hero

Ինքնագիրը ներկայացնում է Ինքնագիր գրական ակումբում Արամ Պաչյանի «Օվկիանոս»(2014) գրքի քննարկման ձայնագրությունը, որ եղավ այս տարի փետրվարի 14-ին Ականաթ սրճարանում: Քննարկմանը Պաչյանը ընթերցեց գրքից հատվածներ որոնցից մեկը վերահրատարակվում է ստորև:
Տես նաև Ինքնագրի անդրադարձը. Էլլա Կանեգարիանի «Հիշելով գրողին. Արամ Պաչյանի «Օվկիանոս»-ում» գրությունը:

Ինքնագիր գրական ակումբում գրական քննարկումները սկսվել են 2001թվից: Մինչև 2008 թիվը ակումբը հավաքվում էր շաբաթը մեկ անգամ: Հետագայում ակումբի քննարկումները ավելի հազվադեպ դարձան:

Այս տարի կրկին ակտիվանում է ակումբը: Վերջինը օգոստոսի 19-ին  ֆինն բանաստեղծ Էրքքա Ֆիլանտէրի հետ հանդիպումն էր ու նրա ընթերցած բանաստեղծությունների քննարկումը, որի տեսակգրությունը կհրապարակվի առաջիկայում:

Ակումբի մասին տես նաև կայքի նոր ստեղծված «Մեր մասին» էջը:

Իր անկողնու մասին

Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում:

– Ինչ-որ բան կուտե՞ս:

– Չէ։

Մտնում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Փակում է դուռը, հանգցնում լույսը, պառկում է:

Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում:

– Ինչ-որ բան կուտե՞ս:

– Չէ:

Մտնում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Փակում է դուռը, հանգցնում լույսը, պառկում է: Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում:

– Ինչ-որ բան կուտե՞ս:

– Չէ:

Մտնում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Փակում է դուռը, հանգցնում լույսը, պառկում է:

Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում: Ձեռքերով ջերմ գրկած դագաղի գլխամասից ծորում է ժպիտը: Մայրն ուշագնաց է լինում: Խնամքով, այնպես, որ դագաղի եզրերը դռան շրջանակին խփվելիս չվնասվեն, ներս է մտնում, անկշռորեն սահում ուշակորույս մոր կողքով բացված չնաշխարհիկ արահետով եւ այդ բարդ, համարյա անելանելի իրադրության մեջ հասցնում է նույնիսկ գրպանից ձնծաղիկ հանել ու խրել մոր հավաքված մեղրագույն վարսերի մեջ եւ նման բարդ, համարյա անելանելի իրադրության մեջ նույնիսկ ծիծաղում է իր բաց, մանկական ծիծաղով:

Առաջանում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Դագաղը դնում է անկողնու վրա, գրպանից թուղթ ու գրիչ է հանում, նստում է բազմոցին ու գրում: Հետո թուղթը դնում է դագաղի մեջ ու բարձրաձայն կարդում.

Այս տանը 2000-2030թթ. ապրել է մի տղա։

Տունն ամբողջովին իր նախկին տեսքով վերականգնվել է 2023 թվականի սոսկալի Զեփյուռից  հետո։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

4 + 13 =