hero

1

–           Այսօր ես գեր, սևամորթ կին եմ:

Ասողը վաթսունն անց, բարձրահասակ, նիհար, ճաղատ, սպիտակ, արևմտաեվրոպական արտաքինով տղամարդ էր, մոխրագույն ջինսով ու սպիտակ սպորտային շապիկով, որի վրա բնապահպանական թեմաներով ինչ-որ բան էր գրված: Ագարակի հյուրանոցում նախաճաշողները փորձում էին կարդալ գրվածը, բայց ամաչում էին ուղիղ նայել և հարմար էլ չէր նայելը, քանի որ վզից թելով ակնոցն էր կախված:

2008-ի սեպտեմբերն էր: Ռուս-վրացական պատերազմը նոր էր ավարտվել: Հայ-իրանական սահմանին գտնվող այդ փոքրիկ հյուրանոցը զարմանալիորեն մարդաշատ էր: Նախաճաշողների մեծ մասը հետազոտական արշավախմբից էր՝ 20-30 տարեկան երիտասարդներ Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից՝ իրենց գիտական ղեկավարների հետ միասին: Արշավախմբի՝ Ագարակում գտնվելու երկրորդ շաբաթն էր: Ցերեկներն անց էին կացնում քաղաքում և շրջակա գյուղերում մարդկանց հետ զրուցելով, իսկ երեկոյան հյուրանոցի ռեստորանում քննարկում էին օրվա «դաշտը»:

Նարեկը հորանջեց. արշավախմբի ղեկավարն այսօր որոշել է մինչև վերջ կոնստրուկտիվիստ լինել: Ղեկավարը Ռուսաստանից էր, նախկին ԽՍՀՄ-ում և Եվրոպայում հայտնի գիտնական, բազմաթիվ հետազոտությունների հեղինակ:

–           Ալեքսանդր Բորիսիչ, դուք ինչքան ուզում եք կարող եք ձեզ գեր, սևամորթ կին համարել, բայց չէ՞ որ ուրիշները ձեզ այդպիսին չեն համարում,- մի քանի րոպեից ասաց արշավախմբի հայ փորձագետը,- եթե ամեն բան այդպես պարզ լիներ, չէին լինի կոնֆլիկտներ, պատերազմներ, ցեղասպանություններ: Երեկ, օրինակ, հարցազրույց ունեինք մի բաքվեցի հայի հետ: Մարդը ռուսերենից բացի որևէ այլ լեզվով չի խոսում: Ողջ կյանքում ինքն իրեն բաքվեցի է համարել. պապն էլ է այդ քաղաքում ապրել, ապուպապն էլ… Տատն առհասարակ հրեա է, իսկ կինը՝ ռուս: Ունեցած միակ հայկական բանն ազգանունն էր: Մի խոսքով ինքն իրեն բաքվեցի էր համարում: Սակայն արի ու տես, որ ջարդարարներն իրեն այդպիսին չհամարեցին: Մի կերպ փախել է, իսկ եղբորն առհասարակ սպանել են, որովհետև ջարդարարները նրանց հայ էին համարում:

–           Ըհը, արդեն պիտակ կպցրեցիք: Հենց նոր ինքներդ ասացիք, որ ինքն իրեն հայ չի համարում, իսկ երբ բնութագրում եք մարդուն, ասում եք «բաքվի հայ»: Մարդն ինքն իրեն բաքվեցի է կոչել, չէ՞:

Նարեկը կողքից հետևում էր խոսակցությանը ու մտածում, որ Վրաստանից տաս հոգի պետք է մասնակցեր արշավախմբին, սակայն եղավ պատերազմը, ու արդյունքում երկու հոգի եկան՝ մեկը Թիֆլիսի հրեա, մյուսը՝ ադրբեջանցի, որ էս լեն ու բոլ աշխարհում բոլոր վրացիները հրաժարվեցին ռուսների հետ, անգամ իրենք իրենց չաղ սևամորթ կին համարող ռուսների հետ նույն հետազոտական ծրագրում ընդգրկվել: Դե հիմա ինչքան ուզում ես հայտարարի, թե չաղ սևամորթ ես, ինքն էլ կին: Քո էդ կոնստրուկտիվիզմը քաղաքական գործիք ա, ուրիշ ոչինչ: Արդյունքում միայն ավելի շատ մարդ ա զոհվում: Նարեկն արդեն պատկերացնում էր, թե ինչպես են կատաղած վրացիները, ռուսներն ու օսերը համատեղ քարկոծում Ալեքսանդր Բորիսիչին, երբ սա կանաչ շապիկի վրա կապույտ երկիր մոլորակը նկարած իսկ մեջքին գրած, թե ինքը ծառ ա, փորձում է ռուսական տանկերի դեմն առնել:

Երեկ շատ էին աշխատել նախկին ադրբեջանաբնակ գյուղերում: Կողքի սեղանի շուրջ արշավախմբի մասնակիցները հիմա քննարկում էին նյութը, հատկապես գյուղերի նոր բնակիչների՝ ադրբեջանահայ փախստականների երազները: Մարդիկ, որոնք ապրում էին նախկինում ադրբեջանցիներին պատկանող տներում, տարբեր գյուղերում ապրող, տարբեր վայրերից եկած, տարբեր տարիքի ու սեռի մարդիկ, երազում տեսնում էին իրենց տների նախկին տերերին: Երազը պատմողների կարծիքով այդ տանտերերը կարոտում են ու գալիս իրենց տուն-տեղը տեսնելու:

–           Երեկ Ալդարայում մի բաքվեցի կին ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր իր տան նախկին տիրոջը,- պատմում էր Կարինեն, որն ինքը Շահումյանից էր, փոքր հասակում ծնողների հետ ոտքով սար ու ձոր էր կտրել ու մի կերպ հասել Հայաստան,- ասում էր, որ տանտիրոջն ինքը երբեք չի տեսել, բայց որ սա իրեն 2-3 ամիսը մեկ այցելում է, հարցնում՝ նա վար նա յոխ, տան պատերի մեջ ինչ-որ բան փնտրում:

Աղջիկները շատ էին: Արշավախմբի ղեկավարներին չհաշված, Նարեկն ու պիտերցի Կոլյան միակ տղա մասնակիցներն էին: Նարեկին զարմացնում էր, թե ինչու է երազների թեման կանանց այդպես հետաքրքրում:  Կարինեն դեռ շարունակում էր պատմել Ալդարայում ապրող բաքվեցի կնոջ երազը, երբ Գոհարը դիմեց Ալեքսանդր Բորիսիչին:

–           Երբ փոքր էի, միշտ նույն երազն էի տեսնում: Երազում ուշ գիշեր ա, ես մեր տանն եմ, մեկ էլ հանկարծ դուռն ահավոր ուժեղ ծեծում են, համարյա ջարդում, ու ես միանգամից մտածում եմ, որ թուրքերն են, էկել են մեզ տանելու: Մտնում եմ սեղանի տակ: Դուռը ջարդվում ա ու ներս են խուժում հիտլերյան բանակի համազգեստով ու գերմանական կասկաներով ավտոմատավոր մարդիկ՝ ճիշտ և ճիշտ սովետական ֆիլմերում պատկերվող գեստապոյականների նման: Հենդե հոխ, շնելե շնելե՝ ու ես ձեռքերս բարձրացրած դուրս եմ գալիս սեղանի տակից, բայց գլխումս մեխված ա, որ դրանք թուրքերն են ու էս ա ինձ տանելու են ամբարում վառելու: Հիմա որ կոնստրուկտիվիզմի տեսանկյունից երազս վերլուծում եմ, մտածում եմ, որ ուղեղումս բնավորված թշնամին, գազանը թուրքն ա՝ հայկական պրոպագանդայի արդյունքում, բայց էդ թուրքը ֆաշիստի կերպարով ա՝ սովետական պրոպագանդայի արդյունքում, իսկ թե էդ երկուսի արանքում իմ կենսափորձը որն ա՝ չգիտեմ: Չգիտեմ նաև, որովհետև մաքուր արևելահայ եմ՝ թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից, ոչ էլ ընտանեկան պատմություն ունեմ ցեղասպանության հետ կապված: Բայց երազում ես այդ ամենը զգում էի շատ ուժեղ, նենց,  կարծես հետս էր իսկապես կատարվում: Հետո նույն երազն էլի էր գալիս ու ես փախչում էի թուքրերից նեղ փողոցներով ու հետևիցս վազողները մեկ ա ավտոմատավոր ֆաշիստներն էին…

Նարեկը նայում էր Գոհարին ու մտածում, որ Գոհարը սիրուն ծիտ ա, հատկապես երբ ոգևորված որևէ բան ա պատմում: Էդ ժամանակ Գոհարի թշերը կարմրում էին ու սիրտն սկսում էր արագ աշխատել, այնպես, որ անգամ կողքին նստածն էր նկատում, գրեթե լսում նրա սրտի աշխատանքը:  Դե իհարկե Ալեքսանդր Բորիսիչն ասաց, որ Գոհարի երազը հենց կոնստրուկտիվիզմի արդյունք է, որ հայերը տարիներով կառուցել են իրենց թշնամու կոնստրուկտը, բայց քանի որ այդ թշնամու համոզիչ էկրանիզացիա չկա, թշնամին այցելում է սովետական պրոպագանդայի կառուցած հենդե հոխ ու շնելե ասող գերմանացու տեսքով: Նարեկն էլ մտածեց, որ թուրքը հայերենում բառերի մեջ ա, իսկ պատկերներում՝ արյունոտ յաթաղանով ու կարմիր ֆեսով, դրա համար էլ Գոհարի տեսած թշնամին ավելի մոդեռն էր ու երևի անգամ մոտո էլ ուներ: Համ էլ քանի որ երազները պատկերներով են խոսում, այն ինչ բառերում ա, մնում ա որպես գաղափար, այդպես էլ միս ու արյուն չդառնալով, ու դառնում ա թշնամու հիբրիդ, որին մնում ա ավելացնել չեկիստի սև մեքենան:

–           Գիտեք, – ասաց Կարինեն,- Մի երազ ունեի, տեսնում էի մեր տան բակի բալենին, որի ճյուղերը ճկռել էին բերքի ծանրությունից, այդ բալենու բալն ուտող ու կորիզները թքող ռուս զինվորներին, ու հին, քանդված մեքենայի տակ վախից դողացող ինձ ու եղբորս: Մեր աչքի առաջ էդ զինվորները սպանել էին  մեր դիմացի հարևաններին: Դրանցից մեկը կրակահերթը թողեց, կալաշնիկովը գցեց ուսին, թեքվեց ու սկսեց ծառից բալ քաղել: Դանդաղ ուտում էր ու կորիզները թքում՝ какая вкусная вишня[1] ասելով: Ես ու եղբայրս էլ դողում էինք պապիկիս հին ուազի տակ: Առաջ էդ երազը շատ էի տեսնում: Հիմա էլ չեմ տեսնում, բայց երազում շարունակում եմ մեր տուն վերադառնալ: Երեկ երբ էդ բաքվեցի կինը պատմում էր, որ իր երազներում ինքն էլ է Բաքվի իր տուն գնում, ման գալիս ու ամեն անգամ վերջում տեսնում, որ տանը նոր բնակիչներ կան ու էդ բնակիչներն իրեն չեն տեսնում, ես մտածեցի, որ հիմա ես մեր տունը միշտ դատարկ եմ տեսնում, որ իմ երազում այնտեղ մարդ չկա, որ մենակ տունը, բալենին ու մեքենան են:

Կարինեն պատմում էր, Նարեկը նայում էր Գոհարին, իսկ Գոհարը բալով յոգուրտ էր ուտում: Կարինեի պատմության կեսից Գոհարը գդալը թողեց յոգուրտի մեջ ու մի կողմ դրեց այն, իսկ կուրծքն սկսեց վեր բարձրանալ՝ արագ սրտխփոցներից: Աչքերում էլ արցունքներն էին փայլում ու Գոհարն էս ու էն կողմ էր նայում, որ ոչ ոք իր արցունքները չնկատի:

2

Ալեքսանդր Բորիսիչը Նարեկին խնդրել էր իր հետ գնալ սահմանամերձ սրճարաններից մեկը՝ հարցազրույցի: Նա, ում հետ պիտի զրուցեին, ռուսերեն չգիտեր և օգնություն էր պետք: Սրճարանը մի հին տնակ էր, որտեղ մի երկու պլաստամսե սեղան-աթոռ էր դրված՝ երկար ճանապարհից ու սահմանի անցակետի սպասումից հոգնած պարսիկ վարորդներին սուրճ ու թեյ հյուրասիրելու համար: Ներսում ծուխ էր ու ցածրորակ սուրճի, սալյարկայի մեկ էլ կատվի հոտ: Մի քանի կատու էլ էին ներսուդուրս անում: Նստեցին սեղաններից մեկի մոտ: Սրճարանի տերը երկար սև մորուքով ու սև մազերով, ցածրահասակ ու փոքր-ինչ գեր տղամարդ էր: Ալեքսանդր Բորիսիչը սկսեց հարցուփորձ անել սրաճարանի անցուդարձից, հաճախորդներից, առևտրից, կյանքից: Տիրոջ անունն Արմեն էր: Արդեն տաս տարի կլիներ, որ աշխատացնում էր սրճարանը: Մինչ այդ մեքենա էր քշել: Փորձել էր Ղարաբաղ գնալ՝ կռվելու, բայց չէին վերցրել, որովհետև երևանյան հիվանդություն ուներ: Էն հայրենասեր տարիներին շատ էր ուզում մի օգտակար բան անել, դրա համար հացի մեքենա էր քշում, որ չեկով հացը հասցնի մարզի քաղաքներին: Մինչև տեղ հասնելը, ճանապարհին հացը բաժանում էր սոված գյուղերի սոված մանուկներին: Հետո էլ պարսկական սալյարկա էր սահմանից Երևան տանում: Մի անգամ Քաջարանի շրջապտույտների վրա բեռնատարը ձորն էր շուռ եկել: Արմենը հրաշքով փրկվել էր ու մինչ օրս վստահ էր, որ իր տված մի կտոր հացն էր փրկողը: Կրծքին մեծ խաչ էր կախած, տնակի պատերին՝ սրբապատկերներ:

–           Իսկ ինքը ռու՞ս ա,- Ալեքսանդր Բորիսիչի մասին հարցրեց Արմենը:

–           Չէ՛, ինքը կոնստրուկտիվիստ ա,- ժպիտը դեմքին պատասխանեց Նարեկը:

–           Էդ ո՞րն ա,- հետևեց հարցը:

–           Էդ էն ա, ով չի հավատում, որ ազգությունը գենետիկորեն ա փոխանցվում: Մի խոսքով ինքը հավատում ա, որ ազգերն էսպես ասած կոնստրուկտներ են, այսինք մարդը էս կամ էն ազգի ոչ թե ծնվում ա, այլ դաստիարակվում: Մանկուց իրա ծնողները, միջավայրը, պետությունը իրա մեջ լցնում ա, կամ կոնստրուկտիվիստների լեզվով ասած՝ կառուցում ազգայինը: Հետո էդ էրեխեն խոսալ սովորում ա էդ լեզվով, շրջապատից իմանում թե իրա ազգի թշնամին ով ա ու սկսում իր ազգությունը հասկանալ՝ էդ ազգությունը թշնամուն հակադրելու միջոցով: Օրինակ, եթե հայ էրեխուն ծնված օրվանից թուրք ընտանիք մեծացնի ու ինքը չիմանա, որ հայ ա, ինքը թուրք կլինի: Մի խոսքով՝ գենը կապ չունի, միջավայրն ա կարևոր:

Արմենը խոժոռեց հոնքերը: Մի քիչ լուռ մտածեց ու հետո ասաց.

–           Տո եսիմ է… Բա որ էդ գենն սկի կապ չունի, բա ինչի երևանյան հիվանդություն մենակ հայերն ունեն: Ուրեմն էդ ազգային հիվանդություն ա, չէ՞: Մի հատ իրան ասա տես ինչ ա ասում:

Նարեկը թարգմանեց Արմենի հարցը: Պարզվեց, որ Ալեքսանդր Բորիսիչն այդ հիվանդության մասին չի լսել ու չգիտի, թե դա ինչ է: Նարեկն էլ սկսեց բացատրել, որ դա գենետիկորեն փոխանցվող տենդի տեսակ է, ու որ գիտնականները կարծում են, թե դրանով միայն որոշ հին ազգեր են տառապում, ինչպես, օրինակ, հրեաները, հույներն ու հայերը: Ասաց նաև, որ գիտական անվանումը միջերկրածովյան տենդ է: Ալեքսանդր Բորիսիչն ասաց, որ ինքը դեռ կկարդա այդ հիվանդության մասին, որ հասկանա, թե ինչ կապ ունի այդտեղ գենետիկան, բայց ամեն դեպքում հիվանդության անունը՝ միջերկրածովյան, հուշում է, որ այն ավելի շատ աշխարհագրական տեղանքի, քան ազգության հետ կապ ունի:

3

Հյուրանոցի բարում նոր հյուրեր էին հայտնվել: Բարը ո՞րս է: Մի փոքրիկ տարածք էր, որտեղ չորս սեղան կար, իրենց աթոռներով ու մեկ էլ բարի ստոյկա: Էդ նույն վայրում համ նախաճաշում, համ ընթրում, համ էլ իրենց երեկոյան քննարկումներն էին անցկացնում գիտարշավի մասնակիցները: Այսօր ցերեկը մի քիչ շուտ էին ազատվել ու հիմա սեղաններից մեկի մոտ նստած Նարեկն ու թիֆլիսցի հրեա Քեթին նարդի էին խաղում: Դիմացի սեղանի շուրջ երկու ֆիններ բանակցություններ էին վարում Ագարակի պղնձահանքի ազգությամբ վրացի կառավարիչների հետ: Որ ռուսների տնօրինմանը հանձնված կոմբինատի կառավարիչները վրացի են, հենց առաջին օրն էին իմացել: Քառասունին մոտ տղաներ էին ու հաճախ ջպերն առած Զանգելանի կողմի ամայի տարածքներում վարազի որսի էին գնում:

Ֆինները երկու օր կլիներ, որ հյուրանոցում էին: Հետներն էլ մի ռուս թարգմանիչ ունեին` ճիշտ և ճիշտ սովետի վերջին տարիներին մեծ հանրայնություն վայելող Ինտերդեվոչկա ֆիլմի հերոսուհու կերպարով ու ինսունականների սկզբի երկարավոտ մինիավոր մոդայով: Արշավախմբի մասնակիցներն իրար մեջ նրան հենց այդպես էլ կոչում էին՝ ինտերդեվոչկա: Ֆիններն ու վրացիները էս ռուս աղջկա օգնությամբ բանակցում էին, թե ագարակի ընդերքը ոնց Ֆինլանդիա արտահանեն: Նարեկն ու թիֆլիսցի հրեա Քեթին նարդի էին խաղում, պիտերցի Կոլյան, որ երեկվա թթի արաղ քաշելու ներգրավված դիտարկումից հետ դեռ խումհարի մեջ էր, խաղն էր նայում: Բարմենը փորձում էր բոլոր հաճախորդներին հավասարապես գոհացնել, երբ սենյակում նոր մարդիկ հայտնվեցին: Աղմկոտ խումբ էր: Չորս հոգի էին: Երկուսը ռուսական բանակի սպայական համազգեստով ռուսներ էին: Մյուս երկուսից մեկը քաղաքացիական հագուստով էր ու Նարեկն արդեն գիտեր, որ տեղի անվտանգության աշխատակիցն է: Վերջինը նույնպես հայ էր, բայց հագին ռուսական համազգեստ էր: Բացի անվտանգության աշխատակցից, մյուս երեքի քեֆն ակնհայտորեն լավ էր: Նստեցին բարին ամենամոտ գտնվող ազատ սեղանի մոտ, քյաբաբ-խորովածի և օղու անհրաժեշտ դոզան պատվիրեցին ու շարունակեցին աղմկոտ զրույցը: Նորեկները խաթարեցին երկու սեղանների շուրջ ձևավորված մթնոլորը. ֆիններն ու վրացիները սկսեցին մերթընդմերթ նրանց կողմ նայել, իսկ Նարեկն էլ մոռանում էր զարը գցել: Նարեկը նոր էր դու-շեշը գցել ու հիմա նայում էր քարերին` մտածելով, թե որտեղից ուր տեղափոխի, երբ բարմենը մոտեցավ իրենց սեղանին ու մի շիշ կոնյակ դրեց, ապա երկրորդ շիշը դրեց ֆինների սեղանին: Նարեկն ու Կոլյան նայեցին շշին, հետո իրար, հետո կողքի սեղանի վրացիներին ու նոր էին աչքերը թեքել բարմենի կողմը, երբ համազգեստավոր հայը ոտքի կանգնեց, բաժակ բարձրացրեց ու ամենայն հանդիսավորությամբ հայտարարեց.

–           Российская армия угощает. [2]

Միչդեռ Նարեկն ու Կոլյան շշին նայելով որոշում էին խմել-չխմելու ցավոտ հարցը, կողքի սեղանի վրացիները խոսքները մեկ արած ոտքի ելան ու դուրս եկան բարից:

–           Ջհար ու սե,- ասաց Քեթին ու քանի որ Կոլյան արդեն կենաց էր ասում կողքի սեղանից իրենց միացած ֆինների հետ, որոնք սրա հարազատ քաղաք Պիտերի գովքն էին անում, իսկ Նարեկը բաժակը բարձրացրած կենացի ավարտին էր սպասում, Քեթին նորից կրկնեց,- ջհար ու սե, – ապա աղմկոտ տեղաշարժեց քարերը:

Նարեկը չէր նկատել, թե քաղաքացիական հագուստով հայկական անվտանգության աշխատակիցը երբ էր դուրս եկել բարից: Բայց հիմա տեսավ, որ դուռը բացվեց, աշխատակիցը ներս մտավ, մոտեցավ ուղիղ իրենց, Քեթիին մեկնեց ձեռքի բջջայինն ու ասաց.

–           С вами хотят поговорить.[3]

Քեթին զարմացած նայեց աշխատակցին, ձեռքից բաց թողեց նարդու քարը, վերցրեց հեռախոսն ու սկսեն վրացերեն «խո, խո» անել: Հետո հեռախոսը հետ վերադարձրեց տիրոջը, աթոռից վեր կացավ, ներեղություն խնդրեց ու ասաց, որ պետք է դուրս գա՝ ձեռքով Նարեկին նշան անելով, որ իրեն ուղեկցի: Նարեկը թողեց կոնյակի բաժակն ու հետևեց Քեթիին: Հյուրանոցի բակում վարդագունած Քեթին սկսեց ծիծաղել, ապա Նարեկին պատմեց, որ վրացի մենեջերները վիրավորվել էին ռուսական բանակի հյուրասիրությունից, դրա համար ցուցադրաբար լքել էին բարը, ապա զանգել էին անվտանգության աշխատակցին, խնդրել հեռախոսը փոխանցել Քեթիին ու իրեն  պատվիրել, որ հայրենիքի հանդեպ համապատասխան հարգանք դրսևորի: Հիմա Քեթին որոշել է գնալ սենյակ՝ հանգստանալու:

Բար վերադառնալով Նարեկը տեսավ, որ իրենց սեղանի շուրջ ջերմ խոսակցություն էր ծավալվել Կոլյայի, ֆինների ու նրանց թարգմանչի միջև: Ֆիններն արդեն հասցրել էին ալկոհոլից կարմրել ու հիմա պատմում էին, թե Պիտերի որ բարում ինչ կայֆ են արել ու թե ինչ լավ երկիր էր Սովետը, ափսոս քանդվեց:

–           Ախպերս, հա՞յ ես,- հարցրեց հայ համզգեստավորը Նարեկին:

Չէ, կոնստրուկտիվիստ եմ` մտածեց Նարեկը բայց փոխարենը բարձրաձայն հաստատեց հայ լինելը:

–           Ախպերս, Չեչնյայում էնքան վրացի եմ կզցրել, դրանք կռվել չգիտեն, հորս արև,- լեզուն արդեն փաթ էր ընկնում: Գլանակ վառեց ու Նարեկի թևը մտնելով՝ հետը դուրս տարավ:

Բակում արդեն մայրամուտ էր: Համազգեստավորը հազիվ էր ոտքի վրա մնում: Նարեկը հայացքը չէր կտրում երկրի ծոցը մտնող արևից, իսկ սա հայհոյախառը պատմում էր ու պատմում իր հերոսություններից՝ թե ոնց ա վարձկան եղել ռուսական բանակում ու կռվել չեչենների դեմ, թե ոնց ա աբխազների հետ վրացիներին կզցրել ռուսների պատվերով, որ ռուսից լավը չկա՝ ոչ մեկ ռուսի պես իրան չի նայում: Հիմա էլ Գյումրիի ռուսական չաստի համար պարսկական սալյարկա տանելու ա էկել:

–           Արա հորս արև, ամերիկացիք էշ են, սանկցիա-մանկցիա սաղ սուտ ա, ինչքան պետք ա պարսիկից նավթ ենք առնում ու մեր ախպերներին էլ ստեղ էդ նավթով պահում: Արա ես ռուսի ցավը տանեմ: Արա որ դրանք չլնեն, մենք ապրողը չենք: Արա էդ ապուշ վրացիք ինչ էն տուտուցացել չեմ ջոգում: Տենց ուժեղ տղերք էին թող կռվի վախտ ցույց տային…

Խոսում էր ու խոսում: Նարեկը տխուր էր: Նայում էր մայրամուտին ու աչքին մի մեծ արնաշաղախ ռազմի դաշտ էր երևում, որտեղ լեգո-մարդուկները կռվում էին իրար դեմ՝ դեռ չծնված էրեխեքի անունները շուրթերին ու չապրած կյանքի պատկերները աչքերում:

4

Վազգենը Նարեկի համալսարանական ընկերներից էր: Համալսարանն ավարտելուց հետո չէին հանդիպել: Հիմա իմացել էր, որ Ագարակում են, եկել էր տեսակցության: Այնպես ստացվեց, որ գալու ժամը համընկավ իրենց երեկոյան դաշտային քննարկման հետ: Իմանալով, որ Վազգենը մասնագիտությամբ պատմաբան է, արշավախմբի մասնակիցներն ուրախացան և խնդրեցին մի քիչ պատմել տեղի պատմության մասին: Վազգենն իհարկե ուրախացավ ելույթի հնարավորթյունից ու սկսեց քարե դարից, անցավ Տիգրան Մեծով, Ավարայրով, փոքր-ինչ անդրադարձավ Պապ թագավորին, հասավ Բեռլինի Կոնգրեսին և Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի ու կաթսայի արանքում զգաց, որ նստածները հորանջում են:

–           Извините пожалуйста, но мы бы хотели немножко узнать об истории этой конкретной местности а не армянского нaрода,[4] – զգուշորեն միջամտեց Կազանից եկած Զեմֆիրան:

Ստեղ Վազգենս շփոթվեց: Դե ինքը հո տենց մանր-մունր բաներից չի խոսա: Պատմաբանը պետք է դարակազմիկ երևույթների մասին պատմի, որ մեր ազգին լավ ճանաչեն, հասկանան, թե ում հետ գործ ունեն: Երբ մենք կայինք, Կիևյան Ռուսիան դեռ երազում էլ չկար: Այ, օրինակ գիտե՞ք, որ մենք մաքուր արիացի ենք, մեր նման զտարյուն ժողովուրդ համարյա չի մնացել: Նարեկն անհանգստացավ, սկսեց Վազգենին նշան անել, որ քիչ խոսա: Բայց Վազգենին մի ուրիշ ձևի բացել էր: Հաջորդ տասը րոպեների ընթացքում Նարեկը բացահայտեց, որ Վազգենի նման ակտիվ ուսխորհուրդ, արհմիություն և ուսանողական այլ կառույցներում ընդգրկված, կոնֆերնասներին զեկույցներով հանդես եկող, դասերին միշտ պատրաստ ու քաղաքականապես չսթրվող երիտասարդի համար համալսարանն ավարտելուց հետո Մեղրի վերադառնալուն պես դաշտը շատ էր նեղացել: Մի քիչ իրեն էս ու էն կողմ էր տվել, սակայն ինքնարտահայտման հնարավորությունները ոչ մի կերպ չէին շատացել, ու Վազգենը, որպես տարածաշրջանի լավագույն պատմաբան դարձել էր Սյունյաց Արծիվ: Ու հիմա մեր արիական տեսակի գովքն էր անում, արանքում էլ պատասխանում Ալեքսանդր Բորիսիչի հարցերին, որոնց անթաքույց հեգնանքն անգամ չէր էլ նկատում՝ а кто старше, вы или турки? Кто тут был раньше? Азербайджанцы или вы?[5]

Եվս կես ժամ, և ներկաներն իմացան, ով էլ գիտեր ևս մեկ անգամ համոզվեց, որ հայերից է սերում ողջ աշխարհը: Նոյյան Տապանից ու Արարատից Վազգենը հասավ Իվանով-Գամկրելիձեին, ձեռի հետ էլ հղեց Հիտլերին, որը չէր մոռացել հայերին հիշատակել իրական արիացիների շարքում, մեջբերեց Նժդեհից՝ արանքում ներկայացնելով վերջինիս ով լինելը: Նարեկն իր համար հայտնաբերեց, որ արծիվները «Մայն Կամպֆը» թարգմանել են հայերեն, ու որ իրենց դպրոցական օղակներում այն շրջանառվում, ընթերցվում ու քննարկվում է:

–           А все же, кому по праву принадлежит эта земля? Вам или азербайджанцам?[6]– հանգիստ չէր թողնում Ալեքսանդր Բորիսիչը:

Նարեկը չգիտեր ինչպես փրկել իրավիճակը և որոշեց կատակի դիմել:

–           Վազգեն, հիմա դու վստա՞հ ես, որ քո արյունը հարյուր տոկոս արիական ա, մեջդ հեչ թուրքի կամ պարսիկի արյուն չկա՞: Ասում են՝ չէ՞ որ միջնադարում շատ ենք խառնվել տարբեր զավթողների, թե չէ պիտի որ կապտաչյա ու խարտյաշ լինեինք….

Վազգենի դեմքը կատաղությունից կարմրեց:

–           Թշնամու ջրաղացին ջուր ես լցնում,- ասաց նա,- հիմա նույն հարցը ես եմ քեզ տալիս՝ դու վստա՞հ ես, որ հարյուր տոկոսով հայ ես: Ես իմ փայով վստահ եմ, իսկ դու՞:

–           Ես վստահ եմ, որ մարդ եմ, իսկ այ դու կոնստրուկտ ես:

–           Ի՞նչ,- աչքերը չռեց Վազգենը:

–           Ասում եմ ես մարդ եմ, իսկ դու` կոնստրուկտ:

–           Ես խաղ չեմ խաղում, Նարեկ, ես լուրջ եմ խոսում: Այ, որ Քոչարյանն ուզում էր Մեղրին փոխանակեր, տար Ղարաբաղի դիմաց, որ ադրբեջանցիք Նախիջևան ուղիղ ելք ունենային ու դրա դիմաց Ղարաբաղը Լաչինով Հայաստանին տային, ու ստեղ հայաթափեր, նրանից ա, որ ինքը հայ չի, ղարաբաղցի ա, այսինքն իրա լոկալ պատկանելությունն իր համար ավելի կարևոր ա, քան հայությունը: Իսկ ես նախ և առաջ հայ եմ:

–           Հա, բայց էդ հայ ասածն ի՞նչ ա: Որ բառերը հանես տակը բան չի մնա: Իմ համար դու ավելի հայ կլինեիր, եթե նախ և առաջ մեղրեցի լինեիր՝ էս հող ու ջրում, էս միջավայրում ձևավորված… Հիմա ես ասում եմ, որ կոնստրուկտ ես, ասել ա թե, քեզ ուրիշներն են լցրել լիքը զիբիլով ու դու հիմա մտածում ես, թե հայն էդ ա: Եթե մեջս լիքը ատելություն լցնեն ու ասեն որ ես  բացառիկ եմ, միակն եմ, ամենահինն եմ ու իմ նման երկրորդը չկա, ես կդառնամ դատարկ, բայց աղմկոտ փուչիկ, իսկ ես գերադասում եմ մարդ լինել ոչ թե փուչիկ:

–           Да, кстати, Нарек-джан,- խոսակցությանը խառնվեց Ալեքսանդր Բորիսիչը,- я тут немного поисследовал, и оказывается этой вашей среднеземноморской лихорадкой болеют не только ваши так называемые старые народы, но еще и турки с арабами…[7]

5

Էդ գիշեր Նարեկը երազ տեսավ: Երազում լոռվա անտառներն էին ու էդ անտառների գարնան հոտը: Պապն էր` փայտը ձեռքին ու ինքը` 6-7 տարեկան երեխա պապի հետևից ընկած սինդրիկի որոնումներով: Ամենամատղաշ ու համով սինդրիկը ձյան տակ էր լինում ու պապն ու ինքը մրցում էին, թե առաջինն ով կքաղի: Հողը նոր էր տաքանում, օդը դեռ սառն էր, իսկ ծառերի արանքից ծիկրակող արևն ընկնում էր աչքերի մեջ ու խուտուտ տալիս:

Առավոտյան, երբ վերջնահաշվարկ էին անում ու ճամպրուկներն արագ-արագ դուրս հանում հյուրանոցից, Նարեկին մոտեցավ հյուրանոցի բարմենը, խնդրեց երկու րոպե տրամադրել իրեն: Երկուսով նստեցին ընդունարանի բազմոցին: Բարմենը Նարեկին սուրճ հյուրասիրեց ու շատ ցածր ձայնով հայտնեց ըստ երևույթին երկար ձևակերպած միտքը.

–           Ամեն երեկո ես ձեր բոլոր քննարկումները լսել եմ: Նայի հա, եթե հանկարծ Մեղրիի հարցը բանկցություններում նորից շոշափվի ու ստեղ մի բան նենց չգնա, ես գիտեմ ում փնտրեմ:


[1] Ինչ համեղ բալ է:

[2] Ռուսական բանակը հյուրասիրում է:

[3] Ձեզ հետ ուզում են խոսել:

[4] Ներեցեք խնդրեմ, բայց մենք կցանկանայինք այս կոնկրետ տեղանքի պատմության մասին մի քիչ իմանալ, ոչ թե հայ ժողովրդի:

[5] Իսկ ո՞վ է ավելի հին, դու՞ք, թե՞ թուրքերը; Ո՞վ է այստեղ ավելի շուտ եղել, դու՞ք, թե՞ ադրբեջանցիները:

[6] Այնուամենայնիվ, օրենքով ու՞մ է պատկանում այս հողը, ձե՞զ, թե՞ ադրբեջանցիներին:

[7] Հա, ի դեպ, Նարեկ ջան, ես այստեղ մի քիչ հետազոտեցի, և պարզվում է, որ ձեր այդ միջերկրածովյան տենդով ոչ միայն ձեր այսպես կոչված հին ազգերն են տառապում, այլև թուրքերն ու արաբները:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

15 + 12 =