hero

 

 

 

Լճակ խոնավ ու գրավիչ

 

Լճակ խոնավ ու գրավիչ,
Լճակ – մատներիս տակ,
Բայց ես կուզեի լեզվով էլ զգալ,
Հոգալ ջրերիդ մասին:

Տարին բարեբեր կլինի
Հյութերիցդ – գետնին արտասվող,
Իսկ մինչ այդ աճում է իմ ծառը
Մատներիդ սնուցող մասաժից:

Խաղողի հատիկ է գագաթը կրծքիդ –
Ուտում եմ ու չի պակասում,
Դու վատն ես իհարկե, որ չես զանգում ինձ,
Ու լավն եմ ես, որ գրում եմ ոտանավոր:

Ես իհարկե լավն եմ –
Գրում եմ – տեղյակ պահելու –
Բանաստեղծությանս մեջ շոյում ես իմ բանը,
Որն իր հերթին բորբոքվում է, բոյովանում:

Որոշել եմ – հաջորդ անգամ,
Կսպասեմ, երբ վիճենք-վերջացնենք,
Կռանամ, երեքից հինգ րոպե
Լճակիդ հայելին պաչպչեմ:

Մեղմելու համար անպարկեշտ իմ այս տաղը
Նախավերջին գլխում կօգտագործեմ
«Թովչություն», «տարաբախտ», «հառաչանք» բառերը,
«Անրջանքն» էլ – դրանց վրայից:

Մի բան էլ – առաջին հայացքից
Թեմային այդքան չառնչվող.
Ես կուզեի, որ մեր երեխան
Մեզ պես – ծնվեր մայիսին:

 

 

Ամառ (Արմեն Ամիրյան)

 

Փոշին շերտ-շերտ կնստի
մեր կարագին ու հացին
մեղրին, բարձին, դիվանին
Լորենիներ, ակացի:

Կանաչ կարի մեքենա
Մատիտի հոտ ու աձյալ
Ես այստեղ եմ՝ և՛ ներկա,
Ե՛վ ամառներում անցյալ:

Էսօր ամբողջ օրը ինձ
Տանջում էր գրի ծարավ
Որի համար ընտրեցի
Պատահական մի թեմա:

Հիմա ասեմ – ամառը – սահում էր սարի վրից
Կտուրների բերաններն՝ ամպերի պտուկներին,
Հետո կապույտ երկինքն էր՝ բացված գրքի էջերով.
Մատս դնում էի մեջը, հիշեմ տեղը կարդալու:

Առավոտը բերում էր կաթի բիդոն կամ բիտոն
(հայերենով ո՞րն է ճիշտ), մենք շարվում էինք փոքրից մեծ
Ու տան ներսի ասֆալտը ժպտում էր ու խնդմնդում
մեր չիշիկի շիթերից:

80 թվի օրացույց, ձվի կճեպ, հեռախոս
Կոշիկի վաքս, պառավո –
Ահա սա է ամառվա
Պարզահանճար դեղատոմս:

Ժամը 1-ից 3-ը թուլանում էինք, վեր ընկնում
Ոչ խաղողն էր մեզ հուզում, ոչ էլ մաննին քաղցրահամ
Տելեվիզըրն էդ ժամին համ կարմիր էր, համ կապույտ
Մեջը թվեր կային գրած, «տու» էր անում անդադրում:

Հիմա, երբ աշունն եմ ապրում օրերիս
Բուխարու առջև, ճերմակամորուս
Ես հիշում եմ իմ հրաշքին՝ ամառը կիրակնօրյա
Իմ առաջին, անկեղծ սեր
Ընկեր Արմեն Ամիրյան:

 

 

Բաղաձայններ

 

Չ՝ մահացած, Ռ՝ տղամարդ, Խ՝ գլխիկոր.
Թող Հ-ն առաջնորդի ինձ մոտ:
Դժգոհ դեմքերով կուտակվեք:
Կկանչեմ իմ սենյակ, կասեմ՝ ով ով է՝ մոխիր թափ տալով:

Ուրեմն, դուք՝ ՃՄՅՆ – ժանյակ եք ու նրբիկ նեղուց
Այբուբենի պարանոցը կապող գոտուն ու ազդրերին:
Ղ-ի կյանքը անիմաստ էր, թե չլիներ ղպտի բառը:

«Շ-ն շշունջն է ծովախեցու, արևի խոպոպն ավանգարդ» –
Կարծում էիր, պիտի՞ ասեմ: Ավաղ, դու մեծացար
Որպես լոշտակ խոռոչ: Այ, ուրիշ է քո փոքրատառը:

Տընքոց է լսվում տիեզերական.
Այդ Ը-ն է՝ ծպտյալ արաբ: Ձայնավորների ալբինոսը
Փախել է նրանց ճամբարից: Այսուհետ այս համրերի
Վըշտերը կըտընքաս: Քեզ այգի և կին կտանք:

Մնացածներդ հեռացեք:
Դու մնա Ֆ՛, հետևի սենյակում կփակվենք:
Լկստվելու համար հարմար է
Մարմնիդ կառուցվածքը:

 

 

Մունդառ բիձեն՝ ոչ տիեզերքի ուղարկված անձ

 

Թխկ թխկ սալիկներին ձեռնափայտի կողմից
ծեր պարոնի որ եկել է պանրի համար
գլխարկ գլան ցանցառ մորուք մորու ուսեր
Դույլ տարուբեր ու ցինկապատ

հիմի որ էկել ես – որ ի՞նչ, յանի ընչի՞ էկար
Իբր մահն ես դու մեր – տիեզերքի դեսպան
Ո՞ւմ ես եկել, ո՞ւմ ես ուզում էստեղ տեսնել
Էնքան հարց տամ, փոշման վերադառնաս

Մի լար պարոն, մի վնասվիր իմ սիրելի
Անմիտ բարբաջանք է – ես գրում եմ ոտանավոր
Ազդեցիկ լինելու համար, գուցե
Ասեմ բառեր վիրավորող

Վայ մի լացի, տղա էղի, արա
Պոպոքի ծառի տակ նստել ես
Դու գիտես էս ում տունն ա, որ կա
Բակունցի թանգարանն ա հիմի

Հա, սաղս էլ մեռնում ենք էթանք
Հերս էլ մեռավ հունիսին
Դու էլ կմեռնես, ես էլ
Ակսելն էլ, տենում ես – չկա

Հիմի խռով նստել, լաց ես անում
Ես եմ մխիթարում – քեզ ծեր պարոն
Բայց դու եկար ինքնավստահ մռայլադեմ
Լուսադեմին անձրևի հետ, սարսռացի

Միստիկ լույսի ներքո ընկալեցի –
Խորհրդանիշ մահվան կամ կոպտության տիեզերքի
Դարբնի ձեռքով, որ եկել է մեզ դաս տալու…
Բայց դու ծեր բիձա ես գլանաձև գլխարկով

Ես էլ ասի – կյանքիս պահն է հանդիսավոր
Ինձ ասելու է վերջնական բառեր
Ու տանելու է մի տեղ ֆայտոնով…
Բայց եկել ես կաթի դույլով – պանրի…

Սկզբում որ քեզ տեսա, հատկապես ֆրակը հագիդ
Ինձ զգացի մի տեսակ աղջիկ՝ պատրաստվող անխուսափ տռախի
Բայց հետո, բայց հետո օրերի միգում, մշուշում անջրանցիկ
Նորից վերգտա ամրությունս, խեղճ, խեղճ, խեղճ պարոն

Պիտի խստաբար ինձ հետ անեիր մի բան
Որից կարթնանայի իմաստնացած
Պիտի ցույց տայիր կոպտությունը կեցության
Եվ այլ գաղտնի բաներ, բայց դու
Զզվանք բիձա – եկել ես պանրի

Յանի որ ի՞նչ, խի՞ սենց
Սաղ էլ կարան վեդրո առնեն էթան պանրի
Դու չպիտի լինեիր ըտենց – դու կեցել ես ֆրակ
Ձեռնափայտ ես բռնել հարգի

Դու առաքված լինեիր պիտի
Պիտի գայիր որպես սոխակ, տրտմություն,
Որպես հուշում իմաստի, արթնության կոչնակ…
Եկել – արթնացրել – պանիր ես ուզում

Դու – զզվելի բիձա, այնուամենայնիվ,
Ձախողելով քո միսիան ենթադրյալ
Որոշ բաներ ես ուզում հասկացնել:
Ոչ թե խեղճ, այլ մունդառ բիձա ես:
Չեմ տա պանիրդ, գնա տառապի:

Բակունցը մեռավ էս կյանքում,
Էս կյանքում մեռավ նաև հերս
Բակունցին չեմ սգում, չեմ հիշում, հորս
Կարոտում եմ: Ամեն օր:

Ես իրան կարոտում էի դեռ էն – դեռ իր կենդանի վախտը
Վատ էինք իրար հետ, չէինք խոսում, չէինք նայում
Ասում էի ինքս ինձ. առանց պապա եմ մեծացել
Իմ հայրը դժվար, բայց լավ մարդ էր

Հետո որ հիվանդ էր, բացակա
միտքը գնում-գալիս էր
Զգում էի ինձ – որպես իրա պապա:
Իր համար լինելու, ինչ որ ինքը չեղավ
Ինձ համար

Չհասցրի կարգին հայր դառնալ, հերս մեռավ հունիսին
Պոկեցին մի մասս, թաղեցին հողի տակ
Ու ըտեղ հասկացա, որ կեցությունն անդարձ է
Չի լինի խոսելու առիթ, հետ չի գա իմ հայրը

Հիմի եկել ի՞նձ ես ուզում բան բացատրես
Դու ոչ խորհրդանիշ, ոչ էլ ծպտյալ իմաստուն ես
Էդ իմ երևակայությունն ա մեղավոր
Որ քեզ տենց եմ ձևավորել

Արի հանգիստ թող ու գնա իմ գրվածքից
Ես էլ խախանդ անցնեմ բան ու գործիս
Հավես չկա հորինելու վերջաբան մի տպավորիչ
Արի, արի, դու քո խոդով հանգիստ գնա, ձեռ չեմ տալի

 

Հեռախոսային խոստովանություն իմ քաղքենի սիրուն

 

Ասա. «աղբահավաքները եկան,
Որ կոմունալ վճարները ուզեն»,
Մի բան խոսիր, կարևոր չէ – միայն լսեմ:
– Ցնդել է՝ ինչ–որ աղբից է խոսում:

Իմ շշնջած երգերում
Թխվածքի էր նման լուսինը
Եվ սրտիս պես փխրուն:
– Հիմա կգա ամուսինս:

Կարոտը՝ ձայնիդ, մատներիդ հանդեպ
Խլիրտներ է գցում խառնաշփոթ,
Ականջներիս մի աղմուկ է նստել:
– Հա, մեր կապը լավ չի:

Հուսահատ լակել եմ այսօր,
Ծխախոտ եմ մուրացել ու թավալվել փողոցում,
Ու էնպես էի վնգստում՝ ինքս ինձնից զզվեցի:
– Պետք չի սրտիդ էդքան մոտ ընդունել:

Բայց ես չեմ մահանում.
Ես մի տեսակ լայն եմ, մի տեսակ խոր,
Ոնց որ, ասենք, Բուդդան:
– Ո՞վ:

 

***

Ինչ որ կապված է քեզ
Սիրում եմ ես – քաղցած.
Ամառային սանդալներդ՝ մատներդ փնջով հավաքած,
Մայրիկիդ շրջազգեստը հագիդ,
Եվ կարող եմ նույնիսկ
Ամուսնուդ էլ սիրել (Տե՛ս առաջին տողը):

Սիրում եմ ես արկղեր հոտը փայտի,
Եվ թրթուրներ, դեղատներ ու արևելք՝
պահված սնդուկներում, որոնց կողքով
Սահանցել ես շտապով դու երբևէ.
Ամենը, որ պահել ես աչքերիդ մեջ.
Հետևաբար, ինձ էլ եմ մի քիչ… հավանում:

Նույնիսկ հրեաներին, և ցեխը, և տոնը,
Ջուր վաճառող տղաներին երևանյան,
Իմ այս զառանցանքը՝ անհոդաբաշխ
Սիրում եմ, եթե… դու ես կարդում,

Բայց արվեստն իմ շահ է հետապնդում.
Հոլովել «քեզ», կերպարը «քո» և այլ դերանուններ,
Ու ասելով՝ «իմը», «ինձնից» ու «ես»՝
Բառե մարմնիդ կցվել՝ անկողնու մեջ լեզվի:

Տողում փակված՝ կլինես «դու» «կողքիս»,
Չակերտներով ջերմ սեղմված, կամ–կապված–գծիկով,
Իսկ այս անմեղ սեքսի շարադասությունից
Կբազմանա ընտանիքը պոեզիայի:

Նախընտրածս դիրքը. երբ որ հանգ ենք կազմում.
Ասենք, երկրորդ տողում թիկնում եմ «ես»,
Դանդաղ հանվում, տառերը նետում ավելորդ,
Վերջակետին մոտ ես պառկում, որ սիրեմ «քեզ»:

 

 

Պասպարտու

 

«Անկասկած – հույզերը միջոց են՝ պարարտացնող լեզուն»
Էս անգամ թող կամուրջ դառնա – կխախտեմ իմ կրեդոն:

Կգամ դրանով քեզ մոտ, ներիր, որ վաղուց չկայի
Նստած էն ափին մտածում էի, կամ – ալարում էի գալ:

Էս տարի և անցյալ – դու չքնաղ ես, բայց դառել ես մի քիչ նյարդային
Թե լքես ինձ, կհիմնեմ ագարակ, հող ու տուն կառնեմ ապառիկ:

«Սերը սրտերի պասպարտուն է…» – չգիտեմ էս ինչ գրեցի:
Բայց սիրո թևավոր խոսքերում թող լինի իմ խոնարհ ներդրումը:

Անհեթեթ աֆորիզմ ու նկար՝ բացակա, հեռամբարձ հայացքով.
Լրիվ բավարար պայման ա – պատմություն մտնելու համար:

Թե զրկես ինձ ձայնիդ թավիշից, կնստեմ – էշ բաներ կգրեմ
Պատմությունը կանչի իր տուն – հետը լկստվեմ ու քնեմ:

Քեզ հաճո՞ է այսպիսի զարգացումը – Օ, ոչ, երիցս, անդին,
Ճարճատուկ, խորխորատ, դալուկ… տես, էլի թեմայից շեղվեցի:

Ուրեմն – մարմինդ պահիր – աչքերիս դիմաց, պտույտով
Ու ինձ «5 ամիս չտեսած»՝ այ էդ հայացքով նայիր:

Մի երկու կցկտուր բառով ասա կարոտիդ մասին:
Մնացածն իմ վրա – կհուզվեմ, կզսպեմ խոնավը հազիվ:

Կկախվեին հետույքիդ վրա – եթե ունենայիր հյուսեր
Իսկ էսպես մատներիս հույսն է – լինել փափկության վկա:

Այտս հպեմ այտիդ – մնանք քանի րոպե
Քնենք ոտի վրա, չգնանք ոչ մի տեղ:

Առանց ամիսներ ձգելու – տեղում ունենանք երեխա –
Որ ասես, թե չեմ սիրում քեզ – ապացույցը դժգոհ բղբղա:

Իջեցրու խոտերին – անվարտիք, անկանոն
Թող տկլոր վազվզի մեր սիրո պասպարտուն:

 

 

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

five × four =