Եթե որոշեք ինձ սուրճ հյուրասիրել, ապա ես այն դառն եմ խմում: Շոկոլադից չեմ հրաժարվի ոչ մի պարագայում, բայց ահա թեյը, թույլ տվեք, ես նախաձեռնեմ: Եթե զգաք, որ դժվարություններ ունեմ կյանքում, ապա խուրմա է պետք ինձ: Ես հազվադեպ եմ գնում մարդաշատ վայրեր, եթե ուզեք հանդիպենք, ապա ասեք, որ սահադաշտ եք ուզում գնալ: Պաղպաղակ սիրում եմ`մանավանդ մրգայինի ու շոկոլադի խառնուրդը: Կանաչ խնձորը հանդիսանում է վիտամիններիս հիմնական աղբյուրը: Սիրում եմ կծու, թթու, քաղցր, վառ արտահայտված ու սուր համեր: Մարդկանց էլ ընտրում եմ նույն սկզբունքով: Եթե տեսնեք, որ մրսում եմ, ապա ամեն կերպ փորձեք ինձ վերադարձնել կոմֆորտի դաշտ. դա Ձեր շահերից է բխում. նույնն է, նաև, սովածության դեպքում: 23 տարեկանում հասկացել եմ, որ գուլպաները հոգի  են ջերմացնում, չէ՛, դեռ համոզված չեմ, որ հոգին ոտքերի մեջ է, դեռ մտքերով եմ:  Եթե ճանաչենք իրար, ապա թույլ տվեք հոգ տանել ձեր մասին: Տան մի երեխան եմ եղել ու միշտ երազել եմ Արամ անունով եղբայր ունենալ: Պարզվում է, որ իմ մանկության երաժշտական ճաշակը նույնն է, ինչ այսօր: Հա՛, եթե որոշեք ամուսնության առաջարկ անել, ապա Ազնավուրի  She թող հնչի: Սա գրեցի, որ, երբ առիթը լինի, առերես չասեմ, կկարմրեմ: Եվ կուզեի` ուղղակի հավատաք, որ այս տեքստը լավագույն ինքնակենսարականն է, որ երբևէ գրել եմ, իսկ հաջորդ տողերս գրվեցին այն պահին, երբ այդքան էլ վստահ չէի, որ պաղպաղակի իմ ճաշակը Ձեր հիշողության մեջ կմնա: Չգիտեմ,  հաջորդ կյանքում կատու կլինեմ, թե ոչ, բայց այս մեկը ծնվեցի Երևանում և ապրում եմ քաղաքը: Ներս է մտնում լուսանկարիչ Վռամը. -էս ի՞նչ դեմք ա: -Ինքնակենսագրություն եմ գրում: -Արդե ՞ն, շու ՞տ չի: -Չգիտեմ-ով սկսվող ինքնակենսագրություն է: -Դեռ շուտ է, դրա համար էլ չգիտեմ-ով ես սկսում: Գուցե արդեն ուշ է չգիտեմ-ով չսկսելու համար: Ամեն դեպքում հաջորդ կյանքում կատու երևի լինեմ. դա այնքան հարմար կլինի: Մի անգամ մի աղջիկ ասաց` դու, կարծես, քաղաքի ռիթմը լինես ընդհատ-ընդհատ, միշտ մտածում եմ ` դու գործո՞ղ կերպար ես, թե՞ դիտող, ու, երևի, երկուսի մեջ ես: Ես Օդ եմ` աննշմար ու թեթև, երբեմն էլ չհերիքող:  Լեգենդն ասում է` երկնքից վերև ծով է, ուրեմն` Երևանը ծով ունի:Եվ այդ ծովն էլի իմ մեջ է, որտեղ ես ամեն օր խորտակվում եմ ու լողում դեպի տուն:

Երևան-Փարիզ

Բանաստեղծություն գրելու համար 11 րոպե,
Բանաստեղծություն դառնալու համար մի կյանք`