test-final

Այս գրությունս հինգ մասով հրապարակվել է 2014թ. նոյեմբերին tert.am առ ցանց թերթի իմ բլոգում: Սակայն որոշ խմբագրումներ և լրացումներ անելուց հետո հարկ համարեցի ամբողջությամբ մի նյութով կրկին հրապարակել այս անգամ Ինքնագրում:

Չէի անդրադառնա լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի և մտավորական Հրաչ Բայադյանի երկխոսությանը, եթե այն անարդար հաղորդում չլիներ: Անարդարություն հորս՝ Ռաֆայել Իշխանյանի հանդեպ:

Նրանք երկուսով   Boon.am-ով Հոկտեբերի 17 թողարկմանը «Հայոց լեզվի մարտահրավերները» անունը կրող երկխոսության մեջ քննարկում են հայերենի, հայերի ծագման և դասական ուղղագրության վերականգնման խնդիրները. թեմաներ, որոնց շուրջ հայրս բանավեճի մեջ էր սովետական մտավորական-ակադեմիական վերնախավերի հետ: Այժմ այդ նույն սովետական-ակադեմիական մտավորականների հայացքներն են կրկնում այս երկու մտավորականները ու զրպարտում նրանց, ովքեր այդ ակադեմիական տեսակետները չեն ընդունում:

Հրաչ Մարտիրոսյան և Հրաչ Բայադյան

Սկզբում փորձեմ անդրադառնալ հայերի ծագման վերաբերյալ նրանց ասածներին, ապա հաջորդիվ նաև` ուղղագրության խնդրին:

Ա.

Իմ քննարկման թեման այն չէ, թե հայերը որտեղից են ծագել, սա այս պահին իմ հետաքրքրությանը քիչ է առնչվում, նաև մասնագետ չեմ, այլ այն, թե ինչ հասարակական դիրքեր ունեն հայերի ծագման վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեցողները, և թե այս հարցում որտեղ են վրիպում զրուցակիցները:

Այսպես, ուրեմն. հայոց լեզվի առաջին մարտահրավերը զրուցակիցների համար հայոց լեզվի ծագման հարցն է.

Հրաչ Մարտիրոսյանն ասում է. «Դա իսկապես ցավագին խնդիր է [հայերի ծագման հարցը] և դուրս է եկել իր գիտական ըմբռնման սահմաններից… Մենք ունենք այնպիսի տեսություն, որ հայերենին շնորհում է 40 հազարվա տարիք, 40 հազար տարին որևէ լեզվի համար անհնար տարիք է: Մեր լեզվի տարիքը ստիպված ենք սկսել գիտական փաստի պարտադրմամբ մոտավորապես 5-6 հազար տարի առաջ եղած ժամանակափուլից կամ 7-8 հազար, եթե մայր լեզվի ժամանակագրությունը մի քիչ հնացնենք:

«Նախալեզու» հասկացություն գոյություն ունի, ոչ մի լեզու օդից չի ծնվում: Ցանկացած լեզվի իրավիճակը արդյունք է մի ավելի հին վիճակի, և հիմա մենք գիտենք, որ հայերենը ծագում է մի ընդհանուր նախալեզվից, որը կոչվում է հնդեվրոպական նախալեզու: Նույնիսկ այս աքսիոմատիկ դրույթը մեզ մոտ հիվանդագին է ընդունվում, ու հաճախ մարդիկ սա նկատում են որպես կախվածություն եվրոպական արժեքներից կամ ասում են` մեր ազգի հարցը չե՞նք կարող ինքներս լուծել, մեր ծագումը ինչո՞ւ ենք կապում հնդեվրոպական արժեքների հետ: Եվ այսպիսի վիճակում ցանկացած տեսություն ընկալվում է կա´մ հայանպաստ, կա´մ ազգադավ: Եվ կարծես փորձաքար լինի՝ դու մտածո՞ւմ ես, որ հայերը եկվոր են, կամ հայոց լեզուն եկվո՞ր է Հայկական լեռնաշխարհում, թե՞ չէ: Այսինքն` ինկվիզիցիայի տեսանկյունից կարծես: Սա, բնականաբար, հակագիտական ըմբռնում է»:

Ո՞ւմ հետ է բանավիճում Հրաչ Մարտիրոսյանը` շուկայում կարտոֆիլ վաճառողի՞, թե՞ Սովետի փլուզման հետևանքով աշխատանքը կորցրած այն ֆիզիկոսի, ով իր կյանքի դժբախտության պատճառը տեսնում է Եվրոպայի մեջ ու մերժում այն, ինչ հայերին կապում է եվրոպացիների հետ, ինչպես երևի կմերժի հայերենի հնդեվրոպական ծագումը: Ինքս չեմ հանդիպել այդ «հաճախ» արվող պնդմանը, թե հայերը հնդեվրոպացի չեն, քանի որ անընդունելի են եվրոպական արժեքները (նույնն է թե ասեն՝ հայերը երկրի վրա չեն, քանի որ անընդունելի են երկրի վրա բնակվող եվրոպացիները, ու մեկ էլ` որևէ գիտնական՝ լեզվաբան կամ մարդաբան, սկսի բանավիճել, թե ի՞նչ եք ասում, մարդ միայն Երկիր մոլորակի վրա է հայտնաբերված, իսկ հայերն էլ մարդիկ են):

Հնդեվրոպացիների նախահայրենիքը ըստ Ատկինսոնի խմբի

Եթե Մարտիրոսյանն ասում է, ուրեմն պետք է վստահել նրան, հավանաբար ինչ-որ մեկը կամ երկուսը ասել են նման բան, բայց ինչո՞ւ է ասում «հաճախ արվող պնդում» (եթե գոնե տասը հոգու ցույց տա, որ նման պնդում են գրել, կարելի է համաձայնել, որ հաճախ է այդ պնդումը արվում: Եթե նույնիսկ «հաճախ» են պնդում, թե հայերենը 40 հազար տարեկան է կամ որ հնդեվրոպական լեզու չէ, այդ ինչպե՞ս է դա դառնում մարտահրավեր հայոց լեզվին նետված, ինչո՞վ է դա սպառնում հայերենին` չեմ հասկանում): Բայց մի՞թե լեզվաբան մասնագետի, հոլանդական համալսարանի դասախոսի բանավեճը շուկայում կարտոֆիլ վաճառողի հետ է, ինչո՞ւ է մեջբերում հակագիտական դատողություններ ու մերկացնում դրանք, մի բան, որ կարող է անել առաջին կուրսի ուսանողը, չունի՞ գիտական բանավեճ գիտնականների հետ, թե՞ բոլոր գիտնականների հետ համաձայն է, բայց էդ դեպքում էլ ի՞նչ գիտնական, որ չի փորփրում գիտությունը քննադատական հայացքով:

Ապա շարունակում է ասել ուսանողական ճշմարտություններ. « Սա, բնականաբար, հակագիտական ըմբռնում է, որովհետև մենք ունենք հսկայական տարածք Հնդկաստանից, Չինաստանից մինչև Իսլանդիա հնդեվրոպական տարբեր լեզուներ, նրանց կրողներ, նրանց քաղաքակրթություններ: Բնական է, որ եթե բոլոր այդ լեզուները գալիս են մեկ ընդհանուր նախալեզվից, և նախալեզվի կրողներն էլ եղել են որոշակի տարածքում, ապրել են մի նեղ, փոքրիկ համեմատաբար տարածքում, բնականաբար, բոլոր ճյուղերը հեռացել են ընդհանուր սրտից, ու բոլորը եկվոր են, գրեթե բոլորը, պատահաբար մեկ կամ երկու ճյուղ մոտ կարող է մնացած լինի հնդեվրոպական նախահայրենիքին: Ենթադրենք` հայերենը մնացել է, դա հնարավոր է իհարկե, բայց ասելիքս այն է` արդյոք դա հայոց լեզվի կամ քաղաքակրթական արժեքի՞ խնդիր է»:

Ինչո՞ւ է պատահականություն համարում այն, որ որևէ լեզու կարող էր մնացած լինել հնդեվրոպական մայր հայրենիքում, և որ այդ պատահականությունը կարող էր հայերենը լինել («պատահականություն» բառը նսեմացնում է հայերենի հնդեվրոպական մայր հայրենիքում առաջանալու գաղափարը՝ այդքան մի´ հպարտացեք, եթե այդպես լինի, դա պատահական է, էնպես որ, եթե ես գրեմ, որ հնդեվրոպական մայր հայրենիքը Վոլգայի ափին է, մի´ վրդովվեք: Մեկ այլ հարցազրույցում էլ ասում է. «Տեսականորեն հնարավոր է, որ որևէ լեզվաճյուղի պատմական հայրենիքը «բախտի բերմամբ» համընկնի հնդեվրոպական նախահայրենիքի տարածքին»): Մի՞թե նա հետևորդն է «պատահականության տեսության» և պատճառահետևանքային կապը անտեսում է գիտության մեջ, ժողովուրդների ճակատագրերը ընդհանրապե՞ս է պատահական համարում, թե՞ միայն հնդեվրոպացիների տարածման պարագայում, օրինակ` պատահակա՞ն էր հայերի ցեղասպանությունը կամ Անգլիական կայսրության առաջանալը, կամ ԱՄՆ-ում բնիկների ցեղասպանությունը, սևերի ստրկությունը, մոնղոլական արշավանքները, սրանք պատահականություննե՞ր էին: Եթե այո, այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում այն կրոնական նացիոնալիստից, որ ասում է, թե հայերին Հայաստանը Աստված է տվել, և դրախտն էլ Հայաստանում է: Գոնե նա կսկսի ինչ-որ հիմնավորումներ բերել, Խորենացուց հղում անել, իսկ Մարտիրոսյանը փաստարկ կբերի՞, թե որևէ ժողովրդի կամ հնդեվրոպական լեզվի կրողի մնալը հնդեվրոպացիների նախահայրենիքում պատահականություն է:

Թե՞ այդ «պատահականություն» բառն օգնում է խուսափելու նացիոնալիստի պիտակից (այսինքն` այն պիտակից, որ գիտական գործունեությունը հարցականի տակ կարող է դնել), եթե հանկարծ ստիպված լինես ընդունել, որ հայերը հնդեվրոպացիների նախահայրենիքից չեն հեռացել: Քանի որ ամեն բացատրություն ինչ-որ բնութագրում կտա այդ մնացողներին, իսկ մի ժողովրդի բնութագրելը, որ նա 5-7 հազար տարի խոսում է հայերեն ու ապրում է այն տարածքում, ուր առաջացել է, արդեն կարող է պիտակվելու վտանգ պարունակել:

Երբ ծանոթանում ենք Մարտիրոսյանի տեսակետին, հասկանալի է դառնում, թե նա ինչո´ւ է թացը չորի հետ խառնում, ու այն վարկածը, ըստ որի` հնդեվրոպացիների մայր հայրենիքը Փոքր Ասիայում է կամ Հայկական լեռնաշխարհում, վարկաբեկում` մեջտեղ գցելով նացիոնալիստ ոչ մասնագետներին ու եթերում անտեսում այն մասնագետների տեսակետները, ովքեր պնդում են, որ հայերը բնիկ են Հայկական լեռնաշխարհում, ու որ հնդեվրոպացիների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է կամ Փոքր Ասիան (Շիրոկով, Գամկրելիձե, Իվանով, Ատկինսոն և այլն: Մարտիրոսյանը միշտ իր դասախոսություններում բարեխղճորեն տեղեկացնում է նրանց տեսությունների մասին): Քանի որ ինքն այդ կարծիքը չի ընդունում և գտնում է, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը Վոլգայի ափերին է, մյուս տեսակետը վարկաբեկելու համար հերքում է ոչ գիտական վարկածները: Այսպես, ilur.am-ին տված հարցազրույցում նա ասում է.

«Համեմատաբար ավելի հեշտ է թվում այն Սև ու Կասպից ծովերից հյուսիս տեղակայող տարբերակը, որի օգտին խոսում են, մասնավորապես, նախահայրենիքից դեպի արևելք տեղաշարժված հնդիրանական ճյուղի և ֆիննաուգրական լեզուների միջև եղած լեզվական անուրանալի առնչությունները: Նույնիսկ եթե հնագույն փուլում նախահայրենիքը տեղադրենք Առաջավոր Ասիայում, ապա միևնույն է` նշված հանգամանքը և մի շարք այլ խնդիրներ, ըստ որոշ գիտնականների, ավելի հեշտ լուծումներ կգտնեն, եթե վաղ փուլի այդ մոդելը համադրվի ավելի ուշ փուլում Սև ու Կասպից ծովերից հյուսիս տեղակայող մոդելի հետ»:

Մաուրիցիո Սերվայի հոդվածի գծապատկերը, ուր երևում է, որ հայերենն է առաջինը տրոհվել հնդեվրոպական մայր լեզվից

Կոռեկտ կլիներ ու հետաքրքիր, որ 60 տարի առաջ առաջացած այս Կուրգանյան տեսությունը Մարտիրոսյանը պաշտպաներ Շիրոկովի, Գամկրելիձեի, Իվանովի, Ատկինսոնի, Գրեյի կամ նրանց գիտնական հետևորդների փաստարկներից և ոչ թե գիտության հետ կապ չունեցող մարդկանցից (Տակտիկան ինչպես ճակատամարտում՝ ընտրում ես ամենաթույլ հակառակորդին ու ոչնչացնում: Բայց գիտությունը ճակատամարտ չէ, հակառակը` ճշմարտության հասնելու համար պետք է ընտրես ամենաուժեղ հակառակորդին ու նրա հետ բանավիճես):

Ինչո՞ւ պետք է շարքային հանդիսատեսը միացնի Բուն TV-ին, թե ուր որ է` կիմանա, թե ի´նչ սպառնալիքների առաջ է կանգնած հայոց լեզուն, ու փոխարենը լսի գիտության հետ կապ չունեցող ինչ-որ անանուն մարդկանց դեմ խոսքեր: Լավ, հասկացանք, ինչ-որ մարդիկ կան, որ անհիմն բաներ են ասում, հետո՞ ինչ, դա հեռուստադիտողին ի՞նչ նորություն է տալիս: Բայց գուցե հետաքրքրասեր հեռուստադիտողի՞ն չի ուղղված նրանց խոսքը, ինչպես ընկերս նկատեց, գուցե այն ուղղված է իշխանությա՞նը, թե տեսեք ում վրա արժի հենվել:

Իր բանավեճը տանելով շուկայի առևտրականի հետ` Մարտիրոսյանը, փաստորեն, նսեմացնում է այն տեսությունը, ըստ որի` հնդեվրոպացիների նախահայրենիքը Փոքր Ասիայում է կամ Հայկական լեռնաշխարհում, ու այդ տեսության կողմնակիցներին՝ տեսեք, ահա թե ինչ անհեթեթություններով են պնդում, թե հայերը բնիկ են:

Երկու ոչ հայ մասնագետներից մեջբերում անեմ, որոնք պնդում են, որ հայերենը բնիկ է Հայկական լեռնաշխարհում, և որ այն հնդեվրոպական առաջին տրոհված լեզուն է.

Օլեգ Շիրոկով. Հնդեվրոպական նախահայրենիքը եղել է արևելյան Փոքր Ասիայում, «Այս ամենն ասում է հայերի` իրենց զբաղեցրած տարածքում տեղաբնիկ լինելու մասին» (մեջբերումն արված է Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման և հնագույն հարցեր» գրքից):

Մաուրիցիո Սերվա (Maurizio Serva, Dipartimento di Matematica, Universit`a dell’Aquila, Italy)

First of all, the first separation concerns Armenian, which forms a separate branch close to the root, while the other branch contains all the remaining Indo-European languages. Then, the second one is that of Greek, and only after there is a separation between the European branch and the Indoiranian one.

«Առաջին տրոհումը (հնդեվրոպական մայր լեզվից) վերաբերում է հայերենին, որը ձևավորում է արմատին մոտ առանձին ճյուղ, իսկ մյուս ճյուղը ներառում է մյուս բոլոր հնդեվրոպական լեզուները: Ապա երկրորդը հունարենն է, և միայն դրանից հետո բաժանվում են եվրոպական և հնդ-իրանական խմբերը»:

Հայերի բնիկության, հայերենը` որպես հնդեվրոպական մայր լեզվից տրոհված առաջին լեզու և Հայկական լեռնաշխարհը կամ Փոքր Ասիան հնդեվրոպացիների մայր հայրենիք ընդունող Հայաստանից դուրս գտնվող բոլոր գիտնականները հայ չեն, այլազգի են, դրսի՝ արևմտյան համալսարանների ոչ մի հայ գիտնական այս տեսակետները չի ընդունում: Ինչո՞ւ, գուցե այն նույն պատճառո՞վ, որ զգուշանում են` հանկարծ նացիոնալիստի պիտակ կստանան, իրենց գիտական գործունեության մեջ հայրենասիրական դիտավորություն կբռնացնեն և իրենց կարիերան կտապալվի: Երրորդ աշխարհի ցեղասպանություն ապրած բարդութավորված մտավորականի զգուշությո՞ւն:

Բ.

Մարտիրոսյանը հաճախ է բողոքում, թե իրեն մեղադրում են իր հայացքների համար:

Իրականում բազմաթիվ թերթեր նրա հարցազրույցներն ու կարծիքներն են հրապարակում, որոնց մեջ միայն հարգանք ու ակնածանք կա նրա նկատմամբ: «Հայլուրով» էլ նրա հետ հարցազրույց արվեց, որտեղ հաղորդավարը մեծագույն պատկառանքով էր նրա հետ զրուցում: Նման հանրային լայն ճանաչում երևի այսօր ոչ մի հայ գիտնական չունի: Իմ տեքստի առաջին կեսի հրապարակումից հետո կարծես հանրությունը տագնապ ապրեց, թե ինչպես եմ համարձակվել մեծանուն գիտնականին քննադատել, բազմաթիվ մարդիկ իրենց աջակցությունը հայտնեցին նրան, կարծես կառափնարանի ճանապարհին էր հայտնվել, գիտնական, ազգագրագետ Համլետ Պետրոսյանը գրեց՝ «Սիրելի´ Հրաչ, իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում քեզ՝ որպես գիտնականի և քաղաքացու: Շարունակի´ր այդպես՝ շիտակ և համարձակ»:

1988 թ. տպված Ռաֆայել Իշխանյանի գիրքը կրկին բարձրացրեց ակադեմիական վերնախավի զայրույթը

Այդ օրը նրա 50-ամյա տարեդարձն էր, և ոմանք համազգային տոն հռչակեցին՝ «Նոյեմբերի 10-ը համազգային տոն է, այսօր ծնվել է Հրաչ Մարտիրոսյանը», իսկ իմ գրածն էլ անվանեցին զազրելի, հերյուրանք և նման բաներ:

Ինտերնետում միայն մի երկու տեղ հանդիպեցի Մարտիրոսյանի հասցեին հայհոյանքների, բայց նաև ինքն էլ մի քանի տեղ հայհոյանքներով է գրում՝ «մարտնչող տգիտություն» և նման բաներ (չեմ կարծում, թե սա գիտական լեզու է):

Գուցե Մարտիրոսյանը վիրավորվե՞լ է այդ հայհոյանքներից և հիմա իր փոքրիկ մարդկային վրե՞ժն է հանում «Հայոց լեզվի մարտահրավերներ» կարևոր ու բարձրագոչ թեմայի տակ, որ թեմայի ծանրությամբ ճզմելով նրանց վրեժը լուծի: Պատկերացնենք, որ յուրաքանչյուր վիրավորվող հայտարարեր հաղորդում՝ «Հայոց լեզվի մարտահրավերներ» ու տակը դներ իր անձնական վրեժի խնդիրները:

Վերադառնանք «Հայոց լեզվի մարտահրավերներին».

Բայադյանը հեգնական տոնով ծաղրում է նրանց, ովքեր գիտությունը հայրենասիրություն են դարձնում. «Ավելի հաճախ հաղթում են իդեոլոգիական գործոնները, քան գիտական մոտեցումը, ուրիշ լեզուներում, չգիտեմ, կան թե չէ, բայց հայերենը շատ հարուստ է հայանպաստ, հայահալած, ազգադավ, ազգանպաստ, հայատյաց բառերով, որոնք մեր օրերում հայագիտական կոնցեպտներ են դարձել, որոնցով կարող են մտածել»:

Իսկ գիտական մոտեցումը չի՞ պահանջում արդյոք հղումներ, կարո՞ղ է Բայադյանը ցույց տալ, թե ո՞ր գիտական հանդեսում ո՞ր գիտնականն է նման բառերով հոդվածներ գրել, կոնկրետ ո՞ր հայագիտական նյութում է ազգադավը կոնցեպտ դարձել, ո՞ր գիտնականն է այդպիսի հասկացություններով մտածում: Հղումներ չկան, միայն օդի մեջ ասված խոսքեր:

Եթե Բայադյանին իրոք մտահոգում է այդ բառերի քանակը, ոչ թե կծաղրեր վերին դիրքից՝ այս աբորիգենները ինչ տաղտկալի են, տեղյակ չեն, թե ինչպես պիտի գիտություն անել, ինչպես գյուղից քաղաք եկած մարդն է ծաղրում համագյուղացուն «սխալ» ուտելու համար, այլ մտավորական բարեխղճություն կցուցաբերեր և կուսումնասիրեր, թե արդյոք ուրիշ լեզուներո՞ւմ էլ կան այդպիսի բառեր, եթե ոչ, ինչո՞ւ են հայերենում այդ բառերը շատ, գուցե ցեղասպանությա՞ն կամ ողբերգական ճակատագրի հետևա՞նք են, երբ զոհը մելանխոլիկ հետևողականությամբ իր ներսում մեղավորներ է փնտրում ու նրանց անուններ տալիս, կամ պարփակվում իր մեջ ու վախից ամեն անսպասելի դատողության մեջ իր գոյության դեմ դավադրություն տեսնում, կամ գուցե այլ ժողովուրդնե՞ր էլ ունեն, կամ էլ հայոց լեզո՞ւն է տալիս այնպիսի հնարավորություն, որ անընդհատ բառեր ստեղծվեն, մի բան, որ շատ լեզուներ չունեն, կամ մեկ ա՞յլ բան:

Եվ Հրաչ Բայադյանը եզրակացնում է. «Չե՞ք կարծում, որ նման մոտեցումները հեշտացնում են լեզվաբանի աշխատանքը, այսինքն` եթե դու աշխատում ես այդ կանխադրույթներով, քեզ համար և՛ կարիերա անելը, և՛ տիտղոսներ ստանալը ավելի հեշտ են դառնում, և սա լրացուցիչ խթան կարող է լինել, որ մարդիկ կարիերա անեն»:

«Իհարկե»,- պատասխանում է Մարտիրոսյանը:

Եվ էլի առանց հղումների, շեշտեմ՝ գիտության մասին խոսող երկու լուրջ մտավորականի զրույցում ամբողջ մեկժամանոց հաղորդման մեջ հեգնանք, մեղադրանք, քննադատություն, և ոչ մի հղում, ոչ մի մեջբերում ինչ-որ տեքստից կամ հեղինակից:

Բուն TV-ին կոչ կանեի, որ իրենց եթերում զրույցները վարեր բանիմաց լրագրող, որ հարգարժան գիտնականները կարևոր թեմաների տակ եթերը չդարձնեն անձնական հարցեր պարզաբանելու տարածք, և լրագրողը ջան ասող, ջան լսող մտավորականներին հարցներ` «Ներեցե´ք, այդ ո՞ր լեզվաբանն է կոչում, տիտղոս ստացել` գրելով, թե հայերենը հնդեվրոպական լեզու չէ, կամ հայերենը առաջացել է 40 հազար տարի առաջ»:

Ի՞նչ էին պատասխանելու` լռությո՞ւն կտիրեր, թե՞ կսկսեին իրենց ճշտել, ուղղել, որ նկատի չունեն այդ անհեթեթ տեսություններ առաջ քաշողներին, որ նրանք գիտնականներ չեն: Իսկ գուցե կսկսեին ավելի լրջացնե՞լ թեման, գուցե ասեին, թե խոսքը նրանց մասին է, ովքեր համարում են հայերին բնիկ, և հնդեվրոպացիների նախահայրենիքը` Հայկական լեռնաշխա՞րհը:

(Այսինքն` թացը չորի հետ խառնելը ու թացը ջախջախելը, բոլոր նրանց, ովքեր համարում են, որ հայերը բնիկ են, լցնել մի կաթսայում, ապա առանձնացնել նրանց, ովքեր ասում են, թե հայերը 40 հազար տարեկան են, նրանց հեշտությամբ ջախջախել, միևնույն ժամանակ բոլորին խմբակային մեղադրելով տիտղոսների ու կարիերիզմի մեջ: Մարտիրոսյանին ուղղակի զայրացնում է, որ պնդում են, թե հնդեվրոպացիների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, ինչպես «Ֆեյսբուքում» է զայրացած մեջբերում 10-րդ դասարանի դպրոցական դասագիրքը. «1980-ականների սկզբներից հաստատվեց, որ հնդեվրոպական նախահայրենիքը <…> եղել է Հայկական լեռնաշխարհում»: Իսկ ո՞վ է նման բան հաստատել: Ինչ-որ միջազգային տիեզերաժողո՞վ է եղել` մենք բանից անտեղյակ»):

Եթե զրուցակիցները նկատի ունեն, որ նրանք, ովքեր պնդում են, թե հայերը բնիկ են Հայկական լեռնաշխարհում, կարիերայի ճանապարհ ու տիտղոսներ են ստանում, ապա այստեղ է այն անարդարությունը, որի մասին ուզում եմ խոսել.

Հորս՝ Ռաֆայել Իշխանյանին էլ են մեղադրել, որ նրա գիտական գործունեությունը միայն հայրենասիրական նպատակ է հետապնդում, որ նրա տեսությունը, թե Ուրարտուն Հայաստանն է, ու հայերը բնիկ են, հակագիտական է:

Բայց նրա դեպքում Բայադյանի ասածի ճիշտ հակառակն է եղել:

Հայրս 25 տարի գրում էր ու պնդում, որ Ուրարտուն Հայաստանն է, որ Ուրարտուն Հայաստանին տրված անուններից մեկն է, աքքադերեն անունն է, որ դրա փոխարեն պետք է օգտագործվի Արարատյան թագավորություն, որ սեպագրերի լեզուն, որի մեջ բազմաթիվ հայերեն բառեր կան, ոչ թե ուրարտերեն պետք է անվանել, այլ նոր խուրիերեն և այլն (այդ մասին մանրամասն «Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր» գրքում), հետագայում` Գամկրելիձե, Իվանովի աշխատության լույս տեսնելուց հետո որպես ապացուցված փաստ հետևողականորեն գրում էր ու պնդում, որ հնդեվրոպացիների մայր հայրենիքը Հայկական լեռնաշխարհում է, և, հետևաբար, հայերը բնիկ են այստեղ:

Այս պայքարի ընթացքում ոչ միայն չի ստացել տիտղոս, այլև կորցրել է այն, միայն թշնամիներ է վաստակել, իսկ նրա հակառակորդները, ովքեր իր դեմ պայքարում էին ու պնդում հակառակը, թե հայերը եկվոր են, Ուրարտուն հայկական չի, ակադեմիկոս էին դառնում և շատ բարեկեցիկ ու հարմարավետ կյանք վարում:

Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը: Ես եմ լուսանկարել սլայդ ժապավենով 1970-ականների վերջին

Երբ հորս աշխատությունների մատենագիտությունը հրատարակվեց, մի դիտողություն արվեց, թե ճիշտ կլիներ նաև նրա մեջ ներառել դրանց անդրադարձները: Հայրս մի անտիպ տեքստ ունի, որում ասում է.

«Սկսեցի մտաբերել, թէ ով ինչ է գրել իմ մասին: Պարզվեց, որ հիմնականում գրել են ոչ թե իմ մասին, այլ իմ դեմ: Ու հիշողությամբ գրեցի այդ հեղինակների անունները, դասավորեցի այբբենական կարգով… Կարծում եմ` այդ ցուցակը կհետաքրքրի ընթերցողներին, մանավանդ որ գիտակ մարդիկ ասացին՝ «Ոչ մի հայի դեմ այդքան չեն գրել, որքան քո դեմ»:

Այդ ցուցակում 74 անուն կա: Կհրապարակեմ միայն այն անունները, ովքեր պատմության հարցերի առնչությամբ են գրել նրա դեմ.

Առաքելյան Բաբկեն (ակադեմիկոս), Ավետիսյան Հրանտ (թղթակից անդամ), Արեշյան Գրիշա (գիտ. թեկնածու), Դյակոնով Իգոր (դոկտոր, պրոֆեսոր), Լենդրոշ Խուրշուդյան (դոկտոր, պրոֆեսոր, կոմկուս), Կատվալյան Մաքսիմ (գիտ. թեկնածու), Ներսիսյան Մկրտիչ (ակադեմիկոս, կոմկուս), Սարգսյան Գագիկ (ակադեմիկոս), Ստեփանյան Ալբերտ (դոկտոր), Տիրացյան Գևորգ (դոկտոր), Հարությունյան Նիկոլայ (դոկտոր):

Ռուսական Վիքիպեդիայում երկու հոդված եմ հանդիպել, ուր հորս քննադատում են` Этногенез армян (Հայերի ծագումը) և Концепции армянской принадлежности урартов (Ուրարտացիներին` հայերի պատկանելու հայեցակարգերը): Երկու հոդվածներում նույն նպատակն է՝ ցույց տալ, որ հայերը բնիկ չեն Հայկական լեռնաշխարհում, և որ Ուրարտուն Հայաստան չէ: Գիտական փաստարկներին չէի կարող անդրադառնալ, տեղյակ չեմ, բայց նկատեցի, որ խեղաթյուրված են այլ փաստեր, օրինակ` նսեմացնելու համար Իշխանյանի աշխատանքները երկու հոդվածում էլ ներկայացրել են, որ նա բնագավառի մասնագետ չի, մատենագետ է, այսինքն` իր չիմացած բաների մասին է գրում: Տարիներ առաջ « Ուրարտացիներին` հայերի պատկանելու հայեցակարգերը» հոդվածում Իշխանյան անվան դիմաց ավելացրեցի «լեզվաբան» բառը, որոշ ժամանակ անց տեսա` հանել են, կրկին ավելացրեցի (չեմ հիշում` քանի անգամ այդպես ավելացրի: Հիշողությանս ապավինելով` նկատում եմ, որ տարիների ընթացքում կարծես այս հոդվածը այլ խմբագրումների էլ է ենթարկվել, և հայերի ներկայությունը Ուրարտուում ավելացել է): Իսկ մյուս հոդվածում՝ էթնոգենեզում փոփոխություն չեմ արել, այսպես է գրված. Наиболее агрессивным противником Дьяконова стал профессор Р. А. Ишханян, специалист по истории армянского книгопечатания, близкий к комитету «Карабах». Не будучи специалистом в лингвистике.

«Դյակոնովի [ռուս գիտնական, ով պնդում էր, թե հայերը եկվոր են] առավել ագրեսիվ հակառակորդը պրոֆեսոր Ռ. Ա. Իշխանյանն էր, հայկական գրատպության պատմության մասնագետ, մոտ «Ղարաբաղ» կոմիտեին: Լեզվաբանության մասնագետ չէր»:

Այս տողերի հեղինակն ու Հրաչ Մարտիրոսյանը մի ընդհանուր տակտիկա ունեն՝ նսեմացնելու համար հակառակ տեսակետը ցույց են տալիս, թե այն պնդողը մասնագետ չէ: Մարտիրոսյանն ավելի բարեխիղճ է, նա կարծես ընտրում է իսկապես ոչ մասնագետներին ու նրանց ի ցույց դնում՝ տեսեք ինչ հիմարություններ են ասում, ոնց կլինի, որ հայերը բնիկ լինեն: Իսկ Վիքիպեդիայի հոդվածագիրը կեղծում է՝ մասնագետին ներկայացնելով ոչ մասնագետ:

Հորս դեմ գրողների ցուցակը լրացնում եմ ես` ավելացնելով 75-րդ անունը.

Վիկտոր Շրիլերման:

Վիքիպեդիայի հոդվածների մի քանի պարբերություն վերցված է ռուս ազգագրագետ Վիկտոր Շրիլերմանի գրքից՝ Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье (Москва, Академкнига, 2003)՝ «Հիշողության պատերազմներ. առասպելները, ինքնությունը և քաղաքականությունը Անդրկովկասում»: Հեղինակը պնդում է, որ Ուրարտուի հայկական վարկածը ու հայերի բնիկ լինելու և հնդեվրոպացիների մայր հայրենիքը Փոքր Ասիայում գտնվելու վարկածները գիտական չեն, նացիոնալիստական են` ուղղված թուրք-ադրբեջանցիների դեմ, ոչ թե գիտական, այլ քաղաքական նպատակ են հետապնդում` ապացուցելու համար, որ Ղարաբաղը հայկական է (նույնը կրկնում են Բայադյանն ու Մարտիրոսյանը, վերջինս «մխիթարում» է, որ պատմական իրավունքի առումով միևնույն է` հայերը հաղթել են, կարելի է բավարարվել, եթե ընդունենք, որ 3-3,5 հազար տարի առաջ են հայերը հայտնվել Հայկական լեռնաշխարհում, քանի որ թուրքերը ընդամենը հազար տարի առաջ են եկել: Այսուհանդերձ, կարծում եմ` սա գիտնականի մտահոգության թեմա չէ: Այսինքն, և´ Բայադյանը, և´ Մարտիրոսյանը, և´ Շրիլերմանը հայերի բնիկության և հնդեվրոպացիների մայր հայրենիքը Հայկական լեռնաշխարհում ներկայացնելու վարկածները դիտում են ոչ թե գիտական, այլ քաղաքական համատեքստում):

Շրիլերմանի գրքում մոտ վեց էջ միայն հորս դեմ է գրված: Այդ հարձակումը սկսվում է այսպես.

«Ռևիզիոնիստական հայացքների ավելի արմատական ձև գտանք բանասեր Ռ. Ա. Իշխանյանի գործերում, ով ակտիվորեն մասնակցում էր հայկական ազգային շարժմանը, հատկապես Լեռնային Ղարաբաղի համար պայքարին… Ի տարբերություն Այվազյանի [խոսքը երկրաբան Սուրեն Այվազյանի մասին է]` նա մասնագետ էր, թեև ոչ այն բնագավառում, նա ընդունված հեղինակություն էր Հայաստանի գրատպության ոլորտում: Ուրարտագիտության մեջ նա առաջին անգամ իրեն դրսևորեց` մասնակցելով Ուրարտուի գոյության վերաբերյալ բանավեճին, ինչպես մենք հիշում ենք, դեռ 1969-ին հանրամատչելի «Գարուն» ամսագրում»:

Միայն այս պարբերության մեջ երկու սխալ է արված.

Հայրս ոչ միայն գրքի պատմության մասնագետ էր, այլև` լեզվաբան, նրա երկու ատենախոսությունները՝ թեկնածուականը և դոկտորականը, լեզվաբանությունից են: Երկրորդ` հայրս Լեռնային Ղարաբաղի պայքարին չի մասնակցել, Ղարաբաղյան շարժման ժամանակ նրա ակտիվությունը այլ բնագավառներում է եղել:

Շրիլերմանը անդրադառնում է նաև հորս լեզվի վերաբերյալ հայացքներին.

«Իշխանյանը հաստատում էր. «Հայոց պատմությունը կամ հայ ժողովրդի պատմությունը պետք է սկսել հայոց լեզվի առաջացման պահից, քանի որ հայերը (կամ հայ ժողովուրդը) և՛ հին ժամանակներում, և՛ միջնադարում, և՛ այժմ հայոց լեզվի կրողներն են… Այսպիսով նա ամբողջությամբ անտեսում է հայկական սփյուռքի օրինակը, որի ներկայացուցիչներից շատերը չեն խոսում հայերեն: Այս մոտեցումը դուրս է հանում հայերի միջից հայկական գրող և հասարակական գործիչ Զորի Բալայանին, քանի որ նա գրում և խոսում է ռուսերեն, և չգիտեր հայերեն, և դա լավ հայտնի էր Իշխանյանին: Այսպիսով, Իշխանյանի համար մշակույթը և քաղաքականությունը անքակտելիորեն կապված են, և նա պնդում է, որ հայերեն չիմանալով չի կարելի պայքարել Հայաստանի անկախության համար: Իր վաղ էթնոգետիկական գործերում Իշխանյանը հայկական եկեղեցու դերն էլ չակերտների մեջ է դնում, որը դարերով եղել է հայ ինքնության գլխավոր առանցքը»:

Շրիլերմանը բաց է թողել մի հանգամանք. հայրս չէր ասում, թե ով հայերեն չգիտի հայ չի, ուղղակի նկատում էր, որ հայերեն չիմացող հայերի հայ լինելու գիտակցությունը պահպանվում է, քանի դեռ կան հայերեն խոսողներ: Եթե այնպես լինի, որ հայախոսներ չլինեն, այդ հայերեն չիմացող հայերն էլ իրենց այլևս հայ չեն համարի: Այսպես, «Մեր Ինքնության գլխավոր նշանը»(1991) գրքում Իշխանյանը գրում է.

«Նալբանդյանական այս բնորոշման որոշ քննադատներ ասում են՝ «Բայց չէ՞ որ կան լավ հայեր, որոնք հայերեն չգիտեն, չունեն այդ հոգին, ի՞նչ է, ուրեմն նրանց հայ չհամարե՞նք»: Բայց նալբանդյանական թվաբանությունը շատ հստակ է և անկասելի. եթե հայ ազգ նշանակում է հայալեզու հանրություն, իսկ դա անկասկած այդպես է, և եթե հայերեն չիմացող մեկն իրեն հայ է համարում, նույնիսկ «լավ հայ», ապա դրա պատճառն այն է, որ կա հիշյալ հայալեզու հանրությունը: Եթե այդ հանրությունից հանվի հայոց լեզուն, այն կդադարի հայ ազգ լինելուց, և վերոհիշյալ «լավ հայ»ն էլ, բնականաբար, իրեն հայ չի համարի, քանի որ աշխարհում հայ ազգ չի լինի: Ուրեմն իրեն հայ համարող այլալեզու ամեն անձ պարզապես մակաբույծ է հայալեզու հանրության՝ հայ ազգի վրա. Հայալեզուները պահում են հայ ազգը, ուստի և Հայաստանը, իսկ այլալեզուն նրանց հաշվին իրեն «լավ հայ» է համարում, դեռ «սիրում Հայաստանը»[1]:

Շրիլերմանը գրում է, որ Իշխանյանը իր հետևողական հոդվածներով ստիպում է ակադեմիկոսներին փոխել իրենց կարծիքները.

«1988 թ. Երևանում առաջատար հայ մասնագետները` ակադեմիկոսներ Բ. Առաքելյանը, Գ. Ջահուկյանը, Գ. Սարգսյանը, հրատարակեցին հիմնարար մենագրություն, որի հիմնական գաղափարը բացվում է արդեն հենց իր վերնագրում «Ուրարտու Հայաստան»: Մեկ տարի դրանից առաջ նրանք հանդես էին գալիս Իշխանյանի կոնցեպցիայի և այլ ռևիզիոնիստների դեմ` մեղադրելով նրանց դիլետանտության և հայրենասիրության դիրքերից պատմության նկատմամբ պարզեցված մոտեցման դեմ»:

Թե հորս հրապարակումները ինչպե՞ս են ազդել, և մինչև ո՞ւր են փոխել ակադեմիկոսները իրենց հայացքները, գուցե ուսումնասիրի անաչառ հետազոտողը: Բայց այն, որ իրոք փոխել են, փաստում է այլ հանգամանք:

Հորս` հայերի ծագման վերաբերյալ հոդվածները հետևողականորեն մերժում էին գիտական ամսագրերը, թեև մի երկու անգամ հրատարակվել են, «Բանբեր Երևանի համալսարանի» ամսագրի հղումներ երևում են նրա գրքերում (Վիքիպեդիան ևս մի սխալ է անում՝ ասելով, որ Իշխանյանի հոդվածները գիտական ամսագրերում ընդհանրապես չեն տպվել և հրապարակվում էին միայն հանրամատչելի պարբերականներում: Իշխանյանի մի գիրքն էլ` «Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառությունները», հրատարակել է Համալսարանի գիտական հրատարակչությունը):

Մի անգամ հայրս տխուր պատմում էր. հոդված է տվել գիտական հանդեսներից մեկին, որը տվել են ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանին գրախոսության, հոդվածը չեն տպել, բայց Ջահուկյանը հորս ստուգաբանությունները գողանում և դրանք իր անունով հրապարակում է: Հայրս, ամենայն հավանականությամբ, հենց այդ պատմությունն է նկարագրել «Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ» (1989) գրքում, «Հայերենի և նոր խուրիերենի հարաբերությունները» գլխի ծանոթագրությունում. «Մեր այս նկատառումները և ստորև բերված բառացանկը պարունակող հոդվածը 1984-ին հանձնել էինք «Պատմաբանասիր. հանդեսի» խմբագրությանը: «Գաղտնի» գրախոսության է տրվել Գ. Ջահուկյանին ու մինչև այժմ չի հրապարակվել: Նույն հանդեսի 1986 թ. N1-ում հրապարակվեց Ջահուկյանի «Հայկական շերտը ուրարտական դիցարանում» հոդվածը, որտեղ ընթերցողը կգտնի հեղինակի նախկին տեսակետների արմատական վերանայում և ակնհայտ արձագանքը տողերիս հեղինակի վերոնշյալ չհրապարակված հոդվածում եղած գաղափարների (որոնք այլ հանդեսներում հրապարակվել են, տե՛ս ԵՀ. 1983. N3, «Գիտ. և տեխն.», 1986, N6, «Բանբեր Երևանի համալս.», 1986, N1 ):

Շրիլերմանը, պաշտպանելով Ուրարտուի ոչ հայկական ծագման տեսությունը, այն անվանում է ավանդական, իսկ հակառակը պնդողներինը` ռևիզիոնիստական: Գիտնականները գուցե ասեն՝ արդյոք գիտության մեջ ավանդությունը պահե՞լն է ճշմարտությունը ցույց տալիս, թե՞ ռևիզիան՝ վերանայելը, քննադատությունն է այն թարմացնում: Այս տերմինաբանությունը նա փոխառել է Ստեփան Աստուրյանի գրքից` Nationalism and History: The Politics of Nation Building in Post-Soviet Armenia, Azerbaijan and Georgia, (1994, University of Toronto )՝ «Նացիոնալիզմ և պատմություն. Հետսովետական Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ազգ ձևավորելու քաղաքականությունը» , որին Շրիլերմանը բազմաթիվ հղումներ է անում:

Սակայն ի տարբերություն Շրիլերմանի` Աստուրյանը չեզոք ոճով է գրում՝ չփորձելով ապացուցել, թե երկու տեսակետներից ո´րն է ճիշտ, չեզոք ներկայացնում է հայերի ծագման և Ուրարտուի բանավեճերը, որտեղ «ռևիզիոնիստ» և «ավանդական» եզրույթները վերաբերմունք չեն արտահայտում: Նա նույնպես մի քանի էջ ներկայացնում է Իշխանյանի պայքարը.

«Ոչ ոք այդքան ակտիվորեն և եռանդուն չէր տարածում և քաղաքականացնում ռևիզիոնիզմի թեզը, ինչքան բանասիրական գիտությունների դոկտոր Ռաֆայել Իշխանյանը, ով մոտ էր «Ղարաբաղ» կոմիտեի հետ, որը 1988-1989 թթ. գլխավորում էր ժողովրդական բողոքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու օգտին: Սկզբում նա իր մտքերը հայտնեց 1984 թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տպված մենագրության մեջ, որն ավելի ուշ՝ 1988-ին, վերահրատարակեց Երևանում: Այս գիրքը՝ իր գաղափարների աճող ազդեցության հետ մեկտեղ, մեծ վիճաբանություն առաջացրեց, հակադրելով Հայաստանում ավելի համեստ դիրք ունեցող ռևիզիոնիստ-գիտնականների մոտեցումը՝ հնագույն պատմության և հնագիտության ոլորտում ակադեմիական վերնախավին»[2]:

Ինչպես տեսնում ենք, արտասահմանցի հետազոտողներ Աստուրյանն ու Շրիլերմանն են ցույց տալիս, որ հայերի եկվորության և Ուրատուի ոչ հայկական ծագման տեսությունները ակադեմիական վերնախավերն էին պնդում, հետևաբար՝ դա էր կարիերայի ճանապարհը: Բայց Բայադյանի ու Մարտիրոսյանի կեղծիքը, թե հայերի բնիկության գաղափարը կարիերայի ճանապարհ է, նոր չի հայտնվել:

Այսպես, Վարդան Ջալոյանը (ով Բայադյանի հետ դասավանդում է Ժամանակակից արվեստի ինստիտուտում), «Ազգ, գենդեր, դասակարգ» հոդվածում նույն բանն է ասում, թե հայերի բնիկության գաղափարը ոչ գիտական է, և որ այն խրուշչովյան-բրեժնևյան տարիներին իշխող ազգայնականության արտահայտություն էր. «Կարևորվեց բնիկության գաղափարը, մերժվեց հայ ժողովրդի փռյուգիական ծագման վարկածը: Սկսած 50-ականներից Հայաստանում սկսում է ձևավորվել զանգվածային հասարակությունը, որի մտավոր առաջնորդը դարձան Պ. Սևակը և Հ. Շիրազը ու նրանց կրնկակոխ հետևող Ս. Կապուտիկյանը», ապա մի քանի պարբերություն հետո գրում է. «Այդ տարիներին, օրինակ, հրատարակվում են Ռ. Իշխանյանի «Պատկերազարդ պատմությունը», բազմաթիվ շքեղատիպ գրքեր Հայաստանի, Ղարաբաղի, Նախիջևանի պատմական հուշարձանների մասին, որ պետք է հասկանալ «ազգային արժեքներին» շուկայական փաթեթավորում տալու հայտ»[3]:

Ջալոյանը իր տեսությունը (թե իբր Հայաստանում իշխում էին ազգայնականությունը և նրա մաս հանդիսացող հայերի բնիկության գաղափարը) սաղացնելու համար կեղծում է իրականությունը, ներկայացնելով, թե այդ «շքեղատիպ» գիրքը (որ երեխաների համար նկարազարդ մատչելի պատմություն է) տպվել է խրուշչովյան-բրեժնևյան տարիներին: Իրականում, Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը հրատարակվել է 1990 թ.` Հայաստանի անկախությունից մեկ տարի առաջ:

Միակ ակադեմիկոսը, ով ավելի վաղ էր վերանայել իր հայացքները և հորս համախոհն էր, պատմաբան Սուրեն Երեմյանն էր, նրա գրախոսությամբ է լույս տեսել Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագումը և հնագույն պատմությունը» աշխատությունը (1988, «Հայաստան» հրատ.), թեև այնտեղ Երեմյանին էլ է քննադատում:

Այսպիսի կարիերա. մեր հինգհոգանոց ընտանիքն ապրում էր Աջափնյակ թաղամասի խրուշչովյան երկու նեղլիկ սենյակներով բնակարանում, հայրս առանձնանալու տեղ չուներ, ննջարանում գրասեղանի առաջ ամբողջ օրը աշխատում էր: Նրան չէին թողնում արտասահման մեկնել, невыездной էր (ռուսերեն բառ, որ արտահայտում էր նրանց, ում Սովետը թույլ չէր տալիս մեկնել արտասահման): 1985 թ. ԿԳԲ-ն խուզարկեց մեր բնակարանը և հորս մոտ մեկ ամիս քարշ էին տալիս հարցաքննությունների` պատասխան պահանջելով տանը հայտնաբերված նրա անտիպ ձեռագրերի վերաբերյալ:

1985թ. ապրիլին Իշխանյանի բնակարանի խուզարկության արձանագրության առաջին էջը

Իսկ նրա հակառակորդները հիմնականում ակադեմիկոսներ էին, ինստիտուտի տնօրեններ, ովքեր քաղաքի կենտրոններում շքեղ բնակարաններում էին ապրում, ունեին ծառայողական մեքենաներ, մշտապես արտասահմանյան շրջագայությունների էին մեկնում:

Բայց հայրս երբեք չի բողոքել կենցաղից, երբեք չի տրտնջացել, որ իր դեմ այդքան պայքարում են, եթե տանն էր, ապա գրասեղանի մոտ նստած գրում ու գրում էր, նրան միայն մի գրասեղան էր անհրաժեշտ և գրիչն ու գրամեքենան, ուրիշ ոչինչ:

Մեր խրուշչովյան բնակարանում՝ մորս՝ Բյուրակնի հետ

Հետևողականորեն տարբեր հանդեսներում գրում էր հայերի ծագման վերաբերյալ իր հոդվածները, բայց դրանցով չէր բավարարվում, մշտապես Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում դասախոսություններ էր կարդում` տարածելով իր հայացքները:

Ռաֆայել Իշխանյանի ակտիվ գործունեությունը ուղղակի կատաղեցնում էր համալսարանական և ակադեմիական վերնախավին, և, ի վերջո, 1992-ին համալսարանի գիտխորհուրդը՝ ակադեմիկոսներ ու դոկտորներ, հորս հեռացրին համալսարանից: Մինչ այդ, նախորդ տարիներին, երբ գիտխորհրդի նիստ էր լինում, հայրս մտահոգ սպասում էր, որ իրեն կարող է այս անգամ հեռացնեն, բայց Սովետական Հայաստանում նա չհեռացվեց, և իր երազած անկախ Հայաստանում Իշխանյանին հեռացրին համալսարանից:

Համալսարանի բանասիրական ֆակուլտետի պատին բոլոր հանգուցյալ դասախոսների նկարներն են հերթով շարված, հատկապես աչքս որսում է նրանցը, ովքեր հորս դեմ գրողների ցուցակում են: Միայն մի հոգու լուսանկարն է բացակայում՝ հորս՝ Ռաֆայել Իշխանյանի նկարը: Վերջերս իմացա, որ նրա մի ուսանող դիմել է դեկանատ, որ Իշխանյանի լուսանկարն էլ ավելացնեն, բայց հորս հանդեպ կրքոտ ատելությամբ ղեկավարությունից մերժում է ստացել: Ես որ իմացա, ընդվզեցի՝ չարժի նրա նկարը էդ շենքում կախել:

Այսպիսի կարիերա ու տիտղոսներ՝ Հրաչ Բայադյան և Հրաչ Մարտիրոսյան:

Հայրս գրել է, որ հեռացման պատճառը դասական ուղղագրության պաշտպանությունն էր: Ես վստահ եմ, որ երկու հանգամանք են դեր խաղացել՝ հայերի ծագումը և ուղղագրությունը: Ու նաև, դրանք առիթներն էին, քանի որ գիտական շրջանակներում տարիներով կուտակվում էր նրա նկատմամբ ատելությունը, որոնք հարուցում էին Իշխանյանի գիտական այլ դրույթները. 1973 թ. նրա դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմությունը», երկու օր տևեց, ակադեմիական շրջանակները (Գուրգեն Սևակ, Արարատ Ղարիբյան) ամեն ինչ անում էին, որ այն տապալվի, Երևանում չկարողանալով կանխել` բանսարկություններ էին գրում Մոսկվա: Հորս հրավիրեցին Մոսկվա, և մի անգամ էլ այնտեղ պաշտպանեց: Ի վերջո, 4-5 տարի ուշացումով Մոսկվայի Բարձրագույն որակավորման հանձնաժողովը հաստատեց այն: Երևի ոչ մի ատենախոսություն այդքան ուշ չեն հաստատել, ինչպես հորս աշխատությունը:

Հայրս համալսարանի բանասիրականում դասավանդում էր հայոց լեզվի շարահյուսություն, նախադասության անդամների վերաբերյալ նրա հայեցակարգը այնպես անընդունելի էր բանասիրականի պրոֆեսորների համար, որ նրա գրած դասագիրքը թույլ չտվեցին հրատարակվի որպես դասագիրք, և շարահյուսության դասագիրքը գրեց ձևաբանություն դասավանդող Մանվել Ասատրյանը:

Ահա այսպիսի կարիերա և տիտղոսներ՝ Հրաչ Բայադյան և Հրաչ Մարտիրոսյան:

Գ.

Մարտահրավեր դասական ուղղագրությանը. ՄարտիրոսյանԲայադյան զրույցը

Հրաչ Բայադյանի և Հրաչ Մարտիրոսյանի զրույցում հայոց լեզվին սպառնացող մյուս վտանգը ներկայացվում է դասական ուղղագրության վերականգնման հարցը:

Գիտակցորեն թե անգիտակցորեն` նրանք երկուսով խեղաթյուրում են իրականությունը՝ ներկայացնելով, թե սովետական և դասական ուղղագրությունները միայն երկու գրական լեզուների տարբերությունների հարց է, որ տարբեր ուղղագրությունները տարբեր գրական լեզուներին բնորոշ լեզվավիճակներ են, իբր արևելահայերենը գրվում է նոր ուղղագրությամբ, իսկ արևմտահայերենը՝ դասականով:

Այսպես, Հրաչ Մարտիրոսյանն ասում է.

«Փաստարկը, թե սրանով (նոր ուղղագրությամբ) մենք խզել ենք կապը մեր հայրենակիցների ուղղագրական համակարգի հետ: Էստեղ էլ ոչ մի խնդիր չեմ տեսնում, ցանկացած լեզվավիճակ, առանց կորցնելու իր ինքնությունը, այսինքն` եթե արևելահայերեն և արևմտահայերեն լեզուները ունեն տարբեր ուղղագրական ավանդույթներ, նրանք դրանով չեն դառնում տարբեր լեզուներ, պարզապես այդ նույն լեզվի լեզվավիճակներ են, սա օբյեկտիվ իրականություն է բնականաբար»:

Հրաչ Բայադյանը հաստատում է. «Ես կարծում եմ, որ էդ ուղղագրությունները ձևավորվել են պատմականորեն, երկու տարբեր լեզուներ չեն արևելահայերենը և արևմտահայերենը, թերևս այո, բայց այնպես չի, որ սրանք հեշտությամբ նույնացման ենթակա են» (այսինքն, հեշտությամբ հնարավոր չէ, որ արևելահայերենն ու արևմտահայերենը նույն ուղղագրությամբ գրվեն):

Մարտիրոսյանը իր «Դասական ուղղագրության հարցի շուրջ» տեքստում հետևողականորեն սովետական ուղղագրությունը կապում է բացառապես արևելահայերենի հետ. «Այժմյան ուղղագրությունը միանգամայն ներդաշնակ է ժամանակակից արևելահայերենին», «Ժամանակակից արևելահայերենը (գոնե գրքերում ու մամուլում) պետք է ունենա ՄԵԿ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ»:

Ինչո՞ւ են երկու մտավորական գիտականության տանիքի տակ այս թյուրիմացությունները տարածում. հավատացնելու համա՞ր, թե իբր ուղղագրությունների տարբերությունը արևելահայերեն և արևմտահայերեն լեզվական առանձնահատկություններին է վերաբերում, որ դասականը արևմտահայերենի լեզվավիճակն է, իսկ սովետականը, նորը՝ արևելահայերենի, և դրանով պատրանք ստեղծեն, թե խնդիրը մասնագիտական-լեզվաբանական է, հետևաբար դրանով զբաղվելը մասնագետ-լեզվաբանների մենաշնորհն է:

Բայադյանը եզրակացնում է. «Ցավոք, կրկին գաղափարական հրամայականներն են, որոնք ավելի շատ դեր են խաղում, քան մասնագիտական, որովհետև դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր լեզվաբանությունից շատ հեռու են և որոնք ունեն քաղաքական նպատակներ՝ մի ազգ, մի ժողովուրդ»:

Ուրեմն, երկու մտավորականները սխալվում են, իրականում արևելահայերենն ու արևմտահայերենը չունեն յուրաքանչյուրն իրեն բնորոշ ուղղագրություն: Ուղղագրությունների տարբերությունը միայն քաղաքական է և որևէ առնչություն չունի լեզվավիճակների հետ: Սովետական ուղղագրությունը կիրառվում էր միայն սոցիալիստական ճամբարում՝ անկախ նրանից, լեզուն արևմտահայերե՞նն է, թե՞ արևելահայերենը:

Սփյուռքում սառը պատերազմի ընթացքում (մինչև 1990-ականները) սովետական ուղղագրությամբ երեք պարբերական է հրատարակվել, երեքն էլ` կոմունիստական, երկուսը՝ արևմտահայերեն, մեկը՝ արևելահայերեն:

Մեկը Բուլղարիայի գաղութում. այնտեղ ավանդաբար գրել են դասական ուղղագրությամբ, սակայն սոցիալիստականացումից հետո՝ 1945-ից, արևմտահայերեն սկսեց հրատարակվել «Երևան» շաբաթաթերթը՝ սկզբում դասականով, ապա փոխվեց սովետական ուղղագրության: Երկրորդը՝ Ռումինիայում, որտեղ նույնպես ավանդաբար գրել են դասական ուղղագրությամբ, և այնտեղ էլ սոցիալիստականացումից հետո՝ 1951թվականից, սկսում է հրատարակվել արևմտահայերեն, սովետական ուղղագրությամբ «Նոր կյանք» ամսաթերթը: Երրորդը Թեհրանի թուդեականների (խիստ պրոսովետական կոմունիստներ) «Փյունիկ» թերթն էր՝ արևելահայերեն, սովետական ուղղագրությամբ (1979-1993):

Արևմտահայերեն սովետական ուղղագրությամբ տպվում էր Սոֆիայում «Երևան» շաբաթաթերթը

Սոցիալիստական ճամբարից դուրս Սփյուռքում ընդամենը մի գիրք է տպվել արևմտահայերեն սովետական ուղղագրությամբ` Սիրիայում 1947-ին Զարեհ Մելքոնյանի «Ջրհեղեղից հետո» բանաստեղծությունների ժողովածուն (գրված Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի ու ներգաղթի ոգևորության օրերին)[4]: Հեղինակը հետագայում հրաժարվել է այդ ուղղագրությունից ու շարունակել գրել դասականով:

Սառը պատերազմի ընթացքում իր բազմաթիվ քաղաքական հակասություններով, նույնիսկ մի պահ արյունահեղության հասնող ներքին թշնամություններով՝ Սփյուռքը մի հարցում միասնական եղավ՝ դասական ուղղագրության հարցում. Սփյուռքի բոլոր թևերը՝ առաջադիմական ու ռամկավար, դաշնակցական ու հնչակյան, էջմիածնական ու Անթիլիաս, կաթոլիկ ու բողոքական, արևելահայ ու արևմտահայ, բոլորը միասնական էին ուղղագրության հարցում:

Բուխարեստում տպվում էր արևմտահայերեն սովետական ուղղագրությամբ «Նոր կյանք» ամսաթերթը

Երկու-երեք բացառությունները հանած՝ ամբողջ Սփյուռքը գրում էր դասական ուղղագրությամբ՝ արևմտահայախոս հատվածը՝ արևմտահայերեն դասական, արևելահայախոս հատվածը՝ Պարսկաստանի հայկական գաղութը, Հայաստանի առաջին հանրապետության վտարանդիները, նաև Սովետական Հայաստանից փախստականները՝ արևելահայերեն դասական:

Ինչպես երևում է, նոր ուղղագրությունը ոչ մի կապ չունի լեզվական տարբերությունների հետ, նրա կիրառումը բացառապես կապված է քաղաքականության հետ՝ որտեղ Սովետ, էնտեղ նոր ուղղագրություն, և հետևաբար այդ ուղղագրության միակ ճշգրիտ անվանումը սովետականն է:

Բայադյան-Մարտիրոսյան զրույցը կարծես արձագանքն է 1922 թ. սովետական կարգերի քաղաքականության, որը Հայաստանում ուղղագրությունը փոխելով ևս մի հարվածով խորացրեց հայ ժողովրդի տարանջատված հատվածների ճեղքը:

Սոցիալիստական ճամբարից դուրս արևմտահայերեն սովետական ուղղագրությամբ տպված մեզ հայտնի միակ գիրքը՝ Զարեհ Մելքոնյանի «Ջրհեղեղից հետո», որ խիստ պրոսովետական է: Նկարում` Ստալինին նվիրված բանաստեղծությունը

Ինչո՞ւ էր արվում այդ փոփոխությունը. քաղաքական խնդիր լուծելու համար՝ հայ ժողովրդի մի հատվածը առանձնացվում էր մյուսից, որ Սովետում մնացածին դարձնեն սովետական ժողովուրդ:

Մարտիրոսյանը գրում է այն նույն տեքստում. «Ասում են, թե քսանականների ուղղագրական ռեֆորմը մեծ դավադրություն էր, որի նպատակն էր աստիճանաբար դուրս մղել հայկական տառերը և անցնել լատինական այբուբենի: Ես չեմ ուզում քննարկել` դա արդյոք այդպես է, թե ոչ: Դա հիմա էական չէ: Էականն այն է, որ հիմա այդ հարցը ուղղագրության հետ կապ չունի»:

Կրկին քաղաքականությունից խուսանավելու, ուղղագրության խնդիրը դրանից հեռացնելու փորձ, թե իբր ասում են, չգիտենք՝ այդպե՞ս է եղել, թե՞ չէ, ուրեմն, էդ հարցը փակենք: Ուրեմն, ոչ թե «ասում են…», այլ իրապես այդպես է եղել: Ռաֆայել Իշխանյանը փաստում է մի շարք հոդվածներում, նաև «Վերացնել ուղղագրական բռնադատումը» հոդվածում.

«1919 թ. Պողոս Մակինցյանը հանդես եկավ հայոց լեզվի մաշտոցյան տառերը լատինականով փոխարինելու առաջարկով: Նա այն կարծիքին էր, որ հայկական տառերը տգեղ են և անհեռանկար: Երբ 1921 թ. սեպտեմբերին նշանակվեց Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ, նա գործի անցավ լատինատառ հայերենի իր ծրագիրն իրականացնելու համար: Նա որոշեց, ինչպես ինքը, Մակինցյանն է գրել, լատինատառ հայերենին անցնել երկու փուլով. առաջին՝ ասպարեզից հանել հայ դասական ուղղագրությունը և այժմ մի հնչյուն մի տառ սկզբունքով գործածել մաշտոցյան տառերը, ապա երկրորդ փուլով մաշտոցյան տառերը փոխարինել լատինական տառերով: Առաջին փուլն իրականացնելու համար նա և Հայաստանի այն ժամանակվա կոմկուսի առաջին քարտուղար Ա. Հովհաննիսյանը Աբեղյանից պահանջեցին նրա կազմած ուղղագրության փոփոխության նախագիծը: ………Ժողկոմխորհը 1922-ի մարտի 4-ի նիստում հաստատել է Աբեղյանական ուղղագրությունն իբրև օրենք (դեկրետ) և հանձնարարել կիրառելու: Նիստում ներկա եղածները հիմնականում քաղաքական գործիչներ են եղել (Մակինցյանից բացի նաև՝ Ա. Նուրիջանյան, Հ. Կոստանյան, Ա. Շահվերդյան և ուրիշներ), ըստ տեղեկությունների, քվեարկողների մեջ եղել է մի ռուս գործիչ (Մոսկվայից նոր ժամանած արտակարգ կոմիսարը), որը հայերեն բոլորովին չի իմացել: Այդ պայմաններում Մակինցյանի ներկայացրած ուղղագրությունն ընդունվել է մեկ ձայնի մեծամասնությամբ:

Հայ դասական ուղղագրության մերժումը ուղեկցվեց ջարդարարական աղմուկով. Հայաստանի թերթերում կազմակերպվեցին հոդվածներ, որոնցում դասական ուղղագրությունը և Մեսրոպ Մաշտոցը հայտարարվեցին հնացած, կղերամիտ, ռեակցիոն, քաղաքական մեղադրանքներով (հակահեղափոխական և այլն), պիտակվեցին դասական ուղղագրության հնարավոր պաշտպանները….

Նույն 1922 թ. Մակինցյանին ազատեցին Հայաստանի լուսժողկոմի պարտականությունից և ուղարկեցին դիվանագիտական աշխատանքի, ու այդ պատճառով լատինատառ հայերենի անցնելու երկրորդ փուլը չիրականացավ: Ինքը` Մակինցյանը, արդեն 1924 թ. գրում է. «Անձամբ ես ոչ մի դեպքում ոչ մի ձայն չէի տա այդ ռեֆորմին, այլև չէի առաջարկի ժողկոմխորհին քննության, եթե նրան չհամարեի մի աստիճան՝ դեպի լատինական գիրը անցնելու գործը դյուրացնելու համար: Եթե հայերենի ուղղագրության ռեֆորմին վիճակված է սառչել, մնալ կես ճանապարհին, այս դեպքում ավելի լավ կլիներ առանց այլևայլի դառնալ էլի հին ուղղագրության, որ Աբեղյանից առաջ առանց աղմուկի մի քանի հայ հեղինակների նախաձեռնությամբ բավական կանոնավորվել էր: Մենք կատարելապես համոզվեցինք, որ ընդունված ռեֆորմը մեզ խզեց, անջատեց արտասահմանի հայկական տարրերից: Հենց միայն այս հանգամանքը այնքան ծանրակշիռ է, որ հարկադրում է նոր ուղղագրությունը վերացնելու մեջտեղից», և ապա՝ «Մեր տոնը ամենևին մթագնած չենք լինի՝ խոստովանելով պայմանական անհաջողությունը ուղղագրական ռեֆորմի գործում: Պայմանական ենք կոչում այս անհաջողությունը այն պատճառով, որ լատինական գրին անցնելու ժամանակ՝ այժմյան ուղղագրությունը կարող կլինենք համարել իբրև անցողական աստիճան: Որքան շուտ մենք արխիվ նետենք «Սահակ-Մեսրոպյան» անկյունավոր, տգեղ և աչքերի համար վնասակար այբուբենը, այնքան շուտ կազատվենք Աբեղյանի ուղղագրությունից: Եթե այս տեղի ունենա, Աբեղյանի ռեֆորմը իր դերը կատարած կլինի: Իսկ եթե Աբեղյանի ուղղագրությունը ընդունվել է «հավիտյանս ժամանակաց», սա կլինի բացարձակ հետադիմություն («Զարյա վոստոկա», 1924, N 140, «Մարտակոչ», 1924, N279):

……Նա ու նրա որոշ գործընկերներ այն խորը համոզումն ունեին, թե մի երկու տարուց կլինի համաշխարհային հեղափոխություն, ամբողջ աշխարհը կանցնի լատինական այբուբենի, ուստի, հայերը լավ կլինի առաջիններից լինենք» («Ավանգարդ», 1989, 12 հուլիսի):

Բայց Սովետում միայն հայերին չէր վերաբերում ուղղագրությունը փոխելու և լատինատառի կամ կիրիլիցայի անցնելու պարտադրանքը: Սովետական Միության ստեղծման առաջին տարիներին մշակվել էր քաղաքականություն, որ սովետական բոլոր ժողովուրդները մի այբուբենով գրեն, սկզբում դա լատինատառն էր, ապա դարձավ կիրիլիցան:

Արշակ Մադոյանը «Հայագիտության դասականները միասնական ուղղագրության մասին» գրքում գրում է.

«Ի դարի 20-ական թվականների սկզբին բոլշևիկները նախաձեռնեցին «կուլտուրական հեղափոխություն»` ձգտելով «համատարած գրագիտության» պատրվակով խորհրդային բոլոր ազգերին ու ցեղերին պարտադրել լատինական այբուբենը, դա նկատելով անցումային շրջան՝ վերջնականապես ռուսականի որդեգրվելու ծածուկ հեռանկարով: ….1934 թ. նոյեմբերի 20-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ կուլտպրոպ բաժնի վարիչ Ա. Ստեցկինը զեկուցում էր Ստալինին ու Կագանովիչին, որ «կուլտպրոպը լատինականացման կոմիտեին խստիվ հանձնարարել է ոչ մի դեպքում չլատինականացնել այն ժողովուրդների այբուբենը, որոնք ընդունում են ռուսերեն գրերը…

Խորհրդային երկրով մեկ գործում էին«հանձնաժողովներ» ու «Կենտկոմներ» բոլոր ազգությունների լեզուների համար: Գործը համեմատաբար դյուրին էր սեփական գիր ու գրականություն չունեցողների՝ ադըղեների, ադրբեջանցիների, կարակալպակների, ինգուշների… հարցում: Սրանք գործածում էին արաբական այբուբեն և բավական սահուն կերպով անցում կատարեցին լատինատառ այբուբեն, ճիշտ է` խուլ դժգոհություններով: Կարճ ժամանակում լատինական այբուբենին անցած ազգությունների թիվը հասավ մի քանի տասնյակի:

1936 թ. մայիսի 15-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղարներ Անդրեևին ու Եժովին իրազեկում էին Նոր այբուբենի համամիութենական կոմիտեից. «Ընթացիկ տարվա սկզբին արդեն ստեղծված են եղել 17 այբուբեն՝ արաբական գիրն օգտագործող ժողովուրդների համար, և դրանով իսկ նշանակալիորեն հեշտացվել է այդ ժողովուրդների մասնակցությունը սոցիալիստական շինարարության ասպարեզի մեջ: Առ այսօր Սովետական Միության մեջ ստեղծված է 68 լատինացված այբուբեն»[5]:

Հետո, այս բոլոր լատինատառ այբուբենները հերթով դառնում են կիրիլիցա.

«Ռուսական այբուբենն ընդունել են 1938-ին՝ ադըղեները, բուրիաթները, ինգուշները, հյուսիս-օսերը, 1939-ին` կազակ-թաթարները, ադրբեջան-թաթարները, 1940-ին` թաջիկները, թուրքմենները, կարակալպակները, ղազախները, ուզբեկները: Բ աշխարհամարտից հետո 1946-ին կիրիլիցան ընդունել են քրդերն ու օդերը, 1954-ին` աբխազները և այլն»[6]:

Շատ ժողովուրդներ քսան տարվա մեջ երկու անգամ այբուբեն փոխեցին, ինչպես, օրինակ` ադրբեջանցիները՝ արաբատառից անցան լատինատառի, ապա կիրիլիցայի, իսկ 1991թ. անկախացումից հետո երրորդ անգամ փոխեցին՝ կրկին անցնելով լատինատառի:

Բայադյանն ու Մարտիրոսյանը այս տապալված նախագծի՝ սովետական ժողովրդի կերտման քաղաքականության պտուղներն են օգտագործում արդեն իրենց գաղափարների համար, որը Հայաստանակենտրոն տարածքային նեղ նացիոնալիզմն է՝ հայ ժողովուրդն այն է, որ Հայաստանի հողի վրա է՝ պետության ներքո, Սփյուռքը ժողովրդի գոյության ձև չէ:

Սփյուռքի արևելահայախոս հատվածը գրում է դասական ուղղագրությամբ արևելահայերեն: Թեհրանի «Հանդէս» պարբերականի էջեր

Հողից դուրս ուրիշ միասնությունը պատրանք է. Բայադյանն ասում է՝ «Իմ տպավորությունը կոնկրետ միասնական ուղղագրության ջանքերի և պայքարի մասին, դրանք գաղափարախոսական ազդակներից են գալիս՝ մի ազգ, մի մշակույթ, մի լեզու, որը նման է կորուսյալ դրախտի որոնումներին, միացյալ հայության պատրանքը»:

Այսինքն` միասնությունը միայն հողի վրա է հնարավոր, իսկ քանի որ անհնար է Արևմտյան Հայաստանի միավորումը, ապա միասնական հայության գաղափարը պատրանք է: Հող-հայրենիքից դուրս միասնությունը հողային նացիոնալիզմը չի ճանաչում: Մարտիրոսյանն էլ ասելով՝ «ես սիրում եմ արևելահայերենը, ինչպես որ կա, ու մեր ազգային ինքնությունը», ազգային ինքնությունից դուրս է թողնում արևմտահայերենն ու Սփյուռքը:

Եվ մի՞թե բաժանված հատվածների միացման ձգտումը պատրանք ներկայացնելը ու գնալով ավելի թուլացող հույսերը հանգցնելը չի ծառայում այդ կացնային բաժանման քաղաքականությանը՝ թուրքերի կողմից ոչնչացման, Սովետի կողմից պառակտման:

Այսպիսով, ուղղագրությունների շփոթությունը մի նպատակ էլ ունի` ներկայացնել, թե դասական ուղղագրությունը արևմտահայերի գործն է, մենք՝ արևելահայերս, ինչո՞ւ պիտի դրանով հետաքրքրվենք, մենք մեր լեզուն ունենք՝ արևելահայերենը, ու մեր ուղղագրությունը՝ նորը, ձեռք չտաք:

Այսինքն` քանի որ Բայադյանն անհնար է համարում Արևմտյան Հայաստանի տարածքի վրա հայկական պետության տարածումը՝ կորուսյալ դրախտի որոնումը, ուրեմն այլ տիպի միասնությունը՝ ոչ հողայինը, պատրանք է համարում: Հետևաբար, միայն Արևելյան Հայաստանի հողի վրա կա հայ ժողովորդ, ուրեմն միայն այստեղ գործող ուղղագրությունն է պետք օգտագործել:

Ակնհայտ է այստեղ գիտության քաղաքականացվածությունը. ինչպե՜ս են երկու գիտնականներ, իրենց քաղաքական համոզմունքներից ելնելով, «դզում» ուղղագրության խնդիրը այնպես, որ թվա, թե այն զուտ լեզվական՝ արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերություն է: Հատկանշական է, որ հենց այս նույն երկու գիտնականները ամբողջ հաղորդման ընթացքում խոսում են գիտությունը քաղաքականացնելու դեմ, և երբ երևում է, թե ո´րն է գիտության քողի տակ նրանց թաքնված քաղաքականությունը, հասկանալի է դառնում, որ նրանք քաղաքական պայքար են տանում:

Ինչպես Էդվարդ Սայիդն է գրում «Օրիենտալիզմի» նախաբանում.

«ճշմարիտ» գիտելիքի արմատապես ոչ քաղաքական լինելու (և հակառակը` բացահայտորեն քաղաքական գիտելիքի «ճշմարիտ» գիտելիք չլինելու) մասին ընդհանուր լիբերալիստական համաձայնվածությունը շղարշում է գիտելիքի ստեղծման ժամանակ ձեռք բերվող լավ (թեպետև աննշմարելի ձևով) կազմակերպված քաղաքական հանգամանքները»։

Ահա թե ինչու դասական ուղղագրության վերականգնման ձգտումները թշնամանքով են ընդունվում, և հողային նեղ նացիոնալիզմը քողարկում են այն պնդումով, թե մասնագետները պետք է զբաղվեն ուղղագրությամբ:

Դ.

Մարտահրավեր միասնությանը. ՄարտիրոսյանԲայադյան զրույցը

 

«Լեզուն չի պատկանիր լեզուաբաններուն, ինչպէս պատմութիւնը չի պատկանիր պատմագէտներուն»,- ասում է Մարկ Նշանյանը:

Ինչպես Թուրքիան է պահանջում ցեղասպանության հարցը թողնել միայն պատմաբաններին, նաև՝ Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի դեմ ելույթ ունեցողները պնդում են, թե դա կկաշկանդի պատմաբանների աշխատանքը, այնպես էլ սովետական ուղղագրության կողմնակիցներն են պնդում, որ ուղղագրական խնդրով միայն մասնագետ լեզվաբանները պետք է զբաղվեն: Երկուսն էլ քաղաքականություն են, սակայն երկուսն էլ այն քողարկում են գիտության անվան տակ: Այդ «գիտականության քաղաքականությունը» հարցը փակելու ճանապարհ է՝ պատմությունը տալիս ես պատմաբաններին, ուղղագրությունը՝ լեզավաբաններին, ու նրանք անվերջանալիորեն քննում են դրանք: Ու հարցը այլևս լուծում չի ստանում՝ ցեղասպանությունը չի ճանաչվում, դասական ուղղագրությունը չի վերականգնվում:

Կոստան Զարյանն էլ է քննադատում այն մտայնությունը, թե ուղղագրությունը լեզվաբանների մենաշնորհն է.

«Ուղղագրական խնդիրը ընդհանուր մշակութային խնդիր է, միանգամայն կապված մեր մտային և հոգեկան կյանքի ընթացքի հետ, և սխալ է նրան անջատել և տալ մասնագիտական և արվեստային բնույթ, ինչպես արած են մինչև հիմա այդ հարցի շուրջը գրողները։

Ու նաև ձգտումը դեպի ձայնական ուղղագրությանը։ Ուղղագրությունը համարում են իբրև միջոց և ոչ նպատակ։ Այդ միջոցը պետք է դյուրացնել։ Պետք է լեզուն դարձնել որոշ անհրաժեշտ նշանների արտահայտական ձև, փշրել նրա զարգացման բնականոն ընթացքը, խառնել, աղավաղել և դատարկել իր պատմական բովանդակությունից։ Ազգային մշակութային և դարավոր հոգեկան աշխատանքի արդյունքը վերածել փողոցային նախնական արտահայտությունների միջոցի։

Հայերեն լեզվի առնվազն քսան դարվա պատմությունը, հարստությունը, գեղեցկությունը, ահավասիկ միանգամայն ջնջված է։ Եվ տեսեք, ինչպես հանուն «լույս»-ի կարելի է գլխով և ոտքով գլորվել թանձր խավարի մեջ» (ամբողջ նյութը այստեղ՝ «Ուղղագրության խնդրի առթիվ»

Հայաստանում լեզվաբան գիտնականների մեջ տարակարծություն չկա, կարծես թե նրանք բոլորը դեմ են դասական ուղղագրությանը (համենայնդեպս, այդպես էր հորս կենդանության օրոք):

Մարտիրոսյանի ու Բայադյանի միտքը, թե ուղղագրությունը մասնագետների մենաշնորհն է, իսկ մասնագետն էլ ներկայացնում է, թե պետք է մնա սովետական ուղղագրությունը, կարելի էր վիրավորանք համարել Սփյուռքի գիտնականների հանդեպ, եթե նրանք իրոք Հայաստանն ու Սփյուռքն իրար հետ կապ չունեցող միավորներ չհամարեին: Նրանք գիտե՞ն, որ Սփյուռքում էլ կան գիտնականներ, մասնագետներ, լեզվաբաններ և այլն: Գիտեն, թե ոչ` նշանակություն չունի, այդ հարցը իրենց չի հուզում, եթե կան էլ, այդ մասնագետները թող զբաղվեն միայն արևմտահայերենի խնդիրներով՝ «իրենց դասական ուղղագրությամբ»:

Սա տարածված մտայնություն է հայաստանյան լեզվաբանների շրջանում, գրեթե նույն կերպ ուղղագրության հարցը որպես միայն Սովետական Հայաստանին վերաբերող խնդիր ժամանակին հոդված է գրել լեզվաբան պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանը` «Հօգուտ արդի ուղղագրության» վերնագրով («Սովետական մանկավարժ», 1988, հ. 6): Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը, պատասխան է գրել. «Վերնագրից բնավ պարզ չէ, թե որն է հեղինակի դրույթը, ինչ է հասկանում արդի ուղղագրություն ասելով: Արդի, ինչպես հայտնի է, նշանակում է ներկայիս, այժմյան: Իսկ ներկայումս Խորհրդային Միության հայագիր հայությունը գործածում է 1922-1940 թթ. ուղղագրությունը, սփյուռքի հայությունը՝ մաշտոցյան կամ դասական ուղղագրությունը: Այսպես, մեր մեծարգո հեղինակը գրում է արդի մի ուղղագրության դեմ` պաշտպանելով արդի մյուս ուղղագրությունը» («Խորհրդային մանկավարժ», 1990, հ. 1):

Ուրեմն, երկրորդ անարդարությունը Բայադյան-Մարտիրոսյան զրույցի. հայրենիք կորցրած Սփյուռքի մերժումը և այն մասնագետներին ու մտավորականներին անտեսելը, ովքեր պնդում են դասական ուղղագրության վերականգնման անհրաժեշտությունը:

Բոլոր լեզվաբանները, որոնց մեջ նաև Մարտիրոսյանն ու նրանց միացած Բայադյանը, մասնագետ ասելով՝ նկատի են ունենում միայն Հայաստանի լեզվաբաններին, նրանք Սփյուռքի գիտությունը չեն ճանաչում, քանի որ Սփյուռքը «հողի» մաս չի կազմում (Բայադյանն ու Մարտիրոսյանը մասնագետ ասելով, փաստորեն, միայն նկատի ունեն նրանց, ովքեր սովետական ուղղագրությունն են պաշտպանում, իսկ այն պաշտպանում են միայն Հայաստանի լեզվաբանները):

Ահա թե ինչու հորս մահից 18 տարի անց շարունակում են նրա դեմ կատաղած ելույթներ ունենալ ու հերյուրանքներ տարածել, քանի որ Հայաստանում դասական ուղղագրության պաշտպանների մեջ միակ լեզվաբանը Ռաֆայել Իշխանյանն էր: Նա քանդում է այդ պնդումը, թե Հայաստանի մասնագետները դեմ են դասական ուղղագրությանը, ու ահա թե ինչու նրան որպես մասնագետ ոչնչացնելու համար հեռացրեցին համալսարանից:

Հայրս մինչև հիմա հանգիստ չի տալիս նրանց:

Հորս դեմ գրողների ցուցակը ավելացնում եմ ևս մեկով, 76-րդ՝

Լեզվաբան, պրոֆեսոր Արտաշես Պապոյանը 2013-ին «Հայերենի արդի ուղղագրության հիմնախնդիրը» տեքստում գրում է.

«Կան գրագետներ, որոնք հարցի պատմությանը ծանոթ չեն կամ քիչ են ծանոթ, այն էլ առավելապես ժամանակին ոչ անհայտ մատենագետ-գրականագետ-լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի ռադիո-հեռուստաելույթներից ու հոդվածներից, որոնք, սկսած 1980-ական թթ. վերջերից, ընդհուպ մինչև իր մահկանացուն կնքելը հնչել են եթերում, հեղեղել հանրապետության կենտրոնական, նաև շրջանային ու գերատեսչական գրեթե բոլոր թերթերի էջերը:

Ավելորդ չենք համարում նշել, որ Ռ. Իշխանյանը մինչև այդ ելույթները, երբ դեռ աշխատում էր ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում և այն ժամանակվա մեր ընկերն ու գործընկերն էր, նոր՝ աբեղյանական ուղղագրության մոլի պաշտպանն էր և իր իսկ մշակած եղանակներով ու մեթոդներով ուսանողներին հիանալի ուսուցանում էր այդ ուղղագրության հիմունքները. ամեն տարի հրատարակում ու վերահրատարակում էր մի փոքրիկ, կարելի է ասել՝ գրպանի գրքույկ՝ «500 բառ» խորագրով, որով ուսանողները (նաև ուսուցիչներն ու աշակերտները, ընդհանրապես հայերենի ուղղագրությունը սովորել ցանկացողները) հեշտությամբ յուրացնում էին դժվար գրություն ունեցող բառերի ուղղագրությունը, դրանով նաև՝ ընդհանրապես նոր ուղղագրության կանոնները:

Փոխվեցին ժամանակները, փոխվեց երկրի քաղաքական իշխանությունը, եկան նոր բարքեր: Հայտնի պատճառներով Ռ. Իշխանյանը դուրս եկավ համալսարանից, բայց նրա լեզվի ու բազկի զորությունը բնավ չնվազեց: Նոր ուղղագրության երբեմնի ջատագովն ու մունետիկը դարձավ այդ նույն ուղղագրության երդվյալ թշնամին:

Եվ սկսվեց խաչակրաց արշավանքը նոր ուղղագրության դեմ, ու այդ արշավանքի գլխավոր դրոշակակիրը դարձավ նույն ինքը՝ Ռ. Իշխանյանը»:

Բացարձակ հերյուրանք, հայրս երբեք աբեղյանական ուղղագրության պաշտպան, այն էլ` մոլի, չի եղել, Պապոյանը ոչ մի հղում չի կարող ցույց տալ: Այն հանգամանքը, որ Իշխանյանը լեզվաբան էր և իր ուսանողներին ուսուցանում էր գործող ուղղագրությունը, նրա` բարեխիղճ դասախոսի բնութագիրն է ցույց տալիս և ոչ թե այդ ուղղագրության մոլի պաշտպանությունը: Պապոյանը ասում է, թե իբր հայրս Ղարաբաղյան շարժման և Սովետական Միության փլուզման ժամանակներին հարմարվելով սկսեց պաշտպանել դասական ուղղագրությունը: Մեկ այլ սուտ: Մինչև «ժամանակների փոխվելը»՝ դեռ 1982 թվականին, «Երևանի համալսարան» հանդեսի թիվ 1-ում Ռաֆայել Իշխանյանը «Մեր ուղղագրական հիմնահարցը» հոդվածում դեմ է արտահայտվում նոր ուղղագրությանը: Այս հոդվածը հաջորդ տարի՝ 1983-ին, արտատպում են Սփյուռքի` իրար թշնամի երկու թերթեր՝ Բեյրութում դաշնակցական «Ազդակը» (մարտի 17) և Լոս Անջելեսի առաջադիմական «Լրաբերը» (26 փետրվար), նաև առանձին գրքույկով հրատարակվում է Նոր Ջուղայում: Մի մեջբերում այդ հոդվածից, հատուկ այն մասը, ուր մեջբերված է Հովհաննես Թումանյանի վրդովմունքը.

«1922-ին այդ համակարգը արմատապես փոխելու առաջարկներից մեկին օրենքի ուժ տրվեց, առանց այլ կարծիքներ հաշվի առնելու: Առանց նույնիսկ հայ մշակույթի հայտնի նշանավոր դեմքերի տեսակետները լսելու: Հայտնի է, որ ուղղագրական այդ փոփոխությանը կտրականապես դեմ էր հայ մտավորականների ավելի քան իննսունինը տոկոսը, այդ թվում` Հ. Թումանյանը, Ե. Օտյանը, Ա. Իսահակյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Թեքեյանը, Ա. Շիրվանզադեն, Ս. Մալխասյանը, Հ. Աճառյանը, Ն. Ադոնցը, ժամանակի բոլոր Մխիթարյանները և ուրիշներ: Բերում ենք միայն Հ. Թումանյանի բնութագրումը.

«Հայաստանի լուսժողկոմը դեկրետ է հանել փոխելու հայ լեզվի եղած ուղղագրությունը և ընդունելու պրն. Մ. Աբեղյանի առաջարկը: Ես որպես հայ գրող և գրողների միության նախագահ՝ գալիս եմ հայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վարմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարևոր խնդրում:

Պրն. Մ. Աբեղյանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ: Շատ լավ, բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղի՞ց է իմացել, թե պրն. Աբեղյանը, և ինքը լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննության ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել և տպագրել:

Եվ ի՞նչ կարծիք ունի լուսժողկոմը հայ գրողների, հայ բանասերների, մանկավարժների ու հրապարակագիրների վրա: Նա կարծում է, թե հայոց լեզվի խնդիրներում կարելի է նրանց արհամարհել և արհամարհել:

Ճշմարիտ որ զարմանալի է:

Պրն. Աբեղյանի առաջարկը ընդունելի է թե չէ, դա դեռ քննելիք խնդիր է, երբ դա քննելիք խնդիր է, հետևաբար լուսժողկոմի հրամանը անընդունելի է, և եթե էսպես է, ապա նրան՝ լուսժողկոմին մնում է ուղղել իր արած սխալը, ետ վերցնել իր կարգադրությունը, խնդիրը համարել բաց և դնել քննության» (Հ. Թումանյան, Երկերի ժողովածու», հտ. 6, 1959, էջ 158)»:

Դաշնակցական «Ազդակ» օրաթեթի 1983 թ. մարտի 17-ի համարում արտատպված Ռաֆայել Իշխանյանի «Մեր ուղղագրական հիմնահարցը» հոդվածը

Եվ հորս նույն հոդվածից մի կարևոր մեջբերում ցույց տալու համար, որ իրարից անկախ երեք հոգի՝ Կոստան Զարյանը, Մարկ Նշանյանը և Ռաֆայել Իշխանյանը, գրեթե նույն բանն են ասում՝ որ ուղղագրությունը լեզվաբանների մենաշնորհը չի.

«Հայերենի ուղղագրական հիմնահարցը միայն փոքր չափով է լեզվաբանական, շատ ավելի մեծ չափով այն ընդհանուր մշակութային, նաև հասարակական-ընկերային, ինչպես և մանկավարժական հարց է, և մեծ սխալ է եղել, որ վերջին տասնամյակներում մեզանում այդ հարցի գլխավոր իրավասուները լեզվաբաններն են համարվել»:

Դասական ուղղագրության վերականգնման վերաբերալ Իշխանյանի հաջորդ հրապարակումը էլի մինչև, Պապոյանի ասած, «ժամանակների փոխվելն» է եղել. 1986 թվականին Բեյրութի «Զարթոնք» շաբաթաթերթի ապրիլի 17-ի համարում հայրս հարցազրույց է տվել՝ խոսելով դասական ուղղագրության վերականգնման անհրաժեշտության մասին (իսկ հարցազրույցի տակ նշված է, որ այն արվել է 1985-ին): Հենց այս հարցազրույցի պատճառով էլ նրան կանչում են ռեկտորատ: «Դասական ուղղագրության վնասները» պատմության մեջ հայրս նկարագրում է.

«- Ո՞վ է ձեզ թույլ տվել արտասահմանյան թերթին նյութ ուղարկել,- խստաձայն հարցրեց պրոռեկտորը:

Ապշեցի՝ ի՞նչ նյութ, ի՞նչ արտասահմանյան թերթ: Դա ի՞նչ նորություն է:

– Ես արտասահմանյան որևէ թերթի նյութ չեմ ուղարկել:

– Դուք Բեյրութի «Զարթոնք» թերթին նյութ չե՞ք ուղարկել:

– Ոչ:

– Ուղղագրության մասին,- ճշտեց ամբիոնի վարիչը:

Ուրեմն, նա գիտեր, թե ինչու են ինձ կանչել ռեկտորատ: Քիչ հետո պարզվեց, որ բանասիրականի տնօրենն էլ գիտեր:

Հիշեցի թղթակցի հետ ունեցածս հանդիպումը և պատմեցի եղածը:

– Մի՞թե տպվել է պատասխանս: Անկեղծ եմ ասում՝ չգիտեի:

Բոլորը զայրացած սկսեցին նախատել ինձ:

– Դուք չգիտե՞ք, որ արտասահմանյան թղթակիցների հարցերին կարող եք պատասխանել միայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո,- հարցրեց պրոռեկտորը:

– Չգիտեի: Բայց դրանում ի՞նչ կա որ: Էդուարդ Աղայանն էլ է նույն թղթակցի միևնույն հարցերին պատասխանել: Հիմա ինչո՞ւ եք ինձ մեղադրում,- ուզում էի ասել, եթե ակադեմիկոսն էլ է նույն բանն արել, ուրեմն ի՞նչ վատ բան կա դրանում:

– Այո, Աղայանն էլ է պատասխանել,- բղավեց ամբիոնի վարիչը,- բայց նա պաշտպանել է սովետական ուղղագրությունը, իսկ դու՝ հակասովետական ուղղագրությունը» (Ռաֆայել Իշխանյան, «Իրական պատմություններ», Երևան, 2004):

Լոս Անջելեսի առաջադիմական «Լրաբեր» եռօրյա թերթի 1983 թ. փետրվարի 26-ի համարում արտատպված Ռաֆայել Իշխանյանի «Մեր ուղղագրական հիմնահարցը» հոդվածը

Բանասիրականի տնօրենը գրականագետ Գառնիկ Անանյանն էր, իսկ ամբիոնի վարիչը լեզվաբան, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանն էր, ով հորս դեմ գրողների ցուցակում 77-րդն է դառնում իր՝ «Հայերեն ուղղագրության հարցերը հայագիտության և գրականության դասականների քննությամբ» (2004) գրքով:

Բարսեղյանը իր գրքում հայհոյական ու վիրավորական արտահայտություններով է պայքարում արդեն հանգուցյալ Իշխանյանի դեմ.

Իշխանյանը «Վաղ թե ուշ պետք է անցնենք դասական ուղղագրության» («Հայրենիքի ձայն», 1989, հոկտեմբերի 25) գրության մեջ գրել է. «Ձեռքիս է Ե. Չարենցի արտահայտած բոլորովին հակառակ կարծիքը, այն էլ Մ. Աբեղյանի հասցեին թույլ տված այնպիսի խոսքով, որ հոդվածում անկարելի է բերել»:

Բարսեղյանը պատասխանում է. «Պարզ չէ, որ բանաստեղծը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել, և նրա այդ «խոսքը» իբրև գրավոր փաստարկ բերողը պիտի ամաչի: Չարենցը մի ժամանակ Աստված և Հիսուս է այպանել, ապա դարձի գալով Նրանցից ներում է խնդրել, զղջման ու մեղայական երկեր գրել: Ուրեմն, ոչ ոք իրավունք չունի իր անբարո վարքագծով մեծերի կենսագրությունը փորփրել»: Այսպես Բարսեղյանը Իշխանյանին անվանում է անբարո, միայն նրա համար, որ Չարենցի մի խոսքի մասին է խոսում, որը նույնիսկ չի մեջբերում: Բայց եթե բարոյականության սկզբունքներով գործունեությունը չափվի, ապա տեսնենք, թե ով է Բարսեղյանը: Նա իր ողջ կյանքը եղել է իշխանության կողքին, իշխանության պահակը, ինչպես, օրինակ` ուսանողական ընդվզումները ճնշելիս (աչքիս առաջ է` 1984 թե 1985-ին, երբ ռուսաց լեզվով դասավանդնվող բաժինների ուսանողների թոշակները բարձրացրել էին, իսկ հայկականներինը թողել նույնը, բանասիրականի ուսանողները բողոք կազմակերպեցին ընդդեմ խտրական վերաբերմունքի՝ ոտքի հանելով ամբողջ համալսարանի ուսանողությունը, և Բարսեղյանն էր  ձիգ կեցվածքով(շատ նման գեստապոականի) լուտանքներ թափեց ուսանողների գլխին  ճնշելով շարժումը): Նա կյանքի ամբողջ կարիերան արել է կոմունիստական կուսակցության անդամ լինելու շնորհիվ, մի կուսակցության, որը «այպանում էր Հիսուս և Աստված», դարձել է բանասիրության ֆակուլտետի դեկան, հայոց լեզվի, ապա` հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, իսկ երբ կոմկուսը իշխանությունից զրկվեց, Բարսեղյանը կրկին նոր իշխանության կողքին է, միանգամից հարմարվեց հետսովետական «հոգևոր» մթնոլորտին` դառնալով Հիսուսի ու Աստծո պաշտպան ու ստանալով արդեն նոր իշխանությունից Հայաստանի նախագահի մրցանակը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Մովսես Խորենացու մեդալը: Այսպիսի վարքագիծ: Բայց բանավեճում բարոյականություն խաղացնելը իշխանության պահակների զենքն է, մյուսը՝ փաստերի խեղաթյուրումները:

Այսպես, Բարսեղյանը ասում է, թե Չարենցը հայհոյական խոսք է գրել Աբեղյանի հասցեին ոչ թե ուղղագրությունը փոխելու համար, այլ որ Աբեղյանը Քուչակին սովորական աշուղ է համարել. «Չարենցը «գլուխը տաք» պահերից մեկում հիշելով իր «…Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա» տողը և Աբեղյանի՝ Քուչակը մի սովորական աշուղ, իսկ նրա երկերը ժողովրդական ստեղծագործություն համարելու կարծիքը, գիտնականի հասցեին անվայել բան է գրել»: Իսկական խեղաթյուրում:

Արշակ Մադոյանը նույնպես անդրադառնում է այս բանավեճին, որ հնարավոր չէր Աբեղյանին հայհոյեր մի բանի համար, որ ինքը գնահտում է.

Հասել են տաղեր գուսանական,

Հայրեններ ռամիկ ու ռամկական

Եվ անտունիներ թափառական…

Սակայն Մադոյանն այդպես էլ չի մեջբերում, թե Չարենցն ինչ է գրել:

Այժմ արդեն ստիպված պետք է ես մեջբերեմ Չարենցի խոսքը.

1937 թ. իր տետրակներից մեկում  Չարենցը դատողություններ, նշումներ է անում թվերի վերաբերյալ և բառացի գալիս հետևյալ եզրակացության.

«Աբեղյանը քաքել է մեր թվերի վրա» (ԳԹԱ, Չարենցի ֆոնդ, թ.85, թերթ 27):

Չարենցի ձեռագիրը. Աբեղյանը քաքել է մեր թվերի վրա(ԳԹԱ, Չարենցի ֆոնդ, թ.85, թերթ 27)

Այսինքն` ուղղագրական ռեֆորմի պատճառով խաթարվել էր հայկական այբուբենով թվային կարգը: Նույն տետրում մեկ այլ էջում Չարենցը գրել է հայերեն այբուբենը մինչ աբեղյանական ռեֆորմը, որը ցույց է տալիս նրա համակրանքը դասական ուղղագրության նկատմամբ:

Ինչպես Հայկական լեռնաշխարհում հայերի ծագման տեսության, այնպես էլ դասկան ուղղագրության պաշտպանության դեմ թիրախը Ռաֆայել Իշխանյանն է: Արշակ Մադոյանը գրում է՝ «Բանավեճի մասնակիցներից շատերը անպայմանորեն ուզում են հարցի արծարծումը կապել Ռ. Իշխանյանի հետ և չեն կարողանում զսպելսեփական կրքերը, անձնական հակակրանքը, շատ հաճախ անցնում են քաղաքավարության սահմանները, մոռանալով որ զայրացած խոսելը իրավացի լինել չի նշանակում»[7]:

Չարենցը նույն տետրի 26-րդ թերթում գրել է մինչաբեղյանական հայոց այբուբենը((ԳԹԱ, Չարենցի ֆոնդ, թ.85, թերթ 26))

Ռաֆայել Իշխանյանը ուղղագրական ռեֆորմի բերած վնասն ամփոփում է այսպես.

«1922-40 թթ. Ուղղագրական կարգադրությունները, ջնջելով հայերենի դարավոր ավանդույթը, մեր գրավոր խոսքը հավասարեցրին 20-րդ դարում նոր միայն գիր ու գրականություն ստացող ժողովուրդների գրավոր խոսքի ուղղագրական մակարդակին» («Խորհրդային մանկավարժ», 1990, հ. 1):

Այսինքն` ինչպես գիր չունեցող ադրբեջանցիները իրենց հնչյունները հարմարեցրին սկզբում արաբական այբուբենին, ապա կիրիլյան գրերին, հետո` լատինականին, այնպես էլ Հայաստանում վարվեցին` այդ պահին խոսվող հայերենի հնչյունները հարմարեցնելով մաշտոցյան գրերին:

Դասական ուղղագրությունը վերականգնելուն դեմ Հրաչ Մարտիրոսյանի փաստարկներից մեկն այն է, թե անգրագիտությունը կշատանա, և սովետական ուղղագրությամբ գրված հսկայական ժառանգությունը դժվարամատչելի կլինի ընթերցողների համար («Դասական ուղղագրության հարցի շուրջ»): Ուրեմն, եթե ուղղագրության հարցում առաջնայինը անգրագիտությունը կանխելն է, ուղղագրությունը այն աստիճան հեշտացնելը, որ յուրաքանչյուր հնչյունը համապատասխանի «իր» տառին, ապա Մարտիրոսյանը նոր ռեֆորմի առաջարկ պիտի անի, որ բաղաձայնները ոնց լսվում են, այնպես էլ գրվեն՝ միրգ-միրք, բարձր-բարցր, վարդ-վարթ և այլն:

Հայրս բանասիրական ֆակուլտետի լեզվաբանների այս նույն փաստարկների դեմ գրում է. «Փաստն այն է, որ Երևանի, Շուշիի թեմական կամ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցները, Գևորգյան ճեմարանը և կամ նախքան 1922 թվականը եղած հայկական որևէ ուսումնական հաստատություն ավարտողների ուղղագրական միջին մակարդակը շատ ավելի բարձր է, քան այսօր մեր հանրապետության դպրոցների շրջանավարտների միջին մակարդակը: Մեկ անգամ խախտված ուղղագրական դարավոր մշակույթը ընդհանուրի ուղղագրական գրագիտության ցածր մակարդակի պատճառ է դառնում» («Խորհրդային մանկավարժ», 1990, հ. 1):

Մարտիրոսյանի և մյուս լեզվաբանների անհանգստությունները գաղափարական հզոր ներուժ ունեցող որոշումների առաջ վերանում են: Շատ ժողովուրդներ հանուն գաղափարի ոչ միայն ուղղագրություն, այլև այբուբեն են փոխում՝ չզգուշանալով, թե ինչպես պիտի ընթերցվի հին այբուբենով գրականությունը, կամ որ դա անգրագիտության կարող է բերել: Քաղաքական ուժերը այդ ժամանակ երբեք չեն հարցնում ինչ-որ լեզվաբանի, թե արդյոք արժի՞ փոխել: Թուրքիան արաբական այբուբենից հրաժարվեց ու անցավ լատինատառի, բայց դրանից հետո անգրագիտությունը ոչ միայն չշատացավ, այլև նվազեց, գրագիտությունը աճեց: Եվրոպական երկիր դառնալու ազգային ոգևորությունը իր հետ բերեց ոչ միայն տնտեսական հզորացում, այլև կրթական բարեփոխումներ:

Դասական ուղղագրության վերադարձն էլ հնարավոր է այնպիսի գաղափարական վերելքի պահին, որը իր հետ կբերի և՛ կրթական, և՛ տնտեսական բարեփոխումներ:

Իհարկե, այսօր դատարկվող երկրին և ուծացող Սփյուռքին միայն միասնական ուղղագրության գաղափարը քիչ բան կտա:

Բայադյանն ու Մարտիրոսյանը անհանգստանալու կարիք չունեն. հուսահատ ու կոտրված հոգիների երկրում, ուր քաղաքական ուժերի գաղափարախոսությունը միայն իրարից պատառ փախցնելն է դարձել, ակադեմիական շրջանակները անսասան կպահպանեն սովետական ուղղագրության դիրքերը:

***

Ղարաբաղում, հավանաբար 1978-ին: Իմ սլայդների արխիվից

Երբ լսում էի Բայադյանի ու Մարտիրոսյանի համերաշխ զրույցը՝ ընդդեմ դասական ուղղագրության վերականգնման և Հայկական լեռնաշխարհում հայերենի ծագման, նկատեցի, որ հորս հայացքների դեմ պայքարող սովետական վերնախավին փոխարինող նոր սերունդ է առաջացել:

Հայրս ամբողջ կյանքում պայքարի մեջ էր և հետևողականորեն պատասխանում էր բոլորին, այժմ նա չկա, ու ես ինձ պարտավորված զգացի նրա դիրքերը պաշտպանել` թեկուզ միայն իրականությունը ներկայացնելով:


[1] Երբ Tert.am-ի իմ բլոգում հրապարակեցի գրությանս առաջին տարբերակը, նշել էի, թե այս պահին չեմ կարող հիշել, թե որտեղ է Իշխանյանը գրել այս մասին: Մեկնաբանություններում Զավեն Զաքարյանը դրեց այս մեջբերումը՝ «Մեր ինքնության Գլխավոր նշանը» գրքից, որի համար շնորհակալ եմ նրան:

[2] Ընթերցողին չծանրաբեռնելու համար Աստուրյանի գրքից մեջբերման շարունակությունը դնում եմ որպես ծանոթագրություն.

«Իշխանյանը պնդում է, որ վաղ շրջանի հայերը նրանք են, ովքեր խոսել են հայերեն, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի հստակ սահմանված ճյուղ է հանդիսանում: Այսպիսով, հայերի, որպես առանձին էթնոլեզվական միավորման առաջացման բացահայտման լավագույն միջոցն է անդրադարձը հնդեվրոպացիների՝ էթնոլեզվական խմբերի բաժանման ժամանակահատվածին: Որոշ հնդեվրոպագետներ համարում են, որ ամենավաղ բաժանումը եղել է մ.թ.ա. 7-6-րդ դարերում, մյուսները՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակից սկսած: Այս կարծիքների հիման վրա Իշխանյանը գալիս է այն եզրակացության, որ հայ ժողովրդի ծագումը գալիս է ամենաքիչը մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակի ժամանակաշրջանից:

Բայց որտե՞ղ էր հնդեվրոպացիների նախահայրենիքը. հետևելով երկու նշանավոր լեզվաբաններ Վյաչեսլավ Իվանովին և Թոմաս Գամկրելիձեին` Իշխանյանն այն տեղադրում է Փոքր Ասիայի արևելյան մասում (Արևելյան Անատոլիա) և Կուր-Արաքս տարածքում կենտրոնացած Իրանի մասերում: Այսպիսով, խեթ-լուվիացիների, հնդ-իրանցիների և հույների պես հայերը էթնոլեզվական միավորներ էին, որոնք հնդեվրոպացիների բաժանումից հետո մնացին իրենց նախահայրենիքում կամ հեռու չգնացին այդտեղից: Հետևաբար հայերը այն տեղանքի տեղաբնիկներն էին, որը սկսեց կոչվել Հայկական բարձրավանդակ:

Չսահմանափակվելով միայն լեզվաբանական փաստարկներով` Իշխանյանը իր թեզի այլ ապացույցներ է ներկայացնում: Գանգերի մարդաբանական ուսումնասիրությունից նա մեջբերում է այն բացահայտումը, որ հայկական մարդաբանական տեսակը գոյություն է ունեցել Հայկական բարձրավանդակում դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Պատմական աղբյուրներում Հայաստանի մասին առաջին հիշատակումը նա գտնում է մ.թ.ա. 23-րդ դարի աքքադական արքայական մակագրության մեջ, որտեղ նշվում է «Արմանի» անունով մի երկիր: Նա քննադատում է հայ ականավոր պատմագետ Նիկոլայ Ադոնցին, Դյակոնովին և այլոց, ովքեր «միգրացիայի մոդելի նվիրյալներն էին», այն բանի համար, որ նրանք հայտարարում էին, որ Արմանին չէր կարող լինել Հայաստանը, քանի որ՝ ըստ նրանց, հայերը դեռևս չէին տեղաշարժվել Հայկական բարձրավանդակ: Իշխանյանը շարունակում է իր թեզը` նույնացնելով Հայաստանը Հայասայի հետ (մ.թ.ա. 15-13-րդ դդ.), որը հիմնվել է տարբեր ցեղային միավորումների ձուլման արդյունքում և գտնվել է Սև ծովով, Եփրատով, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճով սահմանագծված տարածքում՝ մի տեսակետ, որ հերքվում էր Հայաստանի ակադեմիական վերնախավի կողմից:

Եվ վերջապես, Իշխանյանը պնդում է, որ Ուրարտու անվանումը, որ առաջին անգամ հայտնվել է ասորական արքայական մակագրություններում (Ուրուատրի կամ Ուրուատրու ձևով) և տրվել է Վանա լճի շուրջ գտնվող այն տարածաշրջանին կամ ցեղամիավորմանը մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսին, վերաբերում է Հայաստանին և հայերին ): Հետագա Ուրարտու թագավորությունը և կայսրությունը, որն առաջացել էր մ.թ.ա. 9-րդ դարում և տևել է մինչև մ.թ.ա. 593 թ., Իշխանյանը դիտարկում է որպես որպես հայկական պետություն:

Իշխանյանի բոլոր մեկնաբանությունների էությունը այն է, որ հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկներն են, ովքեր շարունակաբար ապրել են այդտեղ ամենաուշը մ.թ.ա. 4-րդ, իսկ ամենավաղը՝ 6-րդ դարից ի վեր: Նրա բանավեճը ներառում է այն տեսակետը, որ հայերը պետական կազմավորման մի ձև են ունեցել դեռևս մ.թ.ա. 23-րդ դարից ի վեր: Ըստ Իշխանյանի` Հայաստանը երկրագնդի հնագույն ազգերին և պետություններին է պատկանում՝ մի փաստ, որ պետք է ոգեշնչի ազգային հպարտությունը: Այս տեսակետները մաղձոտ հակադարձություն առաջացրեցին՝ դառնալով պատմագիտական ամսագրերի և գրական շաբաթաթերթերի և ամսաթերթերի բազմաքանակ հոդվածների առարկա:

Իշխանյանի և այլ ռևիզիոնիստների դեմ առաջին խոշոր քննադատական հոդվածներից մեկը հայտնվեց «Պատմաբանասիրական հանդեսում», հոդվածի երեք հեղինակները՝ Բաբկեն Առաքելյանը, Գևորգ Ջահուկյանը և Գագիկ Սարգսյանը, բոլորը ճանաչված ակադեմիկոսներ, հերքում էին այն փաստարկը, որ Ուրարտական պետությունը հայկական պետություն էր, որ ուրարտացիները հայեր էին, և որ ուրարտական մշակույթը հայկական մշակույթ է: Մի կողմից նրանք պնդում էին, որ ուրարտացիների նյութական մշակույթն ու լեզուն տարբերվում էին հայկականից: Մյուս կողմից` նրանք պնդում էին, որ ուրարտացիները փոքրամասնություն կազմող վերնախավ էին մի պետության մեջ, որը կազմված էր տարբեր ցեղախմբերից, ինչպիսիք են խուրիները, խեթեր-լուվիացիները և այլ, այդ թվում` բազմաքանակ հայերեն խոսող ցեղեր:

Երեք հեղինակները մեղադրում են ռևիզիոնիստներին, որ նրանք փորձում են բարդ պատմական խնդիրները «լուծել» «կեղծ հայրենասիրության» և «Փաստարկներին անտեղյակ մարդկանց գովասանքին արժանանալու համար»:

[3] Վարդան Ջալոյան, «Արդիականության մասին», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, 2007:

[4] Այս տեղեկությունը հայտնեց Միչիգանի համալսարանի դասախոս Արա Սանջյանը:

[5] Արշակ Մադոյան, Հայագիտության դասականները միասնական ուղղագրության մասին, 2005, «Նախիջևան» հրատ.: Մադոյանը փաստաթղթերը վերցրել է Կարեն Սիմոնեանի «Ուղղագրութեան խնդրին վերաբերող դիվանագիտական փաստաթղթեր» գրքից: Այդ նույն փաստաթղթերը մատչելի են համացանցում՝ http://shirakcentre.org/ կայքում  Կարեն Սիմոնյանի «Կրեմլի յոյժ գաղտնի փաստաթղթերից մի քանիսը» նյութում:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

12 − seven =