Ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ, անցյալ կյանքում տխրահռչակ Միդաս արքայի անձնական սափրիչն եմ եղել:

Երանելի ժամանակներում էի ապրում, պալատական կյանք էի վայելում: Քմահաճույքներս բոլոր, մինչև դրանք ունենալն իսկ, ի կատար էին ածվում: Գործիս անունն ի՞նչ էր. ամեն շաբաթ առավոտ արքայի մորուքը դզմզի, ունքերը հանի, շաբաթը մի երկու անգամ քթի մազիկները կտրի ու ամիսը մեկ մազերի երկարությունը չափավորի: Իսկ մնացած ժամանակ` կեր, խմի, քեֆ արա: Ես էլ ո՛չ կարդալ գիտեի, ո՛չ էլ գրել: Ամեն ինչ պարզապես հրաշալի էր, քանիդեռ արքաս քաքի համը չէր հանել: Այդ դիպվածից հետո նա ինձ համար դարձավ Միդաս արքաք, իսկ այլոց համար…

Մի գեղեցիկ օր Միդաս արքան հանձն առավ դատելու Ապոլոն աստծո ու Մարսիաս մահկանացուի միջև կայանալիք երաժշտական մրցույթը: Չգիտեմ` ինչ ճանճ էր կծել արքայիս, երբ համաձայնեց դատել մի մրցույթ, որից խելքը բան չէր կտրում, սակայն այդ պահից ևեթ սկսվեցին իմ ձախորդ օրերը: Մրցույթի վերջում ամենայն վճռականությամբ Միդասը հաղթող ճանաչեց մահկանացու Մարսիասին: Կասեք` արջ էր տրորել Միդասի ականջը, որ թերագնահատեց Ապոլոնի անզուգական նվագը: Հիասքանչ մի նվագ, որ տրորած ականջով փղին անգամ կառինքներ: Պատճառը կողմնակալությունն էր: Բացատրեմ այժմյան հայաստանյան ժարգոնով. Մարսիասն իրականում Դիոնիսոսի թայֆայից էր, իսկ Միդասը Դիոնիսոսի վաղեմի ախպեր-ընգերն էր: Ախպերության խաթրին չկպնելու համար, Միդասը ծանոթի միջոցով հաղթող ճանաչեց անհամեմատ թույլ երաժշտի` ի դեմս իր ախպեր-ընգերոջ ազիզ ախպեր Մարսիասի:

Բայց դե Ապոլոնն էլ պակասը չէր: Այդ պահի՛ն պիտի Ապոլոնին տեսնեիք, որ հիմա չշտապեիք դրան գեղեցկության խորհրդանիշ համարելու: Նրա դժոխային ցասմանը չափ չկար: Եվ հաջորդ ակնթարթում այլայլված Ապոլոնը դաժան մահվան ենթարկեց տաղանդաշատ Մարսիասին, իսկ սարսափած արքային պարզապես էշ անվանեց: Միդասն արդեն հանգիստ շունչ էր քաշում` կարծելով, թե թեթև պրծավ, բայց աստվածն անկանխատեսելի էր: Վճռական քայլերով Ապոլոնը մոտեցավ Միդասին ու վերջինիս գլխին երկու տեղից կտացրեց: Չէր հասցրել վատթարն ակնկալող Միդասը կրկին թեթևացած շունչ քաշել, երբ նկատեց, որ գլխին միանգամից էշի ականջներ աճեցին:

Այդ դեպքից հետո ամբողջ աշխարհում երկար ժամանակ միայն երկու մարդ գիտեր Միդաս արքայի գաղտնիքը` ինքն արքան ու Ձեր հլու ծառան: Ոչ ոք բացի մեզնից չգիտեր, որ պոլոզ փռյուգիական գլխարկի տակ Միդաս արքան իր էշի ականջներն է թաքցնում ժողովրդի աչքից: Միդաս արքան անչափ ամաչում էր իր տձևությունից: “Չլինեմ-չիմանամ` մեկին ասել ես գաղտնիքը. գլուխդ վզիցդ կպոկե՛մ”,- սպառնացել էր ինձ Միդասը շշուկով:

Օրեր անցան, ամիսներ: Բայց կես տարին դեռ չէր լրացել, երբ ես` անզուսպս, չդիմացա ու գլխիս կրակ բերեցի: Պայթում էի արդեն. գաղտնիքը մեջս պահել այլևս չէի կարողանում, մեռնում էի ասելու համար: Դիլեմմայի առաջ էի կանգնել.
1. Եթե խոսեմ կյանքիցս կզրկվեմ:
2. Եթե չխոսեմ կյանքիցս կզրկվեմ:
Միակ տարբերությունն այն էր, որ առաջին դեպքում կյանքից կհեռանայի Միդասի, իսկ երկրորդ դեպքում` սեփական ձեռքով: Երկար տարիների ընթացքում սա առաջին քմահաճույքն էր, որն անկարող էի բավարարել:
Օր ու գիշեր խորհրդածելուց հետո, իմ արևին, խորամանկության դիմեցի: Մի օր արդեն այստեղս էր հասել ու հերթական անգամ արքայի քթանցքի մազերը խուզելուց հետո աղջամուղջին մոտ պալատից դուրս թռա, փախա, վազեցի դեպի դաշտեր: Պակտոլուսի մերձափնյա մարգագետնում հևասպառ փռվեցի խոտերին: Շունչս տեղը բերելուն պես վեր կացա, փոս փորեցի, չորս կողմս նայեցի, որ համոզվեմ մարդ-մուրդ չկա, ու փոսի մեջ շշնջացի. Միդաս արքան էշի ականջներ ունի»: Հետո փոսը հողով ծածկեցի, որ գաղտնիքն առհավետ թաղեմ, ու հանգիստ սրտով, խաղաղված հոգով վերադարձա պալատ:
Անամպ էր կյանքս ու անհոգ, քանի գարունը չէր բացվել: Գարնանը փորածս փոսի միջից եղեգ բուսնեց, որը հարևան եղեգներին հայտնեց որ Միդաս արքան էշի ականջներ ունի: Այս եղեգներն էլ իրենց հերթին սուլեցին գաղտնիքը անցնող դարձող բոլոր կենդանի էակներին: Շուտով թռչուններն էլ իմացան լուրն ու հաղորդեցին Մեղամպոս անունով մի մարդու, որը հասկանում էր թռչունների լեզուն: Լուրը Մեղամպոսին ծայրաստիճան զվարճացրել էր, և նա պատմեց եղելության մասին իր բոլոր ընկերներին: Շուտով ամբողջ թագավորությունը գիտեր Միդաս արքայի խղճուկ գաղտնիքը:

Եվ մի օր, երբ Միդասն իր շքեղ կառքով շրջում էր քաղաքի փողոցներում, ժողովուրդը սկսեց գոչել. “Գլխարկդ հանի՛, Միդաս արքա, ականջներդ ցո՛ւյց տուր” …

Թո՜ւուուու:

Նույն օրը Միդաս արքան ձեռիցս մկրատը խլեց ու իմ իսկ մկրատով գլուխս կտրեց բերանբացության համար:
Ո՞ւր էիր նայում, Մեծն Զևե՛ս, երբ էշը մարդուն մատաղ էր անում: Ոչ էլ երդում էի կոտրել, որ պատճառ բռնես: Թե՞ քրիստոնյա աստծո պես ինքդ էլ էիր դատապարտում տիրոջ նկատմամբ դրսևորված որևիցե անհնազանդություն: Ստրկամիտ մարդուկների նմանությամբ ու պատկերովը արարված ստրկամիտ աստվածներ: Տո ձե՛րն էլ, ձեր տիրոջ մե՛րն էլ… Միշտ էլ էշն է մարդու գլխին արքա. այսպես է կարգն աշխարհի:

Ամիսներ անցան մահվանիցս հետո, տարիներ, դարեր, հազարամյակներ, մինչև որ 1979 թվի ամռանը, իսկ ավելի ճշգրիտ` հունիսի 30-ին, վերածնվելու հերթն ինձ հասավ: Ինչքա՜ն տխրեցի։ Այդ լուրը ես ընդունեցի նույն տրամադրությամբ, ինչ խաղաղասեր գլադիատորը թատերաբեմ մենամարտի դուրս գալուց առաջ: Դեռ ավելին հիշաչար Զևսը մտքից չէր հանել ողբերգական վախճանիս համար պատճառ դարձած իմ արատը` բերանբացությունը կամ, ինչպես ինքն էր որակում, բոզբերանությունը: 1978 թվի աշունն էր: Բեղմնավորմանս մի քանի ժամ էր մնացել, երբ Զևսը լրջորեն մտահոգվեց իմ ապագա ճակատագրի բնույթով: Պետք էր որոշել, թե այս նոր կյանքում ինչ պիտի ինձ վիճակվի: Մի բան միայն պարզ էր, որ խոսող կենդանի պիտի լինեմ, որովհետև այնուհետ խոսքը պիտի լիներ իմ պատժի զենքը: Իսկ քանի որ մահվանիցս հետո աշխարհն անճանաչելիորեն փոխվել էր, արմունկը հենած ծնկին, դունչը` դաստակին, հետույքը Օլիմպոսի գագաթին` աստվածը խորհրդածում էր հիմնականում երեք հարցի շուրջ. 1. Որտեղ ծնվեմ, 2. Ինչ լեզվով խոսեմ, 3. Ինչ դառնամ:
Նախ մտահոգման առիթ էր այն փաստը, որ 1979 թվականին արդեն ավելի քան 1979 տարի էր, ինչ Փռյուգիան վերացել էր աշխարհի երեսից: Ո՛չ Փռյուգիա էր մնացել, ո՛չ փռյուգացի, իսկ փռյուգերենը վաղուց արդեն մեռած լեզու էր: Այնտեղ, որտեղ ժամանակին լեգենդար Փռյուգիան էր ծաղկում, այժմ Թուրքիայի սիրտն է բաբախում: Այստեղ, որտեղ արնագույն կտորի վրա յաթաղանի փայլուն շեղբն է հիմա փռփռում, մի ժամանակ փռյուգիական գլխարկներն էին ծածանվում մարդկանց գլխներին որպես պետական դրոշ: Փռյուգիական գլխարկը, որը պատմության մեջ մնաց որպես ազատության խորհրդանիշ, ոգեշնչեց լիբեռտե, էգալիտե և ֆռատեռնիտե քարոզող ֆրանսիացի հեղափոխականներին, քիթը խոթեց տարբեր երկրների պետական զինանշանների մեջ, տաքացրեց յոթ թզուկների գլուխներն ու էստաֆետի պես փոխանցվեց Պիկասոյի ու Դալիի գլուխներին, այժմ անգամ հնավաճառի խանութներում հազիվ թե ճարես:

Զուտ աշխարհագրական նկատառումներով ինձ թուրք ծնելն իմ հանդեպ անտեղի գթասրտության դրսևորում կլիներ` ըստ Զևսի: Նրա համար սուրբ պարտք էր գոնե մասամբ հարազատ մնալ սիզիփոսյան չարչարանքների հիմնական սկզբունքին` միօրինակությանը: Իսկ թուրքերը, որոնք իրենց ինչպես իրենց տանն են զգում փռյուգական բնակավայրերում փռյուգացիների հետ ո՛չ էթնիկական, ո՛չ մշակութային, ո՛չ կրոնական, ո՛չ էլ լեզվական ընդհանրություն չունեն: Այնպես որ աշխարհագրական համընկնումը պարզապես ինքնության խաբկանք է: Հետևաբար` թուրք ծնվելու երանելի զանազանությունն ինձ վիճակված չէր:

Զևսը որոշեց, որ ես հայ պիտի ծնվեմ։ Նա հաշվի առավ այն հանգամանքը, որ փռյուգացիներին ժամանակակից և հարևան բազմաթիվ ազգերից միայն երկու-երեքն են պահպանվել։ Դեռ ավելին այդ վերապրած ժողովուրդներից ամենաէական ներդրումն ունեցել են հայոց ազգի էթնիկական կազմավորման մեջ: Միապաղաղության ապահովման համար փայլուն գործոն էր նաև այն, որ աշխարհի հազարավոր լեզուների մեջ փռյուգերենի հետ ամենասերտ ազգակցական կապեր ունեցող լեզուն հայերենն է: Սրանք, թեկուզ, անհրաժեշտ, սակայն ոչ լիարժեք պայմաններ էին ինձ նախատեսված պատժամիջոցի սիզիփոսյան սկզբունքը ապահովելու համար: Կար նաև ՍՈՒՊԵՐԳՈՐԾՈՆ` Միդասի գործոնը: Այսինքն, սիրելի ընթերցող, այս նոր կյանքում ևս վզիս պիտի փաթաթվեր ավանակ ղեկավար:

Եվ եղաւ, որ ծնվեցի այնպիսի մի ժամանակ, որ իմ հասունության տարիները համընկնեն մեկ էլ չէ, երկու իշականջ նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջանի հետ: Ներեցեք, վերապրածս երկու ՀՀ նախագահներ, որ ինձ` մեղսավորիս հետ իր հին հաշիվները մաքրելու նպատակով Զևսն անպիտան` ձեր հենց իշությունը հաշվի առնելով ձեզ նստեցրեց գահին: Թագադրեց ու խնայեց, որ ես կրկին չկարողանամ ինձ զսպել, չդիմանամ, պայթեմ ու կրկին բերանս բացեմ ու ասեմ… պատմությունը կրկնվում է։

Եվ, իհարկե, ներում եմ հայցում նաև իմ` նախկին փռյուգացի սափրիչիս ժամանակակից համաքաղաքացիներից` հայ ժողովրդից, որն, ինչպես անիծյալ թևավոր խոսքն է պնդում, արժանի է իր ղեկավարությանը:

Ես շատ ավելի լուրջ վերաբերվեցի Զևսի մտահղացմանը, երբ անցյալ տարի սեպտեմբերին լրատվական գործակալության գրասենյակում համակարգչիս էկրանին հայտնվեց օրվա հրատապ լուրը։ Թարգմանում էի ի լուր համայն աշխարհի, որ մեր գրասենյակի հարևանությամբ գտնվող «Պապլավոկ» սրճարանի զուգարանում 53–ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Այդ երեկոյան նա սրճարանում գտնվող ՀՀ նախագահի հասցեին ինչ–որ ռեպլիկ էր բաց թողել, ինչից հետո նախագահի հրամանով նրա թիկնապահները քաշել են «բացբերան» տղամարդուն զուգարան ու ծեծելով սպանել։ Իսկ հաջորդ օրը պարզեցի, որ Պողոս Պողոսյանն ինձ հեռու ազգակից է։ Փուստ գնաց… Թերևս աստվածներն էլ են պլստացնում։

Դե ինչ, ինքներդ եք տեսնում, որ այս նոր կյանքումս էլ է ինձնից անպակաս հաղորդակցվելու վաղեմի մոլուցքս, սակայն վերին աստիճանի ուռճացված: Հիմա կարմա կկոչեք, թե ջառմա, դարման թե զահրումար, այս կյանքում ես գրող եմ ծնվել:

Ո՛չ մեզ, ո՛չ ձեզ

«Գյուղացու համար ամենասպասված ու թանկագին նվերը կովն է: Սա գիտեն անգամ մեր փոքրիկ բարեկամները` Փարիզի հայկական մշակութային կենտրոնի աշխատակիցների դպրոցասեր մանուկները, ովքեր այսպիսի մի նվեր են պատրաստել մեր Մարդակերտ քաղաքում բնակվող Շիրիմյանների բազմազավակ ընտանիքի համար։ «Ամբողջ տարին ամէն առաւօտ գանձանակին մէջ զունգ-զունգ դրամ նէտեցին մեր ճիժերը, որ մէկ ընտանիքի կովիկ մը հասնէ»,– գրում է Փարիզի հայկական մշակութային կենտրոնի տնօրեն, Հայ Ձյունանուշիկ բարեգործական հիմնադրամի բարեկամ Սանահին Մանչուկյանը»,– այս լուրն ուրբաթ առավոտ արդեն տարածվեց քաղաքի թերթի կրպակներում: Օրը հասավ ավարտին, սակայն իրենց նոր համաքաղաքացու ժամանման մասին ոչ ոք ոչինչ չիմացավ բացի այդ մասին գրած լրագրողից։ Մարդակերտցիները ո՛չ թերթ գնելու փող ունեին, ո՛չ էլ առանձնակի սպասելիքներ, թե որևէ բան կարող է փոխվել իրենց քաղաքի գորշ առօրյայում։

Երիտասարդ լրագրողը շատ էր ոգևորվել` նախորդ օրն ականատես լինելով Շիրիմյանների ցնծությանը, երբ ուղղաթիռից իջնում էր Փարիզից ժամանած կովը։ Տոտիկները հողին դնելուն պես՝ նա մի երկար բառաչ արձակեց։ Գլխին գույնզգույն ծաղիկներով զարդարված մի ծաղկեպսակ կար։ Նա մի ալարկոտ հայացք գցեց աջ ու ձախ, ապա ենթարկվելով ժպտառատ ուղեկցորդուհու հորդորներին՝ քայլեց ցնծացող Շիրիմյանների ուղղությամբ։ Ուժեղ քամուց ծաղկեպսակի թերթիկներն իրար էին ապտակում՝ նմանվելով կովին անհամբեր սպասող ընտանիքի բուռն ծափահարություններին։ Երեխաներն անմիջապես որոշեցին կովի անունը՝ նրան պարզապես կոչելով Փարիզ։

Չդիմանալով կովի դանդաղկոտությանը՝ երեխաները վազեցին կովին ընդառաջ։ Փարի՛զ, Փարիզի՛կ… Նույն օրը Ասկերանի օդանավակայանից Փարիզը հնամաշ բեռնատարով մեկնեց Մարդակերտ։ Տասներեքամյա Ամալյան, տասներկուամյա Անուշիկը, տասնամյա Արթուրն ու հնգամյա Ալիսիկը թափքում բառաչում էին Փարիզի հետ, քնքշորեն քաշքշում նրա պտուկներն ու յուրաքանչյուրին առանձին անուն դնում, ծաղկեպսակը իրար գլխից փախցնելով՝ նրան զանազան սանրվածքներ հորինում։ Աղմուկ–աղաղակ, ճվճվոց։ Իսկ համաքաղաքացի վարորդի կողքին նստած էր քառասնամյա Նարինե Շիրիմյանը, որը նախորդ օրվանից բան չէր կերել: Լուսիկին գրկած` նա ամբողջ ժամանակ նայում էր պատուհանից դուրս։ Վերջին անգամ նա մոտ տասնհինգ տարի առաջ էր գնացել քաղաքից դուրս։ Պատերազմի սկզբում այլ ընտանիքների պես ինքն ու ամուսինը սեփական ձեռքերով խեղել էին սեփական տունը: Մեծ հավանականություն կար, որ սահմանի բերանին գտնվող այս քաղաքը անցնելու էր ադրբեջանցիների ձեռքը, և բնակիչներից շատերը չէին ցանկանում իրենց բարիքը թողնել թշնամուն: Նարինեն այն ժամանակ դեռ ծծկեր Լուսիկի հետ ապաստան էր գտել հեռավոր բնակավայրերից մեկում, իսկ ամուսինը մոտակա խրամատում: Իսկ հրադադարից հետո վերադառնալով ազատագրված հարազատ Մարդակերտ` այն գտան պաշարված մեկ այլ թշնամու կողմից` չքավորության:

Ամբողջ ընթացքում Նարինեն հայացքը պատուհանից չէր հեռացնում: Նրա տեսադաշտում ռմբակոծված գյուղերի կմախքներն էին, որոնց հաջորդում էին ամայի արոտավայրեր, մոլախոտով ծածկված արտեր ու կրկին ավերածություններ: Նրա աչքերն արցունքներ էին փսխում: Իսկ բեռնատարի նեղլիկ թափքում սովորականից ավելի երկար տևած համերաշխությունից ձանձրանալով` երեխաներն իրար հետևից էին ընկել Փարիզի թարմ կղկղանքի մեջ թաթախած մատներով իրար նախշելու։

Տուն հասան ուշ երեկոյան: Քանի որ բեռնատարի վարորդը քաջատեղյակ էր Նարինեի նյութական դժվարություններից, որպես վարձատրություն նա ձևացրել էր, թե հայկական դրամին նախընտրում է մեկ դույլ «փարիզյան» կաթը, որը, պնդում էր նա, ի տարբերություն առաջինի երբեք չի արժեզրկվի: Նարինեի և իր ավագ դստեր՝ Լուսիկի տրամադրությունը բարձրացավ, երբ վերամիավորվեցին երեխաների հետ, որոնք առանձին ուրախությամբ լցվեցին` տեսնելով Փարիզին արդեն իրենց տան ֆոնի վրա: Արդեն ուշ էր, և Փարիզին տան բակում տեղավորելուց հետո բոլորով գնացին քնելու, որպեսզի առավոտյան նշեն բարի գալուստը:

Նրանց հորը վիճակված չէր լսելու Փարիզի վաղորդյան բառաչը: Արցախյան պատերազմի մասնակից Գառնիկ Շիրիմյանը ձմռանը մահացել էր գանգրենայից: «Սակայն կյանքը շարունակվում է»,– տարակուսանքով մտածեց նրա կինը և ոգևորված դուստրերի ու որդու օգնությամբ կովի գալուստը նշելու համար սկսեց սեղան բացել: Իր օժիտի միջից նա հանում է սիփ-սպիտակ երբևէ չօգտագործված սավանը, փռում ճոճվող փայտե սեղանին, որի վրա երեխաները շարում են կաթով լի հինգ թափանցիկ բաժակ: Իսկ սեղանի կենտրոնում մի մեծ կավե կուժ է հայտնվում, մեջը` լիքը կաթ:

Երբ բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջ, ճաշակեցին առաջին կումը, և հանդարտվեց աղմուկը, Ամալյան՝ Գառնիկի ու Նարինեի երկրորդ զավակը, բացահայտեց միայն իրեն վստահված հոր ռոմանտիկ գաղտնիքը. «Պապան ոտանավորներ էր գրում»: Ապա, առանց ուշադրություն դարձնելու սեղանակիցների հաճելի զարմանքին, գրպանից հանեց մի քրքրված տետրակ ու ասաց, որ կարդալու է հոր գրած վերջին բանաստեղծությունը, որն ինքն անձամբ նվիրում է ֆրանսահայ բարերարների մանուկներին…

– Մի րոպե սպասի, Ամալիկ, հըլը չկարդաս էլի,– ասաց Անուշիկը՝ աչքերը պսպղացնելով, վեր թռավ տեղից, վազեց խոհանոց ու հետ եկավ Փարիզի արդեն լավ թոշնած ծաղկեպսակով։ Օղակաձև ծաղկեփունջը նա մեջտեղից այնպես էր սեղմել իր բռի մեջ, որ ութի տեսք էր ստացել: Ժպիտը դեմքին` Անուշիկը ութնաձև ծաղկեպսակը մեկնեց մորն ու շնորհավորեց նրան մայրության ու գեղցեցկության տոնի առթիվ: Նարինեն անչափ հուզվել էր, քանի որ մնացած երեխաների պես, ինքն էլ բոլորովին մոռացել էր, որ այդ օրը մարտի ութն էր: Նա հոտոտում էր ութնաձև ծաղկեպսակն ու թեև դրանից միայն թրիքի հոտ էր փչում, ժպիտը դեմքից, այնուամենայնիվ, չէր հեռանում: Քույրերը մեղավոր վայ-վույներով փաթաթվել էին մորն ու համբույրներով շնորհավորում նրա մարտի ութը: Միայն Արթուրն էր, որ դժգոհ շուրջն էր նայում:

– Փարիզն ընդե սովից զկռտում ա, դու ծաղկեպսակը մամային ես դեմ տալիս,– խայթեց Անուշիկին Արթուրը, որն աղջկական սենտիմենտալությունները դժվար էր մարսում: Այդ անհանդուրժողականությունը սաստկացած էր նաև այլ հանգամանքից։ Անուշիկի հետ նրա հարաբերությունները սրվել էին հատկապես այն բանից հետո, երբ դպրոցում Կալաշնիկովի ինքնաձիգի քանդել-հավաքելու մրցույթում քսան վայրկյան արդյունքով Անուշիկը գերազանցել էր իրեն չորս վայրկյանով ու գրավել առաջին տեղը: Արթուրը ծաղկեպսակի միջից հինգ բարակ թոշնած ծաղիկ հանեց ու տվեց սենյակում ներկա հակառակ սեռի հինգ ներկայացուցիչներին՝ ավելացնելով.

– Մնացածն էլ Փարիզին:

Բարեբախտաբար Անուշիկը բավարարվեց՝ Արթուրին միայն լեզու հանելով: Հենց Արթուրը վերադարձավ, Նարինեն լռություն պահանջեց, և Ամալյան սկսեց ընթերցումը.

Ձախ ձեռքս չկա:
Աջս էլ երևի մնացել է,
Որ ձախի մասին պատմի:

Ձախ ձեռքս լիներ,
Հա՛մ կծխեի, հա՛մ էլ կգրեի:
Բայց քանի որ սիգարետ չունեմ,
Հոգ չէ:

Ձախ ձեռքս լիներ,
Արթուրիս կսովորեցնեի հեծանիվ քշել:
Բայց քանի որ հեծանիվ չունի,
Հոգ չէ:

Ձախ ձեռքս լիներ,
Լուսիկս կպարեր,
Ես էլ ծափ կտայի:
Բայց քանի որ ռումբերը տարել են
Աղջկաս վերջույթները,
Հոգ չէ:

Ձախ ձեռքս լիներ,
Հիմա Անուշիկիս շոկոլադը կգողանայի
Երկու ձեռքերս կտանեի մեջքիս հետևն ու
Կհարցնեի, թե որի մեջ եմ պահել,
Բայց քանի որ շոկոլադ չունենք,
Հոգ չէ:

Ձախ ձեռքս լիներ,
Վրան դաջված Ալիսիկ անունը
Ամեն անգամ կկարդայի
Ու կգոհանայի, որ երազանքներիցս գոնե մեկը
Կատարվել է,
Ալիսիկ անունով դուստրս ծնվել է:

Ձախ ձեռքս լիներ,
Ձախլիկ Ամալյայիս հետ շատ կընկերանար։
Ու քանի որ ուր էլ գնում, ուր էլ մնում,
Ամալյայիս միշտ ձախ կողմումս եմ գտնում
Էլ ձախ ձեռքն ի՞նչ եմ անում։

Ձախ ձեռքս լիներ,
Իր վեցերորդ տարեդարձի օրը
Մատներովս ցույց կտայի Մանուշակիս տարիքը,
Բայց քանի որ ծիծաղկոտ Անուշիկս վազեց
Ու իր մի մատը դրեց հինգ աջ մատներիս կողքը,
Հոգ չէ:

Ձախ ձեռքս լիներ,
Քեզ, իմ կին, երկու ձեռքով կշոյեի:
Բայց քանի որ համբերատար ես,
Հոգ չէ:

Ձախ ձեռքս լիներ,
Շատ ավելի արագ կկթեի,
Ու երկար սոված չէիք սպասի,
Բայց քանի որ կով էլ չկա,
Հոգ չէ:

Ձախ ձեռքս լիներ,
Աջիս կմիացնեի, որ աղոթեի
Զավենիս, Գուրգենիս ու Մանուշակիս համար,
Որոնք չդիմացան սովին
Ու մեր չորսը տաս չդարձրին,
Որ պետությունը մեզ հիշեր…
Ա՜խ, հոգ է, հոգ է, հոգ է:

Ձախ ձեռքս լիներ…

Ամալյան արդեն այնքան էր հուզվել, որ չկարողացավ երկար բանաստեղծությունն ավարտին հասցնել։ Առաջինը լալ սկսել էր Արթուրը, ապա, տուն առ տուն, նրան միացել էին մյուսները։ Արտասվում էր անգամ չարաճճի Անուշիկը, որը սկզբում կարճատև ծիծաղ էր արձակել` տեսնելով, թե ինչպես է իրեն սովորաբար խիզախ հերոսի տեղ դնող ու քույերին մշտապես ճնշող Արթուրը ծծկերի պես արտասվում: Արտասվալից լռությունը ձայնեղ լացով առաջինը խախտեց մայրը` մահացած երեխաների մասին պատմող տողերը լսելուց հետո, և նրան վայրկենապես ձայնակցեցին իրենց լացը խեղդող փոքրիկ սեղանակիցները: Նարինեի անսանձ ողբն ուղեկցվում էր նաև հազիվ տարորորոշելի անեծքներով, որոնք ուղղված էին թե՛ պետական բարեգործության դաժանությանը, թե՛ հենց իր ու Գառնիկի միամտությանը, որը երեք երեխայի կյանք էր արժեցել: Բանն այն է, որ ծայրահեղ աղքատության ու խախուտ հրադադարի պայմաններում դատարկվող փոքրիկ երկրի բնակչության կորուստը մեղմելու համար պետությունը մի ծրագիր էր նախաձեռնել, համաձայն որի յուրաքանչյուր ընտանիքի խոստացվում էր խոշոր գումար, և հավելյալ մեկ ավտոմեքենա` տասներորդ երեխան ծննդաբերելուց հետո: Գործազուրկ Նարինեն ու Գառնիկը ջանք չէին խնայել այդ միակը թվացող ճանապարհով ընտանիքի նյութական վիճակը բարելավելու համար… Խմբակային լացը դեռ երկար կտևեր, եթե քիչ անց Փարիզի իրար հետևից հնչած մի քանի անճոռնի բառաչները չցրեին ծանր մթնոլորտը։

Անուշիկը, որն ամենից շատ էր նեղվում տանը վերջերս հաճախացած խմբակային ողբերից, միանգամից վազեց դուրս՝ առջևից գլորելով անդամալույծ Լուսիկի սվսվան մանկասայլակը։ Պայծառ արևը ծառերի տերևների ստվերներով խզբզել էր ամբողջ բակն ու Փարիզի կոտոշները, որոնք Անուշիկը նրբորեն շոյում էր ու քաղցր–մեղցր բառեր շաղ տալիս այն մասին, թե ինչքան սիրուն է քսվել թիթիզ փարիզուհին։ Իսկ մանկասայլակի խորքից աչքերը կկոցած Լուսիկը հրճվանքով նայում էր Փարիզի աջ ու ձախ օրորվող դեմքին: Արցունքները սրբելով՝ նա նոր դուրս վազած Ամալյային խնդրում էր, որ գրկի իրեն ու օգնի պաչելու Փարիզի թուշը։ Մինչ Ամալյան Լուսիկին մոտեցնում էր Փարիզի ձախ թշին, ներսում մնացած Նարինեն թևքերով աչքերն էր չորացնում ու պատրաստվում խոհանոցի լվացարանի մեջ խնչող Արթուրի հետ գնալ Փարիզին մոտակա բաղերում կապելու համար տեղ գտնելու։ Իսկ Անուշիկը պիտի մնար տանը, որ խնամեր ամենաավագ ու ամենակրտսեր քույրերին՝ Լուսիկին ու Ալիսիկին: Իսկ վերջինս քնի էր անցել՝ կաթոտ շուրթերը սեղանին փռած։

Քիչ անց դեպի մոտակա բաղերը տանող քարքարոտ ճանապարհը ծածկվեց չաղլիկ Փարիզով, նրա հետևից քայլող Նարինեով, Ամալյաով, Արթուրով ու նրանց հետևից Լուսիկի մանկասայլակը վազքով գլորող Անուշիկով, որի հետևից լացելով վազում էր փոքրիկ Ալիսիկը։ Ճանապարհի պռնկին թարս ու շիտակ դասավորված տներից որոշ հարևաններ դուրս էին եկել ու դիտում էին աղմկոտ շքախմբի երթը։ Փարիզի ժամանման լուրն արդեն հասցրել էր տարածվել ամբողջ Մարդակերտով մեկ։ Շատերին ոգեշնչել էր այն, որ իրենք արտաքին աշխարհի կողմից դեռ մոռացված չեն։ Ոմանց սրտանց ուրախացրել էր ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքի փոքրիկ հաջողությունը: Եվ Փարիզի հետևից քայլող թափորը գնալով մեծանում էր հարևան երեխաների հաշվին: Սակայն ոմանք այնպիսի նախանձով էին նայում ուրախ ընտանիքի առջևից հպարտ–հպարտ քայլող չորքոտանի տուրիստին՝ կարծես պատրաստ էին Փարիզի պտուկներից պզած մեկ բաժակ կաթը փոխանակել իրենց կովի չորս դույլ կաթի հետ, թեև իրար հավաստիացնում էին, որ իրենց սեփական կովի անգամ մեկ դույլ կաթը չէին փոխանակի ամբողջ Փարիզի հետ։ Նախանձողներից ամենաթշնամաբարը տրամադրված էր Որմիկ տատը: Իր համակիրներին նա խոստացել էր, որ Փարիզն իր ցլի երեսը չի տեսնի: Իսկ նրա ցուլը միակն էր ողջ Մարդակերտում: «Մի կովով հորթ չես բերի», չարախնդում էր նա` ձևափոխելով հին հայկական ասացվածքը։

Շիրիմյանները հատուկ ժամանակացույց էին կազմել, ըստ որի ամեն առավոտ Նարինեն, Արթուրը, Ամալյան, Անուշիկը և նույնիսկ փոքրիկ Ալիսիկը հերթով տանելու էին Փարիզին բաղերում կապելու: Իսկ իրիկունները միայն Նարինեն ու Արթուրը պիտի միասին գնային կովին տուն բերելու: Ընտանիքում ժամանակացույցից բոլորն էլ գոհ էին, մանավանդ որ Արթուրն այլևս առիթ չէր փնտրում Անուշիկի հախից գալու համար: Բանն այն է, որ հերթական դպրոցական մրցույթի ժամանակ Անուշիկն ընդառաջ էր գնացել մոր խնդրանքին ու Կալաշնիկովը Արթուրից չորս վայրկյանով դանդաղ էր քանդել-հավաքել: Նարինեի այդ տակտիկական քայլից հետո բոլորն անխտիր ժամանակացույցին հետևում էին ամենայն ճշտապահությամբ: Ու թեև նույնպիսի ճշտապահությամբ Որմիկ տատն էր հավատարիմ մնում իր տված խոստմանը, Նարինեն չէր վհատվում: Իր ծանոթ բեռնատարի վարորդը խոստացել էր մոտ օրերս մի ազատ օր գտնել, որ Փարիզին տանեն մոտակա գյուղերից մեկը կենակցման: Օրացույցի բոլոր օրերն անխտիր գալիս–գնում էին, անգամ Շիրիմյանների ընտանիքի բոլոր անդամների ծննդյան օրերն էին եկել–գնացել, սակայն այդ «ազատ օրը» համառորեն չէր գալիս: Իսկ կաթնամթերքի վաճառքից կամ փոխանակումից առաջացած գումարը հազիվ բավականացնում էր օրվա սննդի կարիքը հոգալուն։

Մայիսի 6-ին տասնչորսամյակը բոլորած Անուշիկը որոշել էր այդուհետ առողջ կյանք վարել: Դրա գաղտնիքը, ըստ ֆիզկուլտուրայի դասատուի, առավոտյան վազքի մեջ էր: Իսկ ֆիզկուլտուրայի երիտասարդ դասատուին նա շատ էր հավանում: Շաբաթ երեկոյան, ի զարմանս մնացած Շիրիմյանների, Անուշիկը հայտարարեց, որ այդուհետ ինքն ամեն առավոտ կտանի Փարիզին բաղեր: Մայրը փոքր–ինչ անհանգստացավ Անուշիկի առողջ կյանք վարելու որոշումից։ Բաղերը, որտեղ սովորաբար կապում էին Փարիզին մոտ էր սահմանագծին, որը լի էր ականներով։ Սակայն Անուշիկն անդրդվելի էր և միայն խոստացավ սահմանագծին շատ չմոտենալ։ Իսկ մնացածը միաբերան ընդունեցին այդ առաջարկը: Կիրակի առավոտյան նա վեր կացավ նոր կենսաձև սկսելու վճռականությամբ:

Մի երկու կիլոմետր արևի տակ քայլելուց հետո Անուշիկն ու Փարիզը սովորականի պես ոտք դրեցին ոռոգման բացակայության պատճառով վայրենացած խաղողի որթերի շարանները անպտուղ խնձորենիներից բաժանող նեղ արահետն ու քայլեցին դեպի արոտավայրը: Կովին կապելիս նրա հայացքը ընկավ հանդիպակաց ծաղիկների դաշտի վրա, ու նրա սիրտը թրթռաց: Նա հատուկ թուլություն ուներ ծաղիկների նկատմամբ, իսկ այդ ծաղկառատ դաշտը կարծես նրա թուլության մարմնավորումը լիներ: Սակայն այդ սահմանամերձ դաշտ մտնելն արգելված էր: Նա մի քանի հասմիկ քաղեց ու վազքի մասին ի սպառ մոռացած՝ քայլեց հետ դեպի տուն: Սակայն շատ չանցած հիշեց իր ծրագրած վազքի մասին ու խանդավառությամբ հետ վազեց Փարիզի ուղղությամբ: Որոշել էր Փարիզի ու ծաղկադաշտի միջև ընկած բաց տարածքում սկսել վազքը:

Փարիզը, որը խարսխված էր այնտեղ, որտեղ վերջանում են խաղողի որթերի ու խնձորենիների շարանները, մի հիստերիկ բառաչ արձակեց` վերադարձող Անուշիկին տեսնելով: Անուշիկին այդ բառաչը շատ տարօրինակ թվաց: Կովը ողջ մարմնով խցանել էր արահետը: Անուշիկը մոտեցավ ու մի քիչ թփթփացրեց մեջքին, սակայն Փարիզը մի թիզ անգամ տեղից չշարժվեց: Փոխարենը կոտոշները դեմ տվեց ու առջևի ձախ կճղակով սկսեց հողը փորել: Անուշիկը վախից հետ-հետ գնաց: «Է՞ս ինչ բան էր»,– մտածեց Անուշիկը, մի քիչ կանգնեց, ապա նայեց Փարիզի հետևի ոտքերի արանքը: Եվս մեկ անգամ համոզվելով, որ իր դիմաց կով է և ոչ թե ցուլ, հանգիստ շունչ քաշեց: Զննեց նաև հագուստն ու համոզվեց, որ ոչ մի կարմիր բան չկա, անգամ ձեռքում բռնած ծաիկները կարմիր չէին: Կրկին մոտեցավ կովին ու որոշեց տակով անցնել: Սակայն Փարիզը մեկ այլ խելագար բառաչ արձակեց ու հետ գնալու փոխարեն հրվեց դեպի մոտեցող Անուշիկը, որը կրկին վախից հետ թռավ: «Այ քեզ բան… լավ ա գոնե հասցրել եմ կապել»,- շշնջաց Անուշիկն ու մտավ խաղողի որթերի միջև փորված մարգերը Փարիզին շրջանցելու նպատակով:

Շատ չէր հեռացել կովից, երբ լսեց նրա հերթական սարսափազդու բառաչը: Բանի տեղ չդրեց նաև նրա երկրորդ ու երրորդ բառաչներին, սակայն չորրորդն այնքան այլանդակ որակի էր, որ ստիպեց Անուշին հետ նայել: Փարիզը հիստերիայի մեջ աջ ու ձախ էր նետվում` փորձելով ազատվել կապանքից, ինչը նրան վերջապես հաջողվեց: Այս անգամ այլանդակ ձայներ արձակեց Անուշիկն ու ծաղիկները դոշին սեղմած տռճիկ տվեց, ինչքան ուժը կպատեր: Փարիզն ընկել էր Անուշիկի հետևից: «Մա-մա՛»,- ճչում էր լեղապատառ վազող Անուշիկը: Որթերի չորացած ճյուղերը ճանկռոտում էին նրա դեմքն ու թևերը: Անուշիկի ուժերը շատ շուտով սկսեցին հատնել, մանավանդ որ էներգիայի կեսը ծախսում էր անմարդկային աղաղակներ արձակելու վրա: Լեղապատառ վազելիս` նա մի պահ հետ նայեց ու տեսավ, որ Փարիզը լավ հետ է մնացել ու դեռ ավելին` առաջ չի շարժվում: Այս անգամ նեղ մարգի երկայնքով վազքի ժամանակ նրա թելը փաթաթվել էր խաղողի որթերից մեկին: Փարիզը ամբողջ ուժով քաշում էր թելը, սակայն ազատվել չէր կարողանում: Որոշ ժամանակ ապարդյուն չարչարվելուց հետո Փարիզը սկսեց կոտոշահարել իրեն ձերբակալած խաղողի որթը, և այս անգամ էլ կոտոշը խրվեց բնի մեջ: Փարիզը մի փոքր պայքարեց կոտոշը դուրս քաշելու համար, և ուժասպառ պառկեց: Այս ամենին որոշակի հեռավորության վրա լարված հետևող Անուշիկի սիրտը դեռ թրթռում էր զսպանակավոր անկողնու վրա թռվռացող երեխայի պես: Պառկած տեղում Փարիզը մի քիչ թպրտաց, բայց վեր կենալ չկարողացավ: Մռութը երկարեց ու սկսեց ծուլորեն ծամել իր գլխավերևում կախված խաղողի ճյուղը, իսկ Անուշիկը հիստերիկ ծիծաղի նոպայի մեջ ծնկեց:

Այլևս չհամարձակվելով մոտենալ կովին՝ նա շտապ քայլեց դեպի տուն օգնության։ Անուշիկի մանր–մունր քերծվածքներից արնաշաղախ եղած դեմքը տեսնելով՝ Նարինեն քիչ էր մնում ուշագնաց լինել։ Նրա տեսքը հազար ու մի սարսափելի մեկնաբանությունների տեղիք էր տալիս: Սակայն այն, ինչ պատմեց Անուշիկը ընտանիքի մնացած անդամներից ոչ մեկի մտքում տեղ չարեց: Նարինեն ենթադրեց, որ կենակցման կարիքից կարող է կատաղած լինել, բայց չբարձրաձայնեց։ Պատմությունը լսելուց հետո Նարինեն լվաց Անուշիկի վերքերն ու հետո բոլորով միասին գնացին Փարիզին տուն բերելու:

Րոպեներ անցան, ժամեր, օրը ճաշ դարձավ, արևը մայր մտավ, ծաղկաթերթերը խոնարհվեցին միմյանց, բվերը ձայնեցին, Շիրիմյանների ուժերը հատնեցին, բայց կովը չէր երևում: Նրանք հույսները չէին կորցնում:

Մի քանի օր անց արշալույսից մոտ մի ժամ առաջ դիտաշտարակում ննջող օրապահը քնից վեր թռավ կովի բառաչից։ Զգաստանալով՝ նա սկսեց ուշադիր հետևել, թե ինչպես է կենդանին մոտակա բլրից ցած իջնում դեպի սահմանը: Փարիզը կանգ առավ ուղիղ սահմանի բերանին, որտեղ առատ խոտ կար ու սկսեց արածել: Անհանգստացած սահմանապահը տարբեր ձայներ էր արձակում` փորձելով կովին հետ կանչել սահմանագծից, սակայն Փարիզը բանի տեղ չէր դնում։ Այդ տարածքում նա անձեռնմխելի էր. ժամանակավոր հրադադարից հետո այդտեղ արդեն տասներեք տարի մարդու ոտք չէր դիպել։ Իսկ սահմանապահները երկու կողմից հենց այդպիսի մի առիթի էին սպասում, որ մեկով պակասեցնեին իրենց թշնամու գլխաքանակը: Փարիզը շարունակում էր անշտապ արածել։ Պոչն աջ թափահարելիս` հայկական ճանճերին էր քշում, ձախ թափահարելիս` ադրբեջանական: Փարիզը բացարձակ ազատության մեջ էր, որն անգամ Ֆրանսիայում նրան երբևէ չէր վիճակվել ճաշակելու։ Օրապահն ուշի ուշով հետևում էր նրա պոչի սահմանախախտ թափահարումներին՝ հուսալով, որ մոլորված կովը հետ կգնա իր եկած ճանապարհով: Նայում էր ու ննջում, նայում էր ու ննջում: Նրա քունը փախավ այն բանից հետո, երբ սահմանի հակառակ կողմից կրակոց լսվեց։

Հինգ րոպե անց դիտաշտարակի բազրիքի հետևում թաքնված սահմանապահը քրտնաթոր հայացքով ծիկրակեց տախտակների նեղլիկ արանքներից: Փարիզին նա գտավ նույն տեղում նույն պնդաճակատությամբ արածելիս ու մի փոքր ուրախացավ, որ հակառակորդի դիրքերից կովին հասցեագրված գնդակը նպատակին չէր հասել։

Երկինքը հետզհետե լուսավորվում էր: Արևի ճառգայթներն արդեն սկսել էին հատ-հատ հանգցնել երկնքում վառվող աստղերը, իսկ ձանձրացած սահմանապահն արդեն հաշվում էր իր հերթապահության ավարտին մնացած րոպեները։ Հանկարծ հեռվից թույլ բառաչ լսվեց: Փարիզն իսկույն դադարեց արածելուց, նայեց սահմանի հակառակ կողմն ու մի երկար բառաչ էլ ինքն արձակեց, որն օրապահին կրկին արթնացրեց նինջից: Երբ Փարիզը պատասխան բառաչներ արձակելով անցավ սահմանը, քնաթաթախ զինվորն իր դիտաշտարակի բարձունքից դառնացած մռթմռթաց. «Դավաճան հայվան»: Քսան մետր չանցած` Փարիզը փռվեց խոտերի մեջ: «Ո՛չ մեզ, ո՛չ էլ ձեզ», արտաբերեց օրապահը` նոր փամփուշտ խցկելով իր ինքնաձիգի պահատուփի մեջ:

Փետրվար-մարտ, 2007
Լեյք Վյու Թերըս, Քալիֆորնիա

Show Comments Hide Comments

One thought on Զևսը չի մեռել

  1. A. Arackelian says:

    love, love, loved your writing style.

Leave a Reply

Your email address will not be published.