hero

Երբ տառերը քոչում են գրքիդ էջերից, մտածում ես, թե գժվել ես։ Բայց երբ մատաղացու անասունն է հոդաբաշխ մայունով փախցնում քեզ, արդեն չես իմանում՝ գժվածի գժվելը էլ ո՞րն է։ Ամեն ինչ ընդունելի է դառնում։

Լավ, սկզբից պատմեմ։

Ընկերուհուս հետ գնացինք ֆուտբոլ նայելու։ Սովորական խաղ չէր․ հայ֊թուրքական ֆուտբոլ էր։ Քեռիս չէր թողնում․ հիստերիկացավ, ոտքերը գետին տվեց, հեռախոսս ձեռքիցս խլելով՝ զանգեց ու գոռգռաց ընկերուհուս վրա, թե՝ եթե դու գլխիցդ ձեռ ես քաշել, էդ չի նշանակում, որ մեր աղջկա գլուխն էլ պիտի ուտես։ Կատաղությունից ու ամոթից ուզում էի գետնի տակն անցնեի։ Լավ է՝ ընկերուհիս հասկանում էր․ քեռուս նման մեկն էլ իրենց տանը կար։ Ես ու նա ոչ մեկին չլսեցինք, գլուխներս տնկած՝ գնացինք հայ֊թուրքական հանդիպումը երկրպագելու։ Տնեցիք սպասում էին, որ թուրքերը մեր արունը խմելու են, մեզ էլ ուտելու են, ու որոշել էին մեր տուրը տալ, հենց տուն կվերադառնայինք։

Տրիբունաների բարձր նստարաններին կանգնած՝ ես ու ընկերուհիս զգուշությամբ հանում էինք միմյանց ականջների բամբակը։ Ընկերուհուս եղբայրն էր խցկել՝ ճամփու դնելուց առաջ, ու պատվիրել, որ չհանենք, թե չէ կլսենք տղամարդ երկրպագուների հզոր քֆուրներն ու տանը կմնանք, որովհետև տան աղջկա ականջը պիտի մաքուր լինի։ Եղբայրը, քեռիս, մեր ազգուտակի արական կեսը մի կողմից, ընկերուհուս ազգուտակի արական կեսը՝ մյուս կողմից, համոզված էին, որ խաղը դիտող երկու աղջիկ է լինելու ընդամենը՝ ես ու ընկերուհիս։ Բայց հորս խոսքը վճռորոշ էր, և չհամարձակվեցին մեզ փակել տանը՝ ինչպես խոստացել էին։

Տրիբունաների բարձր նստարաններին կանգնած՝ ես ու ընկերուհիս նայում էինք, թե ինչպես է Նախագահը հատ֊հատ ողջունում հայ ֆուտբոլիստներին։ Ձեռքով բարևելուց հետո նա ամեն մեկի կրծքի վրայից քերում էր խորհրդանիշ  լեռը՝ երևի վախենալով, որ թուրքերը դրա տեսքից ավելի կկատաղեն, ավելի շատ գոլեր կխփեն ու ինքը ստիպված ավելի եռանդով կծափահարի։ Հետո նշան արեց, որ մարեն հայ֊թուրքական թյուրիմացությունները խորհրդանշող շինության լույսերը, ու խաղը սկսվեց։

Խաղից հետո քեռիս մեզ դիմավորեց տան շեմին և խոստացավ, որ մեզ նման տղամարդ աղջիկների համար մատաղ կանի։ Երբ հարցրեցի, թե բա ինչո՞ւ իրենց նման տղամարդիկ չեկան մեր հայերի համար սիրտ ցավացնելու, ասաց, որ ինքը չի կարող թուրք տեսնել ու վրան չհարձակվել, մաման չլացացնել։ Դրա համար զսպում է իրեն։

֊-Թե ուզում եք՝ մատաղի տերտերին ասեմ, միանգամից կնքի քեզ ու ընկերուհուդ,-առաջարկեց,-արժան եք սուրբ մեռոնին։

Ես նրան անփոփոխ իմ պատասխանը կրկնեցի և գնացի քնելու։ Հոգնած էի։ Իսկ առավոտյան ամեն ինչ տակնուվրա եղավ։

Աչքերս բացեցի միանգամից, այնքան կտրուկ, որ թվաց, թե երազս բաց աչքերով եմ տեսնում։ Երազիս նորից հայ-թուրքական ֆուտբոլ էր, բայց այս անգամ դատավորը քերթողահայրն էր։ Մենք պարտվում էինք նրանց խաղադաշտում և հաղթում՝ մերում։ Դատավորը անընդհատ դատում էր։ Աբսուրդ էր, բայց երազ էր։ Ժամանակ պահանջվեց, մինչև կարողացա արթնությանս վրայից մաքրել նրա ստվերը։ Լուսամուտիս տակ կես-բերան, կարծես իր ներկայությունը ակնարկելու համար   մի ոչխար մայեց։ Ուրեմն՝ յոթամսական ծնված քեռիս արդեն բերել է մատաղացու անասունը։ Շաբաթ էր, դեռ կարող էի չմտածել սպասվող մատաղակերության ծանրաբույր հեռանկարի մասին։  Ձեռքս մեկնեցի, բարձի տակից պատահական մի գիրք հանեցի։ Մի քիչ հանգիստ կարդամ, քանի դեռ չեն գուշակել, որ զարթնել եմ։ Բայց տառերը չկային։

Ստամոքսս սկսեց ծակծկել ու ներսից ցնցվել, ոնց որ կենդանի ձուկ կուլ տված լինեի։ Բերանս միանգամից ցամաքեց։ Ձեռքերս այնպես էին դողում, ինչպես կդողային, եթե մի քանի ժամ շարունակ, առանց քաղցին ուշադրություն դարձնելու և առանց գրքից կտրվելու կարդացած լինեի։ Երեխա ժամանակ ինձ միշտ ասում էին, որ շատ կարդալու վերջը խփնվելն է։ Ես միշտ սարսափում էի այդ խայտառակությունից։ Ոչ մի բան այնպիսի զորեղ ամոթով չէր ողողում ինձ, ինչպես գժված, փողոցներն ընկած անտեր եսս պատկերացնելը։ Մինչև մի օր հասկացա (լավ է ուշ, քան ավելի ուշ), որ եթե գժվեմ, եսս չեմ գիտակցի և հետևաբար ամաչելու պատճառ չեմ ունենա։ Դրանից հետո էլ չէի վախենում գժվելուց, որովհետև գժվածը արդեն ես չէի լինելու։  Բայց հիմա ես  գժվել էի ու ես ես էի։

Տաք ու հով էի լինում։ Աչքի պոչով անընդհատ գրքերիս նայելով՝ արագ հագնվեցի։  Եթե մյուսների էջերից էլ են տառերը գնացել, ուրեմն գուցե գրքե՞րն են գժվել։ Բայց ինչո՞ւ պիտի բոլորը միանգամից գժվեին։ Գուցե հենց այդ գիրքն է գժվել։ Վախենում էի անունը տալ ու վախենում էի մյուսները ստուգել։ Հայելին ու սանրը դրեցի գրպանս, հետ-հետ գնալով՝ դուրս եկա սենյակից։

Ոչխար չէր, խոյ էր՝ հենց բաղնիքի դռան առաջ, ծիրանենու ծառի տակ կապած։ Նրան տեսա ու մոռացա, որ շտապում էի նետվել ցնցուղի տակ՝ հիշողությունիցս լվանալու ցնդած գրքիս անդեմ էջերի տեսքը։  Սևաթույր էր, գանգրագեղմ, խոյակնակոտոշ։ Ոչխարային անչափ տխուր ու գեղեցիկ նայվածքով խոցեց հոգիս ու մայեց՝

– Աստղը տեսա՞ր։

– Ի՞նչ աստղ օրը ցերեկով,- շշկռվեցի ես։

– Ճակատիս պիծակը չե՞ս տեսնում։

Նայում եմ՝ սև բրդին սպիտակ խաչանշան է աչքով անում։

– Իսոս քեզ Քրիստոս,- թառանչեցի ես։

Խոյը կզեց։

– Նստի՛։

– Ես կկանգնեմ։

– Նստի՛ մեջքիս,- մնչաց նա։

Նստեցի։ Աչքս չթարթած՝ մութ աշխարհ ընկանք։

– Ես ցնդե՞լ եմ,- համենայն դեպս հարցրեցի նրան։

– Տատիդ հիշո՞ւմ ես,- պատասխանեց նա։

– Ո՞նց չեմ հիշում,- վրդովվեցի ես։

Լռեց։ Վարգում ենք մութ աշխարհով։ Գրպանս նեղում է։ Կառչել եմ կոտոշներից, հազիվ հասցնում եմ հետևել սուրացող բնապատկերին, որը ոչնչով չի տարբերվում լույս աշխարհից ու ահավոր ծանոթ վայրեր է հիշեցնում։ Բա ինչո՞ւ է մութ կոչվում, չեմ հասկանում։ Հանում եմ հայելին, ու մինչ նայելը արդեն հասկանում եմ՝ մութ աշխարհը հայելային անդրադարձ է։ Ձախը աջ է դարձել, աջը՝ ձախ։ Ամեն ինչ աջուձախ շուռ է եկել, բացի ինձնից։ Կոնդ ենք բարձրանում։ Մի քիչ էլ, ու տուն կհասնենք,- գլխի եմ ընկնում ես։ Դարպասի առաջ խոյը հպարտ կանգնում է։ Պատի տակի քարե նստարանին ձախլիկ տատս իլիկ է մանում։

– Եկա՞ր, բալա՛։

– Տա՞՜տ։

– Արի պաչեմ։

Իլիկը մի կողմ է դնում, ոսկրոտ ձեռքերով քաշում ձեռքերիցս։ Չի փոխվել։ Բայց մի քիչ կոլոտացել է։ Խոյը ախորժակով տերև է ծամում։ Տատս չանչ է անում նրան։

– Արագ ես եկել, հա՜, երեխու երեսին գույն չկա։

– Տատ, էս որտե՞ղ ենք

– Նստի, ա՛յ բալա։ Նստի, կասեմ։

Նստում եմ կողքը՝ մեր սիրած դիրքով, նա՝ մեջքը ձիգ, հայացքն՝ ուղիղ առաջ, ես՝ կողքանց, հայելով նրա կիսադեմը, բոբիկ ոտքերս նստարանին տարածած-տատիս փեշին հպված։ Դեռ չեմ վարժվել թարսուշիտակ ձախուաջին, թվում է, թե դրա պատճառով առաջն ու հետն էլ են խախտվել և ես հիմա պիտի տեսնեի ոչ թե թթենին և նրա  տակ խորհող խոյին, այլ՝ հարևան Մարուշենց կավիճոտ պատը, որը մեր գրատախտատկն ու հայտարարությունների տախտակն էր միաժամանակ։ Ձեռքիս իլիկ է հայտնվում։

– Տա՜տ։

– Հա, բալա ջան։ Մանի, մանի, հետո կասեմ։

Կենտրոնացած մանում եմ։ Տարօրինակ է. թելը իմ մազերն են։ Մազերս, որ կարճ կտրված են ծոծրակից և որոնց մասին մամաս ասում է, որ մի մատ փաթաթելուն չեն հերիքի, բայց մատի փաթաթան են դարձել։

– Տա՛տ…

– Հետո, բալա ջան։

– Տատ, հիմա դու մեռե՜լ ե՞ս։

– Չէ, ա՛յ բալա, ես ո՞նց կարամ մեռնեմ։

– Բայց…

– Մանի, մանի, հետո կասեմ։

Մանում եմ։ Ծոծրակս կարծես իմը չլինի։ Շոշափում եմ. մազերս են։ Մազերս մանելուց երկարել են ու շարունակում են երկարել։ Շուտով կհասնեն գոտկատեղիս։ Մի կողմ եմ դնում իլիկը։ Տատս քթի տակ բարակ ժպտում է։ Ես լավ եմ հասկանում շրթունքի պես կարճ նրա այդ խնդմնդոցը։ Դրա փոխարեն ես կասեի. «Տեսա՞ա՜ր»։

– Տա՛տ։ Տա՛տ։

– Ասա, բալա ջան։

– Տատ, ես գժվե՞լ եմ։

– Չէ, լույսս,- իրար է խառնվում տատս,- ո՞վ ասեց։

– Բա մազերս, դու, էս… էս խոյը…- Խոյը չկա։-   Դու իսկականից չես մեռե՞լ։

– Մեռել եմ, բալա ջան։

– Բա նոր ասում էիր՝ ես ո՞նց կարամ…

– Որ շատ ուզեմ՝ կարամ։

– Բա մազերս….

– Մազերդ քեռուդ խնդրանքով արեցի… շատ էր ուզում քեզ երկար մազերով տեսնել, բալա՛ ջան… Դու մի մտածի, հենց զարթնեց՝ կանցնի։

– Ո՞վ զարթնեց։

– Քեռիդ, էլ ո՞վ։

– Ո՞նց… մենք հիմա քեռուս երազում ե՞նք։ Ո՞նց… էս հիմա իրա տեսա՞ծն ա… տատ… բա որ… բա որ չզարթնի, տա՛տ…

– Աստված ո՛չ անի, այ բալա, ինչե՜ր ես խոսում։- Տատս խաչ հանեց։ Ներսումս մի լար ձգվեց ու դեռ զնգում էր, մինչ ես հանկարծ կհասկանայի, որ գլխավոր հարցը չեմ տվել։

– Տառերը դո՞ւ ես հանել գրքիս միջից, ա՛յ տատ։

Տատս շոշափեց խալաթի գրպանը։

– Քեզ իմ մոտ բերելու ուրիշ հնար չկար,- ոչ թե արդարանալու, այլ իմ մեղավորությունը հաստատելու պես ասաց նա,- ե՞րբ ես դու դուրս գալու գրքերիդ միջից, ախր։ Մինչև տառերդ չտարա, չեկար։

– Բայց ո՞նց եկա, տառերը ի՞նչ կապ ունեն։

– Պիտի շատ վախեցած լինես, որ ուժս պատի՝ քեզ բերեմ։

– Բայց…

Նա շոյեց գլուխս։

– Ես գիտեի, թե գժվել եմ…

– Աստված ոչ անի,- խաչ հանեց նա,- դու չե՛ս գժվի։ Տատիդ մոռացա՞ր, ինչ ա…

– Տատ, բայց… էս ի՞նչ տեղ ա…. Հայաստանը չի, չէ՞… էն աշխարհը… մեռնելուց հետո… դու ի՞նչ ես անում այստեղ…

– Ձեզանով ուրախանալով ապրում եմ, փա՛ռքդ շատ…

– Բա էն աշխարհը…

– Էն աշխարհը էլի՛ Հայաստանն ա, լո՛ւյսս։ Մենակ թե ձախն ու աջն են ուրիշ։

– Էստեղ էլ ե՞ն ֆուտբոլ խաղում…

– Էդ հարցիդ հիմա որ պատասխանեմ, հաջորդ հարցդ թուրքերի մասին ա լինելու, չէ՞։ Իրավունք չկա, լո՛ւյսս։ Չե՛մ ասի։- Գրկեց գլուխս։- Գնա՛, գնա տուն, քանի քեռիդ չի զարթնել։   Թե չէ կկատաղի, որ խոյը քեզ փախցրել ա…

* * *

– Ախչի Արշո՜, Արշալո՜ւյս,- բաղնիքի դուռն էր ջարդում մամաս,- չեմ ասել՝ մի ժամից ավել չմնաս տաք ջրի տակ։ Դո՛ւրս արի, քեռիդ էս կես ժամ ա՝ քեզ ա սպասում…

– Արի՛, բան ունեմ ասելու,- աղբյուրի մոտ պպզած քեռիս շպրտեց ծխուկը,- երազս եմ ուզում պատմեմ, բայց… բայց իմացի, որ երազով ինձ չեք խաբի… Ես ամեն ինչ գիտեմ։- Ու հանկարծ բարձրացավ, թիկունքում պահած ձեռքը պահեց քթիս տակ։ Թաց մազերս բիզ-բիզ կանգնեցին։

– Տատդ մոռացել ա տառերը հետ ուղարկի, գիրքդ գտա, ստուգեցի։ Սկզբից մտածեցի, թե խփնվել  եմ, բայց հետո հիշեցի, որ տառերը քեզնի՛ց են փախել, իսկ ես ու դու նույն բանից չենք կարա խփնվենք… Դե հիմա ինձ ճիշտն ասա՝ դրախտը Հայաստանից ինչո՞վ ա տարբերվում…

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

one × five =