hero

Արտաշիրմում

Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
07/10/2016

 

Գործող անձինք

Տղա

Նկարիչ

Մայր

Շտապօգնության աշխատակից

Թաղման Բյուրոյի աշխատակից

Դիահերձարանի աշխատակից

Հայ առաքելական եկեղեցու սպասավոր

Ոստիկան 1

Ոստիկան 2

Անդրանիկ ձյաձյա

Դիակառքի աշխատակից

 

Նկարիչը մոտենում է բեմին, տեղադրում է մոլբերտը, փակցնում է թուղթը, տեղավորվում ու նկարում է տղային` կոստյումով:

Տղան մտնում է դահլիճ, մայրը պառկած ա բազմոցին: Տղան` իրերը տեղավորելով, շորերը փոխելով:

Տղա.    Մա՜մ, էկա: Անդրանիկ ձյաձյային տեսա դուրսը, ասեց էսօր չես գնացել ծերունական ժողովին, հարցնում էր հո բան չի՞ էղել, ասում էր ինչ-որ կարևոր բան են քննարկել, թաղումների հետ կապված, լավ չհասկացա ինչ էր, խնդրեց, որ իրան զանգես: Մամ, ասեց, որ տիկին Գայանեն ա մահացել, դրա համար էրեկ չկար ժողովին: Մամա՞: Լսի մամ, Տիկին Գայանեն կտակում գրել ա, որ իրան չթաղեն, ասում էի չէ՞ մամ, էդ կնիկը տարօրինակ ա, ի՞նչ ա նշանակում չթաղել, բա ի՞նչ պիտի անեն դիակի հետ, հը՞ մամ, հո չե՞ն վառելու, դե չնայած ինքը էրեխա չունի, ում ինչ պետքն ա ինչ կանեն դիակի հետ, չէ՞ Մամ: Մա՞մ, լսո՞ւմ ես, այ մամ:

Նկարիչը նկարում  Տղային` մոր կողքը բազմոցին, մոր ձեռքի պուլսն է ստուգում:

Տղան մոտենում է մորը, թեթև հրում, վերցնում է մոր ձեռքը, պուլսն է ստուգում: Բաց է  թողնում ձեռքը: Նկարիչը նկարում է տղային` հեռախոսն ականջին: Տղան մոտենում է հեռախոսին, վերցնում, զանգում:

Շտապ Օգնություն: Դուք զանգահարել եք շտապօգնություն

Տղա: Բարև ձեզ, մայրս է մահացել:

Շտապ օգնություն. Ծառայության որակը բարելավելու համար ձեր զանգը կարող է ձայնագրվել: Շտապ օգնությունը, շտապում է տեղեկացնել, որ գործում է մեծարգո բարերար Եսիմովի հովանավորությամբ: Մեր հովանավորներն են  Եսիմինչ ծաղկի խանութ, Եսիմինչ սննդի ցանց, Եսիմինչ ավտոմեքենա, Եսիմինչ ծխախոտ, Եսիմինչ քրեակատարողական հիմնարկ: Հայերենի համար սեղմեք 1, անգերենի համար սեղմեք 2, ժեստերի լեզվի համար ոչ մի բան մի սեղմեք:

Տղան սեղմում է:

Շտապ օգնության աշխատակից (եղունգները մշակելով): Շտապ օգնություն, ձեզ հետ խոսում է Իռան, բարև ձեզ:

Տղա. Բարև ձեզ, մայրս է մահացել:

Շտապ օգնություն. Շնորհակալ ենք ձեր կյանքի ամենակարևոր պահերից մեկի ժամանակ հենց մեզ հիշելու ու մեզնից աջակցություն ստանալու համար, սակայն շտապ օգնությունը շտապում է ձեզ տեղեկացնել, որ այդ հարցը մեր իրավասություններից դուրս է, մեջբերում եմ օգնության մասին օրենքի, ըմմմ (թխթխկացնում է համակարգչի ստեղնաշարը), ահա,  ուրեմն, օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետը «Շտապ օգնությունը պարտավոր է օգնություն ցուցաբերել միայն ու միայն առողջական խնդիրներ ունեցող էակներին», քանի որ ձեր մայրը ոչ թե առողջական խնդիր ունի, այլ մահացել է, այսինքն` նրա մոտ առողջության բացակայություն է, ցավով պետք է նշեմ, որ օրենքը մեզ թույլ չի տալիս ձեր մոր մարմնով զբաղվել: Այնուամենայնիվ (հորանջում է), շտապ օգնությունը չի շտապում ձեզ վհատեցնել և առաջարկում է զանգահարել թաղման բյուրո: Նաև խնդրում ենք ձեզ, որպեսզի մնաք կապի մեջ և գնահատեք սպասարկման որակը, որն 9 բալանոց սանդղակով է, վատագույնը նվազման կարգով է, այսինքն 1-ը վատագույնն է, 9-ը` լավագույնը: Ձեզնից պահանջվում է ընդամենը սեղմել ձեր հեռախոսի կոճակները: Հուսով ենք, առիթ կունենաք կրկին օգտվելու մեր ծառայություններից, շնորհակալություն, ցտեսություն:

Նկարիչը նկարում է 5, տղան սեղմում է 5 ու անջատում հեռախոսը:

Նկարիչը նկարում է տղային տեղեկատուն ձեռքը:

Տղան վերցնում է տեղեկատուն, թերթում էջերը, գտնում համարն ու զանգում, թաղման բյուրոյի զանգը` հնչում է դուդուկ:

Թաղման Բյուրոյի աշխատակից (նարդի խաղալով). Թաղման բյուրո, ցավակցում ենք, լսում ենք ձեզ:

Տղա. Բարև ձեզ, մայրս է մահացել, կարո՞ղ եք գալ:

Թաղման Բյուրո. Ցավակցում ենք ձեր մորը կորցնելու կապակցությամբ: Մայրն է, մեզ բերում այս աշխարհ, կերակրում, հագցնում, պաշպանում վտանգներից: Մենք բոլորս մեր մոր հայելին ենք: Երբ հայելին կոտրվում է, ասում են` 7 տարի դժբախտության մեջ ես ապրելու, սակայն այս միակ հայելու կոտրվելու դեպքում մինչև կյանքի վերջ դժբախտ ենք մնում:

Մարդը, որ չի կորցրել իր մորը չի կարող կիսել ձեր ցավը:

Տղա. Բայց դիակը տանելու կգա՞ք:

Թաղման Բյուրո. Թաղման բյուրոյի ծառայությունները սահմանափակվում են ձեզ մխիթարելով, ձեր կորցրած մարդու մասին ջերմ խոսքեր ասելով, սակայն ցավոք սրտի դիակի հետ գործողություններ չենք կատարում: Տեղի ունեցածի կապակցությամբ ձեզ ենք նվիրում Սմբատ Շահազիզի երազ երգը, որը հավանաբար ձեր մայրը երգել է ձեզ քնեցնելու համար, երբ փոքր էիք:

Տղա. Իսկ ես ո՞ւմ դիմեմ:

Թաղման Բյուրո. Գուգլին հարցրեք:

Թաղման Բյուրոյի աշխատակիցը կլկլացնելով երգում է Սմբատ Շահազիզի երազը`

«Ես լսեցի մի անուշ ձայն, իմ ծերացած մոր մոտ է

Բայց ափսոս, որ երազ էր…»

Տղան անջատում է հեռախոսը: Նկարիչը տղային նկարում է բջջային հեռախոսը ձեռքին: Տղան վերցնում է բջջայինը:

Տղա. OK Google: Ո՞ւր պետք է զանգել, մոր մահվան դեպքում:  

Google. Sorry. Didn’t got it.

Տղա. Who do I call if I found my mother dead?

Google. Here is the list where you should call when you find your mother dead.

Տղան թերթում է հեռախոսը ու քթի տակ փնթփնում բերած տեղեկությունը

Տղա. How my dad became my mother. Mother supports gay community after her gay son’s death. Could Hillary Clinton defeat her mother? Cremator found her mother dead in morgue. Դիահերձարան զանգեմ:

Տղան զանգում է, բջջայինը դնում ականջին:

Դիահերձարան (Մաստուրբացիա անելով` ձայնի տատանումներով). Փրթեմ թափեմ Դիահերձարան, ձեր լավագույն ընկերը: Կարող եք ձեր հարազատի դիակը վստահել մեզ այնպես, ինչպես կվստահեիք ձեր ամենամտերիմ ընկերոջը: Փրթեմ թափեմ դիահերձարնը հերձել է այնպիսի մարդկանց բարդ դիակներ, ինչպիսին էին Մայքլ Ջեքսոնինը, Մալազիա 320 չվերթի զոհերինը, Մերձավոր Արևելքում գլխատված կանանցը ևայլն, ևայլն: Փրթեմ թափեմի շնորհիվ էր, որ պարզվեց Համլետի հորը թունավորել են:

Տղա. Մայրս է մահացել, կարո՞ղ եք գալ դիակի հետևից:

Դիահերձարան. Ձեր մայրն ի՞նչ մասնագիտություն ուներ:

Տղա. Դերձակ էր:

Դիահերձարան. Իսկ ինչո՞վ է աչքի ընկել իր կյանքի ընթացքում, նա հանրությանը ծանո՞թ դերձակ էր:

Տղա. Դե, մեր շենքի ծերունական ժողովի խորհրդի քատուղարն էր:

Դիահերձարան. Ինչպես հասկանում եմ ձեր մայրը, սովորական մարդ էր: Մնացեք կապի մեջ և կմիացնեմ ձեզ Փրթեմ թափեմի սովորական դիակների հերձման բաժին:

Փրթեմ թափեմի սովորական դիակների բաժին (զուգարանում` տնքալով). Փրթեմ թափեմ սովորական դիակների դիահերձման բաժինը լսում է:

տղա. Մայրս է մահացել:

Փրթեմ թափեմի սովորական դիակների բաժին. Մնացեք կապի մեջ, ես ձեզ կմիացնեմ Փրթեմ թափեմի սովորական դիակների կանանց բաժին:

Փրթեմ թափեմի սովորական դիակների կանանց բաժին (հաց ուտելով` ճպճպացնելով). Փրթեմ թափեմի սովորական դիակների կանանց բաժինը լսում է:

Տղա. Մայրս է մահացել:

Փրթեմ թափեմի սովորական դիակների կանանց բաժին. Ի՞նչ տարիքի էր ձեր մայրը

Տղա. Դա կապ ունի՞: 69:

Փրթեմ թափեմի սովորական դիակների կանանց բաժին. Մնացեք կապի մեջ ես ձեզ կմիացնեմ Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժին:

Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժին մարմնամարզություն անելով` խորը շնչել, արտաշնչելով).  Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժինը լսում է:

Տղա. Մայրս է մահացել:

Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժին. Ձեր մայրը բուսակեր էր, թե՞ մսակեր:

Տղա. մսակեր:

Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժին. Մենք կփորձենք ցավել, որ դուք կորցրել եք ձեր մորը, սակայն Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժինը չի սպասարկում մսակերներին, քանի որ չունենք մսակեր հերձելու մասնագետ: Մենք արդեն այդպիսի մասնագետի հայտարարություն ենք տվել, զանգահարեք մեզ երեք շաբաթից:

Տղա. Իսկ ես ո՞ւմ դիմեմ մորս դիակի համար: Երեք շաբաթ չեմ կարող սպասել, դիակը կփտի:

Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժին.  Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժինը ձեզ խորհուրդ է տալիս դիակը պահել ֆորմալինի մեջ կամ ածխապատել տեղավորել մութ սենյակում, կարող եք նաև մեղր քսել վրան ու թերթով փաթաթել, մինչև մենք մասնագետ գտնենք:

Տղա. Ես մեղր, ածուխ ու ֆորմալին չունեմ: Դժվար դա ինձ համար նկարեն:

Փրթեմ թափեմի սովորական դիակների 60-70 տարեկան կանանց բաժին.  Այդ դեպքում գուցե զանգահարեք Հայ առաքելական եկեղեցի: Գուցե այնտեղ ձեզ օգնեն:

Նկարիչը նկարում է Աստվածաշունչը տղայի ձեռքին:

Տղան Աստվածաշնչի մեջ գտնում է Հայ առաքելական եկեղեցու համարն ու զանգում, հնչում է Ամեն Հայր Սուրբը:

Հայ առաքելական եկեղեցի (լողանալով, մեջքը քիսա են անում). Տէր ողորմեա, տէր ողորմեա, Հիսուս փրկիչ մեզ ողորմեա: ՀԱԵ լսում է մեղսավորին:

Տղա. Բարև ձեզ, մայրս է մահացել:

ՀԱԵ. Որդիս, մի՞թե մայրդ մինչև մահանալը քեզ չի սովորեցրել, ինչպես պետք է դիմել ՀԱԵ սպասավորին:

Տղա. Օրհնեք, Տեր հայր:

ՀԱԵ. Աստված օրհնի: Այ, սա ուրիշ բան, երևում է արժանավոր ծնողի զավակ եք: Ինչո՞վ կարող ենք օգնել:

Տղա. Մայրս է մահացել:

ՀԱԵ. Ավելի վատթար է, երբ մայրն է իր զավակի մահը տեսնում, ինչպես Հիսուսինը տեսավ Սուրբ Մարիամ, մի վհատվեք, նրա տեղը կարող էիք լինել դուք:

Տղա. Իսկ դիա՞կը

ՀԱԵ. Ինչպե՞ս թե, դիակը դեռ գոյությո՞ւն ունի` ապա մեղասավոր է եղել ձեր մայրը ծանրագույն, նրան չի հասել երկնային արքայությունն ու հարություն չի առել: Մարմնի փրկության վաշտի մեր սպասավորները կայցելեն ձեզ` այն փրկելու:

Տղա. Կգրե՞ք հասցեն:

Հեռախոսում լսվում է` տու-տու-տու: Նկարիչը նկարում է երկու լողազգեստով, մարզված տղամարդկանց շրջապատած խաչի վրա մոր դիակը:

Բեմ են մտնում երկու լողազգեստ հագած տղամարդիկ: Մեկը խաչ է կրում մեջքին, մյուսի ձեռքում խունկ է:

Տղամարդկանցից երկուսը բարձրացնում են դիակը, խաչը դնում բազմոցին, մորը խաչի վրա, ձեռքերը փաթաթում են խաչին: Խնկարկում են:

Նկարիչ նկարում է տղամարդկանց դիակը գրկած դուրս են գնում, տղան անկյունում ժպտում է:

Նկարիչը ջնջում է նկարը, մաքրում է ժպիտը տղայի դեմքից, նկարում է տղամարդկանց, որ դուրս են գալիս առանց դիակ:

Տղա. Բա դիակը չե՞ք տանում:

ՀԱԵ. Մենք զբաղվում ենք երկնային մեղքերով, երկրային մեղքերի համար զանգեք ոստիկանություն:

ՀԱԵ վաշտը դուրս է գալիս բեմից` ձեռքերը միմյանց ուս ուսի գցած:

Տղան հետուառաջ է գնում: հանդիպում է նկարչին, իրար են նայում, տղան նայում է նկարին:

Տղա. Ձե՞ռ ես առնում: Մերս մեռել ա, դու ստեղ քեզ համար սցենարներ ես հորինո՞ւմ: Արվեստագետ ես կոչվում, լավություն արա, շուտ մեկին նկարի թող գա տանի դիակը:

Նկարիչը շրջվում է, շարունակում է նկարել:

Տղան, փնթփնթալով, գնում նորից հեռախոսը վերցնում, զանգում է

Ոստիկանություն (արագ-արագ խոսելով` փլեյսթեյշըն խաղալով). Ոստիկանություն: Ի՞նչ ա, էղել, ու՞մ են սպանել, ու՞մ են կողոպտել, ու՞մ են վիրավորել, ու՞մ են թթու խոսք ասել, էդ ո՞վ ա մտածում, որ ինքը վեր ա օրենքից: Խոստովանու՞մ եք, թե՞ ինքներս պարզենք: Մենակ քննադտել գիտեք ոստիկաններին, բայց հենց բան ա լինում մեզ եք հիշում:

Տղա. Մամաս ա մեռել:

Ոստիկանություն. Սպանե՞լ են, թե՞ ինքնասպանություն ա գործել: Ու՞մ հետ ա խնդիրներ ունեցել ձեր մայրը: Հասարակությո՞ւնն էր պատճառը, թե՞ ձեր հայրն ա խոշտանգելով սպանել, թե՞ ձեր մայրը լեսբի էր ու չէր համակերպվում իրա սեռական կողմնորոշմանը, թե՞ դուք եք սպանել, որ տիրանաք իրա ունեցվածքին:

Տղա. Էկա տուն, տեսա բազմոցին անշունչ պառկած ա:

Ոստիկանություն. Ո՞նց թե, դուք նրա կողքը չէի՞ք որ մահացավ, բա դուք ի՞նչ որդի եք, բա ափսոս չի մորդ տված կաթը: Ճիշտ են ասում էլի, խելոքի հետ քար քաշի, հիմարի հետ հաց մի կիսի: Փոխանցեք ձեր մորը, մենք պետք է իրանից լսենք, թե ինչ ա տեղի ունեցել:

Տղան հեռախոսը դնում է մոր ականջին:

Ոստիկանություն. Տիկին լսո՞ւմ եք ինձ: Ի՞նչ ա էղել ձեզ հետ, ձեր որդին ա ձեզ սպանել, ձեր ամուսինը, ի՞նչ գանգատներ ունեք: Ձեզ լսում են աշխարհի լավագույն մասնագետները: Լռությունը, սպանություն է, մի´ լռեք:

Մայր. Տղաս էկավ տուն տեսավ, որ մահացել եմ:

Ոստիկանություն. Լավ, հեռախոսը տվեք ձեր որդուն:

Մայրը հեռախոսը փոխանցում է որդուն ու նորից մահացածի դիրքն ընդունում:

Ոստիկանություն. Ալո, լսո՞ւմ եք, տեղ չգնաք, շուտով կգանք:

Նկարիչը նկարում է դպրոցական հագուստ հագած երկու աղջիկների` մորը շրջապատած:  Խուզարկում են մորը:

Ոստիկան 1. Կրծքերի համա՞րը

Ոստիկան 2. Երեք:

Ոստիկան 1.  Մինչ ամուսնական, թե՞ ամուսնությունից հետո:

Ոստիկան 2. Մինչ ամուսնական:

Ոստիկան 1. Ամուսնուն դավաճանե՞լ ա:

Ոստիկան 2. Երեք անգամ: Երեքն էլ Ադնրանիկ ձյաձայի հետ:

Ոստիկան 1. Պեպսի՞, թե՞ Կոլա:

Ոստիկան 2. Պեպսի:

Ոստիկան 1 . Այփո՞ն, թե՞ Անդրոյիդ:

Ոստիկան 2. Սամսունգ:

Ոստիկան 1. Տենց էլ գիտեի:  

Տղա. Ես եմ նվիրել:

Ոստիկան 1. Ձենդ, արա: (դադար, ձեռքը դնչի տակ մտածում է): Ջրաներկի հոտ եմ առնում:

Տղան մատով ցույց է տալիս նկարչին

Ոստիկան 1. Ահա, թե ինչ:

Ոստիկանները մոտենում են նկարչին, ձերբակալում: Նկարիչը հասցնում է կտավի վրա լուծիչ լցնել: Նկարը լղոզվում է: Բոլորը հեռանում են:

Նկարիչը կրկին նկարում է մորը` մեռած, բազմոցին ու տղային` հեռախոսը ձեռքին:

Տղա. Անդրանիկ ձյա, մաման ա մահացել:

Անդրանիկ ձյաձյա. Դրա համար չէր էկել հա՞ էսօր: Գոնե հարգելի պատճառ լիներ չգալու համար: Մեռնում չեն գալիս, բայց էդքան հարց կա քննարկելու: Լավ խորհրդին ասեմ, նոր քարտուղար ընտրեն:

Տղա. Ադրանիկ ձյա, իսկ որ մարդ ա մեռնում, ու՞ր են զանգում:

Անդրանիկ ձյաձյա. Ջահել տղա ես, չգիտե՞ս: Տենց ափլիքեյշըն կա, որ ցույց ա տալիս մոտակա կատաֆալկաները, քաշի, պատվիրի:

Նկարիչը նկարում ա տղային` մոր մեջքին նստած, բջջայինը ձեռքը, քաշում է ծրագիրը: Պատվիրում դիակառքը:

Կատաֆալկա (բոստանում ծաղիկներ խնամելով): Բարև ձեզ, կատաֆալկա էիք պատվիրե՞լ:

Տղա. Հա:

Կատաֆալկա. Կասե՞ք էդ ձեր նշած հասցեն ո՞նց ենք մտնում, մեկ էլ ձեր մոր քաշն ու բոյը չեք նշել ծրագրում:

Տղա. Բոյը 1.64, քաշը 60 կիլոգրամ, էդ որ Բյուրոկրատ գրախանութի խաչմերուկից ձախ եք մտնում…

Կատաֆալկա. Ապեր, ներող, չնայած ցավում եմ, բայց էս պահին 60 կիլոգրամների համար ազատ մեքենա չունենք, իրոքից ներող էլի ընգեր: Ասենք իմ մոր համար ազատ մեքենա չըլներ, ես էլ կգժվեի: Հիմա դու գժվար չէ՞, ապեր: Բեսամթ գժվել ես, չէ՞: (գլուխը շրջում է): Գուգ, գժվավ, ապեր:

Տղան անջատում է հեռախոսը:

Նկարիչը նկարում է տղային գլուխը` մոր կրծքավանդակին:

Տղա. Այ մեր ջան, բայց էս բան էր, որ դու արեցիր, գոնե իմ մասին մտածեիր, հեշտ ա չէ՞, մեռնում եք մտածում եք, էդ ա, տղես դիակիս հարցերը կլուծի: Այ մամա, Հիմա ես քեզ ո՞նց պահեմ սենց էս տանը, դու փտելու ես, բայց ես դեռ ապրում եմ չէ՞: Մեռելներդ տենցն եք էլի մամ, ապրողներին հաշիվ չեք տալիս, ի՞նչ կանեն ձեզ հետ, ու՞ր կթաղեն, ի՞նչ կգրեն ձեր շիրիմի վրա, կգա՞ն ձեզ այցելության, թե չէ, ծաղիկ կդնե՞ն ձեր գերեզմանին, վրադ աճած խոտերը կմաքրե՞ն: Էրնեկ չէ՞ր անհայտ կորած լինեիր, ես էլ որբ էրեխա, որը քո թաղման համար պարտավորություն չունի:

Տղան կատաղած նայում ա նկարչին:

Տղա. Ես գիտեմ էս հարցը ոնց լուծեմ:

Տղան մոտենում է նկարչին, վերցնում է վրձին, կոտրում: Վերցնում է նկարները պատռում: Նկարիչն ընկնում, մահանում է: Բեմ են դուրս գալիս բոլոր կերպարները: Ու տղայի հետ երգում:

Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։

Երգելով` վառում են պատռված նկարները:

Մայրը վեր է կենում, թափ տալիս իրեն ու բոլորի հետ հեռանում:

Վերջ

«Արտաշիրիմումը» բեմադրվել է  Խորվաթիայի Գռոժնան քաղաքի Թատերական ակադեմիայում (Imaginary Academy), ռեժիսոր Նանոր Պետրոսյան

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

1 × 5 =