hero

1

– Ըհհհ,- հաճույքից տնքաց Հայկանուշը:

Մերսողը շարունակում էր յուղերով խաղալ մարմնի հետ: Մտքերն իրար հերթ չէին տալիս: Գալիս էին իրար շալակ բարձրանալով, իրար հրելով ու խմբովի՝ հոտերի, համերի, գույների մանրամասներով:

Այո, ինքը, Հայկանուշը, Թուրքիայում է, Անթալիայում, և իր մարմնի հետ խաղում է թուրք մերսողը, և դա այնքան հաճելի է, որ կուզեր հավերժ այդպես լիներ: Բայց ախր երդվել էր չէ՞, որ թուրքական ապրանք չի առնելու, Թուրքիայում չի հանգստանալու, առհասարակ ոչ մի ձևով  չի նպաստելու թուրքական տնտեսության զարգացմանը: Տատը տեսներ` իր փոխարեն ամոթից գետինը կմտներ. հերիք չի կրծքերը բացել ա անծանոթ տղամարդու առաջ, հերիք չի էդ տղամարդը թուրք ա, հըլա ինքն էլ անամոթաբար տնքում ա:

Պապն ու տատն ադրբեջանահայ էին: Տատը տխուր ու նամուսով կին էր: Պապը կամքին հակառակ փախցրել էր նրան 20 տարեկանում: Տատն ամբողջ կյանքում  պապին չներեց: Երբ փոքր էր, չէր հասկանում, թե տատը ինչի է կյանքից դժգոհ: Մտածում էր, թե տատի բնավորությունն է՝ դժգոհ ու տխուր մարդ է: Ամառները, երբ բոլոր թոռներով հավաքվում էին տատի տանը, տատի բնավորության վրա կատակներ շատ էին անում: Աշոտը՝ թոռներից ավագը, մի անգամ ասել էր. «տատի, եթե ոչ մի տեղդ չցավա, կգնաս կողքի սենյակ, ոտդ էնքան պատին կխփես մինչև կոտրվի, որ դժբախտ լինես ու բախտիցդ բողոքես»:

Հայկանուշի Արփենիկ հորաքրոջ տղա Աշոտը տատի ամենասիրելի թոռն էր: Նրան տատն էր մեծացրել ու այնքան երես տվել, որ հետո էլ ոչ ոք  չէր կարողանում հախից գալ:

Երկար ու անհեթեթ բակային- գողական-խոպանա- ռուսաստանյան կյանքից հետո Աշոտին Երևան էին բերել առողջության կտրուկ վատացման պատճառով, որ պարզվեր, որ ՁԻԱՀ-ի վերջին փուլում է:

Գլխում մանկության պատկերներն էին. Աշոտը բակից տուն էր գալիս ու զարմիկներին շորերից կախում տան դռներից, ու նրանք  անօգնական ճոճվում էին: Ընտանեկան պատմությունն ասում էր, որ իրեն՝ Հայկանուշին, Աշոտն էր քայլել սովորեցրել: Ինքը չէր հիշում: Փոխարենը հիշում էր, թե ինչպես էր Աշոտն ընկերների հետ նարդի խաղալիս իրեն կանգնեցնում աթոռի վրա ու ստիպում ժամերով արտասանել: Սկզբում ոգևորված, առոգանությամբ սկսում էր՝ «Մանուկները գոռում, գոչում….»: Երբ ավարտում էր, Աշոտը դիրեժորի պես չափ էր տալիս, թե` նորից: Հետն էլ իր տնազն էր անում՝ ստորին շուրթը «Անորսալի վրիժառուների» Ջիգարխանյանի նման դեպի վեր ծռելով, քանի որ արտասանելիս Հայկանուշի բերանը ծռվում էր: Ու էսպես ժամերով: Մինչև ինքն այնքան էր հոգնում, որ կատաղությունից սկսում էր լացել:

Հայկանուշի մանկությունն անցավ գրքերի մեջ: Կարդում էր ամեն բան, կարդում էր ինքնամոռաց: Նստում էր դասերն անելու՝ դասագրքի տակ միշտ որևէ գեղարվեստական գիրք պահած: Ուղարկում էին քնելու՝ վերմակի տակ լապտերով գիրք էր կարդում: Հետո ամբողջ օրն էլ գրքերում էր, երկխոսությունների մեջ` տո կոմսուհի Դե Մոնսորոն էր, տո Մարգո թագուհին, մի քիչ որ մեծացան, հերոսուհիները փոխվեցին՝ Նաստասյա Ֆիլիպովնան կամ Նատաշա Ռոստովան: Հենց լսում էր վերելակի ձայնն ու պատկերացնում, որ էս ա տուն մարդ կմտնի, արագ ամեն բան հավաքում էր, նստում գրասեղանի մոտ՝ իբր դասերն է անում: Դրա համար բոլորը գիտեին, որ ինքը կյանքից բացակա ա, գրքերի ու դասերի մեջ, ոչ էստեղ ու ոչ հիմա: Հիմա էլ գիրք չի կարդում, բայց էլի էստեղ չի,  Անթալիայում պառկած, աչքերը փակ էլի մտքով ուրիշ տեղ ա:

2

– Ահ,- հանկարծակիի եկած բացականչեց Հայկանուշը, գլուխը թափ տվեց ու բացեց աչքերը: Մերսողը համբուրել էր շուրթերը:

– If you don’t like it, I’ll not do it madam,[1] – ժպիտը դեմքին Հայկանուշի մազերի հետ խաղալով՝ ասաց մերսողը:

Կլիներ մի 4-5 տարեկան, երբ Աշոտը նրան  փակեց  ննջարանում, իջեցրեց իր շալվարն ու տրուսիկը, ապա Հայկանուշին մոտ կանչեց, բարձրացրեց շրջազգեստը, իջեցրեց տրուսիկն ու ասաց՝ «Հայկուշիկ, տե՛ս սառը կոճակս», ապա «կոճակը» փորձեց կոճկել Հայկանուշի կոճկանցքին: Աշոտն այդ ժամանակ 12-13 տարեկան էր: Հայկանուշը  բան չհասակացավ, բայց Աշոտը կարգադրեց, որ ոչ ոք պիտի չիմանա: Եվ իհարկե ոչ ոք չիմացավ:

Աշոտի սառը կոճակը  աչքի առաջ է: Ինքն աչքերը փակ իրեն երկնքում էր զգում թուրք մերսողի փափուկ, հանգստացնող հպումների շնորհիվ:  Հանկարծ մերսողը բռնեց ձեռքն ու թեթև բարձրացրեց տեղից: Հայկանուշը զարմացած բացեց աչքերը ու հարցրեց.

– Finished?[2]

Մերսողը ժպտաց ու ասաց.

– No, the mask,[3]– ապա ձեռքից բռնած տարավ մութ ու նեղ միջանցքներով, նստեցրեց մի կիսախավար սենյակում, թափանցիկ վարագույրի հետևում, թեյ բերեց ու պատվիրեց,- relax![4]

Թեյը մի տեսակ տարօրինակ համ ուներ ու շատ քաղցր էր:

Թեյը: Շոգ հետմիջօրե Լուքսորում: Անհամար քանակությամբ խմված թեյ:  Լուքսորի տաճարի մոտ արաբ տղան մոտեցավ ու ասաց.

– Come with me, I’ll show you the world.[5]

Երեքով էին, 20-23 տարեկան աղջիկներ: Իրար նայեցին՝ ապա հետևեցին ժպտերես ու արևահար արաբին: Քարերի ու ավերակների միջով քայլեցին, քայլեցին մինչև ինչ-որ կիսաքանդ պատի հասան: Տղան շարունակում էր ժպտալ՝ ձեռքով պատը ցույց տալով: Սկզբում չէին հասկանում` ինչ է ուզում: Հետո ուշադիր նայեցին ու տեսան լավ պահպանված որմնանկարը. եգիպտացի տղամարդ, բաց ֆալոսով: Ֆալոսը կանգնած էր, տիրոջ մարմնի չափ: Ահա աշխարհը, որը տղան համառորեն ուզում էր ցույց տալ:  Հետո մի ոտքից մյուսին հենվելով, մի քիչ շփոթված ժպիտը դեմքին՝ ձեռքը մեկնել, փող էր ուզում՝ աշխարհը ցույց տալու դիմաց: Շոգ, անապատային, կապտաերկինք օր էր: Դարերի շունչը կախված էր օդում և անգամ անթիվ զբոսաշրջիկների օծանելիքի ու քրտինքի հոտերը չէին կարող վերացնել այն:

Պատկեր պատկերի հետևից, կադր օդին, դուբլ դվա ու Հայկանուշն արդեն Դամասկոսում է: Քսան տարեկան էր, մի տարվա ուսանողական ծրագրով Սիրիա էր եկել: Հունվար ամիսն էր,  մանր անձրև էր մաղում: Հայկանուշը ճերմակ շրջազգեստով էր, կարմիր շարֆով ու կարմիր, երկար ականջօղերով: Երևանից նոր էր եկել, խնդրել էին ինչ-որ փաստաթղթեր փոխանցել Վարդանին ՝  պոլիտեխնիկի դիպլոմ, էլի մի էրկու սերտիֆիկատ: Պայմանավորվել էին հայկական եկեղեցու մոտ:

Եկավ Վարդանը՝ հին սովետական մեքենայով:  39 տարեկան, նիհար, մկանուտ, ցածրահասակ տղամարդ էր:  Վարդանն անընդհատ իրեն էր նայում՝ ոտքից գլուխ:  Մի ամիս առաջ երազ է տեսել՝ ճերմակ ու կարմիր հագած աղջիկ, հայկական եկեղեցու մոտ, մանր անձրևի տակ, ինչ-որ արաբական երկրում:  Մտադիր էր Լատինական  Ամերիկա տեղափոխվել: Բայց օր անց, երբ արդեն պիտի տոմսերը գներ, զանգեց ընկերն ու ասաց, որ Սիրիայում փող աշխատելու հնարավորություն կա: Ինքն էլ գնաց երազի ետևից:  Ուղիղ մի ամիս անց երազն իր ոտքով եկել է: Հայկանուշը  Դամասկոսում երկու շաբաթում հասկացել էր, որ անհավանական ոչինչ չկա: Չզարմացավ: Անգամ հաճելի էր ուրիշի երազում հայտնվելը:  Ճամփորդում ես անծանոթների երազներում: Ինքն իրեն լատինամերիկյան վեպում  էր զգում:

Մեքենայով Դամասկոսում պտտվեցին, հեռախոսի համարներ փոխանակեցին ու Հայկանուշը տուն վերադարձավ այնպես սահուն ու թեթև, կարծես դեռ ուրիշի երազում զբոսնելիս լիներ: Վարդանը պրոֆեսիոնալ մրցարշավորդ էր: Սկսվեցին  մեքենա վարելու դասերը, Դամասկոսի գիշերային գոնկեքը, անակնկալ այցելությունները, գիշերային շրջագայությունները հին քաղաքի նեղլիկ փողոցներով, հրեաների լքված տների ուրվականահոտ բակերով, թեյարանների ու սրճարանների օդը, պտտվող դերվիշները, նարգիլեն, հեքիթասացները:

Վարդանենց տանն էին, երբ Վարդանը վատացավ: Հայկանուշի հայրը 39-ը տարեկանում էր մահացել, սրտի կաթվածից: Մահվան անհեթեթությունը հասկանալու համար կարդացել էր կաթվածի մասին ամեն ինչ  ու վստահ էր, որ Վարդանինը կաթված է: Հենց այդ վստահությամբ էլ նա արագ մոբիլիզացրեց Վարդանի ընկերներին ու նրան հիվանդանոց տեղափոխեցին:  Հաստատեցին, որ սրտի սուր նոպա ունի:

Վարդանի ուղեղն ամբողջությամբ մթագնեց: Հայկանուշից զատ ոչինչ չէր տեսնում: Երբ մի տաս հոգով որևէ տեղ էին գնում, նստում էր անկյունում ու աչքը Հայկանուշից չէր կտրում: Հենց տան բակում Հայկանուշը քայլում էր, քայլած տեղը կավիճով գծում էր ու բոլորին արգելում էնտեղ ոտք դնել: Հայկանուշի խմած ջրի շշերի՝ շուրթերը կպած տեղերը կտրում ու պահում էր ինչ-որ գաղտնի տեղ:  Հայկանուշը սկսեց վախենալ: Խուսափում էր հանդիպել: Չէր պատասխանում զանգերին: Երազի հերոսուհի լինելն այլևս սարսափ էր ներշնչում:

Մի քանի օրից Վարդանը դզվեց ու  մեծ ծաղկեփնջով  հյուր եկավ: Հայկանուշի ընկերուհիներն էլ նրան սիրով ընդունում էին: Նրա հետ հետաքրքիր էր: Նա երաժշտություն էր գրում ու երգում: Փայտից, քարից  հետաքրքիր քանդակներ էր անում Հայկանուշի համար: Այդ օրը շատ էին խմել և Վարդանն այլևս վախենալու չէր: Մայրամուտի վերջին ազանն էր: Երկուսով հայտնվեցին Հայկանուշի ննջարանում:  Վարդանը ծիծաղելով ու հապշտապ իջեցրեց շալվարը, ապա կիսավարտիքը` բացելով ճլորած ու կախված կոճակը:  Հայկանուշի հարբածությունն անմիջապես ցնդեց ու դեմքին նորից սառավ սարսափը: Հայկանուշի դեմքը Վարդանին էլ օյաղացրեց: Շալվարը բարձրացրեց ու  ամաչելով ասաց՝ կարծում էի՝ դու փորձ ունես: Վարդանն էլ էր աշխարհը ցույց տալիս, ճիշտ այնպես, ինչպես եգիպտացի պատանյակը: Աշխարհը տեսենելու սպասումն ավելի մեծ էր՝ քան աշխարհն ինքը: Ու Հայկանուշը փախավ:

3

Մերսողը վերադարձավ հետը մի սրվակ մեջն էլ վրձին:  Վրձնով դեմքին քսեց դիմակն ու պատվիրեց չշարժվել  մինչև չորանա:

«Ահա թե ինչի հասցրեց թուրքի վախը»,- դեմքին չորացող դիմակից ձգված  քմծիծաղ տվեց Հայկանուշը:

Տատն ու պապն ապրում էին Ադրբեջանում, թուրքերի մեջ ու թուրքի վախը սրտում: Երբ ավագ դուստրը՝ Արփենիկը, հասունացավ այնքան, որ սկսեց տղաների ուշադրությունը գրավել, ծնողները խառնվեցին իրար ու սկսեցին քննարկել, թե ինչպես դստերը փախցնեն ադրբեջանցի վավաշոտ տղաների աչքից: Արփենիկը թուրք դասընկերներից սիրո խոստովանությամբ նամակներ էր ստանում: Անգամ բանակում ծառայող թուրք հարևանն էր նրան գրում: Փողոց դուրս գալն էլ օր օրի անախորժությունների պատճառ էր դառնում՝ ռեպլիկներ, կռիվներ և այլն:  ծնողները որոշեցին, որ  «մարդի տալու վախտն ա»:

Հայկանուշի պապը՝ Արփենիկի հայրը, շրջանում հարգված մարդ էր, ընկերներ ու ծանոթներ շատ ուներ: Հերթական ընկերական հավաքի ժամանակ պատմում է դարդը, ու ընկերներից մեկն առաջարկում է աղջկան ամուսնացնել իր եղբոր հետ: Տղան Երևանում մանր պաշտոնյա էր, նոր էլ բնակարան էր ստացել: Պապը տեղում համաձայնվում է:

Մինչև տատը կառարկեր՝ ով ա, ինչ ա, ինչացու ա, աղջկան արդեն նշանել էին: Տղան գրավիչ տեսք ուներ, համ էլ խոստացել էր, որ կթողնի Արփենիկը սովորի:

Արփենիկին 17 տարեկանում ամուսնացրին, տեղափոխվեց Երևան, ընդունվեց տեխնիկում, իսկ մի տարուց  ծնվեց Աշոտը: Հարսանիքի օրը փեսան էնքան էր խմել, որ տան տեղը կորցրել էր, հարսանքավորները սաղ գիշեր փեսա էին փնտրել: Բայց դե ոչինչ՝ հարսանիք ա, մի անգամ ա կյանքում, ուրախությունից ա երևի, Արփենիկը հո Երևանում ա, թազա տուն, լիքը սիրուն շոր կհագնի, ու իրա սիրուն-ջահել մարդու թևը մտած  լավ-լավ տեղեր կգնա:

Չէ, էդքան էլ տենց չեղավ: Մարդը հարբում, հայհոյում ու ծեծում էր, ու դեռ էրեխեն չէր ծնվել, Արփենիկը հասցրեց մի քանի անգամ հորանց փախչել: Բայց ամեն անգամ ամուսինը հետևից գալիս էր, խոստանում, որ էլ չի կրկնվի, որ էլ չի խմի, հետը լավ կվարվի, ու  Արփենիկը վերադառնում էր Երևան:

Ու հարմարվելով, մի կերպ յոլա գնալով չորս երեխա շարեց: Ի՞նչ աներ, էնպես էին մեծացրել, որ բաժանվելը ամոթ բան էր, էրեխեքին էլ հեր ա պետք: Լավ, ամոթը կորցրեց, բայց մյուս կողմից էլ վախենում էր մենակ մնալ, առանց տղամարդ ոնց էր գլուխ հանելու էս կյանքում, ո՞նց կպահեր չորս էրեխուն: Իրեն մխիթարում էր, թե՝ մարդը կփոխվի, հո ամբողջ կյանքը չի՞ խմելու ու կռիվ սարքի: Չէր փոխվում, արդեն անհնար էր դառնում, ու ուժերը հավաքեց, դիմեց դատարան, որ բաժանվի բայց դատավորը կանչեց, խնդրեց, որ «պաշտոնյա մարդուն խայտառակ չանի»:

Արփենիկը չէր ուզում մեծ տղեն Աշոտը մարդու դեբոշները տեսնի, շուտ-շուտ ուղարկում էր ծնողների մոտ: Հերը հեր չի, բայց պապն աշխատասեր, հարգված, պատվախնդիր մարդ ա՝ տղուն լավ օրինակ կծառայի:

Իսկ Երևանում էլ, Աշոտը փողոցից տուն չէր գալիս, Արփենիկն էլ չէր կանչում, հարբեցող հորից ինչքան հեռու, էնքան լավ:

Աշոտը որ մեծացավ, իրիկունները հեր ու տղա հաճախ էին վիճում: Տասերորդ դասարան կլիներ Աշոտը, երբ հորը ծեծեց, որ մորը նեղացրել էր: Հետո տնից փախավ ու ամբողջ գիշեր Արփենիկն Աշոտ էր փնտրում:

Առավոտվա կողմ, երբ Հայկանուշը պատրաստվում էր դպրոց գնալ, դուռը թակեցին: Աշոտն էր: Գիշերը ոտով Երևանի մի ծերից մյուսն էր հասել:

Աշոտն անհեր մեծացավ, փողոցից տուն չեկավ: Տանել չէր կարողանում տունը, հորը, հոր հարբած քֆուրները,  մոր խեղճանալը: Ամառներն էլ գյուղում էր, բայց տատն ու պապն էլ չէին կարողանում հսկել` oրը մեկի հետ կռվում էր, օրը մի պատմություն սարքում, մյուս թոռներին էլ շարունակ տեռորի մեջ պահում:

Ինսունականներին ղարաբաղյան պատերազմը որ սկսվեց,  Աշոտը  ուզում էր  կամավոր գնալ: Հայրն ու մայրն ամեն ինչ արեցին, որ չգնա: Վստահ էին, որ շատ կարճ ժամանակում Աշոտի անունով սև ժապավենն իրենց փողոցում կկապվի: Տնով-տեղով, ազգով-ցեղով խնդրում-աղաչում էին, որ տենց բան չանի: Բոլորը հասկանում էին, որ պատերազմ ա ուզում գնա, որ հոր էրեսը չտեսնի:

Աշոտը պատերազմ չգնաց, բայց որ տնից պրծնի, թալանեց հարևանին: Պատուհանով մտել էր, էղած-չեղածը հավաքել, կապոց արել, ու նստել սպասել, որ գան բռնեն. ավելի լավ ա բանտ ընկնեմ, քան ամեն օր դրա էրեսը տենամ: Ձերբակալեցին, մի քանի ամիս կալանքի տակ մնաց: Դատի օրը ազատվեց, դատապարտել էին էնքան, ինչքան մինչև դատը նստել էր: Հենց բանտից դուրս եկավ, ծնողներն ուղարկեցին Ռուսաստան, որ հանկարծ գիժ-գիժ պատերազմ չգնա:

4

Մերսողը վերադարձավ, ստուգեց դիմակը և պատվիրեց լվացվել: Հայկանուշը երկար լվացվում էր, մտքում անջուր պատերազմական տարիները, 14-15 տարեկան դեռահասներ, ինը հարկ աստիճաններով ջուր էր կրում: Աշոտը գնաց Ռուսաստան ու «փրկվեց» թուրքի գնդակից: Իրենք մնացին, մութ ու ցուրտ օրեր, ուրեմն, միակ ապրելու տեղը գրքերն են: Տես, իր սիրելի հերոսուհիների գլխին ինչ ասես գալիս ա, բայց նրանք ամեն բան հաղթահարում են ու գտնում իրենց երջանկությունը: Որ ջուր էր կրում իրեն Անժելիկա էր երևակայում, նա հանուն սիրո՝ Ժոֆրեյի, տեղափոխվել էր Ամերիկա ու ծառաներին հավասար չարքաշ աշխատում էր: Մեկ-մեկ էլ Ջեյն Էյրն էր: Կյանքը տանելի դարձնելու համար փոխադրվում էր գրքերի աշխարհ, ու կյանքին գրքի հետ դավաճանում:

Աչքի պոչով նայեց մերսողի ձիգ, մկանուտ, արևահար մարմնին:

Վարդանն ասում էր, որ նկատել կարողանալը ապրելու միակ իրական կարողությունն է: Վարդանը մարդկանց բաժանում էր սպառողների ու ապրողների: Սպառողներն ապրում են ապրողների հաշվին: Սպառողները  գիտե՞ս ինչի են ճամփորդում, որ «գալոչկա» դնեն, որ տես՝ Եգիպտոսում էլ եղա ու վերջ, նրանք շարունակ լուսանկարվում են, գնում կինո, թատրոն, համերգ, բայց ոչ մեկով չեն ապրում: Անկետա են լրացնում՝ been there done that.[6] Հետո մի օր մեկը զգում է, որ չէ, մեկ է, դատարկ է կյանքը, ու փորձում է լցնել:  Իսկ ինչո՞վ լցնի: Լցնում է սիրով: Ինքն իրեն համոզում է, թե սիրում է: Բայց քանի որ սպառող է,  սերը դառնում է իր տեսած կինոյի պես՝ կամ «գլամուրոտ», կամ «ռոմանտիկ», կամ «դժբախտ»:

Հալեպում էր, որ ուկրաինացի Սերգեյը սեր խոստովանեց: Գիշեր էր, լիալուսին, զբոսնում էին Հալեպի բերդի շրջակայքում: Սերգեյը ինչ որ բան էր պատմում, չես հասկանում իր հետ է պատահե՞լ, գրքո՞ւմ է կարդացել, թե՞ սուտ գլուխ է գովում: Հանկարծ կանգնեց: Նայեց արմավենիների գլխին կախված լիալուսնին ու արտասանեց.

– Сейчас удобно,[7]– արագ բռնեց Հայկանուշի երկու ձեռքերը ու համբուրեց շուրթերը: Հետո  ասաց, – я люблю тебя. Давай я перееду к тебе?[8]

Հայկանուշը սկսեց ծիծաղել: Ծիծաղեց, ծիծաղեց, ապա կտրուկ թեքվեց ու արագ քայլեց դեպի տուն: Հիշեց իրեն՝ երկրորդ դասարանում, երբ դպրոցի միջանցքում իրենց դասարանի Վահանը բարձրացավ ոտքերի ծայրերին ու համբուրեց թուշը: Ֆիլմերում, երբ տղան նման բան էր անում, աղջիկն ապտակում էր:  Տարավ բերեց՝ ապտակեց Վահանին: Խեղճը կարմրած թշով մտավ դասի: Ֆիլմերը իր մինուճար կյանքը բազմացնում, մի քանիսն են դարձնում՝ թույլ տալով ապրել տարբեր կյանքեր: Այնպես, ինչպես գրքերը:

Տեսնես հիմա որտե՞ղ է Սերգեյը: Դժվար թե Մայդանում լիներ, ինչքան էլ նրա կարդացած գրքերի հերոսները Մայդանինը լինեին։

Աշոտը ոչ կարդում էր, ոչ էլ առանձնապես կինո նայում: Անգամ երաժշտություն էլ չէր լսում: Սիրում էր ու խնամում իր սենյակային բույսերը ու մեկ էլ շատ էր սիրում փոքր երեխաների հետ խաղալ: Ազգականների հետ չէր շփվում, ձևականությունների հետևից զահլա չկա ընկնելու:

Հասկացե՞լ էր, թե՞ ինչ է անում: Խմբովի նստել են, նույն ասեղն իրար փոխանցելով կիսել կայֆը ու արդյունքում սպիդը նվեր ստացել: Հայկանուշն անգամ չգիտեր, թե Աշոտը երբ և ինչպես էր սկսել դեղ անել: Սկսելը չգիտեր, բայց իմացել էր, որ ինչ որ պահի  թարգել էր: Աշոտը փոքր ժամանակ խմիչքն ատում էր: Ոչ միայն խմիչքը, կախվածություն առաջացնող ցանկացած բան: Ատում էր կախվածությունը, բայց ինքն իրեն վնասելու մոմ էր: Հայկանուշն անգամ մտածում էր, որ տանջանքից հաճույք է ստանում՝ մազոխիստ: Դե բա ուրիշ ի՞նչ մտածես. բաց վերքի մեջ հատուկ ժանգոտ մեխ էր մտցնում ու շուռ տալիս, հետո էլ բժշկի չի գնում, որ վերքը «ծաղկի», քցվում էր վարարած ջրանցքը, որտեղ ընկնողը հազիվ ա փրկվում, ամեն տարի մեկը խեղդվում էր, հատուկ ուտում էր ժամկետանց, ուռած պահածո: Ամբողջ կյանքում Աշոտն ինքն իր հետևից էր ընկած ու արանքում էլ ուրիշներին էր զոհ տալիս:

***

«1988թ. մինչև 2014թ. հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1793 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը՝ 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ…

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 930-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 143-ի մոտ՝ 2013թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 388 դեպք: Մահացածների թվում կան 68 կին և 7 երեխա»:

Մտավ ծով։ Աչքերը փակեց ու գրկեց ալիքները։ Առաջներում, երբ մտնում էր ծովը, աշխարհը դատարկվում էր: Հիմա աշխարհը դառն էր ու լի անցյալի ուրվականներով։

 5

Այդ ամառը ձմերուկաշատ էր: Ամառը հիշողության մեջ մնացել է ձմերուկագույն ու ձմերուկահոտ:  Կարող էր, չէ՞, Աշոտին տեսնելու գնալ, բայց  չէր գնում ու անընդհատ ձմերուկ էր ուտում:

Վռուբելի Դևը, Հայկանուշի ու Վարդանի միակ ընդհանուր սերը: Այնքան տարօրինակ ու անսպասելի չարք էր՝ ամբողջ աշխարհից հոգնած, կորած, մոլորված, ասես մարդկանց ասում էր՝ ինձ հանգիստ թողեք: Աշոտը նման էր այդ չարքին: Վարդանն էլ էր նրան նման:

Երբ Վարդանը գիշերներն իրենց մոտ էր գալիս՝ աչքերն արյունով լցված, դողալով ու գդալով շաքար կուլ տալիս, Հայկանուշն ուզում էր Վարդանին սպանել: Մի անգամ նույնիսկ ինքն իրենից  թաքցրել էր խոհանոցային սուր դանակը, որ կատաղության պահին հանկարծ չսպանի: Իրեն թվում էր, որ Վարդանի մեջ երկու մարդ է ապրում և հենց մյուսը ակտիվանում էր, Վարդանի վարքը փոխվում էր: Ընկերներով որոշեցին, որ Վարդանը չարքերոց է եղել: Ասում էին, որ Դամասկոսից ոչ հեռու, Մաալուլայում հզոր եկեղեցիներ կան, որտեղ մի հոգևորական կարողանում է աղոթքով քշել չարքերին:  Վարդանին տարան  Մաալուլա: Երեկոյան կողմ հասան, գտան հոգևորականին: Նա ձեռքը դրեց Վարդանի ճակատին ու սկսեց աղոթել: Վարդանն ընկավ գետին, սկսեց թավալվել, ապա սկսեց երկու տարբեր ձայներով ինքն իր հետ խոսել, ասես երկու տարբեր մարդիկ էին խոսում: Աղոթքն արամեերեն էր, և ոչ ոք ոչինչ չէր հասկանում:  Վարդանը բռնել էր փորը, կուչ եկել, գալարվում էր, լացում ու խոսում, խոսում: Իսկ հոգևորականը շարունակում էր բարձրաձայն անել իր անհասականալի աղոթքը: Գիշեր էր: Մաալուլայի ժայռափոր տներում վառվում էին լույսերը: Լուսինն ասես կլանում էր աղոթքը: Վարդանը  թպրտում էր, իսկ հոգևորականը ձեռքը ճակատից չէր հանում: Այնքան, մինչև երկուսն էլ ուժասպառ եղան: Վարդանի երեսին խաղաղություն իջավ: Լիալուսնի տակ նրա դեմքը հոգնած ու դառն էր, ծեր, սևացած, բայց խաղաղ: Փոքր-ինչ շունչ քաշելուց հետո հոգևորականը դարձավ իրենց կողմն ու արաբերեն ասաց.

– Նրա մեջ երկու չարք կար: Ես դրանց հանեցի: Բայց եթե հանկարծ մեկը վերադառնա, իր հետ յոթին կբերի:

Վարդանը խաղաղվեց, աչքերն էլ արյունոտ չէին, ու չէր էլ դողում: Բայց հիմա էլ Հայկանուշից  չէր կտրվում: Նա ամենուր էր: Հայկանուշը ֆիզիկապես զգում էր Վարդանի ներկայությունը, անգամ եթե դեռ չէր հայտնվել: Արյունը երակներում սառում էր, ծոծրակը քարանում, շարժվել չէր կարողանում, երբ զգում էր այդ ներկայությունը: Հայկանուշը փախավ: Տեղափոխվեց այլ բնակարան, այնպես, որ Վարդանն իրեն չգտնի: Նույնիսկ երբ արդեն Երևան էր վերադարձել, նրան երբեմն թվում էր, թե Վարդանը շարունակում է իրեն հետապնդել: Նույն զգացողությունն էր ունենում. արյունը սառում էր երակներում, բերանը ցամաքում և սկսում էր չորս կողմը նայել՝ համոզված, որ շուտով ինչ-որ տեղից կհայտնվի Վարդանը: Ճիշտ է, Վարդանն այդպես էլ երբեք չհայտնվեց, բայց Հայկանուշը վստահ էր, որ դա այն պահն է, երբ Վարդանն իրեն է տեսնում երազում:

***

 Ձմերուկի հոտը գրավում-կանչում էր, բայց Հայկանուշը երկար չէր կարողանում մնալ խոհանոցում: Ինչ-որ բան անհանգստություն էր պատճառում ու ստիպում այս ու այն կողմ նայել, ու փախչել՝ կարծես իրեն մեկը հետևում էր:  Քրտինքը վրայից հոսում էր, ինքն էլ ջեռոցի մոտ կանգնած հա աջ ու ձախ էր նայում՝ դեմքը լարված, գլուխը մտքերի ու պատկերների տարափից ծանրացած ու ինքնաբերաբար անընդհատ խառնում էր ամառային բրնձով ու դաղձով սպասը: Երբ մի անգամ էլ գլուխը հետ շրջեց, աչքը սառաեց սառնարանին: Ամեն ճամփորդությունից մի մագնիս էր բերել, ու հիմա սառնարանից աչքով էին տալիս Վենետիկը, Մոնա Լիզան, Կիսլովոդսկը, Ամերիկյան հնդկացիների կորած ցեղերից մեկի ժպտերես ներկայացուցիչը, վրացական գինիները, Պիզայի աշտարակը, ուղտին նստած մի բեդուին, Սվինքսը….   Ահա թե ի՜նչ: Փաստորեն այդ արնագույն, միլիմետրանոց դրոշն էր, որ ծածանվում էր Բոսֆորը պատկերող մագնիսի վրա: Գնելիս երկար փնտրում էր, որ առանց դրոշ մագնիս գտնի, բայց չկար: Էն ժամանակ մտածեց՝ ինձ էդ դրոշն ինչ կանի, մանավանդ, որ շատ փոքր է ու ըսկի չի էլ երևում: Թողեց սպասը, մի վայրկյանում սառնարանից պոկեց մագնիսն ու աղբարկղը նետեց:

6

Երբ Աշոտն Արմենիկումում պառակած էր, ամեն օր  տնեցիներով քննարկում էին թե արժե՞ր տեսակցության գնալ: Երևի ուզում էր, որ իրեն արգելեին գնալ, բայց արգելող չկար:

Հայկանուշին շարունակում էր տանջել Անթալիայում մերսումից ստացած դառնաքաղցր հաճույքի աղոտ գիտակցումը՝ խառնված մերսման ընթացքում իրեն այցելած դրվագիների, ծովի անզորության, սպիդի սարսափի, մարմնի գրավչության ու իր՝ իրենից առաջվա սերունդների ստեղծած թակարդից դուրս գալու անկարողության հետ: Համալսարանի երկրորդ կամ երրորդ կուրսում էր: Աշուն էր, դասերը նոր էին սկսվել: Ընկեր չուներ, բայց տղաներ կային, որ դուրն էին գալիս: Ընկերուհու հետ երկար զբոսնել էին և տղաների մասին երկար խոսել, հետո ինքը դասի էր գնացել: Հանկարծ լսարանի դուռը բացվեց ու ընկերուհին, խնդրեց, որ Հայկանուշին թույլ տա դուրս գալ: Լսարանի դուռը հենց փակեց, լսեց ընկերուհու հարցը՝ «Հակ, կարո՞ղ ա դու ֆրիգիդնի ես»: Էն ժամանակ ինքն էդ բառի իմաստը կարգին չէր հասկանում, բայց դե հո ցույց չէ՞ր տա, որ չգիտի: Երևի լավ բան չի ֆրիգիդնի լինելը ու ասեց, թե չէ, ֆրիգիդնի չի: Ասեց ու վերադարձավ լսարան: Գուցե թուրքի ու սպիդի սարսափի՞ց էր ինքը ֆրիգիդնի: Պատկերներն էլի հեռու մի տեղ էին տանում, այնտեղ ուր ինքը մեն մենակ էր Աշոտի սառը կոճակի հետ:

Աշոտին Արմենիկումում մկրտեցին: Արդյո՞ք դա քշեց նրա չարքերին: Պատահաբա՞ր, թե՞ օրինաչափորեն, մկրտող քահանան Ղարաբաղում կռված տղա էր: Ներկաներն ասում էին, որ քահանան հանգիստ խոսում էր մահվան մասին, իսկ Աշոտը շարունակ անձայն լացում էր:  Օգոստոսի սկզբին Աշոտին տեղափոխեցին Աբովյանի Տուբերկուլյոզի դիսպանսեր: Հայկանուշն ինչ-որ տեղ կարդացել էր, որ  աշխարհի շատ երկրներում ՁԻԱՎ-ի վիճակագրությունը հստակ չի, քանի որ շատերն ի վերջո մահանում են տուբերկուլյոզից, որն էլ գրանցվում է որպես մահվան պատճառ: Լսել էր նաև, որ Հայաստանում տուբդիսպանսեր տեղափոխում են սպիդով այն հիվանդներին, որոնց ապրելու հույսն այլևս չկա: Այստեղ այցելություններն առհասարակ արգելված էին: Աշոտին այցելած հարազատներն ասել էին, որ Աշոտը կուրացել է, ոչինչ չի տեսնում: Մեկն էլ ասաց, որ խոսելիս բերանը ծռվում է: Իր մանկության այն նույն Աշոտն էր դարձել, որն իր տնազն էր անում՝ Ջիգարխանյանի պես ներքևի շուրթը վերև ծռելով:

Օգոստոսին, երբ ձմերուկն ամենահամեղն էր, իրենց քառասնամյա խոպանչի հարևանը մահացավ տուբերկուլյոզի դիսպանսերում: Հարազատները մահվան պատճառը չէին ասում,  բազում վարկածներ էին շրջանառվում:  Օգոստոսի կեսերին Աշոտն էլ մահացավ: Հայկանուշը գործերով Բաթում էր գնացել ու Աշոտին այդպես էլ չտեսավ: Անգամ մահացած չտեսավ:

Այդ ամառվա ձմերուկահոտ մեղքը հիմա  մի ահռելի հսկա էր՝ Վռուբելի չարքի կերպարանքով: Հայկանուշն իրեն չէր ներում, որ չայցելեց Աշոտին: Չգիտեր էլ, թե ինչու չգնաց: Կոճա՞կն էր պատճառը, սպիդի վա՞խը, թե՞ ինքն իրեն ավելի ցավացնելու ցանկությունը: Գուցե գնար ու էլ չմղկտար՝ պարտքը կատարած կլիներ, բոլորի աչքին ճիշտ քույր կլիներ:

Դրոշը նետեց, ու սկսեց  լացել իր էդպես էլ կյանքում երբեք չունեցած սեքսի, Արփենիկ հորաքրոջ չստացված կյանքի, փախցված ու երևի բռանաբարված քսանամյա տատի, նրա թուրքավախի, Վարդանի երազների, Աշոտի հոգու փրկության նաև Ֆրեդի Մերկուրիի, Էմի Վայնհաուզի, ու էլի շատ ու շատ բաների համար:

***

Ադրբեջանն սկսեց սահմանի կրակահերթը: Եղավ հերթական Պուտին-Ալիև-Սերժ հանդիպումը: Սահմանային բախումների արդյունքում տասնյակ երիտասարդներ մահացան: Այսիսը Սիրիայում շարունակում էր առաջխաղացումը, իսկ սիրիական բանակին հաջողվել էր հետ վերցնել Քեսապը։ Եգիպտոսում դեռ չէր վերջացել Մուբարաքի դատավարությունը, իսկ Ուկրաինայում այդ ամառ խփեցին ՁԻԱՀ-ի 20-րդ միջազգային կոնֆերանսին մեկնող մասնագետներով մալասիական ինքնաթիռը: Ինքանթիռում գտնվողների մեջ էր նաև հոլանդացի Ջափ Լեյնը՝ Ինթերնեյշնալ Էյդս Սոսայեթիի նախկին նախագահը: Նա ասում էր, որ եթե Աֆրիկայի կորած անկյունները հնարվոր է սառը կոլա ու գարեջուր հասցնել, ապա ՁԻԱՀ-ի դեղ հասցնելը չպետք է պրոբլեմ լինի:     

————————————–

[1] Եթե ձեզ դուր չի գալիս, այլևս չեմ անի, տիկի՛ն:

[2] Ավարտեցի՞ք:

[3] Ոչ, դիմակը:

[4] Թուլացեք:

[5] Եկե՛ք ինձ հետ, ես ձեզ ցույց կտամ աշխարհը:

[6] Եղել եմ այնտեղ, արել եմ դա:

[7] Հիմա հարմար է:

[8] Ես քեզ սիրում եմ: Արի մոտդ տեղափոխվեմ:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

17 + six =