– 1939 թվականի մարտին էր,- պատմում էր Հիտլերի աշխատակազմի նախկին սպան,- գերմանական զորքերը` Չեխոսլովակիա մտնելու նախօրյակին: Հիտլերն իր գրասենյակում բանկետ էր կազմակերպել: Բոլորը շամպայն էին խմում, իսկ ինքը` հանքային ջուր: Նստել, ավելի շուտ` կողքանց պառկել էր աթոռին ու ոտքերը գլխից վեր թառ տվել նստակալի բազրիքից: Մազերը ցրիվ էին, վերնաշապիկի քանդված օձիքն ու պիջակի  կոճակներն անկանոն արձակված, ձեռքը անբաժան հանքային ջրի բաժակից: Բերանը չէր փակվում: Միաժամանակ երկու կոչ էր թելադրում երկու քարտուղարուհիներին: Մեկը ուղղված էր գերմանական ժողովրդին, մյուսը` չեխ ժողովրդին: Նույն պահին ևեթ ձեռքի հետ նամակ էր հղում Մուսոլինիին: Այն ժամանակ ես բավականին երիտասարդ էի, մինչև ուղնուծուծս սիրահարված առաջնորդին և զարմանքով էի նայում նրան ու մտածում. ,Ահա թե ինչպիսին է լինում իսկական հանճարը տնային պայմաններումե:

Ա՛յ քեզ պատմություն… Միթոմ թե` ես էլ բան հիշեցի: Ինձ թողած` ընկել եմ անցյալի չոլերը: Ի՞նչ է, պարտադիր է  աշխարհ ավերե՞մ, որ իմանան, թե ով եմ ես: Ամենևին էլ դա գաղտնիք չէ: Դա թերևս հայտնի է Վերնիսաժի ցանկացած այցելուի: Էս է, մի ձեռքով առևտուր եմ անում, մի ձենով` սակարկում, մյուս ձեռքով` պատմվածքներ գրում: Գրիչս դախլի տակ է: Երեսից արծաթն եմ ծախում, տակից` պատմվածքներս` միաժամանակ հարաբերվելով ժողովրդական զանգվածներին: Գլուխս սակավամազ է, դեմքս` ճմռթված, փորս` փքված, շորերս` ճոռթած, մի բաժակ ջրի նման առջևս պահած արծաթի վաճառասեղանը…  Նայեք, լավ նայեք.

– Ահա թե ինչպես է լինում իսկական հանճարը փողոցային պայմաններում…

Գլխավերևումս քուլա-քուլա ամպեր են կուտակվում` կապույտ, թուխ ու մոխրագույն… Երկինքը  սևակնել, ուր որ է պիտի արտավիժի:

– Տրաք-տրաք,- պատռվում է երկնակամարը:

-Է, հե-հե՜յ,- ինքնաբերաբար գոռում եմ ես:

Մեր ձայները միախառնվում են:

– Է, հե-հե՜յ,- արձագանքում եմ ամպերին:

Շրմփոցով անձրև է տեղում: Մարդիկ տարակուսած ինձ են նայում: Ես կատարելապես ազատ եմ, անկախ, անկաշկանդ, փոքր-ինչ վայրենի և թքած ունեմ, թե մարդիկ իմ մասին ինչ  են մտածում: Գետնի վրա  փոքրիկ լճակներ են գոյանում, որոնց մակերևույթին զվարթ պղպջակներ են առաջ գալիս: Նրանցից զատվելով` ջրի վրա լող են տալիս խաղաղ, թափանցիկ փուչիկներ:

– Է, հե-հե՜յ,- ես ինձ լավ եմ զգում:

Զրույցս երկնքի հետ է, առևտուրս` մարդկանց հետ, իսկ սիրտս հեռու, հեռու է, ամպերում բարուրված: Երևի նրան եմ կանչում: Ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ կանչում… Մի բան հաստատ  գիտեմ:  Այդպես լավ է… Այս աշխարհում ինձ համար շատ բան անհասկանալի է: Անձրևը արդեն կտրվել է: Արեգակը Աստվածածնի պես պայծառ, շարմաղ երեսը բացել, մեզ է նայում: Մի նոր առևտուր է սկսվում: Աղվեսիկը, սուր դնչիկը սեղանի տակ կոխած, խոթխոթում է: Երկինքը կապույտ գմբեթ է, բարձր ու անխարդախ: Հաստատ մի բան է մոգոնում: Ինչ էլ անի, համով է անում… Այդ ոգին աղվեսի պես խորամանկ է, մարդու պես իմաստուն, բարդ ու միջնորդավորված: Նա իմ թուլությունն է: Ուզում եմ սիրեմ, փայփայեմ… Փափուկ ու աննկատ թիկունքից մոտենում եմ ու փշոտ, անթրաշ երեսին մի ձայնեղ ապտակ հասցնում:

– Գի՞ժ ես, արա՛,- խայթված վեր է թռչում:

– Բա ի՞նչ եմ,- մեղավոր ժպտում եմ:

Ինքն էլ է ժպտում, լրիվ զինաթափ:

– Իսկականից ես գի՞ժ,- աչքերը ծակող շողեր են արձակում:

– Ես ազատ մարդ եմ` գժի իրավունքով…

– Պահո՜,- չորքոտանու պես կողքիս թռչկոտում է Աղվեսիկը…,- նա ազատ մարդ է` գժի իրավունքով… Ազատ մարդ է` գժի իրավունքով,- կաղկանձում ու հռհռում…

Լա՞ր, թե՞ խնդար, միևնույնն է, նա չէր կարող ինձ հասկանալ: Նա մի բանից է հասկանում` առևտուրից: Մարդ ու արծաթ իրար է կպցնում: Հիմա նա էդ թունդ գործի վրա է. ծխախոտը բերանից անպակաս, իր իսկ սիգարետի ծխից աչքերը կկոցած, շողոմ ժպիտը դեմքին` հերթական արծաթն էր խոթում կլիենտի բուռը, ինչպես միշտ` նրա երեսին դատարկելով թոքերի ծուխն ու մուխը:

– Հը՞, Աղվեսի՛կ,- ասի,- ժարիտ ես անո՞ւմ…

Խեթ-խեթ  ինձ նայեց.

– Ա՛յ դինոզավր,- ասաց,- դու կթողա՞ս, որ կողքիդ մարդ թպրտա:

– Կուզեի՞ր,- ասի,- էսօր մեռնեմ, որ էգուց գործիդ խփող չլինի:

– Ի՞նչ ա,- կոպերի արանքից կանաչ բբերը խորամանկ ծիկրակում են,- ուզում ես ստամեռնուկի տա՞ս…

– Ես էլ,- ասի,- հո քո նման աղվես չեմ, որ ստամեռնուկի տամ, կլիենտի առաջ պառկեմ, ինչ ա թե առաջիցդ գործ  փախցնեմ… Իմ մահը մահ ա…

– Տո, դու մեռնող պտուղ չես,- ձեռքը հուսահատ թափ տվեց,- դու մեռած էլ գործի կգաս…

– Ենթադրենք թե մեռա,- ասի,- դու, որպես էս կողմերում կռված մարտական ընկեր, իմ հոգեհանգստի համար ի՞նչ կարաս անես:

– Որ ուրիշ բան չանեմ,- Վարոյին աչքով արեց,- վրեդ մի բոլ լաց կըլնեմ:

– Էդքան բա՞ն…,- հիասթափված էի,- բայց որ դու մեռնես,- նորեն ոգևորվեցի,- որպես գրող դու ինձ  հո լա՞վ գիդես… Վրեդ մի էնպիսի դամբանական կասեմ, մի էնպիսի դամբանական, որ  գերեզմանուտում պառկածներն էլ, կանգնածներն էլ քեզ մի էնպիսի ծափ կտան, մի էնպիսի ծափ… Արա՛, կյանքո՞ւմ են քեզ ծափ տվել…  Կարաս հանգիստ մեռնես. էդ օրը կտան…

-Չէ հա՞,- դեղնակոթած Աղվեսիկը ասես դագաղում էր հայտնվել,- ավելի լավ ա ապրենք… Դու էլ ապրի, ապրի, որ թողաս մենք էլ ապրենք…

Ճակատագրից ո՞վ է խույս տվել, որ ես ու Աղվեսիկը խույս տանք:

-Է՜,- ես էլ փափկեցի,- սաղ ենք, չենք կարում ապրենք, որ մեռնենք, ո՞նց ենք ապրելու…

Նկատի ունեի նաև իմ պես գրողներին, որ դեռևս չմեռած` մեռած են, և նաև նրանց, որոնք թեև մեռած, բայց ապրում են ու դեռ կարող է նրանք էլ չապրեն… Միայն գրելով չեն ապրում: Մեծագույն կյանքը սիրած զբաղմունքում է: Այն ժամանակ րոպեները չեն հաշվվում: Այն ժամանակ  ժամանակը կանգ է առնում: Ես ամեն երեկո գնում եմ սրճարան` ապրելու: Այնտեղ մարդիկ կան, որոնց ոտքերը գետնից կտրված են: Այնտեղ տաղանդներ կան, որոնց վաղուց,  Վարդուշիկի ասածի պես, զվյոզդը տարել է: Աստված ոչ անի` մի օր էլ ինձ  տանի… Հանգրվանս ,Սկվազնյակնե էր, թիվ 12 խանութը, ,Պապլավոկըե, ,Դիմակըե, ,Կազիրյոկըե, իսկ հիմա խարիսխս ,Կետիկնոցումե եմ գցում: Որ ինչքան էլ չլինի, յուրաքանչյուրում գոնե հինգ տարի նստած կլինեի: Նստած, դուրս եկած, կաֆեներում ուղեղս մարզած, վաստակաշատ սուրճ խմող եմ: Կուզեի ուրիշ բան էլ անեմ, բայց տարիքս չի ներում: Դա կհաստատեն մեր կաֆեի պուտանկեքը: Այնքան էինք տես ու ճանաչ, որ բարեկամացել էինք: Հատկապես անչափահասությունը չհաղթահարած այն չարաճճին: Ինձ պապիկ էր ասում` ակամայից դառնալով իմ թոռնիկը: Կողքից արևածաղիկ էի գնում: Ասաց.

-Պապի՛կ, բա էլ ուրիշ բան չես ուզո՞ւմ…

Առաջին հանդիպումն էր: Կարճ շրջազգեստով էր, կլոր, ժիր աչքերով, գլխին մազերը երկու պոչուկ հյուսած… Վզին պիոներական փողկապն էր պակաս: Մի խոսքով, մի կատարյալ մանկաբոզ: Հայացքն անամոթ էր: Լայն, նշաձև աչքերն ինձ էին հառված: Դարպասները բաց էին: Մնում էր ներս մտնել: Ինքը միայնակ չէր: Մի քանիսն էլ կային` ջանադրաբար ոտքերը քշտած, հոնքերը փետած, պռոշները կապիկի հետույքի պես թունդ կարմիր ներկած, կծու դուխի ու պուդրի վրենները ցանած: Նրանք նույնիսկ 76 տարեկան ընկերոջս էին կպռճկել: ,Նիզկապրոբնի բաներ են, տո,- հուշտ էր եղել թիֆլիսցի ընկերս, թեև պուտանկեքի սիրահար  էր,- չգիտես պրոբը ո՞րդի դնես…ե:

-Թոռնիկ ջան,- ցրել էի,- բա իմ էդ տարի՞քն ա…

-Բողկի պես պապիկ ես,- ուզեց համոզի,- դու արի, մնացածն իմ վրա…

Ո՞ւր գնայի… Ո՞նց գնայի… Ոչ մի կերպ գնալս չէր գալիս: Էդ օրվանից սկսած` նա ինձ պապիկ  էր ասում, ես նրան` թոռնիկ: Միշտ բարևում էի: Էս երեկո էլ նրանց կողմը նայեցի, որ ասեմ` բարև, թոռնի՛կ… Բայց մարմնավաճառ երամակի մեջ նրան չտեսա:

– Բա թոռնիկս ո՞ւր ա,- հարցրի:

– Թոռնիկիդ հմի ծծցնում են…ասաց նրանց միջի հավանաբար ստարշինան:

Չարացած էր: Չգիտեմ` տարիքի՞ց էր, խանդի՞ց, թե՞ նախանձից… Էստեղ էլ էր կլիենտ փախցնոցի: Ավելի լավ էր` շառս քաշեի, քանի ինձ էլ չէին փախցրել: Շրջվեցի դեպի իմ երամը, ուր վերթևում էին եռամեծար գործիչներ` գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ… Ուշադրությունս Լուսոն գրավեց: Նստել էր միայնակ, գարեջրի շշի առջև, գլուխը հակած սեղանին, ինչպես միշտ` մազերը թափած աչքերին: Լուռ նստեցի կողքին:

– Տրամադրություն չունե՞ս,- հարցրի:

Հայացքը հանդարտ բարձրացրեց: Ասես աշխարհից բեզարած լիներ: Դեմքը ուռած էր: Մազերը կպել էին թաց այտերին: Դեռ վերջերս նրա գրքի շնորհանդեսն էր: Յուրօրինակ վեպ էր գրել, որ ազդարարում էր նրա աղմկոտ մուտքը հայ գրականություն: Սրան ի՞նչ պատահեց: ,Չլինի՞ սրան էլ զվյոզդը տարավե,- անցավ մտքովս: Բայց աչքերից գունդ-գունդ արցունք էր թափվում: Սեղանը եթե թմբուկ լիներ, անպայման կթմբկահարեր այդ մասին:

– Լա՞ց ես լինում, ախչի՛,- ասի:

– Ինձ գրկի՛, Լևո՛ն,- ասաց,- ինձ գրկի՛…

– Քեզ ի՞նչ պատահեց,- զարմացել էի:

– Հասկանո՞ւմ ես, Լևո՛ն,- և՛ լացում, և՛ խոսում էր Լուսոն,- նպատակ չունեմ, հասկանո՞ւմ ես, նպատակ չունեմ, նպատակ… Մինչև հիմա ինչ արել եմ, ինքնաբերաբար եմ արել… Հենց էնենց սովորել եմ, հենց էնենց ամուսնացել, հենց էնենց էրեխա ունեցել, բաժանվել… Էս գիրքն էլ հենց էնենց եմ գրել, ձեռի հետ… Ասա՛, ասա՛,- մղկտում էր,- ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, որ նպատակ ունենամ, նպատակ…

Ա՛յ քեզ գիժ: Դրա համար էր օղորմածիկ մերս ասում` Աստոծ փրկե գրագետի շաշից,  գրագետի շաշն ու իշի խրտնածը մին ա: Ես էլ կարծում էի` սրանց միջի գիժը ես եմ… Պարզվում ա`  խելոքն եմ…

-Ախչի՛,- ասի,- հո դու Թումանյանի շաշերից չե՞ս… Կարո՞ղ ա Կիկոսն ես, չեմ իմացել… Հլա մի դեսը նայի,- շուրջբոլորը ցույց տվեցի,- իսկ կյանքի մեջ նպատակ կա՞, ասա՛, կյանքի մեջ նպատակ կա՞… Հլա էս ծառին նայի, սրա նպատակը ո՞րն ա… Բա էս ծիտը` ի՞նչ նպատակով ա թռչում, իսկ այ, այ, աղբարկղում հոտոտող էն շո՞ւնը… Մի կտոր ոսկորից ավել բան ուզո՞ւմ ա… Նրա նպատակը ո՞րն ա… Կամ թե էս զռլամա երկրագունդը, որ օրնիբուն ճռնչալեն պտտվում ա, ո՞ւմ համար ա պտտվում, ուզածն ի՞նչ ա… Ընդամենը իր առանցքի շուրջ չի՞ պտտվում, թե՞ դրա մեջ մի վեհ նպատակ կա…  Քո ուզածն ի՞նչ ա, ախչի… Կարծում ես, որ մի հանճարեղ նպատակ դրիր` երկնքից աստղեր ես քաղելո՞ւ… Համա,- ասի,- մեծամիտն ես, հա՜… Իսկի տիեզերքը նպատակ չունի, դու ես ուզում ունենաս, հա՞… Լուսո՛, կյանքի նպատակը կյանքն ա: Ապրի՛, էլի, ապրի՛, դրանից էլ լավ բա՞ն… Ավելի լավ ա ապրող բոմժ լինես, քան թե մեռած հանճար:

Չէ՛, Լուսոն ինձ չէր լսում: Նա իր լացին էր լսում:

Էս խելքով էլ գրքեր են գրում: Ասում են` գեղեցկությունը կփրկի աշխարհը: Չէ՛, աշխարհին բան չի պատահել… Մեզ է պատահել, մեզ…

Մարդիկ, համաշխարհային գրականությունը ծովը նետեք: Ես ավարտեցի պատմվածքս:

17.10.08թ.

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.