hero

 

մեռնել՝ փոքր քաղաքում

ապրելուց քաղցր է
մեռնել քեզ համար
և նամանավանդ առավել դյուրին:

փոքր քաղաքի մարդիկ
հաճախ մտածում են մահվան մասին
սակայն անկարող են հավատալ
որ դա այնքան հեշտ է.
նրանք այնպես սովոր են դժվարություններին

փոքր քաղաքի մարդիկ վանում են
մահվան մասին մտքերն իբրև
անհնար մի բան
ինչպես ես վանում եմ մտքերս
քո մասին

ապրելուց հեշտ է մեռնել քեզ համար:
ես սուրճը դառն եմ խմում (վաղուց)
և քաղցրությունն ինձ համար միևնույն է

եթե միայն իմանայիր,
եթե միայն պատմեին քեզ
թե որքան հեշտ են ընկնում
մանկության հերոսները
թե որքան հեշտ եմ մեռնում ես
ամեն առավոտյան՝ առանց հերոսանալու
գուցե հասկանայիր
որ ապրել այսպես ես չեմ կարողանում
այլ միայն մեռնել քեզ համար
ու մեռնում եմ։

եթե միայն իմանայիր
եթե միայն պատմեին քեզ
գուցե գայիր մի օր առավոտյան
սուրճի բույրով
առաստաղից ձգված պարանը կտրելու

 

երկու քայլ ետ

*
երկու քայլ ետ
որտեղ չի թափանցում
լույսը
ես այստեղ եմ.
դու կանցնես իմ առջևով
ու չես նկատի
ինձ,
իմ հայացքը
չի նկատի նաև
ձեռքդ բռնած ջահելն՝
ինքնագոհ, ժպիտը դեմքին:

ես մութ տարածություն եմ
որ երբեք չես անցնի
դու երբեք չես քայլի
երկու քայլ ետ:

 

կիսարթուն օրը

*
կիսարթուն օրը
դաշույնի պես
սրված փողոցների
ու հոգնած անցորդների
աչքերում:
եթե լինեի ես ռեժիսոր
գուցե փոքրիկ մի ֆիլմ
նկարեի
անվերջ երկարող
փողոցների,
մարդկանց՝ որ
երբեք չեն հատի այդ փողոցները
(որովհետև երբեք չեն հավատա ավարտին)
ու կիսարթուն օրը`
այդ կես մարդուկների
և երկար փողոցների
արանքում

ես ռեժիսոր չեմ
ու գրում եմ
բառեր
որ երբեք չեն
ծնվի
երբեք չեն
ապրի
եթե չհավատաս,
չհամակերպվես
այս երկար տողերի՝
որ թվում է չեն
հատվի երբեք,
լացելու աստիճան
երկար այս տողերի
ավարտին

 

մի՛ մոտեցիր պարանին

 

մի՛ մոտեցիր պարանին

մի՛ մոտեցիր պարանին
մի մոտեցիր, լսու՞մ ես

թե չէ ստիպված ես լինելու
հիշել, հիշել մեկ առ մեկ
այդպիսին է կարգը
իսկ կարգը չես փոխի,
այլևս չես փոխի:

կհիշես ընկերների, որոնց
մեջ չկար իսկականը
կհիշես օրիորդների, որ
քեզ կին չդարձան
բոլոր սիրուններին հիշել
չի լինի
տգեղներին հիշիր
կամ նրանց, ում կապում է
քեզ ցավը.

հիշիր ծանոթ-անծանոթներին
հեռու-բարեկամներին
հիշիր պատահական հանդիպումներ
պատանի կռիվներ,
ծխում խեղդված երեկոները հիշիր
ու առավոտներն առանց
սուրճի,
բոլոր-բոլորին հիշիր,
միայն թե ո՛չ քեզ:

մի՛ մոտեցիր պարանին
մի՛ մոտեցիր
խնդրում եմ
ծանր է
սարսափելի ծանր է
հիշելը:

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

4 × one =