Պիզդե՛ց։

Սա լսածս ամենաառաջին հետսովետական նախադասությունն էր։ Հնչեց հորս բերանից «Վրեմյա» համասովետական լրատվական հաղորդման ժամանակ Սովետական Միության փլուզման մասին պաշտոնական հայտարարությունից մեկ վայրկյան անց։ Ընտանիքն ամբողջ կազմով՝ պապաս, մամաս, քույրս ու ես, սսկված նայում էր մեկ ուղղությամբ՝ Գորբաչովի խալին։

Կհարցնեք` բա ո՞րն էր հետսովետական շրջանում տեսածս ամենաառաջին բանը։ Հորս չստի թայը` մեր կիսամեռ Ռադուգա հեռուստացույցի էկրանի հետևում թաքնված Գորբաչովի խալի տեղը։

Երրորդ վայրկյան. Մյուս թայը մամաս աննկատ խլեց հորս ոտի տակից։

Չորրորդ վայրկյան. Պապաս ձեռը տարավ չստի մյուս թայի հետևից։ Կատաղած նայեց մորս վրա։

Հինգերորդ վայրկյան. Մամաս փախցրեց ձեռը։ Իմ ուղղությամբ։ Ես վերցրի ու շպրտեցի Ռադուգայի վրա։ Ալիքը փոխվեց, բայց պատկերը նույնն էր։ «Վրեմյա»-ի թողարկումները հեռարձակվում էին բոլոր 15 սովետական հանրապետությունների բոլոր ալիքներով անխտիր։ Միաժամանակ։

Սովետական Սոցիալիստական 15 Հանրապետությունների Միությունը քանդվեց։։Տապալվեց վիթխարի տերությունը։ Իմ մանկության դրախտը։ Իմ սերնդակիցների բոսորագույն Եդեմը։ Ձախողվեց մարդկային համակեցության իդեալի ձգտման ամենահամարձակ ավանտյուրան։ Փլուզվեց Մոսկովյան աշտարակը։ Մայակովսկին դագաղի մեջ շուռ եկավ։

Я
достаю
из широких штанин
дубликатом
бесценного груза.
Читайте,
завидуйте,
я –
гражданин
Советского Союза.

Գահավիժեց նախանձախնդիր բուրժուական հասարակության վարակիչ հռհռոցների տակ, որոնց միացան Մայակովսկու 150 000 000-ի հուսալքված սերունդները։

Լեզուները խառնվեցին։

Ո՞վ գիտի` եթե պահպանվեր համակարգը, այս խոսքերի փոխարեն արյուն կթքեի, խոսքերի փոխարեն անմարդկային ոռնոցներս կարձակվեին Նալբանդյան փողոցի գորշ նկուղներից…

Ծպտուն չկա (ինչպես միշտ). ատրճանակի մեկնարկային կրակոցից մեկ վայրկյան առաջ աթլետի պես դիրքավորված հայրս ինչպես միշտ համակ ուշադրությամբ դիտում է «Վրեմյա» լրատվական հաղորդումը։ Մոսկվայի ժամանակով 10-ն անց է, Երևանի ժամանակով` 9-ն անց։ Իրանը ծնկներին մոտ, գլուխը առաջ ցցած ու լարված, ձեռքերից մեկը` առաջ, մյուսը` հետ։ Բայց եթե աթլետի քամակն այդ պահերին օդի մեջ է լինում, հորինս բազմոցի մեջ փոս էր փորել, իսկ ատրճանակային կրակոցները (Աֆղանստանի պատերազմի մասին ռեպորտաժներից) ոչ մի կերպ չէին վազեցնում նրան տնով մեկ։ Վազում էր միայն նրա միտքը։ Գլխիցս առ այսօր դուրս չի գալիս մի կարճ տեսաշար. Սովետական Միության նախավերջին ղեկավար 74-ամյա կիսամեռ Չեռնենկոյին մի քանի հոգով դանդաղ հասցնում են մոտակա աթոռին ու մի քանի րոպե շարունակ փորձում նստեցնել…

5 տարեկան էի։ Երևի հորս մեկնաբանությունն էր, որ հիշողությանս մեջ դրվագը մնացել է մինչ օրս. «Սովետը հազիվ ա քայլում»: (Ինձ թվում է հիշողության պահպանմանը նպաստել է հիմնականում երկու հանգամանք` հեղինակություն (հոր խոսք) և սիմվոլիկա կամ փոխաբերություն (Չեռնենկո-Սովետ))։ Ես շատ էի ազդվել. այդպիսին Սովետական Միությունը` իմ հսկայական հայրենքը, չէի պատկերացնում։ Երբ ես մարշալ Բաղրամյանի կամ Ժուկովի կամ շարքային վոլոդյաների ու անդրյուշաների դերերում ջախջախիչ պարտության էի մատնում մեր տան բոլոր սենյակներում ու պահարաններում դարանակալած ֆաշիստներին ու անձնազոհությամբ վնասազերծում մերոնց կործանելու նպատակով խոհանոցի կափարիչավոր թավաներում ու կաթսաներում, բաժակներում, արտի պես փռչոտ գորգերի տակ ու բարձիս տակ նենգորեն տեղադրված ա կանները, երբ հարձակման անցնում էի՝ «Вставай страна огромная» երգը գլուխս գցած ու վազում դեպի ծնողներիս սենյակ (իմ Բեռլինը), մի ձեռքով պահելով հաշմանդամ պապիկիս Ստալինգրադ հասած զինվորական ֆուռաժկան (որը մի բուռ գլխիս սոմբրերոյի տեսք էր ստանում), իմ Սովետական Միությունը բոլորովին այլ էր։ Вставала страна огромная, բայց նստելն այժմ ուժերից վեր էր։

Մի քանի օր անց` 1985 թ. մարտի 10-ին Չեռնենկոն հանձնվում է հողին։

Նրան հաջորդած Գորբաչովը դարձավ ՍՍՀՄ վերջին ղեկավարն իր սևեռուն գաղափարով` դեմոկրատիզացնել տոտալիտար վարչակարգը։ Դա պետք է իրագործվեր Պերեստրոյկայի (Վերակառուցման) միջոցով։ Բայց տոտալիտար վարչակարգը չի կարելի վերափոխել, կարելի է միայն վերացնել։

Պերեստրոյկայի հիմնադրույթներից Գլասնոստը (Հրապարակայնություն)` ժողովրդավարության այս «չարաբաստիկ» նախապայմանը, հակառակ սպասումների, դարձավ վիթխարի սոցիալիստական տերության փլուզման խթանիչներից մեկը։ Գլասնոստը վերջապես բացում է մարդկանց բերանները։ 70 տարի շարունակ կողպված և հանկարծ բացված երախներից այժմ նեխահոտ էր փչում։

Փլուզման նախադրյալները բազմաթիվ էին, սակայն խորհրդանշական է Չերնոբիլի ատոմակայանում 1986 թ. տեղի ունեցած վթարը։ Չստացված վճռական գոլին միահամուռ արձագանքող լեփ-լեցուն մարզադաշտի ֆուտբոլասերների նմանությամբ ամբողջ մարդկությունը խոր ու խուլ հոգոց հանեց։ Նրանք դեռ հիշում էին Հիրոսիման։

Մարդիկ սկսում են հրապարակավ բամբասել ղեկավարությունից։ Մարդիկ այլևս հետևողականորեն մոռացության չեն մատնում իրենց ազգային պատկանելությունը հանուն իդեալական Homo Sovieticus-ի կայացմանը «լուսավոր կոմունիստական ապագայում»։ Նման գաղափարախոսական իդեալներ հատուկ են մեծ տերություններին, կայսրություններին (օր.` Ամերիկյան երազանքը ԱՄՆ-ում, Պանթյուրքիզմը նախկին թուրքական կայսրությունում)։ Հենց դրանց նկատմամբ հավատը կորում է, մարդիկ սկսում են իրար սպանել սիրելու փոխարեն։ Մարդիկ միշտ են իրար սպանում սիրելու փոխարեն։ Մարդիկ սիրելով են իրար սպանում։ Մարդիկ սպանելով են իրար սիրում…

1980-ականների վերջ։

Սկիզբ են առնում ցույցերի ու հանրահավաքների ժամանակաշրջանը ՍՍՀՄ բոլոր հանրապետություններում։ Սակայն Հարավային Կովկասում բնույթն այլ էր։

Մայրը փոքրիկ Ագնեսայի համար մեկ տիկնիկ է գնում Երևանի կենտրոնական հանրախանութում։ Սակայն գույնզգույն խաղալիքների բաժնում Ագնեսայի ուզած պայուսակով տիկնիկ նրանք այդպես էլ չեն գտնում։ Վանդակավոր վերարկուի օձիքից բռնած` արտասվող աղջկան մայրը հազիվ քարշ է տալիս ՑՈՒՄ-ի ելքի ուղղությամբ։ Դրսում զարմանալիորեն տաք-տաք է։ Ապրիլյան եղանակ 1988 թ. փետրվարի վերջերին։ Բայց դուրս գալ չի ստացվում։ Ամբողջ փողոցը երկայնքով ու լայնքով խցանված է գոռգոռացող հազարավոր մարդկանց հորդառատ գետով։ Մարդկային գետը հոսում է դեպի Լենինի հրապարակ։ Խանութի բարձր պատուհանները բաց են։ Պայուսակով տիկնիկի (թե՞ տիկնիկով պայուսակի) մասին մոռացած փոքրիկ Ագնեսան` քիթը հպած հանրախանութի ապակեպատ դռանը, տառ առ տառ փորձում է կարդալ առագաստների պես փռփռացող ցուցապաստառները։ Դնչիկը բարձրացնում է մոր ուղղությամբ. «Մամա, Ղարաբաղը ով ա՞»։

«Մա՛մ…»։ Ագնեսան փաթաթվում է մորը։ Մայրը բռնում է Ագնեսայի թաթիկից, որ գնան հետ դեպի խաղալիքների բաժին։ Հետդարձ չկա. հանրախանութի ներսում գտնվող ժողովուրդը ամբոխվել է դռների մատույցներում՝ զբաղեցնելով գրեթե ողջ նախասրահն ու ջանում է տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Աբովյան փողոցը հիշեցնում է բարսելոնյան փողոցները հանրահայտ ցլավազքի ժամանակ։

Սովետական 15 հանրապետություններից ամենափոքրում` Հայաստանում, 1988 թ. փետրվարին սկզբնավորվում էր համազգային շարժումը` հայաստանցիների մեջ բորբոքելով ազգային գիտակցությունը։ Այն հատկապես թեժանում էր բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ։ Նախապես Սովետական Հայաստանի արդյունաբերական զարգացման հետևանքում առաջացած բնապահպանական ու առողջապահական խնդիրների, ապա կոմունիստական կառավարության սաստիկ կոռումպացվածության ու իներտության վերաբերյալ էին անցկացվող բողոքի ակցիաները։

Աշխարհով մեկ Սովետն ատողներին հետզհետե միանում էր նաև Սովետի ժողովուրդը։ Մեր աչքերի առջև քանդվում էր պրակտիկ մատերիալիզմի եկեղեցին։ Սովետական Միությունը։

Մարքսի, Էնգելսի ու Լենինի սրբապատկերներով պաստառված եկեղեցի բաց երկնքի տակ։

Հայաստանում տաքացած զանգվածներին եռման աստիճանի հասցրեց Հայաստանի հետ Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման խնդիրը։ Ադրբեջանական կառավարության կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ կիրառվող ազգային և կրոնական խորացող խտրականությունից ու ճնշումներից ձերբազատվելու վճռականությամբ լցված ղարաբաղցիների մարզային խորհուրդը դիմել էր Հայկական, Ադրբեջանական և ՍՍՀՄ գերագույն խորհուրդներին՝ Հայաստանի հետ վերամիավորվելու իրենց որոշումը հաստատելու համար։ Այսպիսի ահազանգերով ղարաբաղցիները պարբերաբար են դիմել (1945, 1966, 1977 թթ.) Սովետական կառավարությանը` պահանջելով չեղյալ համարել 1921 թ. Ստալինի մասնակցությամբ կնքված պայմանագիրն ու վերամիավորել մարզը «մայր Հայաստանին» և ամեն անգամ մերժվել։ 1988 թ. պահանջն արժանացավ նույն բախտին։ Մոսկվան, մեղմ ասած, չէր խրախուսում հայերի նկրտումները, գնահատում դրանք որպես Միությունը խարխլող գործոն, իսկ այդ պահանջների բավարարումը կհանգեցներ բազմազգ պետության մեջ անջատողական այլ շարժումների բորբոքմանը։ Սակայն նոր իրականության` Գլասնոստի պայմաններում, բարձրացված պահանջն աննախադեպ հուզումներ առաջացրեց։

Սովետական եղբայրության կապանքներից ազատվեց մահմեդական Ադրբեջանի ու քրիստոնյա Հայաստանի ճնշված թշնամանքը։ Ադրբեջանից սկսեցին վտարվել հայերը, իսկ Հայաստանից` ադրբեջանցիները։ Իսկ վտարումները շուտով վերաճեցին բռնությունների, բռնաբարությունների, սպանությունների, կոտորածների, զինված ընդհարումների և վերջապես` պատերազմի։

Ղարաբաղյան շարժում կոչվածը Սովետական Միության փլուզման ահազանգերից էր։

1988 թ.։ Համազգային շարժման այս տարին Հայաստանում համարվում է ազգային զարթոնքի տարի։

Երևանում ցույցերի հավաքատեղին հիմնականում Օպերայի հրապարակն է, որն ի պատիվ այդ հավաքների ու ելույթների հետագայում Ազատության հրապարակ անվանվեց։ Այլընտրանքը Մատենադարանի բակն էր։ Երևանի Մատենադարանի դիմաց բացվում է քաղաքի ամենաբանուկ ու խոշոր Մաշտոցի պողոտան, որը գրեթե ամբողջությամբ լցված էր հարյուր հազարավոր ցուցարարներով։ Գրեթե ամեն օր։

Մարդկանց գլխաքանակով հաշվելն անհնար էր։ Նրանք հաշվելի էին բռնցքաքանակով։ Գլուխների փոխարեն բռունցքներն էին դարձել մարդկային մարմնի գագաթը։ Բոլոր աջ բռունցքներն անխտիր ընկրկում էին միաժամանակ ու թափով առաջ մղվում։ Մուրճի պես։ Եվ այդպես անընդհատ։ Մոտենում էր բռունցքով մտածելու ժամանակը։

Արթնացող (ավելի շուտ վեր թռած) ու գերաճող ազգային գիտակցությունը Հայաստանում զանգվածային էքստազ է առաջացնում։ Հետահայաց խորհրդածությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ղարաբաղի հարցի բարձրացումը նաև մի առիթ էր վայելելու այդ չտեսնված էքստազը։ 70 տարի շարունակ ճնշված ազգային գիտակցությունը վերածնվում է` հասնելով գագաթնակետին։ Զսպանակի պես։

Փախստականներ։

Մանկությանս շորերից չի մնացել և մեկ պատառիկ։ Մի գեղեցիկ առավոտ 1988 թ. կեսերին մեր տուն մտան մի քանի խիստ վրդովված անձինք։ Նրանք մի մեծ ակցիայի մասնակիցներից էին, որոնք մտնում էին քաղաքի բնակարաններն ու շորեր հավաքում։ Քաղաքը լցվել էր բազմահազար հայ փախստականներով։ Շատերն` անտուն, սոված և անշոր։ Նրանք փախել էին Ղարաբաղից և Ադրբեջանական ՍՍՀ-ի այլ վայրերից` Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից… Այստեղ ևս գլուխ էր բարձրացրել ազգային գիտակցությունը և ծայրահեղ քսենոֆոբիան։ Ես ինքս, իմ ձեռքերով, ինչ ունեի-չունեի հավաքեցի մի երկու տոպրակի մեջ ու հանձնեցի։ Ազգային գիտակցությունը գագաթնակետին էր հասցված, յուրաքանչյուրս ոչ թե լիարժեք մարդ էինք, այլ ազգի բջիջ։ Իր արյունոտ գործի հետքերը վերացնող մարդասպանի պես ես վերացնում էի կարմիր մանկությանս հետքերը։ Ես անգամ պիոներական վզկապս խցկեցի տոպրակի մեջ։ Փոքր դպրոցականների երազանքի այդ խորհրդանիշը ես նոր էի ստացել հանդիսավոր արարողությամբ։ Երկար մտածում էի՝ դնե՞մ Մայակովսկու՝ ինձ համար այնքան թանկ «Что такое хорошо и что такое плохо?» գիրքը (ստացել էի երկու տարի առաջ հոկտեմբերիկ դառնալու կապակցությամբ), թե՞ չէ։ Խցկեցի։

Վզկապի համար մեղքի զգացումից մի քանի օր չգնացի դպրոց։ Սովետական դպրոցներում վզկապ չհագնելը խստորեն արգելվում էր։ Վերահսկողության գործը հեշտանում էր նրանով, որ դպրոցականների մեծ մասը մեծ պատվով էր կրում վառ կարմիր վզկապը։ Վերջը որոշեցի գնալ ու հայտնել դպրոցի ջոկատավարին, որ կորցրել եմ։

Ուշացումով մտա դասարան։ Ոչ ոք չնկատեց մտնելս։ Ամբողջ դասարանը թռվռում էր ու գոռգոռում։ Դասատուն սարսափահար սաստում էր երեխաներին։ Առաջին բանը, որ նկատեցի` ոչ մեկի վզին վզկապ չկար։ Դասընկերներս չէին լսում։ Ինձ դասատուս ուղարկեց ջոկատավարի հետևից։ Բերեցի։ Ջոկատավարը փորձեց կարգի բերել երեխաներին։ Իսկ սրանք թռվռում էին, տրորում հատակին թավալվող վզկապներն ու գոռում. «Ղարաբաղը մե՛րն ա», «Մի՛-ա՛-ցո՛ւմ»։

Դրանք փողոցներում վանկարկվող բազմաթիվ կարգախոսներից էին, ինչպես` «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ», «Ան-կա-խու-թյո՛ւն»…

Ադրբեջանի կոտորածներից փրկված և Հայաստանում օթևան գտած փախստականների նկատմամբ հայերի վերաբերմունքը գնալով վատանում է։ Սկսվում է բացահայտ խտրականություն։ Նրանց սկսում են անվանել «բաքվեցի»` շեշտելով նրանց կարծեցյալ թրքացածությունը։ Ազգամիջյան ատելությունը հասել էր գագաթնակետին, և այն ամենն, ինչ կարող էր հիշեցնել հարևան ժողովրդի տարբերիչ որևիցե հատկություն, հասցնում էր կատաղության, անգամ լեզվական ակցենտը® Նույնպիսի վերաբերմունք նույնպիսի պատճառներով առաջանում է Ադրբեջանում Հայաստանից փախած ադրբեջանցիների նկատմամբ։

Ինչո՞ւ է աղմկում գետը։

Իսկ հանրահավաքները թափ էին առնում։

Մեծն հեղափոխական Լենինի հայտնի հեղափոխական պատգամը չէր մոռացվել։ Մի խոսքով` առանց երաժշտության գործը գլուխ չեկավ։

Ամեն խոշոր հանրահավաքի ժամանակ մի քանի րոպեով լռում էին հանրահավաքների գուրուները, ու երկինք պարզած աջ ձեռքի բռունցքները հապաղում էին օդի մեջ, ձայն տալիս ոսկեգույն շեփորին։ Զանգվածային փսիխոզից գլուխները կորցրած բազմահազարանոց մարդակույտը կարկամում էր մեդիտացիոն լռության մեջ։ Բազմությունը հետևում էր գուրուների օրինակին, լռում։ Երևում էին միայն ջղաձգված ձեռքեր։ Լռությունը կատարյալ չէր, ինչ-որ մոգական մրմնջոց էր լսելի։ Խուլ մրմունջը տարածվում էր շեփորի ելևէջների ներքո. դա ամբոխի մանտրան էր։ Սակայն ոչ մի ցուցարար առանձին վերցրած չգիտեր այդ մանտրան։ Սոսափում էին խոտի տերևները։

Նրանց մաշկը զրահապատված էր միայն փշաքաղանքով` արհավիրք ազդարարող կրեմլյան սագերի մարմինների պես։ Մինչ բեմի վրա գառան սանրվածքով գլուխը կախ մի պատանի շեփորով նվագում էր պարզ, կարճ ու մի քանի անգամ իրար հետևից կրկնվող մեղեդին…

Կենաց ջուրը։

Արևը լույս է ճառագում մեր տեսնելու ընդունակության շնորհիվ։

Շոգ ամառվա կեսին ծնողներս նոր անցան արձակուրդի և, ինչպես ամեն ամառ, պիտի գնայինք Հայաստանից դուրս հանգստանալու։ Անցյալ տարի Սև ծով էինք գնացել` Լոո (Սոչիի հարևանությամբ մի խախանդ փոքր քաղաք)։ Այս անգամ ընտանիքով գնալու էինք Մոսկվա։ Ուղեգիրը մեզ հասցնելու էր Պոդմոսկովյեի հանգստյան տներից մեկը` Մալախովկա։ Թռնելու էինք Ուկրաինայի Դոնեցկ քաղաք, այնտեղից գնացքով մեկնելու էինք Մոսկվա։ Գժի պես սիրում էի մինչուղևորային օրերի խառնաշփոթը. շոր-մոր, կոշիկ-մոշիկ, խաղալիք-մաղալիք, որը վերցնել, որը թողնել։ Մեծ ու փոքր սպասումներ։

1988 թ. հուլիսի սկզբներն էին, մեր մեքենայով ճղցնում էինք օդանավակայանի ուղղությամբ։

Հասնելով մատույցներին` իմացանք, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը շրջափակված է։ Մեքենան կայանեցինք օդանավակայան չհասած ու որոշեցինք ոտքով գնալ տեսնելու, թե ինչ կա-չկա։ Մեզ հետ շատ մարդիկ էին քայլում դեպի օդանավակայան։ 50 մետր էինք անցել, երբ ճանապարհի երկայնքով տեղադրված դինամիկներից լսեցինք ռուսերենով հաղորդվող զգուշացում՝ չմոտենալ օդանավակայանին։ Սովետական հատուկ նշանակության զորքերի հրամանատարի ձայնն էր։ Մենք շարունակում էինք գնալ, մեզ գնված տոմսերի ճակատագիրն էր անհանգստացնում, մյուս կողմից էլ` հետաքրքրասիրությունը։ Թավ ձայնը երեք անգամ կրկնեց բոլորիս համար հասկանալի ռուսերենով, որ չմոտենանք, շրջվենք ու գնանք հետ։ Մեզ հետ քայլողներից ոչ ոք չշրջվեց։ Չորրորդ զգուշացումը չհետևեց։

Հեռվից դեպի մեզ էր լեղապատառ վազում մի երկիտասարդ` մի ձեռքն ականջին։ Դանդաղացրինք ընթացքը։ Նրա հետևից մի քանի տղամարդ ու կին, երեխաներ։ Առաջին երիտասարդի ականջից արյուն էր հոսում։ Մեզ ընդառաջ վազող էլ չկար. բոլորը մեր հետևից էին վազում, մենք էլ` մի քանի ընտանիքների։ Ես հետ-հետ էի նայում, ամենահեռվում կանաչ համազգեստներով մարդիկ հայտնվեցին։ Սև մահակներով խփում էին հետ մնացածներին։ Վազքս արագացավ, զարմանում էի, թե ինչի չեմ լացում։ Հետևից գոռոցներ. փախե՛ք, փախե՛ք։ Հիմա բոլորը փախչում են դեպի մայրուղի։ Մերս հազիվ էր վազում ծանր-ծանր ճամպրուկներով, հորս ձեռքին ավելի ծանրներն էին։

Հասանք մայրուղի, արդեն նետվում էինք մեքենայի մեջ, բայց հերս հազիվ մեզ հետ պահեց։ Մայրուղու այդ հատվածում իրարանցում էր, հիստերիա։ Մարդիկ սարսափահար աջ ու ձախ էին նետվում։ Ինչ մեքենա տեսնեին, կանգնեցնում էին, լցվում մեջն ու պոկվում։ Բեռնատարները լավագույն տարբերակն էին։ Սկսվում էր կռիվ-ղալմաղալը, ինչ-որ անզգույշ ընտանիքի անձնական օգտագործման մեքենայի մեջ լցվեցին անծանոթ սարսափահար մարդիկ, ընտանիքի անդամներից մի քանիսը մնացին դրսում։ Վարորդն անծանոթների հետ վեճի բռնվեց։ Սրանք խնդրում էին, պաղատում… Մենք սառած կանգնած էինք մեքենայի մոտ։ Մի քանի հոգի մոտեցան մեր մեքենային, սկսեցին բռնակները բռնաբարել, որ մտնեն, բայց դռները փակ էին։ Հարցրին. «Էս ձերն ա՞»։ Հերս շտապեց. «Չէ»։ Հերս մեզ նշան արեց, ու մի փոքր հեռացանք մեքենայից։ Ծնողներս սկսեցին թեթևակի քննարկել տեղի ունեցածը։ Մի քանի հոգի էլ փորձեց` քացով տվեցին դիմացի դռանն ու թռան կողքերը կայանած ուրիշ մեքենաների ուղղությամբ։ Շուխուր տարածվեց, որ մեկին զինվորները սպանել են բռնությունները լուսանկարելու համար։

Մի կես ժամ անց փոքր-ինչ խաղաղվեց վիճակը։ Հերս զգուշացրեց։ Աննկատ մոտեցավ մեքենային։ Անսպասելիորեն բացեց դուռն ու աչքով արեց։ Մենք արագությամբ, բայց ահավոր անկազմակերպ խցկվեցինք մեքենայի մեջ, ճամպրուկները բարձեցինք ծնկներիս, դռները կողպեցինք ու ճղղղղղղցրինք։

Մեքենան սլանում էր քաղաքից դուրս։

Ավելի ճիշտ` ուր աչքներս կտրեր։

Մի պահ չէինք խոսում։ Հետո հերս ինձ ու քրոջս հարցրեց` ոնց ենք։ Սկսեց ինչ-որ կատակներ անել։ Ես չդիմացա մի փոքր ժպտացի։ Մի քանի կիլոմետր անց սկսեցինք զրուցել։ Սկսեցի կսմթել կողքս լուրջ-լուրջ նստած քրոջս։

Քիչ անց պարզվեց` քույրս կորցրել էր խոսելու ընդունակությունը։ Ծնողներս ոտուձեռ ընկան, սկսեցին հարցուփորձ անել քրոջս։ Չի խոսում։ Հատուկենտ արցունքներ են կաթում նրա չթարթող աչքերից։ Մեքենայի արագությունը մեծանում է։ Մայրս լացելով փորձում է խոսեցնել քրոջս։

Բավականաչափ հեռացել էինք քաղաքից։ Ինչ-որ գյուղ էինք հասել։ Ծնողներս որոշեցին կանգ առնել, մեկից ջուր ուզել։ Մի պառավ մոտեցավ հորս կանչին, մի բաժակ ջուր խնդրեցինք, փոքրիկ թոռանը ուղարկեց։ Պառավին պատմեցինք եղած-չեղածը, ներս հրավիրեց։ Քույրս ջուրը խմեց։ Բայց չօգնեց։ Մտահոգված պառավը խորհուրդ տվեց երեխային տանել իրենց գյուղի վախ չափող մի այլ պառավի մոտ։ Համաձայնվեցինք։ Ճանապարհին հրաշքներ էր պատմում նրա մասին։ Տանն էր։

Վ. տատին ձեռքը դրեց կարկամած քրոջս գլխին ու մի կես ժամ աղոթքներ շշնջաց։ Մենք լարված սպասում էինք։ Սենյակի պատերը ծածկված էին սևացած ու դեղնած սրբապատկերներով։ Այդքան շատ տեսած չկայի։ Գրապահարանում Լենինի հատորները չկային։ Վ. տատը մի պահ լռեց ու մտահոգված շրջվեց սրբապատկերներից մեկի կողմը։

Ծխող տղամարդու խորհրդավոր ձայնով, առանց մեզ նայելու, ասաց. «Պտի շեռ խմի»։ Մենք լրջացած իրար նայեցինք։ Հայրս գլխով արեց, մեզ կարճ բացատրեց, որ կարդացել է «Կենաց ջուր» գիրքը, և այնտեղ նկարագրված են մեզի բոլոր բուժիչ հատկությունները։ Հետո տեսավ, որ Վ.-ն չի նայում, արտասանեց իր համաձայնությունը։ Մայրս Վ.-ի հարսին խնդրեց մի բաժակ լիքը ջուր բերի քրոջս համար, որ վերջինս լիցքավորի միզապարկը։ Բայց Վ.-ն, որն աչքերը հառել էր քրոջս դեմքին, ընդհատեց առանց այդ էլ կիսամեռ աշխուժությունը. «Իմ շեռը»։

Մենք մի փոքր խառնվեցինք իրար։ Վ.-ն լքեց սենյակը։ Բայց այստեղ մեջ ընկավ մեր գիդը։ Պառավը աստվածավախ տոնով սկսեց մեզ կիսաձայն վստահություն ներշնչել Վ.-ի նկատմամբ, նկարագրել այլ հրաշագործություններ ու նրա աստվածային օժտվածությունը։ Քույրս` աշխարհի չմահավանը, առաջվա պես ձկան պես լռում էր։ Մենք իմացանք, որ Վ.-ի շնորհիվ այս գյուղը դարձել է շրջակայքի ամենաանվախ գյուղը և որ «տարում ինչքան օր, էնքան մի ամսում մոտը մարդ ա գալիս», որպեսզի խիզախորեն դիմավորեն աշխարհի կործանումը 2000 թ., ու որ քաշվելու բան չկա` ինքն էլ է մեծ հաճույքով խմել Վ. տատի մեզը։ Իր արագընթաց կիսաձայն ելույթը մեր պառավ գիդը, աչքերը հորս ու մորս վրա հերթով չռելով, լռությամբ եզրափակեց։

Բայց անձամբ ինձ անչափ գերեց աշխարհի վերջն անվախ դիմավորելու միտքը։ Բոլորս այն ժամանակ վախենում էինք աշխարհի մոտալուտ կործանումից, սպասում Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Համենայնդեպս, քրիստոնյա աշխարհում համատարած ահ էր տիրում։

Ահը սաստկանում էր XX դարի վերջին տասնամյակում, և յուրաքանչյուր ողբերգական իրադարձություն այս կամ այն երկրում կործանման նախանշան էր համարվում։ Եվ ոչ միայն իրադարձություն։ Հաշվի էին առնվում նաև հոմոսեքսուալության սրընթաց տարածումը, նոր սերունդները գերած ռոք երաժշտության սատանայականությունը։ Նեղ շրջանակներում աղմուկ էր հանել ու սարսափ ներշնչել Led Zeppelin-ի «Stairway to Heaven»-ի վրա կատարված փորձը. հակառակ ուղղությամբ միացնելիս երգի մեջ մի տեղ Ռոբերտ Փլանթը սարսափազդու տոնով ու ձգելով արտասանում է «Satan» բառը։ Նման փորձաքննության ենթարկվել էին մի քանի այլ խմբեր ևս։ 90-ականներին խորհրդանշական էր նաև այնպիսի խմբերի գործունեությունն ու տարածվող ժողովրդականությունը, ինչպիսիք են «Sepultura», «Slayer», «Cannibal’s Corpse», «Death», «Pantera» և այլն։

Աստվածավախները ամեն կերպ պայքարում էին հասարակության բացահայտ սատանայականացման դեմ` վարկաբեկելով երիտասարդության շրջանում համաշխարհային հեղինակություն վայելող ռոք խմբերին, ինչպիսիք են «Beatles», «Rolling Stones», «Doors», «Black Sabbath», մասնավորապես դրանց հանրահայտ առաջնորդներին` Ջոն Լենոնին, Միք Ջագերին, Ջիմ Մորիսոնին, Օզզի Օզբորնին։ Խիստ քրիստոնեական ոգով երկարատև հաղորդումներ էին կազմակերպվում ու տարածվում տեսաժապավենների միջոցով։ Մատնանշվում էր նրանց առաքելության սատանայական ուղղվածությունը։ Այս համատեքստում մոդելային է Ջոն Լենոնի արած հետևյալ արտահայտությունը. «Քրիստոնեությունը կանցնի-կգնա, կվերանա։ Դա անվիճելի է։ Ես ճիշտ եմ ու ճիշտ դուրս կգամ… Հիմա մենք ավելի պոպուլյար ենք, քան Քրիստոսը»։ Այս ուղերձը, որը շատերին ստիպեց երես թեքել Բիթլզից, մամուլում լույս էր տեսել 1966 թ. ապրիլի 13-ին։

1999թ. աշխարհի կործանման վախն ուժգնացել էր։ Աստվածաշնչում ամենից հաճախ վերընթերցվում էր Ավետարանն ըստ Մատթեոսի ԻԴ. 3-51, որտեղ Հիսուսը, Ձիթենյաց սարի վրա, իր աշակերտներին պատմում է Երկրորդ Գալստյան հանգամանքների մասին։ Ոչ ոք չէր ուզում Նոյի անիրազեկ ժամանակակիցների օրն ընկնել։ Տարվա վերջերին երկրաչափական պրոգրեսիայով էր աճում աշխարհի տարբեր կետերից Իսրայել՝ Հիսուսին ընդառաջ մեկնողների թիվը։ Ընդ որում, շատերի տոմսերը մեկ ուղղությամբ էին։

Մի անգամ աշխարհի կործանման թեման դասարանում դասի ժամանակ քննարկելիս` մեր հայոց լեզվի դասատուն` ընկեր Սաֆարյանը, մեզ ջանադրաբար հանգստացնել էր փորձում։ 1989 թիվն էր, նա համոզված էր, որ նման բան չի լինի։ Վերջում առաջարկեց 2000 թ. նույն այդ օրը` նոյեմբերի 8-ին, բոլոր դասարանցիներով հանդիպել Գայի արձանի մոտ նույն այդ ժամին` 12։30։ Ես միշտ մտքումս էի պահում այդ խորհրդավոր ռանդևուն։

Ուղիղ 12 տարի անց, 2000 թ. նոյեմբերի 8-ին, ժամը 12-ին, ես` չորրորդ կուրսի ուսանողս, փախա դասիցս ու համալսարանից պոկվեցի ուղիղ Երկրորդ զանգված։ Կես ժամ անց պտտվում էի իր գլխի չափ ձվերով ձի հեծնած Գայի արձանի շուրջ ու սպասում համադասարանցիներիս` ընկեր Սաֆարյանի գլխավորությամբ։ Մի ժամ ու կես սպասեցի։ Բայց ոչ ոք չհայտնվեց։ Մի պահ կարծեցի, թե աշխարհն իրոք կործանվել է, հետո քմծիծաղեցի ու գնացի` հույս ունենալով, որ կհասցնեմ մյուս դասին։

Մի քանի րոպեից հայտնվեց Վ. տատի հարսը` ձեռքին մուրաբայի բանկա, որի մեջ հատակից կես մատ բարձրությամբ խամրած դեղնավուն հեղուկ էր լցված։ Վ. տատին չհայտնվեց։

Քրոջս համոզելու խնդիրը մայրս իր վրա վերցրեց, վերցրեց նաև բանկան ու մոտեցավ իր միակ դստերը։ Քույրս կարծես անզգայացել էր։ Մի քանի համոզիչ նախադասություններ լսելուց հետո աշխարհի ամենավստահելի մարդու ձեռքերից նա վերցնում է կախարդական բանկան ու մորս ձեռքերի օգնությամբ տանում դեպի բերանը, հետո մի փոքր վեր` դեպի քիթը։

Մի պահ հայացքս ընկավ հորս վրա։ Այդպես նա վճռական 11-մետրանոցի էր սպասում։ Իսկ ես հազիվ էի սրտխառնուքս պահում։ Այդ պահին հիշեցի կյանքումս կարդացած (1. «Ռոբինզոն Կրուզո», 2. «Ալիսան հրաշքների աշխարհում») 3-րդ գիրքը` «Գուլիվերի ճանապարհորդությունը», երբ հսկայական Գուլիվերը իր կենաց ջրով փրկում է խեղճ թագուհու կյանքը…

Մի կաթիլ անգամ չխմած` քույրս փսխում է բանկայի մեջ` գազանային ձայներ արձակելով։ Մամաս երկու ձեռքով ամուր բռնում է բանկան, որ գորգը չկեղտոտվի։ Մինչ բոլորն ուշադրությունը սևեռել էին քրոջս վրա, նմանատիպ հեղուկ, բայց ավելի մեծ ուժգնությամբ սկսեց հորդել նաև իմ կոկորդից ուղիղ Վ.-ենց ծաղկավոր գորգի վրա։ Ներկաները խառնվեցին իրար։ Հերս սկսել էր վրաս ջղայնանալ։ Վանդակավոր թաշկինակը ճպցրեց քիթմռթիս ու սկսեց կոպտորեն սրբել։ Հարսը սկսեց հանգստացնել մեզ ու արդեն գնում էր թաց շոր բերելու, երբ լսեցինք քրոջս խռպոտած ձայնը. «Էս, էս ի՞նչ էր, մա»։

Ուրախությունից ամեն ոք ամեն ինչ մոռացավ։ Ժպիտը դեմքին՝ հարսը մոտեցավ քրոջս, պառավ գիդը փաթաթվեց քրոջս։ Հայրս, մայրս ուրախությունից ուժեղ փաթաթվեցին նրան ու սկսեցին խոսեցնել։ Ի ծնե չաչանակ քույրս էլ խոսքի տակ մնացողը չէր…

Բարի Վ. տատի երեսն այլևս չտեսանք։ Որոշ ժամանակ անց մեքենայով արդեն սլանում էինք հետ դեպի Երևան։

Մի քանի օրից մեզ ի վերջո հաջողվեց հասնել Մոսկվա և մի լավ հանգստանալ։ Մենք վերադարձանք ամառվա վերջին։

Շարժվում է ամեն ինչ, անգամ Երկիրը։

Շուտով Երևանում մտցվեց պարետային ժամ և հատուկ դրություն։ Սովետական զինվորները լցվել էին քաղաքի փողոցները։ Ցույցերի ցրում, ծեծ ու ջարդ։ Խիստ ստուգումներ։ Բազմահազարանոց հանրահավաքների դիջեյները ձերբակալվել էին։

Մի քանի օր անց, 1988 թ. դեկտեմբերի 7-ին, ի լրումն այս ամենի, տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը, որը պաշտոնական տվյալներով 25-30 հազար մարդու կյանք է խլել։ Հիմնահատակ ավերվեցին գյուղեր ու քաղաքներ երեք ու կես միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանի հյուսիսային մասում։ Երկրաշարժը Հայաստանին վերջնականապես ծնկի և, միաժամանակ, համաշխարհային ճանաչում է բերում, քանի որ աշխարհի գրեթե բոլոր ծայրերից օգնություն է ուղարկվում Հայաստան։

Իսկույն լայն տարածում են ստանում այն կասկածները, թե երկրաշարժն արհեստական էր, առաջացել էր ստորգետնյա ռումբերի միտումնավոր պայթեցման հետևանքում։ Ըստ վարկածի` այդ կերպ սովետական կառավարությունը փորձում էր սառեցնել հասունացող բախումը` ուշադրությունը շեղելով այլ օրհասական խնդիրների վրա։

Երկրաշարժի արհեստականությունը բազմիցս քննության է առնվել երկրաշարժագետների ու երկրաբանների կողմից։ Սակայն կասկածները մինչ օրս մնում են չփարատված։

Մեկ տարվա ընթացքում իրադարձությունների այսպիսի խտությունը հետաքրքիր բացատրություն է ստանում հելիոտիեզերական տեսության դիտանկյունից։ Ըստ այդ տեսության` սոցիալական կոլեկտիվների վարքն իրենց գործունեության մեջ կախված է Արևի վրա տեղի ունեցող ցիկլային երևույթներից։ Հիմնական գործոններն են արևային բծերի թիվն ու գործունեությունը։

Իր «Հելիոտիեզերական գործոնների ազդեցությունը սոցիալ-քաղաքական գործընթացների վրա» հոդվածում ուկրաինացի գիտնական Կուզմենկոն խոսում է Երկրի տեկտոնիկայի և այնտեղ բնակվող սոցիումի հոգեկանի վրա տիեզերական գործոնների էկզոգեն ազդեցության մասին։ Նա ապացուցում է, որ համաշխարհային պատմության շրջադարձային բոլոր աղետալի սոցիալ-քաղաքական իրադարձություններն ու բնակլիմայական կատակլիզմներն արևային ակտիվության առավելագույն աճի արդյունք են։ Րեպերային տարիներին իրադարձություններն աշխարհագրորեն «քոչում» են` կախված Երկրի այս կամ այն տարածաշրջաններում սոցիումների էնդոգեն սոցիալ-հոգեբանական պատրաստվածությունից։

Հոդվածում ներկայացվում են մասնավորապես XX դարի շրջադարձային իրադարձություններն ու աղետները` սոցիալիստական հեղափոխությունը, համաշխարհային երկու պատերազմները, Ստալինի ռեպրեսիաները, Հիրոսիման, Հունգարիայում և Չեխոսլովակիայում սոցիալիստական ռեժիմի դեմ պայքարն ու ՍՍՀՄ զորքերի ճնշումները, Աֆղանստանի պատերազմը, Բեռլինի պատի անկումը և այլն։

Հետաքրքրական է «համաշխարհային սոցիալիստական համակարգի» և այն կազմակերպող ՍՍՀՄ բիֆուրկացիոն անկման սոցիալ-քաղաքական կատակլիզմների վերլուծությունը։ Տվյալ պարագայում մեջբերենք հետևյալ հատվածը. «Մասնավորապես, 1988 թվականին` արևային ակտիվության առավելագույն աճի տարում (1987 թ. W=29,4 Վոլֆի թվերի միջին տարեկան մեծությունից մինչև 100,2 1988 թ.), սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը։ Դրան զուգընթաց նույն տարվա վերջում Հայաստանում տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժ, երբ հոկտեմբերին և նոյեմբերին Վոլֆի թվերի միջին ամսական մեծությունները W=125,1-ից դեկտեմբերին հասել էին W=179,2-ի` ըստ արևային ակտիվության փոփոխական օրական ցուցանիշների, որոնք առանձին օրերում հասնում էին W=255-ի»։

Նշենք միայն, որ հեղինակը փոքր-ինչ երկարացրել է պատերազմի իրական տևողությունը (1988-ին սկիզբ առած ազգամիջյան ընդհարումներն ու բախումները միայն 1991 թ. վերածվեցին լայնածավալ պատերազմի)։

Հելիոտիեզերական, թե սովետատիեզերական՝ աղետը միայն բարձրացրեց «խելագարված ամբոխների» ադրենալինը։ 6 ամիս անց ազատ են արձակվում դիջեյները, և բացօթյա խելառ դիսկոտեկը վերսկսվում է 1989 թ. մայիսից։

Ազգամիջյան ընդհարումները հաճախանում են Ղարաբաղում, իսկ փախստականների հոսքն Ադրբեջանից Հայաստան ուժեղանում է։ Շատերին չի էլ հաջողվում դառնալ փախստական. կոտորվում են տեղում։

1990 թ. մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում կոմունիստական կուսակցությունը Հայկական ՍՍՀ-ում պարտություն կրեց։ Դա փաստորեն կոմունիստական Հայաստանի վերջն էր։ Սակայն Սովետական Միությունը դեռ գոյատևում էր։

Հայաստանի «ապակոմունիստացումից» զայրացած Մոսկվան խրախուսում է ադրբեջանցիների կողմից հայերի հետապնդումը։

Սիրեններ։

Ցերեկները Երևանի փողոցները մաշող հազարավոր մեքենաներ, սիգնալները միաժամանակ միացրած, 10-15 կմ/ժ արագությամբ անշտապ շրջում են քաղաքով մեկ։ Նման դանդաղությունը կարծես հակասում է եռացող ցասման ռիթմերին։ Սակայն այստեղ են հակադրությունները համընկնում։ Թվում է` 10-15 կադր/վայրկյան արագությամբ ցուցադրվող ֆիլմ է տեսածս։ Այդ մասին չկար և ոչ մի նախնական պայմանավորվածություն, բացառվում է պահվածքի գիտակցվածությունը։ Գիտակցվածությունն առկա է ֆիլմերի նկարահանման ժամանակ։ Թրիլերներում, նկատած կլինեք, տեսարանն առավել ցայտուն ու առավել տպավորիչ դարձնելու համար դանդաղեցվում է պտտվող ժապավենի արագությունը։ Տրանսը դանդաղության մեջ է։ Իսկ դա ճշմարիտ է արագության ու էներգիայի լիառատության ներքին զգացողությամբ։

Փողոցը խցանած մեքենաներից մեկի մեջ եմ ես, երկու ձեռքերով ուժեղ փակում եմ ականջներս։ Հորս մի ձեռքը ղեկին էր, մյուսը սիգնալի սեղմակից չէր պոկվում, ու դանդաղ գնում էինք։ Մայթերից ժողովուրդն է ճչում։ Շատերը պարզապես սոսկում են։ Փոքրից մեծ` մարդիկ դեն են նետում հանապազօրյա կյանքի դիմակներն ու բեմական կոստյումները։ Նրանք խելքից դուրս աղաղակում են։ Հիմա նրանցից յուրաքանչյուրը Մունքի պառավի կրկնակն է։ Դա Սիրենների հնամենի կոմպլեքսն է։ Հոմերոսյան Սիրեններին կկործանեին այդ անմարդկային աղաղակները։

Իրավիճակն անկառավարելի էր։ Սկսվում էր համատարած «սրբապղծությունը» Սովետով մեկ։ Փողոցներում, դպրոցներում, զանազան հաստատություններում, ամենուրեք դեժավյուի պես հայտնվող Լենինի, Մարքսի, Էնգելսի միակցված գլուխները պատկերող փոքրիկ ու հսկայական կաս-կարմիր ցուցապաստառները ենթարկվում էին բազմաոճ ռեստավրացիաների։ Գլուխներից մեկի շրթունքները հաստացվում էին, ստացվում էր վավաշոտ տրանսվեստիտ։ Մեկի շուրթերն ամուր սեղմում էին ճզմված հաստ առնանդամ։ Իսկ մի տեղ Սովետի այդ «եռագլուխ դևից» սարքել էին եռաձու առնանդամ, որի գլխիկը պաթետիկ միմիկայով նայում էր դեպի «լուսավոր կոմունիստական ապագա»։

Իսկ ինչ-որ քաղաքի գրադարաններից մեկում Լենինի բերանի մոտ կոմիքսային մի օղակ էր գծված ու մեջը գրված. «Կներեք»։

Խմբագրվում էին նաև Սովետի գլխավոր կարգախոսները. «Пролетарии всех стран, объединяйтесь» հանրահայտ կարգախոսը դարձել էր «Гениталии всех стран, объединяйтесь»։ Նմանատիպ աֆորիզմներ խզբզվում էին ուր ասես՝ գարաժների դարպասներին, շենքերի պատերին, արձանների պատվանդաններին։ Մշակույթում և տիրող գաղափարախոսությամբ ճնշված սեքսուալ մղումը դուրս էր պրծնում՝ օրգազմի ժամանակ ցայտող սերմնահեղուկի պես։

1991 թ. գարնանն ու ամռանը Ղարաբաղում իրականացվում է «Օղակ» ռազմագործողությունը։ Սովետական բանակը ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների հետ սկսում է Ղարաբաղի էթնիկական զտումը։ Մի քանի ամսվա ընթացքում սրբվում են տասնյակ բնակավայրեր։ Հայաստանն ու Ղարաբաղը փորձում են ինչ-որ կերպ դիմակայել, սակայն սովետական բանակի դեմ խաղ չկա։ Համատարած սարսափ։ СА (Советская армия) հապավումը հայերն արդեն այլ կերպ են բացում` Смерть армянам. Հետզհետե ի հայտ էր գալիս հայերի՝ տառապյալի հնագույն սինդրոմը՝ ժողովուրդը արտաքուստ և ներքուստ դրսևորում է տառապանքի, անմխիթարելի հեծեծանքի նշաններ, սակայն ենթագիտակցորեն էքստազ է ապրում իր այդ վիճակից։ Այդ էքստազը կանվանեի Հիսուսի սինդրոմ, այն է` անմարդկային չարչարանքների ու տառապանքների բեռի տակ սեփական ընտրյալության զգացում։ Ինչպես հին հայկական ասացվածքում` «Անպտուղ ծառին քար գցող չի լինի»։

Այդ գիտակցությունը կորստի ցավը թեթևացնելու ինքնաբերական դարման էր միայն։ Հայաստանում տիրում էր տագնապ ու հուսալքություն։

Սովետական բանակի հաղթարշավը, սակայն, ունեցավ անկանխատեսելի զարգացում։

ՊՈ՛ՒՏՉ։

Սովետական բանակի հաղթարշավն ընդհատվեց օգոստոսին։ Ընդհատվեց Մոսկվայում անսպասելիորեն տեղի ունեցած օգոստոսյան պուտչի ժամանակ։

Ու մինչ հեռուստատեսությամբ զառամյալ կոմունիստների կազմակերպած պուտչի ձախողումը վերջնականորեն քանդում էր Սովետական Միությունը, դեռահաս առնանդամս քանդում էր շալվարիս կոճակները… Ես ոտուձեռ էի ընկնում, ստիպված փորձում թաքնվել ծնողներիս մռայլացած հայացքներից, որոնք մեկ-մեկ շեղվում էին ամենագետ հեռուստացույցի էկրանից։ Իսկ ի՞նձ ինչ. ինձ մի գրամ անգամ չէր հետաքրքրում քաղաքական անհամ աջաբսանդալը։ Ինձ պուտչը հուզում էր այնքանով, որքանով այն համահունչ էր հայերեն «պուց» բառին։ Ռուս գեղեցկուհի հեռուստահաղորդավարուհիների նուրբ շրթունքներից օրուգիշեր հնչող «տցՑփ»-ի մոգական ելևէջների տակ հա տնկվում էր մատղաշ առնանդամս՝ պանգայի հնչյուններով դյութված կոբրաների պես ու խայթում շալվարիս լայնույթը, մինչև դուրս չպրծներ զուգարանում… Սեռական հասունացման շրջանը նոր-նոր բոլորող պատանու համար շոկ էր լսել, թե ինչպես է խստաբարո հագուկապով, բարեկիրթ ու կուրացուցիչ գեղեցկությամբ օժտված աղջիկը, աշխարհի շրջադարձային իրադարձությունները, պատերազմներն ու բնական աղետների սարսափելի հետևանքները, Սովետի լինել-չլինելու օրհասական հարցը մի կողմ թողած, համասովետական լրատվական գլխավոր թողարկման ժամանակ տարված խոսք ասում իր միակ ու քաղցր պցի մասին։ «Վրեմյա»-ն ինձ համար դարձել էր «Ասք պցի մասին»։ Կարծես աշխարհի գլխավոր իրադարձությունները դիտարկվում էին այն տեսանկյունից, թե ինչքանով են առնչվում նրա անուշ պցի հետ։ Դա այնքան ճշմարտանման մի պատրանք էր…

Պուտչ, պուտչ, պուտչ!

Եվ մենք, ինչպես կախարդական հեքիաթների մեջ, հայտնվեցինք մի նոր աշխարհում։

1991թ. դեկտեմբերի 31-ին Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեց գոյություն ունենալուց։ Եվ ես մնացի առանց մանկություն։

ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

ՍՍՀՄ։ Չորս տառ` ողջ մոլորակին հայտնի։ Հպա՛րտ տառեր։ Մի անգամ խիզախ սովետական մարդիկ ինքնաթիռներից վայրէջք կատարեցին Հյուսիսային բևեռին մերձակա մի սառցակտորի վրա։ Նրանք ապրում էին ձնածածկ վրանում։ Վրանի վրա հսկայական տառերով գրված էր` «ՍՍՀՄ»։ Դա աշխարհում առաջին գիտական դրեյֆող կայանն էր, որը կոչվում էր «Հյուսիսային բևեռ»։

Մոտ քառորդ դար անց Հյուսիսային բևեռում խորխորատից ջրի երես դուրս եկավ «Լենինսկի կոմսոմոլ» ատոմային սուզանավը։ «ՍՍՀՄ» տառերով դրոշը կրկին հայտնվեց երկրագնդի բաղձալի կետում։ Սովետական մարդիկ միշտ և ամենուր փորձել են փառաբանել Հայրենիքի դրոշը։ Նրանք խրում էին այն ամենաբարձր ու անառիկ լեռնային գագաթներին։

1957 թ. արձակվեց Երկրի արհեստական արբանյակը։ Մերը` սովետականը։ Ամբողջ աշխարհում, բոլոր լեզուներով, թերթերը գրում էին. «ՍՍՀՄն առաջինը դուրս ելավ տիեզերք»։ Անցավ չորս տարի, և Յուրի Գագարինի տիեզերանավը պտտվեց մոլորակի շուրջ։ Սովետական Միության քաղաքացին դարձավ Համայն Տիեզերքի Կոլոմբոսը։ Բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը Ալեքսեյ Լեոնովն էր։ Նրա սաղավարտին ևս շողշողում էին հպարտ տառերն այս` «ՍՍՀՄ»։ Մեր ավտոմատ կայանները Լուսին հասցրին պատվադրոշ երկրի զինանշանով ու գրվածքով. «Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն»1։

This is the end, my only comrade,

The end!

(Հատված վեպից)

………………………….
1. Հատված դասագրքիցս։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.