«Մի զինվոր, ձեռքը վիրավոր կախ, հենց լսեց հաղթել ենք, մի ձեռքով մյուս ձեռքը պոկեց, ու պոկած ձեռքը սկսեց թափահարել գլխից վեր, ու գոռում էր՝ ուռա»,-պատմում էր հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը իր տեսածը հաղթանակի օրը:

Ինձ համար պարտերազմը հայրս էր՝ իր վիրավոր ոտքով, որ քայլելուց ոնց որ նետեր առաջ, երիկամների հիվանդությամբ, որն էլ դարձավ նրա մահվան պատճառը:

Նա պատմում էր իր պատերազմը.

Վիրավորվելը, ուկրաինական գյուղում նրան խնամում են, մի օր էլ  ուկրաինացի ծերունին ներս է մտնում գոմ, ուր վիրավոր զինվորներն են  ու ասում՝ «խլոպցը, նեմցի պռիշլի»: Ու երբ գերմանացի զինվորը հորս հարցնում է ժպիտը դեմքին՝ «յուդա՞, յուդա՞», հայրս կարծելով «լավ բանի տեղ են իրեն դրել», պատասխանում է ժպտալով՝ «յա, յա»: Ուկրանացի ծերունին է նրան փրկում՝ «դու հրեա՞ ես» հարցնում է, «ոչ, հայ եմ», «բա ասել ես հրեա ես» ու բացատրում է գերմանացուն որ նա հայ է, գերմաներեն չգիտի, չի հասկացել հարցը: Հետո գերության մեջ գերմաներեն է սովորում էնպես, որ հանգիստ խոսում ու կարդում էր:

70-ականների վերջերն էր, աչքիս առաջ է, մեր տանը հյուր էր մի հայ դիսիդենտ, սովետական գաղութից նոր էր վերադարձել, Հիտլերի գովքն էր անում: Հայրս ասում էր՝ ոնց կարելի է նրան գովել, այդքան հրեա է սպանել: Դիսիդենտը ասում էր՝ սուտ է, Հիտլերը հրեաներ չի սպանել, այդ ամբողջը իրենք՝ հրեաներն են հորինել: Ինչպե՞ս թե հորինել են,- ասում էր հայրս, -իմ աչքի առաջ է եղել: Ու պատմում էր, որ գերիներին տանում էին փոսեր փորելու, հետո գերմանցիները  բերում, գնդակահարում էին հրեաներին,  դիակները փոսը լցնում, իսկ հետո էլ, գերիները՝ հողով ծածկում էին փոսերը: Դիսիդենտը ժպտում էր, թերահավատ ժպտում էր, մեկ է, չես համոզի(Նա հիմա ԱՄՆ-ում է):

Գերությունից ազատվում է ու կրկին ճակատ, կրկին զինվոր, կրկին կռվելը նրան փրկում է աքսորից, պատերազմից հետո բազմաթիվ գերիների աքսորում էին Սիբիր:

Իսկ ընեկոջը, մանկության ընկերոջը Սաղյան Միշիկին աքսորել էին, նրան հանդիպել էր գերության մեջ գերմանական բանակի լեգեոնի համազգեստով, գրկախառնվել էին, լուսանկարվել, հետո լուսնակարը ոչնչացրել էին, բայց մեկ է, նրան աքսորեցին ու վերադարձավ ռուս կնոջ հետ:

Հայրս տեսել էր Դրոյին, եկել էր իրենց ճամբար, ճառ էր ասել, որ հավաքագրի հայ  գերիներին գերմանական լեգիոնի համար: Հայրս չի գայթակղվում, «Սովետից զզվում էի, բայց նույնքան զզվում էի Նացիզմից»,-ասում էր հայրս:

Ազատվելուց հետո մտնում են Չեխոսլովակիա, Ավստրիա, գերմանական գյուղում ուզում են գնդացիրը տեղավորել մի տան բակում, ծեծեում են դարպասը, բացում է սուր մորուքով գերմացին, ցույց է տալիս մի փաստաթուղթ, որ ռուսական բանակի կամենդանտն է տվել,  որով ինքը կարող է մերժել ռուս որևէ զինվորի պահանջ ու դուռը կրկին փակում են: Զինվորները հրանոթի փողը առնում տանում բերում տալիս են դարպասին, դարպասը կոտրում, մտնում ու Կռավցովը ծերունուն դնում ու դանակով մորթում է: Պատերազմից հետո հայրս հիշեցնում է նրան՝ հիշում ես, ոնց մորթեցիր ծերունուն, նա այլայլվում է՝ մի հիշացրու խնդրում եմ մի հիշացրու: Ասում էր՝ պատերազմը մարդուն գազան է դարձնում:

 ինչպես էին զինվորներով ապրում գերմանացիների տներում, ինչպես գիշերվա կեսին աղմուկ են լսում, կարծում են հրետանակոծություն է սկսվել, պարզվում է զինվորը, էլի անունը տալիս էր,  հսկայական, մինչև առաստաղ ձգվող պահարանի վրա բարձրացել, որ թանկարժեք բաներ գտնի, բայց իր ծանրությունից պահարանը շուռ էր տվել դրնգոցով:

Պատերազմը նրան դարձրել էր հավատացյալ: Անհավանական բան էր համարում որ ողջ էր մնացել, ու գտել պատասխանը՝ միայն Աստված կարող էր փրկել:

Այն ինչ հիմա հիշում եմ, հայրս չի գրել, մնացել է նրա մտերիմների՝ զավակների հիշողության մեջ: 

Բայց պատերազմական  պատմվածքների շարք է գրել, տասը պատմվածք, որոնք ներառել էր «Իրական պատմություններ» պատմվածքների ժողովածուի մեջ:  Շատ էր ուզում տպաված տեսնել, բայց պետությունը փող չտվեց, անընդհատ նեղսրտում էր՝ գիրքս չեն տպում:

Նրա մահից հետո, 2004-ին ֆրանսահայ զարմիկիս՝ Վազգենի ֆինանսավորությամբ տպեցի «Իրական պատմությունները»:

Հայրս հաղթանակի օրը չէր նշում, ու երբ հեռուստացույցով ցույց էին տալիս վետերաններին կրծքները շքանշաններով զարդարած, ծաղրում էր՝ զանգուլակները կախել են: Ինքն էլ ուներ զանգուլակներ, դարակի մի անկյութնում գցած, որոնցով սկզբում քույսր ու եղբայրս էին խաղում, հետո ես:

Մայիսի 9-ի տոնին մեր տանը միայն մի բան էր լինում՝ զանգում էր բանակի ընկերը՝ Շավարշ Դանիելյանը:

Հիմա որոշեցի այդ պատմվածքները հրապարակել Ինքնագրում

Նկարիչ Տիգրան Մանգասարյանն էլ երբ պատմում էր իր հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի(1918-1991)  պատերազմը, կարծես հորս պատմությունը լիներ,  կռվել, գերի է ընկել ու հրաշքով փրկվել: Մի քիչ տարբեր, Մանգասարյանին գերության մեջ փրկել է նկարչի մասնագիտությունը, նկարել է գերմանացի սպաներին ու նրանց մտերիմներին: Նաև  նկարել է գերիների դիմանկարներ, որոնք կարողացել է փրկել, ու հասցնել տուն: Տիգրանը  իր կոմիքսներով ու տեքստերով ստեղծել է հոր պատերազմի  վեպը՝ «Կանաչ պտուղը», որը լույս կտեսնի Գերմանիայում:

Հենց որոշեցի հորս պատերազմական պատմվածքները վերահրապարակել, պատկերացրեցի նրանց կողքը Սարգիս Մանգասրյանի կոմիքսներով պատմությունը: Տիրգրանը սիրով համաձայնեց տրամադրել իր գրքից մի քանի էջ:

Վահան Իշխանյան

cover01

ՔԱՄԱՆՉԱՆ

1940 թվի  հոկտեմբերի 16-ին Երեւանի համալսարանի եւ բժշկական ինստիտուտի 2-րդ լսարաններից 10 հոգի գնացինք բանակ: Մեր մեջ էր համալսարանի աշխարհագրական բաժնից Կառլոսը՝ ղամարլվեցի: Նա հետաքրքրական էր այն բանով, որ իր հետ քամանչա էր վերցրել:

Բեռնատար վագոնում լիքը նորակոչիկներ էինք: Դժվար ճանապարհորդություն էր: Կառլոսին ասում էին.

– Մի բան նվագի:

– Չգիտեմ նվագել:

– Բա էդ քամանչան ո՞ւր ես տանում:

– Որ սովորեմ:

Կառլոսն, իրոք, մտածում էր, որ բանակում ազատ ժամերին քամանչա նվագել կսովորի:

Հասանք Ուկրաինայի Նովոգրադ-Վոլինսկ քաղաքը: Մենք՝ տասս մնացինք այդտեղ: Մեծ դահլիճ էր, արդեն լեփ-լեցուն: Հիմնականում ուկրաինացի նորակոչիկներ էին: Նրանք էլ, տեսնելով քամանչան, զարմացած հարցնում էին, թե ինչ է: Երբ իմանում էին, որ նվագարան է, խնդրում էին Կառլոսին, որ նվագի: Հետո քամանչան ձեռքից ձեռք անցավ, ուկրաինացի տղաներից մեկը փորձեց նվագել. մեկ-երկու, եւ սկսեց նվագել: Հնչեց հոպակը՝ արեւելյան ելեւէջումներով, տղաներն սկսեցին պարել: Հետո ուրիշ բաներ նվագեցին: Քամանչան մի քիչ ուկրաինացավ, մոռացան անգամ, թե ումն է: Կառլոսը մեզ հետ խեղճացած լսում էր, նայում: Գիշերը մի մեծ խումբ նորակոչիկներ, նրանց հետ մենք՝ տասս, ոտքով գնացինք Բարանովկա: Շարքում Կառլոսն առանձնանում էր իր քամանչայով: Բարանովկայում գնդային դպրոց կար, մենք պետք է սովորեինք սերժանտ դառնալու համար: Կարգապահությունը խիստ էր, գրեթե ամբողջ օրը պարապմունքի մեջ էինք՝ վազել, սողալ, հրացան եւ գնդացիր կրակել, շարային քայլ սովորել եւ այլն:

Առավոտյան վերկաց-ը հնչելուն պես մեկ թե երկու րոպեում հագնված ու շարքում կանգնած պիտի լինեինք: Ով չէր հասցնում, ջոկի հրամանատարը ժամացույցին էր նայում ու հրամայում նորից հանվել, հետո նորից հագնվել (ռազդիվայս, ադիվայս), մինչեւ սովորի ժամանակին հագնված կանգնել:

Կառլոսը չէր հասցնում: Չէր էլ կարողանում սովորել արագ հագնվել: Ամեն առավոտ նրան ստիպում էին մի քանի անգամ հանվել ու հագնվել: Հետո խորամանկացավ՝ կիսատ էր հագնվում. օրինակ, ոտքաշորերը (պարտյանկաները) չէր փաթաթում, գրպանն էր դնում, որ հետո հարմար առիթով կոշիկները հանի ու փաթաթի ոտքերին:

Շուտով Կառլոսը սկսեց գիշերները տակը թրջել: Իմացվեց, ու դրա համար էլ էին չարչարում՝ պառկիր (լաժիս), վերկաց (վստավայ):

Որոշ ժամանակ անց ավելի վատ բան եղավ. մի անգամ կեղտոտած վարտիքը գիշերով տարել էր արտաքնոցի անցքով ներս գցել: Կիրակի՝բաղնիքի օրը, երբ մեր հին սպիտակեղենը հանձնում էինք ավագին (ստարշինային), նորն ստանում, Կառլոսը վարտիքը չհանձնեց, չուներ: Աղմուկ եղավ: Զորամասի հերթապահ լեյտենանտը եկավ: Կառլոսը խոստովանեց պատահածը: Լեյտենանտը կարգադրեց անմիջապես գնալ, հանել:

Ձմեռ էր, սառնամանիք: Կառլոսը գնաց ու վերադարձավ: Ասաց, որ սառած է, վարտիքը երեւում է, բայց սառած-կպած է ընդհանուր կեղտին:

Մի քանի հոգու ուղարկեցին: Հրշեջ ձողերով մի կերպ փայտացած վարտիքը պոկեցինք ու հանեցինք:

Կառլոսը բերեց: Կարգադրեցին լվանալ: Կարծեմ այդ օրվա մնացած մասը Կառլոսը վարտիքն էր լվանում, երբ ցույց էր տալիս ջոկի հրամանատարին, սա ասում էր, որ դեռ կեղտոտ է, պետք է էլի լվալ:

Քամանչան անգործ ընկած էր, մեկ-մեկ երեկոները ուկրաինացի տղաները հոպակ էին նվագում:

Շուտով Կառլոսին գնդի դպրոցից հանեցին ու տեղափոխեցին հարեւան գյուղաքաղաքը, որտեղ մեր մի գումարտակն էր տեղավորված: Առավոտյան ջոկատի հրամանատարի հետ ճամփա ընկավ՝ ձեռքին ճամպրուկն ու քամանչան:

Մեր բանակ գնալու օրից անցավ մոտ ինն ամիս: Սկսվեց պատերազմը, եւ առաջին հարվածն ստացողներից էր մեր զորամասը: Կառլոսին մի անգամ էլ տեսա: Մեր գունդը նահանջել ու Սլուչ գետի ափին դիրք էր բռնել՝ամրացված կրակակետերում: Մի քանի օր էր, որ գերմանացիները փորձում էին ճեղքել շղթան եւ հետ էին շպրտվում: Հետո ահավոր ռմբակոծումներ եղան՝ օդից ու ցամաքից: Գնդի հրամանատարական կետի հետ մեր կապը կտրվեց: Մեր լեյտենանտն ինձ ուղարկեց հրամկետ՝ լուր բերելու: Անցա մի սարսափելի կրակային գոտիով: Ամեն քայլափոխի ական ու ռումբ էր պայթում: Ինչպես ողջ մնացի, չգիտեմ: Հրամանատարական կետի շրջակայքում, ներսն էլ սպանվածներ էին ընկած, մի քանի ծանր վիրավոր էլ կար: Կրակային դիտանցքի մոտ մեկը նստած գնդացիրն էր ճտճտացնում:

Մոտեցա, տեսա՝ Կառլոսն է: Երեսը մրոտ էր, շորերը կեղտոտ, պատռտված: Պարզվեց, որ անցած ամբողջ օրը այդտեղ դժվար մարտեր են եղել, քանի անգամ գերմանացիների հրասայլերին հետ են տվել: Իրենք անընդհատ գնդակոծվել ու ռմբակոծվել են: Հրամկազմից ու մյուսներից ողջ մնացածները առավոտյան նահանջել են: Մի քանիսին կարգադրվել է «ծածկել» նահանջը: «Ծածկող» թնդանոթավորները շարքից դուրս են եկել, գնդացրորդները՝ սպանվել, ինքը՝ Կառլոսը միայնակ առավոտից ահա քանի ժամ է մերթ գնդացիրի մոտ է, մերթ 76 միլիմետրանոց թնդանոթի: Ական ու փամփուշտ շատ կա, կրակում է: Գերմանացիները երեւում են ու կրկին թաքնվում:

Ապշած էի: Իսկ ականներն ու ռումբերը սուլոցով գալիս ու դղրդում էին, աջ ու ձախ, գնդակները սվսվում: Պիտի շտապեի, ինձ սպասում էին: Կառլոսը շարունակում էր իր գործը, ես եկածս նույն դժոխային ճանապարհով պիտի ետ գնայի՝ տեղ հասնելու չնչին հույսով:

Պատերազմից հետո մեր տասը հոգուց միայն մեկին հանդիպեցի՝ կիրովականցի Շավարշ Դանիելյանին: Մյուսների մասին որեւէ բան իմանալ չկարողացա: Երեւի ոչ մեկը ողջ չէր մնացել:

Բայց զարմանալի մի զուգադիպություն եղավ. դպրոցական դասընկերս, որ նույնպես պատերազմի դաժան ճանապարհներով անցել էր, պատերազմից մի երկու տարի հետո ինձ հանդիպեց ու տվեց լուսանկարս՝ զինվորական զգեստով, հետեւում գրված՝ Սիրելի Կառլոսին, 1940 թ., հունվար:

Պատմեց, որ Ուկրաինայում գերիների մի հավաքատեղիում մահացած հայի գրպանից է հանել:

– Ձեռքի մեկը ջարդված կաշվից կախված էր, դեմքն այլանդակված, մի աչքը բոլորովին չկար, կրծքից էլ էր վիրավոր, երեւի թոքն էր ծակվել, որովհետեւ խոսելիս բերանից արյուն էր գալիս: Գիշերը մեռավ: Գրպանից մի քանի թուղթ ու նկար հանեցի: Քեզ ճանաչեցի ու պահեցի սա:

Ռաֆայել Իշխանյանը, 1945

Ռաֆայել Իշխանյանը, 1945

ՍԱՅԱԴԸ

Անունը չեմ հիշում, ասում էինք Սայադ՝ Սայադյան ազգանունից: Նա Նոյեմբերյանի շրջանից էր: Բարձրահասակ, նիհար, ոտքերը բարակ ու երկար: Նրա դասակի հրամանատարը, սերժանտ Սիմուխինը, չափազանց խիստ էր, բծախնդիր: Սայադին շատ էր չարչարում: Սա էլ մեկ-մեկ անհնազանդություններ էր անում ու ավելի խիստ չարչարանքի ենթարկվում՝ լաժիս-վստավայ, պա պլաստունսկի վպերյոդ: Սերժանտը որպես պատիժ Սայադին էր հանձնել Մաքսիմ գնդացիրի հաստոցը (36 կգ): Տանում էր դաշտ՝ պարապմունքի, ետ բերում: Ի վերջո, Սայադը հարմարվեց: Դարձավ իրենց դասակի ամենաօրինակելին: Բայց հաստոցը մնաց իրեն: Ցեխ լիներ, ճահիճ, գետանց՝ հաստոցը Սայադի շալակին էր: Կարծես նրա մարմնի մասն էր դարձել: Հենց հրաման լիներ, մի ակնթարթում իջեցնում էր ու գնդացիրի մարմինը վարպետորեն ամրացնում վրան:

Ու միշտ ժպտում էր: Ծանրությունից երեսը կարմրած էր լինում, քրտնած, բայց ժպիտով: Զարմանում էինք, այդքան ուժ որտեղի՞ց այդ երկար ու լղար ճլեզի մեջ: Հոգնել չուներ: Նաեւ դասակի մեներգողն էր՝զապեվալան: Հենց դասակի շարքը տեղից շարժվեց, Սիմուխինը կարգադրում էր.

– Սայադյան, զապեվայ:

Եվ Սայադը սկսում էր մի երգ ու հետո ամբողջ դասակը միանում ու երգում էր կրկներգը: Սայադն էլ բոլորի հետ շարունակում էր երգել՝ բոլորից բարձր:

Աչքիս առաջ է Սայադը, միշտ առջեւի շարքում՝ գնդացիրի հաստոցը լղարիկ ուսերին, ինքը երկար, վիզը երկար՝ հաստոցի շրջանակի միջից դուրս ցցված, դեմքը կարմրած ու քրտնած ու միշտ ժպտացող: Ու դարձյալ երգելիս՝

Սմելո վ բոյ մի,

Վսե գատովի

Զա տրուդյաշչիյսյա նառոդ:

Ազատ ժամերին մեզ հետ էր՝ լռիկ-մնջիկ, խոնարհ, կարծես ճահիճների ու գետերի միջով 36 կիլոգրամ հաստոցը քարշ տվողն ու ժպտադեմ երգասացը չլիներ:

Ծնողների միակ զավակն էր: Ու երեւում էր, որ ծնողներն էլ աղքատ էին. տնից երբեք ծանրոց չէր ստանում: Բայց մեզանից միակն էր, որ սիրած աղջիկ ուներ գյուղում, կարծեմ, նույնիսկ նշանված էր: Նամակներ էր ստանում, նկարներ:

Պատերազմը որ սկսվեց, գնդի դպրոցում մնացած ինը հայերս բաժանվեցինք իրարից, տարբեր վաշտեր ընկանք: Հետո երբ նահանջում էինք, հանդիպեցի Ռիգաչովին, որ Սայադի հետ էր եղել Նովոգրադ-Վոլինսկի մոտերքում: Պատմեց հետեւյալը. «Երկու օր խրամատներում էինք, խաղաղ էր: Սայադյանը գնդացիրը լավ հարմարեցրել էր, պատրաստ սպասում էր: Ճիշտ մեր կողքին գյուղական լքված խրճիթ էր, փոքր բակով՝ գոմ, ծառեր, ջրհոր: Հետո միանգամից սկսվեց գերմանացու հրետանային գնդակոծումը: Երեսներս ցեխի մեջ մի քանի ժամ պառկել էինք խրամատում: Երբ գնդակոծումը դադարեց, սպանվածներ ու վիրավորներ կային: Տնքոցներ էին լսվում: Մերոնցից մեկը կտոր-կտոր էր եղել, մարմնի մասերը թռել էին դես ու դեն: Սիմուխինի ոտքերը պոկված էին. գոռում էր: Սայադյանը չկար, նրա գնդացիրի հետքն էլ չկար: Փնտրում էինք: Հետո լեյտենանտը բղավեց.

– Այ էստեղ է,- նա ջրհորն էր ցույց տալիս: Իրոք, ջրհորում մարդ կար՝ ոտքերը վերեւ ցցված: Պարանով մի կերպ դուրս քաշեցինք: Բայց մարմնի ներքեւի մասն էր միայն, մոտ մինչեւ կուրծքը, գլուխն ու ձեռքերը չկային: Չգտանք: Չիմացանք ջրհորի մե՞ջ մնաց, թե ընկել էր մի ուրիշ կողմ: Բայց Սայադյանն էր, երկար ու բարակ ոտքերից  ճանաչեցինք»:

banak

Ռաֆայել Իշխանյանը առաջին շարքում աջից երկորդը. 1945

 

ԻՄ ԵԶԴԻ ԸՆԿԵՐԸ

Վազիրը եզդի էր, իմ ընկերը, թեեւ մի տասնհինգ տարի ինձնից մեծ էր: Իրենց գյուղում հովիվ էր եղել: Ընկերացել էինք պատերազմի օրերին, ռազմաճակատում: Ճիշտ է, իրար հետ երկար չմնացինք, բայց հաճախ եմ հիշում նրան, քանի որ իմ ճանաչած բոլոր մարդկանցից նա ամենաանվախն էր:

Հնում էլ, հիմա էլ շատ են գրում հերոսության, անվախության մասին: Պատերազմի ժամանակ ես շատ վտանգների մեջ եմ ընկել՝ ռումբերի ու գնդակների տարափի տակ, արկերն ու ականները կողքիս՝ աջ ու ձախ պայթել են, հողը քանդել: Ու ես միշտ վախեցել եմ: Չեմ ճաշակել այն զգացողությունը, որ կոչվում է անվախություն, որն ըստ ոմանց պատմածների, շատերին է բաժին ընկնում պատերազմի ժամանակ: Եվ ինձ հետ եղած զինվորների մեջ էլ չեմ հիշում որեւէ մեկին, որ վախի զգացումից լիովին ազատ լիներ: Բացի մեկից: Դա Վազիրն էր:

Ռմբակոծության ժամանակ ես սեղմվում էի գետնին ու երբ ընկնող ռումբերի սուլոցը մոտենում էր, ինձ միշտ թվում էր, թե ռումբն ուղիղ գլխիս է ընկնելու: Իսկ Վազիրն այդ ժամանակ չէր էլ պառկում, հանգիստ նստած էր մնում, երբեմն՝ ծխում էր: Քայլելիս էլ, երբ հակառակորդի օդանավերը երեւում էին, բոլորս ճանապարհից դես ու դեն էինք փախչում, պառկում: Վազիրը մնում էր կանգնած կամ նստում մի տեղ, որ վրան չխոսեն:

Մի անգամ հսկա տան սրահում էինք գիշերում: Կեսգիշերն անց՝ տագնապ եղավ, գերմանական օդանավերն էին գրոհում: Բոլորս դուրս թափվեցինք՝ ով խրամատի մեջ գցեց իրեն, ով ամուր կպավ գետնին: Ահավոր ռմբակոծություն էր ու երկար էլ տեւեց: Ամեն ինչ մեր շուրջը քարուքանդ էր, սպանվածներ ու վիրավորներ կային: Վազիրին փնտրեցի: Չկար: Հետո նրան գտանք կիսաքանդ սրահի մի անկյունում քնած:

– Այ Վազիր, բա չլսեցի՞ր, էս մի ժամ կլինի ռումբ էին թափում:

– Լսեցի, բայց չվերկացա: Որ սպանելու լինի, ուր էլ գնամ, կսպանի:

Սա նրա փիլիսոփայությունն էր: Նա խոր համոզում ուներ, որ եթե գնդակը կամ ռումբի բեկորը դիպչելու է, որտեղ էլ լինի, կդիպչի:

– Մարդու աջալը որ էկավ, պրծում չկա:

Իհարկե, կարեւորը փիլիսոփայությունը չէր, այլ այն, այսպես ասած, կիրառելը:

Մարդիկ կան, որ գույները չեն տարբերում, կան այնպիսիք, որ հոտ չեն զգում: Վազիրն էլ զուրկ էր վախի զգացողությունից:

Մի լավ ընկեր էլ ունեինք մեր վաշտում՝ մորդովացի Յաշան: Հրաշալի տղա էր՝ միշտ ուրախ, երգող-պարող, զվարճախոս: Նա Վազիրի փիլիսոփայությանը խիստ դեմ էր ու վիճում էր հետը: Եվ քանի որ Վազիրը ռուսերեն բոլորովին չգիտեր, ես թարգմանչի դեր էի կատարում: Յաշան զայրանում էր, ձեռքերը շարժում, ձայնը բարձրացնում, ապացուցում, որ Վազիրը սխալ է: Իսկ սա խաղաղ ժպտում էր ու դանդաղ ծոր տալիս.

– Էս պռոշիս երկու մազը կպոկեմ, թե որ…

Դե արի ու թարգմանի:

– Իմ ախպորն ասա, որ մահից փախչել չկա: Համ էլ ինչ նշանակություն ունի հենց հիմա կխփի, թե մի ամիս հետո, յա ըստեղ շունչդ կփչե՞ս, թե տուն գնաս հետո…

Տաք հարավի զավակն այսպես սառնասիրտ էր մտածում ու հանգիստ խոսում, իսկ ցուրտ հյուսիսի զավակ Յաշան, այդ հանգստության վրա ավելի էր տաքանում, գոռում:

Վազիրը մի ուրիշ փիլիսոփայություն էլ ուներ: Այն խոսքը, որ «Ջանսաղություն (ողջություն) թող լինի, խայտառակություն միշտ կլինի», վերափոխել ու ասում էր՝ «Ջանսաղություն որ ըլնի, խայտառակություն միշտ կլնի»: Յաշան սրան էլ համաձայն չէր ու էլի վիճում էր: Պարզ է, որ փիլիսոփայի հետ փիլիսոփան է վիճում: Եվ Յաշան էլ, իրոք, իր փիլիսոփայությունն ուներ: Նա չէր հավատում ճակատագրին, չէր ընդունում, որ «խայտառակությունը» մարդու մեջ է: Մի խոսքով, Վազիրի բոլոր ասածներին դեմ էր, բայց շատ ջերմ ընկերներ էին:

Մի անգամ էլ Վազիրը մի պատմություն արավ, եւ ես թարգմանեցի Յաշային: Վազիրենց գյուղում երկու եզդի ընտանիքների մեջ թշնամություն է առաջանում, արյան վրեժի հարց: Վազիրի եղբայրներից մեկին սարերում սպանում են, եւ Վազիրենք կասկածում են հարեւան գերդաստանի եղբայրների վրա: Հետո թշնամությունը սաստկանում է: Ոչխարը սարը տարած ժամանակ Վազիրը մոտիկ կրակոցների ձայն է լսում, հետո պարզվում է, որ մոտակայքում սպանել են հակառակ գերդաստանի եղբայրներից մեկին: Վազիրին ձերբակալում են: Քննություն, դատ է լինում, որոշում են գնդակահարություն: Վազիրին վերջին խոսք են տալիս, նա էլ ասում է.

-Ասել եմ անմեղ եմ ու էլ եմ ասում: Հիմա ինչ ուզում եք արեք: Բայց իմացեք, որ գնդակահարությունը ձեր որոշումն ա ու վերջնական չի, Աստծու որոշումն էլ կա:

Շրջկենտրոնից Վազիրին քաղաք տանելու ժամանակ սարահարթում ամպրոպ է լինում, կայծակը խփում է, ու նրա զինյալ երկու ուղեկցողներին սպանում: Վազիրը վերադառնում է շրջկենտրոն ու ներկայանում միլիցիա:

Հետո նոր քննություն են նշանակում եւ Վազիրին արդարացնում:

Յաշային այս պատմությունը հետաքրքրեց, բայց, միեւնույն է, Վազիրի փիլիսոփայությունը նա չնչին չափով անգամ չընդունեց:

Առաջխաղացման ժամանակ մի անգամ ցերեկով նստած ճաշում էինք: Այդ օրը հակառակորդի մի օդանավ էր գալիս, մեր գլխի վերեւում պտտվում-պտտվում, մի քանի ռումբ գցում ու հեռանում: Հետո նորից էր գալիս ու էլի ռումբեր թափում: Զենիթայինները կրակում էին, բայց չէր դիպչում:

Այդպես, մենք երեքով իրար մոտ գետնին նստած էինք, ճաշամանները (կատիլոկները) մեր առաջ դրած՝ տաք շիլա էինք ուտում:

Օդանավը նորից երեւաց: Ռումբերի սուլոցներն սկսվեցին: Բոլորը պառկեցին, ոմանք թաքստոցներ մտան: Յաշան ու ես մեզ գցեցինք կողքի խրամատը: Պայթյուններն սկսեցին ու շուտ էլ վերջացան: Օդանավը հեռացավ: Երբ ոտքի էի կանգնում, ձեռքս սապոգիս դիպավ, վրան ինչ-որ լպրծուն բան կար: Կարծեցի շիլան է թափվել կատիլոկից: Բայց տեսա, որ մեր կատիլոկներն իրենց տեղում են, իսկ Վազիրը մնացել է նստած ու շարունակում է ճաշն ուտել: Հետո միանգամից վեր թռավ՝

– Յաշա՜:

Յաշա չկար: Ռումբը խրամատի մեջ էր ընկել, բեկորը Յաշայի գանգը ջախջախել էր, եւ ուղեղը ցրել աջ ու ձախ, մի կտորն էլ սապոգիս էր կպել:

– Գնաց ախպերս,- սա էլ Վազիրի հրաժեշտի խոսքն էր:

Խեղճ Յաշա, նա էլ գնաց: Էլ ո՞վ պիտի վիճեր Վազիրի հետ, եւ ես ո՞ւմ համար պիտի թարգմանչի դեր կատարեի:

Իսկ Վազիրի նստած տեղից մոտ մի մետրի վրա բարձր խոտն ամեն կողմից ներս էր խցկվել հողի մեջ: Նայեցի, ռումբի ընկած տեղն էր, խրվել էր հողի մեջ ու չէր պայթել:

– Վազիր, իմացա՞ր, որ կողքիդ ռումբ ընկավ:

– Բա ոնց: Շվվոցն էլ էկավ, թրխկոցն էլ: Բայց դե աջալս չի էկել, չպայթեց:

Մեր զորամասից շատ մարդ սպանվեց, շատ էլ վիրավորվեցին: Ես էլ ծանր վիրավորվեցի ու այդպես բաժանվեցի Վազիրից: Այլեւս նրան չտեսա:

Երբ բանակից վերադարձա, մի քանի տեղով հետաքրքրվեցի նրա մասին: Իմացա, որ ողջ է, նույնիսկ չի վիրավորվել, ու շարունակում է իր հովվությունը: Որոշել էի գնալ այցելության, բայց անընդհատ հետաձգում էի, ու տարիները թռան, անցան:

Միայն վերջերս, երբ արդեն հաստատ պիտի գնայի նրանց գյուղը, իմացա, որ չկա այլեւս: Վատ եղա, ինձ շատ մեղադրեցի, ափսոսացի: Այնուամենայնիվ գնացի: Պատմեցին, որ անցած տարի մի օր սարից տուն վերադառնալով, բակում կանգնում է եւ մահակին հենված կանչում տղաներին.

– Դարվի՜շ, Շմո՜, Վզգո՜…

Տղաները մի փոքր ուշացումով գալիս են, տեսնում, հայրը աչքերը փակ, մահակին հենված, անշարժ մնացել է: Այդպես էր եկել Վազիրի «աջալը»:

 

ՇԱՎԱՐՇ ԴԱՆԻԼՉԵՆԿՈ

1940 թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի բուհերի 2-րդ լսարաններից բանակ մեկնած մեր 10 հոգուց մեկն էլ Շավարշ Դանիելյանն էր: Երբ զինվորի շորեր հագանք, առաջին ներկա-բացակային վաշտի ավագը իմ ազգանունը կարդաց՝ Շիխանյան, իսկ Շավարշինը՝ Դանիլչենկո: Հետո մինչեւ վերջ էլ նրան Դանիլչենկո էին ասում:

Շավարշը Կիրովականից էր, համալսարանի աշխարհագրական բաժնից: Բոլորիս մեջ ամենալուրջն էր:

Մենք Ուկրաինայի Բարանովկա ավանում էինք, այդտեղ գնդի դպրոցն էր, որը մի տարում ավարտելով դառնալու էինք սերժանտ ու եւս երկու տարի ծառայելու:

Ամենից լավ Շավարշն էր սովորում եւ բոլորիս մեջ ամենաընդունակն էր:

1941 թվի փետրվարն էր, թե մարտը, Շավարշն ասաց.

– Էս տարի ամառը Գերմանիայի հետ պատերազմ կսկսվի:

Զարմացանք: Այդ ժամանակ չհարձակվելու պայմանագիր կար կնքված.

Ինչպե՞ս կարող էր պատերազմ սկսվել:

Ապրիլին Շավարշն ասաց.

– Հունիսին պատերազմ կսկսվի:

Թեեւ նա շատ լուրջ տղա էր եւ լուրջ էր ասում, բայց ոչ ոք մեզանից նրա ասածը լուրջ չընդունեց:

Մայիսին Շավարշն ասաց.

– Հունիսի քսաներկուսին պատերազմը կսկսվի:

Էլի բանի տեղ չդրեցինք, թեեւ Արեւելքից անընդհատ նոր-նոր զորամասեր էին գալիս, եւ Ուկրաինայի արեւմտյան մասերում զորքեր էի  հավաքվում:

Երբ հունիսի քսաներկուսին պատերազմն սկսվեց, եւ առավոտյան մենք առաջին անգամ տեսանք գերմանական խաչակիր օդանավերն ու իմացանք, թե ինչ է ռմբակոծությունը, չգիտեմ ինչու ես չհիշեցի Շավարշի ասածը:

Ու դրանից հետո էլ չհիշեցի: Ամեն ինչ չափազանց արագ ու լարված էր ընթանում, ժամանակ չկար հիշելու: Առհասարակ ոչինչ չէինք հիշում. ամեն րոպե մահը քթներիս տակ էր: Հռնդյուն, կրակահերթեր, արյուն, դիակներ: Հակառակորդն էլ արագ էր առաջ շարժվում, ավելի արագ, քան մենք կարողանում էին նահանջել:

Նահանջի մի գիշեր հանդիպեցի Կիրիչենկոյին, որ մեր գումարտակից էր: Նա ասաց.

– Ընկերդ զոհվեց:

– Ո՞վ:

– Դանիլչենկոն:

– Ինչպե՞ս:

Կիրիչենկոյի կրակակետը Շավարշի դասակի կողքին է եղել: Նա պատմեց, թե ինչպես են գերմանացիները նախ ավազատոպրակներով փակել Շավարշենց կրակակետը, հետո ջախջախել են, այնտեղ եղած վեց հոգուն էլ սպանել:

Մի քանի օրից հետո ես ընկա սարսափելի ռմբակոծության տակ: Հրամայված էր նահանջել: Մենք էլ հոգնած, ջարդված, քանի գիշեր անքուն անցկացրած, քաղցած, ցեխոտ նահանջում էինք՝ սողեսող: Դիմացը քիչ հեռու բլուր էր, մեր գնդի գնդացիրները մեր գլխի վերեւով կրակում էին գերմանացիների վրա: Իսկ մենք սողում էինք ինչ-որ չվերջացող բանջարանոցների միջով: Վերեւից հակառակորդի օդանավերը ռումբեր էին թափում ու կրակում գնդացիրներից: Ետեւից ականներն էին գարշելի սուլոցով գալիս ու թափվում չորս կողմը, եւ ինչ-որ տեղերից էլ գերմանական գնդացիրների գնդակներն էին գալիս, սվսվում քթներիս տակ: Մենք էլ սողալով ետ էինք շրջվում կրակում, նորից սողում դեպի երեւացող տարեկանի արտը: Այդ տարի բերքը շատ փարթամ էր, մարդու հասակից էլ բարձր: Գնդակոծվող բանջարանոցներից այդ մարդաբոյ արտը փրկարար էր երեւում: Բանջարանոցների եւ արտի միջեւ գյուղական ճանապարհ կար: Եվ ահա-ահա ես հասնում էի ճանապարհին: Շուռ եկա մի կրակահերթ էլ ուղարկեցի հակառակ կողմը ու ճանապարհի վրա, արտի եզրին ձախ ազդրիս հարված զգացի: Արդեն արտի մեջ էի: Փորձեցի կանգնել, որ կուզեկուզ արագ շարժվեմ, բայց ձախ ոտքս խմորի նման ծալվեց, գետին զարկվեցի, մեկ էլ փորձեցի, նույնը: Ուզեցի սողալով գնալ, բայց զգացի, որ ուժասպառ եմ: Տաք արյունը ամբողջովին թրջել էր ինձ՝անդրավարտիքս, վերնաշապիկս ամբողջովին արյուն էին: Բանջարանոցում կողքիս էին մեր դասակի Պոպովն ու հեռախոսավարը (ազգանունը չեմ հիշում): Պոպովի ուսապարկին գնդակ էր դիպել եւ պայթել էին այնտեղ եղած փամփուշտները: Անշարժ ընկած էր: Հեռախոսավարը ողջ ու առողջ էր մնացել: Մոտեցավ ինձ, որ օգնի: Կոճակներս արձակեց, երեւի ուզում էր վիրակապ դնել վերքիս: Տեսնելով հսկա վերքն ու հորդացող արյունը, ձեռքի վիրակապը ինձ տվեց ու անհետացավ արտի մեջ: Հետո, շատ ժամանակ անց իմացա, որ նա հասել է մեր զորամասին ու ասել՝ «Իշխանյան պագիբ նա մաիխ ռուկախ» («Իշխանյանը զոհվեց իմ ձեռքերի վրա»): Եվ այս լուրը հասել էր մինչեւ Երեւան:

Իսկ արտի մեջ չգիտեմ ինչքան էի պառկած մնացել, մեկ էլ կողքիս նկատեցի սայլի ակ: Պարզվեց, մոտակա գյուղացիները կենդանի մնացածներին տանում են գոմ, սպանվածներին՝ թաղելու: Այդպես մի տասնհինգ հոգու հետ հայտնվեցի գոմում: Գիշերը մի մասը մեռավ, ով թեթեւ էր, մի քանի օրից ոտքի կանգնեց, փախավ, ծանրերին էլ 22 օր հետո գերմանացիները տարան ճամբար՝ հասցրին մինչեւ Շեպետովկա, հետո Բրեստ, Կովել եւ այլն: Հիմա տեղը չէ պատմելու թե ահավոր սովի, ոջլի ու դիակների այդ ճամբարներում ինչ կարող էր քաշել վերքը չփակված, ոտքը կաղ մեկը: Այս ամենը գրում եմ այն պատճառով, որ ասեմ, թե ոչ մի պահ ժամանակ չեղավ հիշելու Շավարշի մարգարեությունը: Ազատվելուց հետո էլ ժամանակ չեղավ, քանի որ 76 միլիմետրանոց թնդանոթի վրա էի, անընդհատ լարված շարժման ու վտանգի մեջ:

Հենց պատերազմը վերջացավ, հիշեցի Շավարշի մարգարեությունը՝ հունիսի 22-ին պատերազմը կսկսվի: Ու մտածում էի, թե ինչից էր այդ գուշակությունն արել. այդ օրը կիրակի էր, հարձակվելու համար երեւի հարմար էր, հետո գերմանական օդանավերն սկսել էին հաճախ խախտել սահմանը, կարմիր բանակի զորամասերը անընդհատ դեպի արեւմուտք էին գալիս: Արդյո՞ք այս նշաններն էին եղել Շավարշի մարգարեության պատճառը: Հեյ գիդի Շավարշ, ինչ լուրջ էիր ու ինչքան ճիշտ գուշակեցիր պատերազմի սկիզբը, հիմա Ուկրաինայի հողում ոսկորներդ փտում են:

Մտածում էի՝ գնամ Հայաստան, Կիրովական կանցնեմ, Շավարշի հարազատներին կգտնեմ ու կհայտնեմ իմացածս: Մեկ էլ ինքս ինձ ասում էի՝ «Արժե՞ այդ սարսափելի լուրը տանել, եթե դեռ չգիտեն եղածը, թող այդպես էլ չիմանան, սպասեն»:

Պատերազմի ավարտից 3 ամիս անց զորացրվեցի որպես ոչ շարային (նեստրաեւիկ), պարզապես կաղ էի: Հասա Երեւան: Ծնողներ, տուն-տեղ չունեի, գնացի մորաքրոջս տուն, ցնցվեցին: Իմացա, որ զոհվելուս լուրը ստացել են:

Զինվորական շորերս երկար ժամանակ չէի փոխում: 1946-ի գարնանը մի արեւոտ օր անցնում էի Աբովյան փողոցով՝ հրապարակի մոտ: Տեսնեմ ուղիղ դեպի ինձ է գալիս էլի զինվորական շորով մեկը՝ բավական նման Դանիելյան Շավարշին: Երեւի եղբայրն է,- մտածեցի, ասե՞մ, թե չասեմ: Նա էլ ինձ էր ուշադիր նայում: Երբ մոտեցա, ասացի.

– Ներողություն, դուք Շավարշ անունով, ազգանունը Դանիելյան, բարեկամ ունե՞ք…

– Այ տղա էդ դո՞ւ ես, տո սա՞ղ ես…

Այդպես գրկախառնվեցինք երկու «սպանվածներս»: Պատմեցի Կիրիչենկոյի հաղորդածն իր մահվան մասին: Ժպտաց, ինչ-որ բան բացատրեց ու ասաց, որ ինքն էլ հաստատ իմացել էր, որ ես եմ սպանված (հիշեցի հեռախոսավարին): Խոսեցինք մեր տղաներից մյուս 9-ի մասին.

– Երեւի ոչ մեկն էլ կենդանի դուրս չի եկել էն դժոխքից,- Շավարշի այս խոսքն էլ հետո հաստատվեց:

– Շավարշ, հիշո՞ւմ ես, որ ասացիր, թե հունիսի քսաներկուսին պատերազմ կլինի:

Ժպտալով գլխով արեց:

– Դե հիմա ասա ե՞րբ կլինի պատերազմ:

– Հանգիստ ապրի քեզ համար, առայժմ ոչինչ չկա:

Ու դրանից հետո մինչեւ այսօր էլ, ամեն անգամ, երբ աշխարհում լարված կամ գերլարված վիճակ է ստեղծվում, զանգահարում եմ Շավարշին.

– Հը, ի՞նչ ես ասում, պատերազմ կլինի՞:

– Հանգիստ ապրիր, առայժմ ոչինչ չկա:

1

ԲԺԻՇԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

1941 թվականի նոյեմբերն էր: Ես գերմանական գերության մեջ էի: Շեպետովկայի գերիների ճամբարից բերել էին Բրեստ-Լիտովսկ: Ահավոր ճամբար էր: Դեկտեմբերին մոտ 8 հազար մարդ կար, փետրվարին՝ 400: Մնացածը մեռել էին՝ սովից, տիֆից, դիզենտերիայից:

Ճամբարը բաղկացած էր մի քանի փայտաշենքից (բարաքից): Կարգը պաշտպանում էին ոստիկանները, որոնք գերիներից էին. Նրանց գերմանացիները լավ սնունդ էին տալիս: Կարգ պաշտպանում էին հատուկ մտրակներով, աջ ու ձախ խփում էին: Կարգը հիմնականում պաշտպանվում էր ճաշ բաժանելիս: Սկզբում ոստիկանների պետը մի գերմանացի զինվոր էր: Հետո նա անհետացավ: Ասում էին, որ մտրակով գերիներին խփելիս ոջիլ է ընկել վրան, եւ վարակվել է բծավոր տիֆով:

Ճամբարն ուներ հիվանդանոց: Այնտեղ կարելի էր ընկնել միայն մի կերպ. երբ առավոտյան տաք ջուր էին բաժանում (կոչվում էր թեյ), պետք էր ճաշարան կոչվածի կողքին ընկնել: Մի ոստիկան կար ուկրաինացի՝ Շչերբակ, գալիս սկսում էր ընկածներին մտրակով ծեծել: Ով վեր էր կենում փախչում, նշանակում էր, որ հիվանդ չէ, իսկ ով դիմանում էր, մնում էր ընկած, համարվում էր հիվանդ, ոստիկանները ձեռքերից բռնում, քարշ էին տալիս հիվանդանոց:

Ընդհանուր ճամբարում մնալն այլեւս անհնար էր: Ոջլի մեջ թաղված էինք՝ գլուխ, հոնք, թարթիչներ, ամբողջ ոջիլ էր, հագուստներս ոջիլ, շինելս ոջիլ, խլվլում էին: Բռով աչքերիս խոռոչներից ոջիլները հանում, թափում էի: Ահավոր ցուրտ էր՝ դուրսն էլ, փայտաշենքի ներսում էլ, հագուստը հանելու, թափ տալու հնարավորություն չկար: Քաղցած էինք՝ ամեն օր, առավոտ, կեսօր, երեկո, զարհուրելի քաղց: Քնում էի, երազում լավ-լավ ուտելիքներ տեսնում (ասում են՝ սովի ժամանակ այդպես է լինում), սկսում էի ուտել, զարթնում էի եւ զգում, որ բերանս լիքը ոջիլ է, ծամում եմ:

Այսպես էին բոլորը: Ճամբարում մարդակերության դեպքեր եղան. պատռում էին մեռածի փորը, ինչ-որ ներքին մասեր հանում, ուտում: Բայց հայերի մեջ այդպիսի դեպք չեղավ:

Քնում էինք հարկատախտակների (նառերի) վրա: 5-6 հարկանի էին, մի կերպ խցկվում էինք արանքից ներս, իրար կիպ կպած քնում: Հաճախ առավոտյան զարթնում էի՝ կողքիս պառկածը կամ երկու պառկածները մեռած էին լինում: Առավոտյան շուտ հերթապահ ոստիկանը գալիս էր, պառկածների ոտքերը շարժում ու գոռում՝

– Ժիվո՞յ:

Եթե պառկածը ձայն էր հանում, նշանակում էր, որ կենդանի է, եւ ոստիկանը հաջորդի ոտքն էր շարժում եւ նույնը գոռում: Իսկ եթե պառկածը ձայն չէր հանում, նշանակում էր, որ մեռած է, ոստիկանը ոտքից քաշում էր ու շրխկալով գետին գցում: Հետո դրանց դարսում էին սայլակի մեջ ու կրում դեպի փորած հսկա փոսերը, թաղում: Պատահում էր, որ կենդանի, բայց լիովին հյուծված մարդկանց իբրեւ դիակ հարկատախտակից գցում էին, տանում թաղում:

Ես զգում էի, որ իմ հերթն է գալիս եւ որոշեցի մի կերպ դիմանալ Շչերբակի ծեծին ու ընկնել հիվանդանոց:

Եվ դիմացա: Ինձ քարշ տալով տարան, գցեցին հիվանդանոցի բակը:

Ճամբարը երկտակ փշալարով էր պատած, փշալարի երկու շարքերի միջեւ խճճած փշալար էր: Անկյուններում փոքր աշտարակներ էին, վրանները գերմանացի զինվորներ՝ գնդացիրով ու լուսարձակով: Ընդհանուր ճամբարը հիվանդանոց կոչվածից մի տակ փշալարով բաժանված էր: Իսկ հիվանդանոցի կողքին բժիշկների տունն էր, նույնպես փշալարով առանձնացված: Դրանք գերի բժիշկներ էին, բայց մեր համեմատ հրաշալի պայմաններում՝ ուտելիքն էլ առանձին էր:

Հիվանդանոցի բակ ընկնողն արդեն հիվանդանոցում էր, կարող էր մտնել հիվանդանոցային փայտաշենքը: Շատ շուտով պարզվեց, որ հիվանդանոցի եւ ընդհանուր ճամբարի միջեւ տարբերություն չկար՝ նույն սովը, նույն ոջիլը, նույն մահերը: Հիվանդանոցի փշալարի տակ ինչ-որ մարդիկ կարտոֆիլի կճեպ էին թափում: Դա լավ էր՝ ուտում էինք: Որոշ ժամանակ անց տարան նոր կառուցված բաղնիք, մեքենա տվեցին իրար գլուխ խուզեցինք, իսկ հագուստներս վերցրին ախտահանման: 4-5 ամիս շոր չէինք հանել եւ հանկարծ մերկանում ենք, որ լողանանք:

Բաղնիքը ջրով լի մի քանի փայտե դույլ էր, բայց ինձ զարմանք պատճառեց այն, որ մենք բոլորս ոչ թե մերկ մարդիկ էինք, այլ նմանվում էինք շարժվող կմախքների, անգամ հետույք չկար, կնճռոտված մաշկը ծածկված էր սեւ կետերով:

Լողացած, ոջլից վերջապես ազատված մեզ այլ փայտաշենք տարան: Սննդի տեսակետից ոչինչ չփոխվեց. մի կտոր հաց (երեւի 100 գրամ) ու սուտ թեյ, մի անգամ բալանդ (վռիկ): Այս նոր փայտաշենքում էլ ժողովուրդը կոտորվում էր, նույն ձեւով առավոտները մեռածներին ու կիսամեռածներին ջոկում, տանում էին:

Հիվանդանոց կոչվող այդ փայտաշենքում 7 թե 8 հայեր էինք՝ իրար գլխի հավաքված: Ամենից շատ ուտելիքից էինք խոսում: Այդտեղ առաջին անգամ նկատեցի, որ ահավոր ծանր պայմաններին հայերը մյուս ազգերի համեմատ ավելի լավ են դիմանում: Հիշում եմ որքան շատ էին մահանում ռուսները, վրացիները, Միջին Ասիայի մարդիկ: Մեր այդ փայտաշենքում մեկ թե երկու վրացի մնաց, այնինչ սկզբում հայերիս հավասար էին:

Բայց դե մենք՝ հայերս էլ հուսահատ էինք, որեւէ տեղից փրկություն չէինք սպասում, որեւէ լույսի հույս չկար: Նոյեմբերի վերջին ես զգացի, որ բոլորովին թուլացել եմ՝ հարկատախտակներից բռնած հազիվ քայլում էի, աչքերս գրեթե չէին տեսնում…

Մի օր էլ հայերով հարկատախտակի վրա նստած խոսում էինք: Մեկը թե՝ գիտեք, տղերք, բժիշկներից մեկը հայ ա՝ Այվազյան:

Սկսեցինք քննել, թե այդ բժիշկ Այվազյանն իրո՞ք հայ է, թե ոչ: Վերջը որոշեցինք հարցնել, երբ մեր փայտաշենքը գա: Նա գրեթե ամեն առավոտ գալիս էր՝ մի փայտ ձեռքին, նոր շինելը հագին:

Հաջորդ առավոտ երբ եկավ, իսկույն շրջապատվեց գերիներով, ամեն մեկը մի բան էր հարցնում: Ես մի կերպ մոտեցա ու հարցրի հայերեն.

– Ընկեր Այվազյան, դուք հա՞յ եք:

Այվազյանը ոչ մի բառ չասաց, բայց աչքերով նշան արեց, որ այո: Ուրախությանս սահման չկար: Եկա տղաներին ասացի: Նրանք թե՝ խնդրի, թող քեզ ընդունի սանհրահանգիչ (սանինստրուկտոր)՝ բարաքի ճաշը դու կբաժանես:

Իրոք, ճաշ բաժանողին ասում էին սանինստրուկտոր: Երեւի այն պատճառով, որ, այնուամենայնիվ, մեր փայտաշենքը համարվում էր հիվանդանոց, կար բժիշկ, պետք է լիներ նաեւ սանհրահանգիչ, ինչպես զինվորական հիվանդանոցներում էր: Բայց քանի որ դեղորայք եւ բժշկական այլ պարագաներ չկային, բուժում չկար, սանհրահանգիչը միայն ճաշ էր բաժանում: Իսկ դա նշանակում էր, որ ինքը ցանկացած չափով կարող էր իր համար բալանդ վերցնել, ծանոթներին էլ շատ լցնել:

Մեր փայտաշենքի սանհրահանգչին դարձրել էին հիվանդանոցի ավագ, ուրեմն տեղն ազատ էր: Տղաներն ինձ խրատ տվին՝ «Մեջներս գրագետը դու ես, մոտեցիր Այվազյանին ու ասա, որ սանինստրուկտոր ես, կընդունի»: Ես սանհրահանգիչ կամ նման բան երբեւէ չէի եղել, բայց համաձայնեցի ստել:

Հաջորդ առավոտ, երբ Այվազյանը եկավ, մոտեցա եւ ասացի.

– Էստեղ հայ տղաներ կան, բժիշկ, մեռնում են, մի բան արեք:

Այս անգամ երկուսով էինք, ու նա հայերեն ինչ-որ բան պատասխանեց, ափսոս, չեմ հիշում, թե ինչ: Հետո իմ մասին հարցրեց: Ի վերջո մեջ գցեցի ինձ հանձնարարված սուտը:

– Բանակում սանինստրուկտոր եմ եղել, հիմա բարաքում չկա սանինստրուկտոր…

Այվազյանը մի պահ մտածեց ու ասաց.

– Դիմում գրիր ճամբարի սանմասի պետ Լեռների անունով, վաղը կտաս ինձ:

Տղաները, չգիտեմ որտեղից, մի մատիտ գտան կես մատնաչափ, ու մի ճմռթված թղթի կտոր: Դիմում գրեցի Լեռների անունով:

Լեռները հրեա էր, դա երեւում էր թե նրա ազգանունից, թե դեմքից. սեւ խոշոր բեղեր, սեւ խոշոր աչքեր: Նա ներկայանում էր որպես ուկրաինացի եւ այդպես պահպանում էր կյանքը (թեեւ հետագայում լսեցի, որ գերմանացիներն իմացել են հրեա լինելը եւ սպանել):

Ինչեւէ: Հաջորդ առավոտյան դիմումս տվեցի Այվազյանին: Նա ինձ տարավ Լեռների մոտ, որ սա ստուգի, իրո՞ք սանհրահանգիչ եմ, թե խաբում եմ: Լեռներն ինձ մի քանի հարց տվեց: Նախ ասաց.

– Այս դեղորայքի մեջ գտիր ու բեր պիրամիդոն եւ ասպիրին: – Հեշտությամբ արեցի, իսկ նա թե՝

– Ա՜, ձեր այբուբենը լատինական է, կարդում ես ու գտնում: – Ես նրան բացատրեցի, որ մեր այբուբենը լատինական չէ, այլ 5-րդ դարում ստեղծված զուտ հայկական:

Դրանից հետո հարցրեց, թե մարդը քանի ող ունի. քանի կողոսկր ու նման բաներ: Բարեբախտաբար դպրոցից հիշում էի ու բոլոր հարցերին պատասխանեցի:

Լեռները գոհ մնաց:

Գնացի տղաներին պատմեցի: Բոլոր հայերս ուրախ էինք, լույսի նվազ ճառագայթ էր թափանցել մեր հայկական անկյունը: Այո, եթե ես ճաշ բաժանող դառնայի, հայ տղաներին ավել բաժին էի տալու, ինձ առավել եւս:

Բայց փորձանքի մեջ ընկա: Փայտաշենքում ահավոր ցուրտ էր: Ես նկատել էի, որ շատերը վզներին սրբիչ էին փաթաթել: Եվ երազում էի այդպիսի սրբիչ ունենալ վզիս փաթաթելու համար: Սովորաբար ճամբարում մարդիկ որեւէ բան ձեռք էին բերում մահացածից: Հանում էին մեռածի կոշիկները, եթե նոր էին, զինվորական բամբակե հաստ կիսավերարկուն եւ այլն: Եվ ահա ես նկատեցի մի հանգուցյալի, որ վզին սրբիչ կար, մոտեցա, արձակեցի ու իմ վզին փաթաթեցի: Այդ պահին մոտեցավ մի ռուս ու ձեռքը գցեց սրբիչին, թե՝ իմն է: Սկսվեց քաշքշոց, մարդիկ հավաքվեցին: Հանկարծ հայտնվեց Այվազյանը: Հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ռուսն ասաց, թե ես սրբիչը գողացել եմ իրենից: Այվազյանը անցավ գնաց փայտաշենքի խորքը: Սրբիչն ի վերջո ինձանից խլեցին:

Երբ Այվազյանը դուրս էր գալիս, ես մոտեցա ու հայերեն հարցրի.

– Բժիշկ, ի՞նչ եղավ դիմումս: – Նա ռուսերեն բարձր պատասխանեց, երեւի, որ շուրջը եղածները լսեն.

– Մեզ գողեր ու ավազակներ պետք չեն,- ու դուրս գնաց:

Զգացի, որ այլեւս ուժ չունեմ, ընկնում եմ: Մեծ ճիգեր թափելով հասա տղաների մոտ ու պատմեցի եղածը:

Նորից մռայլ հուսահատությունն իջավ բոլորիս վրա:

Հաջորդ առավոտ փայտաշենքի ավագը բարձր տվեց ազգանունս: Մտածեցի՝ երեւի սրբիչի պատմության հետ է կապված: Դուրս եկա կենտրոն: Ավագն ասաց, որ ես նշանակվել եմ մեր փայտաշենքի սանհրահանգիչ: Դա 1941 թվականի դեկտեմբերի 1-ն էր: Այդ օրվանից ճաշ էի բաժանում: Ուժերս սկսեցին վերականգնվել:

Այվազյանն ինձ ասաց.

– Ես բոլոր հայ տղաներին օգնել չեմ կարող, ինչ որ հնարավոր լինի քեզ կտամ, դու էլ տղաներին բաժին հանիր:

Այդպես էլ եղավ: Նախ մեր հայ տղաներին ավել ճաշ էի տալիս, հետո Այվազյանը իրենց բժիշկների ճաշից էր բերում, երբեմն հաց, եւ բաժին էի հանում տղաներին: Այդպես հասանք մինչեւ փետրվար, եւ մեզ տեղափոխեցին այլ ճամբար՝ Կոբրին:

Պարզ է, որ Սերգո Այվազյանի շնորհիվ իմ ու մի քանի ուրիշ հայերի կյանքը պահպանվեց:

Սերգո Այվազյանը գյումրեցի էր, Թիֆլիսում ապրած: Հասկանալի էր նրա խորամանկությունը՝ ռուսների մեջ ձեւանալ, որ հայ չէ, բայց հայերին գաղտնի օգնության ձեռք մեկնել:

2

ԽԻՂՃԸ

Այդ նոր ճամբարը հասանք իրիկնադեմին: Շատ ճնճղապաշար կար: Վրա ընկանք ու ոչխարի պես արածեցինք, եւ շուտով կանաչի հետք չկար:

Սկսեցին ճաշը բաժանել: Ստացողների ամաններում (կատիլոկներում) տեսա մեծ ոսկորներ՝ վրան կարմիր միս: Ձիու միս էր: Հերթի մեջ անհամբեր էի կարմիր միս ստանալու: Հերթս հասավ, շերեփը դատարկվեց ամանիս մեջ՝ միայն գորշ ջուր էր, բալանդա:

Խմեցի ու գողունի գնացի դեպի հերթի ծայրը, նորից կանգնեցի: Հերթս նորից հասավ ու այս անգամ ամանիս մեջ մի գունդ կարմիր միս ընկավ: Նույն պահին գերմանացի հսկիչ զինվորի մտրակը թիկունքիս իջավ:

Գերմանացին նկատել էր խարդախությունս: Փորձեցի փախչել. վիրավոր ոտքս խանգարում էր, ավելի շուտ աջ ոտքովս թռչկոտում էի: Գերմանացին հասավ, մեկ-երկու խփեց, ամանը ձեռքիցս ընկավ, ես էլ ընկա ու ծեծ կերա: Հետո երկու հայ տղա բարձրացրին, դատարկ ամանս ինձ տվեցին:

Նստել էինք փշալարի մոտ: Մթնում էր: Մեկ էլ ընկերս թե՝ «Տե՛ս, քեզ է ուզում»: Իրոք, գերմանացին ձեռքին բռնած մի մեծ սպիտակ ոսկոր՝ վրան կարմիր միս, շրջում էր գերիների մեջ, աչքերով փնտրում:

Ձեռքով էլ հասկացնում էր, թե ո՞ւր է նա, որին ինքը ծեծեց: Տղաներն ասացին՝ գնա վերցրու: Ես չշարժվեցի, թեեւ մի քանի ամիս էր, որ սովի մեջ էինք:

Գերմանացին շարունակում էր շրջել ու փնտրել, մինչեւ որ մութը բոլորովին պատեց:

3

ՀԱՑԸ

Ելղովանցի Գեւորգն ու ես երկու հայ էինք գերիների այդ փոքր ճամբարում: Մյուսները ռուսներ էին ու թաթարներ: Գեւորգի փորի վերքից թարախ էր գալիս, իմ էլ ազդրի վերքը չէր փակվում եւ ուժեղ կաղում էի: Բայց դա չէր էականը, այլ այն, որ սոված էինք, սոսկալի, ամեն օր, ամեն րոպե: Առավոտները բոլորիս տանում էին դաշտային աշխատանքի: Ճանապարհն ավազուտների միջով էր անցնում, ինքն էլ ավազ էր: Ամեն օր մեզնից վաղ այդ ճանապարհով ուրիշ ինչ-որ մարդիկ էին անցած լինում, եւ ավազի մեջ գտնում էինք նրանց կերած տանձի ու խնձորի մնացորդները: Այդպիսի ամեն մի մնացորդ տեսնելիս՝ մի տասը ձեռք էր խրվում ավազի մեջ, մեկս մյուսից պռճոկելով խլխլում էինք եւ ձեռքներս ընկածը ավազախառը բերաններս տանում: Ու ամեն օր այդպես:

Չորս կողմից գերմանացի զինվորներ էին ուղեկցում: Մի անգամ էլ հետեւից եկող զինվորը տեսնելով՝ ինչպես ենք իրար ձեռքից խլխլում մրգի մնացորդները՝ Գեւորգին կանչեց:

Գեւորգը վերջից էր քայլում, գուցե դրա համար նրան կանչեց, մոտ էր իրեն: Կամ գուցե նկատել էր, որ Գեւորգի ձեռքը բան չի ընկնում:

Գերմանացին իր պայուսակից հաց հանեց, դանակ, մի շերտիկ կտրեց: Ապա՝ տուփով կարագը հանեց, մի քիչ քսեց հացի վրա: Հետո էլ շաքարավազի տուփը հանեց ու քիչ ցանեց կարագի վրա: Եվ հացը տվեց Գեւորգին՝ հասկացնելով, որ իր կողքով քայլի եւ ուտի՝ թե չէ կխլեն:

«Այ բախտ,- մտածեցի, ինչո՞ւ ինձ չտվեց» ու պատկերացրի՝ եթե ինձ տված լիներ այդ կարագ-հացը, ինչպես մի ակնթարթում բերանս կտանեի, կուլ կտայի: Բայց Գեւորգն այդպես չարեց: Անունս տվեց: Ետ ընկա, հավասարվեցի իրեն: Ինքը քայլելով՝ հացը զգուշորեն կիսեց: Աչքս վրան էր. նկատեցի, որ իմ կողմի կտորը մի քիչ փոքր ստացվեց: «Ափսոս»,- մտածեցի:

Գեւորգը նայեց երկու կտորներին եւ մյուս ձեռքի ավելի մեծ կտորը մեկնեց ինձ:

4

ԼԻԱՆ

Այս գյուղում մեր նոր բնակատեղին երկհարկանի փայտե շինություն էր գերիների ճամբարի «հարմարություններով»՝ սենյակներում եռահարկ քնադարակներ (նառեր) էին, շինության չորս բոլորը երկուտակ փշալար, աշտարակ՝ վրան զինվոր, լուսարձակ: Աշխատելու էինք տեղի հողատիրոջ դաշտերում:

Մեզանից առաջ այդտեղ հրեա աղջիկներ էին բնակվել եւ նույն աշխատանքն արել:

Առավոտյան մեզ տարան կաղամբի բանջարանոցները: Կաղամբը դեռ գլուխ չէր բռնել, թերթերի վրա մանր որդեր կային: մեր գործն էր ձեռքով ճխլել դրանց: Հենց որ գերմանացի պահակը չէր նայում մեր կողմը, կաղամբի թերթերից պոկում, ուտում էինք:

Պահակն, այնուամենայնիվ, նկատել էր դա եւ ընդմիջումին մի կերպ հարցրեց, թե ի՞նչ կգերադասեինք՝ մի կտոր հա՞ց, թե աշխարհի առաջին գեղեցկուհուն: Բոլորս գոռացինք՝ բռո՜դ (հաց):

Երեկոյան երբ տուն վերադարձանք, լենինգրադցի Սերգեյն ու ես իմացանք, որ տանիքում աղջիկ կա: Մեզնից ուտելիք ուզեց: Չունեինք: Մյուս օրը կարտոֆիլի մարգերում էինք աշխատում եւ զինվորից թաքուն այս անգամ էլ հում կարտոֆիլ էինք ուտում: Մի քիչ էլ հագուստներիս մեջ պահած բերեցինք, եփեցինք ու տարանք տանիք:

Անունը Լիա էր: Նա մեզանից առաջ այդ տանը ապրած հրեա աղջիկներից էր: Մյուսներին տարել էին մոտ գտնվող քաղաքը: Գերմանացի զինվորները պետք է օգտագործեին, հետո սպանեին: Ինքը թաքնվել էր:

Ամեն օր Սերգեյն ու ես բաժին էինք հանում դաշտից մեր գողացած «բարիքներից»: Երբ իմացավ, որ ես հայ եմ, խնդրեց հայերեն սովորեցնել: Մեր տառերը գրեցի թղթի վրա ու մի երկու բառ: Հաջորդ օրը գիտեր: Շատ ընդունակ էր եւ բավականին սովորեց հայերեն:

Մի օր էլ երբ աշխատանքից վերադարձանք, ներս չթողեցին: Սպասեցինք դարպասի մոտ: Հետո երկու զինվոր Լիային դուրս բերին ու տարան:

Այլեւս նրան չտեսանք: Որոշ ժամանակ անց լսեցինք, որ քաղաքի ճանապարհին, երբ անցնելիս են եղել արտի մոտով, Լիան խնդրել է բնական պետքով արտը մտնել, մտել է ու անհետացել: Փնտրել են, կրակել, տագնապ հայտարարել: Չեն գտել:

Հետո գերությունից ազատվեցի, նորից ճակատ՝ կրակ, արյուն: Երբ պատերազմը վերջանալուց հետո զորացրվեցի, որոշեցի վերադարձիս այցելել այն գյուղը, որտեղ Լիան էր եղել: Տունը նույնն էր, փշալարը չկար: Բարձրացա տանիք: Ահա Լիայի անկյունը: Նստեցի այնտեղ, ուր նա էր նստում: Եվ աչքիս ընկան տանիքի գերանին փորագրված հայերեն տառերը՝իմ ու իր անուններն էին, հետո՝ Հայաստան:

5

ԴՈՅՉԵ ԶՈԼԴԱՏ

Գերի եղած ժամանակս մի տեղ հող փորելու աշխատանք էինք անում: Իհարկե, վայ էն աշխատանքին, որովհետեւ բոլորովին ուժասպառ էինք, քաղցած: Փոքր խումբ էր, հայ ես էի եւ մեկ էլ լենինգրադցի Սերգեյը, որ հայերեն գրեթե չգիտեր: Մեզ վրա պահակություն էր անում մի կարճլիկ, թմբլիկ գերմանացի: Սրա հետ լավ հարաբերություն էր հաստատել այդ լենինգրադցի Սերգեյը: Ջարդրտված ռուսախառն գերմաներենով ինչ-որ բաներ էր խոսում հետը, ծիծաղեցնում, մանավանդ երգում էր: Լենինգրադում կարծեմ երգիչ էր եղել կամ դրա նման մի բան:

Գերմանացու սիրելի երգն էր «Մայնե լիբե Ավգուստին» («Իմ սիրելի Ավգուստին»): Ու Սերգեյը սկսում էր.

– Մա՜յնե լիբե Ա՛վգուստին, Ա՛վգուստին, Ա՛վգուստին…

Թմբլիկ գերմանացին հայիլ-մայիլ լսում էր ու պահանջում, որ նորից երգի: Ու այդպես անընդհատ: Մենք հող էինք փորում, իսկ լենինգրադցի Սերգեյի գործը կարճլիկ, թմբլիկ գերմանացուն զվարճացնելն էր: Սա էլ միշտ բարեհոգի ժպիտը դեմքին էր:

Մի անգամ էլ ոնց եղավ, ինչ եղավ, չեմ հիշում, առավոտյան նոր էինք հասել աշխատանքի վայրը, լենինգրադցի Սերգեյը մեկ էլ կես-կատակ, կես-լուրջ ասաց.

– Դոյչե զոլդատ շայզե (գերմանացի զինվորը ք.ք է):

Թմբլիկ գերմանացու դեմքի ժպիտն անմիջապես կորավ, հրացանը թեւից հանեց, փողն ուղիղ իմ կոկորդին ուղղեց: Գոռգոռում էր, ինչ-որ բաներ էր ինձ ասում, հետո էլ թեւիցս քաշելով դուրս էր տանում մյուսների միջից: Երեւի, ուզում էր խմբից քիչ հեռացնել, նոր սպանել:

Կորա, մտածեցի, էսքան տառապանքներն անցել եմ, հիմա մի սուտ բանից կորչում եմ:

Ասում եմ, բացատրում, որ ես չեմ ասել: Վերջապես կանգ առավ. թե՝

– Դենն, Վեռ զագդ (Այդ դեպքում, ով ասաց):

– Իշ վայս նիշտ (ես չգիտեմ):

Հրացանի խզակոթով խփեց, գլորվեցի: Իհարկե, ես շատ լավ գիտեի, որ Սերգեյն է ասել, բոլորն էլ գիտեին: Բայց ենթագիտակցորեն մտածում էի, որ ավելի լավ է սպանվեմ, քան մատնեմ ընկերոջս: Փողն ուղղեց վրաս… եւ այդ պահին Սերգեյն սկսեց…

– Մա՜յնե լիբե Ա՛վգուստին, Ա՛վգուստին, Ա՛վգուստին… Ու եկավ իմ ու գերմանացու արանքում կանգնեց: Գերմանացին կարծես առաջին պահ ուզեց դեն հրել Սերգեյին, բայց սկսեց լսել: Հետո Սերգեյն արագախոսությամբ ինչ-որ բաներ ասաց ու բացատրեց, որ ինքն է այդ խոսքն ասել, հենց այնպես կատակով ու նորից՝

– Մա՜յնե լիբե Ա՛վգուստին, Ա՛վգուստին, Ա՛վգուստին…

Գերմանացին ժպտում էր:

Այդպես ազատվեցի:

Գերության ընկերներով. Ռաֆայել Իշխանյան, Տիգրան Խաթլամաջյան, Ներսիկ(ազգանունը չեմ հիշում)

Գերության ընկերներով. Ռաֆայել Իշխանյան, Տիգրան Խաթլամաջյան, Ներսիկ(ազգանունը չեմ հիշում), 1970-ականների սկզբներ

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

20 − 10 =