղտնի ցանկություններն ու հույզերը: Հետագայում այս ստեղծագործությանը հաջորդում են «Խաղի կանոնները»` չորս հատորով: Լերին մայիս 68-ի ձախ հեղափոխական շարժման ակտիվ մասնակից է եղել: Սիմոն դը Բովուարի հետ միասին եղել է  «Ժողովրդի հիմնահարց» մաոիստական ամսագրի համակիրներից: Այս դիտանկյունից ընթերցնելով նրա ավելի վաղ գրված ստեղծագործությունն, շատ նուրբ երանգներ են ի հայտ գալիս անձնականի ու հասարակականի ձախ ընկալման մեջ: Լեյին մահացել է 1990-ին Սենտ Իլերում:

Գրականությունը որպես ցլամարտ

թարգմանիչ. Եվա Հակոբյան

Այն, ինչ տեղի էր ունենում գրելու պրոցեսի մեջ, արժեքը չի՞ կորցնում արդյոք, եթե մնում է միայն «գեղագիտական» , անմեղ, եթե ստեղծագործություն գրելու մեջ չկա ոչինչ, որ ունենա նույն նշանակությունը, ինչ ցլամարտիկի համար ցլի սուր եղջյուրը, որն իր մեջ եղած նյութական սպառնալիքով մարդկային իրականություն է հաղորդում արվեստին՝ չթողնելով, որ այն մնա որպես սոսկ բալետի պարուհու դատարկ նազանք: Մերկացնել որոշ զգացմունքային կամ սեռական մտասևեռումները, խոստովանել ամենաամոթալի թերություններն ու թուլությունները, այսպես էր հեղինակը ցլի եղջյուրի ստվերը մտցնում գրական գործի մեջ: