sam

 

Երկու տարի առաջ, 2014 թվականի դեկտեմբերի 10-ին, Արմավիրի քրեակատարողական հիմնարկում բացվեց արվեստագետ Սամվել Սաղաթելյանի «Սահմանային Իրականություն» ցուցահանդեսը: Արվեստագետը, ով հաճախ սիրում է տարբեր տարածությունների հետ խաղալ՝ ցուցասրահ դարձնելով բնակարանից սկսած վերջացրած գլամուրային խանութ-սրահ ու փաբ, այս անգամ ընտրել էր ավելի բարդ տարածություն:

Գրությունը զուգահեռներ են ցուցահանդեսի մասին նշումների՝ «Երեք ժամ քրեակատարողական հիմնարկում» և մեկուսացման մասին դատողությունների:

Ցուցահանդեսի լուսանկարները Սամվել Սաղաթելյանի արխիվից

dsc06347-small

Երեք ժամ քրեակատարողական հիմնարկում

 Այն ինչ ես առաջ անում էի՝ անում էի նկարչի տեսանկյունից, ով գտնվում է իր համար հարմարավետ վայրում ու չի վերցնում իր վրա պատասխանատվություն և չի դնում իր մարմինը արվեստի ներսում, այլ խոսում է ինչ-որ երրորդ դեմքից

Պյոտր Պավլենսկի

 

 10:30

 Առավոտյան հատուկ վարձված ավտոբուսը հանդիստասեներին Հանրապետության Հրապարակից, նախատեսված ժամից մի փոքր ուշացումով, բայց բարեհաջող, տեղափոխեց այլ իրականություն՝ Սահմանային:

Սովորական պրակտիկան` ցուցասրահ ընդհանուր ավտոբուսով գնալը, այս ցուցադրության համատեքստում վերածվել էր մի պայմանական խաղի, որտեղ բոլոր մասնակիցները` ցուցադրվող թե դիտող, դառնում էին արտիստի կողմից տնօրինվող տարօրինակ հանդիսանքի մաս:

Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը, իրագործեց շատերի կողմից այդպես էլ չարվող փախուստն ու տարավ իր հանդիսատեսին իսկական կալանավայր, ուր հեռախոսները լռում են, իսկ լույսը` խիստ ճարտարապետական կառուցվածքից վախվորած է ներս մտնում:

Դիտողին տեղափոխելը կալանավայր ցուցադրության կարևոր մասերից մեկն է դառնում: Ստեղծագործությունները շքամուտքից տանում են դեպի խցեր: Դուռը փակ է ու ֆիքսված ժամերին միայն կարող բացվել դիտողի առաջ, մինչ այդ նա պետք է մնա տարածքում ու անվերջ պտտվի խցերում. զրկել դիտողին ժամանակի ու տեղակայման ինքնուրույն տնօրինումից՝ դրա մասին պատմելու փոխարեն:

Հաստ դուռն անհյուրընկալ ձայնով փակվում է ու դու հասկանում ես, որ հիմա գտնվում ես ԱՅԼ վայրում ու քո յուրաքանչյուր արարք կամ դրա բացակայությունն արդեն հաշվարկված է:

Ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից՝ կալանվորների ստեղծագործություններ, Արտիստի ստեղծգործություններ և այն գործերը որոնք արտիստի առաջրկով արել են կալանավորները։

 Մեկուսացման ցանկություն

 Անհարմարությունը սկսում է երբ ինչ-ինչ պատճառներով զրկվում ես ամենատարրական բաները տնօրինելու հնարավորությունից` քնելու տեղից և ժամից, որևէ մեկի հետ առանձնանալու հնարավորությունից, կերակուրի ընտրությունից, հարազտների հետ հանդիպման ժամանակը որոշելու քո ցանկությունից: Սեփական սովորություններին ընտելանալուց, առօրեական ծեսեր ստեղծելուց հետո դժվար է դրանցից հրաժարվելն ու ժամանակի հատվածները փոխարինել այլ օրակարգով: Զրկվելով սովորությունները տնօրինելուց, հարմարավետության սահմանները խախտվում են ու ստիպված ես կրկին ամեն ինչ ստեղծել նորից:

Մեկուսացումը թվային կապակցվածության դարաշրջանում ընկալվում է որպես մահ: Մահ՝ հասանելիության բացակայություն, երբ համակարգչի ստեղնաշարի արագ հարվածով չեն հայտնվում քո նկարները, քո անձնական տվյալները, քո մտքերն ու հնարավորությունը շփվելու քեզ հետ:

Թվային միջավայրում այդքան սովորական դարձած հասանելիության բացակայությունը (թե հարազատների, թե անծանոթների մատչելիության բացակայությունը, նրանք ովքեր կարող են «գտնել» քեզ ու «հասնել» քեզ ամեն րոպե), «անոթներովդ հոսող լարերից» ու անընդմեջ էսեմեսներից և մեսիջներից, սոցիալական դերերից ու դիմակներից: Երբեմն մեզանից շատերը երազում են փախչել համատարած հասանելիությունից ու ազատվել ամեն վայրկյան ներս ներխուժող պետքական ու անպետք տեղեկատվությունից՝ նախագահների անձնական կյանքից, Միջին Արևելքի իրավիճակից, հոլլիվուդյան հերթական աստղերի բաժանման լուրերից:

Ոչ բոլորն են ռիսկի դիմում և իրագործում բաղձալի փախուստը լարերից, կապից, սոց ցանցերի պատճառով ձևափոխված շփումից (այն կանվանեմ հետապնդող, քանի որ անհնար է փախչել մարդկանցից ու շփումից, քանի դեռ ունես թվային հեռախոս ու կաս որևէ սոց-ցանցում: Դու չես փնտրում ու գտնում շփումը` ճիշտ հակառակը շփումն է քեզ գտնում ու կպչում) ու ի վերջո` հասարակական «ինտեգրվածությունից»:

Մեկուսացման Աբսուրդը

ինչ-որ ծայրաստիճան խորհրդավոր բան է ներխուժում նրա ու նրան ծանոթ աշխարհի օբյեկտների, նրա համախոհների ու բոլոր «արժեքների» միջև: Այն ամենը, ինչ նա անվանել է ԻՐԵՆԸ սփրթնում է ու սուզվում ինչ-որ անհասկանալի վայր ու չի մնում ոչինչ, ինչից կարելի է կառչել: Վտանգը գալիս է ՈՉՆՉԻՑ ու նա մնում է միայնակ դատարկության մեջ…

Սա գերմանացի ճարտարապետ ու մշակութաբան Կուրտ Ռեյնհարդտի նկարագրված «դատարկությունն» է: Ժամանակակից միջավայրում մեկուսացումը քայլ է դեպի դատարկություն ու մի միջոց` կարգի հրավիրելու ու պատժելու անհատին, կտրելով նրան սովորական ու ծանոթ «լցված» աշխարհից: «Լցվածության» բացակայությունը լրացնելու արդյունքում մարդու մոտ սկսում է անխուսափելի ինքնաքրքրում, որը կբերի ինքն իր «Ես»-ի հարցադրմանը՝ հասարակության ազդեցության տակ ձևավորված նրա մասնիկների բացահայտմանը ու բախմանը դրանց հետ:

***

Շփումը, որը ենթադրում է իրական փորձառություն` «այստեղ և հիմա»-, փոխարինվում է լռության ու չորս պատի մեջ տեղադրված նոր շփման տարբերակով, որտեղ՝ ինքն իր ներսում՝ միաժամանակ տասը հոգի է խոսում` առանց ձայն, առանց տիպիկ ժեստերի, հայացքների ու հոտերի: Կտրված սեփական միջավայրից խոսակցություններ, որոնք ընդհատելով մեկը մյուսին ստեղծում են անդադար ներքին երկխոսություն, որը չունի սկիզբ ու չի ունենա ավարտ:

Ժամանակի ընթացքում առանց նկատելու դառնում ես Ալան Փարքերի «Պատը» ֆիլմի հերոսն, ով փակվել է իր սենյակում ու հաստ պատով առանձնացրել է սեփական անձն արտաքին աշխարհից: Բայց անվտանգ ու հարմար՝ մեկուսացվածությունը սկսում է խանգարել ու անհարմարություն առաջացնել, երբ նրա մասին գիտակցում ես, բայց ամեն դեպքում…քո մեկուսացումը կառավարվում է քո իսկ կողմից: Եթե կարողանաս սովորությունների ու պարտավորությունների շարանը քանդես՝ դու կազատվես:

Եթե «ցանկալի» մեկուսացումը դադարեցնելը հեշտ է ու կապված է միայն սեփական ցանկության ու քմահաճույքի հետ, ապա «անցանկալի» մեկուսացման ավարտն ավելի բարդ է: Այն պահանջում է փոփոխությունների շարան՝ գիտակցում, զղջում, փոխակերպում:

Անձը մնում է մենակ` ինքն իր հիշողությունների ու վախերի հետ, ծանրութեթև անում իր արարքներն ու դիտարկում տարբեր տեսանկյուններից: Այստեղ պատ է շարվում ոչ թե անձի կամքով, այլ հասարակության` որևէ արարքիդ համար քեզ պատժելու նկատառումով ու տալով քեզ պայմանական ժամանակ, որը ենթադրաբար պետք է ծախսես փոփոխությունների ու փոխակերպվելու վրա…այլ կերպ ասած` պարտադրված մեկուսացումը հաղթահարելու ու հասարակություն վերադառնալու:

Այստեղից սկսում է այն, ինչ բնորոշվում է աբսուրդ` կեցություն, որը չունի ոչ մի իմաստ (խոսքը գնում է ոչ թե ինչ-որ միակ ու աբսոլյուտ ԻՄԱՍՏԻ մասին, այլ այն ամենի ինչ մենք սովոր ենք դնել իմաստ կատեգորիայի տակ` աշխատանք, ընտանիք, հասարակական կյանք և այլն):

Կեցություն, որը չունի հետագա զարգացում, որը կառուցված է անվերջանալի կրկնության վրա ու որտեղ «ընկնելով», ողջ ցանկություններդ ու արարքներդ հասցվելու են կենցաղային մակարդակի` ուտել, արտաթորել, քնել, լողանալ: Ինչպես Կաֆկան է ասում. «քնեցի, արթնացա, քնեցի արթնացա, խղճուկ կյանք»:

Նման աբսուրդային իրավիճակում վերաձևակերպվում է այն, ինչ տվյալ մարդը տարիների ընթացքում ձևավորել է ու բախվելով արտաքին աշխարհի փոփոխություններին, դարձրել իր անձի բաղկացուցիչ մասերից մեկը` իր սովորությունները, բնավորությունը:

Սեփական, ունիկալ «Ես»-ի բաղկացուցիչ մասերը արտաքին աշխարհի դիալեկտիկայից դուրս մասնատվում են ու կորցնում իրենց գոյության հիմնավորումները, նաև որոշ ժամանակ անց կորցնում են իրենց գոյության իմաստը և, վերջապես, նաև բուն գոյությունը:

people_35-small_c

Երեք ժամ քրեակատարողական հիմնարկում

11:30

Սեփական «Ես»-ի փնտրտուքները հաճախ խաչվում են աստվածային ու բիբլիական ուղիների հետ, հատկապես երբ մեկուսացման մեջ ես:

Հղումը «աստվածայինին» ու «բիբլիականին» և հատկապես քրիստոնեական խորհդանիշներ տեսնելի են «Սահմանային Իրականություն» ցուցահանդեսին մասնակցող կալանավորների ֆիգուրատիվ աշխատանքներում՝ հատկապես փայտե քանդակներում և այդ նյութով արված այլ գործերում: Այլ գործերում, մասնավորապես կտավներում բանտարկյալներն հղում են ավելի թեթև ու էսթետիկ թեմաների՝ մերկ կանանց պատկերներ, ծաղիկներ և այլն:

Կալանավորների գործերից պետք է է որ սպասեիր ուժեղ էմոցիոնալ լարվածության փոխանցում, կամ այլ բան, որը թույլ կտա տեսնել թերապեվտիկ կետեր: Այսպես օրինակ ամերիկյան բանտարկյալների Ուեյն Գեյսիի կամ Օթիս Թուլի (երկուսն էլ սերիական մարդասպաններ) գործերը գերհագեցած են ագրեսիվ գույներով ու լարվածություն փոխանցող ֆորմաներով:

Սահմանային Իրականության մասնակիցների գործերը ի հակադրություն ամերիկյան բանտարկյալների, բավականին զուսպ, պահպանողական են ու հնարավորինս քիչ անհատականացված: Նրանց գործերը ագրեսսիվ չեն կամ վախ չեն ներշնչում: Իսկ հատկապես փայտե աշխատանքները հոսքագծից դուրս եկած հուշանվերներ են հիշեցնում՝ մեկը մյուսին նման, կրկնվող ու անվրեպ:

Մեխանիզմի կողմից ստեղծած գործեր, մի մեխանիզմի, որին կուլ են գնացել ազատազրկված մարդիկ։

Ֆուկոյի «Կարգապահություն և պատիժ. Բանտի Ծնունդը» գրքում ասվում է. «նախագծվող իշխանությունը ունենալու է պարզ, անվրեպ, հեշտ վերահսկվող կառավարման համակարգ: Այն հիշեցնելու է մեքենաների մեխանիզմ…»։

Սակայն արտիստի ու կալանավորների համատեղ նկարազարդված կարտոֆիլները այլ լեզվով են խոսում. գործ ունենալով արվեստի ոչ ավանդական ձևերի հետ, կալանավորները ավելի ազատ ու անկաշկանդ են ներկայացրել իրենց խնդիրները:

«Անոնիզմն այն դեպքն է, երբ կարող ես ունենալ երկրագնդի բոլոր կանանց, բայց մնալ հավատարիմ կնոջդ » ասում է կարտոֆիլի վրա գրված այս արտահայտությունը(կարտոֆիլի վրա Օ֊֊ի փոխարեն Ա տառն է գործածվել): Հեղինակը կենացաղային նյութին ծանոթ լինելու պատճառով չի լարվում ու չի փորձում նրա հետ «արվեստ անել», այսինքն անել էսթետիկա:

Կալանավորները կարտոֆիլների վրա ավելի ազատ են, մակագրում են նրանց համար «արվեստի հետ կապ չունեցող» արտահայտություններ սկսած VivaCell-ի մասին հիշատակումից, վերջացրած անգլերեն Fuck֊ով:

Բանտարկյալների «կարտոֆիլային անկեղծության» պատճառն այն է, որ գործ ունենալով ավնդական հանրության համար արվեստի ոչ ավանդական ձևերի հետ նրանք ավելի քիչ են հակված «լրջություն» հաղորդելու իրենց արածին: Երբ «չարվեստագետը» նախապես տրամադրվում է «արվեստ անելուն», սկսում են գործել արվեստի հետ կապված կլիշեներն ու տաբուների համակարգը, որոնք ստիպում են «չարվեստագետ արվեստ անողին» իրեն դնել Դելակրուայի, Դա Վինչիի հետ նույն գծին «կարևոր» և «լուրջ» գործ կատարել: Իսկ կարտոֆիլը լայն հասարակության կողմից ստերեոտիպային «արվեստ» բառի հետ կապ չունի, ինչի պատճառով էլ դրա հանդեպ մոտեցումն ավելի հանգիստ է ու զերծ տաբուներից:

untitled-7_croped

Մեկուսացումը որպես փոխակերպող տարր

Մեղքի զգացո՞ւմ։ Մենք այն օգտագործում ենք, մարդկանց կառավարելու համար: Դա պատրանք է: Ոչ այլ ինչ, քան հասարակությունը կառավարելու լծակններից մեկը: Դա շատ վտանգավոր զգացում է: Այն ահավոր բաներ է կատարում մեր մարմինների հետ

սերիական մարդասպան Թեդ Բանդի

Հակահասարակական արարքներ կամ կրոնական լեզվով ասած մեղք գործելու դեպքում մարդուն առանձնացնելու ու հասարակությունից կտրելու ու «դատարկություն» բրդելու գաղափարը բավականին սադիստական է և խորը կրոնական:

18֊րդ դարի սկզբերից նորացվեց պատժի համակարգը և նոր պատիժն էր՝ բանտարկյալին մենակ փակելը բանտախցում:

Այդ ժամանակվանից սկսած կազմավորվում է բանտային համակարգը, որը հետագայում հիմք դարձավ ժամանակակից բանտային կառույցի: Բանտերն այլևս պատժի վայրեր չէին, այլ «բարոյականության ուսուցման» ինստիտուցիաներ:

Ըստ այդ գաղափարի երբ բանտարկյալի դեմքին փակվեն բոլոր դռները, կբացվի նրա սիրտը…այն ժամանակ ենթադրվում էր, որ բանտարկյալի սիրտը կբացվի Աստծուն: Իսկ այժմ, երբ կալանավորին մենախուց են նետում, ո՞վ է Աստծուն փոխարինում, գուցե հասարակության կողմից որդեգրված բարոյականությա՞նը։

Ամեն դեպքում այս դաստիարակչական գաղափարն իր մեջ ուներ քրիստոնեական հիմքեր:

Բանտարկյալը՝ ճգնավոր, իսկ նրա սարը` արտաքին միջավայրից ամեն կերպ փակ պահվող բանտախուցը, խոստանում է իր մեջ փակվածին փոխակերպություն, զղջում սեփական արարքների մեջ, իմաստություն:

Խցում փակվածներին մնում է միայն ինքնավերլուծության անընդմեջ քանդման ու կառուցման ընթացքի խաչմերուկներում որսալ վերացական «ճիշտ ճանապարհն» ու փորձել վերգտնել սեփական կամքն ու Եսը:

Երեք ժամ քրեակատարողական հիմնարկում

11:48

 …Սենյակներից մեկն ամբողջությամբ զբաղեցված էր Սամվել Սաղաթելյանի արված ծխախոտից կոլլաժներով:

Ծխախոտի կտորներից ու բանտարկյալների նամակներից պատրաստված կոլլաժներն առանձնացված էն առանձին խցում, որտեղ դրանց հետ մեկտեղ կարելի էր գտնել Փարաջանովի և այլ հանրահայտ անձանց (բանտում երբևէ եղած) նամակներից հատվածներ: Սրանք տեսողական անդրադարձ են Սամվել Սաղաթելյանի հորն, ով ժամանակին դատապարտվել է ու կալանավայրում անցկացրել իր կյանքի որոշ հատվածը և ծխախոտի հատիկներով հաշվել բանտային օրերը:

Ուրեմն, ցուցադրությունն իր հիմքում ունի խորը անձնական դրդապատճառներ, որոնք դարձնում են այն ունիկալ արվեստային վենդետտա մեխանիզմին` որդու կողմից, ումից խլել են հոր հետ իր հասանելի ժամանակը: Այժմ հանդիսատեսներն են կորցնում իրենց ժամանակը: Սա սովորական ցուցահանդես չի, այստեղ հնարավոր չի արագ գործերը նայել, մի թեթև շփվել մարդկանց հետ ու գնալ՝ երբ ուզես, այստեղ քո ժամանակը դու չես կառավարում:

Սամվել Սաղաթելյանն այս ցուցահանդեսում նույնպես անդրադառնում է իր սիրելի արտահայտչամիջոցին՝ մարմնին: Այստեղ, ի տարբերություն նրա այլ գործերի (Transromance, Artist is Never Alone: Driving Forces, և անգամ վերջերս արված «Love is Electric» վիդեոարտը ) ցուցադրվում են ոչ թե իր մերկ մարմնի պատկերումները, այլ իրական մարդկանց մարմիններ՝ ցուցահանդեսի այցելուների մարմիններ, որոնք միայն կարճ, հատուկ նախատեսված ժամանակահատվածով փակված են տարածքում, ու բանտարկյալների մարմինները, որոնց «փակվածությունը» պայմանավորված չէ ցուցահանդեսով, այն ռեալ է:

Այս իրական մարմինները`դատապարտվածների ու այցելուների, այդ թվում նաև իմ, գործածվում են որպես իր գլխավոր թեմայի` մեկուսացման ուսումնասիրման միջոց ու խոսում ազատազրկման մասին ոչ թե սրտաճմլիկ պատկերներով, այլ ներկաներին դրա զգացումները հաղորդելով:

untitled-13

12: 03

Սաղաթելյանի ողջ նախագիծը կարելի է համարել ձգված թերապիա: Մի կողմից նա ինքն իրեն հնարավորություն է տալիս սեփական խնդիրներն ու հիշողությունները դասավորելու, վերաիմաստավորելու, մյուս կողմից իր հետ աշխատած բանտարկյալներին՝ սեփական ներաշխարհի խորհրդանշական ապաքինման հնարավորություն:

Տնօրինելով գործածվող նյութը, դրա հեղինակը՝ բանտարկյալը. հնարավորություն է ստանում ցուցաբերել իրենից խլված կամային հատկություններ: Նա ձեռք է բերում մի նյութ, որի ճակատագիրն ամբողջությամբ իր ձեռքում է հենց այս պահին հենց հիմա: Մարդը, ում «հենց հիմա»-ն խլված է ու տնօրինվում է այլ մարմնի կողմից հնարավորություն է ստանում տնօրինել նյութի ճակատագիրը:

Ներկայացված գործերից շատերում ակնհայտ երևում է, թե ինչպես մեկուսացումը արտաքին աշխարհը կամաց-կամաց հրում է մի կողմ ու դարձնում֊վերածում կոլլաժի մեջ ոչ մի կերպ չմտնող խորթ մասնիկի:

Արտաքին աշխարհն իր սովորույթներով, կարգ ու կանոնով դառնում է անհասկանալի ծիսական համակարգ:

Մի կողմից դա քանդում է ներսի կարծրատիպային սահմաններն ու ստիպում վերաիմաստավորել ծանոթ ամեն ինչ, մյուս կողմից, փակ տարածությունը այլ կլիշեներ է հիմնում, որովհետև մեկուսացված տարածությունից իրականությունն ու ընթացիկ աշխարհը դառնում են մի մեծ, խայտաբղետ նախշ:

 Տարածության գերին

 Մեկուսացման վտանգներից մեկը տարածությունն է: «Ցանկալի» մեկուսացման դեպքում այդ տարածությունը հիմնականում սեփական է` դա մեկուսացողի տունն է, կամ որևէ այլ տարածք, որտեղ նա իրեն հարմարավետ է զգում: Այդտեղ ամեն ինչ կառավարվում և տաղաբաշխվում է իր կողմից, ամեն իր ու դրա տեղավորվածությունն ունի իր իմաստն ու նշանակությունը, որը դրվել է տարածքի տիրոջ կողմից:

Նման դեպքերում մեկուսացումը կանցնի արդյունավետ ու կտա այն արդյունքը, ինչը ի սկզբանե սպասվում էր:

«Անցանկալի» մեկուսացման վտանգներից մեկը տարածությունը տնօրինելու անհնարինությունն է: Մարդուն հանում են իր հարմարավետ միջավայրից, կտրում բոլոր ծանոթ ու վստահություն ներշնչող իրերից, վայրերից ու տեղափոխում ուրիշի տարածություն, որտեղ ամեն ինչ դասավորված է Ուրիշի կողմից: Վտանգը հատկապես ուժեղանում է, երբ «ուրիշը» իրենից ներկայացնում է ինստիտուցիա:

Հնարավոր է «կուլ գնալ» ուրիշի տարածությանը, հատկապես, եթե այդ տարածությունն ինչ-որ հստակ գաղափարախոսության կրող կամ համակարգի պատկանող է: Կուլ գնալ՝ դառնալ տարածության գերին, սահմանափակել միտքն այդ տարածության սահմաններով:

Երեք ժամ քրեակատարողական հիմնարկում

 12:30

Տարատեսակ Ինստիտուցիաների հետ աշխատանքի դեպքում հաճախ արվեստագետի գործը կանգնում է տարածության սեփականությունը ու դրա կրող գաղափարախոսության խորհրդանիշ դառնալու խնդրի առջև:

Սամվել Սաղաթելյանը փորձել է անդրադառնալ այնպիսի արվեստի միջոցների ու կրողների, որոնք հնարավորինս չեզոք կդիտվեն ու այլ կերպ ասած` կապակոդավորեն տարածության գաղափարական դրոշմը:

Կարտոֆիլ, ծխախոտ…այսօր դրանք ինչ-որ բան են ասում, կամ չեն ասում` ընդամենը ցույց են տալիս, իսկ վաղը կրկին վերադառնում են իրենց տեղն ու դառնում աղբ: Ցուցադրվող գրեթե ամեն ինչի կյանքը կարճ է:

 13:30

անհնար է դիմանալ մինչև այն պահը, երբ կարող ես դուրս գալ ու գնալ` կարևոր չէ թե ուր, կարևոր է, որ դու պետք է որոշես տեղը:

Print

Մեկ արձագանք Մեկուսանալով Իրականությունից. Գրառումներ քրեակատարողական հիմնարկից

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

eighteen − 6 =