hero

 

Ինքնագիրը հրապարակում է Նանա Մանուչարյանի իրապատումը՝  նախապես ուսումնասիրած լինելով փաստաթղթերը(որոնց մի փոքր մասից մեջբերումներ են արված) և ստացած լինելով այլ տեղեկություններ այս պատմության վերաբերյալ: Այս գրությունը Նանայի վերջին ճիգն է հասնելու արդարության և պատասխանատվության ենթարկելու նրան, ով բազմաթիվ երեխաների ճակատագրերի հետ է խաղացել: Նաև Ինքնագիրը կոչ է անում իրավապաշտպան կազմակերպություներին և իրավապահներին զբաղվել այս գործով, պատասխանատվության կանչել երեխաների նկատմամբ սեռական ակտեր իրականացնող անձին և բարոյական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերել նրա զոհերին:

Հույս ենք հայտնում, որ այն ինչ չի արել ոստկանությունը, կանեն իրավապաշտպանները, և իրավապահ մարմինների այն աշխատակիցները, ովքեր անտարբեր չեն այսպիսի հանցանքների հանդեպ: Նաև պետք է պատասխանատվության կանչվեն այն ոստկանները, ովքեր իրենց սեքսիստական վերաբերմունքով ճնշել են տուժածներին: 

Ինքնագիրը շնորհակալություն է հայտնում Նանային, նրա քույրերին և ընկերոջը, ովքեր խիզախություն են ունեցել բացահայտելու հանցագործությունը մի հասարակությունում, որտեղ զոհ լինելը ամոթ է, իսկ թույլերի ու անպաշտպանների վրա իշխելը՝  պատվաբեր: Իրավապահ մարմիներում և հասարակությունում իշխող այս վերաբերմունքի պատճառով բազմաթիվ երեխաներ ցնցումներ են ստանում, որոնց թողած սպին մնում է կյանքի ընթացքում, իսկ պեդոֆիլներն էլ շարունակում են ճակատագրեր խորտակել:

Հեղինակի ցանկությամբ գրության մեջ հերոսների և հիմնարկների անունները չեն նշված , փոխված են նաև հերոսների անունների առաջին տառերը:

Պատկերները հեղինակինն են:

 

Ամպոտ աչքերով հրեշը (1-ին մաս)

Տղան բնույթով ինքնամփոփ էր, ընկերներ առանձնապես չուներ. և ահա նրա կյանքում հայտվում է ընկերասեր մի ուսուցիչ, ով «հոգ է տանում» իր աշակերտներից  յուրաքանչյուրի մասին: Մի անգամ էլ մանկապատանեկան կենտրոնը երեխաների համար էքսկուրսիա  է կազմակերպում՝ գնում են քաղաքից դուրս, որտեղ պետք է ստեղծագործեին՝ գրեին և լուսանկարեին: Երեխաների ստեղծագործությունները պետք է տպագրվեին ամսագրի մեջ: Ապահովության համար ուսուցիչները գիշերում են աշակերտների հետ՝ տղամարդիկ՝ տղաների, կանայք՝ աղջիկների: Եվ ահա երկու տղա պիտի գիշերեին լուսանկարչության ուսուցչի հետ: Երեկոյան Լուսանկարիչը տղաներին ոգելից խմիչք է տալիս, իսկ գիշերը նրանցից մեկին բռնաբարում է:

Իմ արվեստանոցում էինք, տղան պատմելու ժամանակ դեմքով շրջվել էր դեպի պատը, երեսը ամոթից ձեռքերով փակել:

Նա պատմում էր  ինձ լացը մի կերպ կուլ տալով: Դեպքից վեց տարի անց ես առաջին մարդն էի, ում նա պատմեց իր հետ կատարվածի մասին: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ լուսանկարիչը սկսել էր հանդիպել ինձ հետ, երբ ես տասնչորս տարեկան էի:

Տղային լավ էի ճանաչում, քանի որ Լուսանկարիչը նրա հետ կապ էր պահպանում մանկապատանեկան կենտրոնն ավարտելուց հետո էլ՝ օգտվելով նրա ընկճված, միայնակ ու անօգնական հոգեվիճակից. և հետո հիշենք, որ Լուսանկարիչը հասցրել էր դառնալ նրա միակ ու «լավագույն ընկերը»:

Ես և Տղան հասակակիցներ էինք: Նրա հետ սկսեցի շփվել ավելի լավ իմանալու համար, թե Լուսանկարիչն ի՞նչ կյանք է վարել, նրա մերկ մանուկների լուսանկարների տակ ի՞նչ է թաքնված և ի վերջո հասկանամ, թե ո՞ւմ հետ եմ ապրել այդքան տարի, և ո՞վ է այն մարդը՝ ով իմ կողմից այդքան սպասված զավակի հայրն է:

Տղան բացվեց և իր հետ պատահածը պատմեց այն բանից հետո, երբ ես նրան ասացի, որ բաժանվելուց հետո մեղքի զգացում ունեմ, չեմ ցանկանում, որ տղաս առանց հայր մեծանա: Այդ միամիտ խոսքերս փշրեցին տղայի լռությունը: Նա անհանգիստ տոնով ու արագ-արագ  խոսելով ասաց, որ ոչ մի դեպքում չպետք է վերադառնամ այդ մարդու մոտ:

Իսկ հետո միասին ոստիկանություն դիմեցինք.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշումից.

Տղան (փաստաթղթում և ամեն տեղ իրական անվան փոխարեն կգրվի հեղինակի օգտագործած բառը՝ Տղան-խմբ.) նույն օրը ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Լուսանկարիչը (փաստաթղթում և ամեն տեղ իրական անվան փոխարեն կգրվի հեղինակի օգտագործած բառը՝ Լուսանկարիչ– խմբ.) —- քաղաքի —- հանգստյան տանը —–թ. խաթարված ձևով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, երբ վերջինս եղել է 15 տարեկան, ինչից հետո պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունները շարունակվել են Երևան քաղաքի  xx փողոցի n շենքի – x- րդ բնակարանում և «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում մինչ իր չափահաս դառնալը:

Նա պատմեց նաև այլ պատմություններ, նաև մի աղջկա մասին, ով եղել էր նրա աշակերտը, փոքրիկ աղջկա հետ էլ կենակցել էր: Հիմա աղջիկը տասնութ տարեկան է:

Ես էլ 14 տարեկան էի երբ ծանոթացա Լուսանկարչի հետ:

Բացվել էր գարունը… ես փայլուն հանձնել էի ութերորդ դասարանի քնությունները, հրաժեշտ տվել իմ հարազատ դպրոցին և ընդունվել Կերպարվեստի համալսարան և զուգահեռ՝ ուղևորվել իմ սիրելի արվեստանոց, որտեղ արդեն երկու տարի սովորում էի նկարել և պետք է սովորեի ևս չորս տարի:

Մեծ փայտե թղթապանակս՝ լի տարբեր էսքիզներով՝  միշտ ձեռքիս էր, իսկ դպրոցական ուսապարկը` նկարչական ալբոմով և իմ սիրած բազմագույն մատիտներով՝ ուսերիցս կախված:

Ընկերներ չունեի, միակ ընկերուհիս ընտանիքի հետ մեկնել էր Ռուսաստան:  Շրջապատի բոլոր մարդիկ թվում էին ինձ գորշ ու անհետաքրքիր, ու շատ էի տխրում: Ես սիրում էի արվեստ, գրքեր, արվեստագետների կյանքը, ու չկար մեկը, ում հետ կարող էի խոսել իմ հետաքրքրություններից: Անընդհատ փնտրտուքների մեջ էի, երազանքների գրկում: Խոսում էի առարկաների հետ, ծառերը պատմում են ինձ իրենց հեքիաթը, իսկ ես այդ հեքիաթները նկարում էի իմ ալբոմում: Ամպերը ինձ համար դղյակներ և ամրոցներ էին՝ հատկապես լուսավոր մայրամուտների ժամանակ: Նկարչական ալբոմիս էջերին հաճախ էին ծնունդ առնում տխուր ու երազկոտ աղջիկների դիմանկարներ:

011

***

Մենք հինգ քույր ենք, ավագ քույրս ու ես ծնվեցինք Սովետում, իմ ծննդյան տարին  փլուզվեց այդ հսկա երկիրը ու նրա հետ նաև հիմնարկներ, գործարաններ ու մարդկանց աշխատանքը: Շատ դժվար էր ոտքի կանգնել, աշխատանք գտնել` չկար ո՛չ գումար, ո՛չ սնունդ, ո՛չ լույս, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ գազ:

Ծնողներս վերցրին ինձ ու մեծ քույրիկիս և տեղափոխվեցին Ռուսաստան:   Այնտեղ մեր վիճակը էականորեն չփոխվեց. ապրում էինք փոքրիկ գյուղակում, որտեղ ձմեռները սարսափելի ցուրտ էր ու երկար՝ յոթ ամիս՝ հոկտեմբերից  մինչև մայիս: Մեր փոքրիկ տնակում չկար ջուր, չկար կոյուղի… Հայրիկս փայտ էր կոտրում, որպեսզի գոնե մի փոքր տաքանայինք: Նա ինչ-որ աշխատանք էր գտել, բայց աշխատավարձը չնչին էր ու միայն հացի էր բավականացնում: Քույրիկս չորս տարեկան էր, ես` երկու, երբ ցուրտ Ռուսաստանում մենք իմացանք, որ սպասում ենք զույգ քույրիկների:

Հիշողությանս մեջ մնացել է, երբ մայրիկս ինձ նստեցնում էր սահնակին, կապում, որպեսզի չընկնեմ ու իր հետ տանում սառած գետից ջուր բերելու, ծառի բներից հավաքած ռուսական խրճիթը, բակի շունը, միչև վիզը ծածկող ձների մեջ քույրիկիս հետ խաղերը, այն գարնանային օրը, երբ ծնողներս գնացին և շատ ուշ վերադարձան՝ իրենց հետ բերելով երկու փոքրիկ կենդանի տիկնիկ:

Ընտանիքում չորս երեխա էինք արդեն ու շատ ավելի դժվար էր ծնողներիս համար, մարդիկ օգնում էին՝ մեկը հագուստ էր տալիս, մեկ ուրիշը՝ սնունդ:

Բայց մենք կմնայինք Ռոսաստանում, եթե ծնողներիս չանհանգստացներ դստրերի ապագան:

Շուտով մեծ քույրիկս դպրոց պետք է գնար: Մայրս շուկա գնալիս դպրոցի կողքով էր անցնում, և լսում էր բակում երեխաների զրույցները, որոնք նրան դուր չէին գալիս, համարում էր որ երեխաները այդքան բաց պիտի չխոսեն: Հիշում եմ, մայրիկս ու հայրիկս  բուռն զրուցում էին տեղական դպրոցների և բարքերի մասին և չէին ուզի, որ իրենց դուստրերը այս դպրոցները հաճախեն: Այդպես, որոշեցին, որ Ռուսաստանում երեխա դաստիարակելը դժվար կլինի,  ու հանուն մեր ապագայի վերադարձանք հայրենիք՝ Հայաստան:

Բայց եթե պատկերացնեին, թե այն, ինչից խուսափելու համար տեղափոխվեցին, Երևանում էր պատահելու՝ իմ կապը պեդոֆիլի հետ, նրանք հաստատ չէին տեղափոխվի:

Երևանում մեր ընտանիքը ավելի մեծացավ՝ ծնվեց մեր ամենափոքրիկ քույրիկը:

Ես հենց վեց տարեկան դարձա, դպրոց ընդունվեցի: Մենք ապրում էինք քաղաքի արվարձաններից մեկում, և ծնողներս կարող էին մեզ համար ընտրել տան մոտակայքում գտվող դպրոցներից մեկը, սակայն հայրս կտրականապես դեմ էր դրան: Նա ցանկանում էր որակյալ կրթություն ապահովել իր զավակների համար և ընտրեց քաղաքի կենտրոնում գտնվող մի մասնավոր դպրոց: Ծնողներիս շատ դժվար էր ուսման վարձը վճարել, այսուհանդերձ նրանց որոշումը վերջնական էր:

Վաղ առավոտյան ես և մեծ քույրիկս ճամփա էինք ընկնում դպրոց. երկա՜ր սպասում մեր հին դեղին ավտոբուսին, որից անպակաս էր բենզինի հոտը: Ավտոբուսը միշտ լցված էր լինում ուղևորներով՝ մեծ մասամբ գյուղից քաղաք կաթ-մածուն տանող կանանցով, այնպես որ բենզինի հոտը խառնվում էր կաթի հոտին և ներկում օդի ամեն հյուլեն:

Ինձ համար առանձնահատուկ բարդ էր հայոց լեզուն, սակայն դպրոցը մասնավոր էր, իսկ աշակերտները քիչ ու ինձ չէին ճնշում, ես էլ այս կամ այն կերպ փորձում էի հասցնել: Բայց ես ավելի կցանականայի մնալ տանը և խաղալ կրտսեր քույրերիս հետ:

Քանի որ մեծ քուրիկիս դասերը ուշ էին ավարտում, հաճախ մենակ էի տուն վերադառնում: Փոքրիկ աղջկա համար հեշտ չէր, բայց ի՞նչ կարող էի անել: Խորհրդային միութան փլուզումից հետո՝ մութ և ցուրտ տարիներին մեր բոլոր բարեկամները մեկնել էին արտասահման: Մենք մեծանում էինք առանց տատիկ-պապիկների, մորաքույրների և հորեղբայրների: Մայրիկս իմ երեք փոքրիկ քույրիկների հետ մնում էր տանը,  զբաղվում էր տնային տնտեսությամբ, հայրիկս աշխատում էր, և ես ու քույրիկս պետք է ինքնուրույն կյանքի սովորեինք՝ ինքնուրույն դպրոց գնայինք- գայինք, դասերը սովորեինք և լուծեինք տարբեր հարցեր, որոնք ինձ համար համազոր էին շատ բարձր պատի վրայով թռիչք կատարելուն:

Անցավ առաջին ուսումնական տարին և մեր դպրոցը որոշեցին տեղափոխել նոր շենք, որն ավելի հեռու էր: Իսկ դպրոցի ուսման վճարը հոգալը ավելի ու ավելի ծանր էր դառնում: Ի վերջո, ծնողներս մեզ տեղափոխեցին մեկ այլ դպրոց, այս անգամ պետական, բայց որակյալի համբավ ունեցող, որ նույնպես գտնվում էր քաղաքի կենտրոնում:  Պապիկիս մայրը եղել է այդ դպրոցի տնօրենը: Այստեղ օրենքներն այլ էին, այնքան ճնշող էր մթնոլորտը, որ երեխաները անընդհատ ուզում էին դասերից փախչել: Ինձ համար մի շատ դժվար շրջան սկսվեց: Դպրոցում երեխային կարող էին նվաստացնել, արհամարել, ծեծել: Ես շատ խելոք էի, բայց իմ ականջներն էլ ուսուցչուհու կսմիթներից պարբերաբար կարմրում էին:

Ես շարունակում էի ինքնուրույն գնալ դպրոց. ճանապարհը երկար էր, տուն հասնելու համար ստիպված երկրորդ ավտոբուսն էի նստում: Միշտ նստում էի ամենավերջում՝ պատուհանի մոտ, նայում պատուհանից ու վերապրում հորս հետ արշավները. Թե ինչպես էինք քայլում վարարած մի գետի եզերքով, կամ զառիվեր սարը բարձրանում:

Հայրս հաճախ էր մեզ արշավներ տանում, ու մի անգամ էլ ձորի պռնկին շատ վտանգավոր իրավիճակում հայտնվեցինք, քիչ մնաց ձորը ընկնենք: Բայց  հայրիկը ինձ հետ էր, ուրեմն, ես ապահով էի… ու նաև  գիտեի, որ Աստված ինձ հետ է, քանի որ երբ պառկում էի քնելու մայրիկը ականջիս շշնջում էր. «Աստված միշտ քեզ հետ է»:

Փոքրիկ երեխան մեծ քաղաքի ավտոբուսների մեջ ու փողոցներում միայնակ, ուր հազար տեսակ մարդիկ էին պատահում. որքա՜ն մեծ և ողորմած է Աստված, որ միշտ ինձ և քույրիկներիս  պահել է չար բանից:

Պետական դպրոցում ուսումնառության այդ երկու տարիները ինձ համար փորձություն էին: Արդյունքում,  ծանր հիվանդացա: Ինձ շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց: Գիշեր էր: Շտապօգնության մեքենայի բարձր ձայնը, մայրիկիս գրկում՝ հազիվ էի շնչում: Ասացի մայրիկին. «Խնդրում եմ, աղոթի՛ր»… Փա՛ռք Աստծուն, բժիշկների և մայրիկիս մեծ ջանքերի շնորհիվ՝ ամեն բան բարեհաջող ավարտվեց: Այս դեպքից հետո, հաջորդ սեպտեմբերին ես այլ դպրոց գնացի, ու նոր կյանք սկսվեց:

Այստեղ բոլորվին այլ էր ուսումնառությունը. այստեղ ես ազատ էի, երջանիկ: Դպրոցում մենք ասեղնագործում էինք, սրինգ նվագում և շատ էինք նկարում: Գուցե դպրոցը դե՞ր խաղաց, որ կերպարվեստը դարձավ իմ ապագա մասնագիտությունը: Անհամբեր սպասում էի, թե երբ է նոր օր բացվելու, որ նորից դպրոց գնամ: Սկսել էի սիրել կարդալն ու սովորելը. ի վերջո դարձա լավագույն աշակերտներից մեկը:

Դպրոցին զուգահեռ սկսեցի հաճախել նկարչության խմբակ: Ա՜խ այդ արվեստանոցը… այն իմ ամենասիրելի վայրերից էր: Նկարում էի անդադար: Նույնիսկ այն հին ավտոբուսների ու մարշրուտնիների մեջ` դեպի տուն ճանապարհին, նկարում էի:

Ես մեծանում էի, ուրեմն փոխվում, և կյանքից նոր սպասելիքներ առաջացան: Տասներկու տարեկանում արդեն շատ բաներ դժվար էր թվում, հաճախ էի լաց լինում. թվում էր, թե արցունքներս վերջ չունեին: Ինձ միայնակ ու անպաշտան  էի զգում այս մեծ աշխարհում, թվում էր, թե ոչ մի ընկեր չունեմ:

Ծնողներս շատ զբաղված ու բեռնված էին ընտանեկան  հոգսերով, որպեսզի նկատեին, թե ինչ է կատարվում ինձ հետ: Իսկ ես ունեի նրանց ուշադրության կարիքը: Կարծես թռչնակ լինեի, ով ուզում էր, որ իրեն խնամեն, կերակրեն: Այն ժամանակ երբ կուզեի, որ հայրիկս լիներ կողքիս և պաշտպաներ ինձ  աշխարհում ամեն ինչից, ծնողներս ամուսնալուծվեցին, և հակառակը, իմ հոգսերը շատացան, հարկավոր էր հոգ տանել երեք կրտսեր քույրիկներիս համար:

Ամուսնալուծությունը կոտրել էր մայրիկիս սիրտը: Հայրիկս մեկնեց ԱՄՆ:

Մայրիկիս հոգսը ավելի շատ երեք փոքր քույրերս դարձան: Գոնե ինչ- որ չափով իր հոգսերը թեթևացնելու համար, ինձ ու ավագ քրոջս թողեց՝ լրիվ ինքնուրույն լինենք: Նա գիտեր, որ ես շատ նպատակասլաց և բարեխիղճ աղջիկ եմ, մայրիկիս երբեք չէր անհանգստանում իմ ուսման համար:

Իմ ուրախությունը հետզհետե վերադարձավ երբ սկսեցի հաճախել ավետարանական եկեղեցի և մկրտվեցի ջրով և սուրբ հոգով. ամեն կիրակի գնում էի եկեղեցական քարոզ լսելու:

Եկեղեցին ինձ համար մխիթարություն էր, այսուհանդերձ կարիք ունեի ջերմ աջակցության, որ այսպես միայնակ չլինեմ:

Դեռևս վեց տարեկանից սովորել էի լինել ինքնուրույն և ուժեղ՝ պաշտպանել ինքս ինձ: Իսկ տասնչորս տարեկանում արդեն ուժերս հատել էին: Այնքա՜ն էի ուզում, որ ինչ-որ մեկը սիրեր և պաշտպաներ ինձ:

Եվ ահա նա՝ բարձրահասակ, սլացիկ, բարետես. նա դարձավ իմ փոքրիկ երազկոտ կյանքի կենտրոնը:

Նրա հետ առաջին անգամ ծանոթացա Կասկադի այգում: Այստեղ եռում էր երիտասարդական կյանքը, ինչ որ մեկը կիթառ էր նվագում, մյուսները զրուցում, կատակում էին, ինչպես ասում են՝ պատանեկան տուսովկա: Ես տուսովկայի մեջ չէի, ավելի կողք քաշված էի, թեև նրանցից ոմանց ճանաչում էի: Մի  աղջկա էի ճանաչում, ինձնից մեծ էր, ծնողներիս բարեկամների աղջիկն էր, երբ փողոցում միմյանց տեսնում ուրախանում էինք, շատ հավանում էի նրան: Այդ աղջիկն էլ Կասկադի ժողովրդին բոլորին ճանաչում էր: Նրա միջոցով մյուսների հետ էլ ծանոթացա ու նաև Լուսանկարչին: Նա նկատել էր իմ նկարչական մեծ թղթապանակը և հասկացել, որ արվեստով եմ զբաղվում, ու որոշել էր հետս ծանոթանալ:  Մեր ընդհանուր մի ծանոթ տղայի միջոցով իմացել էր ամեն բան իմ և ընտանիքիս մասին:

Իսկ ես նրան հպանցիկ տեսել էի, չէի ճանաչում, մինչև այն շոգ օգոստոսյան օրը: Դուրս էի եկել նկարելու, մեկ էլ պատահական հանդիպեցի այն կենսուրախ աղջկան: Նա գնում էր կինոթատրոն: Երևանում գերմանական ֆիլմերի փառատոն էր, ես էլ դեռ դպրոցից գերմաներեն գիտեի, մի փոքր էլ խոսում էի, և նրան միացա: Իսկ կինոթատրոնի շենքի մոտ մեզ միացան երկու տղաներ, որոնցից մեկը նա էր: Մուտքն ազատ էր: Նստեցինք կողք կողքի: Ֆիլմը ձայնային թարգմանություն չուներ, միայն հայերեն ենթագրեր, այն էլ կցկտուր, տեքստը ուշացումով հայտնվում էր էկրանին: Նա շշնջաց ականջիս, հարցրեց թե արդյո՞ք ֆիլմից բան եմ հասկանում: Կինոնկարը Մարտին Լյութերի մասին էր, ով մեծ հեղաշրջում արեց կրոնական կյանքում, Աստվածաշունչը թարգմանեց  լատիներենից գերմաներեն,  որ  ամեն ոք  հնարավորություն ունենա կարդալ Աստծո խոսքը: Ինձ չէին խանգարում ենթագրերը, հասկանում էի ֆիլմը, նաև Լյութերի մասին գիտեի: Նա խնդրեց, որ թարգմանեմ: Ես թարգմանում էի, իսկ նա ինձ էր նայում: Ասաց, որ իմ վրայից անուշ հոտ է գալիս: Զգացի, որ հետաքրքիր եմ նրա համար, իմ  ներսում մի նոր զգացողություն ծնվեց, որն մինչ այդ չէի ունեցել:

Նրա անունը շատ էի սիրում: Աղջիկները իրար մեջ խոսում են, թե ինչ անուն կդնեին իրենց երեխային: Մինչև նրան հանդիպելը ես արդեն մտածել էի, որ հենց  այդ անունով կոչեմ ապագա զավակիս:

Ամառն անցավ, եկավ սեպտեմբերը:  Ցերեկ էր, դասերս ավարտվել էին և ես գնում էի կանգառ: Մեկ էլ ինձ համար անսպասելի հանդիպեցի նրան: Զուգադիպությու՞ն էր, թե՞ մտադրված քայլ, չեմ կարող ասել: Նա ժպտում էր ինձ, գեղեցիկ էր, ամրակազմ: Ասաց՝  քանի որ արվեստով եմ զբաղվում ինձ համար հետարքիր կլինի մի ցուցահանդես, որը երեկոյան էր բացվելու և հրավիրեց ինձ:

Ցուցահանդեսից հետո քննարկում եղավ, հետո սրճարան գնացինք, ինչ որ մարդիկ կային մեր հետ նույն սեղանի շուրջ: Ես ամենափոքրն էի՝ տասնչորս տարեկան: Այնքան գրավիչ էր նրանց զրույցը, և ես փորձում էի ինձ մեծ զգալ:

Նա ինձնից ուզեց տանս հեռախոսահամարը և տվեց ինձ իր այցեքարտը: Այդպես իմացա, որ Լուսանկարիչ է:

Սկսեցինք հանդիպել:

Արշավներ էր գնում՝ ճիշտ հայրիկիս նման, շատ ուշադիր էր իմ նկատմամբ ու հավանում էր իմ նկարները: Երեսուներեք տարեկան էր` տասնինը տարով ինձնից մեծ, բայց շատ երիտասարդ էր երևում:

Նա ինձ համար գրքեր էր բերում՝ պատմության, նկարչության, ժայռապատկերների, տարբեր զարդանախշերի և խորհրդանիշների մասին:

Այդ պատկերը առջևս է, առաջին վախս, Համալսարանի մուտքի մոտ նրա ձեռքերից հենց ժայռապատկերներով գիրքն էի վերցնում, նայեցի նրա դեմքին՝ նուրբ դիմագծեր ուներ, բայց աչքերը մութ, կարծես ամպոտ, դեղնավուն երանգով՝ վախեցա:

Դեռ մի քանի օր էր, ինչ շփվում էինք, մեկ էլ մի տեսիլք տեսա: Ակնթարթային երազի պես մի բան էր: Լուսանկարչի մասին էր, շատ անհանգիստ տագնապալից զգացումով էի լցվել, ինչ-որ բան հուշում էր, որ ամեն բան վատ է լինելու:

Սակայն ուշադրություն չդարձրի չարագույժ նշաններին, քանի որ միայնության տանջալից ապրումներիս ներքո նա կարծես միակ լույսը լիներ` այդքա՜ն հետաքրքիր, այդքա՜ն խելացի, այդքա՜ն նրբանկատ:

Լուսանկարիչը դարձավ իմ միակ ընկերը. ինձ տանում էր ցուցահանդեսների, լուսանկարում էր ինձ և պատմում  իմ գեղեցկության մասին: Հարցնում էր իմ գաղտնիքներից, ինքն էլ պատմում տարբեր հետաքրքիր դրվագներ իր կյանքից: Ես սկսեցի վստահել նրան, և ապահով էի որ նրա կողքին եմ:

Լուսանկարիչը շատ էր սիրում երեխաներին. աշխատում էր մի մանկապատանեկան կենտրոնում` դասավանդում էր լուսանկարչություն:

055trchun

Մի օր էլ նա  խնդրեց, որ ծանոթացնեմ իրեն մայրիկիս հետ: Այնքա՜ն ուրախ էի: Իմ մտերիմ ընկերը եկավ մեր տուն, ներկայացավ մայրիկիս, ասաց, որ երեխաների հետ է աշխատում, մանկական ամսագրեր են տպագրում: Շատ հավանեց տասնմեկամյա քրոջս, ասում էր` շատ ֆոտոգենիկ երեխա է. մայրիկիցս քույրիկին այգում լուսանկարելու թույլտվություն խնդրեց՝ խոստանալով, որ այդ լուսանկարները կտպագրվեն ամսագրում: Մայրս համաձայնություն տվեց: Մի քանի շաբաթ անց, լուսանկարիչը մի քանի լուսանկար փոխանցեց մայրիկիս, որոնցում պատկերված քույրիկս ինչ-որ հետաքրքիր գլխարկով էր:

Ոստիկանությունում տված Նարինեի քրոջ ցուցումնքից, դեպքերի ժամանակ նա եղել է 11-12 տարեկան:

քրոջս նախկին ամուսին Լուսանկարչին ճանաչում եմ 5-րդ դասարանից: Մեզ ծանոթացրել է Նարինեն, որ այն ժամանակ սովորում էր նույն դպրոցի 8-րդ դասարանում: Քույրս Լուսանկարչին ներկայացրեց որպես իր ընկեր: Լուսանկարիչը այդ ժամանակ 30-35 տարեկան էր և զբաղվում էր պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Դրանից հետո Լուսանկարիչը գալիս էր երբեմն մեր տուն, և բոլորս արդեն գիտեինք, որ Լուսանկարիչը  և Նարինեն պետք է ամուսնանան: Լուսանկարիչը  պարբերաբար գալիս էր մեր դպրոց անգամ այն բանից հետո, երբ Նարինեն տեղափոխվել էր այլ ուսումնական հաստատություն, հանդիպում էր ինձ, մենք զրուցում էինք տարբեր թեմաներից, ընդ որում Լուսանկարիչը ինձ հաճախ հարցնում էր արդյոք՝ ես սիրուն եմ, թե ոչ:

Մի անգամ Լուսանկարիչը եկավ մեր տուն և մայրիկիս խնդրեց, որ թույլ տա ես լուսանկարվեմ դրսում: Մայրս համաձայնվեց և մի քանի օր անց մեր պայմանավորվածության համաձայն ես եկա Քոչար փողոցի վրա գտնվող «Պարտեզ» խանութի մոտ, որտեղ ինձ սպասում էր Լուսանկարիչը և նա ինձ ուղեկցեց իր xx n շենքի x բնակարանը, որտեղ ուրիշ մարդ չկար: Սկզբում Լուսանկարիչը ինձ ցույց տվեց իր կատարած սովորական լուսանկարները, այնուհետև դեռահաս աղջկա մերկ լուսանկար, որը սակայն ինտերնետից էր քաշված և հարցրեց ինձ՝ արդյոք գեղեցիկ է այդ լուսանկարը, որի մեջ պատկերված մերկ աղջիկը երևի ինձնից փոքր էր: Լուսանկարիչը անընդհատ ասում էր, որ մերկ երեխայի լուսանկարները շատ գեղեցիկ են ստացվում: Դրանից հետո Լուսանկարիչը սկսեց ինձ տարբեր դիրքերով նկարել, ինչի ընթացքում ես հագուստով էի: Լուսանկարիչը նախապես ասել էր ինձ, որ բերեմ տարբեր հագուստներ, ինչը ես կատարել էի, և նա ինձ առաջրկեց փոխեմ հագուստը, նա ասաց, որ կարող եմ փոխել իր ներկայությամբ և շրջվեց մեջքով, սակայն երբ հանեցի շրջազգեստս, տեսա որ Լուսանկարիչը նայում է ինձ: Նա ասաց, որ այլևս հագուստ չհագնեմ և նկարվեմ միայն վարտիքով: Այդ տեսքով Լուսանկարիչը ինձ բազմիցս լուսանկարեց տարբեր դիրքերով:

Մինչ դա նա առաջարկեց դուռակ խաղալ հանվելու վրա, սակայն ես չհամաձայնվեցի:

Լուսանկարելուց հետո Լուսանկարիչը ինձ ուղեկցեց համակարգչի մոտ և ինձ առաջրկեց դիտել այնտեղ եղած կանացի սեռական օրգաններ՝ հիմանականում խոշոր պլանով նկարված հեշտոցներ և ես սկզբում չէի հասկանում, թե դրանք ինչ նկարներ են:

Այդ նկարները դիտելու ընթացքում Լուսանկարիչը հարցրեց ինձ, թե արդյո՞ք ես ամեն ինչ կիսում եմ մայրիկիս հետ: Ես պատասխանեցի որ ոչ, և նա պատասխանեց, որ շատ ճիշտ եմ անում, դա գովելի բնավորություն է և ես ոչ մի դեպքում մորս չպատմեմ կատարվածի մասին: Նա ասաց նաև, որ ցանկացել է ինձ լուսանկարել, որովհետև մեր քույրերի մեջ ես ավելի փոքրամարմին և նիհար եմ, իսկ իրեն դուր են գալիս այդպիսի աղջիկներ: Ես այդ մասին ոչ մեկին երբեք չեմ պատմել:

Որքան հիշում եմ օգոստոսին Լուսանկարիչը իր ընկեր Ի-նի հետ (թեև բոլոր մյուս անունների առաջին տառն է նշված, սակայն այն էլ փոխված է-խմբ.) մեր բոլոր քույրերին հրավիրեց Սևան՝ Շորժա մի քանի օրով հանգստանալու: Շորժայում Լուսանկարիչը անընդհատ լուսանկարում էր մեզ: Լուսանկարիչը ինձ առաջարկեց գնալ առանձին լուսանկարվել, և ես գնացի նրա հետ թփերից այն կողմ, որտեղ մենակ էինք:
Նա խնդրում էր կանգնել տարբեր դիրքերով եւ փորձում մի քանի անգամ ձեռք գցել:

Ես ցանկանում եմ, որ Լուսանկարիչը իմ մանուկ կյանքը և իմ հոգեկան աշխարհը խաթարելու համար ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից.

Լուսանկարիչի  ընկեր Ի-ն ցուցմունքով հայտնել է, որ 2006թ. ամռանը Լուսանկարիչը, Ն. Մանուչարյանի և վերջինիս քույրերի հետ չի եղել Սևանա լճում, մինչդեռ քույրը (փաստաթղթում անունն է գրված, այստեղ փոխարենը գրվում է՝ քույրը –խմբ.) իր բացատրությամբ նշել է, որ քույրերով Լուսանկարիչը և նրա ընկերոջ’ Ի-ի հետ գնացել են Սևան, որտեղ Լուսանկարիչը սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ: Վկաների ցուցմունքներում առկա հիշյալ հակասությունների կապակցությամբ առերեսում չի իրականացվել Ի-ի  և քրոջ միջև:

Տասնչորս տարեկան էի… երբ… նա առաջին անգամ համբուրեց ինձ: Շատ էր սիրում ինձ լուսանկարել: Ասում էր, որ ինձ շատ է սիրում, բայց ես չպետք է որևէ մեկին պատմեմ մեր մասին. մի քանի անգամ խնդրել է, որ խոստանամ` ոչ ոքի չպատմել մեր շփման մասին: Նաև խնդրում էր, որ ես իրեն նկարեմ իմ ալբոմի մեջ:

Նա ապրում էր իր հոր հետ, սակայն իմ ներկայությամբ նրանք երբեք չէին շփվում:  Հրավիրում էր ինձ իրենց տուն, լուսանկարներ էր ցույց տալիս: Այդ լուսանկարներում հաճախ տեսնում էի պատկերված կիսամերկ երեխաներ, բայց դրանք այն գարշելի նկարները չէին՝ թվում էին արվեստի գործեր: Լուսանկարիչն  ասում էր, որ երբ երեխաներ ունենա, լուսանկարների միջոցով անպայման կանմահացնի նրանց գեղեցկությունը: Նա գովաբանում էր դեռահաս տղաների մարմինը, ասում էր, որ շատերը նման բաները չեն ընդունում, բայց դա ընդամենը մաքուր սեր է, որը լուսանկարչության միջոցով արտահայտում է բնության ստեղծած հրաշքները:

06-nana

Լուսանկարիչը ծաղրում էր հավատացյալներին, ծաղրում էր բոլոր քրիստոնյաներին, ես էլ նրա ազդեցության տակ հեռացա եկեղեցուց ու Աստծուց, հրաժարվեցի այն ամենից ինչ նախկինում ինձ հույս էր տալիս և ընտրեցի միայն նրան:

Հիշում եմ՝ նրա տան արևով ողողված սենյակը, օդում տարածվող և երազանքների գիրկը առնող անուշահոտ փայտիկների հոտը և ծուխը, պատից կախած բրդյա հին կարպետը, գրքերով լցված պահարանը, մեջը բազմաթիվ արձանիկներ տարբեր հնդկական աստվածությունների կերպարներով, կախարդական տուփիկներ, սրվակներ, խեցեղեն, փոքրիկ ծաղկամաններ, բազմաքանակ նկարազարդ բացիկներ, անթիվ անհամար լուսանկարներ, արևելյան ժողովրդական և կրոնական երաժշտության նուրբ և քնացնող ձայնը… Ու այդպես քայլ առ քայլ, հանդիպում, զրույց, հյուրասիրություն, անմեղ համբույր՝ ամեն բան հանգեցրեց նրան, որ մեր փոխհարաբերությունները դարձան շատ ավելի խորն ու լուրջ …

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշումից.

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ն. Մանուչարյանը  26.04.2013թ. ՀՀ ոստիկանության M բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Լուսանկարիչը 2005թ. հոկտեմբերի 25-ին, Երևանի xx փողոցի n շենքի x բնակարանում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ փոխադարձ համաձայնությամբ, երբ ինքը 14 տարեկան էր, և հետագայում բազմիցս շարունակել այդ կապը մինչ իրենց ամուսնությունը:

Անցավ մեկ տարի: Իմ սերը նրա հանդեպ ավելի ու ավելի էր մեծանում. հաճախ էինք հանդիպում, կարճատև արշավներ գնում՝ գցվում էինք կակաչներով լի լանջերի գիրկը, գրկախառնվում էինք արևից խանձված արտերի հետ, թևեր առած վեր էինք սլանում և նստում քարքարոտ սարերի գագաթներին: Շա՜տ էի սիրում, երբ միասին ստեղծագործում էինք: Վերջապես կար մեկը, ով շատ ուշադիր էր իմ նկատմամբ, ով գնահատում էր ինձ ու վերաբերվում որպես մեծ և հասուն մարդու, ով սիրում էր, հոգ էր տանում իմ համար:

Մենք փորձում էինք մեր ինտիմ շփումը գաղտնի պահել, բայց մայրիկի ուշադրությունը գրավեցին իմ հաճախակի հանդիպումները Լուսանկարչի հետ. Նա սկսեց բարկանալ:

Մի առավոտ էլ մայրիկս ասաց, որ արգելում է մեր շփումը: Ականջներիս մեջ դղրդյուն էր և ծակոց:  Այդ արգելքը կարծես ազդարարեր կյանքիս ավարտը՝ նույնն էր ինչ կտրեին ջրի աղբյուրը, փակեին արևի լույսը: Ես բան չէի խոսում, ոչ էլ որևէ կերպ կիսվում մայրիկի հետ, ոչ էլ արդարանում էի՝ լուռ էի ու չէի ուզում ենթարկվել: Մայրս ավելի էր զայրանում, մի անգամ էլ նույնիսկ սկսեց քաշքշել իմ երկար ոսկեծամ հյուսից:

Բայց նրա արգելքներին չէի ենթարկվում:

Ի վերջո, մայրիկս մի օր ասաց, որ ոստիկանություն կդիմի: Այդ խոսքերից սառը դող անցավ մարմնովս. ես լիովին չէի գիտակցում, թե ինչ հետևանքներ կունենար այդ քայլը, բայց միայն այն միտքը, որ իմ սիրելիին կարող են ցավ պատճառել, սիրտս կտոր-կտոր էր անում:

Ես նրան պատմեցի ամեն բան: Լավ հիշում եմ, երբ լսեց ոստիկանության անունը, ինչպե՜ս գունատվեց, սառած ձեռքերը սկսեցին դողալ:

Նա եկավ մայրիկիս հետ խոսեց, և որոշվեց, որ մենք շուտով պետք է նշանվենք. մայրիկս ոստիկանություն չդիմեց:

Մեր հանդիպումից երկու տարի անց, երբ ես 16 տարեկան էի նշանվեցինք: Նշանդրեքն անշուք էր, հայրիկս ներկա չէր, քանի որ Հայաստանում չէր ապրում և արդեն նոր ընտանիք ուներ, իսկ փեսացուն իր բարեկամներին անբացատրելի պատճառներով չէր հրավիրել:

Մեկ տարի անց, երբ ես 17 տարեկան էի, նա 36, ամուսնացանք: Մի քնքուշ հարսիկ էի` գեղեցիկ սպիտակ զգեստով, բայց մեր պսակը չօրհնվեց եկեղեցում, քանի որ  քրիստոնեությունը և քրիստոնեական բոլոր արարողությունները անընդունելի էին փեսայի համար: Նա որոշել էր, որ մեզ պետք է պսակադրի Նավապետը` Սևանա լճում: Մենք հյուրերի հետ ուղևորվեցինք Սևան: Մեզ սպասում էր ինը մետր երկարությամբ մի առագաստանավ: Հյուրերը, մի քանի նավաստի, նավապետը, փեսացուն և ես` իմ մեծ ու կլորիկ հարսի զգեստով, մտանք նավը, ու այն սլացավ դեպի լճի խորքերը: Ափից բավականաչափ հեռացել էինք, հազիվ էինք հասցրել դնել մատանիները, փեսացուն դեռ չհամբուրած նորահարսի շուրթերը, նավակը շուռ եկավ: Ափը հեռու էր, փրկարարներ կանչել հնարավոր չէր: Բրոնզե գավաթները, որից նորապսակները պիտի խմեին գինին՝ որպես միաբանության՝ մեկ անձ դառնալու խորհրդանշան, սուզվեցին լճի սառն ու մութ խորքերը: Շատ ցուրտ էր: Փառք Աստծու՝ ոչ ոք չէր վնասվել: Իմ շքեղ սպիտակ զգեստը ճոճվում էր ջրի ալիքների հետ: Տղամարդիկ  փորձում էին շրջել նավը: Վերջապես հաջողվեց: Նավը ամբողջությամբ լցված էր ջրով: Սկսեցինք դատարկել ջուրը ` մեկը՝ ձեռքի ափերով, մեկը՝ կոշիկով, մյուսը՝ բաճկոնով: Բարեհաջող հասանք ափ: Ֆոտոխցիկները, հեռախոսները, ռեստորանային խնջույքի համար նախատեսված մեծ գումարը ամբողջությամբ թրջվել էին: Թրջված և սառած շատ ուշացած հասանք հարսանեկան խնջույքի սրահ:

Սկսեցինք միասին ապրել:Նրա  հայրն էլ էր մեկնել ԱՄՆ-ը: Երկուսս էլ աշխատում էինք, ես խեցեգործություն էի անում, նա` շարունակում էր դաս տալ մանկապատանեկան կենտրոնում և միաժամանակ մեկումեջ լուսանկարչական պատվերներ ընդունում: Օրինական կնոջ և օջախ կերտողի դերը ինձ ուրախություն էր պարգևում՝ մաքուր լվացած հատակը, ելակի մուրաբան և անուշահոտ խնձորի թխվածքը:

Բայց մեր ամուսնական կյանքի գույները այլևս նման չէին այն արևի լույսով ողողված ջերմ սենյակին: Ես էլ, նա էլ աշխատում էինք, նա՝ տուն էր վերադառնում միայն ուշ երեկոյան: Մշտապես սրտումս վախ կար, որ կարող եմ կորցնել նրան և անում էի ամեն բան ամուսնուս հաճելի լինելու համար, ձգտում էի որևէ անհանգստություն չպատճառել նրան:

Բայց շուտով սկսեցի նկատել անտարբերություն, նրա՝ դեղնավուն երանգ ունեցող աչքերի մեջ գրգռվածություն… Նրա հետ խոսելիս ստիպված էի հետևել ամեն բառիս, քանի որ նույնիսկ ամենաանմեղ հնչյունը կարող էր տհաճ վեճի սկիզբ դառնալ:  Բայց փրկություն չկար, վեճերը ծնվում էին նույնիսկ առանց որևէ պատճառի, նա բռունցքները ուժեղ սեղմում էր, սեղան ու աթոռներ շպրտում ու այնպիսի դղրդոց էր բարձրանում, որ հարևանները անհանգստանում էին:

Պատերից կախված լուսանկարները այլևս այդքան բարի և անմեղ չէին թվում, նրանք ճոճվում էին հանկարծակի ծնված բուռն քամուց, և ես սենյակի մյուս անկյունում ինձ հատակին էի գցում, որ համբերեմ մինչ այդ անսպասելի ալիքը հանդարտվի:

Պետք է խստորեն հետևեի հագուստիս, հանկարծ բաց շոր չհագնեի, քանի որ ամենափոքր բացվածքն էլ ամուսնուս խանդն էր առաջացնում  ու նրան ագրեսիվ դարձնում:  Այնքան հաճախակի էին դառնում նրա սկանդալները, որ սկսեցի մտածել հեռանալու մասին: Բայց չէի կարողանում, կար ինչ-որ բան, որ մագնիսի պես քաշում ու պահում էր ինձ նրա կողքին՝ կարծես հեռանալն իմ ուժերից վեր էր: Ամեն վեճից հետո, երբ նա հանգստանում էր, ես ներողություն էի խնդրում նրանից, ասում էի, որ ուզում եմ համերաշխ ապրենք:

Տասնինը տարեկան էի երբ հայրիկիս միջոցով ստացա ԱՄՆ մեկնելու հնարավորություն: Երբ Ամերիկայից վերադարձա տուն, ամեն բան այնքա՜ն օտար էր: Հինգ տարվա ընթացքում առաջին անգամն էր, որ այսքան երկար բաժանվել էի իմ սիրելիից: Եվ հենց եկա, հասկացա որ պետք է  հեռանալ նրանից: Ասացի նրան, որ ժամանակավոր կապրեմ մայրիկիս և քույրերիս հետ: Նա չառարկեց, նույնիսկ չհարցրեց թե ինչու եմ գնում, բայց փոթորիկ բարձրացրեց:

Մեկ շաբաթ էի իմ հայրական տանը, բայց նա չեկավ: Սիրտս տակնուվրա էր լինում, մի՞թե կորցրել էի իմ առաջին սերը: Ու նորից մի անտանելի թել սկսեց քաշել ինձ դեպի նա: Ինչո՞ւ: Գուցե գրավել էր այն դատարկ տե՞ղը, որ հայրիկն էր թողել: Վերադարձա: Տանը չէր: Շատ երկար սպասեցի: Վերջապես կեսգիշերին մոտ եկավ: Ասացի, որ չեմ ցանկանում բաժանվել: Նա նստել էր հատակի մի անկյունում գորգի վրա՝ ընկճված, հուզված նայեց ինձ՝ կարծես զղջում էր իր արածների համար: Առաջին անգամ նրա աչքերին արցունքներ տեսա:  Ասաց.

– Ես շատ վատ բաներ եմ արել, ինձ ներում չկա:

Այդ ժամանակ կարծեցի, թե խոսքը մեր հարաբերությունների մասին է:

Վերադաձիցս հետո շատ բան փոխվեց, քամիները մեղմ զեփյուռ էին դարձել, պատերից կախված լուսանկարներից դեմքերը ժպտում էին ինձ: Մի քանի ամիս անց իմացա, որ երեխայի եմ սպասում: Սկսել էի հաշվել ամեն օրը, շաբաթը, ամիսը: Խաղալիքներ էի կարում՝ մի դանդալոշ ընձուղտ և երկու փղիկ, թռչնակներ, արև և լուսին, որոնք պար էին բռնում օրորոցային երգի տակ: Եվ վերջապես նա ծնվեց՝ երեք կիլոգրամ, հիսուն սանտիմետր՝ մի առողջ մանչուկ: Իմ ուրախությանը չափ չկար:

Կարճ ժամանակ անց հարաբերությունները նորից լարվեցին: Նախկինում ես ոչինչ չէի պահանջում ամուսնուցս, իսկ հիմա պարզապես խնդրում էի, որ նա երեկոյան գոնե ժամը իննին տուն գա, որպեսի օգնի ինձ երեխային լողացնել: Գիշերները չէի քնում, իսկ հետո վազում էի աշխատանքի: Այդ ընթացքում մայրիկս էր հոգ տանում փոքրիկի մասին: Չգիտեմ որտեղ էր լինում ամուսինս: Միշտ ուշ էր վերադառնում, ամբողջ գիշերն անցկացնում համակարգչի դիմաց, առավոտյան ուշ արթնանում, նախաճաշում ու նորից գնում: Կասկածները միտքս կրծում էին, մտածում էի՝ դավաճանում է, ուրիշին է գտել: Ճարահատյալ նորից  դիմեցի Աստծուն: Ամեն երեկո փակում էի սենյակիս դուռը ու ծածուկ աղոթում: Խնդրում էի Աստծուց, որ մեր ընտանիքը ամրացնի, որպեսզի երեխան լիարժեք ընտանիքում մեծանա, հայր ունենա:

Մի օր էլ միտքս փայլատակեց. չէ՞ որ ամուսինս ողջ գիշերն անց էր կացնում համակարգչի դիմաց, ու չնայած այն բանին, որ համակարգիչներից առանձնապես գլուխ չէի հանում, կարելի էր գոնե փորձել հասկանալ, թե ինչ կա նրա անձնական տարածքում, ինչո՞վ է նա զբաղվում: Գտա մի թղթապանակ, ինչն ինձ սարսափեցրեց: Միայն ես էի տանը: Կողքիս` օրորոցի մեջ հանգիստ քնած էր որդիս: Արցունքներս թափվում էին, գոռում էի.

-Աստվա~ծ, երանի՜չտեսնեի, երանի՜ չտեսնեի …

Շարունակությունը այստեղ

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

8 + 8 =