Պոեզիա
Ջերմոցային էֆեկտ
Ինֆլյացիա
Կամուֆլյաժ
Խարակիրի
Մակիյաժ
Անեմիա
Տատու
Բիժու
Քաղաքական ապաստան
Ինտերվենցիա
Ապարտամենտ
Գեոպոլիտիկա
Կակտուս
Կանգ առ ակնթարթ
Բրելոկ
Բջջային
Սուրճ անկողնում
Մատնահետք
Ցունամի
Դոն Կիխոտ
Անատոմիկում
Պանդեմիա
Վամպիր
Կոլեկցիա
Վենդետա
Տեռորիզմ
Հիպերտոնիա
Մուհամմեդ
Մովսես
Խավարասեր
Էներգետիկ ճգնաժամ
Էվերեստ
Երկար ոտքերի առավելության մասին
Տաբու
Դոկտոր Հանիբալ
Մագելան
Ռոբինզոն
Փրկեցեք մեր հոգիները
Հումանիզմ
Կամբալա
Կոմունալ աղետ
Եվրոռեմոնտ
Քարկտիկ
Գլոբալիզացիա

Պոեզիա

Իմ ողջ պոեզիան
կրծքերիդ միջեւ է
կրծկալ ես հագնում
դառնում եմ
արգելված պոետ։

Ջերմոցային էֆեկտ

Լոգարանիդ հայելին եմ
հանվում ես
քրտնում եմ։

Ինֆլյացիա

Ձեռքիդ օճառն եմ
օր օրի
մաշվում եմ։

Կամուֆլյաժ

Շուրթերիդ
հասնելու համար
ատամի խոզանակի
մազաշերտում
թաքնվեցի։

Խարակիրի

Սանրիդ ատամներից էի
սանրվելիս
մազերիդ մեջ մնացի։

Մակիյաժ

Դիմափոշուդ տուփը փակելիս
ուշքդ ուր էր
խեղդվեցի։

Անեմիա

Արյունս հերիքեց
միանգամվա
շրթներկվելուդ։

Տատու

Կոնքիդ դաջվածքն եմ
մի գլուխ
ջնջելու
հնար ես փնտրում։

Բիժու

Ականջօղիդ տեղ
սուսուփուս
տարուբերվում եմ։

Քաղաքական ապաստան

Բարկանում ես
թաքնվում եմ
մատիդ ու մատանուդ
արանքում։

Ինտերվենցիա

Հողաթափդ հագնում ես
բնակտարածքս
կրճատվում է։

Ապարտամենտ

Քնած էի ձեռնոցիդ մեջ
հինգ ննջարան կար
դու չկայիր։

Գեոպոլիտիկա

Պայուսակումդ եմ ապրում
պայուսակդ քրքրում ես
աշխարհակարգս փոխվում է։

Կակտուս

Համակարգչիդ կողքի
կակտուսն եմ
e-mail ես ստանում
փշաքաղվում եմ։

Կանգ առ ակնթարթ

Ժամացույցդ մի լարիր
պտտվում եմ
սլաքներից կառչած։

Բրելոկ

Կցված եմ
բանալիներիդ տրցակին
դուռդ բացում ես
գլխապտույտ եմ ունենում։

Բջջային

Յուրաքանչյուր
բջջով
զգում եմ
անհասանելի ես։

Սուրճ անկողնում

Առավոտյան սուրճդ եմ
սովորականի պես
կիսատ թողեցիր։

Մատնահետք

Սուրճիդ մրուրում
պառկած էի
մատով
բախտ բացեցիր։

Ցունամի

Քայլում էի
բաժակիդ պռունկով
վայելուչ չէ
թեյը փչելով խմելը։

Դոն Կիխոտ

Հանուն քեզ
հողմաղացների դեմ
էի պայքարում
մեկ էլ փռշտացիր։

Անատոմիկում

Քո կատուն էի
մազ էի թողնում
հանձնեցիր
բժշկականի
ուսանողներին։

Պանդեմիա

Մինչեւ
թռչնագրիպի համաճարակը
քո թութակն էի։

Վամպիր

Մոծակը
որին
սպանեցիր
ես էի։

Կոլեկցիա

Քորոցը
բարձիկին ես խրում
թպրտում եմ։

Վենդետա

Մեխը
որ համառորեն
պատռում է
գուլպաներդ
ես եմ։

Տեռորիզմ

Մայթին զխկալիս
իմացիր
կոշիկիդ կրունկը
սղոցողը
ես էի։

Հիպերտոնիա

Հանում ես կրծկալդ
երակներումս
մակընթացություն է
հագնում ես
արյունս տեղի է տալիս։

Մուհամմեդ

Եթե կրծքերդ
չեն գալիս ինձ մոտ
ես եմ գնում նրանց մոտ։

Մովսես

Քառասուն տարի
դեգերում եմ
կրծքերիդ շուրջ։

Խավարասեր

Կյանքս անցավ
կրծքերիդ
ստվերում։

Էներգետիկ ճգնաժամ

Ողջ ձմեռ
ցախ էի հավաքում
քո մացառներում։

Էվերեստ

Տարիներ ի վեր
մագլցում էի
ոտնակոճիցդ
մինչեւ կոնքոսկր։

Երկար ոտքերի առավելության մասին

Կոնքերիցդ պարան
կապեցի
կախվեցի։

Տաբու

Պորտիդ ստվերում
խաղողը հասել է
մի գլուխ ասում ես
սպասենք
խաղողօրհնեքին։

Դոկտոր Հանիբալ

Խաղող եմ ուտում
խաղողը քո համին է
սարսափով գիտակցում եմ
մարդակեր եմ դարձել։

Մագելան

Իմ բոլոր
շուրջերկրյա
ճամփորդությունները
քո շուրջն են։

Ռոբինզոն

Պատսպարվել եմ
քո մարջաններում
չորսդին
մերկությանդ օվկիանոսն է։

Փրկեցեք մեր հոգիները

Պորտիդ
ջրապտույտում
խեղդվելիս
չհասցրի կառչել
մերձակա մացառներից։

Հումանիզմ

Շիշը խցկեցիր
նետեցիր
համաշխարհային օվկիանոս։

Կամբալա

Բացակայությանդ
ծանրությունից
տափակաձուկ եմ
դառել
ավազին քսվելով եմ
լողում։

Կոմունալ աղետ

Քայլում ես
փողոցը ծռվում է։

Եվրոռեմոնտ

Թողեցիր բորդյուրին
ընկա Լինսի
ծրագրի
տակ։

Քարկտիկ

Անձս երկատվեց
հետո քառատվեցի
հիմա ինձնով
քարկտիկ ես խաղում։

Գլոբալիզացիա

Աճում եմ
ահռելի տեմպերով
հաջորդ տասնամյակ
ծնկներիդ հասնելու
հեռանկարով։

RR – 3177

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.