Շոգ է….Քայլել չի լինում, ոտքերս կպչում են ասֆալտին, շապիկս լրիվ ջրի մեջ է. Ի՞նչ անեմ մի ժամ: Քայլերս ուղղում եմ դեպի Երիտասարդական մետրո, չորս րոպե սպասում եմ, հետո մոտեցող գնացքը իր խլացնող դղրդյունի հետ բերում է նաև ժամանակավոր զովացում: Մի քանի րոպե անց քայլում եմ Բաղրամյան փողոցով` ընդհատակում թողնելով մետրոյի գաղջ օդը և վերագտնելով գլոբալ տաքացման հետևանքները: Սիրահարների այգում իմ նստարանը հավատարմորեն ինձ է սպասում, ես նստում եմ ու մտածում` տեսնես հիմա մեզանից ով է ում ջերմացնում: Դու կգաս քառասուն րոպեից, իսկ մինչ այդ ես փակում եմ աչքերս ու լսում փոքրիկ ջրվեզից ավազաքարերով լցված ավազանի մեջ թափվող ջրի մեղմ ձայնը, որ ասես քո ձայնը լինի: Ծիծաղում ես, երբ ասում եմ , թե նախ ձայնդ սիրեցի, հետո քեզ, բայց ախր ճիշտ եմ ասում: Երեք ամիս առաջ էր, քայլում էի Օպերայով, նայում աֆիշներին (մորաքույրս հիմա կասեր ,թե «աֆիշը» հայերեն չէ. լեզվի տեսչությունում է աշխատում), ինչ-որ համերգի գովազդ գրավեց ուշադրությունս, հանկարծակի շրջվեցի ու թևով հարվածեցի քեզ: Ուղեղումս միանգամից միացավ գնահատող մեքենան ու սկսեց արձանագրել. սովորական աղջիկ, ոչ մի առանձնահատուկ բան, լիակատար անուշադրություն սեփական արտաքնի նկատմամբ: Հիասթափված մեքենան անջատվեց, ես արագ ներողություն խնդրեցի, իսկ դու նայեցիր ինձ քո ցրված հայացքով ու ասացիր.

–Բան չկա,պատահում է:

Ու քեզնից արձակվող ձայնային ալիքը կախարդական ուժով լողաց դեպի իմ հիասթափված մեքենան ու միացրեց կոճակը:

-Պատահո՞ւմ է: Չէ, ինձ թվում է այս հանդիպումը ամենևին էլ պատահական չէր, այն կանխորոշված էր վերևներում:

-Ես էլ կարծում էի վերևներում լուրջ բաներով են զբաղվում:

Մենք ծիծաղեցինք, հետո սկսեցինք քայլել միասին, ծանոթացանք:Երեք ամիս է ծիծաղում ենք ու քայլում ենք միասին, ավելի հաճախ գալիս ենք Սիրահարների այգի, նստում մեր նստարանին, զրուցում ենք, կամ երկուսով նույն գիրքը կարդում, հետո համբուրում եմ քեզ ու ասում, որ մնաց երկու տարի: Որոշել ենք ամուսնանալ երկու տարուց, երբ դու կավարտես համալսարանը, իսկ իմ դատարկ գրպանը գոնե մի քիչ կլցվի: Ուղղակի ուզում եմ քեզ տալ լավագույնը….Մնաց քսան րոպե, իսկ մեր նստարանին ես արդեն մենակ չեմ: Նստարանի ծայրին կուչ է եկել մի աղջիկ. ձեռքին ամուսնական մատանի կա, իսկ աչքերին` մեծ-մեծ արցունքներ: Ես նայում եմ կողքիս ջրվեժին` ստուգելու համար տեղում է այն, որովհետև ինձ թվում է, թե այդ ջրվեժն է տեղափոխվել աղջկա աչքերի մեջ: Հոգեբաններին այնքան էլ չեմ սիրում, բայց, համաձայնեք, հեշտ չէ անտարբեր մնալ, երբ կողքիդ մարդն այդպես արտասվում է: Մոտենում եմ նրան, ուզում եմ ինչ-որ բան ասել, հետո հասկանում եմ, որ սովորական բառեր նրան հարկավոր չեն, իսկ,թե ինչ է հարկավոր, չգիտեմ:Ու ես ուղղակի նայում եմ նրան, ուղղակի ուզում եմ, որ նա մենակ չլինի: Հանկարծ նա սկսում է պատմել: Ամուսնացան հինգ տարի առաջ, երեխաներ մինչև հիմա չկան: Գուցե չլինեն էլ: Կարծես համակերպվել էին այդ մտքին, սովորել էին ապրել միայն իրար համար, բայց հետո ամեն ինչ փոխվեց, անվերջ վեճեր, մեղադրանքներ, անտարբերություն, որ վեճերից էլ վատ է:

-Իսկ այս առավոտ ասաց, թե իր ինչին եմ պետք, երբ մի երեխա էլ չեմ կարողանում ստեղծել: Հասկանում եք, ես նրա համար երեխա ստեղծող սարք եմ, մեխանիզմ, չի աշխատում մեքենան, ուրեմն պետք է դեն նետել ու գնալ խանութ նորը գնելու: Կգնամ այս քաղաքից, ինձ այդ երեխան պետք չէ, իսկ նա դեռ կունենա իր երեխաներին: Գիտեք, երբեք պետք չէ մտածել, թե ինչ կարող ես տալ սիրելիիդ, ու ոչինչ պետք չէ ակնկալել նրանից, թե չէ ընտանիքը կդառնա շուկա, սերը` շուկայական հարաբերություններ:

Ու գնաց… Հետո եկավ նա, ում ես սպասում եմ այգու հավատարիմ նստարանի պես, ու երբ պատմեցի այն աղջկա մասին, նա հարցրեց.

-Իսկ ինչո՞ւ էր եկել Սիրահարների այգի:

Ասացի, թե չգիտեմ, երևի ուղղակի կողքով էր անցնում, ապա մտածեցի` գուցե այստեղ ոչ միայն սիրում են, այլև հրաժեշտ տալիս սիրուն: Հետո համբուրեցի նրան ու ասացի ,որ մնաց մեկ շաբաթ….

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.