hero

Նկուղային պատմության զուգահեռները

Լուսանկարը` Նազիկ Արմենակյան
04/09/2017

 

Վերջին դարաշրջանին բնորոշ է ներողությունը: Ներողություն է հայցում պապը՝ կաթոլիկ եկեղեցու անունից, ինկվիզիցիայի, խաչակրաց արշավանքների, հրեաների հալածանքի, Ամերիկայի բռնի քրիստոնեացման և այլ հանցանքների համար, Ամերիկան նվաճած մի շարք սպիտակներ՝ բնիկներին կոտորելու ու սևերին ստրկացնելու համար։ Հայ հանրությանը ծանոթ է թուրք մի խումբ մտավորականների ներողությունը հայոց ցեղասպանության համար։

Ներողություններ կան նաև ընդամենը 20-30 տարի առաջ արված բռնություների համար, ինչպես Կանադայում ներողության արշավ է ընթանում բնիկների ձեռքից նրանց երեխաներին խլելու ու քրիստոնեական կրթություն տալու համար։ Մինչև անցյալ դարի 80 ականները Կանադայի իշխանությունները բնիկների 150 հազար երեխաների ընտանիքից կտրել, տարել են պետական ինտերնատ դպրոցներ, ուր երեխաներին ծեծել են, շատերին բռնաբարել, 6 հազար երեխա մահացել է(1883 թվին առաջին ինտերնատն է բացվել, 1998֊ին վերջինը փակվել)։ Մշակութային գենոցիդ` այս անունն է ստացել բնիկների երեխաների նկատմամբ այս բռնությունը։ Այս պահին շարունակվում է ներողության արշավը, որ ավելի նյարդայնացնում է բնիկներին, քան մխիթարում։

Իսկ կան բնիկներ, որոնցից ոչ ոք ներողություն չի խնդրում: Չեն խնդրում, քանի որ չկան. Բահամյան կղզիների, Կուբայի, Հայիթիի և Դոմինիկյան հանրապետության արավակները չկան։ Իսկ եթե չես խնդրում, կարծես չեն էլ եղել։ Ներողություն խնդրում են զոհից կամ զոհի ժառանգից, ով իր մեջ կրում է զոհ լինելու հարվածը։ Կարիբյան ավազանի բնիկների ցեղասպանության համար ումի՞ց ներողություն խնդրեն, նրանցից ժառանգ չի մնացել, բոլորին կոտորել են դեռ 500 տարի առաջ. նախ Քրիստափոր Կոլումբոսը, ապա նրան հաջորդած նվաճողները։

Ամերիկացի պատմաբան Հովարդ Զինը իր «Ամերիկայի ժողովրդական պատմություն»[1] գրքում նկարագրում է Կոլումբոսի կատարած նախճիրը.

Արավակները հյուրասեր էին, ձգտում էին կիսել իրենց ունեցածը։ Այդպիսի գծերը վերացել էին Վերածննդի Եվրոպայում, ուր տիրապետում էր կաթոլիկությունը, կառավարում էին թագավորները, և իշխում էր փողի անհագ ծարավը, որը բնորոշ էր ինչպես արևմտյան քաղաքակրթությանը, այնպես էլ նրա առաջին պատվիրակին Ամերիկայում՝ Քրիստափոր Կոլումբոսին։

1492 թվականին Բահամյան կղզիներից մեկում առաջին անգամ բնիկներին տեսնելով՝ Կոլումբոսի աչքը մնում է նրանց ականջների ոսկե զարդերի վրա ու նրանց մեջ տեսնում ծառաների. «Նրանք մեզ բերեցին թութակներ, բամբակե մանվածքների կծիկներ, տեգեր և այլ բազմաթիվ իրեր, որոնք փոխանակում էին ապակե ուլունքների ու բազեով որսի զանգակների հետ… և բարի կամքով ինչ ունեին մեզ էին տալիս… Նրանք պետք է որ խելոք ծառաներ լինեն, հերիք է հիսուն մարդ, որ նրանց բոլորին դարձնի խոնարհ և ստիպի անել ամեն ինչ»։

Սկսվում է ոսկու խելագար փնտրտուքը, բնիկներին էլ ստրկացնում են՝ աշխատեցնում հանքերում ու տանում Իսպանիա վաճառելու։

Արավակները փախչում են լեռները և դիմադրում, իսկ իսպանացիները, երբ բռնում են նրանց կախում կամ կենդանի վառում են։ Արավակները սկսում են զանգվածային ինքնասպանություններ գործել, թույն են խմում, սպանում են երեխաներին, որ իսպանացիների ձեռքը չընկնեն։ Երկու տարվա մեջ Հայիթիի բնակչության կեսը՝ 250 հազար մարդ զոհվում է։ 1515֊֊ին մնացել էին 50 հազար բնիկ, իսկ 1550-ին՝ 5 հազար։ 1650 թվի հաշվետվության համաձայն կղզում չկային ո՛չ արավակներ, ո՛չ էլ նրանց սերունդներից։

Զինը մեջբերում է արավակների մասին պատմող Կոլումբոսի արշավանքներին մասնակցած հոգևորական Բարտոլոմե դե լաս Կասասի «Հնդկաստանի պատմությունը» բազմահատոր գրքից. «Ամուսնական օրենքներ գոյություն չունեն, և՛ տղամարդիկ, և՛ կանայք ընտրում են զույգ, իսկ հետո, երբ ուզեն, թողնում են զուգընկերոջը առանց վիրավորաքների, խանդի, չարության։ Բնիկները արագ աճում են, հղի կանայք աշխատում են մինչև վերջին վայրկյանը, ծննդաբերում են գործնականորեն առանց ցավի և արդեն հաջորդ օրը լողանում են գետում և դառնում այնքան մաքուր ու գեղեցիկ, ինչպես մինչ ծննդաբերելը։

Բազմաթիվ վկայություններ ցույց են տալիս հնդկացիների փափուկ և խաղաղասեր բնավորությունը, իսկ մեր գործն է՝ սերմանել չարություն, ավերել, սպանել, հաշմել և ոչնչացնել, և այդ պատճառով քիչ զարմանալի է այն, որ նրանք էլ են փորձել մեզնից ինչ-որ մեկին սպանել։

Ճիշտ է, որ Ադմիրալը և նրա հետ եկածները կույր էին և այնքան տարված թագավորին գոհացնելու ձգտմամբ, որ անուղղելի հանցանքներ արեցին հնդկացիների նկատմամբ։

Իսպանացիները առանց մտածելու կարող են մորթել տասնյակ հնդկացիներ և կտրտել նրանց մարմնի մասերը, որ ստուգեն, թե ինչքան սուր են իրենց դաշույնները»։

Լաս Կասասը ասում է, որ երբ այցելում է Կարիբյան ավազան «այնտեղ բնակվում էր 60 հազար մարդ, ներառյալ հնդկացիներին։ Ստացվում է, որ 1494-1508 թվերին 3 միլիոնից ավել բնիկներ վերացել են պատերազմի, ստրկության և հանքերում աշխատելու արդյունքում։ Եկող սերունդներից ո՞վ կհավատա։ Նույնիսկ, ինքս՝ վկան, իմանալով ինչ եմ գրում, դժվարությամբ եմ սրան հավատում»։

Զինը անդրադառնում է նաև, թե ինչպես են իսպանական մյուս գաղութարարները շարունակում սպանդը՝ Հերնան Կորտեսը Մեքսիկայում վերացնում է Ացտեկների պետությունը, Ֆրանցիսկո Պիսառոն Պերույում՝ Ինկերի թագավորությունը, և այդ ամբողջը ոսկու խելագար փնտրտուքի համար։

Ապա Զինը նկարագրում է, թե ինչպես անգլիացիները կոտորեցին հյուսիսային ամերիկայի բնիկներին. մինչ եվրոպացիների հայտնվելը Մեքսիկայից վեր բնակվում էին մոտ 10 միլիոն բնիկներ, մի քանի տասնամյակ անց եվրոպացիների բերած համաճարակներից ու կոտորածից մնաց մեկ միլիոնը։

Այդ ամբողջ կոտորածները արվում էին Աստծո անվամբ, Աստվածաշնչից մեջբերումներով։ Զինը մեջբերում է պեկոտաների կոտորածի մասին պուրիտան աստվածաբան Կոտոն Մեզերի խոսքը. «Մոտավորապես 600 պեկոտի հոգի այդ օրը դժոխք ուղարկվեց»։ Նա նաև մեջբերում է մի հետազորտություն, ըստ որի 1972թվի մնացել էին 21 պեկոտա։

Զինը նկարագրում է Հյուսիսային Ամերիկայի բնիկներին որպես եվրոպացիների հակադրություն.

Իրոկեզների գյուղերում հողը տնօրինում էր համայնքը, և աշխատանքները նրա վրա տարվում էին համատեղ։ Որսի էլ էին գնում կոլեկտիվ և որսը բաժանում էին գյուղի բնակիչների միջև։ Տները համարվում էին ընդհանուր, նրանցում բնակվում էր մի քանի ընտանիք։ Իրոկեզներին խորթ էր հողի ու բնակարանի մասնավոր սեփականության հիմնադրույթը։ Իրոկեզները երեխաներին ուսուցանում էին, որ բոլոր մարդիկ հավասար են։ Իրոկեզների մասին Ֆրանսիացի հոգևորականը 17֊րդ դարում գրում է. «Նրանց պետք չեն աղքատախնամ հաստատություններ, քանի որ նրանց չի կարելի անվանել ոչ հարուստ, ոչ աղքատ… նրանց բարությունը, մարդասիրությունը, սիրալիրությունը նրանց դարձնում է առատաձեռն»։

Ի՞նչն էր մղում Կոլումբոսից սկսած եվրոպացիներին այդպիսի դաժանության ու ագահության։ Զինը Դա տեսնում է նոր ծիլեր տվող կապիտալիզմի մեջ.

«Բնիկների նկատմամբ արյունալի բռնությունների, խարդախությունների ու դաժանությունների ետևում կանգնած էր հզոր ուժ՝ ծնված արևմտյան քաղաքակրթության մեջ, հիմնված սեփականության վրա։ Երբ մարդիկ կարիքի մեջ էին, սկսեց իշխել մրցակցությունը։ «Եվրոպական երիտասարդ կապիտալիստական երկրներին ոսկու, ինչպես նաև ստրուկների ու հողերի հանդեպ խելագար մոլուցքն էր առաջնորդում, դրանք պետք էին վճարելու համար ակցիոներներին, ում միջոցներով էլ զինվում էին արշավախմբերը, նաև ֆինասավորելու համար միապետական բյուրոկրատիան, որ ծաղկում էր Արևմտյան Եվրոպայում. արագացնել նոր, ֆեոդալիզմի միջից աճող, փողի վրա հիմնված տնտեսությունը, մասնակցել այն գործընթացին, որին Մարքսը անվանում էր նախնական կապիտալի կուտակում»։ Այսպիսի դաժան սկիզբ է ունեցել տեխնոլոգիաների, բիզնեսի, քաղաքականության, մշակույթի զարգացած համակարգը, որը պիտի տիրապետեր աշխարհում վերջին հինգ հարյուր տարին»:

Սա մի ծանոթ իրավիճակ է, որ ապրեցին հետսովետական մի շարք երկրներ։ Սովետը՝ աշխարհի ամենամեծ պետությունը, համայնքային երկիր էր, այսինքն նրա ամբողջ հարստությունը մասնավոր սեփականություն չէր, այլ իրավաբանորեն պատկանում էր ամբողջ սովետական ժողովրդին։

Սովետը քանդող ուժերը իրենց հռչակեցին եվրոպական արժեքների կրողներ, իսկ մասնավոր սեփականությունն ու մրցակցությունը՝ հասարակական կյանքի միակ ճշմարիտ ուղի։

Հայաստանում այդ ուժը Հայոց համազգային շարժումն էր, որ ստեղծվեց 1989-ին, 1988֊ին սկսված Ղարաբաղյան շարժման արդյունքում՝ Ղարաբաղ կոմիտեի հիմքի վրա։ Նա օգտվեց Սովետական ամբողջատիրության դեմ հասարակության դժգոհությունից և ազգայնական աճող տրամադրություններից ու իր ստեղծումից ընդամենը երկու տարի անց՝ 1991֊ին զավթեց իշխանությունը։ Եվս մեկ տարի անց արդեն պարզ էր, որ նա այնքան էլ համազգային չի կամ ընդհանարպես համազգային չի, որ այդ «համազգային»֊ը ժողովրդի մի չնչին մասն է՝ մի 300 կամ 500 հոգին, տոկոս էլ չէր, անվանումից մնաց միայն հապավումը՝ ՀՀՇ, 1992-ին սկսվեցին բազմահազար ցույցեր ՀՀՇ֊ի դեմ, բայց արդեն ուշ էր՝ նա արդեն տիրացել էր իշխանության բոլոր ինստիտուտներին։

ՀՀՇ֊ն կոնկիստադորների պես ներխուժեց իրեն անծանոթ աշխարհ և կոնկիստադորների պես որոշեց, որ այն ոչ մեկին չի պատկանում, ուրեմն որպես հայտնագործողներ իրենն է, նվաճեց Սովետական Հայաստանի կառավարման համակարգը ու նրա կառավարության տակ գտնվող ամեն ինչը՝ գործարաններ, ֆերմաներ, ինստիտուտներ, պահեստներ, հանքեր, դպրոցներ ու մանկապարտեզներ, անտառներ ու դաշտեր, և հոշոտեց։

Կոլումբոսը հայտնաբերված երկիրը հայտարարում է թագավորի սեփականություն։ նկարը՝ wikipedia

Կոլումբոսը հայտնաբերված երկիրը հայտարարում է թագավորի սեփականություն։ նկարը՝ wikipedia

Այդ հհշականները, սերտելով կապիտալիզմի դասերը, մերժում էին համայնքը. եթե մի բան համայնքային է, ուրեմն, ոչ մեկին չի պատկանում, և որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, թե այդ «անպատկան» գույքից ինչքան կյուրացնի։ Ու սկսվեց խելահեղ մրցավազքը Հայաստանի ունեցվածքին տիրանալու համար, որի անունը դրեցին նախնական կապիտալի կուտակում ու մրցակցություն։

Սակայն երկիրը ամայի չէր, բնակեցված էր, այդ բնակիչներից ոմանք դեռևս սովետական շրջանից մնացել էին պաշտոններին ու ոչ բոլորին էր հնարավոր ահաբեկելով հեռացնել պաշտոնից, ժամանակ էր պահանջվում նրանցից ազատվելու համար։ Բայց ագահությունը չէր սպասում, ու սկսվեց սպանությունների շարանը, սպանվում էին քաղաքական գործիչներ, գործարանի տնօրեններ, սովետական պաշտոնյաներ, գործարարներ, ի վերջո սպանեցին նաև իրենց զինակցին։ Իսկ 1996 թվի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխող քառյակը՝ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը և Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կեղծեցին ընտրությունները, իրանց դեմ ապստամբած նախկին հհշ֊ականներին լցրեցին բանտերն ու խոշտանգեցին։

ԱԱԾ֊ի նախկին պետ Մարյուս Յուզբաշյանի, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, գործարար Համբարձում Գալստյանի, Երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, Աշտարակի նորընտիր քաղսովետի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, Ղարաբաղի Գերագույն Սովետի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունները ամենաղմկահարույց էին։ Իսկ այլ բազմաթիվ սպանություններ մոռացվել են, ինչպես իմ մորեղբայր Երևանի Սովետական շրջանի միլպետ Արես Անդրեասյանի և մի քանի տարի անց էլ նրա ընկերոջ՝ Գում֊ի տնօրեններից մեկի՝ Նորիկի սպանությունները։ Ինչպես բազմաթիվ սպանություններ, այս երկուսն էլ չբացահայտվեցին։

Բայց երբ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն իշխանությունից հեռացվեցին սպանություններից յոթը բացահայտվեց, որոնց թվում՝ Համբարձում Ղանդիլյանի, Հովհաննես Սուքիասյանի սպանությունները։ Կոլեգիալ որոշումով իրականացված այս հանցագործությունները կոտրվեցին ՀՀՇական Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի վրա։ Ավազակախմբի անդամներին նա աշխատանքի էր ընդունել Ներքին գործերի նախարարություն և գործել էին նրա ցուցումներով։ 2000֊ին նա փախավ արդարադատությունց, և ըստ խոսակցություների՝ ատելությամբ լցված Տեր֊Պետրոսյանի ու ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հանդեպ, որ մենակ թողեցին իրեն։ Ու ՀՀՇ֊ի վերնախավում միշտ վախ կա որ Վանոն ամեն ինչ կպատմի։ Ահա թե ինչու, 2008-ին հանրահավաքներից մեկի ժամանակ Տեր֊Պետրոսյանը հայտարարեց՝ ինձ ընտրելով ընտրում եք Վանո Սիրադեղյանին։ Այդ խոսքը, բնականաբար, բազմությանը չէր ուղղված, այլ հենց Վանոյին՝ ես արդեն իշխանություն չունեի, ինչպե՞ս կողքդ կանգնեի, ինձ էլ կբռնեին, բայց մի չարացի, հենց հնարավորություն ունենամ, հենց իշխանության գամ, վրայիցդ կմաքրեմ ամեն ինչ։

Դեռևս մինչ սպանությունների բացահայտվելը, 1994 թվին Ղարաբաղ կոմիտեի մեկ այլ անդամ՝ Աշոտ Մանուչարյանը հանրահավաքին հայտարարեց՝ Վանո Սիրադեղյանն ու Լևոն Տեր֊Պետրոսյանը ոչ թե սրիկաներ են, այլ մարդասպաններ։

Նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը, ով այդ սպանություները իրականացրած քիլլեր Արմեն Տեր֊Սահակյանի զավակի կնունքի հյուրն էր եղել, նույնիսկ հարցաքննության չկանչվեց[2]։

1998֊ին դատախազ Հենրիկ Խաչատրյանը մի զրույցում վստահեցրել էր, թե արդեն բացահայտվում է Համբարձում Գալստյանի սպանությունը, բայց այդ զրույցից մի քանի օր անց նրան սպանեցին իր գրասենյակում։

Բայց շատ ավելի մարդկանց կյանք է տարել անուղղակի սպանությունները։ Եթե մարդկանցից հանրային ունեցվածքը, առողջությունը պահելու հնարավորությունը, կրթության, տանիք ունենալու, կուշտ լինելու իրավունքները խլվում են, մարդիկ, ապրելու միջոցներ չունենալով, սովից ու հիվանդությունից սկսում են մեռնել կամ փախչել երկրից։

Առաջին նախագահ Լևոն Տեր֊ Պետրոսյանի իշխանության տարիներին արտագաղթել է 580 հազար մարդ, բնակչության մոտ մեկ վեցերորդը։ Այդ տարիներին երկրի բնակչության նվազմանը զուգահեռ Սովետական տարիների համեմատ ավելի քիչ մարդ է ծնվում ու ավելի շատ մահանում. 1986-ին ծնվել է 81 հազար 192, իսկ տասը տարի անց 1996֊ին կրկնակի քիչ՝ 48 հազար 134:

1986-ին մահացել է 19 հազար 410, իսկ 10 տարի անց 5 հազարով ավել մարդ է մահացել՝ 1996֊ին 24 հազար 234, ևս 10 տարի անց 2015-ին 27 հազար 878։

Ուրեմն, միայն ՀՀՇ֊֊ի իշխանության տարիներին ամեն տարի 5 հազարով ավելի մարդ է մահանում, այն դեպքում, երբ բնակչությունը կես միլիոնով պակասել էր։ Այդ ի՞նչ մահվան աճ է, ՀՀՇ֊ի կողմից ունեցվածքի հետ նաև կյանքե՞ր խլվեցին։ Հայաստանի անկախության շրջանի 25 տարվա վիճակագրության մեջ մահերի առնվազն մեկ չորրոդը անուղղակի սպանություն է, որի հանցավորը իշխանությունն է և ՀՀՇ֊ի հիմնադրած համակարգը՝ կապիտալիզմը։

Տեր֊Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Վանո Սիրադեղյան, լուս. aravot.am

Տեր֊Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Վանո Սիրադեղյան, լուս. aravot.am

***

Հովարդ Զինը ասում է որ Ամերիկայում սևերի ստրկությունը պատմության մեջ երբևէ եղած ամենադաժան ստրկատիրությունն էր, և այդ դաժանության պատճառներն էին կապիտալիստական գյուղատնտեսության մեջ արմատավորված խելագար ձգտումը անսահման շահույթի և ռասսայական ատելությունը՝ սպիտակը միշտ տեր է, սևը՝ ստրուկ։

Զինի խոսքերով. «մոտավոր հաշվարկներով հարյուրամյակների ընթացքում ամենաառաջադեմ երկրների՝ արևմտաեվրոպացի և ամերիկացի ստրկավաճառներն ու հողատերերը ստրկության մեջ շահագործել և սպանել են մոտ 50 միլիոն աֆրիկացի»։

Հայաստանում էլ, կապիտալիզմի հաջորդ փուլը, գույքի յուրացմանը զուգահեռ, արդեն սեփական ձեռնարկություններում աշխատավորներին անխնա շահագործելն էր։

Ստրկատիրություն չկա, դարը փոխվել է, բայց Հայաստանում աշխատավորի պաշտպան էլ չկա։

Սովետական սեփականաշնորհված գործարանի մի բանվոր պատմում էր, որ ստիպում են 10-12 ժամ աշխատել, կանչում են նաև հանգստյան օրերը, աշխատավարձը չնչին՝ 120 հազար դրամ, իսկ եթե բողոքես, ապա կօգտվես քո միակ իրավունքից՝ կազատեն աշխատանքից։ Նա չէր ուզում իր պատմածները հրապարակվի, բայց ահա մեկ ուրիշ աշխատավոր գործից դուրս գալուց հետո բարձրաձայն խոսեց, քանի որ էլ կորցնելու բան չուներ, այսուհանդերձ խոսեց անանուն։ 4 տարի առաջ «Տանջանքների ու նվաստացման տարի ՍԱՍ սուպերմարքեթում» նյութը հրապարակվեց tert.am֊ում[3].

Ութ ժամ լարված աշխատանք, առանց շաբաթ-կիրակիի, ընդմիջումը ընդամենը 15 րոպե, պիտի հասցնես ուտել, թե չէ վրադ կգոռան, և այդպես մեկ տարի, առանց օրինական աշխատանքի ընդունվելու։ Այսպիսին է ՍԱՍ սուպերմարքեթի հսկիչ-վաճառողի օրը, այն երիտասարդ սիրունատես աղջիկների, որոնց հաճախարդները տեսնում են մթերքներ դասավորելիս, սայլակ տրամադրելիս և այլն: Հաճախ ութ ժամից էլ ավել են աշխատում. «Ստիպում են էլի մնաս, մի ժամ մնա, էրկու ժամ մնա»:

Եվ այս շահագործումը սևով, առանց աշխատանքի ընդունման ու ութսուն հազար դրամ աշխատավարձով:

Գոյություն չունի աշխատավորներին պաշտպանող ոչ մի կառույց, արհմիություն հիշեցնող մի բան։ Իսկ քաղաքական ամեն մի նոր ընդդիմություն կրկնում է իր նախորդին՝ խոսելով բիզնեսի շահերի պաշտպանության մասին։

Աշխատավորներին միայն «ցուցափեղկում» են ներկայացնում, միայն հեռուստալուրերի ռեպորտաժներում, ուր մուգ կոստյումներով տղամարդիկ երկրի նվաճումները տեսնելու շրջայցի ժամանակ դիտում են հաստոցների առաջ գլխաշորով բանվորներին։

***

Այն ինչ վերցրել ես, արդեն քոնն է, ուրեմն, անունն էլ դու պիտի դնես։ ՀՀՇ֊ն երկիրը յուրացնելուն զուգահեռ սկսեց նաև անվանափոխել բնակավայրերն ու փողոցներն ու տապալել խորհդային արձանները։ Երևանի անվանափոխման հանձնաժողովը գլխավորեց Մատենադարանի աշխատակից Գևորգ Տեր֊Վարդանյանը, և կենտրոնի փողոցները անվանափոխեց այն անուններով, որոնք կարդացել էր Մատենադարանի պահոցներում՝ Գորկին՝ Կորյունի, Ղուկաս Ղուկասյանը՝ Փարպեցու, Սահակ Տեր֊Գաբրելյանը՝ Կողբացու, Մարքսը՝ Խորենացու, Լենինը՝ Մաշտոցի, Կարմիր բանակինը՝ Գրիգոր Լուսավորչի, 26 կոմիսարները՝ Ագաթանգեղոսի, Սվերդլովը՝ Բուզանդի, Թափաբաշինը՝ Հովհաննես Կոզեռնի ու Սուրբ Հովհաննեսի, Չկալովը՝ Սիմոն Երևանցու, Ամիրյանը՝ Վռամշապուհ արքայի (հետագայում նորից վերականգնվեց հին անվանումը)։ Արդյունաբերական քաղաքին հագցրեցին վաղ միջնադարյան կղերական զգեստ։

Ժողովրդավարության ճամփաների որոնման դարաշրջանում Երևանի փողոցների մի խումբ էլ անվանափոխվեց միապետների անուններով՝ Արշակունյաց, Արտաշեսյան, Ռուբինյան, Տիրգան Մեծ և այլն։

Ի՞նչ կլիներ, եթե հանձնաժողովի նախագահը քիմիկոս լիներ, արդյո՞ք Մենդելեևի աղյուսակի տարրերով կանվանափոխեր փողոցները։ Գուցե նյութերի չեզոք բանաձևերը ա՞յլ քաղաքականություն բերեին։

Չէ, դժվար թե, Ամերիկան նվաճողներն էլ կրոնական անուններ սկսեցին դնել բնակավայրերին ու փողոցներին՝ Սան Անտոնիո, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելոս, Սան Պաուլո, Սան Ժոզե, Սան Անտոնիո, Սեն Ժան և այլն։

1990֊ականներին ո՞վ էր հասկանում, որ անվանափոխությունները ոչ թե բռնապետության հետքը ջնջելու համար էին, այլ վերացնելու այն վկայությունները, որոնք հիշեցնում էին համայնքային կյանքը, մի աշխարհ, ուր չէր իշխում մրցակցության մոլուցքը, սեփականությունը ընդլայնելու անսպառ ագահությունը, ուր մարդու բնույթը եսասիրությունն ու սեփական շահը բավարարելու ձգտումը չէր, ուր կար մարդու այլ բնույթ։

Այլապես ինչո՞ւ մի գաղափարախոսությունը բռնությամբ պարտադրող Կարմիր բանակի անունը փոխում են, տեղը դնում մեկ ուրիշ բռնացողի՝ Գրիգոր Լուսավորչի անունը, ով հրով ու սրով քրիստոնեությունը պարտադրեց ու ջնջեց մի ամբողջ մշակույթ։

Այլապես ինչո՞ւ պիտի փոխեին Մարքսի փողոցի անունը ու Պոլիտեխնիկ ինստիտուտի դիմացից հեռացնեին Մարքսի կիսանդրին, ի՞նչ վնաս էր տվել Մարքսը։ Ժամանակ պիտի անցներ հասկանալու համար, որ Մարքսի հայացքը խանգարում էր սեփականացմանն ու շահագործմանը, և Մարքսի կիսանդրու տեղը առաջացած դատարկությունը խորհդանշելու էր մի նոր անարդար աշխարհ, նոր բարոյականություն, ուր պատվաբեր է հարստանալը և անպատվաբեր՝ զուսպ կյանքը։

Պոլիտեխնիկ համալսրանի դիմաց Մարքսի կիսանդրու դատարկ տեղը

Պոլիտեխնիկ համալսրանի դիմաց Մարքսի կիսանդրու դատարկ տեղը

Այո, այսօր արդեն հասկանալի է, որ այդ բոլոր անունները չէին փոխվում այն պատճառով, որ Սովետը բռնապետություն է, այլ որ այդ երկրում սոցիալիզմ կար կամ սոցիալիզմի տարրեր, ուր հավասարություն էր, մարդիկ անվճար կրթություն էին ստանում, հիվանդանալիս փողի մասին չէին մտածում, տանիք ունեին և ապահովված ծերություն։

Նորընծա հակասովետները հիմա կառարկեն, թե կոմունիստական նոմենկլատուրան կոռումպացված էր, լավ էլ հարստանում էր ու երկրում անհավասարություն էր։

Իհարկե, իշխող ռայկոմի քարտուղարների, տրեստի կառավարիչների, մինիստրների ու միլպետների փոքրամասնությունը՝ կոմկուսի տոմսերով այդ հակակումունսիտները, ճոխ կյանքով էին ապրում, բայց նրանք պետք է թաքցնեին իրենց հարստությունը, քանի որ հարուստ լինելը խորհրդային բարոյականության մեջ անպատվաբեր էր, հասարակությունը, մանավանդ Ռուսաստանում, հարուստ մարդկանց նկատմամբ բացասաբար էր տրամադրված։

Սովետում ապրածներս տեսել ենք, որ մարդկանց մեծամասնությունը այլ խառնվածք ուներ. հարստության, անընդհատ կուտակելու ձգտումը չէր նրանց կյանքի նպատակը։ Կարգերը փոխվեցին, ու հակառակը դարձավ. հարուստ լինելը բարոյապես բարձրն է, ժուժկալ կյանքը՝ անպատվաբեր։ Սովետի փլուզումից հետո եկավ նոր բարոյականություն, նոր ռուսներ և նաև նոր հայեր։

Ուրեմն, կրկին շեշետենք, մենք արդեն գիտենք, որ նրանք անվանափոխությունը չէին անում բռնության դեմ լինելու համար, քանի որ իրենք դարձան բռնացողներ, չէին անում, որովհետև Սովետի ստալինյան շրջանում անմեղ մարդիկ էին գնդակահարվում, քանի որ իրենք դարձան մարդասպաններ, չէին անում մենիշխանության դեմ լինելու համար, քանի որ իրենք դարձան միապետներ։

Խորհդային Միության տարիներին ե՞րբ է վերջին անգամ ԱԱԾ֊ում մարդ խոշտանգվել կամ սպանվել։ Բրեժնևյան շրջանի դիսիդենտները պատմում էին, որ ԱԱԾ֊ում իրենց չէին ծեծում։ ՀՀՇ֊ն վերականգնեց վերացած ավանդույթը, երբ ԱԱԾ֊ի պետ նշանակվեց ՀՀՇ֊ի լիդերներներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, և նրա գրասենյակի հարևանությամբ, ԱԱԾ֊ի մեկուսարանում 1995֊ին խոշտանգումներից սպանվեց դաշնակցական Արտավազդ Մանուկյանը։

գրությանս արձագանքեց արվեստագետ Ռոբերտ Աբրահամյանը հրապարակելով Մարքսի կիսանդրու լուսանկարը

գրությանս արձագանքեց արվեստագետ Ռոբերտ Աբրահամյանը հրապարակելով Մարքսի կիսանդրու լուսանկարը

***

«Ելք» դաշինքի Երևանի ավագանու խմբակցությունը օգոստոսյան օրերին ներկայացրել է առաջարկ, ապա նախագիծ անվանափոխելու այն փողոցները, որոնք մնացել են դեռևս բոլշևիկյան անուններով։ Օգոստոսի 28֊ին մամուլը հաղորդում է.

«Նախագծով դաշինքն առաջարկում է անվանափոխել Երևան քաղաքի հինգ փողոց. Լենինգրադյան փողոցը` Արցախյան պետարազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի, Կասյանը` կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի, Միկոյանը` հայազգի գործարար բարեգործ Քըրք Քըրքորյանի, Ամիրյանը` Վռամշապուհ արքայի, Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների անվամբ, Իսակովի Պողոտան Լենինդգրադյան փողոցին միացնող փողոցը` Մոնթե Մելքոնյանի անվամբ»:

Դեժավյու է, բայց մի այնպիսի դեժավյու, ուր հանդիսատեսը պայծառատես է ու տեսնում է այն ապագան, որին ուղղված է անվանափոխությունը, քանի որ այդ ապագան իր կյանքն է եղել, մի անգամ եկել է, դարձել ներկա։

Եթե 1990ական թվերի համար հարցնում ենք՝ ո՞վ էր ենթադրում, թե ինչ նպատակով են փոխում անունները, այլևս այդ հարցերը պատասխան են ստացել, արդեն 90֊ականների միամիտները փոխվել են, տեսել են, թե ովքեր են անվանափոխողները և որն է նրանց նպատակը։

Ուրեմն, Ելք դաշինքի առաջնոդներից մեկը Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն է։ Նա ղեկավարում է Հանրապետություն կուսակցությունը, որ բաժանվեց Հանրապետական կուսակցությունից միայն այն բանից հետո, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արամ Սարգսյանին հեռացրեց վարչապետի պաշտոնից։ Իսկ վարչապետի պաշտոնը նրան տրվել էր որպես ժառանգություն, միայն մի բանի համար, որ նա եղբայրն էր սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի։

1999 թվի հոկտեմբերի 27֊ին զինյալների խումբը ներխուժեց ԱԺ, և Նաիրի ու Կարեն Հունանյան եղբայրները սպանեցին ութ պաշտոնյաների, որոնց մեջ ԱԺ նախագահ Կարեն Դենիճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Իշխանության մի հզոր թև, գեներալներ, դատախազներ ու նախարարներ, որ վայելում էին Վազգեն Սարգսյանի հովանավորությունը, ըմբոստացան նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ նրան մեղադրելով ահաբեկչության մեջ։ Չէ՞ որ իշխանությունից հեռացավ երկրի ամենահզոր մարդը, և իշխանությունն ամբողջությամբ անցնում էր նախագահին։ Այդ ծանր իրավիճակում Սարգսյանի կատաղած համախոհներին հանդարտեցնելու համար Քոչարյանը անմիջապես, հոկտեմբերի 27֊ից ընդամենը 4 օր անց վարչապետ նշանակեց նրա եղբորը՝ Արամին։ Քոչարյանի քայլը սա էր նշանակում՝ ես չեմ վերցնում այն իշխանությունը, որ պատկանում էր Վազգեն Սարգսյանին, այլ տալիս եմ նրա եղբորը։ Երբ կրքերը հանդարտվեցին, և Արամ Սարգսյանը ցուցաբերեց կառավարության համակարգում իր անպիտանելիությունը, մի քանի ամիս անց, 2000֊ի մայիսին նրան փոխարինեցին մեկ այլ հանրապետականով՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանով։

Արամ Սարգսյանի քաղաքական միակ նվաճումն այն է, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Երբ նշանակվեց վարչապետ, նրան անվանեցին Վազգեն լայթ։

Նորանկախ Հայաստանի ամենադաժան դեմքը Վազգեն Սարգսյանն է: Երբ պաշտպանության նախարար էր, ապա՝ վարչապետ, շարքային հայաստանցիները ամենաշատ ահաբեկված էին նրանից ու ամենաշատ նրան էին ատում։ Նրան սպանելուց հետո արված մի հարցման համաձայն 25տոկոսը հավանություն էր հայտնել սպանությանը։ Բազմաթիվ մարդիկ ցնծում էին նրա մահը. հիշում եմ՝ մի հիմնարկում մեծ խնջույք էր, մեկը Նաիրի Հունանյանի կենացն էր խմում, ասում էր՝ նա կատարել է ժողովրդի ուզածը։ Նաիրի Հունանյանը Սարգսյանին սպանելուց հետո ավտոմատի կոթով խփել էր դիակին՝ գոռալով ՝ հերիք չի՞ ժողովրդի արյունը ծծես։ Իսկ երիտասարդների մի խումբ էլ հիացած Նաիրի Հունանայանով նրա պաշտպանությամբ էր զբաղվում[4]։

Վազգեն Սարգսյանի թաղմանը բանակում խաղաղ պայմաններում սպանված մի զինվորի մայր իր կտրած մազերն էր նետել դիակի ուղղությամբ՝ որպես պատասխան իր կորստի։ Բանակում ամենաշատ հանցագործությունները եղել են այն ժամանակ, երբ պաշտպանության նախարար էր Վազգեն Սարգսյանը. 1996-1998թվերին, միայն այդ երեք տարիներին բանակում խաղաղ պայմաններում սպանվել է մոտ 650 հոգի։

Նա երկու անգամ պաշտպանության նախարար է եղել, պատերազմում պարտություններ կրելու համար 1992֊ի սեպտեմբերին հրաժարկան է տվել, ապա հաղթնակներից հետո 1995֊ին կրկին հետ է ստացել պաշտոնը։ Բայց երբեք իշխանությունից դուրս չմնաց, Տեր֊Պետրոսյանը նրա համար պաշտոններ էր հորինում, նա պետք էր համակարգին, նա այն մարդն էր, ով կճնշեր իշխանության դեմ որևէ ապստամբություն։

Վազգեն Սարգսյանը մի կողմից ահաբեկում էր ժողովրդին, 1994-1995թվերին նրա հրահանգով շուրջկալներ էին կազմակերպում. զինվորականները շուրջկալում էին փողոց կամ ավտոբուս ու բոլոր տղամարդկանց առևանգում ու ուղարկում ճակատ։ Եղել են դեպքեր, երբ ընտանիքի հայրը կորել է, մեկ էլ մի շաբաթ անց նրա դիակն են բերել։ Ամեն զինվորական բռնության կամ հանցագործության մեջ Վազգեն Սարգսյանի պատկերն էին տեսնում։

1995֊ին նրա հրամանով երկրապահները ներխուժեցին յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ, ծեծեցին հավատացյալներին, թալանեցին ունեցվածքը ու տղամարդկանց տարան զինոստիկանություն[5]։

1996֊ին նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ բողոքի ալիքը նա բռնությամբ ճնշեց, ինքն ու իր ընկերները սեպտեմբերի 25֊ին կրակոցներով դուրս եկան անզեն ցուցարաների դեմ, իսկ հետո իր ձեռքով էր ծեծում ձեռքն ընկած քաղաքական հակառակորդներին։ Նրա հայտնի խոսքն է՝ 100 տոկոսով էլ ընդդիմությունը հաղթեր, բանակը չի ճանաչելու ընտրությունները, որը դարձավ Հայաստանում իշխանությունը պահելու ուղեցույց։

Մյուս կողմից էլ ակտիվ մասնակցում էր սեփականաշնորհմանը, իր հարազատ Արարատի մարզի բազմաթիվ ձեռնարկություններ սեփականաշնորհեց մերձավորներին։

ՀՀՇ֊ի իշխանության տարիներին Հայաստանի տնտեսությունը հիմնականում երեք խոշոր կլանների ձեռքն էր, որոնցից մեկը Վազգեն Սարգսյանի կամ արարատյան կլանն էր, մյուսները՝ Թելման Տեր֊Պետոսյանի՝ Լևոնի եղբոր և Վանո Սիրադեղյանի կլաններն էին[6]։

Հայաստանի իշխանության խորհդանիշն է Վազգեն Սարգսյանը, նրան քննադատելը տաբու է։ Պատմությունը չի կարող թաքցնել, որ Հայաստանում երկու եղբայր վարչապետ են եղել, և որ մեկը մյուսից ժառանգաբար վարչապետությունը ստացել է, բայց թե ի՞նչ կա այդ իշխանությունների տակ թաքնված, մութ նկուղում է, և միայն երկրում հեղափոխությունից հետո հնարավոր կլինի բացահայտել Վազգեն Սարգսյանի յուրացումների ու ոճիրների գոնե մի մասը։

Վազգեն Սարգսյանը եղբորը՝ Արամին դարձրեց Արարատի ցեմենտի գործարանի տնօրեն։ Բայց մինչ վարչապետ դառնալն Արամը այլ բանով էլ էր հայտնի դարձել, 1998֊ին Արարատ քաղաքում ԱԺ նախընտրական արշավի ժամանակ ծեծել էր տվել ընդդիմադիր ԱԺՄ կուսակցության անդամներին։

Իսկ նրանց մյուս եղբայրը՝ Արմենը հայտնի դարձավ, երբ բացահայտվեց, որ Հանրային Հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին 2002֊ի դեկտեմբերի 28-ին նրա պատվերով են սպանել։ Արմենին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Դա հնարավոր եղավ այն ժամանակ, երբ մյուս եղբայրը՝ Արամ Սարգսյանը այլևս վարչապետ չէր, դարձել էր ընդդիմություն և Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանի հետ պայքարում էր Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ինչպես Վազգենին Արամը փոխարինեց, այնպես էլ Կարեն Դեմիրճյանին նրա որդին՝ Ստեփանը, ում մեջ Կարեն Դեմիրճյանին էր տեսնում սովետական շրջանը կարոտով հիշող հանրությունը։ Այդպես, նա 2003 թվականի նախագահական ընտրություններում կհաղթեր Քոչարյանին, եթե Վազգեն Սարգսյանի դրած ավանդույթի համաձայն երկու փուլում էլ ընտրությունները չկեղծվեին։ Սակայն ինչպես հայրը, այնպես էլ որդին զինվորագրվել են կապիտալիզմին, Ստեփանն էլ 2008֊ին միացավ հորը հեռացնող Տեր֊Պետրոսյանին և մինչև այսօր էլ մնացել է նրա կցորդը։

2008­ին, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, հաշտություն կնքեց Սարգսյանների ընտանիքի հետ և Արմեն Սարգսյանին չորս տարի նստելուց հետո ներմամբ ազատեց։ Այժմ Արմեն Սարգսյանը Պաշտպանության նախարարի խորհդական է, իսկ Արամ Սարգսյանը շարունակեց մնալ ընդդիմադիրի դերի մեջ և այս տարի ապրիլի 2֊ի ԱԺ ընտրություներում Ելք ընդդիմադիր դաշինքի ցուցակի երկրորդ համարով կրկին դարձավ պատգամավոր։

***

Ինչպես Ամերիկայում բնակավայրերը սրբերով անվանակոչություններից հետո անցան Ամերիկան նվաճողների ու ստրկատիրություն հաստատողների անուններով անվանակոչելուն, այնպես էլ Հայաստանում սրբերից հետո սկսեցին դնել երկրի հարստությունը յուրացնողների անուններով։

Կոլումբոսը արևմտյան հպարտությունն է, նրա անունով է ամերիկյան մայրցամաքի պետություններց մեկը՝ Կոլումբիան, նրա անունով են ԱՄՆ֊ում բազմաթիվ բնակավայրեր՝ մի ամբողջ շրջան, նաև ամենահայտնի համալսարաններից մեկը, Նյու Յորքում հրապարակ, Մադրիդի կենտրոնում բարձր պատվանդանին արձան, Կանադայում նահանգ, Մոնրեալում փողոց և այլն։

Մյուս կոնկիստադորների արձաններն ու փողոցներ կան իսպանալեզու երկրներում։

Կոլումբոսի հուշարձանը Մադրիդի կենտրոնում, լուս. wikipedia

Կոլումբոսի հուշարձանը Մադրիդի կենտրոնում, լուս. wikipedia 

ԱՄՆ֊ի մայրաքաղաքը ստրկատեր Վաշինգտոնի անունով է, մյուս ստրկատիրոջ՝ Ջեֆերսոնի անունով բազմաթիվ հուշարձաններ ու բնակավայրեր կան, ամերիկյան 1 և 2 դոլարանոցների վրա ստրկատեր նախագահների նկարներն են։

Վազգեն Սարգսյանի շրջապատը ցանկանում էր նրան սրբացնել, եթե ստացվեր, ապա նրա անվան բաները կկրեին միևնույն ժամանակ և՛ սրբի, և՛ յուրացնողի անունը։ Բայց եկեղեցին չգնաց այդ քայլին։

Վիքիպեդիան այսպես է գրում. «Վազգեն Սարգսյանի անձի մասին ժողովրդի մոտ դրական կերպար ստեղծելու ուղղությամբ պետական և տարբեր հասարակական շրջանակների կողմից բավականին մեծ աշխատանք է իրականացվել»։ Նրա արձաններն են կանգնեցրել Երևանում, Արարատում, Վանաձորում, Ստեփանակերտում, կենտրոնի փողոցներից մեկը ու մի զինվորական կրթական հաստատություն նրա անունով են դարձրել։

Եվ այսպես, իշխանության պրոպագանդան կարողանում է Վազգեն Սարգսյանի դրական կերպարը ստեղծել, ու այսօր Հայաստանի նոր սերունդը նրան վերաբերում է որպես հերոսի։

Կարեն Դեմիրճյանի անունով էլ կոչվեցին Մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, կենտրոնում մի փողոց։ Իսկ ի՞նչ վաստակի համար:

Սովետական Հայաստանի ամենամեծ աղետի զոհերը Դեմիրճյանի պատճառով են եղել։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժին զոհվեց 24 հազար մարդ, որոնցից 17հազարը Գյումրիում էր։ Գյումրիի զոհերի ստվար մասը զոհվեց Դեմիրճյանի իշխանության օրոք կառուցված անորակ շենքերի պատճառով. մի քանի վայրկյանում բարձրահարկ շենքերն ու նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները ավազաբլուրների վերածվեցին, ու չափահասներ ու երեխաներ փլատակներում մնացին։ Գյումրու այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ասում է. «Շենքերը փլուզվեցին սեյսմիկության արհամարհանքի պատճառով։ Գյումրիի հողերը կավահող են, կավահողի վրա բազմահարկ չեն սարքում, հին շենքերը մնացին, քանի որ ցածրահարկ էին, իսկ բազմահարկերը քանդվեցին: Նաև այն ժամանակվա նորմերը թուլացված էին, պետությունն էր պատվիրատուն և ամեն տարի ասում էր՝ ցեմենտի ծախսը քչացրեք, երկաթի ծախսը քչացրեք, քչացրեք, կողքից էլ գողանում էին, ու շենքեր կային՝ բաց ես անում ավազից բացի ուրիշ բան չկա, քամին էլ որ խփեր, կքանդվեին»:

Այս հանցագործ յուրացումների համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Բայց հենց Սովետը փլվեց, եկան շատ ավելի վատ տարիներ, շուտ մոռացվեց Դեմիրճյանի հանցանքը ու բազմության մեջ նա մնաց որպես «լավ տարիների» խորհդանիշ։

Վազգեն Սարգսյանի կիսանդրին համանուն փողոցում, Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, լուս՝ wikipedia

Վազգեն Սարգսյանի կիսանդրին համանուն փողոցում, Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, լուս՝ wikipedia

1998֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուց հետո, հեղաշրջումն իրականացնող եռյակը՝ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և Ներքին Գործերի ու Անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը որոշեցին նախագահ դարձնել Ռոբերտ Քոչարյանին։ Բայց ինչպե՞ս խուսափեն 1996֊ի կրկնությունից, քանի որ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը կրկին կհաղթեր և կրկին ստիպված պիտի լինեին կեղծել ընտրություներն ու ճնշել կեղծիքների դեմ ապստամբությունը։ Պետք էր ընտրություններին մեջտեղ բերել մի այնպիսի գործիչ, ով շատ ձայն կհավաքեր, և եթե անհրաժեշտ լիներ կեղծել ընտրությունները, չէր ըմբոստանա։ Այդ ժամանակ քաղաքականությունից հեռացած Կարեն Դեմիրճյանը Հայէլեկտրո գործարանի տնօրենն էր։ Վազգեն Սարգսյանը նրան բերում է քաղաքականություն, որ թեկնածությունը դնելով՝ տանի ընդդիմության ձայները։ Այդպես էլ լինում է, հաղթում է Կարեն Դեմիրճյանը, սակայն կրկին կեղծում են ընտրությունները, Դեմիրճյանին գցում երկրորդ տեղ, և այլևս ոչ ոք չի ըմբոստանում։ Իսկ եթե ըմբոստություն չկա, ուրեմն, օրինական հաղթել է Քոչարյանը։ Վազգեն Մանուկյանը երրորդ տեղն է գրավում։ Մեկ տարի անց Վազգեն Սարգսյանը կրկին օգտագործում է Կարեն Դեմիրճյանին, որ նրա միջոցով ինքը լեգիտիմացվի՝ այս անգամ ստեղծելով Միասնություն դաշինքը իր՝ Հանրապետական և Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունների միջև։ Ընտրություներում հաղթում են, որի արդյունքում Դեմիրճյանը դառնում է ԱԺ նախագահ, Վազգեն Սարգսյանը՝ վարչապետ։ Իսկ հետո արդեն Վազգեն Սարգսյանը իր հետ տանում է Դեմիրճյանին գերեզման։

Հայաստանի կոմկուսի նախկին գլխավոր քարտուղար Կարեն Դեմիրճյանը կամ դավաճանեց կոմունիստական գաղափարներին՝ վերածվելով լիբերալների ձեռքին բուֆեր ու կապիտալիստական Հայաստանի ԱԺ նախագահ, կամ էլ ժամանակին սուտ կոմունիստ էր եղել։

Լևոն Տեր֊Պետրոսյանի նվիրյալներն էլ Տեր֊Պետրոսյանին հռչակեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիր, անվանափոխության հանձնաժողովը ձեռներն ընկներ, Հայաստանն էլ կանվանակոչեին Տեր֊Պետրոսյան հանրապետություն։

Նրանց խոսքի մեջ որոշ ճշմարտություն կա, Տեր֊Պետրոսյանը, 1991ին դառնալով Գերագույն խորհրդի նախագահ, ապա մեկ տարի անց հանրապետության նախագահ, գլխավորեց Սովետական Հայաստանի հարստությունը նվաճելու արշավը, նա կապիտալիստական կարգերի հիմնադիրներից մեկն էր։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմենի ուսին է դրել ձեռքը։ Վազգեն Սարգսյանի տուն թանգարանում, լուս. Տիգրան սարգսյանի բլոգից

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմենիու հոր՝ Զավենի  ուսերին է դրել ձեռքերը։ Վազգեն Սարգսյանի տուն թանգարանում, լուս. Տիգրան Սարգսյանի բլոգից

***

Նեոլիբերալիզմի սահմանումներից մեկը դիմադրության չհանդիպող կապիտալիզմն է (Դավիդ Մանդել): Աշխարհն այսօր վերադարձել է 500 տարի առաջվա վիճակին, երբ կապիտալիզմը Ամերիկան նվաճելիս գրեթե դիմադրության չէր հանդիպում:

Եվրոպացի գաղութարարների պես Հայաստանում էլ կապիտալիզմը դիմադրության չի հանդիպում։ Հակառակը, ունեցավ հզոր միջազգային հովանավորներ, որոնք մղում էին հնարավորին չափ շատ բան սեփականացնել, հնարավորինս կրճատել սոցիալական ապահովությունը. Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ կառույցներ նպաստեցին, որ հայկական կապիտալիզմը սանձեր չունենա։

Իսկ երբ դիմադրություն չկա, կապիտալի աղբյուրներին տիրանալու համար կռիվը ավելի կատաղի է դառնում։ Այդպես, Հայաստանում էլ կապիտալի երկու թևեր բախվեցին, բայց 2008 թ. մարտի մեկի արյունահեղությանը զոհվեցին շարքային ցուցարաներն ու ոստիկանները։ Մի թևը իշխանությունն էր՝ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մյուսը՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը, ում թիմի առանցքային դեմքերն էին Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, Հայաստանի ամենադաժան դեմքերից մեկը՝ դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Հայաստանի սեփականշնորհումը կատարողներից մեկը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Վազգեն լայթը, ում եղբայրը Տեր֊Պետրոսյանին գահընկեց արեց, և այլ նախկին բարձր ու միջին պաշտոնյաներ, գումարած հենց գործող իշխանության ներսում Տեր֊Պետրոսյանի նվիրյալներ՝ գեներալներ, դեսպաններ և այլն։ Այդ թիմը բաղկացած էր հեղաշրջման հետևանքով ֆինանսական աղբյուները կորցրած կամ մրցակցության մեջ դիրքերը թուլացած մարդկանցից, որ ագահությամբ արշավում էին իշխանության։ Այս թիմին աջակցում էին հազարավոր երիտասարդներ, որոնցից շատերը այսօր Ելքի անդամ են։

Այդ երիտասարդներից էր Խաչատուր Սուքիասյանի հովանավորած «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիր, «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետրանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը։

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո ապրիլի 20֊ի Ուրվագիծ հաղորդմանը Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ Տեր֊Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի հետևորդ է, ասելով թե մինչև 2000թիվը՝ այսինքն այն տարիներին, երբ նախագահ էր Լևոն Տեր֊Պետրոսյանը, և վարչապետ է եղել Վազգեն Սարգսյանը, Հայաստանում իշխանությունը լեգիտիմ էր։ Ապա չորս անգամ համբալ անվանեց այն ընտրողներին, ովքեր ընտրակաշառքով են ձայն տվել։ Երբ հանրության մեջ զայրույթ առաջացավ սոված մարդկանց վիրավորելու համար, Ելքի անդամները սկսեցին պաշտպանել իրենց ընկերոջը։

Այդ ի՞նչ բան է ընտրակաշառքը. նախ մարդկանցից բոլոր ռեսուրսները խլում ու սովի են մատնում, ապա ընչազուրկնեին իրենց ձեռքից կախվածության մեջ գցում, հետո հացի փողի դիմաց իրենց ձայնը ապահովում։

Աղքատությունը միայն ընտրություններում չի շահագործվում, կուսակցություն ու օլիգարխ իրար մեջ հաշիվ մաքրելու կամ իշխանության ու բիզնես ոլորտներ նվաճելու համար փողով ցուցարարներ են բերում հրապարակներ։ 2007-2008-ին նախընտրական ու հետընտրական ցույցերին Տեր֊Պետրոսյանի համար ցուցարար էին բերում 2-3 հազար դրամով, իսկ վրանների տակ գիշերողներին 2-5 հազար դրամ էին տալիս։ Մի օլիգարխի մտերիմ ասում էր, որ մի ցույցի վրա մինիմում 10 հազար դոլար է ծախսվում։ Վերնախավի համար աղքատը մարդ չի, եթե դիմացը դուրս գա, զզվանքով երեսը կթեքի, թիկնապահին կասի՝ հըլը սրան ըստուց տարեք։ Աղքատը նրանց համար վարձու ընտրող, վարձու ցուցարար, մեկ էլ սահմանին՝ մսացու։

Ալեն Սիմոնյանի խոսքի մեջ ակնհայտ է զզվանքը աղքատների, աշխատավորների ու ընչազուրկների նկատմամբ։ Համբալը բեռնակիրն է, սևագործ բանվորը, նա, ով ամեն ծանր գործ անում է, հասարակության անպաշտպան դասակարգը՝ մեր ժամանակների պրոլետարը։ Բուրժուազիայի համար աշխատավոր լինելը վիրավորական է, համբալը վիրավորական բառ է, այդ բառով վիրավորելու մեջ բուրժուական դասակարգի զզվանքն է արտահայտվում չարքաշ աշխատավորի նկատմամբ։

Ալեն Սիմոնյանի բերանով իշխող դասակարգի զզվանքն է արտահայտվում աղքատների նկատմամբ, նրա խոսքը նկարագրում է այդ դասակարգի գոռոզությունը։

Ինչպե՞ս կարող է աշխատավորը կամ ընչազուրկ մեկը կամ համբալը ընտրել Ելքին, եթե Ելքի հայրերը իրենց ընչազուրկ են դարձրել, իսկ Ելքն էլ զզվում է իրենցից։

Գործազուրկի, աշխատավորի կամ համբալի կուսակցությունը չկա, նրանց աչքերով աշխարհին նայողը, նրանց տառապանքը ամոքողը, նրանց ապրումակցող քաղաքական ուժ գոյություն չունի Հայաստանում, ուրեմն, նրա ձայնը լսող չկա, ուրեմն նա իր ձայնը տալու տեղ չունի։

Եթե բոլորը իրենից զզվում են, կընտրի նրան, ով գոնե մի երկու օրվա հացի փող է տալիս։

Հեղափոխական վիճակում այս վախեցած դասակարգերը վրեժի լավան կթափեն փողատերերի վրա ու նաև հենց նրանց, ովքեր իրենց ձայնը առել են։

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում։ լուս. վարչապետ հովիկ Աբրահմյանը ծաղիկ է դնում, 168.am

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում։ լուս. վարչապետ Հովիկ Աբրահմյանը ծաղիկ է դնում, 168.am

***

«Ելքի» ավագանու խմբակցության մեկ այլ անդամ Տիգրան Ավինյանը «Առավոտին» ասում է, թե ինչու են անվանափոխում փողոցները, և խոսում է Կասյան փողոցի մասին. «Կասյանն այն մարդն է եղել, որ օտար երկրի բանակով ներխուժել է անկախ Հայաստանի Հանրապետություն: Բացի այդ, Կասյանը գլխավորել է տարատեսակ բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, հայ գեներալների գնդակահարությունը: Այստեղ մինիմալ գիտելիք է պահանջվում: Ես ինքս պատմաբան չեմ, բայց լավ տեղեկացված եմ, թե Կասյանն ինչ ներդրում է ունեցել հայ սպաների գնդակահարության հարցում, կարծում եմ, սա անքննելի է եւ միանշանակ, այսինքն, այստեղ Ամերիկա չենք հայտնաբերում»[7]։

Սակայն Ելքը բոլշևիկյան անունները փոխում է, ոչ թե այն պատճառով որ նրանք ոճիրներ են գործել։ Ամիրյանը ի՞նչ ոճրագործ, նա 26կոմիսարներից էր, նրան գնդակահարել են 18թվին։ Ազատականները Ամիրյան փողոցը անունը փոխում են ճորտատիրական թագավորի անվամբ։

Տեր֊Պետրոսյանի, Սարգսյանի, Սիրադեղյանի հետևորդները նրանց հանցանքները թաքցնելով 2000 թվի հետևը, պարզում են, որ դեմ չեն բռնությանը, իսկ հանցագործությունն ու օտար բանակը մանիպուլացիա է ազգայնական և բռնությանը դեմ մարդկանց զգացմունքների հետ։ Նրանք ուղղակի «Ելքի» գրչով շարունակում են գրել ՀՀՇ֊ի պատմությունը, սոցիալիզմի հետքերը ջնջելու ու կապիտալի մենաշնորհի փառաբանման պատմությունը, շարունակում են 25 տարի առաջ սկսված կռիվը սոցիալիզմի դեմ։ Անվանափոխությունը հանցանքի դեմ չի, անվանափոխությունը զզվանքն է համայնավարության գաղափարի նկատմամբ։

Սոցիալիզմը պարտվել է, բայց կռիվը շարունակվում է, քանի որ ազատականները կռվելու բան չունեն. ինչի՞ դեմ կռվեն, մրցակցությա՞ն, սեփականաշնորհմա՞ն, շահագործմա՞ն, իրենք իրենց դեմ հո չե՞ն կռվելու։

Ելքը իր ստեղծման փաստաթղթում հռչակում է, թե եվրոպական մոդելի պետություն է ձգտում կառուցել, կարծես թե Սերժ Սարգսյանը իրոկեզների ֆեդերացիա է կառուցում. 25տարի Հայաստանում եվրոպական մոդելն է՝ հանրապետություն, սահմանադրություն, ազատ շուկա, մրցակցություն, սեփականաշնորհում, ուր համայնական սեփականության ու համայնական կյանքի վերջին մնացորդներն են վերացնում։

ՀՀՇ ֊ական ու Հանրապետական իշխանությունները ամեն ինչ արեցին, որ մոռացվի Սովետական բռնապետությունը, և հիշվի ապահովությունը. բռնապետությունը մնաց, հավասարությունը վերացավ, հալածանքը մնաց, ժողովուրդների բարեկամությունը վերացավ, կոռուպցիան մնաց, հանրային ունեցվածքը վերացավ։

Կհանդիպես սովետական ժամանակների մոլի քննադատների խոսքում, թե Սովետական տարիներին ինքը ճնշված էր, ազատություն չուներ, իսկ այ երբ Սովետը փլվեց, ազատ շունչ քաշեց։ Ինչ-որ մարդկանց համար Սովետի փլուզումը օգտակար եղավ, ինչ-որ մարդիկ հարստացան, ինչ-որ մարդիկ, որ երազում էին փշալարից էն կողմ գնալ, աշխարհ տեսան, ինչ-որ մարդիկ խոսքի ազատության կարիք ունեին, ազատ խոսեցին, բայց նրանց թիվը չնչին է համեմատած այն հարյուր հազարների հետ, ովքեր կորուստներ ունեցան՝ աշխատանք, տուն, մասնագիտություն, արժանապատվություն, առողջություն ու հարազատների կյանք։

Իսկ եթե եվրոպական մոդելը ժողովրդավարությունն է (Զինը պատմում է նաև Իրոկեզների ժողովրդավարության մասին), ապա դեմոկրատ մարդը, եթե նույնիսկ շահել է Սովետի փլուզումից, առնվազն պետք է կարողանա եսասիրությունից դուրս գալ և ապրումակցել հասարակության այն ստվար հատվածին, ովքեր Սովետը կարոտով են հիշում, Սովետը անվանում են՝ «լավ տարիներ», արհեստավոր դարձած ինժեներին, հավաքարար դարձած ուսուցչուհուն, տաքսի քշող ֆիզիկոսին, գործազուրկ քիմիկոսին, ընչազուրկ դարձած բանվորին, սովի մանտված գյուղացուն, վաթսուն տարվա ստաժով սոված ու սառչող թոշակառուին։ Թե չէ դեմոկրատը հո հաշվապահ չի՞, որ արկղի մեջ գցված թերթիկներն է հաշվում։ Բայց կարծես Ելքի համար ժողովրդավարությունը հենց արկղի մեջ քվեն գցելն է, իսկ թե ի՞նչ ճնշման, ի՞նչ շահագործման արդյունքում է քվեն հասել արկղ, նրանց «ժողովրդավարությանը» չի հուզում։ Ինչպես Ալեն Սիմոնյանը նույն հարցազրույցում ապրիլյան ընտրությունները լեգիտիմ որակեց միայն այն պատճառով, որ արկղի մեջ թուղթ գցելը ընթացել է խաղաղ։

***

Փողոցների անվանափոխության ջերմ աջակից պատմաբան, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը գրում է «Հիտլերից ավելի վատ անձի անունով փողոց կա՝ Հիտլերը գոնե իր պետության դեմ չի գործել։ Սարգիս Կասյանն ավելի վատն է՝ նա անցել է թշնամու կողմը և թշնամու բանակով հարձակվել սեփական երկրի վրա»։

Ուրեմն, էլի հարցը ոճիրը չի, բռնությունը չի, ոճրով ու հանցանքով չի որոշվում, էս դեպքում ազգայնական դիսկուրսով են գնահատվում մարդկանց արարքները։ Հիտլերը, հրեա ու գնչու քաղաքացիներին իրավունքներից զրկելով, ապա 6 միլիոն հրեաներին, 1 միլիոն գնչուներին, հազարավոր հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, (միայն 5 հազար երեխաներ), 9 հազար միասեռականներին սպանելով, «իր պետության» դեմ չէ՞ր գործում, իսկ էն գերմանացին, ով աջակցել է «թշնամի» բանակին, դավաճա՞ն էր։

Ազգայնականի գծած պետության մեջ իրենից տարբերը, ուրիշը տեղ չունի, ինչքան ազգայնականը մոլի է, էնքան տարբերվողների վիճակը դժվար է։

Բայց դա չի սկսվել Հիտլերով. 600 տարի շարունակ եվրոպացիները «իրենց պետությունն» էին գծում Ամերիկայում, որի մեջ տեղ չունեին բնիկները, ստրուկները, սերվենտները՝ այն սպիտակները, հիմնականում իռլանդացի, որոնց տանում էին ԱՄՆ շահագործման, սեփականություն չունեցողները, ապա պրոլետարները։

Դարը փոխվել է, ներողություններ են խնդրում, ինչ-որ հավասար իրավունքների մասին օրենքեր կան, բայց դասակարգային ու անհավասարության մշակույթը նույնն է, պարզապես շահագործումն ու խտրականությունը քողարկվել են։

ՀՀՇ֊ն Հայաստանն էլ միացրեց այդ անհավասար, անարդար աշխարհին, ու «գծեց իր պետությունը», որը պատկանում է խոշոր սեփականատերերին ու փողատերերին ու նրանց շուրջ պտտվող քաղաքական ու հասարակական շարժումներին։ Եվ ուր հայրենասիրությունը մի զգացում են սարքել, որով հուզում են աղքատների սրտերը, որ ուղարկեն սահման մսով պաշտպանելու վերին դասակարգերի հարստությունը։

Իսկ ով դուրս գա հենց իրենց դեմ, կորակեն դավաճան, ինչպես հայրենիքի դավաճանության հոդվածով ցմահ դատապարտեցին Նաիրի Հունանյանի խմբի անդամներին։ Պետության ղեկավարներին սպանել էին Հունանյան եղբայրները, սակայն ցմահ ստացան խմբի բոլոր անդամները, ցմահ ստացավ նույնիսկ նա, ով խմբի անդամ չէր, ԱԺ չէր էլ մտել, միայն մեքենայով տարել էր զինյալներից երկուսին ԱԺ` Աշոտ Կնյազյանը[8]։ Դատապարտվածներից երեքը արդեն մահացել են։

Բոլորին խոշտանգել են, բայց Հունանյան եղբայրներին ամենադաժան ու անպատմելի խոշտանգումների են ենթարկել, հիմա էլ եղբայրները մենախցերում են, անմարդկային պայմաններում, նրանց կողքի խցերում եղած բանտարկյալները ասում են, որ Կարեն Հունանյանը խելագարվել է, սակայն նրանց իրավունքերից խոսելը տաբու է հայ իրավապաշտպան և քաղաքական շրջանակներում[9], նրանք մարդիկ են առանց իրավունքի։

Դավաճանի թեման շարունակում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Տիգրան Ավետիսյանը ՖԲ֊ում. «Կասյանը ազգային դավաճան ու տականք ա… պետք ա ուղղակի թքես չհամաձայնվողի վրա»։ Նրա թուքն առաջինն ուղղված էր Պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, ով «Առավոտ»֊ում պաշտպանեց Կասյանին, ասելով, որ նա չէր հայ սպաներին կացնահարելու հրաման տվողը[10]:

Ազատության թղթակիցը, ով աշխատում է մի ռադիոկայանում, որը ղեկավարվում է ստրկատիրոջ անունը կրող մայրաքաղաքից, և որը պատկանում է մի կոնգրեսի, որը պարբերաբար ռմբակոծում է մարդկանց ու երկրներ ջնջում, պատրա՞ստ է թքել Մարտիրոս Սարյանի վրա, ով «Կարմիր բանակի մուտքը» կտավ ունի, Չարենցի վրա, ով բազմաթիվ բանաստեղծութուններ է ձոնել Հայաստանի սովետականցմանն ու հեղափոխության առաջնորդ Լենինին, «Սարոյան եղբայրներ» ֆիլմի ու նրա հեղինակներ Խորեն Աբրահամյանի, Արկադի Հայրապետյանի ու Ֆրունզե Դովլաթյանի վրա, ովքեր խոսեցին այն մասին, որ չկա մի ճշմարտություն, այլ կան իրարամերժ գաղափարներ, որոնք կարող են նույնիսկ եղբայրներին դարձնել մահացու թշմնամիներ։

Այդ ի՞նչ «դավաճանություն» էր, որի արդյունքում ստեղծված երկիրը կուզեր վերադարձնել Հայաստանի Հանրապետության բնակչության կեսից ավելին։ Այդ ի՞նչ «օտար» էր, որ շատերի համար ավելի հարազատ է քան յուրային իշխանությունները, այդ ի՞նչ յուրայիններ են, որ խլում, սպանում ու շահագործում են, որոնցից պրծնելու միակ ձևը «օտար»ություն գնալն է։

A depiction of George Washington at Mount Vernon during a hay harvest. Lithograph after a painting by Junius Brutus Stearns. (Photo by Leemage/Corbis via Getty Images)

Վաշինգտոնը հետևում է բերքահավաքին։ Կտավը Սթերնսի

***

Երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցից մեկը գրկում է կնոջը ու անցկացնում, հետո կրկին շարունակում են քայլել։ Մեկ էլ էն մյուսը ասում է՝ մենք ուխտ էինք արել կնոջ չդիպչել, իսկ դու խախտեցիր ուխտը։ Սա պատասխանում է՝ ես կնոջը թողել եմ էն ափին, իսկ դու մինչև հիմա հետդ բերում ես։

Սովետը չկա, նրանից հիշողություն է մնացել՝ ստվար մասը Սովետը հիշում է որպես նորմալ կյանք, ուր սոված չէին մնում, տանիք ունեին, կրթություն էին ստանում, բուժվում էին, արձակուրդին գնացքով ծովեզրեր էին գնում, ձմռանը չէին սառչում, Սովետական Հայաստանը մի երկիր, ուր մշակույթն էր բարգավաճում։ Նրանք Սովետը կարոտով են հիշում, քանի որ Սովետից հետո իրենք աղքատացան, երկիրը դատարկվեց սոցիալիզմին փոխարինած կապիտալիստական կարգերի պատճառով։ Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ եթե երեք միլիոնին պատկանող հարստությունը բաժանեն հարյուրի մեջ, բաժանողները կհարստանան, մնացածը կաղքատանա, եթե սեփականությունը, ազատ տնտեսական հարաբերություններն ու մրցակցությունը սրբացնես, զոռբաները կհարստանան, զուսպ մարդիկ կկորցնեն, ընչաքաղցները կսեփականացնեն, համեստ մարդիկ ընչազուրկ կդառնան, անխիղճ ագահները կհաղթեն, խղճմտանքով ու զուսպ մարդիկ կպարտվեն մի մրցակցության մեջ, որ իրենք էլ չեն ընտրել։

Այդ ստվար մասը, ձայնազուրկ է, նրանք մամուլով չեն խոսում, ասուլիսներ չեն տալիս, նրանք համրացել են։ Այդ աղքատացած մեծամասնության ձայնը այդպես էլ քաղաքականություն չմտավ, չեկավ այն քաղաքական ուժը, որ ասի՝ հոպ՝ եկել է հավասարության ու արդարության ժամանակը։ Փոխարենը հազար տեսակ ընդդիմություններ են առաջանում, որոնք իշխանության հետ մրցում են, թե ով է ավելի լիբերալ, թե ով է ավելի կապիտալիստ, որոնց մի մասը իշխանությունից դուրս է թռնում, դառնում՝ ընդդիմություն, ու պայքարի գաղափարական ճակատ չունենալով իշխանության հետ, պայքարում են անցյալի դեմ՝ Սովետի դեմ։ Գումարած նաև Սովետից «հալածական»֊ի հաճույքը վայելող արտագաղթած մտավորականները, այն բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչները, ովքեր նոր սկսվող սառը պատերազմում հաճոյանում են Արևմուտքին ու նրա հակառակորդ դարձած կապիտալիստական Ռուսաստանը նույնացնելով Սովետի հետ՝ կռիվ են տալիս մի բանի դեմ, որ չկա: Հիշեցնեմ՝ Սովետը չկա։

Ու երբ Հայաստանի կարգերը փոխելու, կապիտալիզմը տապալելու, կուտակված միլիարդները բաշխելու, սոցիալիզմ կառուցելու տեսլական է հնչում, նորընծա հակասովետների բանակը հարձակվում է՝ թե Սովետը վերականգնում են։

Նրանք այն վանականի պես մինչև հիմա տանում են Սովետը։

Հանգստացեք, Հայաստանում սոցիալիզմ չի կառուցվի, եսասիրությունը այնքան շատ է, որ համայնական մտածողության համար տեղ չի մնացել։

Ելք դաշինքը քննարկում է փողոցների անվանափոխության հարցը, կենտրոնում փողապով Արամ Սարգսյան։ Լուս՝ Լենա Նազարյանի ֆբ էջից

Ելք դաշինքը քննարկում է փողոցների անվանափոխության հարցը, կենտրոնում փողապով Արամ Սարգսյան։ Լուս՝ Լենա Նազարյանի ֆբ էջից

***

Պատմաբան Արա Սանջյանը ՖԲ֊ում գրում է.

«Այս օրերուն Երեւանի մէջ փողոցներու անուանափոխման առաջարկէն ետք ծայր առած սուր քննարկումներուն ու նոյնիսկ փոխադարձ մեղադրանքներուն առթիւ ընդգծեմ թէ իմ պատկերացուցած դասագիրքիս մէջ պիտի չըլլան «հերոսի» ու «դաւաճանի» ուղղակի կամ անուղղակի որակումներ։ Անոնց տեղ, այդ գիրքին մէջ պիտի ներկայացուին տարատեսակ հայեր` իրենց տարբեր համոզումներով, Հայաստանի ու հայութեան ապագային մասին իրենց տարբեր տեսլականներով ու երազանքներով, իրենց երբեմնի ծայրայեղութիւններով, որոնց մէջ բնականաբար նաեւ` նոյն ժամանակաշրջանին ապրած ու յաճախ իրարու դէմ պայքարած հայեր։ Անոնցմէ իւրաքանչիւրը իտէալապէս հաւասար իրաւունք պիտի ունենայ առաջին դէմքով ներկայանալու ընթերցողին ու բացատրելու իր դիրքորոշումը։

Եթէ պատմական որեւէ դրուագի կամ դէմքի մասին ժամանակակիցները կամ յետագայ պատմաբանները արտայայտած են հակոտնեայ կարծիքներ, ապա այդ իրարամերժ կամ փոխլրացնող կարծիքները կողք-կողքի պիտի ներկայացուին ընթերցողին համար։

Հեղինակը հանդէս պիտի չգայ ամենագէտի, բարոյախօսի եւ ազգափրկիչի դիրքերէն։ Ան պիտի փորձէ հնարաւորինս հասկնալի ամփոփել ու պարզաբանել յաճախ բարդ իրավիճակները։

Ընթերցողը` կարդալէ ու մտորելէ ետք, ազատ կ’ըլլայ անոնց մէջ յայտնաբերելու իր «հերոսներն» ու «սրիկաները»` եթէ ի հարկէ ցանկանայ այդ պրիսմակէն նայիլ հայոց պատմութեան»։

Պատմության այսպիսի դասագիրքը հնարավորություն կտար ավելի լավ պատկերացնել մի ժողովրդի պատմություն, որը գոյատևելու համար անընդհատ երկընտրանքների առաջ է կանգնել, առաջացել են իրարամերժ ու թշնամական այնպիսի ճամբարներ, որ պատրաստ են եղել մինչև վերջ միմյանց ոչնչացնել։

Իսկ եթե գրվեր մի այլ պատմությո՞ւն ևս, Հովարդ Զինի «Ամերիկայի ժողովրդական պատմության» մոտեցմամբ, ուր արքաների ու նվաճողների փառաբանման փոխարեն, շահագործման ու ջարդերի պատմությունն է, ուր ոչ միայն օտար նվաճողների բռնություններն են, այլև հենց հայ ժողովրդի իշխող դասակարգերի կողմից շահագործման ու բռնությունների պատմությունը, «իրենց պետությունից», «իրենց եկեղեցուց» դուրս մնացած կամ դուրս շպրտվածների պատմությունը, կախյալ գյուղացիների կամ ճորտերի, որոնց աշխատանքը յուրացնում էին էն միապետական դինաստիաները, ում անուններով անվանափոխեցին Երևանի փողոցները, հեթանոսական աշխարհի էն համայնքների, որոնց ջնջեցին Տրդատ Երրորդն ու Գրիգոր Լուսավորչը, ապա նրանց ժառանգները, պավլիկյանների, թոնդրակեցիների ու մյուս կրոնական խմբերի, որոնց կոտորեցին ու քշեցին Եկեղեցին ու իշխանները, հետո արդեն 20֊րդ դարում դաշնակցական կառավարության շրջանը, ապա էն սփյուռքահայերի, որոնք զոհ գնացին սառը պատերազմի ընթացքում, ապա հայ սպաների, մտավորականների, գյուղացիների, դաշնակցականների, մենշևիկների ու բոլշևիկների, որոնց աքսորեցին կամ գնդակահարեցին ստալինյան իշխանությունները, ապա դիսիդենտերի հալածանքները Խրուշչովյան ու բրեժնևյան շրջանում, ապա արդեն հալածված ու սպանված գործիչների, զինծառայողների, աղքատացած ու շահագործված հազարավոր մարդկանց պատմությունը Հայաստանի երրորդ հանրապետությունում։ Ու նաև ողջ պատմության ընթացքում բոշաների, այլադավանների, սեռական փոքրամասնությունների, կանանց հալածանքները։ Մի խոսքով հալածանքի, շահագործման ու կոտորածի պատմությունը։ Եթե ինչ-որ բան բաց թողեցի հաստատ կավելացնի այդ անհայտ պատմաբանը։

Հայոց ժողովրդական պատմության դասագիրքն էլ գուցե ինչ-որ դեր խաղա՞ր, ինչ-որ մարդկանց փոխեր, բայց ինչքա՞ն, մի՞թե հնարավոր է այնքան փոխվեն, որ հասարակությունը մի համաձայնության գար՝ մերժելու խտրականությունը, բռնությունն ու շահագործումը, իսկ փողոցների անվանափոխման ու հուշարձանների բանավեճը մեկ այլ հարթություն տեղափոխվեր՝ պահե՞լ դրանք որպես հիշողություն, թե՞ ջնջել բոլոր գործիչների անունները։

 


 

[1] Говард Зинн: “Народная история США: с 1492 года до наших дней”, 2006. Пер. с англ. “A People’s History of the United States. 1492” – Present” Howard Zinn

[2] Александр Товмасян «Бандиты под крышей аод»( «Ավազակները ՀՀՇ֊ի տանիքի տակ»), Голос Армении, 17.01.2008

[3] Վահան Իշխանյան «Տանջանքների ու նվաստացման տարի ՍԱՍ սուպերմարքեթում» tert.am֊ում 25 հունիսի, 2013։ tert.am֊ից այս նյութը հեղինակի մյուս նյութերի հետ հեռացվել է, և այն պահպանվում է հեղինակի բլոգում նյութը հրապարակվեց սակայն սյունյակը վերցվեց արխիվն էլ հետը: Այն պահպանվում է հեղինակի բլոգում՝ https://vahanishkhanyan.wordpress.com/2013/06/25/sas/

[4] Տես՝ Վահան Իշխանյան «Հոկտեմբերի 27-ին այլ հայացք.«միայն հենվելով սեփական խիզախության վրա», 27 հոկտեմբերի, 2011, tert.am : Այս նյութը հեղինակի մյուս նյութերի հետ հեռացվել են tert.am֊ից։ Այն պահպանվում է հեղինակի բլոգում https://vahanishkhanyan.wordpress.com/2011/10/27/hok27/

[5] Վահան Իշխանյան «Խղճի ազատությո՞ւն. որքա՞ն հեռու է գնացել Հայաստանը կրոնական հանդուրժողականության հարցում», 18 հունվարի, 2008, https://www.armenianow.com/hy/features/8088/free_to_believe_how_far_has_armen

[6] Անդրանիկ Թևանյան «Կախարդված տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությունը», 18 հոկտեմբեր 2010, http://www.7or.am/am/news/view/10639/

[7] http://www.aravot.am/2017/08/14/902415/ , 8 օգոստոսի 2017

[8] Քրիստինե Բարսեղյան «Ցմահ ազատազրկում ` վարորդության համար», 16 հունսի 2009, http://archive.ankakh.com/?p=2401

[9] Վահան Իշխանյան «Հոգեկան հիվա՞նդը բանտախցում. իրավապաշտպանները լռում են» tert.am, 30 հոկտեմբեր 2013: Այս նյութը հեղինակի մյուս նյութերի հետ հեռացվել են tert.am֊ից։ Այն պահպանվում է հեղինակի բլոգում https://vahanishkhanyan.wordpress.com/2013/10/30/karen-hunanyan/

[10] «Կասյանը ոչ մի բան էլ չի հրամայել, դա իրականացրել է Գեւորգ Աթարբեկյանը, այդ հրամանը եղել է կեղծիք». Ամատունի Վիրաբյան, 14 օգոստոսի 2017 , http://www.aravot.am/2017/08/14/902386/

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

eight − three =