Արմենակյանի «Վերապրածներ»ը

Լուսանկարը` Մանցա Ջուվան
27/02/2016

 

«Ինքնագիրը» ներկայացնում է Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» լուսանկարչկան գրքի ստեղծագործական խմբի հետ հանդիպման տեսագրությունը:

Նազիկ Արմենակյանը ծնվել է Երևանում, աշխատում է armenianow.com լրատվական կայքում: «Վերապրածներ»-ը նրա երկրորդ գիրքն է, առաջինը՝ «Մենակության շտամպը» հրատրակվել է 2013-ին:

Հանդիպումը եղավ Ականաթ սրճարանում 2015-ի դեկտեմբերի 8-ին:

Առաջաբանի հեղինակ Մարկ  Նշանեան.

Բայց լուսանկար ըսուածը միշտ չէ՞ որ վերջաւորութիւնը կը պատկերացնէ։ Ո՛չ միշտ, պիտի ըսուի։ Լաւ, ո՛չ միշտ։ Բայց երբ դէմքերն ու առարկաները նշխարի՞ կը վերածէ, այսինքն կը դարձնէ իրենք իրենց պատկերը, վերջաւորութիւնը չի՞ պատկերացներ ան արդեօք։ Ուրիշ ի՞նչ ձեւ կայ վերջաւորութիւնը պատկերացնելու։

Ուրիշ ի՞նչ ձեւ կայ Աղէտը ցոյց տալու, զայն ժամանակէն փրկելու, պիտի ըսէր Յակոբ Օշական։ Ուրիշ ի՞նչ ձեւ կայ եթէ ոչ նկարը ցոյց տալով որպէս նշխար եւ ուրեմն ամէն դէմք դարձնելով ինքն իր պատկերը, այսինքն դարձնելով իրապէս վերապրողի դէմք, եւ ո՛չ թէ որեւէ դէմք, որեւէ դիմանկար։

Անշուշտ շատ մը բաներ կարելի է ցոյց տալ, մահեր, մեռեալներ, կարելի է նկարել եւ նկարագրել, մինչեւ իսկ սարսափը թերեւս, այո, մինչեւ իսկ սարսափը որ վերջ չունի։ Այո, կարելի է պատմել զանոնք, եւ անոնց մասին վկայել։ Բայց այդ ձեւով չէ որ ցոյց պիտի տրուի Աղէտը երբեւիցէ։ Այդ ձեւով չէ որ պիտի ան մտնէ նկարին մէջ։ Բացի եթէ նկարը ցոյց տայ պատկերը որպէս նշխարեալ։ Այդպէս է որ վերապրողին դէ՛մքը կ՚երեւի որպէս վերապրողի՛ դէմք։

Խմբագիր Վիգեն Գալստյան.

Բայց լուսանկարչի ու նրա կերպարների հանդիպումն այս դեպքում դառնում է շատ ավելին, քան լոկ կենսահաստատող մի ժեստ: Ինչպես Մարկ Նշանյանն է նշում այս գրքի համար գրված իր առաջաբանում, վերապրածները, իրենց փորձառության բերումով, նմանվում են հենց լուսանկարների: Աղետը` որպես հասկանալն ու ընկալելը զանցառող դեպք, առհավետ դաջված է վկաների հիշողության մեջ եւ դեմքերին: Այս դաջվածքը ներկա է, ակնբախ, բայց ոչ միշտ հասկացված եւ հաճախ համր՝ ինչպես եւ լուսանկարը: Արմենակյանը` գիտակցաբար, թե ոչ, պատկերավորում է այս միտքը։ Վարսենիկ Լագիսյանի դիմանկարում անձնագրային փոքրիկ լուսանկարների թերթիկը ծածկում է մահճակալին գամված կնոջ դեմքը: Նկարը վարանմունք է առաջացնում: Այն կարծես վերահաստատում է «դեմքը որպես դատարկ էկրան» մոդեռնիստական գաղափարը, ինչպես նաեւ՝«դեմքը որպես դերակատարման տեղ» պոստմոդեռնիզմին բնորոշ միտքը (լուսանկարը պատկեր է եւ ոչ թե Վարսենիկը): Այնուամենայնիվ, Վարսենիկի քառակի պատկերը` գրքի այլ «զույգ» դիմանկարների հետ մեկտեղ, համառորեն պնդում է, որ այս դեմքերը ցույց տալուց եւ տեսնելուց  կարող է ինչ-որ բան ի հայտ գա: Թերևս հասկացողության ինչ-որ մի տեսակ: Բայց ի՞նչ տեսակ: Նշանյանը խոսում է վերապրողի ու լուսանկարի մասին որպես նշխարներ: Վերապրողի դեմքը մահվան դիմակ է, որը «ապրող կերպարանքի» նման կարող է «Աղետի շունչը փոխանցել մեր հասողությանը»:

Լուսանկարներ «Վերապրածները» գրքից

 

Print