header

(ըստ Ալազանի «Օրիորդ» Օլգայի)

Ալազան(ԳԹԱ արխիվից)

«Վահրամ Ալազանը ծնվել է 1903 թ. Վան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է Արարք թաղամասի ծխական դպրոցում։ 1915 թ. աղետից հետո ընտանիքով ապաստան է գտել Երևանում։ 1918 թ. «Ուրարտու» տպարանում աշխատել է որպես գրաշար: Վահրամ Գաբուզյան ստորագրությամբ առաջին բանաստեղծությունը («Կարմիր հաղթանակ») լույս է տեսնում 1921թ., այնուհետև պարբերաբար հրապարակվում են նրա բանաստեղծությունները, պոեմները, վեպերը, պատմվածքները, ակնարկները` արդեն «Ալազան» մակագրությամբ: Մեկ տասնամյակ ծավալած գրական ակտիվ գործունեությունը Ալազանի համար ավարտվում է 18 տարվա դաժան աքսորով: 1954 թ. լրիվ արդարացվելուց հետո վերադառնում է Երևան և մինչև մահը (1966) կաթվածահար գամվում անկողնուն։ 1990 թ. լույս է տեսնում աքսորի և ստալինյան բռնաճնշումների մասին վկայող նրա «Տառապանքի ուղիներում» գիրքը»…

Ալազանի «Օրիորդ Օլգայի» մասին Արամ Պաչյանի՝ յուրահատուկ ձևավորմամբ էսսեն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ սեղմելով pdf տարբերակը աստղի վրա:



«Օրիորդ» Օլգա

/Երևան, 1925, 16 էջ/

Օրերդ
գգվանք ու շոյանք,
օրերդ
անուշ նիրվանա.
շաքարի պես քաղցր օրերդ
հիշո՞ւմ ես,
գնացին,
էլ չեկան:

Օրերը
որ գիտեին քեզ բերել
գուրգուրանք,
արբեցում,
ու «սեր»,
և ոսկի ասպետներ փառքի
որոնք գիտեին շանտանում
մերկությունը քո
լիզել:

***

Իսկ ինձ
օրերն այն
խարազան,
օրերը
երկաթե ապտակ,
քեզ համբույր ձոնող օրերը
ինձ համար մահու գերեզման:

Օրերը
«սերդ» խնկարկող,
օրերը
շահերիդ գիտակ,
օրերը
որ գիտեին բերել
շվայտանք քեզ ամեն տեսակ
իմ կոկորդ կտրող սրերին
օրերն այն
յուղոտ հեսան:
Օրերը
քեզ համար
հարսանիք,
ինձ համար
մահ
ու մահերգ,
քեզ համար
ցոփություն հաճելի,
ինձ
տանջանք,
արնոտում
ու վերք:

Հիշո՞ւմ ես
օրերում այդ
վայելքիդ կառքին հսկա,
ինձ լծած
երբ քշում էին,
իմ ուժին ամուր նստած,
հեշտանքով դու շոյվում էիր:

Քեզ «սիրող» ասպետի մտրակ,
երբ իջներ կորացած մեջքիս,-
գիտեիր աներես ժպտալ,
ու փարվել նրան լպիրշ:

2

«Օրիորդ» Օլգա,
օրերն այն
քեզ կատվի պես շոյող
գնացին անդարձ,
չկան էլ հիմա նրանք,
չկան և գանգերը ծեր
մերկությանդ փառքը ծնրադրող:

***

Հիմա
ես եմ դեմդ հաղթական,
տեսնում ես.
ուրիշ հազարներն ինձ պես,-
որ կյանքն են կերտում մեր բազկով,
որ կերտել ենք երեկ,
(հիշո՞ւմ ես
երբ շանտանում դու շոյվում էիր),
կերտում ենք այսօր,
կերտելու ենք և վաղը:

Հիմա
«Օրիորդ» Օլգա,
երբ, նրանք գնացին,
էլ չեկան,
էլ չկան քեզ համար:
երբ կյանքը
ինձ է ծիծաղում. –
դու էլ
ծիծաղուն.-
հելել, դեմս ես կանգնել,
նորից ներկել ես այտերդ,
շուրթերդ,
ցցել ես կուրծքդ խայտացող,
«սեր տածող» աչքերդ
հառել ես,
մոռացել ես կարծես երեկդ,
հինդ,
ու ասում
«առ,
գնիր,
գրկիր ինձ»:

Հա~յ, հո~ւյ,
«Օրիորդ» Օլգա
սխալվե~լ ես,
իմ սրտում
քեզ համար տեղ չկա~~~…

3

տեսնում ես,
դեմդ
եռանդից հեռացող սրտով կոմյերիտ աղջիկը,
նա
որ կռան է խփում ինձ հետ,
որ վարում է ինձ հետ հերկը,
նա
որի այտերը
ներկ չունեն,
ծամված չեն,
ծախու չեն,
որի շուրթերը
քամված չեն,
ու մարմինը մերկ
երբեք հրապարակ բերված չէ,
ողջակեզ դառնալու
դրամի,
կրքի:

Ահա, նրան եմ ես սիրում:

***

Նրա հետ
մենք կերտում ենք կյանքը,
նրա հետ
տանում ենք դրոշը ԿՅԵՄի
նրա հետ
օրերն ենք վարում:
գարուն է դեռ կյանքը մեր,
դեռ կյանքը
առավոտ արևառ:
իսկ վաղը
կեսօրի լույսերի հեղեղում,
կառուցվող օրերում հաղթական,-
հասունացած զինվորներ Կոմկուսի,
մեր ուսին կառնենք կյանքը,
ծանրությունը նրա ողջ,
անհաղորդ կտանենք առաջ:

Իսկ դու
«Օրիորդ» Օլգա,
կմնաս մեր ճամփին
ոնց փոշոտ,
մոռացված մի քար:

4

«Օրիորդ» Օլգա
ուզում ես, շորորա դեռ,
օրորա
բուրմունք խնկարկելով,
դեռ ներկիր կաշիդ ծախու
ու սպասիր
գուցե հետ գան օրերը քառթու:

Սակայն
օրերն այն փաղաքշող,
էլ չեն գա,
էլ «սեր» չեն բերի,
շաքար չեն բերի,
շոկոլադ չեն բերի,
էլ շոյանք ու տռփանք չեն բերի
քեզ:

***

Դժվար
էլ իմ քրտինքով,
դու ներկես կաշիդ փափուկ,
դժվար թե խաբես դու ինձ
աչքերիդ փայլով ծախու:

դժվար թե մեկը մեզնից
շուրթերիդ թույնը ըմպի,
դժվար թե, ներկած այտերիդ
կոշտացած մի շրթունք հպի:

դժվար,
էլ լինես «ուրախ»
ծիծաղուն,
ինչպես երեկ,
դժվար էլ օրերը կորած,
հետ դառնան
ու քեզ գտնեն:

դժվար
էլ լինի խնջույք
ճոխության լեցուն սեղան,-
ուր հորդեն
«սերն»
ու գինին,
և հազար պսակներ տեղան
մեռնող փառքիդ բագինին:

5

Հ՞ը
մռայլվեցի՞ր,
Օլգա,
դժվար է քեզ,
չէ՞,
իսկ ինձ
հեշտ,
հաճելի:

հեշտ
ինչպես քեզ,
երբ երեկ
արնիս մեջ,-
քրտինքիս գնով,
տանջանքիս գնով,-
դու գնվում էիր

Այնպե~ս հեշտ:

6

«Օրիորդ» Օլգա,
այսպես են օրերը հիմա,
օրերը
քեզ խորթ,
«Թշնամի»:

***

Oլգա,
պարտված Օլգա,
եթե ուզում ես ապրել դեռ,
լինել ուրախ,
ու սիրվել դեռ,-
առ,
կապույտ շապիկս քեզ
հագիր,
մտիր բանակը մեր
ու բանիր:

Թե չէ,
թե չգաս,
չբանես մեզ հետ,
մեզ մոտ,
կոշտ վրձինով աշխատանքի
չներկես այտերդ քրտինքով.
խույս տաս
մրից,
հրից,
(նորից հին օրերիդ սպասես) –
թշվա~ռ
կմեռնես մենակ
ու անօգ
և մի թև իսկ չի լինի
դագաղդ տանող

Օլգա !

1925թ. փետրվար

Ալազան(ԳԹԱ արխիվ)

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

fourteen − five =