Ոստիկանին ինչպե՞ս վերացնել

Լուսանկարը` Աննա Մուրադյանի
09/11/2007

Այս պատմվածքը գրել եմ մոտ երկու տարի առաջ և ուզում էի տպել «Ինքնագրի» առաջին համարում, բայց քանի որ համարի արձակ գործերը շատ էին, բանաստեղծությունները՝ քիչ, ես բանաստեղծություն գրեցի ժուռնալիս խաթեր ու սա պահեցի՝ հիմա տպեմ։ Ասեմ, որ շատ հաճելի է սեփական ժուռնալի խաթեր գրելը։

Բայց չեմ կարող ասել, որ սա արձակիս առաջին փորձն է, քանի որ սկզբում հենց պատմվածքներ էի գրում։ Հերոսուհիս միտողանի տետրը ծայրեծայր լցնում էր իր տվայտանքներով ու վերջին երկու էջում ինքնասպանություն գործում՝ ինչ-որ էկզոտիկ անունով թույն խմելով։ Ապա փյունիկի պես հառնում էր նոր տետրի առաջին տողերում ու իր տվայտուլիկներով գալիս-հասնում նույն սրվակին։ Թույնի անունը միշտ փոխում էի, կրկնություն չէի սիրում։Հետո էս թսիկն սկսեց ավելի հրապարակային գործել, տեղափոխվեց ազատ թեմայով դպրոցական շարադրություններիս մեջ, որոնց վերջին էջը թրջված էր լինում ուսուցչուհուս արցունքներից, երբ տետրս վերադարձնում էր ու ասում՝ գերազանց։Այդ տետրերիս էջերին շատ արցունքներ թափվեցին, դասատուս դրանք փոխանցում էր իր կոլեգաներին ու հարևանուհիներին։ Սկզբում ես Համլետի նման զարմանում էի՝ Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա՝ Հեկուբի, որ նրա համար արտասուք թափի, բայց հետո ջոկեցի արվեստի լացացնող ուժը…

Ավելի ուշ, երբ տեսա, որ լուրջ գրականությունը արհամարհում է թսան հերոսուհիներին ու լացացնող արվեստը, սրան թողեցի էդ տետրակներիս մեջ տվայտվելիս ու գնացի ուրիշ հերոսուհի գտնելու։ Դավաճանեցի, փաստորեն, իմ աչիկոյին, հարմարվեցի լուրջ գրականության պահանջներին, կոմպրոմիսի գնացի ու հիմա ինձ մեղավոր եմ զգում։ Ինձ մխիթարում էի, որ թսանությունը շատ կենսունակ է, ու հիմա եթե ոգեկոչեմ դարդլամիշ օրիորդիս փոշոտ տետրերիս միջից, նա նորից կհառնի փյունիկի պես։ Ու էս անգամ էլ չեմ դավաճանի նրան, այլ հիմնավոր կզարգացնեմ հայթեսը մեր գրականության մեջ, որ հետ է մնացել համաշխարհային թսիզմից։ Ավաղ, ոչ մի դավաճանություն անհետևանք չի մնում, և ոգեկոչածս էլ էն տվայտամոլիկ աչիկոն չի, որ իր փոքրիկ գրական լաբորատորիայում թույնի նորանոր լատինատառ անուններ էր հորինում՝ մնալով օրենքի սահմաններում։ Ի՜նչ էին այդ քաղաքակիրթ սրվակները այսօրվա նրա գործիքների կողքին՝ մանկական խաղալիք, մինչդեռ հիմա նա էնպիսի մուտացիայի է ենթարկվել, որ արդեն մուրճ ու կացին է թափահարում… Բայց չկրկնեմ մեր հեռուստաալիքների հիմար անոնսները, որ կինոն, մինչև ցուցադրելը, ծայրեծայր պատմում են։

Ոստիկանին ինչպե՞ս վերացնել

Մի րոպե. սա ոստիկան վերացնելու մեթոդական ձեռնարկ չէ, պատմվածք է, ես էլ վիզ չեմ դրել ոստիկանաջինջ ծրագիր իրականացնել։ Ավելին՝ ոստիկանների գոյությունն ու նրանց հանդեպ իմ վերաբերմունքը ես մինչ այդ չէի էլ գիտակցում։ Ոնց գիտակցեի, եթե իմ կյանքում նրանց տեղն ու դերը զրոյական էր, ինչպես ասում են։ Չէ, սուտ եմ ասում, ոստիկանի դերն իմ կյանքում պլյուսով էր, ու չարժե մի պատմվածքի խաթեր երախտամոռ լինել, աստված կպատժի։ Տարիներ առաջ մի ոստիկան ինձ փրկեց, հիշել էլ չեմ ուզում, էն անասունի ճանկերից, որ փորձում էր ավտոյի մեջ խցկել իմ՝ ղժժալուց ու քացի-քացի անելուց արդեն թուլացած մարմինը՝ ավտոյի մեջ նստած մյուս երկուսի խրախուսական բառաչների ներքո։ Ոստիկանի անունը, որ հետո իմացա, Լյովա էր՝ Լյովա Հովսեփյան։ Այդ անունը ես միշտ հիշում եմ ու մինչև կյանքիս վերջն էլ կպահեմ իմ հիշողության ոսկե ֆոնդում։ Նրա շնորհիվ էր, որ ես բռնաբարված, սպանված ու այլանդակված դիակի վերածվելու փոխարեն, վերածվեցի ընդամենը տուժած կողմի։ Իսկ տուժած կողմը դեռ կարող է ուտել, ծաղիկներ քաղել, հեռուստացույց նայել, սեքս անել, հիանալ մայր մտնող արևի ցոլքերով, բամբասել, պարել… Բաներ, որ ես թանկ եմ գնահատում և դրանց հնարավորությունը վերստանալու համար երախտապարտ եմ Լյովա Հովսեփյանին։

Լյովա Հովսեփյան… երկու բառ, տասնչորս տառ, բայց ընդամենն այդ քո երկու հատիկ բառով, ընդամենը տասնչորս տառով այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում՝ թեկուզ որպես տուժած կողմ։

Լյովա Հովսեփյան… Այս անունը ես ոսկե տառերով կգրեի Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Քուչակի և մեր մյուս մեծերի անունների կողքին, ահա, ԼՅՈՎԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ։ Բայց մոտը թողած՝ խի՞ եմ հեռու գնում որ. այս անունը ես կգրեի հորս ու մորս անունների կողքին, որովհետև հորնումորս պես Լյովա Հովսեփյանը ինձ կյանք է պարգևել՝ երկրորդ կյանք։ Ճիշտ է, այդ երկրորդ կյանքի սկզբնական հատվածը տուժած կողմի շան կյանք էր, երբ ես վազվզում էի քաղմասից դատախազություն, դատախազությունից դատաբժշկական փորձագետի մոտ (քաշքշուկի պատճառով թևերիս գոյացած կապտուկները որ չլինեին, հնարավոր էր՝ գործը իմ դեմ շուռ տային, ինչպես հուշեց քննիչներից մեկը)։ Ինձ հետ բանակցելու էին գալիս երեք բռնվածների ազգականները, անձնական շահերիս ու հայրենասիրական զգացումներիս առնչվող մեծ-մեծ խոստումներ տալիս։ Անձնականը փողն էր, հայրենասիրականը՝ Ղարաբաղը (զինվորական շորերով մի երկու աներձագ-բաջանաղ, որ կռվում էին Ղարաբաղում, ինձ առաջարկում-խոստանում էին բռնվածներին մեկուսարանից դուզ ռազմադաշտ տանել, ադրբեջանցիների հերն անիծել)։ Ու մինչև հիմա մեջս կասկած է մնացել. գուցե սխալ արեցի, որ չհամաձայնվեցի, փողը՝ ջհանդամը, գոնե Ղարաբաղի խաթեր բարիշեի, հիմա դրա հարցը վաղո՜ւց լուծված կլիներ, կմնար ցեղասպանությունն ու Ջավախքը։ Բայց էն ժամանակ դժվար էր կողմնորոշվել։ Քննիչների մի մասն ինձ համոզում էր իմ փայը վերցնել ու ցուցմունքս փոխել, իբր առևանգման փորձը ամուսնության նպատակով է եղել, ես չեմուչում եմ արել, փեսացուացուն էլ խիստ է սիրահարված եղել, տաք սերը գլխին է տվել։ Չեմուչում անող նազուտուզով հարսնացուի էդ դերը ինձ կլորիկ մի գումար էր բերելու, ճոխ օժիտ՝ իսկական փեսացու հայթայթելու համար, իսկ աղջիկ փախցնող իգիթներին էլ շատ ավելի մեղմ հոդվածի տակ էր գցելու։ Երեքից չամուսնացածը՝ հնարավոր միակ փեսացուացուն, իրենց գեղի վեներականը, ինձնից տասնքանի տարի պուճուր էր, ու սատանան ասում էր՝ դատարանում ասա՝ պսակվում եմ, համ իրա տղու համար տասնյոթ տարեկան նամուսով կույս հարս փնտրող մորը տժժացրու, համ էդ սաղ գեղը իրանց ասլան Կազանովայի վեներական փնջով վարակի, ջնջի երկրի երեսից։ Սոցիալական, տնտեսական ու եսիմինչ պատճառներով վերացող հայկական գյուղերի կողքին մեկն էլ թող վեներական պատճառով վերանա։ Բայց գցել-բռնելու առիթ չեղավ, քննիչների մյուս մասը, որ տեղյակ էր, թե ես իրենց նախարարի ծանոթն եմ, սկսեց օրենքի մեռած ազնիվ մլիցու կերպարի մեջ մտնել՝ հույսով, որ ես շեֆին լավ խաբար կտանեմ իրենցից։ Սրանց իրավաբանական վախենալու տերմիններն էլ սպառնում էին, որ ցուցմունքս փոխելու դեպքում ի՛նձ կդատեն, չնայած առանց էդ էլ ես արդեն տուժածի ու հանցագործի տարբերությունը չէի ջոկում ու օրինապահների վերաբերմունքից սկսել էի ինձ մեղավոր զգալ, որ ծիծիկ ու տուտուզ ունեմ, որոնք սադրում ու հրահրում են ազնիվ քաղաքացիներին, ավելի ճիշտ՝ գյուղացիներին։ Ու պոտենցիալ բռնաբարված դիակից չմահավան հուրի-փերու վերափոխված դերս չմարսած, խոստումներից ու սպառնալիքներից շշկլված, քննիչից քննիչ չլվելուց հալումաշ, մեր մայրերի ու քույրերի կյանքն ու պատիվը նման խուժանից սեփական դոշով ու ցուցմունքով փրկելու՝ «արիացեք, ազգը էս լամուկից մաքրենք» դատախազի պաթոսից արբած, Ժաննա դþԱրկի քայլքով խարույկին մոտեցող, հետո ֆիդայի բաջանաղ-աներձագի տեսքից տակս լցնելով, էն ա, էն ա, եզրակացնում էի՝ ավելի լավ կլիներ Լյովա Հովսեփյանը վրա չհասներ, նրանցից փրկեր, սրանց ճանկը գցեր։ Քանի որ էդ փրկելուց մի քանի ամիս անց ինձ նայողը չէր հավատա, որ ամուսնության կամ նույնիսկ բռնաբարության նպատակով ինձ փախցնողը խելքը գլխին իսան կարող էր լինել, որովհետև ինձնից՝ 55 կիլոյանոց բանաստեղծուհուց, մնացել էր ընդամենը 40 կիլոյանոց մի խղճուկ տուժած կողմ, մի դալուկ ուռենի, որ թախծոտ օրորվում էր վերջապես կայացած դատավարության ընթացքում՝ երջանիկ, որ այդ ամենն ավարտվում է։ Ու չնայած որ փող վերցրած ու բարոյախրատական դատավճիռ արձակած դատավորն ավելի երջանիկ էր, բայց ես գոհ էի, որ արդեն տուժած կողմ չեմ, մարդ եմ։

Ասեցի, որ Լյովա Հովսեփյանի անունը ոսկե տառերով կգրեի հորնումորս անունների կողքին, որովհետև նրանց պես ինձ կյանք է պարգևել, բայց դա էնքան էլ ճշգրիտ չի, որովհետև նա ծնողներիս պես անմիջական մասնակցություն չի ունեցել ինձ ստեղծելու գործում, այլ մի տեսակ հեռվանց է խթանել, աստծու պես։ Ու, փաստորեն, ոստիկան Լյովա Հովսեփյանը իմ աստվածն էր։

Այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման վերնագիր։ Պատմվածքիս երրորդ տողում գրել եմ մինչ այդ, այսինքն՝ վերնագրին չբռնող ողջ այս պատմությունը, կամ ավելի ճիշտ՝ նախապատմությունը մինչ այդ է եղել, էլ ավելի ճիշտ՝ մինչ նա, չնայած լրիվ վստահ չեմ, թե ոստիկանին ո՛ր դերանունը կսազի։ Մի խոսքով, էս պատմվածքի ու էս վերնագրի պատճառը նա էր, ոչ թե Լյովա Հովսեփյանը, որի անունը ոսկե տառերով եմ գրում, այլ՝ մյուսը, և խոսքը ոչ թե մինչի, այլ հետոյի դեպքերի մասին է։

…Ամեն օր ես իմ լուսամուտից տեսնում էի նրան` ոստիկանական համազգեստով ու գլխարկով, գոտին պորտից ներքև հազիվ կոճկված, գոտուն՝ զենքի պատյանը։ Կանգնում էր` ձեռքերը մեջքին կանթած, ոտքերը՝ հեռու-հեռու, փորը տնկած, շոգին գլխարկը ճակատից ու ճաղատից ետ բրդած։ Էս կողմ էր նայում, էն կողմ էր նայում, մեկ-մեկ ռացիայով խոսում-լսում էր, ինչ-որ բան էր հսկում կամ հետևում՝ իմ հասկանալիքը չէր։ Ու… խնչում էր։ Ա~նը~նդհա~տ։ Էնքան հաճախ ու էնքան աղմկոտ ու էնքան առատ էր խնչում, որ կարելի է ասել` անընդհատ։ Ոստիկանի քթի ծայրին, ճիշտ կենտրոնում խոշոր, ուռուցիկ, տգեղ խալ կար (լավ էլ պատկերացնում եմ, սիրելի ընթերցող, որ չես հավատա ասածիս, պիտի կարծես էժան պրիոմով բացասական կերպար եմ ստեղծում՝ վրեն գեշ պիտնո դնելով, հնդկական կինոյի անմիջապես ճանաչելի փիս մարդուն եմ նկարագրում, քանի որ խալերը իրականության մեջ սովորաբար անկապ ու անսիմետրիկ բաշխված են լինում մարմնի վրա, և միայն գրականության մեջ է հնարավոր քթի, էն էլ՝ գլխավոր հերոսի, էն էլ՝ գլխավոր գործողություն կատարող- խնչող քթի կենտրոնում խալի առկայությունը։ Պրիմիտիվ պրիոմ ու շինծու կհամարես, սիրելի ընթերցող, գիտեմ, բայց ես ազատ գրող եմ ու չեմ ենթարկվի ընթերցողական նախապաշարումներին, որ թույլ չեն տալիս հասկանալ, թե իրականությունը երբեմն ավելի իրական է, քան թվում է, թե իրականությունը գրականության նման է, բայց հաշվի չի առնում քննադատների կարծիքը, չի խուսափում էժան ու պրիմիտիվ պրիոմներից։ Համ էլ ազնիվ գրող եմ ու քեզ դուր գալու խաթեր ստախոս չեմ դառնա, ճիշտը կասեմ, չնայած ճշմարտությունը դառն է, ավելի ճիշտ՝ տգեղ, սիրելի ընթերցող։ Երևի է՜ն գլխավոր գրողը՝ արարիչն էլ էր զզվանքով ստեղծել էդ ոստիկանին ու որպես իր զզվանքի առհավատչյա՝ քթին էդ զզվելի խալը դրել, որ իր կերտած դրական հերոսները անմիջապես ճանաչեն բացասական, փիս մարդուն։ Գուցե նա էլ էր ազդվել հնդկական կինոներից, ու նրա կերտած ոստիկանի համար ես՝ մահկանացու գրողս, պատասխանատու չեմ, դե անքննելի են գլխավոր գրողի գործերը, ոչ թե մերինի նման՝ քննելի ու քննադատելի, էնպես որ…)։ Հա, ուրեմն, դառնանք խնչելուն. ոստիկանը նախ մի քիչ թեքվում-առաջ էր հակվում, հետո երկու մատով` բթով ու ցուցամատով, ճկույթը տնկած, բռնում էր քթարմատից, քթածակերը չռում ու… , տե՜ր աստված (Լյովա Հովսեփյանին նկատի չունեմ, այլ էն մյուսին՝ վերևինին, որին էս դեպքում որպես խմբագիր եմ դիմում), ի՞նչ բառով կարելի է ասել` դռռո՞ւմ էր, գռնդո՞ւմ էր, թռնդո՞ւմ էր, խռնթո՞ւմ էր… ու իր էության ընդերքից, իր էն քիթ-ըմպանի խորխորատներից, իր ներսի ներսերքից դուրս ի լույս աշխարհ էր մղում ԽԼԻՆՔԸ։ Ու կանաչադեղնավուն թանձր եքա զանգվածը լպրծուն կախվում-ճոճվում էր մատներից (հասկանում եմ, որ գայթակղիչ պատկեր չէ, ու դեռ հակառակը` մի բան էլ վանում եմ ընթերցողիս` մանրամասնորեն խլինքը նկարագրելով, բայց դիմացիր, իմ ազիզ, իմ սրտի սիրեկան ընթերցող, բա իմ ջանը քար է՞ր)։ Պատահում էր` խլինքը չորացած էր լինում, ու նա մատներով քչփորելով էր հանում, ցուցամատով ու բթով երկար խաղում էր, պտտեցնում, հունցում էր, չէր կարենում բաժանվել իր մարմնի արտադրանքից։ Համենայն դեպս, երբեք չեմ տեսել, որ չոր խլինք հանելուց հետո մատներով տշի, ինչպես անում են ուրիշ, նորմալ քիթ քչփորողները։ Իհարկե սա` չոր խլինքը, հազվադեպ էր արտադրվում նրա քթի կողմից, նրա խլինքը հիմնականում, ոնց են ասում, հեղուկ տեսակից էր, թե ջրիկ, ու նա, փաստորեն, իր խնչելու անընդհատական գործողությունը կատարում էր նկարագրածս առաջին տարբերակի պես։ Բայց սխալ տպավորություն չստեղծվի, թե առաջին տարբերակի խլինքը ջրի պես ջրիկ էր։ Ոչ, դա մեղրագույն ու մեղրավուն մածուցիկ լորձ էր։ Որ ժամերով էլ կանգներ, խլինքը տենց էլ ձեռքին կպած կմնար, չէր պոկվի-ընկնի` էնքան որ թանձր էր ու կպչուն, ուղղակի կամաց ծորալով կկախվեր մատներից, ոնց որ մեղրը։ Երկրի, թե հատկապես մեր երկրի ձգողականությունը ի զորու չէր իր կողմը քաշել ու իր մայրական ամենակուլ գիրկն առնել ոստիկանի խլինքը, ինչ որ արդեն բնության օրենքներին ու կարգուսարքին դեմ էր։ Եվ ոստիկանը, ձեռքը մարմնից քիչ հեռու պահած, սպասում էր… զոհին` էն միամիտ անցորդին, որի ուսին կամ մեջքին սրբելու էր մատների խլինքը` բարևելու, մեջքին թփթփացնելու, ազնիվ քաղաքացուն մութ ուժերից պաշտպանելու իր պատրաստակամությունը հայտնող ժեստով։

Ու բնավ զարմանալի չէր, որ մեր փոքրիկ քաղաքի բնակիչների հագուստների վրա՝ ուսներին ու մեջքներին, նշաններ կային։ Սև կամ մուգ հագուստների վրա այդ լաքաներն ավելի հստակ էին երևում, քան՝ բաց գույներինի, իսկ կանաչ կամ դեղին շորերի վրա ոչինչ չէիր նկատի, եթե ձեռքով չդիպչեիր։ Դե, շոշափելուց այդ հատվածը չոր ու կոշտացած էր լինում։ Ինչքան էլ հաճախ լվացվեին այդ շորերը, նշանները չէին պակասում, քանի որ ոստիկանը խնչում էր, արդեն ասել եմ, ան-ընդ-հատ։ Մի խոսքով, մեր քաղաքացիները դաջված էին ոստիկանի նշանով։

Ես գեղեցիկ ուսեր ունեմ, ու բնական է, որ (սարսափելի ենթատեքստով նախադասություն եմ ասելու) հաճախ էի լայն դեկոլտեով շորեր հագնում։ Դեկոլտեով թե ոչ՝ ես հանգիստ շրջանցում էի խլնքոտ ոստիկանին, բայց… Ախ, սև ըլներ էդ օրը, մարշրուտնիների երթուղին փոխեցին, ու արդեն դժվար էր խուսանավել, կանխել աղետը։ Երթուղու փոխվելուց հետո ես սկսել էի հնարամիտ քայլեր մշակել, որպեսզի գոնե մի քանի մետր շառավղով շրջանցեմ ոստիկանին ու նրա խլնքոտ մատները։ Փողոցի ծայրին, շենքի անկյունում, թաքնվում ու հետևում էի մի քանի րոպե, մինչև նա մեջքով շրջվեր, ու, իբրև թե տրանսպորտին հասնելու վազքով՝ արագ սլանայի-կտրեի այդ բերմուդյան վիշապի տեղամասը։ Կամ էլ՝ կրպակներն ու խանութները մտնելու պատրվակով զիգզագաձև ու ալիքաձև ցատկոտում էի ողջ այդ վտանգավոր գոտին։ Ինչքան էլ այդ լարախաղացության պատճառով ուշանայի, չէի հրաժարվում ու յաբախտի պատահականության վրա հույս չէի դնում, քանի որ բախտիս տեղը լավ գիտեմ՝ կյանքում լոտո-մոտո չեմ շահել, զառս էլ դու-շեշ չի բերել։ Բայց մի օր զիգզագների՞ մեջ խճճվեցի, թե՞ ինքը ծառի հետևից հանկարծակի բսնեց, ինչպես վայել է ոստիկանին… Ու դա պատահեց նաև ինձ հետ։ Ասեց՝ քուր ջան, ու… աչքերս մթնեցին, էլ լավ չեմ հիշում՝ ոնց եղավ, մենակ զգացի, որ դեռ տաք ու թաց մի բան քսվեց մերկ ուսիս։ Ճիշտ է, մութ ու ցուրտ տարիներն անցել էին, բայց լողանալը էլի որոշ բարդությունների հետ էր կապված, պիտի ջրի ու անընդհատ գցող էլեկտրական ապահովիչի միժամանոց անխափան համընկնումը ապահովեիր։ Անձեռոցիկն ու սառը ջուրը ժամանակավոր լուծում էին, ու ես ողջ օրը գժի նման… Լավ, հիստերիկ լոգանքիս մանրամասներն էս պատմվածքի համար էական չեն, շեղում են։ Նույնիսկ կարող էի չանդրադառնալ լոտոյի ու զառի մեջ անբախտ լինելուս հանգամանքին, որովհետև փոքր արձակը նման շեղումներից տուժում է, համ էլ՝ ամոթ է ղումարի բախտից բողոքել, երբ սիրո մեջ բախտս բերել է, ու շահել եմ իսկական «ընտանեկան լոտոյի» գծով. աննման ամուսին եմ ձեռք գցել՝ ոսկի սրտով, ոսկի ձեռքերով ու ինձ այդ ձեռքերի վրա պահող իսկական ոսկի տղա, որ ավտոմեքենա կամ բնակարան շահելով էլ չէր երաշխավորվի, հակառակը՝ ավտոյաբնակարանախառն օժիտով չանթած ամուսնու սերը սուտ էր լինելու՝ կեղծ, շահադիտական։ Չասեմ, թե ավտոյից ու բնակարանից հրաժարվելու էի՝ հանուն լավ ամուսնու, որովհետև նման ընտրության առաջ երբեք կանգնած չեմ եղել, յա ավտո է ունեցել փեսացուս, յա՝ բնակարան, երկուսն իրար հետ ռաստ չի եկել։ Էն սփյուռքահային ու զուտ ամերիկացուն չեմ հաշվում, որովհետև դրանց ունեցվածքի տեղը երբեք լրիվ չես իմանա, ու հլը դեռ կարող է հավանածդ շորուկոշիկն ու զարդն էլ պաչիկով-բանով, խունջիկլամիշով խնդրելիս, հետո էլ հայի տխուր աչքեր ու կախ պռոշ բանեցնելիս ասեն՝ աշխատի, առ, իթզ յոր փրաբլեմ։ Չնայած որ իսկական շահումն էլ ավտոյաբնակարանատեր (ավտոն՝ մերսեդես, տունը՝ դղյակ կենտրոնում), դեռ ձորի բերանի առանձնատնով, անքարտուղարուհի ու համ էլ քեզ համար ուշքը գնացող ամուսինն էր լինելու, բայց ես էլի ինձ շահած եմ հաշվում ու ոչ թե էն պատճառով, որ դղյակի ու մերսեդեսի փոխարեն, ինչպես Ազատ Աբրահամյանն է երգում, ծաղիկներն եմ ընտրել, այլ որովհետև տանը մնացած նանարների էսօրվա Հայաստանում հաջողացրել եմ կլիմաքսի շեմին մարդու գնալ, քիչ բան է՞։ Ախ, ինչքա՜ն եմ ես գիշերները՝ մթության քողի ներքո, ցերեկները՝ բորբ արևի հրաբոսոր մտրակներից դաղված, շրջադարձին, երթին, քայլափոխում ամեն, սրճարաններում, մետրոյում, կորնչելի տրամվայներում, խանութներում, մարզադաշտում- ամենուրեք սրտի դողով ու թրթիռով արցունք թափել ու սպասել, զագսի պեչատը ձեռքիս մեջ պահած և դարանամուտ, ախ, քանի՜ նիշ եմ ICQ-ի մեջ լեզու թափել, ինչքա՜ն եմ չաթել, որ մեկին չանթեմ… Ախ, ինչքա՜ն եմ ես, ավելիս հեծած, երկինք սլացել, արևելյան կողմն աշխարհի չափել, արևմտյան կողմն աշխարհի հատել, վերից հալածել, վարից դարպասել, զագսախթանիչ բառուբան ասել, և ինչքա՜ն եմ ես՝ դիմակավորված մատուցողուհի, քաղաքի բոլոր սրճարաններում, մենյուից գաղտնի, զագսահարուցիչ դաշտանիս արյունը կաթիլ-կաթիլ սուրճերին խառնել, և ինչքա՜ն եմ ես՝ կեղծ դրկիցուհի, վերանորոգվող բոլոր տներում, շինարարների ուշքը շեղելով ու վարպետի հետ՝ սուտ սիլի-բիլի, կաֆելների տակ կամ գաջի ներքո թուղթուգիր խցկել՝ XX-X&*>//}mճOձX-XX, և ինչքա՜ն եմ ես՝ իբրև կահույքի կեղծ վաճառողուհի, խծուծների մեջ բազմոց-աթոռի մատանի դրել՝ մազով փաթաթուկ, սավան-կտորին արյունով թաթու՝ գառդառգառդարու, արիինձառդու… Ու հիմա, երբ որ զագսի պեչատով կնքել եմ մի ոք, ամոթ է հայտնել բախտիցս բողոք (վայ, էս ուր հասա, էս ինչ թակարդ էր, ռիթմը պիտ ջարդել)։ Մյուս կողմից էլ՝ որ խոշոր շահումը ավտոյով լիներ, էլ էս պատմվածքը չէր լինի, որովհետև ավտոյով անհամեմատ հեշտ կարող ես շրջանցել ոստիկանի խլնքոտ մատները։

Էն էի ասում, որ ես կարող էի, առանց իմ անձնական շահագրգռությունը նշելու, գրել այս պատմվածքը՝ իմ գործողությունները բացատրելով ոչ թե մանր վրեժխնդրությամբ, այլ մեր քաղաքը այդ ճիվաղից, այդ մշտախինչ ոստիկանից փրկելու խիզախ նախաձեռնությամբ։ Բայց ուզում եմ արձակի մեջ առաջին քայլս ազնիվ անել, չխաբել, չկեղծել, չնայած անձնական վրեժխնդրության ու հասարակական, քաղաքացիական սխրանքի սահմանները այնքան էլ հստակ զատված չեն։ Ամենալավն, իհարկե, պատճառներին չանդրադարձող, բացատրություններ չտվող պատմվածքն էր լինելու, որ տարբեր մեկնաբանությունների ու ենթատեքստերի առիթ կտար ու կհամարվեր լուրջ ու խորիմաստ գործ։ Բայց ճյուղից ճյուղ թռչող անջո պոետիս չաչանակությունը, ինչպես տեսաք նախորդ պարբերության վերջերքում, թույլ չի տալիս դրսևորվել իբրև ծանրակշիռ արձակագիր։ Դրանից, իհարկե, ավելի շատ ես եմ տուժում, քան՝ ընթերցողը, որը կարող է ամեն պահի ընդհատել ընթերցանությունը, եթե, իհարկե, երրորդ էջի՝ խլնքի զզվելի նկարագրությունից հետո դեռ շարունակում է կարդալ։ Նման համառ ու հավատարիմ ընթերցողին երախտագիտությունս ցուցաբերելու համար ես էլ կաշխատեմ սանձել քնարական հերոսիս եսասիրությունը, որը, բանաստեղծության մեջ, ոչինչ, դեռ կարելի է, բայց արձակի առաջին փորձիս ժամանակ իզուր տեղը անընդհատ խցկվում է տեքստի մեջ՝ խաթարելով կուռ, ամբողջական ու կառուցիկ արձակի դինամիկ զարգացումը։ Հույսս ընթերցողի ներողամտությունն է, որն ակնկալելու լրիվ իրավունք ունեմ, քանի որ բանաստեղծություններիս լկտի, անշնորհք, գռեհիկ քնարական հերոսը՝ էդէդէդ խուժանը, արձակիս այս առաջին էջերում իրեն լավ էլ խելոք է պահում, զուսպ ու զգույշ։ Կամ պիտնո ման եկող քննադատների ահից է սա էսպես դաստիարակվել, խելքը գլուխը հավաքել, կամ՝ արձակագիրների ատամի տակ ընկնելու մտավախությունից։ Արձակագիրները, դե, լուրջ մարդիկ են ու իրենց գործի լրջության գիտակցումով էլ հսկում են իրենց ազդեցության զոնան և բանաստեղծներին միայն պոեզիայի տերիտորիայում են արտոնում դրսևորվել։ Պիտի ասեն՝ ախչի, արձակի հետ գլուխ մի դնի, էն ա, բանաստեղծուհի ես, գործիդ կաց, արձակը ծանր, տղամարդու գործ ա։ Բայց որ քննադատները որպես բանաստեղծուհի էին ինձ գզում-սատկացնում, սրանց հեչ պետքը չէր, չէին մտածում, որ պոեզիայից փետով քշված քնարական հերոսս հո քուչեքում դադարգյուն չէ՞ր մնալու՝ անտերուդուս ֆռֆռար ու կեղտոտ լեզուն աջուձախ շաղ տար։ Պիտի՞ մի տեղ խցկվեր, պիտի։ Չէի՞ք ուզում արձակի մեջ խցկվեր, քննադատներին սաստեիք, սրան հետ պոեզիա ղրկեիք, արձակի գլուխն էս լափառոշ բերանից ազատեիք։ Չկարծեք, թե ես կողմնապահություն եմ անում, չէ. դրա՝ էդ անտեր քնարական հերոսի ձեռքից ամենից շատ ես եմ տուժել, մուֆտա տեղը հազար շունուգել է վրես հաչացրել, դոստերիս դուշման է արել, ու էլ մարդամեջ չեմ կարում դուրս գալ։ Կողմնապահություն չեմ անում, քանի որ էդ քնարական հերոսը հերնումերս չի, Լյովա Հովսեփյանը չի, քուր ու ախպերս չի, ոչ էլ՝ էրեխես, ջիգյարիս կտորը, միս ու արյունս, բայց դե լրիվ օտար էլ չի, հարազատ է։ Հարազատությունը հո մենակ արյունով ու պորտով չի որոշվում, պատահում է՝ մարդը քյարպինջի վարդագույն կտորն ու փորկապության դեղ ծիրանն է իրան հարազատ համարում։ Հիմա էս ա, էս քնարական հերոսն էլ իմ հարազատն ա, ու ես պիտի իրեն էլ շանս տամ, մանավանդ որ կարծես փորձում է ճիշտ ուղու վրա կանգնել, մարդ դառնալ։ Մենք էլ փոքր ազգ ենք, էդ ինչքա՞ն քնարական հերոս ունենք, որ քոռուփուչ անենք, հարամ-շննոց անենք։ Մենք պիտի մեր քնարական հերոսների ամեն մազի վրա դողանք, դրանք մեր ազգի հարստությունն են, ու եթե մի երկու քնարական հերոս էլ բռակ են դուրս եկել, պետք չի մեր վատը, մեր կեղտոտ սպիտակեղենը աշխարհով մեկ փնովենք, խայտառակ անենք, ինչ է, թուրքերի՞ն ենք ուրախացնում, մեր թշնամիների ջրաղացի՞ն ենք ջուր լցնում, մեր չուզողների հացի՞ն ենք մեղր քսում։ Մերն են, պիտի յոլա տանենք, սևը ներս գցենք, վարդագույնը՝ դուրս։ Վարդագույն ասելով էլ՝ էն փիս բանը (անունը չեմ տալիս) նկատի չունեմ, մեղրն էլ բառի ուղղակի իմաստով օգտագործեցի, մանավանդ որ խլինքի հետ համեմատությունը էնքան էլ դիպուկ չէր։ Հիմա. ես լավ էլ գիտակցում եմ, որ արձակագիրը պիտի իր հերոսի, կերպարների, գործող անձանց, ոնց են դրանց կոչում արձակում՝ չեմ իմանում, սանձերը ձեռքում հավաքի, բայց իմն, ախր, իմն ուրիշ է, քնարական արտերկրից ներգաղթած քնարական հերոս, նորեկող է։ Սփյուռքահայ չես ասի, բայց այլազգի էլ չի։ Պոեզիայի՝ էն էլ ետնախորշերում ու խոտոր քուչեքում ուրիշ բարքերի ու ադաթների սովոր էս քնարական հերոսը՝ փողոցային խուժան, կիսաքրեական տարր, որ իր նախկին բնակության վայրում էլ մի բանի պետք չէր ու ոստիկանության, կներեք, քննադատության աչքի փուշն էր, արձակի ուղղիչ գաղութում բալքի շտկվի, դարձի գա։ Գուցե որբ էրեխա է եղել, գուցե վատ շրջապատ է ընկած եղել, և ընթերցող հասարակությունն ու քննադատներն էլ են նրա ճակատագրի համար մեղավոր, հոգատար դաստիարակության փոխարեն՝ քացով քամակին են տվել ու որբին ետ փողոց են շպրտել։ Մի ներս առնեին, կերակրեին, գլուխը մայրաբար շոյեին, խրատեին, մեր հոգևոր արժեքների ու գրական գոհարների օրինակներով դաստիարակեին, սիրուց սեր կծնվեր, գրական մաքուր հայերենից՝ բարձր ու ազնիվ քնարական հերոս։ Թե չէ՝ թուրութվանգով մեր գրականության մեջ կարգուկանոն հաստատել չի լինի, դրանով մենակ շեղված քնարական հերոսներին կատաղեցնում, վերածում են իսկական բացասական կերպարների։ Հոնքը շտկելու տեղ աչքն են հանում։ Ես էլ ինչ անեմ, իմ քնարական հերոսն է, պիտի տիրություն անեմ, որդեգրեմ, վատ շրջապատից կտրեմ բերեմ նոր միջավայր, տեսնեմ արձակի մեջ սա խելքի կգա՞։ Այ էս պատմվածքի մեջ էլ ուժերիս ներածին չափով կփորձեմ աչքս վրեն պահել, չնայած պատմվածքս նրա պատճառով արդեն տուժում է՝ արագընթաց ու գրավիչ սյուժեի արանքում իր դարդերի ու դաժան ճակատագրի երկար-բարակ բարոյախրատական շեղումի պատճառով։ Բայց էլ վերջ, բռնում եմ սյուժեի թելն ու էլ բաց չեմ թողնի։ Ահա։ Չէ, հլը մի րոպե, մի բան էլ ասեմ. մյուս կողմից էլ՝ չեմ ուզում շատ մտածել պատմվածքի որակի մասին, ուզողներս, մեկ է, չեղած տեղն էլ գովելու բան կգտնեն, իսկ չուզողներս, սենց թե նենց, փնովելու են։ Ես գրողական փառասիրությունս մի կողմ եմ դնում, ինձ իմ որբուկի ճակատագիրն ու արձակի մեջ փրկվելու հնարավորությունն ավելի է հուզում, քան՝ գրողի իմ վարկը։ Մի փրկված քնարական հերոսն ինձ համար ավելին արժե, քան՝ հազար քննադատի դրական գրախոսականը։ Մանավանդ որ հայտնի էլ չէ, թե էն Վերին դռան շեմին հասնելիս գրողն իր լավ արձակի ու պոեզիայի՞ շնորհիվ, դրական գրախոսականների երաշխավորությա՞մբ է բարձրյալի աջ կողմում նստատեղ ապահովելու, թե՞ մի մոլորված ոչխար քնարական հերոսի փրկելու։ Վերջ։ Անցանք պատմվածքին։

Ես առևանգեցի խլնքոտ ոստիկանին։ Դա դժվար չէր։ Մեր շենքից տարբեր երկրներ արտագաղթած հարևաններից մի քանիսը իրենց բնակարանների կամ գարաժների բանալիները մեզ էին տվել՝ ջուր-մուրի կամ այլ վթարների դեպքում ներս մտնել կարողանալու համար։ Ես ընտրեցի գարաժը. բնակիչներից հեռու, ապահով էր, ձեն-ձուն չէր լսվի, համ էլ, ի տարբերություն կես կահավորանքով պահպանած տների, որ մարդաշունչ ու ընտանեվարի էին, այստեղ մռայլ ու դաժանոտ էր, ինչպես նմանատիպ դեպքեր ցուցադրող կինոներում։ Ես հո մի խլնքոտ ոստիկանի խաթեր ինձնից թազա ձևեր չէի հորինելու, էդ իրան շատ կըլներ։

Ամեն ինչ շատ հեշտ ստացվեց։ Դեկոլտեով-բանով խունջիկլամիշ եղա ու նրան գարաժ տարա՝ իբր կասկածելի ձայներ եմ լսում ներսից պատրվակով։ Մինչ ինքը միթոմ տեղազննում էր՝ մեկ-մեկ շուռ գալով ու իմ լավ տեղերը զննելով,  հետևից մոտեցա ու մուրճով թխկացրի գլխին։ Կարելի էր թաշկինակով ուշաթափեցնել, բայց չգիտեի՝ ինչ եմ ցանելու թաշկինակին, համ էլ դրա վրա փող ծախսել չէի ուզում։ Մուրճով էլ աչքաչափով էնպես խփեցի, որ չմեռնի։ Նման հեշտ մահը բարի կամքի դրսևորում կլիներ մեկի հանդեպ, որ խլնքոտում է մի ողջ ժողովուրդ։ Համ էլ՝ ես մարդասպան չեմ։ Մի խոսքով, դրա ուշագնաց մարմինը մի կերպ հարմարեցրի աթոռի վրա ու ձեռ-ոտը լավ կապկպեցի։ Բերանը բաց թողեցի, որ դրա տնքտնքոցն ու ճվճվոցը կայֆ տա։ Մտածում էի՝ էդպես թողնեմ խլինքը ծորա, ու ինքն իր խլինքի մեջ խեղդվի։ Բայց դրա համար երևի ահագին ժամանակ էր պետք, ու ես էլ մտադիր չէի պարապ-սարապ զվռնել, համ էլ, նորից ասեմ, ես մարդասպան չեմ։ Որոշեցի՝ մատը կտրեմ, կոխեմ ոռը։ Բայց ոռն ի՞նչ մեղք ունի, մտածեցի, հո տռան ոստիկան չի, խլնքոտ ոստիկան է, էնպես որ՝ ոռը հանգիստ… (հոպ, այ քնարական, էս քո ոտանավորները չեն, լեզուդ քեզ քաշի, շուն ես վրես հաչացնո՞ւմ, ճիշտ են ասում՝ դուշմանը տնից կըլնի)։ Ավելի լավ է, մատը կտրեմ, կոխեմ քիթը. մի քթանցքը բաց կթողնեմ, որ խլինքը գյոլ չտա՝ հետ լցվի ու սրան խեղդի։ Բայց ո՞ր մատը կտրեմ. գուցե բթամա՞տը, որով քիթը սեղմում է խնչելուց։ Մտմտալով կացին ու խոհանոցային տախտակ բերեցի, փոքրիկ սեղանիկը քաշեցի աթոռին կապկպած ոստիկանի առջև, հարմարեցրի, մի ձեռքն արձակեցի, դրեցի տախտակին ու  դեռ լրիվ ուշքի չեկած խլնքոտի բթամատը, դը՛խկ, կտրեցի։ Առաջին անգամ էի մատ կտրում, ոստիկանի ճվճվոցից ու ֆշշացող արյունից շշկլվեցի, բայց արագ ինձ հավաքեցի, լաթի կտորը պինդ սեղմեցի կտրած տեղին ու… Հիմա էդ անտեր բթամատն եմ փնտրում՝ չկա։ Ո՞ւր թռավ էդ անտերը, երևի շատ պինդ էի թխկացրել, ու բթամատը գարաժի մութ անկյուններից մեկը, ավտոմասերի արանք-մարանքն էր ընկել։ Հո ինձ չէի՞ կոտորելու մի խլնքոտ մատ գտնելու համար։ Մի բան շատ էր՝ մատը, հլը մի ինը հատ էլ կար  (ոտքի մատները հաշիվ չէին, խնչելու գործին չէին մասնակցում)։ Ուղղակի հասկացա, որ կացին ման գալուց մարդ լավ չի մտածում, համ մատը կորցրի, համ էլ՝ վայ թե ճիշտ չէի ընտրել, հաստ բութը քթանցքի մեջ չէր մտնի։ Հիմա ցուցամատը կկտրեմ, խնչելուց էդ մատն է բթին օգնում՝ մյուս կողմից քթանցքը սեղմելով։ Կենտրոնացա, մուրճով էլի մի թեթև զարկեցի ոստիկանի գլխին, որ իր ճվճվոցով չներվայնացնի գործի ժամանակ ու չխանգարի, ճվճվոցը լսելու կայֆին էլ շատ տուրք չտամ, լուրջ բան եմ անում, հո սադիստ չեմ։ Պիտի շատ ուժեղ չհարվածեմ, որ մատը հեռու չթռչի։ Ցուցամատն էլ մի հարվածով թխկացրի, բայց աչքս վրեն պահեցի, որ չկորցնեմ։ Նախ կտրած մատը վերցրի, որ հենց տախտակի վրա էր մնացել ճիշտ զարկի շնորհիվ, հետո նոր սկսեցի արյունը կանգնեցնել։ Ուզում էի էդ մատը քիթը խցկել, բայց հանկարծ հասկացա, որ սխալ բան եմ անում։ Ցուցամատն, ախր, շատ սիմվոլիկ մատ է, հազար ու մի կողմնակի իմաստներ կհուշի՝ էլ հուդայական մատնություն, էլ՝ իշխանության սպառնալիք, էլ՝ բարոյական սաստում, էլ՝ լռության կոչ, եսիմինչուինչ… Էդ իմաստներն ու էդ սիմվոլիկան ինձ հեչ պետք չեն, ուրիշ տեղ կտանեն, ես ընդամենն ուզում եմ ստանալ կտրած մատը քթանցքում ճխտված ոստիկան, ու էդ մատը հեչ էլ պարտադիր չի, որ ցուցամատ լինի, ցուցամատը էդ նպատակին ամենաանհարմար մատն է։ Բայց ո՞ւմ է պետք ուշացած տվայտանքը։ Սխալ չհասկանաք, ուշացած, մատ կտրելուց հետո արթնացած խղճի մասին չի խոսքը, հո դասական արձակ չե՞մ գրում։ Ուղղակի ուզում եմ մինչև կտրելը ճիշտ ընտրություն կատարել մատների մեջ ու ընթերցողի զահլեն չտանել՝ հատիկ-հատիկ նկարագրելով մատնահատման գործողությունները, մանավանդ որ բառերի ու նկարագրության երկար-բարակ կրկնությունները գրելու տկարությունն են մատնանշելու՝ ըստ գրաքննադատության։ Կտրեմ միջնամատը, ոչ էս կողմն է, ոչ էն, կենտրոնական, անկապ մատ է, երկու կողմին էլ տեղն եկած տեղը կհարմարվի, երկու կողմից էլ տեղն եկած տեղը յան կտա։ Իսկական կտրելու մատ։ Էլ դեսուդեն չընկա, ոստիկանի ձեռքը դրի տախտակին ու միջնամատը կտրեցի։ Երևում է՝ փորձ էի ձեռք բերել, էնպես հմտորեն, գեղարվեստական կտրեցի, ոնց որ Զավենը (Զավե՞նն էր) «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Հալե՜պ, Հալե՜պ արտասանելով էր ոչխար մորթում, էնպես ճիշտ պաթոսով ու ներշնչանքով, որ ինքը՝ ոստիկանն էլ, եթե վերանար իր անձնական շահագրգռությունից, կհիանար իմ հարվածով։ Միջնամատը սիրուն սրբեցի ու արդեն ուզում էի քթանցքը խցկել, կտրած ծայրից բռնածս մատը ցից տնկված արտասահմանյան հայհոյանքի պես աչքս մտավ։ Այ քեզ բան, էս արևմտյան իմաստները հեչ նկատի չէի ունեցել, բա լավ չէ՞ր սովետում, էդ ֆաք-մաքը չէինք իմանում (հերոսիս սանձը չեմ արձակել, հայերեն ոչ մի քֆուր)։ Հիմա ի՞նչ անեմ, մատը եղունգավոր ծայրից հո քիթը չե՞մ խցկելու, որ ի՞նչ, անիմաստ բան կլինի։ Էշություն։ Կներես, ընթերցող ջան, համբերի, ազի՛զ ախպեր, ցավդ տանեմ, դու, որ ինձ հարգել, մինչև էս տողն ես հասել, ես ո՞նց կարամ քեզ չհարգեմ, էս արդեն իմ անունից եմ ասում, ոչ թե ինչ-որ քնարական հերոսի, կամ՝ ոնց են արձակում դրան ասում։ Ես հո քննադատներից ու գրողներից խեր չտեսա, հույսս դու ես, իրանք՝ ջհանդամը, ուզում եմ քո խաթրով լինի։ Չկարծես, թե քեզ քծնում եմ, երեսիդ չեմ մենակ ասում, որ էստեղ չլինեիր, էլի նույնը կասեի։ Չեմ քծնում ու նաև թերություններդ երեսիդ կասեմ։ Ընթերցող, սիրելիս, բարեկամս, քի՜չ ես կարդում, սուտի-մուտի, թույլ գործե՜րն ես հավանում, մի քայլ գրողն է անում դեպի քեզ, մի քայլ էլ դու արա դեպի գրողը, այ ախպեր։ Մի ալարի, մի քիչ գիրք կարդա, ժամանակակից գրականության հետ ծանոթացի, որ իմանաս՝ եթե խոսքը էլի քաջ որսկանի գյուլլի պես է գնում, բայց որսը գուցե հենց դու լինես, եթե շարունակես ախմախ գրքեր կարդալ։ Ինձ էլ ներող եղիր, առաջին անգամ եմ պատմվածք գրում, չեմ կարում ճիշտ մատը գտնեմ, բայց դու էլ ես, չէ՞, սխալներ անում, գրող թե ընթերցող՝ մարդ ենք ու սխալական, աստված չենք (էլի Լյովա Հովսեփյանին նկատի չունեմ, այլ էն մյուսին, որ վաբշե սխալներ չի անում), համբերող եղիր, հիմա կփորձեմ տեղը գցել։ Էսքանը մոռացի, էս մոմենտը հեչ ենք անում։ Մի հիսունվեց տող հետ գնանք, վերադառնանք էն հատվածին, որ կացինն ու տախտակը նոր եմ բերել։ Բայց քանի որ արդեն երեք մատները չկան, ես էլ չեմ ուզում գրականության մեջ իրականությունը կեղծել, չեղած մատների վրա պատմվածք գրել, պետք է փոխեմ նախնական ծրագիրս. ոչ թե կտրած մատը քթում ճխտված ոստիկան պիտի կերտեմ, այլ՝ միմատանի ոստիկան։ Նույնիսկ ավելի լավ է հնչում, լեզվականորեն անհարթ կտրած մատը քթանցքում ճխտված ոստիկանի փոխարեն՝ միմատանի ոստիկան։ Մյուս կողմից էլ՝ պարտադիր չի գործողությանը մասնակից մատները պատժել, դա մի տեսակ պարզունակ է, հո մատը ինքնագլուխ չի գործում։ Ավելի օրիգինալ կլինի խնչելու գործողությանը բոլորովին չմասնակցող, հակառակը՝ դրանից յան տվող մատը կտրել։ Ասեցի՝ խնչելուց ճկույթը տնկվում էր մյուս մատներից մի քիչ հեռու, անջո, ինքն իր համար։ Ճկույթը կտրեմ։ Չէ, ավելի լավ է՝ մատնեմատն էլ կտրեմ, կմնա ճկույթը՝ որպես բոլոր մատներից ու դրանց ռեֆլեքսներից անկախ, ինքնուրույն մատ։ Էսպես, ուրեմն, հարգելի ընթերցող, վերադառնում ենք վաթսունութ տող…

Մտմտալով կացին ու խոհանոցային տախտակ բերեցի, փոքրիկ սեղանիկը քաշեցի աթոռին կապկպած ոստիկանի առջ… Չէ, կներեք, մի տող էլ ենք ետ գնում.

Բայց ո՞ր մատը կտրեմ. գուցե բթամա՞տը, որով քիթը սեղմում է խնչելուց։ Օ՜, ոչ, երիցս ոչ, ոչ միայն բթամատը, այլ բոլոր այն մատները, որ դույզն-ինչ առնչակցվ… (Իա՜, էս ոճը խի փոխվեց, մի բանի որ ձեռ ես տալիս, սաղ քանդվում ա, հիմա արի ետ տեղը գցի։ Լավ, նորից սկսենք)։

Բայց ո՞ր մատը կտրեմ. գուցե բթամա՞տը, որով քիթը սեղմում է խնչելուց։ Իսկ ինչի՞ միայն բթամատը որ… Բոլոր մատներն էլ կկտրեմ, կթողնեմ ճկույթը մենակ, որ խնչելու և ոստիկանական այլ գործողությունների ժամանակ էլ իր համար առանձին տնկվում ու չի խառնվում։ Մտմտալով կացին ու խոհանոցային տախտակ բերեցի, փոքրիկ սեղանիկը քաշեցի աթոռին կապկպած ոստիկանի առջև, հարմարեցրի, մի ձեռքն արձակեցի, դրեցի տախտակին ու դեռ լրիվ ուշքի չեկած խլնքոտի բթամատը բոլոր մատները՝ աջ ձեռքի ճկույթից բացի, դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ (ընթերցող ջան, կարաս չհաշվես, ինձ մոտ՝ ոնց որ բանկում, ճիշտ 9 հատ դը՛խկ ա) կտրեցի։ Առաջին անգամ էի մատ կտրում, ոստիկանի ճվճվոցից ու ֆշշացող արյունից շշկլվեցի, բայց արագ ինձ հավաքեցի, արյունը կանգնեցրի ու… Ստացա միմատանի ոստիկան։ Ըհը։

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

……………………………ը……………………………………………………………………ի………………………………………………………………………………………..

իա…………………………………………………այ…………………………………………………………….քեզ……………………………………………………………….

……………………այ քեզ բան………………………………………………………………………………………….էս ի՞նչ………………………………………………..

……………………էս ի՞նչ եմ………………………..ի՞նչ եմ արել…………………………………………………….էս ի՞նչ եմ արել, մամա ջան,

տունս քանդվեց……………………………………………………………………………………………………………………..մարդ եմ…………………… …………
ոստիկան եմ……, քրեականով՝ էլ բեթար, ոստիկան եմ կտրտել………… վայ, քո տունը քանդվի, այ քնարական հերոս, որ իմ տունը քանդեցիր, ես սրան որդեգրեմ, պահեմ, կերակրեմ, լավ շրջապատ հանեմ, արձակում տեղ տամ, սա ինձ սենց հարիֆցնի։ Փաստորեն, սեփական քնարական հերոսս ինձ օգտագործեց, ինձ գործիք դարձրեց իր թշնամու՝ քննադատի, կներեք, ոստիկանի հետ հաշիվները մաքրելու համար։ Հիմա ի՞նչ անեմ, այ քնարական անասուն, այ քնարական ծծող, այ քնարական ոչուփուչ, անաղուհաց քրդի շուն (էս արդեն անձամբ ես եմ քրֆում), ավելի լավ էր հենց մենակ քֆուրով խոսայիր, ուրիշ քնարական հերոսների հետ բոզություն անեիր, ուրիշ քնարական հերոսներից գողություն անեիր, ասեիր.

Երազ տեսա, Սայաթ Նովեն մոտս եկավ սազը ձեռին…

ասեիր՝

Հեյ ջան, մենք էլ զգույշ անցնենք, ով իմանա, թե հիմի…

ասեիր՝

Դու իմ վերջինը՝ թյուրիմացաբար…

Էդ գողության համար դատ չէր հասնի, այ քնարական սադիստ, պետք ըլներ՝ ցիտատի տեղ կանցկացնեինք։ Հիմի ես ի՞նչ անեմ էս կենդանի միմատանի վկայի հետ, էս տուժած կողմի հետ։ Էս որ ուշքի գա, ես տնով-տեղով կորած եմ։ Պիտի մի բան մտածեմ………………………………………………………………………………………………………………………………………………. սրան գիշերով տանեմ փողոցում պառկացնեմ, մատները կողքը շարեմ, կարծի՝ շատ խնչելուց մատները պոկվել են- էշություն…………………………….. դեմքս տեսել ա, կհիշի………………………………….. բժիշկ բերեմ՝ չի կարենա մատները կարկատի…………………………… այ մարդ, էս տուժած կողմին որ վերացնեմ, հարցը կփակվի-կգնա։ Ոչ ոք ոչինչ չի իմանա։ Մի խլնքոտ ոստիկան ավել-պակաս՝ մեր քաղաքում բան չի փոխվի, կամ էլ՝ դեպի լավը կփոխվի։ Բայց որ ես գնամ բերդերում կորչեմ, էս հաբռգած քնարական հերոսս, որ արդեն իմ կամքից անկախ ու ինքնուրույն ինչ ուզում՝ անում ա, փորձանք կդառնա մեր գրականության գլխին։ Էս անասունն արդեն մուտացիայի ա ենթարկվում, դառնում ա կես-քնարական, կես-արձակական հերոս, վտանգավոր կենտավրոս՝ գլուխը պոեզիայի անդաստանում, քամակը՝ արձակի։ Չափածոյում հլը հանգի-վանկի ռամկեքը սրան քչից-շատից կկաշկանդեին, գլուխն ու լափառոշ բերանը կսանձեին, բայց արձակում էս իրա քամակով ի՜նչ ավերածություններ կանի,  քամակը սանձե՞լ կըլնի, կցռի, մեր սաղ մշակույթը կմխտռի։ Ինձ համար՝ չէ, գոնե մեր մշակույթի սիրույն պիտի իմ գլուխը պրծցնեմ էս շառից, հետո էլ էս քնարական ոճրագործի, էս-էս հերմաֆրոդիտ մուտանտի հախից գամ։ Դու էլ, սիրելի ընթերցող, դադարեցրու, էլ մի կարդա, խնդրում եմ, շուտ էջը շուռ տուր, էս ժուռնալը մի յան շպրտի, պատուհանից դուս նայի, տելևիզըր միացրու՝ մթոմ ըստեղ չես, թե չէ՝ հանցակից ես դառնում, իմանալ-չհայտնելու հոդվածի տակ կընկնես։ Իսկ էն հատուկենտ խիզախների համար, որ չեն կարենա իրանց հետաքրքրասիրությունը զսպել ու կշարունակեն կարդալ, ես մի բան կմտածեմ։

Ուրեմն, սենց. գրական ծրագիրս փոխում եմ, ոչ թե՝ մատը քթում ճխտված ոստիկան, ոչ թե՝ միմատանի ոստիկան, այլ՝ ոստիկանին ինչպե՞ս վերացնել։ Այսպես։ Ե՜տ դա՛րձ, քայլով մարշ.

, շպրտի յան մի ժուռնալը էս… մուտանտի հերմաֆրոդիտ… շառից էս պրծցնեմ… կցռի… արձակի քամակը՝… կենտավրոս վտանգավոր… հերոսս քնարական հաբռգած… կարկատի մատները… տեղով-տնով… թյուրիմացաբար վերջինը՝ իմ Դու… Նովեն-Սայաթ, տեսա երազ… ծծող քնարական… ջան մամա… ի………………………ը…………………………… բթամատըխլնքոտի… ոչ երիցս… վաթսունութ… հեչ մոմենտը էս… գյուլլի որսկանի քաջ… ախպեր ազի՛զ… մաք-ֆաք… «սարերը մեր, ենք Մենք»… արձակ դասական… մատնություն հուդայական… քթանցքի բութը… մարանքն-արանք… մատը էր՝ շատ… հանգիստ… ( հոպ, ոռը որ՝ սե… տախտակ խոհանոցային… տնից դուշմանը ասում՝… չեմ մարդասպան… կայֆ ճվճվոցը… բանով-Դեկոլտեով… խլնքոտ առևանգեցի… ոչխար մոլորված… դռան Վերին… ,րոպե մի հլը… թուրութվանգով չէ՝… քամակին քացով… էրեխա որբ… գաղութում ուղղիչ արձակի… է նորեկող, սորեհ նակարանք… ջրաղացի՞ն թշնամիների… թուրքերի՞ն… , ենք ազգ փոքր… տեղը մուֆտա… բերանից լափառոշ… ուզում Չէի՞ք… ֆռֆռար դուս ու անտեր… -գզում ինձ էին բանաստեղծուհի որպես քննադատները… ։ա գործ տղամարդու… հետ արձակի ,ախչի ասեն՝… տակ ատամի արձակագիրների կամ… խուժանը էդէդէդ… պոետիս անջո թռչող ճյուղ ճյուղից… սխրանքի քաղաքացիական… պեչատով զագսի… ։է՞ բան քիչ… վաճառողուհի կեղծ կահույքի… XX-XձOճm}//>*&X-XX1, արյունը դաշտանիս զագսահարուցիչ… մարզադաշտում… տրամվայում… Հայաստանում… ։փրաբլեմ յոր իթզ… շոռպ խակ ւո րեքչա րուխտ իյահ… խունջիկլամիշով… չանթած օժիտով… ղումարի է ամոթ… զառի ու լոտոյի… ։բերել չի շեշ-դու… վիշապի բերմուդյան… ,ունեմ ուսեր գեղեցիկ… ։նշանով ոստիկանի… զորու ի ձգողականությունը երկրի… ։էր ջրիկ պես ջրի խլինքը… ընթերցող սիրեկան սրտի իմ ,ազիզ իմ… ԽԼԻՆՔԸ… էր խռնթո՞ւմ ,էր թռնդո՞ւմ… բառով ի՞նչ… էր լսում-խոսում… այդ մինչ … ։էր աստվածն իմ Հովսեփյանը Լյովա… ոսկե անունը Հովսեփյանի Լյովա… ուռենի դալուկ… կիլոյանոց 40… կիլոյանոց 55… ։Ջավախքը ու ցեղասպանությունը… խաթեր Ղարաբաղի… կյանք շան կողմի տուժած… Հովսեփյանը Լյովա… Քուչակի ,Նարեկացու ,Մաշտոցի Մեսրոպ… ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼՅՈՎԱ… ։ Հովսեփյանին Լյովա… Հովսեփյանի Լյովա… ուտել է կարող դեռ կողմը տուժած… ֆոնդում ոսկե… Հովսեփյան Լյովա էր՝ Լյովա… ասում եմ սուտ… զրոյական դերը… ծրագիր ոստիկանաջինջ դրել չեմ վիզ… րոպե Մի…

լենցարեվ ս՞եպչնի նինակիտսՈ
Պատմվածքն ինչպե՞ս վերացնել

Մի րոպե. սա պատմվածք վերացնելու մեթոդական ձեռնարկ չէ…

…………………………………………………..
1 Վա՛խ, մամա, էս ինչ էղավ, թուղթուգիրս էլ գրական ծրագրիս ոտի տակ ընկավ, ձեռի հետ քանդվեց։ Չէ, իմ զագսի պեչատին բան չի ըլնի, բայց ինչ-որ մարդիկ բեսամտ քաշվան, ոնց որ Կառայի մարդը հանկարծակի տուն մտավ ու իրան յոբըռի հետ բռնացրեց, հետո Կառան ինձ իրա շուբան նվիրեց, քանի որ յոբըռը նորն էր բերել Փարիզից, ես էլ իրա վրա արած թուղթուգիրը քանդեցի, ջուրը գցեցի, Արաբկիր-Կենտրոն սաղ թաղի ջուրը մխտրվեց, բնակիչները դիզենտերիա վարակվեցին։ Ոնց որ Անուշի վրա արած-քանդածս գնաց, ցունամի հելավ, Ինգայի վրա արած-քանդածս խփեց կենտրոնական բանկին, դոլարի կուրսը ընկավ, Երիտասարդական պալատի Վիկայի վրա արած-քանդածս Նյու Յորքի վիսոտկեքին խփեց, հետ էկավ խփեց կուկուռուզին…

Print

Մեկ արձագանք Ոստիկանին ինչպե՞ս վերացնել

  1. ՊԱՅԾԱՌաՏԵՍ -ը ասել է:

    Հերմաֆրոդիտմուտանտի պահն ընդհանրապես անհասկանալի էր…

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

11 − one =