hero

Գեմաֆին Գասպարյանի առաջին գրքի շնորհանդեսի առթիվ Ինքնագիրը հրապարակում է նրա վերջին բանաստեղծությունները

Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:

գիրք՝ «չկա՝ չկա»

հեղինակ՝ գեմաֆին գասպարյան

խմբագիր՝ վահրամ դանիելյան

ձևավորում՝ մկրտիչ մաթևոսյան

հրատարակիչ՝ «ակտուալ արվեստ»

հանդիպում՝ 25 մարտ, 17.00-19.00

տեղ՝ «պեչենու բաղեր» ակումբ

 

կորած Աբովյան

ես ունեմ շատ լուսանկարներ,

տարբեր տարիքի,

տարբեր դիրքերով,

տարբեր հույզերով.

տխուր, ջրիկ, կենտրոնացած,

քնքուշ, ջղային, լուրջ,

հոգնած, առույգ, մելամաղձոտ,

հարսանիքի, ծնունդի, կնունքի, թաղման

և անկապ,

հեռուն և մոտիկը հայող,

զուսպ և անբռնազբոս,

տարբեր եղանակներին,

տարվա տարբեր օրերին

և օրվա տարբեր ժամերին,

տարբեր մարդկանց հետ,

տարբեր միջավայրերում,

սարքովի և պատահական լուսանկարներ,

որոնք հեշտ է գտնել

և տարբեր մարդկանց ալբոմներում,

և հատկապես ինտերնետում՝

անուն կամ ազգանուն գրելով

կամ էլ պատահաբար,

ես ունեմ լիքը լուսանկարներ

ու ինձ տեսնելը հեշտ է,

մտքում վերակառուցելը անիմաստ,

էլ իրադարձություն չեմ,

առօրեական, անդեմ, աներևակայելի պատկերը նրա։

 

մեզ էլ են կերակրում

կյանքն անարդար է,

պետք է վարժվել իրականությանը,

ասում է Բիլ Գեյթսը իր աշակերտներին ու

լրատվականները տարածում են

Բիլին, Գեյթսին

ու իր խորհուրդը,

Բիլը կարող է ասել՝

ԱՄՆ քաղաքացի է,

Գեյթսը առավել ևս,

իրեն պետք է,

որ վարժվեն իրականությանը,

ընդունեն որպես ինքնին ենթադրելի

և սովորական,

թե չէ կխախտվի

ինչ որ տեղ ինչ որ բան

ու ինչ որ է՝ գուցե շտկվի:

կյանքն անարդար է

և չպետք է վարժվել իրականությանը,

ասում եմ ես,

քանի որ ոչ Բիլ եմ,

ոչ էլ առավել ևս Գեյթս:

 

Offtop

և օրը այս, որ սկսեց կեսօրին,

պետք էր լցնել,

և ես լցրեցի այն ալարկոտությամբ,

ու թերթեցի ողջ օրը,

ու մտա ուրիշների կայքերը,

նայեցի, նայեցի, նայեցի,

ու չցանկացա ուրիշինը,

մտա կայքը այն,

որ իմ ձեռքերով եմ ստեղծել,

ու ալարեցի,

երկար, երկար ալարեցի,

և օրը այս, որ ավարտում եմ հիմա,

պետք է լցնել,

ու գրում եմ այս տեքստը,

որպես իմաստավորում:

Print