hero

 

Վենդետտա
(ցփնեմ վրեդ) Ա.

ազատություն հեղեղներին
ազատություն պոեզիային
ազատություն սեռականությանը…
բարի գալուստ սիրո հեղափոխություն…

*
***

մենք փախել էինք տներից, հիվանդանոցներից, ինստիտուտներից, հոգեբուժարաններից, քաղաքային աղբանոցներից, պոլիտիկներից, դպրոցներից հիվանդ, քածերից պոլիտկորեկտ, բոլոր փակ արկղերում սեր փնտրողներից, ֆաշիստներից վանդակներից պրծած, իրենք իրենցից փախածներից, ինքնամերժներից, ատոմային ռումբից, պայթյուններից ռոմանտիկ, բոզերից, ծնողներից հիմար ու տուն փաբերից
մենք փախել էինք…
փախել էինք
դուրս

դու՛րս
ՀԵՂԱՓՈԽԵԼՈՒ…

***
իմ սերնդից ես չէ՞

եթե քեզ դուրս են արել հեքիաթից դեռ նորածին
և քո մեջ ինչ-որ բան մեռել է անհույս
ուրեմն հաստատ դու իմ սերնդից ես…

լսիր լուսնի երգը ռադիոյով ամեն գիշեր
և փակիր աչքերդ դանդաղ հեզ ոսկե ձկնիկի նման
և ձգվող առաստաղները կբացեն
քո առաջ հին ու նոր աշխարհներ
ու տեսիլները պայծառ չտեսնված հավերժության…

դժբախտությունը գալիս է առանց զգուշացնելու
բայց մենք ունենք բնազդ
մենք ուզում ենք ապրել
մեր սերունդը չունեցավ իր ձայնը
ու փնտրտուքով մենք հասանք Կիլիմանջարո (աֆրիկան մեր արյան մեջ է)
բարձրացանք գագաթն ու միացրեցինք «Փինք ֆլոյդ»
ու երկրագունդն այս դատարկվեց վերջնականապես
իր վերջին մարդուկի դրամատիկ և ուշագրավ թռիչքով եսիմուր …

քսան տարի լուսացնելով
արևածագին նարնջագույն երկինքը ուշաթափեցնում է մեզ
ու խեղդում ծխով և ֆանտազիայով ազատության ռիթմերի
իսկ դու հավատում ես այս հեքիաթին…
և դու հավատում ես…

ցտեսություն խղճուկ մարդուկներ
էստեղից երբեք գնացքներ
չեն գնում երբեք

ու մենք սովորեցինք թռչել

սովորեցինք բարձրանալ վեր
մինչև տիեզերական անհայտություն
մերկանալ և իջնել խաղաղ ու հանդարտ
պտտվելով գալարվելով վերևներում ու մաշվելով
վար սլացող չտեսնված երկնային աստերոիդների նման…

մի ողջ սերունդ մերկ հյուծված ու որբ
մի աղոթիր խոսքերը մաշված
այլ փնտրիր արահետ
շարժվելու համար
կարևոր կանգառում կիսաճանապարհին
հիշիր բողոքի մասին
ու կործանիր ռեժիմները գարնան նման
բոցավառվելով տևական դադարից հետո
իբրև մի ճերմակ խարույկ
ու հետ բեր մարդկայնությունը աշխարհին մարդկանց…

 

***

ես տեսա մերկ տղամարդ և մերկ կին
և գետի հունը փոխվեց հանկարծ
և պտույտները դադարեցին
և մոլորակն այս կանգ առավ հանկարծ
և թռչունները երամներով մոլորվեցին
քանզի ես տեսել էի մերկ տղամարդ և մերկ կին
էս տիեզերքում էլ ուրիշ տեղ չկար
ու նրանք եկան ինձ մոտ
և նրանցից ինչ-որ մեկը սիրահարվեց իմ խելագարությանը…

 

***

*քեզ

ու
եթե դու խոհեմ ես դու կփնտրես
դու կփնտրես ճշմարտությունը
դու կփնտրես քեզ
և դու
կճառագես մաքրությամբ
որը մյուսներին կմղի ապստամբության…

դու մշտնջենական սադրանքի մեջ ես հիմարիկ
բաց աչքերդ
և փնտրիր միավորող կամուրջները
մառախլապատ հոգեվարքով փնտրի՛ր…

դու հասկանում ես որ աշխարհը
ջարդուփշուր է լինում հակատիեզերական քաոսի մեջ

քեզ իր մեջ ճզմելով այլանդակելով արյունոտելով
սակայն եթե ընդդիմանաս
հեռուստացույցը կքունի քեզ բոլոր ծակերիցդ
ու կվերջացնի ուղեղիդ վրա թափելով
ու խեղճ ուղեղդ կկորի սերմնահեղուկի մեջ
հեռուստատեսային սերմնահեղուկի մեջ
աշխարհի ամենագարշ սերմնահեղուկի…

սակայն դո՛ւ
երբեք չես թողնի որ քո մեջ սերմանեն
ռոբոտային կյանքի բանաձևը

դու կրակ ես
դու հուր ես
դու լույս ես

բայց դու հակված ես ինքնաոչնչացման…

ք ո հ ո գ ի ն մ ա ք ու ր
ե
ր
կ
ի
ն
ք
է
հավերժ դատապարտված ազատության

***

դու քո կյանքն ընծայել ես երազանքին

երբ դու անցնես անսպառ աստղերի անզուսպ ճիչերի
և սպանող ճառագայթումների միջով
անամպ դատարկ երկնքի միջով
որից կարմիր անձրևն է թափվում ի վար անիծյալներիս վրա
երբ սլանաս ոտաբոբիկ դեպի որոնումը քո
եվ երբ կռահես գատնաբառերը լուրթ ամպեր կանչելու
եվ չզգաս ցավազրկողների ազդեցությունը
և այրվես կրակների մեջ քո- նորից
ու թաթախվես ընդերքի խարույկների մեջ ու մոռանաս
շնչառությունն ու ստի սողոսկումները դեպի ներս
և խաչվես Գողգոթայում
քո վախճանը աղի անձրևներ կբերի
աչքերից նրանց չորացած- չբեր ու կույր
ևս 2000 տարի
և աշխարհը կողողվի մաքրամաքուր կենարար ջրերով…

 

***

չորս կողմը թուլամորթներ ու ողբ
և ես՝ մի ատրճանակ
իմ լեզվից դուրս թռչող կրակոցներով
որոնք մտնում են մարդուկների մեջ
ու խառնում ամեն ինչ
և դուրս պրծնում նրանցից հարկադիր՝ սպերմայի պես…

փրկվելու խնդիր, փրկելու խնդիր
խորհրդային խեղված անցյալից պոկվող

դեպի լույսը գնացող իմ սերնդին
ես տեսնում եմ
գիժ ու մոլեգին ազատության մարտիկներին
ես տեսնում եմ

լույս նրանց սև թրաշավոր խենթ դեպքերի մեջ

պոռթկացող էմոցիա ապրելու և ճիգ փրկության

աչքերում նրանց ես տեսնում եմ
գոռացողներին

սերը սեռ չունի               գեղեցկությունը սեռ չունի
մարդը սեռ չունի, մարդը սեր ունի
մեր հեղափոխությունը բռնություն չունի
իմ սերնդին ես տեսնում եմ

մեր ուժն էնտեղ է
որտեղ

կ
ա
ս
ե
ր…

***
հիսուն հատ պլանով կեքս թխեցի
ու բաժանեցի աղքատներին մեր քաղաքի…
էս քաղաքը լի է զարմանահրաշ մարդկանցով
որոնք փակված են իրենց սենյակներում
էս քաղաքը լի է սպիտակ ագռավներով
որոնք ապրում են զգացմունքով
գիշերներում խորաթափանց
լրացնելով դրանց մութ ունայությունը…

ամեն սիգարետիս վերջին ծխի հետ մեկը մեռնում է
մեր քաղաքում ինչ-որ անկարևոր մեկը ինչպես բոլորն են
բենզինով վառում է ինքն իրեն ձանձրույթից
ու էդպես օրական ես սպանում եմ միջինը 40 դիակի
և պատվիրում նորերին մի զանգով…
ես հասկացա
ավելի հեշտ է փոխարինել նրանց քան փոխել…

բոլորս դատապարտված ենք դրան
որովհետև շոուն պետք է շարունակվի
մի օր ինչ-որ մեկը իմ փոխարեն
և ինձ համար կկպցնի սիգարետը ու կհետևի
թե ինչպես եմ ես այրվում
կրակների մեջ ողջակիզվելով…
***

մետրոյում մարդիկ միշտ տխուր են թվում…

օտարները տխուր ու հպումները մետրոյում
սարսուռ և փշաքաղություն մինչև ոսկորներ
և էրոտիկ լարում մարդկանց մեջ
և ուղիղ չվերթ դեպի երկինք
որ դառնաս
մոխիր
մոխիր
մոխի՜ր
ու մասնատվես բարձրագույն օտարությամբ
բյուրեղացած մարմիններով ու թափվես ցած
խղճուկ մարդուկների վրա անիծյալ քաղաքի…
 ***

խոնավ փաբերից էս ճահճացող լճից դուրս հեռացող
գունատ գունավոր, պայծառ լուսավոր մեր սերնդին
ես տեսնում եմ…
նաև մեզ
ճահճացող լճից մարդ հանողներիս…

կեցցե անարխիան օրվա բոլոր ժամերին
և տարվա բոլոր եղանակներին
կեցցե մեր սերունդը որը կտեսնի իր հեղափոխությունը
հանուն մարդու…

 

***

 

Պրոտեստ   No – 20 (ես դու) Բ .

էդ մենք չենք անցել սահմանը
էդ սահմանն է անցել մեզ…

ես ունեմ չոր-չոր քունող պոեզիա
որը քարշ եմ տալիս ոտքիցս կապված
վերից վար վարդագույն բութ կացնի նման…
ես ունեմ հեքիաթ որում
երկուսից մեկը միշտ սիրում է
մյուսը խելակորո՜ւյս փնտրում է այն
ինչ սիրողին հասու չէ երբեք
էն մեկի հոգին մաքուր երկինք է
իսկ էն մյուսին սիրում և մեռնում են երկուսով
մեկը մյուսի
հետևից.
*նա գտել էր իր փնտրածը …
***

քսան տարի սրտիս մեջ դանակ է
ու չեմ մեռել կարծես
սրտիցս անդադար արյուն է կաթում ճանապարհներին բոլոր
գտեք ինձ արյան հետքերով…
նրանք սպասում են
նրանք սպասում են
որ հոշոտեն ինձ
երբ դռները բացվեն
իսկ ես նստած եմ ծիսական սիգարետը թակարդում
երկու մատներիս արանքում սեղմած
և իմ մանուշակագույն բաժակը ձեռքիս
սուրճ եմ ըմպում
օծված ու խնկարկված
և ես ատրճանակ ունեմ
ատրճանակ սև փոքրիկ
իմ միջի գույնը ներսից դուրս
ցփնելու համար
աշխարհը իմ գույնով հեղեղելու համար …

***

ես նստած եմ նստարանին սև
ու գրում եմ բանաստեղծություն
առանց քեզ
առանց դու-ի և առանց դուք-ի
բանաստեղծություն առանց ոչ մեկի
բանաստեղծություն ինչ-որ աշնանային օր իմ մեջ
թափված տերևների և չորացող ծառերի մասին…

այգի ծառեր ու սովետական մերկ հիմար հիմար արձան
առանց հեշտոց առանց առնանդամ և առանց պտուկներ…
դատարկություն է էս այգում իմ գալուստը միայն
ագռավներն են դիմավորում, դա էքզիստենցյալ դիլեմա է …
ես սկսեցի խոսել մի բանի մասին
ինչի մասին լռում էի վաղուց
ինչ-որ մի օր ես հասկացա որ
էս կյանքում ինձ ամենաշատը
պետք էր թիկնակով աթոռ
ուղիղ ու վստահ նստելու համար…

ես ճեղքում եմ ու պայթում
ատոմի պես արդեն քսան տարի
և արարում կապտամանուշակագույն
դաշտեր պատված ծխով մառախուղով հոգելից ու մոգական…
***
ես կորցրել եմ ինձ այգիներում
էս քաղաքում մենության մեջ
ես կորցրել եմ ինձ
ես կորցրել եմ ինձ
կորցրել եմ
ու չեմ կարող գտնել
իմ մեջ սողոսկել և բույն է դրել դատարկությունը…
եթե դու գտնես ինձ
եթե միայն դու
գտնես ինձ
ես կվազեմ աշխարհով մեկ
ոտաբոբիկ մերկ ու խելագարված կվազեմ
ու կճչամ իմ բոլոր բանաստեղծությունները
քեզ համար…
եթե միայն դու
գտնես ինձ…

նորից գրում եմ քեզ                            դու որ գոյություն չունես
չես ունեցել բնավ և ոչ էլ կունենաս
կարգի համաձայն…
ես կորցրել եմ ինձ
ու չեմ կարող գտնել
ինձ – քեզ…

սա սխալ մոլորակ է
սա այն մոլորակը չէ
սա մեր մոլորակը չէ գրողը տանի…
մենությունների ջազի օղու
և հիմար սրճարանների ու բորդելների մեջ անգամ
ես չեմ գտնում
ոչ քեզ ոչ ինձ…
քեզ
որ երբեք գոյություն չես ունեցել…
միայն եթե գտնես ինձ
ինչ-որ տեղ թևածելով
իբրև մի թռչնակ վանդակից կորած
իբրև մի տերև քամուց հալածյալ
բաց չթողնես հանկարծ կպոկես թևերս
ու կխցկես ինձ ծոցագրպանդ
դու բաց չես թողնի ինձ սրտիդ մոտից
էս բանաստեղծության նման համարելով այն քոնը…

***

տիրապետիր դադարներին
և դու կլինես հանճարեղ…

առագաստանավերը հեռանում են
դանդաղ դանդաղ
որ այրվե՜ն ինքնահրկիզվե՜ն
ու խորտակվեն իմ աչքից հեռու…
բոլորս դատապարտված ենք
մի տարօրինակ օրինաչափության որը
տանում է ի խորտակում և խավարին ընտելանալու…
քսան տարի խավարի մեջ
քսան տարի դու գրում ես
մեկ երկար բանաստեղծություն տարփանքի մեջ
ատոմային ռումբի մասին
որը քո մեջ է
և քեզնից դուրս
խելահեղ պայթյունի մասին
արարված մի կրակոցով

ու աշխարհաստեղծում
ինքնաոչնչացումից…

***

բարբարոս մարդիկ աղմկոտ հարևաններ
ու սիրտ ճեղքող ատոմային
ընկճախտ սև ակնոց հաբեր բռերով
ու մերկ ծառեր պատուհանից
և հրեշավոր գորշ մարդիկ դիվային
որ ուզում են սողոսկել ակնոցիդ միջից
դեպի ներս և հոշոտել ու խժռել լուսապայծառ
աշխարհներդ մշտաբորբոք…

***

երկար ու սև ստվերներդ խոհանոցում
բաժակների մեջ սառնարանում լվացարանում
շուրթերիս ձեռքերիս մատներիս ծայրերին
դու ծերացել ես էս քսան տարիների ընթաքում
կյանքը քեզ սովորեցրեց
լինել ստվեր
ինչպես բյուրեղ քարանձավում…
դու չկաս էս իրականությունում
և իրականությունն էլ գոյություն չունի
իրականությունը հնարել են ստախոսները …

արդեն 20 դար ու քսան տարի
բյուրեղացած ստվերներով
ապրեցիր դու
ու գրեցիր քարանձավում հեքիաթային
քո վրա շպրտվող քարերը
դու հավաքեցիր խնամքով ու պահեցիր
և մի օր բաձրանալով վեր
դու թափեցիր դրանք հետ ներքև
և մաքրագործող անձրևով հեղեցիր
անփառունակ դիակները …

պատուհանները բացվում են
և անձրևը խառնակիչ լցվում է ներս
ու գրում ես խոնավ և հանված սիրո մասին
բանաստեղծություններ խուլ լռության մեջ
արդեն քսան տարի
մենակ մի սենյակի մեջ
կաթող անձրևներով խառնակիչ
ու լող են տալիս քո սենյակում տողերդ ապավինելով
ազատություն…

էսօր համարձակ ես դու
իսկ երեկները միշտ ավելորդ էին
դու գիտես ինչ կլինի վաղը…
սենյակդ եկածները բոլոր ավելորդ էին երեկների նման
էսօրները քեզ ստիպում են գիտակցել դա
ոչ ոչ սա վախենալու ֆիլմ չէ
սա ավելի սարսափելի է
ինչպես ֆաշիզմ
ինչպես գզգզված աստվածաշունչ
ինչպես մահապարտ
ինչպես բութ դանակ
ինչպես ինքնամերժություն
ինչպես երկրորդ մարդը քո միջի
ինչպես կրոնական ֆանատիզմ
ինչպես ռազմաճակատում դաշնակիցներ փնտրող…
ու պետք չէ խոսել շշուկով
սխալը կանխելիս
գոռա և հարվածիր
որ զգաս թե չես լռում հավերժ…
խոսա … ասա ինչ-որ հիմարություններ
և մոխրացիր ինքդ քո մեջ…

***

ուշադրություն դու ներկայացնում
ես մեծ ազատությունը վարագուրված
սիրո քողարկված
և սերը մարմինների նույնանման
մարմնի որ շատ բան կարող է պատմել
քո մասին
վստահե՛ք ձեր մարմնին…

***

դու արարված ես ուտոպիստական հասարակությունից
որին վիճակված չէ ապրել
նրանք չեն բազմացել ազատության մեջ
նրանց մեջ խավար է
իսկ դու դատապարտել ես քեզ ինքնաոչնչացման
դու մեր ժամանակների հեղափոխականն ես մեծ
դու բուդդան ես, դու հիսուսն ես որ
գոռում է՝ ժպտա նորից
էլեգանտ տիեզերք…

***

ես քո թերությունն եմ և դու իմ
ես սիրում էի քո եղբորը
իսկ նա մեռավ մութ գիշերվա երազում…
մութ գիշերում չորս պատ մեկ աթոռ
մեկ սերունդ կորած ու որբացած
և առաստաղ կախ պարանով
և առաստաղն ուսումնասիրող աչքեր հազար
և սերն այն որ մոխրացնում էր մեզ
և նրանք որ տենչում էին մահ
և նրանք որ տենչում էին կյանք…
ես չեմ վախենում մնալ մենակ ինքս ինձ հետ
քանի դեռ էստեղ ենք էս սխալ մոլորակի վրա
հետո ամեն ինչ կարող է ավելի վատ լինել
իսկ ես երազում էի աշնան մեծածավալ թախիծը
որն էդպես էլ չտեսա…
էլ ոչինչ չկա բռնելու
իսկ ես որսորդ եմ կույր
կորած սերնդից
հյուծված մի որսորդ…

դու կորցնում ես անցնող գիշերը
ճչա ճչա ինչքան ուզում ես
մեկ է մենք չենք սովորի թռչել
էս սերնդի թևերը պոկված են
և ինչ-որ մեկի գրպանում…
քամին կտանի մեզ միգուցե
մենք տեսանելի ու անշոշափելի պատկերներ ենք
քամին կտանի մեզ միախառնելով…
կառուցիր քո թեք աշտարակը
և հեղափոխիր սրտերը սեռերը աչքերը հավատը
մատուցիր քեզ անսահման կարևոր
առաքելությունդ և պայծառակերպվիր…

ես լող էի տալիս արևի տաք շողերի մեջ
ցորենի հասկերի ոսկե ծովերում
ձախ ոտքիցս վարդագույն բութ կացինը քարշ տալով
ես սիզիփոսն էի իմ կացնով բութ
կացինն այդ իմ աշխարհն էր սխալ
որն հանում էի դաշտն ի վեր
և նորից սողում հետ արնալերդ…

***

ժաժ տվեք հանգստացեք
ամեն.

ժաժ տամ էս իրականության փշալարերին
որ արյունոտել ու քրքրել են ձեռքերս
մարմինս մտքերս և սերնդիս արևավառ ուղեղները…

ժաժ տամ էս իրականության
ամենասուրբ դեմքին որն ամենուր է
և քունեմ քեզ՝ բոլոր ծակերից
մտքեր նահատակող իմ գորշ հեռուստացույց …

այս է աղոթքն այն որ պետք է սկսվի
մարմնասպանությամբ սեռասպանությամբ
և արյան գետերի հեղեղներով մաքրագործող
այս է գավիթն այն հեղափոխության հոգու անմարմին
անարխիստներիս մերկ թրաշավոր
երազողների համաճարակի դե՛մ համատարած …
ոչ
լավին վատին ու սեռերին
այո
մարդուն մարդկային…

կլրիս վարդ մանուշակ
վարդ մանուշակ
հետխորհրդային հիվանդ ինքնատյաց
ֆաշիստական հասարակությանն այս
ու կակաչներ իմ սերնդին
և մի լիքը թեյնիկ թեյով հնդկական
ու սև կատվի ձագեր ու փափուկ բազկաթոռներ
և թունդ ծխախոտ ու մոխրամաններ բերեք մեզ…
այրվող թերթերը բարձր պոեզիան կրակների մեջ
ու գրական մամուլը ռեժիմի տակ
ասում է ասում է ու ցույց է տալիս
այն որ
հնարված չէ դեռ մեր աշխարհը ու դրանից թեթև են
մեր գլուխներն ու ապրելը խավարում համատարած
իբրև մի ճրագ մի մոմի կտոր

ասա և ցույց տուր…
ասա
չէ՛
գոռալով…

մենք դուրս կգանք փողոցներ
գունավորները և ձախերը բոլոր
պետք է որ բոլոր երիտասարդները
դուրս գան փողոցներ
բոլորը դեպի փողոցներ
փշալարերը պոկելու
ռեժիմները հիվանդ ֆաշիստական վերից վար քունելու
լուսապայծառ բառերով ու ռոքով աշխարհը հեղեղելու
մարդուն մարդկայնություն հիշեցնելու…
արժեքները
որ բնակված են մեր մեջ
գիտակցումից լուսապայծառ ճշմարտության
և ռոքընռոլը որ մեր սրտերում է
իմ թանկագին կըտըցրած քույրեր ու եղբայրներ
պայծառակերպենք հիվանդներին և չարերին
առեղծվածով բոցավառող անարխիայի ճշմարտությամբ…
ցփնեմ վրե՛դ
ֆաշիստական էմոցիոնալ ամենագիտություն
և գնա մեռի արի սիրեմ- ի սրիկա ռեժիմ
ցփնեմ վրե՛դ…

Print

Մեկ արձագանք Վենդետտա

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

2 − 1 =