hero

Վիլյամ Սարոյանի Տժվժիկի պատմություն

Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
17/12/2016

Գրականագետ տատիկիս՝ Արփիկ Ավետիսյանի արխիվում  50-ին հասնող թղթապանակներից մի քանիսին տատիկիս ձեռագրով նշված է՝ ՙԱնտիպ՚: Այդ թղթապանակներից են  դուրս են եկել  գրող Դերենիկ Դեմիրճյանի սիրելի կանանցից մեկի՝ Գայանե Ավետիսյանի հուշերը Վարպետի մասին, որոնք տիկին Գայանեն  վստահել էր տատիկիս:  Այնտեղ էր նաև Զարեհ Որբունու անտիպ նամակը՝ Գուրգեն Մահարուն: Եվ , ահա, նույն այդ թղթապանակի մեջ գտա Վիլյամ Սարոյանի անտիպ պատմվածքներից մեկը՝ «Հացկերույթ»-ը՝ թարգմանված արևմտահայերենով:  Որպես թարգմանիչ՝ տատիկս  նշել էր միայն թարգմանչի անվան ու ազգանվան առաջին տառերը՝  Ս.Դ.:

Նախ՝ համոզվելու համար, որ պատմվածքն անտիպ է (ի վերջո, տատիկս մահացել է 1992-ին, դրանից հետո այն կարող էր և լույս տեսնել), նայեցի Սարոյանի բոլոր ժողովածուները՝ թե՛ 92-ից հետո լույս տեսած, թե՛  վաղ:  Այդ պատմվածքը չկար և ոչ մի ժողովածուում: Գրադարաններում նայեցի  Սփյուռքում լույս տեսած Սարոյանի  ժողովածուները ՝ արևմտահայերենով: Դրանց մեջ ևս չկար:
Սփյուռքահայ գրականության մասնագետներից մեկը՝  պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը չբացառեց, որ Ս.Դ.-ն կարող է լինել գրականագետ, քննադատ, երաժշտագետ Սեդա Դեմիրճյանը: Չէր բացառվում, քանի որ Սեդա Դեմիրճյանը (1924-2014) երկար տարիներ բնակվել ու աշխատել է ԱՄՆ-ում, 1974-ին  ամերիկյան կառավարության կողմից արժանացել է հատուկ գնահատանքի, ունի գրականագիտական աշխատություններ:  Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում (ԳԱԹ) փնտրեցի Սեդա Դեմիրճյանի արխիվը, հիշողություններ նրա մասին՝ վստահ, որ կգտնեմ պատասխանը՝ նա թարգմանե՞լ է Սարոյան, թե՞ ոչ: ԳԱԹ-ում նրա արխիվը չկար, քարտադարանում անգամ  նրա անվանը վերաբերող որևէ տեղեկություն չկար: Բայց և  Սեդա Դեմիրճյանի մասին ձեռքիս տակ եղած համեստ տեղեկություններում նրա անվան ու ազգանվան մեջ անպայման նշված է օրիորդական ազգանունը՝ Ծաղիկյան-Դեմիրճյան:  Ենթադրում եմ, որ եթե թարգմանիչը նա լիներ, ապա առնվազն նշված կլիներ Ս. Ծ.-Դ.:
Գուցե թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյա՞նն իմանար՝ ո՞վ է Ս.Դ.-ն, քանի որ ինքը ևս ժամանակին թարգմանել է Սարոյանի գործերից:  Սակայն նրան էլ Ս.Դ. անվանատառերը ոչինչ չասացին: Սարոյանի ժողովածուներում սկսեցի փնտրել  Ս.Դ. առաջնատառերով անուններ, սակայն  այդպիսին չկար ու չկար:
Անգամ Բախտիար Հովակիմյանի «Հայ գրական ծածկանուններ» գրքում փնտրեցի՝ ենթադրելով, թե Ս.Դ-ն  կարող է գրական ծածկանուն լինել, դարձյալ ապարդյուն:
Իմ ձախորդ որոնումները, սակայն, չէին կարող պատճառ դառնալ, որ Սարոյանի այս  պատմվածքը՝ արևմտահայերեն թարգմանությամբ, չներկայացվեր:
Չի բացառվում, որ  հրապարակվելուց հետո  կգտնվի մեկը, որը կօգնի գտնել Սարոյանի «Հացկերույթ» պատմվածքի թարգմանչին:

saroyan-1

*
Վիլյամ Սարոյան

Հացկերույթ

Օր մը մեծ մայրս ըսավ.

-Գնա Սևերես Միսաքին տունը և կնոջը՝ Խոշոր Քիթ Մարիամին ըսե, որ քանի մը ճյուղ ռեհան տա: Վերադարձիդ Լոլիկ Գլուխ Թորգոմին հանդիպե և ըսե, որ տասը սենթնոց սխտոր կուզեմ: Անոր խանութին ճիշտ քովը զարմուհիիս՝ Վայրենի Մանուշակին տունը կա: Մանուշակի ամուսինն էլ Ձգռտան Հովհանն է: Անոնց ըսե՝ այս գիշեր մեզի թող գան. տժվժիկ ուտելու:

– Այդ մարդիկը չեմ ճանչնար,-ըսի:

– Շատ ալ աղվոր կճանչնաս:

– Ո՞վ են:

– Ազգական և բարեկամներ,-ըսավ ծեր կինը, հետո մորս դարձավ.

– Կհաճի՞ս տղուդ բացատրել, թե որոնց մասին կխոսիմ:

Իրարու մեջ այդ մարդոց բուն անունները ճշտելե հետո, մայրս ըսավ.

-Անշուշտ անոնց իրական անունները տալով պիտի խոսիս:

-Տժվժիկը ի՞նչ է:

– Սոխով, ռեհանով և սխտորով եփված ոչխարի մանրված թոք: Հազար անգամ կերած ես:

-Այս մարդիկը այդ  անունները ուրկե՞ գտեր են:

– Օհ, այդ տեսակ անունները իրենց շուրջինները կդնեն:

-Ինչպե՛ս:

-Մեկը մեկուն անուն մը կդնե, և ալ այդ անունը կմնա:

– Ինծի ալ այդ տեսակ անուն դնող եղա՞ծ է:

– Մեծ մայրդ դրած է:

– Ի՞նչ է:

– Բողոքող-տռտռացող թրիկ:

Երթալիք տեղս հեռու չէր:

Երեկոյան ճաշի հրավերը հաղորդելե հետո, երբ ռեհանը և սխտորը առած տուն վերադարձա, խոհանոցի սեղանին վրա , սանի մը մեջ երկու երկվեցյակ մաքրված սոխ, իսկ հախճապակյա մեծ պնակի մը մեջ ալ երեք քիլոյի չափ գառնուկի թոք կար, որ դեռ չէր մանրված: Փայտով տաքցված վառարանին վրա , հսկա սանի մը մեջ, յուղը կճզրտար:

Բերածներս սեղանին վրա դրած՝ կպատրաստվեի դուրս ելլել, երբ մեծ մայրս ըսավ.

– Դիտե ասիկա, թերևս օր մը սիրտդ տժվժիկ քաշե: Գոնե պատրաստության ձևը գիտնաս:

Մեծ մայրս ու մայրս գործի սկսան:  Ծեր կինը սկսավ ընկույզի մեծությամբ կտորներու բաժանել թոքերը, իսկ մայրս սկսավ շերտերու վերածել սոխերը, զորս տաք յուղին մեջ լեցուց: Եփող սոխերը ճզրտալով՝ անուշ հոտ մը արձակեցին: Երբ բոլոր սոխերը  յուղին մեջ կակուղցան, ծեր կինը մանրված թոքերը ավելցուց սանին մեջի սոխերուն վրա: Հետո աղ ու պղպեղ ցանեց, փայտե խոշոր գդալ մը առավ ու  սոխերն ու թոքերը իրար խառնեց: Հիմա նոր հոտ մը կելլեր սանեն: Մեկ կողմը մայրս պնակի մը մեջ սխտորի պճեղները կմաքրեր՝ մինչև մեծ մայրս ռեհանի լավ ճյուղերը կզատեր:

– Համով ուտելիք է,- ըսավ մեծ մայրս:-Սոխն ու թոքը եթե զորավոր համ ունեցող կանաչեղենով եփվի, ամենեն լավն է:  Անշուշտ սխտորն ալ կա:

– Ինծի ի՞նչ այս տեսակ ուտելիքներեն:

-Դուն անանկ կարծե,- ըսավ մեծ մայրս:- Կերած ատեմդ շատ դիտած եմ քեզ: Էհ, ամեն ատեն այս համով ուտելիքները եփող պիտի չգտնես քովդ, հետևաբար ավելի լավ կըլլա , որ ինքդ սորվիս: Հայտնի չըլլար, թերևս օր մը ձանձրանաս ամերիկյան կերակուրներեն, որոնք  հիմա կխորհիս, թե մեր ուտելիքներեն ավելի համով են: Երբ այդ օրը գա, սիրտդ տժվժիկ պիտի ուզե. այն ատեն գիտցած պիտի ըլլաս, թե ինչպես կպատրաստվի. այսքան:

-Ինչու՞ սիրտս տժվժիկ ուզե:

-Հավատք ունեցողի կերակուր է ան:

-Ի՞նչ հավատք:

-Մեր հավատքը: Հուսահատած շատ մը մարդիկ փրկություն գտած են երկու լեցուն պնակ տժվժիկ ուտելով, և ուշ կամ կանուխ աշխարհ կհուսահատեցնե մարդս- նույնիսկ եթե կարճ միջոցի մը համար ըլլա: Տժվժիկը բազմաթիվ կերակուրներեն միակն է, որ ինքզինքս կբերե տկարացած մարդը:

-Ահ, եղածը թոքով սոխ է,-ըսի: -Քաղաքի բոլոր ճաշարաններուն մեջ  թոք ու սոխ կգտնվի:

-Ու մերինի պես,-ըսավ մայրս:

Սանին մեջ ավելցուց սխտորի ջարդված պճեղները և փայտե դգալով խառնեց կերակուրը:

-Սխտորը ինչու՞ կդնես:

-Հոգիին համար, սրտին համար,-ըսավ:- Եթե կոտրած է, կդարմանե: Եթե ամբողջ է, ուժ կուտա անոր: Սորվե, միշտ քիչ մը բան սորվե, ուր որ ալ ըլլաս:

-Հապա՞ ռեհանը:

-Սեղան բերվելե առաջ կդնես սանին մեջ,-ըսավ:- Ահա այսպես կպատրաստվի տժվժիկը, որ օր մը  կրնա կյանքդ փրկել: Հիմա դուրս ելիր այստեղեն:

Կուզեի հեռանալ, բայց հոտը  այնքան անուշ էր, որ սանին մոտեցա ու մեջը նայեցի: Բնավ ալ հոտին չափ համով երևույթ մը չուներ տժվժիկը:

-Հիմա շատ կամաց, մեկ ժամու չափ պիտի եփի, -ըսավ մեծ մայրս:-Հետո պիտի հանգչի, որպեսզի համը տեղավորվի: Հյուրերը գալե վերջ, երբ ամեն մարդ պատրաստ ըլլա, կերակուրը դարձյալ պիտի տաքացվի և ռեհանի տերևները պիտի ավելցվի , պիտի ուտվի: Թերևս կուզես հիմա հա՞մը նայիլ:

Փայտե դգալը խոթեց սանին մեջ և բերնե բերան լեցուն՝ դուրս հանեց: Կերակուրը դրավ պզտիկ պնակի մը մեջ, պնակն ալ սեղանին վրա դրավ: Պատառաքաղը փնտռեցի:

-Մատներովդ կեր,- ըսավ:

Այնքան համեղ էր, որ քիչ մը ևս ուզեցի, բայց ան ըսավ.

-Հիմա դուրս, մինչև ճաշի ժամը:

Դուրս ելա, դիմացեն ընկերս՝ Աշ,  և կրտսեր եղբայրը՝ Վիկոն, կուգային:

-Խոհանոցեն եկածը ինչի՞ հոտ է:

-Տժվժիկ,-ըսի:

-Դու՞ք ալ տժվժիկ կուտեք,-ըսավ Աշ:

-Անշուշտ:

-Կկարծեի, թե միայն իմ մայրս  գիտե տժվժիկ եփել:

-Մայրդ ինչպե՞ս կեփե:

-Ահագին սոխ, ահագին մանրված թոք, աղ և պղպեղ:

-Հապա՞ սխտոր  և թարմ ռեհան:

-Մենք տժվժիկը առանց սխտորի և առանց ռեհանի կսիրենք:

-Ինչպե՞ս կըլլա:

-Չեմ գիտեր, թերևս ալ սխտոր և ռեհան չունեինք: Ձեր ե՞րբ պիտի ուտեք:

-Այս իրիկուն: Մայրիկդ ու հայրիկդ ալ ըսե, դուք ալ եկեք մեզի:

-Բավականաչափ կա՞:

-Ամբողջ մեծ սան մը լեցուն:

-Ուրիշ ո՞վ պիտի գա:

-Վայրենի Մանուշակն ու Ձգռտան Հովհանը:

-Անոնք շատակեր են:

-Օհ, կճանչնա՞ս զանոնք:

-Անշուշտ կճանչնամ: Շատ անգամ մեր տունը ճաշած են:

-Ուրեմն եկեք դուք ալ,-ըսի,-բոլորին բավելու չափ կա:

Այդ իրիկուն մինչև որ Աշ և իր ընտանիք եկան, տժվժիկը գրեթե լմնցած էր, բայց բոլորի համար համտեսելու չափ մնացած էր: Մեծ մայրս ըսավ.

-Համբերեցեք քիչ մը, հիմա ուրիշ բան կպատրաստեմ: Այս տունեն մարդ անոթի դուրս պիտի չելլե:

Տասնհինգ վայրկյան չանցած՝ մեծ մայրս կանաչ բանջարեղենով լեցուն մեծ պնակ մը, շոմին չէր, բայց շոմինի պես բան մըն էր: Կանաչեղեններուն վրա երկվեցյակ մը հավկիթ կոտրած էր, իսկ հավկիթներուն ու բանջարեղենին վրա կարմրած սխտորներ դրած էր: Բոլորին պնակները լեցվեցան այս կերակուրով: Մեծ աման մը մածուն զետեղված էր սեղանին մեջտեղը, այնպես որ ամեն ոք կրնար խոշոր դգալ  մը մածուն դնել բանջարեղենին վրա:

-Ի՞նչ է ասիկա,- ըսի:

-Թարմ ճակնդեղի տերև,-ըսավ մեծ մայրս:- Ուղեղի համար շատ օգտակար է:

Ամեն ոք ճաշակեց մեծ ախորժակով: Վայրենի Մանուշակ ձգռտաց, և մեծ մայրս ըսավ.

-Աստված ախորժակդ ավելցնե:

Քանի մը վայրկյան վերջ Ձգռտան Հովհան մեծ աղմուկով ձգռտաց, և մեծ մայրս ըսավ.
-Միշտ այդպես կշտանաս:

«Աստված իմ, ինչ մարդիկ են,-խորհեցա,- ամերիկացիները որքան բարեկիրթ կըլլան»:

Կերևի մեծ մայրս անդրադարձած էր դժգոհ արտահայտությանս, որովհետև երբ բոլորը իրենց տուները մեկնած էին, ըսավ.

-Դուն թերևս չես գիտեր, թե մենք անքաղաքավարություն կնկատենք, երբ մեր սեղանին վրա ճաշողները կարտահայտեն իրենց գնահատանքը: Քաղաքավարության օրենքները երկրե երկիր կփոխվին: Հապճեպ վճիռներ մի տար մեր քաղաքավարական սովորություններուն վրա: Մի մոռնար, որ ամեն մարդ իր հասկցած ձևով գոհունակություն կզգա աշխարհի վրա՝ իբր մարդկային ցեղի մի ներկայացուցիչ:

-Ատիկա ծիծաղելի բան է,-ըսի՝ պատրաստվելով պատճառաբանություններ տալ, երբ հիշեցի մեծ մորս՝ ինծի տված անունը, որոշեցի գոց պահել բողոքող ու տռտռացող բերանս:

 

Թարգմ. Ս. Դ.

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

1 × five =