– Սէրը ոչ երբեք անկանէ[1]։

Պողոս Առաքյալ

 

Բառեր կան, որ օգտագործվել ու մաշվել են անհամապատասխան տեղերում, ու դրանցով մարդու մասին խոսելը գրեթե ոչինչ չի նշանակելու։ Կարելի է գուցե գտնել այլ բառ՝ մտավորականի փոխարեն  կամ նվիրյալի՝ խոսելու 97-ամյա Պարգեւ Շահբազյանի մասին, բայց այլ բառ գտնելու ճիգը նունպես տեղին չեմ գտնում հիմա։ Խոսել գեղեցկության, ճշգրտության միջից, այլ դարի ազատության։

Պարգեւ Շահբազյանը ծնվել է Պոլսում 1920-ին։ Մայրը՝ Կարինից տեղահանված տասնհինգամյա  Հրանուշ Լաճիկյանն իր քառասուն հոգանոց ընտանիքից միակ վերապրողն էր։ Շահբազյանների ընտանիքն հետո տեղափոխվում է Սիրիա, ապա՝ Լիբանան։ Պարգեւ Շահբազյանն ավարտում է Հալեպի ֆրանսիական քոլեջը, նաեւ հաճախում է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արեւելյան լեզուների հայագիտության բաժնի դասընթացներին: 1946-ին ընտանիքը հայրենադարձվում է Հայաստան եւ բնակվում Երեւանում:

 Պարգեւ Շահբազյանը Ֆրանսերեն է դասավանդել Երեւանի Գորկու անվան միջնակարգ դպրոցում ու հեղինակել ֆրանսերենի դասագրքերի շարք։ Նաեւ սփյուռքահայ դպրոցների համար կազմված «Հայոց լեզու» դասագրքերի ամբողջ շարքի խմբագիրն է եղել։

 Վազգեն Առաջին կաթողիկոսը 1956-ին նրան հրավիրում է Մայր աթոռ, որպես Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հայոց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական գրականության դասախոս: Մայր աթոռում երկար տարիներ վարել է նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի ատենադպրի պաշտոնը եւ Հայոց Հայրապետին ուղեկցել արտասահման կատարած նրա բազմաթիվ ուղեւորությունների ժամանակ: Մասնակցել է Աստվածաշնչի արեւելահայերեն թարգմանության աշխատանքներին։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել բազմաթիվ ստեղծագործություններ։

 Պարգեւ Շահբազյանի կինը՝ Իննա Երիցյանը եղել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ֆրանսերենի դասախոս. նրա գործակիցն է ու խորհրդատուն, մոռացածը հիշեցնողը, հուշողը, օգնողը, այսօր էլ։

 Շատ բան պիտի պատմեի, եթե փորձեի նույնությամբ, ինչպես պարոն Շահբազյանը պատմեց, վերապատմել իր կյանքի պատմությունը՝ որպես Վազգեն Վեհափառի քառասնամյա գործակցի, ուսուցչի, թարգմանչի ու վաստակը շատ նվիրյալի։ Բայց վերապատմելն էջեր կլցներ։ Ցանկացողը կարող է Գուգլում գրել Պարգեւ Շահբազյանի անունը։ Կան որոշ բաներ՝ «Ազգ» օրաթերթի անդրադարձը[2] նրա ծննդյան իննսունհինգամյակին նվիրված միջոցառմանը Ֆրանսիական դեսպանատանը, որտեղ պարգեւատրվել է Ֆրանսիայի «Ակադեմիական արմավենիներ» շքանշանով՝ ֆրանսերենից իր թարգմանությունների, ֆրանսերենը դասավանդելու ու տարածելու համար, կա Արթուր Բախտամյանի «Չակերտներ» հաղորդաշարը[3], որտեղ հյուր է պարոն Շահբազյանը, կա «40 տարի Վազգեն Վեհափառի հետ» վերնագրով web.tv-ի երեքմասանոց հաղորդումը[4], որտեղ պատմում է Վազգեն Առաջինի, Պարույր Սեւակի ու Աստվածաշնչի թարգմանության մասին եւ այլն, եւ մի հղում՝ Վահե Քաչայի «Դեւը արթնացավ» գործի թարգմանությունից։ Շատ բան չէ եղածը։ Երկարամյա բեղմնավոր կյանքի ոչ երկար ու անպաճույճ քարտեզագրում, այդքանը։ Վահան Թեքեյանի խոսքով «Ի՞նչ մնաց, կեանքեն ինծի ի՞նչ մնաց։ Ինչ որ տվի ուրիշին, տարօրինակ, այն միայն»:

 Ձեռքիս են Պարգեւ Շահբազյանի մի քանի թարգմանություններ. Շատոբրիան՝ «Ատալա։ Ռընե», Ժորժ Դյուհամել՝ «Սալավենի օրագիրը», Ռոմեն Ռոլան՝ «Բեթհովենի կյանքը», Ֆիլիպ Վիդըլիե՝ «Թուրքական գիշեր», սրանք պարոն Շահբազյանի՝ ինձ նվիրածներն են, բայց կան նաեւ Բոդլերի, Անրի Թրուայայի, Անդրե Ժիդի, Վահե Քաչայի եւ այլ հեղինակների երկերի ընտիր թարգմանությունները։

 Ես այցելեցի Պարգեւ Շահբազյանին ու  տիկին Իննային։ Քիչ եմ հանդիպել մարդկանց, որ այդքան գեղեցիկ խոսեն։ Որ այլ ժամանակի միջից կապվեն քո ժամանակին՝ այնքան հմայքով։ Որ առաջացած տարիքի միջից ժպտա պայծառ միտքը, երիտասարդությունը, առաքինությունն ու անուշությունը։ Որ առաջացած տարիքի միջից այդպես հնչի պարտքի անտրտունջ ձայնը՝ հանդեպ քսանամյա բանաստեղծը։ – Ես շտապում եմ,- ասում է,- ուզում եմ իմ պարտքը փակված տեսնել. «Ջրտուքը» ըստ արժանվույն չի ընթերցվել։ (նյութը պատրաստ էր հրապարակման երբ Ինքնագիրը ստացավ տիկին Իննայի մահվան լուրը):

 Սեղանին դրված էին դեղին ծաղիկներ։ Փոքր, գեղեցկություն պատմող։ Երկար փնտրեցինք, բայց չկարողացանք հիշել դրանց անունը։ Նա պատմելիք շատ ուներ, բայց տարօրինակ է, թե ինչ արագությամբ կարող է զարգանալ սերը։

Աննա Դավթյան

 Պարգեւ Շահբազյանի տանը: Լուս՝ Աննա Դավթյան


Պարգեւ Շահբազյանի տանը: Լուս՝ Աննա Դավթյան


 

 

 

Արյուն է եղել աշխարհում: Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:
Եղիշե Չարենց

Միսաք Մեծարենց

ՋՐՏՈՒՔ

Հոյհո˜յ, գետը կը թրջե ցայգուն քամակն արծաթված,

Իր հորձքին մեջ ծեծելով անդուլ խարակն ու խութեր,

Հոյհո˜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետվեր

Գաղջ տարփանքովն իր ջուրին` ուր արևը կապրի դեռ:

 

Հակուրջի մը առկախված գյուղակն անդին կ’օրորեն

Անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ըստվերներ.

Վանքին բակը` կ’աղոթեն հսկա ծառեր տարորեն`

Վանքին տամուկ շուքին մեջ Աստվածամարն է կայներ:

 

Ու գյուղակին դեմ նստած, երիտասարդ ու պչրոտ,

Պարտեզները` վերեն վար վազող ջուրին կըսպասեն.

Ա˜լ հափրացած խոլ գետին անարգավանդ դարպասեն,

Ու լըռությունը խածնող լուտանքներեն արհավրոտ:

 

Գիշերային ջրտուքի ժամն է. լույսին մեջ կայնած,

Մըշակն անքուն կըսպասե˜, ոտքը բոպիկ, բահն ուսին.

Պարտեզներուն վրա կ’իջնե թեթև քողք մը միգամած,

Ու ծղրիդներ` լուսնակով արբշիռ` անվերջ կը խոսին:

 

Ու կ’երկարի լուսարծաթ ժապավենն այդ բարբառին,

Ինչպես փախչող ասուպի կոթունները կաթնավետ.

Ավազին վրա ջուրերու կ’իյնա շառաչը վետվետ,

Խարույկները` ոսկեբաշ` ուրեք ուրեք կը վառին:

 

Հոյհո˜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերեն

Եվ երգի քուղ մը կու գա պլլըված իր գոտիին.

Սյուք մը կ’անցնի, տերևներ ծա˜փ կը զարկեն ցնծագին.

Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն:

 

Թումբերն անդուլ կը բացվին, ջուրն անդադար կ’ոռոգե

Վարդենիքը, թըթաստանն և ածուները բոլոր.

Բահի երկու հարվածով նայիս առուն կը թեքե

Օձաճապուկ ձևերով հեղուկ իրանն իր ոլոր:

 

Ջուրն անընդմեջ կը հոսի, ածուները կը լենան,

Ու, դարձուցե˜ք, կը կանչե ծեր մը մութին ընդմեջեն.

Խիճերուն ու սիկին մեջ, բահերը` խու˜լ կը հնչեն,

Ու դարձուցե՛ք, դարձուցե՛ք, կը կոչե ձայնն անխափան:

 

Աղջնակ մը, արիշին տակ նստած, շե˜ր կը կանչե,

Ու հոգնաբեկ մըշակին օրորի մը պես կու գա.

Հողը ծըծեց ջուրերուն տարփանքն` որ դեռ կը հնչե,

Եվ հիմակ` թա˜ց` կը խոկա իր երկունքին ապագա:

 

Կրկին կարդանք Մեծարենցի «Ջրտուք»-ը

Տասնամյակներ անց ցանկանում ենք կրկին անդրադառնալ մեծատաղանդ բանաստեղծ Միսաք Մեծարենցի գրական ժառանգությանը և այս վերնագրի տակ շարադրել մեր հոդվածը՝ կանգ առնելով հատկապես «Ջրտուք» վերնագիրը կրող նրա զմայլելի բանաստեղծության վրա և այն համարել հեղինակի չափածո ստեղծագործությունների անգին գոհարներից մեկը։

Արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է անցել այն օրից, երբ 1907 թվականին Կ.Պոլսում առաջին անգամ լույս տեսավ այս քերթվածը բանաստեղծի երկրորդ՝ «Նոր տաղեր» վերնագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուի մեջ և իսկույն գրավեց իր ժամանակի հայտնի հայ գրողների և գրականագետների ուշադրությունը։ Ոմանք այս քերթվածը դասեցին Մեծարենցի մյուս չափածո լավագույն ստեղծագործությունների շարքին, ինչպես՝ «Հյուղը», «Ձմռան պարզ գիշեր», «Կիրակմուտք», «Ի՜նչ արբեցությամբ» և այլ սիրված գողտրիկ բանաստեղծություններ։

Ուրիշներ, ավելի առաջ գնալով, «Ջրտուք»-ը համարեցին հեղինակի բանաստեղծությունների գլուխգործոցը՝ առանձին մասերի համաչափությամբ փայլող իր կուռ կառուցվածքով և գեղարվեստական խոսքի պատկերավորությամբ։ Ուրիշներ էլ ընդգծեցին բանաստեղծի սահուն և գեղեցիկ լեզուն, նրա հարուստ բառապաշարը, իսկ շատերն էլ կանգ առան մանավանդ բանաստեղծության մեջ գործածված նորօրինակ ինքնատիպ պատկերների առատության վրա՝ դրանք համարելով հեղինակի հարուստ երևակայության արգասիքը, ինչպես, օրինակ՝ «Հակուրջի մը առկախած՝ գյուղակն անդին կօրորեն անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ստվերներ» կամ՝ «Վանքին բակը կաղոթեն հսկա ծառեր տարորեն, որոնց տամուկ շուքին մեջ «Աստվածամայրն» է կայներ» (Աստվածամոր անունը կրող Բինկյան գյուղի պատմական եկեղեցին)։

Երկար տարիներ անց այս բանաստեղծությունն արժանացավ նաեւ խորհրդահայ հեղինակավոր գրականագետներից մեկի «գնահատականին», ով իր սահմանափակ և միակողմանի մոտեցմամբ (ինչպես դա հատուկ է նրանցից շատերին) այս բանաստեղծության մեջ տեսան միայն աշխատավոր գյուղացու՝ աշխույժ ջրվորի կերպարը։ Ուրիշներ էլ (բացի մեկ-երկու գրչակներից (Փայլակ, Ենովք, Արմեն) իրենց ճղճիմ քննադատական հոդվածներով փորձեցին դատափետել բանաստեղծին՝ ուրանալով նրա վավերական տաղանդը։

Վերևում մեր հիշատակած գնահատական այս գեղեցիկ խոսքերն անշուշտ միանգամայն տեղին են և արդար, բայց ինքնին չեն արտահայտում այն բուն գնահատականը, որին արժանի է այս բանաստեղծությունը։ Հեղինակը կարողացել է (ինչքան էլ դա անհավատալի թվա քսանամյա մի երիտասարդ բանաստեղծի համար) «Ջրտուք»-ի պարզ գործողությանն առնչվող իրարահաջորդ գեղեցիկ պատկերներով արտահայտել այս բանաստեղծության բուն գնահատականը, բանաստեղծություն, որի խոր իմաստը առաջին հայացքից գուցե ընկալելի չէ միջին մակարդակի ընթերցողի համար։ Դա բնության երկու հզոր տարրերի՝ ջրի և հողի միջոցով տեղի ունեցող տիեզերական արգասավորության մեծ խորհուրդն է։ Բանաստեղծության հենց առաջին տողերից հեղինակի արձակած «հոյհո՜յ» պոռթկուն, ուրախ բացականչությունը նրա հիացման, զմայլանքի վկայությունն է՝ ի դեմս այդ խորհրդի։

«Հոյհո՜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետվեր գաղջ տարփանքով իր ջուրին, ուր արևը կապրի դեռ»։

Քերթվածում ջրի այդ «գաղջ տարփանքով» են արգասավորվում բնության մեծ և փոքր բոլոր տարրերը՝ «վարդենիքը, թթաստանն ու ածուները բոլոր», այդ գաղջ ջրի հեղուկ իրանը օձաճամուկ ձևերով թեքվում և հասնում է «հյուղակին դեմ նստած երիտասարդ ու պչրոտ պարտեզներին», որոնք այլևս հափրացած խարակների և խութերի վրա փշրվող «խոլ գետին անարգավանդ դարպասեն»՝ տարփատենչ կարոտով անհամբեր սպասում են «վերեն վար վազող գաղջ ջրի» հոսանքին՝ պտղավորվելու համար։

«Ջրտուք»-ի այս գործողությունը բանաստեղծության մեջ թեև տեղի է ունենում գեշարամտին, սակայն հեղինակը ցանկացել է այն ներկայացնել մեզ շքեղ հրավառության մեջ, որպես լուսեղեն մի տոնահանդես, որին իրենց մասնակցությունն են բերում ճռճռան ծղրիդները, որոնք, «լուսնակով արբշիռ, անվերջ կխոսին», ծառերի տերևները, որոնք «ծափ կզարնեն ցնծագին», «ոսկեբաշ խարույկները», որոնք «ուրեք-ուրեք կվառին», «վարեն ջուրը կխայտա, կխնդա լույսն ալ վերեն»։

Ինչպես երևում է, այս բանաստեղծության մեջ ամեն ինչ վկայում է մեծատաղանդ բանաստեղծի հանճարեղ երևակայության և գեղագիտական բարձր ճաշակի մասին։

Տպավորիչ է մանավանդ բանաստեղծության ավարտը. «Աղջնակ մը, արիշին տակ նստած, շե՜ր կկանչե»։ Նրա երգը, որպես քաղցր օրոր, տարածվում է արգասավորված բոլոր տարրերի վրա, որոնք խաղաղ ննջում են, որովհետև հողը արդեն ծծել է «ջուրերուն տարփանքը, որ դեռ կհնչե», և հիմա, թաց, «կխոկա իր երկունքին ապագա», իր հրաշալի ծննդագործությանը, որ չի ուշանալու։

Այս խոսքերով էլ փակելով մեր հակիրճ հոդվածը հանճարեղ երևակայության արդյունք հանդիսացող սույն բանաստեղծության մասին՝ չհապաղենք նշել, որ նման չափածո ստեղծագործություններ շատ քիչ են ոչ միայն հայ դասական քնարերգության, այլ (թող թույլ տրվի մեզ անվարան ասել) նաև համաշխարհային քնարերգության մեջ։

 


[1] Պարգեւ Շահբազյանը պատմում է, որ Պողոս Առաքյալի Թղթերից այս տողը Վազգեն Վեհափառը քաջագիտությամբ ընտրել է, որն այժմ փորագրված է նրա տապանաքարին։

[2] http://www.azg.am/AM/culture/2015022704

[3] http://hayojax.am/en/shows/h1-tv/chakertner/18443/pargev-shahbazyan-25092015.html

[4] https://www.youtube.com/watch?v=1CL2zEJfBs0

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

13 + thirteen =