(վասն հանդէսի «Ինքնագրոյ»)

Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թոթովխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս,
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թև, թռիկս,
հևիհև թռվռիկս,
սասնա խև ու ծռիկս,
բազմաձև դև, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս…

Էստեղ մերս զանգեց, ասեց՝ այ, բալա, հե՞ր Ամերիկայից հետ էկար, մե քիչ էլ մնայիր, գրին-քարտ կստանայիր, գոնե գործում իր, փող իր ղրկում, մե ձև ապրում ինք խոբ։ Հիմա, էն ա, կայծի վարձը, ջրի վարձը չեմմանում ոնց ենք տալու, թե էդ անտեր ջրաչափը հեր զոռով դնել տվին, ախպերդ էլ չի բաշարում էս տեղացիների նման մագնիս ա, ինչ ա, դնի, անտեր սլաքը գազանի պես վազում ա, բաբամ, ձմեռն էլ էկավ՝ էս գազի վարձը որդի՞ց տանք, է՜, որը ասեմ… Էն օրը, որ ոտներս Թեհրանից դուս դրեցինք, էկանք էս քամբախը, բադբախտ էլանք- գնացինք, ես չիմ ուզում գայիմ, էն վըրդնգոլը՝ թեզ գնացած մեծմամեդ էր թումբանը փեշերն ընկի, քշերը դեսպանատան դռան առաջ էր քնում, որ մեր տունը քանդի, բիչարա անի, Սերոբն էլ դեսպանին տաս հազար թուման տվեց՝ յանի մայր հայրենիքին օգնություն, հետո էկանք ըստեղ, իմացանք՝ էդ կոչվում ա կաշառք… Պարսիկ հարևանին հիշո՞ւմ ես՝ աղայե Մեհրզադին, էն որ տղի՝ Զամիի ձեռը կծել իր, միսը պոկել իր, ասում էր՝ աղայե Խաչիկ, խանումե Անի, շոմա քար էշթեբահի միքոնին բե Շորավի միրին, քեշվարի քե դարհայե վորուդի ռո բազ քարդե, ամա ռույե դարհայե խորուջիշ ղոֆլ գոզաշթե, նեմիթունե քեշվարե խուբի բաշե, բաբա ջուն… բայց ո՞ւմ ես ասում, աղայե Խաչիկն ու վըրդընգոլ մերը վայրով ին էլի, ես չիմ ուզում գայիմ, խանում իմ, էկամ ըստե, էլամ ընկերուհի, էլամ քիրա, առաջին անգամ լսացիմ, կարմրեցիմ, լավ ա, պարսկերեն չեն իմանում… Ժուժու ջան, հիշո՞ւմ ես, փոքր ժամանակ քեզ ըտենց ինք ասում, մե բան եմ ուզում ասեմ, բայց խոբ չջղայնանաս, Էլմիրան էկավ, ասեց՝ տամ կախակապետառան փող տալիս ախկատ մարդ, ինվալիդ մարդ, Ժուժու ջան, ես էլ, պապեդ էլ ինվալիդ ենք, թող էթամ օգնություն խնդրեմ, ախե աչքերդ քամփյութերի առաջ քոռացրեցիր, էլի փող չես աշխատում, մեղք ես, մենք հո քո վզին թավան չե՞նք… Գոռգոռացի, հեռախոսը շպրտեցի։

…աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս,
կլորիկ, ճլորիկս,
շլոր ու սալորիկս…

Չէ, էլ չիլնում, բանս լրիվ իջավ, էսօր՝ ադբոյ, պըրծ, ֆինիշ, թամամ, վերջ…

Բայց սա վերջն է առաջին համարի։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.