ԲԱՅՑ ՍՈՒՏ ՉԱՍԵՍ

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյան
14/02/2017

 

 

 

ԻՆՁ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԲԱՅՑ ԵՍ ՉԵՄ ՄԵՌԵԼ

 

կինո նկարեցի
կինոյում ինձ սպանում էին
ամենավերջում

չգիտեմ ինչի նկարեցի
էդ կինոն

բոլորը նայում էին
բոլորին թվում էր
էդ իրանք են մեռնում
ամենավերջում

ու հիմա ես արդեն
էլ ոչ մի բանից
չեմ վախենում

ինձ սպանել են
բայց ես չեմ մեռել

երևի հենց դրա համար
ես նկարեցի
էդ կինոն

 

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԽՈՍՈՒՄ Ա

բառերը դնում ես իրար կողքի
և գոյանում ա մեկ ուրիշ ժամանակ
էդ ժամանակի մեջ
Սողոմոնյան Եղիշը կա
իսկ ասենք Պողոսյան Արշոն չկա
եթե միայն Պողոսյան Արշոյի մասին
չի գրել Սողոմոնյան Եղիշը

բայց ո՞նց ա տենց լինում
չգիտեմ
մենակ գիտեմ որ էդ ուրիշ ժամանակից
չունեն կատուները շները առյուծները
իսկ մարդը ունի
որովհետև խոսում ա

բայց ո՞նց ա եղել որ կապիկը չէր խոսում
իսկ մարդը խոսում ա
չգիտեմ

բայց մենակ խոսելն էլ հերիք չի
պետք ա բառերը նենց դնես իրար կողքի
որ դուռը բացվի և ժպիտը դեմքին
կամ թեկուզ առանց ժպիտի
ներս գա Սողոմոնյան Եղիշը

ու թե ոնց ա տենց լինում չգիտեմ
բայց լինում ա

 

ԲԱՅՑ ՍՈՒՏ ՉԱՍԵՍ

երբ դժվար ա
անդիմանալի դժվար
ես հիշում եմ նրանց
ովքեր չկան արդեն
ու չեն կարող խոսել
ու չեն կարող պատմել
ինչ դժվար էր

իրանց աչքերը նայում են աչքերիս
ուղիղ նայում են աչքերիս
ասում են խոսի Մարինե
պատմի Մարինե

բայց սուտ չասես

 

ՆՈՐՆ Ա ՊԵՏՔ ԳՏՆԵԼ

արդեն գիտեմ լիքը բաներ
որ առաջ չգիտեի
դրա համար էլ
փոխվել ա աշխարհը,
պուճուրացել ա մի տեսակ
ու լիքը բաներ
որ առաջ իմաստ ունեին
դարձել են անիմաստ
քայլում եմ փողոցներով
անցնում եմ քաղաքներով
մտնում դուրս եմ գալիս երկրներ տարբեր
ու տեսնում եմ որ
ավարտվել ա ինչ-որ բան
շատ կարևոր մի բան
անվերադարձ ավարտվել ա
ու նորն ա պետք փնտրել
ու նորն ա պետք գտնել
ապրելու համար

 

ԲՐՈԻՔԼԻՆԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Աբովյանին տեսա
Բրուքլինի սրճարաններից մեկում
մենակ նստած էր
ու տխուր էր ոնց որ
ասեցի Խաչատուր
ինչի՞ չես գալիս Երևան
գիտե՞ս ինչքան ա փոխվել
ասեց I am not Khachatur Abovyan
dear Marine
բայց սուտ էր խոսում
հենց ինքն էր որ կար
=ու հեչ չէր փոխվել

 

ՀԱՐՑԸ

մի տարի էլ անցավ
լիքը մանուկներ եկան էս աշխարհ
քայլել կսովորեն
խոսել կսովորեն
կարդալ կսովորեն
ու կգան դեմ կառնեն պատին
պատին որ կանգնած ա ուղիղ քո դիմաց
ու կտան հարցը որ պատասխան չունի մինչև էսօր
հարցը որին տրված բոլոր պատասխանները սխալ դուրս եկան
նոր տարի ա գալիս
նոր տարի ա գալիս
լիքը նոր մանուկներ կգան էս աշխարհ

 

ՀԵՏ ԱՐԻ

մարդու անզորությունը
ամենասարսափելի բանն ա
երբ որ պատ էլ չկա որ քանդես
այլ կա
դատարկ տարածություն
առանց խոսքի
առանց խոսքի հնարավորության
առանց ձայնի անգամ
էդ տարածության մեջ
մոտեցող գայլի ոռնոցը նույնիսկ
փրկություն կթվար
բայց դու մի՛ գնա
մի՛ գնա էդ կողմ
հետ արի Մարինե
հետ արի դեպի փողոցները
դեպի գայլերը
դեպի գոռգոռոցը
մարդկանց

 

ԱՍՈՒՄ Ա ԹՌՉՈՒՆԸ ԾԱՌԻՆ ՆՍՏԱԾ

ու հիմա
երբ որ էնքան բան ա մնացել hետևում
որ մեկ մեկ ծանրանում ա սիրտդ կարոտից
մի՛ շրջվի Մարինե մի՛ շրջվի Մարինե
ասում ա թռչունը ծառին նստած
եթե շրջվես բոլորը կկորեն նորից ու վերջնական
դու քայլի՛ր
քայլիր դեպի տեղը որ առջևում ա
կա՛ էդ տեղը
իրանք բոլորը դեպի էդ տեղն էին գալիս
իրանք չկան հիմա
իսկ դու կաս
ու եթե հասնե՛ս
ուրեմն չի՛ կորել ոչ ոք
չէ չի՛ կորել ոչ ոք անվերադարձ
քայլիր
չկանգնես հանկարծ
ասում ա թռչունը ծառին նստած

 

ԱՆՁՐԵՎ ՈՆՑ ՈՐ ԳԱ

ես որ գրում եմ
էս տողերը
չեմ լինի
արդեն
դու որ կարդում ես
էս տողերը
կլինես ու
կկարդաս

անձրև կգա
վարար
գարուն կլինի
սիրտդ կպայթի
դու լաց կլինես
ուրախությունից

գրեցի ու
սիրտս սկսեց խփել
գարուն ոնց որ լինի
անձրև ոնց որ գա
վարար

սիրտս պայթում ա
հիմա լաց կլինեմ
ուրախությունից
ուրախությունից

 

ԱՆՈՒՆԸ ԴՈ՛Ւ ԴՆԵՍ

կորավ ինչ որ կորավ
դու նորը գտի
նորը որ շոշափվի
որ շոշափելի լինի
ու նոր լինի
լրիվ նոր ծնված
գոյության հաճույքի թացությունը վրան
ոնց որ մանուկներն են թաց լինում
հենց նոր ծնված մանուկները
ու որ անուն չունենա դեռ
անունը դու դնես
անունը նրա որ չկար երեկ
ու հիմա կա արդեն
կա
գտել ես

 

ԱՄԵՆ ԻՆՉ ՄԻ ԱՆԳԱՄ Ա

ամեն ինչ թաց ա
տխուր ա
իսկական ա
ու մի անգամ ա
ընդամենը մի անգամ
ու չես կարա պատմես
չէ չես կարա պատմես
չնայած հենց դրա համար
դու բանաստեղծ դարձար

 

ԷՍ ԾՈՒՌ ԱՇԽԱՐՀԸ

ուզում եմ պուճուր լինեմ
շատ պուճուր
ուզում եմ պուճուր ժամանակվաս պես
տխուր լինեմ ու համառ
ուզում եմ հավատամ որ
էս ծուռ աշխարհը
ես եմ դզելու

 

ՓՌՎԵԼ Ա ԱՌԱՋԴ

եթե ծարավ ես
ջուր կա փողոցներում
ձրի ջուր կա փողոցներում
գնա խմի

եթե ուտել ես ուզում
փող ա պետք
բայց շատ չէ
ընդամենը մի քիչ փող ա պետք
որ սոված չմնաս

իսկ եթե
ոչ ծարավ ես
ոչ սոված
բայց հուսահատությունը
մորթված կովի
հսկա
արյունոտ
մարմնի նման
փռվել ա առաջդ

դու ի՞նչ ես անելու
ասա
դու հիմա ի՞նչ ես անելու

 

ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՏՄԵԼ

ու ես
դրեցի սեղանիս
մի քիչ հաց
մի բաժակ գինի
նստեցի լուռ
ու հիշեցի
ինչ որ պատահել էր
ամբողջը հիշեցի
ծայրից ծայր
չնայած ահավոր տհաճ էր
հիշելը

հետո կերա հացը
խմեցի գինին
ու հասկացա որ նույնը
երևի
պատահել ա ինձանից առաջ
ուրիշներին

դրա համար էլ ոչ ոք
չի ուզում պատմել
իսկականը

 

ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

ուզում եմ խոսել քո հետ
բայց դու չկաս արդեն
մամա

ուզում եմ հարցնել քեզ
ինչո՞ւ էինք մենք կանգնել
անձրևի տակ

ինչո՞ւ ներս չէինք գնում,
ախր ինչո՞ւ ներս չէինք գնում
մամա

ես ամուր բռնել էի
քո ձեռքը
բայց քո ձեռքը թաց էր

և դու չէիր խոսում,
դու երբեք չէիր խոսում
մամա

հիմա կտրվել ա անձրևը
իսկ դու չկաս

ու չես լինի
արդեն երբեք

 

ԹՈՒԹԸ ՀԱՍԵԼ ԷՐ

ես պուճուր աղջիկ էի
մազերս երկար էին
արև էր
ամառ էր
Արաբկիրի մեր փողոցում
թութը հասել էր

բարձրացա ծառը
որ թութ ուտեմ
ու հանկարծ ծառի վրայից
փողոցի ծայրին
տեսա մամայիս
աշխատանքից
տուն էր գալիս

մա-մա—գոռացի—
տես
թութը հասել ա

բայց մամաս
չուրախացավ

մամաս լուռ ու երկար
եկավ եկավ
ու հանկարծ ներքևից
ցածր ձայնով
ասեց—
Մարինե
իջացրու ինձ էս ծառից

 

ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ

նկարեցի մարդուն
որին գուցե էլ չեմ տեսնի երբեք
ու հիմա ինքը ժպտում ա նկարից
տխուր ժպիտ ա
ոչ անունը հարցրի
ոչ էլ թե ինչու էր տխուր
փոքրիկ գյուղ էր
գյուղական ճանապարհ
մոտենում էր
նկարեցի
ժպտաց տխուր
բան չասեց
շարունակեց ճանապարհը
հետո մութն ընկավ
քամի բարձրացավ
ցուրտ
սարերը դանդաղ
աղոտանում էին մութի մեջ
դուրս եկա մայրուղի
զգացի որ տխուր եմ
ու մտածեցի՝
եթե մեկը հարցնի
ինչու ես տխուր
ի՞նչ եմ ասելու

 

ՁԵՌՔԻՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԴԱՆԱԿ

արդեն չկա գարուն աշուն
արդեն չկա ամառ ձմեռ
արդեն չկա հեռու մոտիկ
արդեն չկա հայերեն անգլերեն
կա միայն կարմիր աչքերով ժամանակը
ձեռքին հսկայական դանակ
կանգնել ա դռների մեջ
ասում ա Մարինե Մարինե
ջղայնացնում ես արդեն
արա տեսնենք ինչ ես անում
թե չէ մեռա սպասելով
արդեն հոգնել են ձեռքերս
հասկանո՞ւմ ես՝ հոգնել են

ու ես գիտեմ՝ ժամանակը
միակ բանն ա որ
երբեք չի ստում

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐՎԱԾ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

կարոտել եմ քաղաքը
փողոցները մարդկանց
շենքերը մայթերը
ջարդված ապակիները
երկինքը որ թեք էր միշտ
ու ագռավների ձայնը
որ ջղայնությունից
խռպոտած էր մի տեսակ
տեսնես ինչի՞ էին
իմաստուն թռչունները
էդքան ջղայնացած
կարո՞ղ ա բան ունեին
ինձ փոխանցելու
իսկ ես հիմարի պես
չէի հասկանում
ագռավներն ախր
հարյուրավոր տարիներ են ապրում
ում ասես տեսած կլինեն
Եղիշին որ հաստատ տեսած կլինեն
կարո՞ղ ա Եղիշն էր բան փոխանցել
վերջին պահին

ագռավներ չգնաք գալիս եմ
գալիս եմ նամակը վերցնեմ

 

ՍԻՐՈՒՆ ԲԱՆ ՉԻ ԿՌԻՎԸ

փողոցում ինչքան սիրուն տղա եմ տեսնում
պատկերացնում եմ մեռած
կռիվ ա
սիրուն բան չի կռիվը
բայց մահը միշտ ա այլանդակ
ինչ ճանապարհով էլ գա
ուղղակի պատերազմի ժամանակ
խիտ ա մահը
էնքան խիտ ա
որ անհնար ա իրա մասին մոռանալ
ոնց որ խաղաղ ժամանակ էիր մոռանում
ձև անելով թե եթե մոռանաս
ուրեմն չկա

 

ՈՒԶՈՒՄ Ա ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

մարդը մարդուն գայլ ա
ասում ա ասացվածքը
զարմանալի նախադասություն ա չէ՞
մեջը սխալ կա ոնց որ
որովհետև եթե մարդը մարդուն գայլ ա ու մարդ չի
ուրեմն մարդը գայլը չի
ուրեմն մարդը էն ա որ գայլ չի
բա ուրեմն ո՞նց ա որ
մարդը գայլը չի բայց մարդը մարդուն գայլ ա մարդ չի
բառախաղ չեմ անում լուրջ բան եմ հարցնում
ուրեմն մարդը ուզում ա բայց չի կարողանում
գիտի որն ա մարդը բայց չի կարողանում միշտ մարդ լինել
երևի հենց էդ ա մարդը որ չի կարողանում բայց ուզում ա
ուզում ա բաներ որ չի կարողանում
իսկ գայլը միշտ գայլ ա
գայլը գայլին միշտ գայլ ա
ու մարդուն էլ ա գայլը միշտ գայլ

 

ՄՈՌԱՑԵԼ Ա ԿԱՐԵՎՈՐԸ

ամենասկզբում
վախն էր
և մարդը ուզում էր
վախը սպանել
դրա համար հնարեց
կրակը
ջահերը
մոմերը
և անթիվ առարկաներ
հիմա լույս ա ամեն տեղ
երբ որ ուզես լույս ա
բայց վախը չի չքացել
չէ չի չքացել վախը
իսկ մարդը խճճված
անթիվ առարկաների մեջ
մոռացել ա կարևորը
մոռացել ա որ ուզում էր
վախը սպանել

 

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԸՆԿԵՐՈՋՍ

քո երկիրը
մեծ ա ու հարուստ
քո երկիրը
աշխարհի ամենահզոր երկիրն ա

իմ երկիրը
փոքր ա ու հարուստ չի
իմ երկիրը
դեռ դժվար ա քայլում

բայց երբ Նյու Յորքի Գրինվիչ վիլիջի
Դանթե սրճարանում նստած
կողքի նստարանից լսում ենք լուրը
Բրյուսելի պայթյունների մասին

երկուսիս համար էլ համ հեռու ա համ մոտ
երկուսս էլ կիսատ ենք թողնում մեր ժպիտը
ու նայում ենք սուրճի դատարկ բաժակներին

ի՞նչ ա պատահել—գոռում ա Դանթեն
բայց մեզանից ոչ մեկն իտալերեն չգիտի

 

ԻՆՉ ՈՐ ԲԱՆ Ա ԱՍՈՒՄ ԷՍ ՁՅՈՒՆԸ

ձյուն ա գալիս
ցուրտ ա
մոռացել եմ ուր պետք ա գնայի
չէ չեմ մոռացել ոչ մի տեղ էլ չպետք ա գնայի
ես տուն չունեմ ստեղ
ու ծանոթ էլ չունեմ
բայց ինձ դուր ա գալիս ստեղ
լիքը մարդ կա փողոցներում
ցերեկ լինի թե գիշեր լիքը մարդ կա փողոցներում
ու ոնց որ իրանք էլ են մոռացել ուր պետք ա գնային
իրանք էլ տուն չունեն ստեղ
ու ծանոթ էլ չունեն
ու իրանց էլ ա դուր գալիս ստեղ
չնայած ցուրտ ա
չնայած ձյուն ա գալիս
առավոտից իրիկուն ձյուն ա գալիս
չի կտրվում երբեք
ինչ որ բան ա ասում էս ձյունը
դրա համար ա էսքան մարդ փողոցում
դեռ չեն հասկացել ինչ ա ասում
բայց հասկացել են որ ասում ա
ինչ որ բան ա ասում էս ձյունը
համառ

 

ՄԵԿԸ ՉԿԱ ՀԵՏԸ ԽՈՍԵՍ

ինչո՞ւ են բոլորը վազում
մեկը չկա հետը խոսես
էսքան ջրանցքներ ենք փորել
Էսքան քաղաքներ ենք սարքել
էսքան ծառեր ենք տնկել
բայց էլի սոված են բոլորը
վազում են որ փող աշխատեն
գնալով ավելի ավելի
ավելի արագ են վազում
ինչքան հարուստ ա երկիրը
էնքան ավելի ավելի
ավելի արագ են վազում
մեկը չկա հետը խոսես

 

ԵՍ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ

ես չեմ աշխատում
էս ինչ որ անում եմ աշխատանք չի
էս ինչ որ անում եմ սրա համար փող չեն տալիս

ես չեմ աշխատում
էս ինչ որ սարքում եմ ապրանք չի
տալիս եմ
փող պետք չի
եթե կարող ես վերցրու

բայց դու կկարողանա՞ս վերցնել

վստահ չեմ
վախենում եմ չկարողանաս
որովհետև դու աշխատում ես ամբողջ օրը
և շատ հոգնած ես

դու աշխատում ես որ փող ունենաս
և ապրանք առնես
իսկ էս որ սարքել եմ ապրանք չի
փող պետք չի դրա համար
տալիս եմ
դրել եմ ստեղ
եթե կարող ես վերցրու

փորձի՛ր

 

ԵՍ ՉԵՄ ՈԻԶՈԻՄ ՓՈՂԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԵՄ

ապրելու համար պետք ա փող ունենաս
իսկ փող ունենալու համար պետք ա աշխատես
կամ էլ գողանաս
կամ էլ էդ փողը մեկը պետք ա նվիրի քեզ
էս վերջինը ամենալավ տարբերակն ա
որովհետև ես չեմ ուզում գողանամ
ու չեմ ուզում փողի համա՛ր աշխատեմ
չէ չեմ ուզում
իսկ էն երբ որ փողի համա՛ր չես աշխատում
բայց ունենում ես ինչքան պետք ա ինչքան ուզում ես
էդ կոմունիզմն ա
իսկ կոմունիզմը անհնար ա ոնց որ
ամեն դեպքում կոմունիզմ կառուցելու առաջին փորձը հիմնովին ձախողվեց
իսկ մյուս փորձը դու չես տեսնի, Մարինե
կյանքը կարճ ա

 

 

 

 

 

 

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

3 × 5 =