«Շատ լավ գիտես, որ քեզ տեսնել չեմ ուզում»,- գրեց Լին ու հեռախոսը դրեց վերարկուի գրպանը: Կեսգիշերն անց էր, և արդեն հասել էր իր նոր բնակարանը՝ նկուղ Կոպենհագենի Վելբյու արվարձանում:

Գրպանները փորփրեց, բայց բանալիները չգտավ: Երևի սառած մատների պատճառով պարունակությունը չէր զգում: Գրպանները շուռ տվեց: Ոչ մի բանալի: Հավանաբար ընկել են, երբ հեռախոսը դրել է գրպանը: Կռացավ, շոշափեց ասֆալտը: Ոչինչ: Կարող էր նաև դրսում եղած ժամանակ գրպանից գցել: Դա նշանակում էր, որ տրցակն ընկել էր ինչ-որ տեղ Ամայի և Վելբյուի միջև՝ աշխատավայրից մինչև Ֆակտա, Իսլանդս բրյուգե կայարան, մետրոն, Նորեպորտ, քաղաքի կենտրոնը, ջազ կաֆեն, նորից մետրոն, գնացք և վերջում՝ կայարանից նկուղ քայլելու ճամփան:

Սկսեց ինքն իրեն մեղադրել Բլումին գրելու և ոչ մի տեղ չտանող զրույց սկսելու և ընդհանրապես ջազ կաֆեում հայտնվելու համար, որովհետև գիտեր, որ Բլումին տեսնելը ոչ մի լավ բանի չի բերելու:

Գնացքում ճամփան պակաս ձանձրալի սարքելու համար մտել էր ֆեյսբուք ու Բլումին ? ուղարկել:

«Բարև,- պատասխանել էր Բլումը,- ինչու՞ էդքան կարճ»:

«Շտապում էի»:

«Ընկերուհուդ խաթր պիտի մնայիր»:

«Ընկերուհուս խաթր գնացի»:

«Էդ դեպքում ինչու՞ եկար: Ինձ տեսնելու համար կարող էիր առանձին հանդիպում նշանակել»:

«Պոեզիայի համար: Շատ լավ գիտես, որ քեզ տեսնել չեմ ուզում»,- գրեց Լին, երբ արդեն հասել էր տան դռան մոտ, իսկ բանալիները չկային:

Գոնե առավոտյան հեծանիվով գործի գնացած լիներ: Թե ի՞նչ մի ալարկոտություն էր: Եթե հեծոն վերցրած լիներ, ամեն կանգառում կողպել-բացելուց պիտի բանալիները հաներ ու տեղում կիմանար, կորցրել է թե մոտն է, իսկ հետդարձի ճամփին հեծոյի վրա ուղղակի չէր կարողանա ֆեյսբուքով շփվել:

Բայց նկուղի դռան մոտ կանգնած ժամանակ էնքան էլ կարևոր չէր, թե ինչ կարող էր չանել կամ որտեղ էին բանալիներն ընկել: Նախ պիտի ներս մտներ, որ փողոցում չքներ: Մյուս մուտքը տան տիրոջ բնակարնի միջով էր: Վախվխելով մոտեցավ գլխավոր մուտքին և զանգը տվեց: Շունը հաչաց: Տանտերը բացեց դուռը՝ հագին մենակ տրուսիկ: Հազար անգամ ներողություն խնդրեց՝ փորձելով չնայել տկլոր մարմնին, ու վազեց դեպի նկուղի աստիճանները, մինչ տանտերը կբռներ կատաղած շանը:

Մտավ անկողին ու կամաց-կամաց վերլուծեց, թե ինչ էր տեղի ունեցել: Բանալիների տրցակը չկար, նշանակում էր՝ վաղը չէր կարողանալու տան դուռը փակել, չէր կարողանալու հեծանիվ քշել ու չէր կարողանալու գրասենյակ մտնել: Նաև նշանակում էր, որ եթե բախտը չբերեր ու չգտներ, ստիպված էր լինելու նոր կողպեքների համար վճարել և ինչ-որ կերպ կոտրել հեծոյի փականները, նորերը գնել: Ինչ-որ կերպ, որովհետև չկար Բլումը, չկար նաև հեղուկ ազոտը:

Մի երեք ամիս առաջ հեծոյի բանալին կորցրել էր, Բլումին գրել էր, թե փական կոտրելու գործիքներ չունի՞: Բլումը ժամանել էր երկու թերմոս հեղուկ ազոտով ու կես րոպեում հեծոն ազատել փականից: Հեղուկ ազոտը լցրել էր փականի վրա, փականը սառցակալում էր, ու գոլորշիները տարածվում էին Բլումի ու Լիի ոտքերի շուրջ: Հետո մուրճի ընդամենը մի հարված էր պետք սառույցի մեջ կորած փականը կտոր-կտոր անելու համար: Հիմա ո՞վ կկարողանա փական կոտրել: Ո՞վ հեղուկ ազոտ ունի: Ուրեմն ստիպված է լինելու նոր հեծանիվ ճարել նոր կողպեքների հետ: Լիքը ծախսեր:

Բայց լավ, որտե՞ղ կորցրեց բանալիները:

Գործից դուրս գալուց առաջ Միան իրեն մի կողմ էր քաշել, ու մինչ Լին ուրախությամբ հայտարարել էր, որ արդեն մի ամիս է, ինչ Բլումին թողել է, Միան ասել էր.

– Լսիր, Բլումը գեյ է:

Բայց ինձ դեռ սիրում է, բայց նախկին ընկերուհիներ ունի, բայց, բայց…

– Ասում եմ՝ հաստատ գեյ է: Դեկտեմբերին էն վերջին հանդիպման ժամանակ կողքը նստեցի: Բոլոր լեզվաբանական նշանները կան. գեյական լիսպերը, ձայնավորների խզումը: Լիսպերի մասին ինքն էլ գիտեր:

Հա էլի, գեյական լիսպերը: Էսքան ժամանակ չէր հասկանում, թե ինչու էր Բլումն Իսլանդիային Իշլանդիա ասում: Հոլանդական ակցե՞նտ: Բա կալիֆոռնիական հնչողությամբ ձայնավորնե՞րը: Էշ-էշ կարծում էր, թե Բլումը հատուկ է Կալիֆոռնիայի անգլերենը նմանակում, որ Դանիայից հետո էնտեղ տեղափոխվի: Ասում էր՝ չգիտեմ՝ էնտեղ խոտն ավելի կանաչ է, թե չէ, բայց հաստատ ավելի արևոտ է: Բայց… բայց…

– Բայցերդ չգիտեմ: Հետս արի:

Միան Լիին տարավ խոհանոց, որտեղ թիմի գեյերը գործից հետո նստած գարեջուր էին խմում:

– Յենս, ասա:

– Ի՞նչ ասեմ,- Յենսը նայեց Լիին, նայեց ուղիղ աչքերի մեջ, էնպիսի հայացքով, որ Լին կմտածեր՝ ֆլիրտ է անում, եթե հաստատ չիմանար, որ Յենսը գեյ է:

– Նկարը, որ նոր ցույց տվեցի:

– Հա՜,- Յենսը հեռախոսը հանեց գրպանից, ինչ-որ բան փորփրեց,- սա՞,- Միային ու Լիին պարզեց Բլումի ֆեյսբուքի պրոֆիլի նկարը, որտեղ Բլումը միամիտ երեխայի պես նայում է ձեռքին թառած թութակին- գեյ է:

– Հաստա՞տ: Ի՞նչ գիտես:

– Փորձից: Ի՞նչ կասես,- Յենսը հեռախոսը պարզեց Ռունեին:

– Պսիխոպաթ էլ կլինի: Հըլը ինքնավստահ հայացքը: Ոնց որ ասի՝ հես ա քեզ կսպանեմ ու լավ կանեմ,-ծիծաղեցին,- ուրիշ նկար չունե՞ս:

Ռեյկյավիկից ոչ հեռու մի անտառում մթության մեջ խարխափելով փորձում էին իրենց հյուրանոցը գտնել: «Հիմա որ քեզ սպանեմ, ոչ ոք ձայնդ չի լսի»: «Ո՞նց կսպանես»: «Դանակը փորդ կմտցնեմ»: Էդ պահին իսկականից վախեցել էր Բլումից: Ահավոր բան էր. երկուսով մենակ անծանոթ երկրի անծանոթ վայրում, տարածքում ոչ մի լույս չկար, բացի Բլումի հեռախոսինից: Լավ էր՝ շուտով հյուրանոցը գտել էին:

Հետո պիտի պատմեր իր հոգեվերլուծող ընկերոջն ու Բլումի հոգեբանական նկարագիր ուզեր: «Դանակը՝ ֆալոս, սպանությունը՝ պենետրացիա: Ինֆանտիլ վարքագիծ»:

Փորփրեց հեռախոսը, գտավ Բլումի պրոֆեսիոնալ էջի նկարը, փոխանցեց Յենսին:

– Հըմ, տրանսգենդեր էլ կլինի:

– Բայց ախր ընկերուհիներ է ունեցել:

– Ուրեմն տղամարդու մարմնում բանտարկված լեզբի է,- Յենսը նույն ֆլիրտոտ հայացքը գցեց Լիին,- շանսեր ունես հետը:

Անտառի հյուրանոցում պառկած էին կողք կողքի: Մութ էր: Սպասում էին հյուսիսափայլին: Ուժեղ անձրև էր գալիս: Հյուսիսափայլի հույս չկար, բայց անկապ զրուցում էին, որ քնով չընկնեն: «Ո՞վ ես դու»,- հարցրել էր: «Ե՞ս: Տղամարդ»,- Բլումը պատասխանել էր: «Հաստա՞տ»: «Յոթանասուն տոկոսով»:

Հաջորդ օրը Ռեյկյավիկում խանութներով պտտվելիս իսլանդական նախշերով սվիտր էին փնտրում: Բլումն անընդհատ կանացի պոնչոների վրա էր վազում: «Սրանք նույնիսկ ինձ համար են չափից դուրս կանացի»,- ծիծաղում էր Լին:

– Դե լավ հա, անցած բան է,- Լին Յենսին փորձեց պատասխանել նույն ֆլիրտոտ հայացքով,- գնացի, շտապում եմ:

Հետ գնաց գրասենյա՞կ դուրս գալուց առաջ: Պայուսակն ու վերարկուն հետն էին, ուրեմն բանալիները պիտի որ վերցրած լիներ: Այ, եթե հեծանիվով լիներ, հենց դուրս գար, կնկատեր, որ բանալիները չկային: Գուցե էդ ժամանակ դեռ կային:

Գրասենյակից դուրս գալուց հետո զանգեց Իննային:

– Գալի՞ս ես ջազ կաֆե: Էսօր պոեզիա կա:

– Կարդու՞մ ես:

– Չէ, լսել եմ ուզում… Համ էլ… Բլումն էնտեղ կլինի, կտեսնես վերջապես:

Քայլեց դեպի մետրո: Սոված էր: Ճամփին մտավ Ֆակտա, երկու հատ քրուասան առավ: Հերթի մեջ կանգնած ժամանակ ականջակալները գրպանից դուրս էին ցցվել: Շտապելուց փլեյերը չէր էլ անջատել, ու դեռ լսվում էր Քերեն Աննի նվնվիկ ձայնը: Ականջակալները հետ խցկեց: Երևի էդ ժամանակ էլ բանալիներն ընկան: Բայց ոնց էլ չլինի, կլսեր չխկոցը կամ հետևում կանգնած մարդը դանիերեն ինչ-որ բան կբլբլար, կհասկանար, որ ասում է՝ բանալիներդ ընկել են:

Խանութից հենց դուրս եկավ, նորից ականջակալները դրեց ու քայլեց դեպի մետրո: Քերեն Աննի «Անհետացումն» էր: Բլումի հետ առաջին անգամ էդ երգի տակ էր համբուրվել: Աչքերը փակել էր ու կարծել էր Լուիզան էր: Իսկ երբ աչքերը բացել էր, ասել էր՝ հավատս չի գալիս, որ սա դու ես: Հետագայում էլ միշտ Լուիզան աչքի առաջ էր գալիս Բլումի պռոշներին կպնելիս: Ու Լուիզայի պես Բլումը ձեռքերը սահեցնում էր որովայնի վրայով՝ բռնելով ճարպի ավելցուկը, չհամարձակվելով ավելի ներքև իջնել:

Քնելուց առաջ Լուիզային էլ հիշեց: Նա միակ կինն էր, որի հետ երբևէ եղել էր: Կիսահարբած-կիսաքնած, երբ աղջիկներով մնացել էին Լիենց տանը: Լուիզան պնդեց, որ Լին իր ծոցը քնի: Լույսերը հանգցնելուց հետո նրանց մարմինները մոտեցան, փաթաթվեցին ու սկսեցին պաչպչվել, ու Լուիզայի ձեռքը դանդաղ սահեց Լիի մարմնով, հասավ կակուղ տեղերը ու սկսեց խաղալ: Իսկ առավոտյան Լուիզան բոլորին հայտարարեց, թե մի սարսափելի երազ էր տեսել, թե ինչ-որ մեկն ամբողջ գիշեր իրեն զոռով համբուրում էր:

Մի անգամ էլ Բլումը հանկարծ սկսել էր Լիի մատը ծծել: Թեև տարօրինակ էր թվացել, բայց իր հիշելով միակ պահն էր, երբ Բլումի հետ ֆիզիկական շփումը հաճելի էր: «Օրալ ֆիքսացիա,- ասում էր հոգեվերլուծող ընկերը,- կանացի վարքագիծ»: Իսկ Միան թե՝  էդ տղայի հետ մի բան էն չի, ո՞նց եք նույն մահճակալում քնում առանց սեքս անելու:

Բլումն ուղղակի փաթաթվում էր Լիին ու գլուխը թաղում նրա մազերի մեջ: Մի առավոտ ձեռքը դրել էր Բլումի առնանդամին: «Ես քեզ թու՞յլ եմ տվել, որ ձե՞ռ ես գցում»: Հետո Բլումը մատները տարել էր Լիի ոտքերի արանքը, թեթևակի շոյել: «Հիմա քվիտ էղանք, վեր կենանք, արդեն ուշ է»:

«Որ ասում եմ՝ հետը մի բան էն չի,- ասել էր Միան,- հաստատ գեյ է կամ էլ շատ-շատ կույս»:

Մի րոպե, դեռ նոր չէի՞ն սկսել հանդիպել, երբ Բլումի մուգ վարդագույն ջինսը գեյական թվաց: Էն ժամանակ մտածել էր՝ ստերեոտիպեր են էլի, գուցե մարդն էսպիսի ճաշակ ունի: Բա որ էն թանկ ռեստորանում ընթրում էին, ի՞նչ մտքին փչեց, որ չորով հարցրեց օրիենտացիայի մասին: Բլումը հեչ էլ չէր զարմացել հարցից, նայել էր ուղիղ աչքերի մեջ ու ամենայն անկեղծությամբ պատասխանել. «Հետերոսեքսուալ եմ»: Հետո սկսել էր նախկին ընկերուհիներից պատմել: Դրան նայեք հլը, ուրեմն սուտ էր ասում, հա՞: Էդ դեպքում ինչու՞ չէր կարողանում նախկինին մոռանալ:

«Ես էլ կարծեցի՝ գեյ է»,- ասել էր Միան Բլումին առաջին անգամ տեսնելուց հետո, երբ հաջորդ օրը գործի տեղը Լին հայտարարել էր, որ հենց նրա հետ է հանդիպում:

Բայց ի՜նչ խանդոտն էր Բլումը. խանդում էր, երբ երեկոյան տուն գնալու փոխարեն Միայի հետ գարեջուր խմելու էր գնում: «Լոբինե՞ր էիք խաղացնում»,- ասում էր:

Խանդում էր Լիի ընկերներին, հետաքրքրությունները, այցելած վայրերը, անգամ Լիի՝ ինքն իր հետ մենակ մնալու ցանկությունը:

Ամեն դեպքում, տխուր էր առանց Բլումի. կարոտում էր նրա հետ գետնին պառկած Քերեն Աննին լսելը, կիրակի օրերը Գլյուպտոտեկում Դեգայի կտավների մոտ թրև գալը, բուսաբանական այգու թունավոր բույսերն ուսումնասիրելն ու որոշելը՝ որ թշնամուն ինչով են թունավորելու, որն են պահելու ինքնասպանության համար:

Գիշերը չկարողացավ նորմալ քնել: Անընդհատ վեր էր թռնում երազներից. հայտնվում էր Բլումը՝ կանացի հագուստով, ձեռքին բանալիների տրցակը: Հենց էդ նույն տրցակն էր՝ չորս կարևոր բանալիներով: Մեկը տան մուտքինն էր՝ արծաթագույն, կապույտ եզրերով: Երկուսը հեծանիվինն էին՝ իրար նման, սև գլխիկներով, որ ամեն անգամ Լին շփոթում էր, թե որը որ կողպեքինն է: Ու մեկ էլ գրասենյակինն էր՝ մեծ, սուր ծայրով: Էս բոլոր բանալիները կախված էին արջուկով բռելոկից, վրան գրված՝ I ♥ Berlin: Լուիզան էր նվիրել:

Մեկ էլ հայտնվեց Լուիզան: Տկլոր պառկած էր, Լին գալիս էր մոտը: Հենց էնքան մոտեցավ, որ կարող էր համբուրել, տեսավ, որ պարանոցը մազածածկ է: Մազածածկ էին նաև թևերն ու կրծքերը: Լուիզան շեկ էր, իսկ մարմնի մազերը սև ու հաստ էին: Երբ սարսափած գլուխը հեռացրեց, Լուիզայի մարմինը դարձավ Բլումինը, կրծքերն անհետացան, անհետացավ նաև սև մազածածկույթը: Բլումի կրծքավանդակի ուղիղ կենտրոնում բանալիների տրցակն էր նույն արջուկով: Ձեռքը մեկնեց, որ վերցնի, բայց անհնար էր, ամեն մատից մի-մի կտոր սառույց էր կախված, թե՞ մատները սառույցներ էին: ձեռքը ոնց պտտեցնում էր, բանալիներին չէր հասնում: Սառույցը ի՞նչ է նշանակում: «էմոցիոնալ սառնություն է»,-պատասխան գրեց հոգեվերելուծողը:

Առավոտյան գուգլեց Կոպենհագենում կորած իրերի ծառայությունների հեռախոսահամարներ: Լիքն էին: Կոպենհագենում բնակվող Ֆեյսբուքի  էքսպատների խմբում հարց գրեց: Ինչպես միշտ, հարյուրավոր պատասխաններ ստացավ, բայց դրանցից որևէ մեկը որևէ օգուտ չտվեց: Ոմանք մեղադրում էին նրան, որ ուշադիր չի եղել ու կորցրել է բանալիները: Մյուսները էլի գուգլի տեղն էին ցույց տալիս, ինչքան էլ բացատրեր որ գուգլը բան չի ասում: Չոր հեռախոսահամարներից ավելի կորած իրեր գտնելու մյուսների փորձն էր հետաքրքրում:

Նկուղից դուրս եկավ առանց դուռը կողպելու: Կայարանի ճամփին զանգեց երկաթուղու կորած իրերի բաժին: Երբ նկարագրեց իր հետագիծը, կինը գոռգռաց, թե սխալ համարով է զանգել, մետրոյինն ուրիշ հեռախոսահամար է, եթե գնացքում է ինչ-որ բան կորցրել, կարող է մոտենալ գլխավոր կայարանի կորած իրերի բաժին:

Գլխավոր կայարան գնալուց առաջ արժեր նախ ջազ կաֆե ու մետրո զանգել, Ֆակտա մտնել, կապվել ոստիկանության կորած իրերի բաժնի հետ, որը շաբաթը երկու օր էր աշխատում: Ութից տասը օր է տևում կորած իրը գտնելը, եթե գտնում են ընդհանրապես: Դա միակ օգտակար տեղեկությունն էր, որ կարողացավ կորզել էքսպատների խմբից՝ պոչին մեկնաբանություների շարան՝ «Կարծում ես՝ ոստիկանությունն անելիք չունի՞», «Ինչու՞ զապաս բանալին ընկերոջդ մոտ չես թողել»…..:

Ինչու՞ գնաց Ջազ կաֆե ընդհանրապես: Ինչու՞ Բլումին գրեց: Դա պակա՞ս գեյ էր սարքելու նրան: Հենց Նորեպորտում Իննային հանդիպեց, դողդողացող ձայնով ասաց, որ շատ է ուզում Բլումին տեսնել: Ջազ կաֆե գնալու ճամփին մենակ գործից ու դանիացիներից էին բողոքում: Ոչինչ չասաց Միայի ու թիմի գեյերի հետ ունեցած խոսակցության մասին: Երբ ներս մտան, Բլումը նստած էր՝ շրջապատված մի խումբ աղջիկներով: Հենց տեսավ Լիին, աչքերը փայլեցին: Մի պահ ուզեց մոտենալ, գրկել Բլումին, բայց միայն քաղաքավարությամբ բարևեց ու մնաց իր անկյունում:

– Ո՞րն է Բլումը,- շշնջաց Իննան: Չէր տեսել, միայն Լիի պատմածներից գիտեր:

– Այ էն մեկը՝ հագին վարդագույն սվիտր:

Իննան դես նայեց, դեն նայեց:

– Բայց վարդագույն սվիտրով տղա չեմ տեսնում: Մենակ էն սևովն է,- ու ցույց տվեց Բլումից բացի սեղանի շուրջ նստած միակ տղային՝ Միգելին, որին Լին ջազ կաֆեից գիտեր:

Մի սևամորթ բեմի վրա պաթոսով ֆրանսերեն բանաստեղծություն էր կարդում: Ոչ ոք չէր հասկանում:

Իննան սկսեց նվնվալ, թե ուշ է, հաջորդ օրը գործի է: Հագան վերարկուները ու մարդկանց հրմշտելով քայլեցին դեպի դուռը: Բլումը ձեռքով արեց: Լին ժպտաց: Իննան հարցրեց՝ էդ ու՞մ ես ժպտում:

Բլումին գրեց ջազ կաֆեից դուրս գալուց հետո, երբ Իննայից բաժանվեց ու մտավ Նորեպորտ կայարան: Ուրեմն հեռախոսն էդ ժամանակ է գրպանից հանել, ուրեմն բանալիներն ընկել են էնտեղից դուրս գալուց հետո: Սա կիսով չափ կրճատում է տարածությունը՝ կենտրոնից մինչև Վելբյու: Բայց Աման չի բացառվում: Ֆակտայից հետո մտավ մետրո: Տրանսպորտի քարտը լիցքավորվա՞ծ էր: Ուրեմն ապարատին չի մոտեցել, մենակ ծնգացրել է քարտը: Գնացքը համարյա անմիջապես եկավ, հազիվ հասցրեց քարտը նորից պայուսակը դնել: Թե՞ գրպանը: Չէ, հաստատ պայուսակում էր, որովհետև Նորեպորտում հետևից եկող կինը նյարդային շարժումներ էր անում, մինչ ինքը կփորփրեր պայուսակն ու քարտը կգտներ, որ նորից ծնգացներ:

Աշխատանքի գնալու ճամփին մտավ Ֆակտա: Էնտեղ բանալիներ չէին գտել: Գնաց իր աշխատավայրի կորած իրերի բաժին: Հսկայական փայտե դարակում բազմաթիվ բանալիներ, հեռախոսներ ու կրեդիտ քարտեր էին լցված: Արջուկով բռելոկ չկար:

«Բանալիներս կորցրել եմ»,- գրեց հոգեվերլուծող ընկերոջը: «Ֆալոսներից հրաժարվու՞մ ես»,- պատասխանեց:

Էդ անտեր սմայլիկն ինչու՞ ուղարկեց Բլումին: Բայց եթե բանալիներն ընկել էին ջազ կաֆեից մետրո քայլելիս, երբ առաջին անգամ հանեց հեռախոսը, գտնելը շատ դժվար էր լինելու:

Ուրեմն պիտի ևս երկու օր դիմանար, զանգեր ոստիկանություն, դիմանար ևս ութ օր: Կարող էր Միայից վերցնել գրասենյակի բանալին, կարող էր տանտիրոջը խնդրել, որ նկուղի բանալի տա, մինչև ոստիկանությունից լուր ստանար: Մի շաբաթ էլ հեծանիվ չէր քշի, հասարակական տրանսպորտից կօգտվեր: Սթրեսային օրեր էին սպասվում: Արդեն սթրեսված էր:

Գրասենյակ մտնելիս զգաց, որ աշխատելու էներգիա չունի: Գլուխը դրեց գրասեղանին: Մետաղյա սառը ինչ-որ բան կպավ ճակատին: Բանալիներն էին: Սառը բանալիները:

Էլ ոչ մի ջազ կաֆե:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.