1989-ին՝ ծնունդիցս մեկ օր առաջ, 8 ամսական ինձնով հղի մայրս շպագատ է նստում՝ գիմնաստ քրոջս ցույց տալու համար, որ ճկուն է՝ մոռանալով, որ հղի է: էդպես հորս ծնունդից մեկ օր առաջ ծնվում եմ ես, թեպետ ժամանակը հարմար չէր ծնվելու համար. երկրաշարժի ժամանակ հարազատներ կորցրած մեր բարեկամներից շատերը մեր տանն էին: մարդաշատ հայացքների տակ և դեռ ավելի խորը՝ մեջ, ծնվեցի, որ հետո՝  վստահաբար մինչև մահ , վրայիցս փորձեմ թափ տալ չմաքրվող աչքեր տարբեր… թեպետ երբեմն մեռնելու չափ որոշ աչքերի կարիք էի ունենալու հորեղբայրս իմ առաջին առեղծվածն է եղել, տան պատերից կենդանիների դիեր էին կախված, վագրի մարմինը՝ մորթին ու գլուխը, առանց միսուարյան, ճնճղուկի պես մի տեսակ ցանցառ տարածված էր պատին: հորս ասեցի՝ ես էլ եմ ուզում, ասեց՝ մեր տանը մեռած կենդանիների տեղ չկա մայրս, մինչև կհասկանար վտանգները գրելու, անվտանգ բառակույտերս սիրուն տառերով արտագրում էր բլոկնոտի մեջ հետո բառերս միսուարյուն ստացան, ժանիքներ ու թևեր աճեցրին, և ես հասկացա, որ գրելը հեռացումիդ լավագույն  արդարացումն է այժմ  եղածի՝ ապրածիս  մասին վկայող  բառերը հուդաներ են…բառերը, որ ոտքերիդ ու ձեռքերիդ՝ ընդհանուր հաշվով քսան մատներիդ պես, վրադ պահել չես կարող: հո  հյութեղ աֆրիկուհիներ չեն, որ շարժումների մեջ թվում է՝ ցրիվ են տալիս մարմնի տարբեր մասերը այդ  պատրանք ստեղծող կանայք ֆանտաստիկ գրողներ են  

հին եգիպտական սխալներ

ուրեմն սլացեք, թրեր,
կտրեք պորտալարերը հեշտոցներից
դուրս վիժող այն մանուկների,
որոնց մասին
լռում են երազահանները