w

 

 

Ամերիկյան հասարակության կառուցվածքի յուրօրինակությունները, և այդ հասարակության մեջ մտավորական խավի դիրքը, նեգրո մտավորականի գործառական դերն առանձնահատուկ են դարձնում։ Նեգրո մտավորականը պետք է մոտիկից առնչվի միաժամանակ թե՛ սպիտակ ուժային կառույցի և մշակութային ապարատի հետ և թե՛ սև աշխարհի ներքին իրականությունների հետ։ Սակայն այս դերում հաջողելու համար նա պետք է խորապես գիտակցի ամերիկյան հասարակության դինամիկայի բնույթը և թե ինչպես է այն հետևում հասարակության մեջ դասակարգային շերտավորումների բաղադրիչներին։ . . . Հետևաբար նեգրո մտավորականի գործառական դերը պահանջում է, որ նա բացարձակապես չանջատվի ո՛չ սև, ո՛չ էլ սպիտակ աշխարհից։

—Հարոլդ Քրուզ

«Նեգրո մտավորականի ճգնաժամը» (1967թ.)

Ժամանակակից սև մտավորականը կանգնած է դժվար կացության առաջ։ Հայտնվելով ամբարտավան ամերիկյան հասարակության և անտարբեր սև համայնքի արանքում, մտավոր կյանքին լուրջ վերաբերվող աֆրո-ամերիկացին բնակվում է մեկուսացած ու կղզիացած աշխարհում։ Այս դրությունն իրականում կապ չունի սև մտավորականների շարժառիթների և դիտավորությունների հետ, այլ օբյեկտիվ իրավիճակ է՝ ստեղծված նրանցից անկախ հանգամանքներից։ Այս խորհրդածական ակնարկում ես կուսումնասիրեմ սև մտավորականի երկընտրանքն ու կառաջարկեմ այն հասկանալու և փոխակերպելու տարբեր ուղիներ։

Սև մտավորական դառնալու վերաբերյալ

 Սև մտավորական դառնալու ընտրությունն ինքնապարտադրված լուսանցքայնացման քայլ է. սև համայնքի համար և դրա ներսում մտավորականն ունի ծայրամասային կարգավիճակ։ Աֆրո-ամերիկյան պատմության մեջ գրագիտության ձգտումն իրոք հիմնարար թեմա է և ներքին մղում սև համայնքում։ Բայց սևերն, ինչպես ամերիկացիների մեծամասնությունը, գրագիտությունը սովորաբար ընկալում են ավելի շատ որպես նյութական օգուտներ քաղելու միջոց, քան գրող, արվեստագետ, ուսուցիչ կամ դասախոս դառնալու հնարավորություն։ Պատճառները, թե ինչու են ոմանք որոշում լուրջ մտավորական դառնալ, բազմազան են, բայց շատ դեպքերում դրանք ունեն միևնույն սկզբնաղբյուրը. ազդեցիկ ուսուցչի կամ հավասարակցի հետ դավանափոխության պես մի փորձառություն, որը մեկին համոզել է կյանքը նվիրաբերել կարդալու, գրելու և զրուցելու գործին՝ անձնական հաճույքի, սեփական արժեքի և սևերի (հաճախ նաև այլ կեղեքված մարդկանց) քաղաքական վիճակի բարելավման համար։

Սև մտավորական դառնալու ուղին չափազանց խնդրական է։ Պատճառն այն է, որ ամերիկյան հասարակության մեջ մտավորական դառնալու ավանդական ճանապարհները միայն վերջերս են սև մարդկանց համար հասանելի դարձել, և շարունակում են մնալ դժվար։ Հիմնական ուղիներից են ակադեմիան կամ արվեստի, մշակույթի և քաղաքականության գրագիտական ենթամշակույթները։ Նախքան բակալավրի աստիճան ստացող սև ուսանողներին կսկսեին ընդունել էլիտար սպիտակ համալսարաններ ու քոլեջներ՝ ուշ 1960-ականներին, հատուկենտ սև կրթական հաստատություններ ներունակ սև մտավորականների համար նախնական խթան էին հանդիսանում։ Եվ ամենայն ազնվությամբ, այն ժամանակ համեմատաբար ավելի շատ ու ավելի լավ սև մտավորականներ կային, քան հիմա։ Սևերի քոլեջում հիմնավոր գիտելիք ստանալուց հետո, որտեղ հաստատվում էր նրանց ինքնարժևորումն ու ինքնավստահությունը, լավագույն սև ուսանողներն ընդունվում էին սպիտակների համար նախատեսված առաջատար հաստատություններ՝ պատրաստվելու համակիր, ազատական հայացքների տեր և հաճախ մեծ հեղինակություն վայելող պրոֆեսորների մոտ։ Փայլուն գործիչներ, ինչպիսիք են Վ․ Է․ Բ. Դու Բոյսը,[1] Է․ Ֆրանկլին Ֆրեյժրը[2] և Ջոն Հոուփ Ֆրանկլինը,[3] այս համակարգի արգասիքն էին։ Այն ապագա սև մտավորականների համար, ովքեր ֆինանսական կամ անձնական պատճառներով բաց էին թողել քոլեջում սովորելու հնարավորությունը, մեծ քաղաքային կենտրոններում կային գրողների, նկարիչների, երաժիշտների ու քաղաքական գործիչների գրագիտական ենթամշակույթներ, որտեղ հնարավոր էր ոչ-ավանդական ձևերով կրթվել։ Մեծ անհատականություններ, ինչպիսիք են Ռիչարդ Ռայթը,[4] Ռալֆ Էլիսոնը[5] և Ջեյմս Բոլդուինը,[6] այս գործընթացի արդյունքն էին։

Որքան էլ հեգնական է, այսօրվա ակադեմիան և ժամանակակից գրագիտական ենթամշակույթները սև երիտասարդների համար ավելի շատ խոչընդոտներ են ստեղծում, քան տասնամյակներ առաջ։ Պատճառները երեքն են։ Նախ, որովհետև ակադեմիայում սպիտակ պրոֆեսորների վերաբերմունքը փոխվել է։ Սև ուսանողների, հատկապես ասպիրանտների, համար շատ ավելի դժվար է դարձել լուրջ ընդունվել որպես ներունակ ուսումնագետ և մտավորական՝ շնորհիվ մեր համալսարանների ու քոլեջների կառավարչական էթոսի (որտեղ ուսանողների հետ ավելի քիչ ժամանակ է ծախսվում) և գռեհիկ (ռասիստական) ընկալումների՝ բորբոքված դրական խտրականության (affirmative action) ծրագրերի կողմից, որոնք պղտորում են սև ուսանող-սպիտակ դասախոս հարաբերությունները։

Երկրորդ, գրագիտական ենթամշակույթներն այժմ ավելի փակ են սևերի համար, քան երեք կամ չորս տասնամյակ առաջ, սակայն ոչ այն պատճառով, որ սպիտակ ավանգարդ ամսագրերը կամ ձախական խմբերն ​​այսօր ավելի ռասիստական են, այլ որովհետև քաղաքական և մշակութային թեժ հարցերը, ինչպիսիք են «Սև ուժ» (Black power) շարժման թողած ժառանգությունը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և ամերիկյան քաղաքական դիսկուրսում Աֆրիկայի անտեսանելիությունը, խիստ սահմանազատումներ և հեռավորություն են ստեղծել սև և սպիտակ մտավորականների միջև։ Ավելորդ է նշել, որ առաջատար ազատական ամսագրերում, ինչպիսիք են «New York Review of Books»-ը և «New York Times Book Review»-ն, սևերի ներկայությունն աննշան է, այն համարյա գոյություն չունի։ Ավելի ձախական պարբերականներն, ինչպիսիք են «Dissent»-ը, «Socialist Review»-ն, «The Nation»-ը և «Telos»-ը, կամ ավանգարդ ուսումնագիտական պարբերականներն, ինչպիսիք են «Diacritics»-ը, «Salmagundi»-ն, «Partisan Review»-ն և «Raritan»-ը, մյուսներից շատ չեն տարբերվում։ Եվ միայն «Monthly Review»-ն, «Massachusetts Review»-ն, «Boundary 2»-ն և «Social Text»-ն են, որ համառորեն ջանք են գործադրում սևերի թեմաներին անդրադառնալու համար և սև հեղինակներից ունեն կանոնավոր ներդրումներ։ Նպատակն այստեղ անտարբեր ամսագրերին պարզապես մատնացույց անելը չէ (թեև դա չէ՛ր խանգարի), այլ փորձ է ընդգծել ամերիկյան մտավորական կյանքում ռասայականորեն անջատողական հրատարակչական օրինաչափություններն ու պրակտիկաները, որոնք բնորոշում են սև և սպիտակ մտավորականների միջև եղած անդունդը։

Երրորդ, ամերիկյան մտավորական կյանքի ընդհանուր քաղաքականացումը (ակադեմիայում և դրանից դուրս), աջակողմյա գաղափարախոսական ուղղվածության հետ մեկտեղ, թշնամական մթնոլորտ է ստեղծում սև մտավորականների կայացման համար։ Ինչ-որ չափով միշտ էլ այսպես է եղել, սակայն նախկին ձախ ազատականների մի զգալի հատվածի գաղափարախոսական անձնատուրությունը նորաոճ պահպանողականությանն ու հնաոճ կայսերականությանը սև ուսանողներին և դասախոսներին ակադեմիայում և ազդեցիկ պարբերականներում շատ քիչ դաշնակիցների հետ է թողել։ Այս թշնամական մթնոլորտը պահանջում է, որ սև մտավորականներն օգտագործեն իրենց սեփական միջոցները՝ հաստատությունները, ամսագրերն ու պարբերականները, ինչն իր հերթին ամրապնդում է ամերիկյան մտավորական կյանքի փաստացի ռասայականորեն անջատողական պրակտիկաները։

Սև մտավորական գործունեության ողբերգությունը կայանում է նրանում, որ դրան նպաստող սև հաստատութենական հենքը խարխլված է։ Քաղաքացիական պատերազմից ի վեր, սև մտքի փոխանակման թե՛ ծավալը և թե՛ որակը վատթարագույն վիճակում են։ Չկա որևէ լուրջ սև ակադեմիական ամսագիր, մտավորական հանդես, բարձրակարգ լրագրության պարբերական, կամ նույնիսկ ազգային մակարդակի թերթ։ Կարճ ասած, սև մտավորական դիսկուրսի և երկխոսության ենթակառուցվածք գրեթե գոյություն չունի։ Այս ողբերգությունը, մասամբ, ինտեգրման գինն է, ինչը հանգեցրել է պառակտված ակադեմիական համայնքի մասնագիտական գիտակարգերում սոսկ լուսանցքային սև խմբերի գոյությանը։ ​Սակայն այս ողբերգության պատճառներից մեկը նաև այն է, որ սև մտավորականները հրաժարվում են հաստատել և պահպանել քննադատության և ինքնաքննադատության իրենց սեփական հաստատութենական մեխանիզմներն այնպես, որ մաշկի տարբեր գույն ունեցող մարդիկ կարողանան ներդրում ունենալ դրանց մեջ։ Վերջին տասնամյակում այս հրաժարումը էական է այնքանով, որ այն շատ սև մտավորականների մոտ (որոնց ձևավորման տարիներն անցել են մի տեսակ մտավորական վակուումի մեջ) նվազեցրել է ածելու պես սուր քննադատություն ունենալու ցանկությունը և դրան դիմակայելու կարողությունը։ Այսպիսով, արտաքին թշնամական մթնոլորտից բացի, լուրջ սև մտավորական գործունեության ավանդույթը վտանգված է նաև ներսից։

Մտավորականության ստեղծումը վիթխարի գործ է։ Այդուհանդերձ, սև եկեղեցիներն ու քոլեջները, սպիտակների աջակցությամբ, ֆորմալ կրթություն ունեցող առաջին սև մտավորականների համար ծառայել են որպես միջոց։ Քննադատության սովորության և լուրջ մտքի փոխանակման միջազգային ցանցերի ձևավորումը մեկուսացած և կղզիացած մտավորականությունից գարգանտյուական ճիգ է պահանջում։ Սակայն սև մտավորականները մեծ ընտրություն չունեն. կա՛մ պետք է շարունակեն մնալ մտավոր ընդարմության մեջ ակադեմիայի և գրագիտական ենթամշակույթների եզրին՝ սև համայքի կողմից անտեսված, կա՛մ վարեն ընդվզական ստեղծարար գործունեություն հիմնական հոսանքի լուսանցքներում` խրամատված կատարելապես նոր ենթակառուցվածքներում։

 Սև մտավորականները և սև համայնքը

Մտավորական գործունեության համար սև ենթակառուցվածքների սակավությունը մասամբ բխում է սև մտավորականների անկարողությունից՝ ձեռք բերել հարգանք և սատարում սև համայնքից, մասնավորապես սև միջին խավից։ Ամերիկյան հասարակության ընդհանուր հակամտավորական տրամադրվածությունից բացի, սև մտավորականների նկատմամբ խորը անվստահություն ու կասկած կա հենց սև համայնքի ներսում։ Այս անվստահությունն ու կասկածը բխում են ոչ միայն սովորական մարդկանց հանդեպ մտավորականների գոռոզ ու մեծամիտ վերաբերմունքից, այլ, որ ավելի կարևոր է, սև մտավորականների համատարած մերժումից՝ տեսանելի կերպով, օրգանապես կապված մնալ աֆրո-ամերիկյան մշակութային կյանքին։ Արտամուսնության համեմատաբար բարձր ցուցանիշները, սև հաստատությունների լքումը, ինչպես նաև եվրո-ամերիկյան մտավորական արտադրանքով տարվածությունը սև համայնքի կողմից հաճախ դիտարկվում են որպես միտումնավոր ջանքեր՝ խուսափելու սև լինելու խարանից, կամ որպես ինքնատելության ախտանիշեր։ Եվ սև մտավորական գործունեության աննշան անմիջական ազդեցությունը սև համայնքի և ամերիկյան հասարակության վրա ամրապնդում է սև մտավորականների անկարողության, անգամ անպիտանության մասին տարածված պատկերացումները։ Տիպիկ ամերիկյան ոճով, սև համայնքը գովաբանում է այն սև մտավորականներին, ովքեր աչքի են ընկնում որպես քաղաքական գործիչներ և մշակութային արվեստագետներ․ մտավոր կյանքը չի դիտարկվում որպես ներքին արժանիքների տիրապետում կամ ազատագրող հնարավորությունների ընձեռում, այլ միայն որպես կարճաժամկետ քաղաքական շահ և հասարակական կարգավիճակ ապահովող մի բան։

Մտավորական գործունեության այս աղճատված ընկալումը լայն տարածում ունի հենց սև մտավորականների շրջանում։ Հաշվի առնելով սևերի վերընթաց հասարակական շարժունության խոչընդոտները և միջին խավի հավասարակիցների կողմից կարգավիճակ ու հարստություն ունենալու ճնշումները, շատ սև մտավորականներ սկզբունքորեն նյութական շահ ու մշակութային հեղինակություն են փնտրում։ Եվ քանի որ նրանք հիմնականում տագնապով լցված ու կարգավիճակի ետևից ընկած սև միջին խավից են, նրանց հակվածությունները հասկանալի են և ինչ-որ չափով նաև արդարացված․ մտավորականներից շատերը ճանաչում, կարգավիճակ, իշխանություն, և հաճախ նաև հարստություն են փնտրում։ Նման ձգտումները սակայն պահանջում են, որ սև մտավորականներն ընկղմվեն և դիմեն հենց այն մշակույթին ու հասարակությանը, որոնք նվաստացնում և արժեզրկում են սև համայնքը, որից նրանք սերվում են։ Կոպիտ ասած, սև մտավորականներից շատերը բաժանվում են այս կացությամբ ստեղծված երկու ճամբարի․ «կայացածները», ովքեր օտարացած են սև համայնքից (և սովորաբար վերևից են նայում սև համայնքին), և «չկայացածները», ովքեր արհամարհում են սպիտակ մտավորական աշխարհը։ Սակայն լինելով երկու աշխարհների արանքում և չունենալով կամ ունենալով շատ թույլ սև ենթակառուցվածքային հենք, այս երկու ճամբարները սև համայնքի համար մնում են լուսանցքային։ Հետևաբար, «կայացած» սև մտավորականը, հաճախ անքննադատորեն, անձնատուր է լինում սպիտակ բուրժուական ակադեմիայում գերիշխող հարացույցներին ու հետազոտական ծրագրերին, իսկ «չկայացած» սև մտավորականը պարփակված է մնում աֆրո-ամերիկյան մտավորական կյանքի հետամնաց դիսկուրսներում։ Շլացնող, կեղծ կոսմոպոլիտիզմի և նախապաշարված, մաքրագործող գավառականության այլընտրանքները մշտապես առկա են սև մտավորականների կյանքում։ Եվ սև համայնքը երկու այլընտրանքներին էլ անվստահությամբ ու արհամարհանքով է նայում՝ և ոչ առանց պատճառի։ Դրանցից ոչ մեկն էլ դրականորեն չի ազդել սև համայնքի վրա։ Հայտնի սև մտավորականները, Վ․ Է․ Բ․ Դու Բոյսից և Սթ. Քլեր Դրեյքից[7] մինչև Ռալֆ Էլիսոնը և Թոնի Մորիսոնը,[8] փորձել են հեռու մնալ երկու այլընտրանքներից էլ։

Այս իրավիճակից էլ բխում է սև մտավորականության գլխավոր արգելքը՝ զատորոշելի մտավորական ավանդույթի տևականության համար անհրաժեշտ հաստատութենական մեխանիզմները փոխանցելու և պահելու անկարողությունը։ Ամերիկյան հասարակության ռասիզմը, սև համայնքի աջակցության գրեթե բացակայությունը և սև մտավորականների անորոշ կարգավիճակը խանգարել են մտքի փոխանակման, շփման և երկխոսության հարուստ ժառանգության ստեղծմանը։ Իհարկե եղել են հոյակապ սև մտավորական ձեռքբերումներ, սակայն նման ձեռքբերումները չեն կարող փոխարինել ավանդույթին։

Կուզեի առաջարկել, որ աֆրո-ամերիկյան կյանքում կան երկու բնական մտավորական ավանդույթներ՝ սև քրիստոնեական քարոզչության ավանդույթը և սև երաժշտական ​​կատարողական ավանդույթը։ Երկու ավանդույթներն էլ, թեև մտավոր կյանքի հետ են առնչվում, բանավոր են, իմպրովիզային և թատերական։ Երկուսն էլ արմատավորված են սևերի կյանքում և ունեն այն, ինչից սև մտավորական գործունեության գրագիտական ձևերը զուրկ են. այն է՝ ժամանակի և տարածության վրա հիմնված հաստատութենական մատրիքսներ, որոնցում գործում են ընդունված ընթացակարգեր, դատողության չափանիշներ, կատարումը գնահատելու կանոններ, անցյալի ձեռքբերումների և ներկայի ընդօրինակման մոդելներ, ինչպես նաև գերազանց նվաճումների հաստատված հաջորդականություն ու կուտակում։ Սև քարոզչության և սև երաժշտության ավանդույթների հարստությունը, բազմազանությունը և կենսունակությունն ամբողջովին հակադրված են սև գրագիտական մտավորական արտադրանքի սակավությանը, անգամ աղքատությանը։ Պարզապես չեն եղել այնպիսի սև մտավորականներ, ովքեր իրենց արհեստին կտիրապետեին այնպես, ինչպես Լուի Արմսթրոնգը, Չարլի Փարկերը կամ Պատվելի Մանուել Սքոթը, և այսօր էլ չկան Մայլզ Դեյվիսի, Սառա Վոնի կամ Պատվելի Գարդներ Թեյլորի պես սև մտավորականներ։ Սա ոչ թե այն պատճառով է, որ չեն եղել կամ չկան առաջնակարգ սև մտավորականներ, այլ որովհետև առանց ավանդույթները սատարող հաստատութենական կայուն միջոցների մեծ ձեռքբերումն անհնար է։ Եվ անկեղծ ասած, սև Ամերիկան ​​դեռ պետք է ծնի իր մեծ մտավորականին. միակ բացառությունը Թոնի Մորիսոնն է։ Անշուշտ եղել են արտակարգ մտավորականներ՝ Դու Բոյսը, Ֆրեյժերը, Էլիսոնը, Բոլդուինը, Հըրսթոնը,[9] և շատ ուրիշներ։ Սակայն նրանց ձեռքբերումները չեն կարող համեմատվել այն բարձունքների հետ, որ գրավել են սև քարոզիչներն ու հատկապես երաժիշտները։

Առավել մտահոգիչ է սև գրագիտական մտավորական գործունեության այն հանգամանքը, որ երբ այն, դանդաղորեն զարգանալով սև քրիստոնեական ավանդույթից, սկսեց ավելի սերտորեն փոխազդել աշխարհիկ եվրո-ամերիկյան ոճերի ու ձևերի հետ, թվում էր, թե քսաներորդ դարի երկրորդ կեսում պետք է հատեր հասունության շեմը։ Սակայն մոտենալով այս դարի վերջին, սև գրագիտական մտավորական գործունեությունն անկում է ապրում թե՛ ծավալով, թե՛ որակով։ Ինչպես արդեն նշեցի, սրա հիմնական պատճառը սևերի համեմատաբար ավելի լայնածավալ ինտեգրումն է հետարդյունաբերական կապիտալիստական Ամերիկայի մեջ՝ իր բյուրոկրատացված էլիտար համալսարաններով, ձանձրացնող միջակ քոլեջներով ու փտող ավագ դպրոցներով, որոնք շատ քիչ են մտահոգված կամ չեն հավատում սև ուսանողների մտավորական դառնալու ներունակությանը։ Ավելորդ է ասել, որ սև մտավորականի կացությունն անտարանջատելի է ամերիկյան հասարակությունում սև համայնքի՝ հատկապես սև միջին խավի կացությունից։ Եվ միայն ամերիկյան հասարակության հիմնարար փոխակերպման միջոցով է հնարավոր փոխել սև համայնքի և սև մտավորականի դրությունը։ Ու թեև փոփոխությանն ուղղված մարդկային համամբողջական ծրագրերի հանդեպ քրիստոնեական թերահավատությունս հանդիմանում է արմատականորեն ժողովրդավարական ու ազատամտական (libertarian) հասարակա-տնտեսական և մշակութային կարգերի հանդեպ խորին սոցիալիստական համոզումներիս, պետք է մի կողմ դնեմ այս մեծ հարցերն ու կենտրոնանամ ավելի իրական ուղիների վրա, որոնք կնպաստեն Միացյալ Նահանգներում սև գրագիտական մտավորական գործունեության ծավալի ու որակի բարձրացմանը։ Ստորև կուրվագծեմ սև մտավորական գործունեության չորս մոդել, նպատակ ունենալով խթանել անհրաժեշտ ենթակառուցվածքների բյուրեղացումը։

Բուրժուական մոդելը․ Սև մտավորականը որպես հումանիստ

Մտավորական գործունեության բուրժուական մոդելը սև մտավորականների համար խնդրական է։ Մի կողմից, ռասիստական ժառանգությունը՝ սպիտակ ակադեմիական հաստատությունների և հումանիստական ուսումնագիտության բացառող և ճնշող ազդեցությունները սև մտավորականներին դնում են պաշտպանական դիրքում․ անընդհատ կարիք կա վերահաստատելու և պաշտպանելու սևերի մարդկությունը, այդ թվում նրանց տրամաբանելու, կապակցված մտածելու, հստակորեն գրելու շնորհն ու կարողությունը։ Սև մտավորական գործունեության բնույթն ու բովանդակությունը շատ հաճախ պայամանավորված են եղել սպիտակ ակադեմիայում սովորող սև ուսանողների ուսերին դրված այս անխուսափելի բեռի ծանրությամբ։ Եվ փաստորեն, սև մտավորական կյանքը դեռ շարունակում է մնալ սևեռված այս պատշպանականության վրա, որտեղ «կայացած» սև մտավորականները հաճախ հպարտանում են, որ ընդունված են սպիտակների կողմից, իսկ «չկայացածները»՝ հեգնում իրենց մերժված լինելը։ Այս մտահոգությունը հատկապես սուր է արտահայտված սև մտավորականների առաջին սերնդի մոտ, ում որպես ուսուցիչներ և ուսումնագետներ ընդունեցին էլիտար սպիտակ համալսարաններ ու քոլեջներ (հիմնականում 1968թ.-ից հետո ձևավորված երևույթ)։ Այս մտավորականների և նրանց ուսանողների հուշագրությունների հրապարակմամբ միայն կունենանք այն ազդու պատմությունները, թե ինչպես է այս պատշպանականությունը վնասել նրանց մտավորական գործունեությանն ու ստեղծարարությանը։ Այդուհանդերձ, որքան էլ այսպիսի պայքարներն անձնապես ցավալի են եղել, դրանք պետք է մղվեին, հաշվի առնելով ամերիկյան մտավորական և ակադեմիական կյանքի ռասիստական միջավայրը։ Պայքարներն այս կշարունակվեն, բայց գալիք սերունդների համար շատ ավելի քիչ բացասական հետևանքներով՝ շնորհիվ նախկինում ճանապարհ հարթողների մաքառումների։

Մյուս կողմից, սև համայնքում տիրող պաշարված վիճակը պահանջում է, որ սև մտավորականները շեշտադրեն իրենց աշխատանքի գործնական կողմը։ Եվ սպիտակ բուրժուական ակադեմիայի շնորհած ազդեցիկությունն ու կարգավիճակը, ինչպես նաև հմտություններն ու միջոցներն այն գրավիչ են դարձնում տվյալ պարագայում։ Սև մտավորականների մեծամասնության մոտ գործնականի շեշտադրումն առկա է անկախ նրանց գաղափարախոսական համոզմունքներից (նույնիսկ ավելի, քան տիպական, պրագմատիկ, ամերիկացի մտավորականի մոտ)։ Սրա պատճառը միայն իշխանության հասնելու կենսակերպերը և կարգավիճակին ուղղված դիրքորոշումները չեն, այլ նաև սև մտավորականների համեմատաբար սակավաթիվ լինելը, ինչը ստիպում է նրանց բազմաթիվ դերեր խաղալ հանուն սև համայնքի, ինչպեսև խորացնում է ինքնարդարացման կարիքը. այն, որ ունենալով եզակի հնարավորություններ և արտոնություններ, նրանք իրենց ժամանակը տեղին են ծախսում, որն էլ հաճախ հանգեցնում է ակտիվիստական և պրագմատիկ հետաքրքրությունների։

Բուրժուական մոդելի մեխն ակադեմիայի կողմից վավերացումն ու տեղակայումն է։ Առանց պատշաճ վկայագրի, աստիճանի և դիրքի, բուրժուական մոդելը կորցնում է իր raison d’être-ը։ Ամերիկյան ակադեմիական համակարգն ամբողջովին ներծծված է բուրժուական մոդելի ազդեցությամբ և գրավչությամբ, սակայն այս մոդելի արդյունավետությունը սև մտավորականների համար հավաստի է միայն երբ նրանք ունեն վավերացում և տեղակայում։ Այսպիսի վավերացումն ու տեղակայումը դուռ են բացում դեպի այն բացառիկ ցանցերն ու կապերը, որոնք կարող են օգնել սևերին ներգործել հանրային քաղաքականությունների վրա։ Հենց սա է կարծես եղել էլիտար սպիտակ հաստատություններում կրթված առաջին սև սերնդի նպատակը (թեև նրանց չէին թույլատրում այնտեղ դասավանդել), եթե նկատի ունենանք հասարակական գիտությունների հանդեպ նրանց հետաքրքրությունը։

Հիմնական խնդիրը սակայն այն է, որ բուրժուական մոդելը սև մտավորականների համար գոյութենական և մտավորական առումով բթացնող է։ Գոյութենական առումով այն հաշմող է, որովհետև ոչ միայն պաշտպանականության տագնապներ է առաջացնում, այլև բարգավաճում է դրանց վրա։ Բուրժուական հումանիստական ուսումնագիտության մեջ ստորակարգության անհրաժեշտությունն ու խորը նստած ռասիզմը չեն կարող սև մտավորականներին տալ ո՛չ պատշաճ էթոս, ո՛չ էլ հղացական հենք՝ ձերբազատվելու պաշտպանական կեցվածքից։ Իսկ մտավորական թերարժեքության մեղադրանքներին անհնար է հակադրվել հակառակորդի դաշտում և նման փորձը միայն տանում է դեպի տագնապների խորացման։ Ավելի շուտ դաշտն ինքնին պետք է դիտարկել որպես հնացած կենսաձևի բաղկացուցիչ մաս, որում չարժե սահմանել ժամանակակից դիսկուրսի պայմանները։

Բուրժուական մոդելը մտավորական սահմանափակումներ է դնում, այն առումով, որ գործնական առաջադրանքների և խոնարհ ընդօրինակման ճնշումների ներքո, մեկը ստիպված է լինում անքննադատորեն ընդունել բուրժուական ակադեմիայում գերիշխող հարացույցները։ Բոլոր մտավորականներն էլ անցնում են ինչ-որ աշակերտման շրջան, որում սովորում են հեղինակությունների լեզուն ու ոճը, սակայն երբ նրանց ի սկզբանե արդեն դիտարկում են որպես լուսանցքայնորեն տաղանդավոր, նրանց կարող են կա՛մ չափից ավելի խրախուսել, կա՛մ խաբուսիկորեն չխրախուսել, որ քննադատորեն հարցաքննեն հեղինակությունների կողմից լուսանցքային համարվող հարացույցները։ Այս անբարյացակամ միջավայրը ջլատում է նրանց քննադատավերլուծական կարողությունները և հանգեցնում հմտությունների սահմանափակ, այսինքն՝ վավերական և գործնական կիրարկմանը։

Չնայած այս սահմանափակումներին՝ բուրժուական մոդելը սև մտավորականների մեծամասնության համար անխուսափելի է։ Պատճառն այն է, որ երկրի ամենակարևոր ու լուսավորող դիսկուրսները տեղի են ունենում սպիտակ բուրժուական ակադեմիական հաստատություններում, և որ ավելի նշանավոր մտավորականները դասավանդում են հենց այսպիսի տեղերում։ Էլիտար սպիտակ համալսարաններից ու քոլեջներից շատերը շարունակում են մնալ կրթության, ուսման և վերապատրաստման հզոր դպրոցներ՝ հիմնականում շնորհիվ հսկայական ռեսուրսների և քաղաքացիական ավանդույթների, որոնք ապահովում են կայուն և լուրջ մտավորական նախաձեռնությունների համար անհրաժեշտ ազատ ժամանակն ու միջավայրը։ Եվ ուրեմն, բացի մի քանի լուրջ ինքնուսներից (ովքեր հաճախ ունեն տպավորիչ մտահորիզոն, սակայն չունեն հիմք և խորություն), սև մտավորականները պետք է անցնեն սպիտակ բուրժուական ակադեմիայի (կամ դրա սև նմանակների) միջով։

Սև ակադեմիական վավերացումն ու տեղակայումը կարող են ամերիկյան մտավորական կյանքում հենակետ հանդիսանալ, որպեսզի ստեղծվեն մտավորական գործունեության համար սև ենթակառուցվածքներ։ Ներկայումս սևերը ոչ մեծ, սակայն նշանակալի ներկայություն ունեն սպիտակ բուրժուական ակադեմիական կազմակերպություններում և կարողանում են հրատարակել թերթեր և փոքր պարբերականներ։ Հաջորդ քայլը սև մտավորական ներկայության ավելի լայն հաստատութենացումն է, ինչպես արել է, օրինակ, Նյու Յորքի սև փիլիսոփաների ընկերակցությունը՝ հրատարակելով հանդեսներ, որոնք խարսխված են մի գիտակարգում (բեկումնային ապագա դասախոսների մասնագիտական ուղու համար), սակայն առնչակցվում են նաև այլ գիտակարգերի հետ։ Հարկ է նշել, որ մտավորական գործունեության այսպիսի սև ենթակառուցվածքը պետք է գրավի մաշկի ցանկացած երանգ կամ գույն ունեցող անձանց։ Այս առումով սև գրաքննադատները և հատկապես հոգեբաններն առաջ են այլ սև մտավորականներից, քանի որ հրապարակում են ամսագրեր, ինչպիսիք են «Black American Literature Forum»-ը, «The College Language Association»-ը և «The Journal of Black Psychology»-ն։

Սև ակադեմիական վավերացումն ու տեղակայումը կարող են նաև հանգեցնել մտավորական գործունեության ավելի մեծ սպիտակ ենթակառուցվածքների վերահսկմանը կամ դրանցում զգալի մասնակցություն ունենալուն։ Լայն մասշտաբով սա դեռևս իրողություն չէ։ Անհրաժեշտ է ապահովել ավելի մեծ սև ներկայացուցչություն կարևոր ամսագրերի խմբագրակազմերում, ինչը թույլ կտա ավելացնել սև մտավորական ներկայությունը։ Այս գործընթացը շատ ավելի դանդաղ է ու քիչ տեսանելի, սակայն, հաշվի առնելով բուրժուական մոդելի գերակայությունը, այն պետք է իրականացնեն նրանք, ովքեր հակված են դրան։

Ի վերջո, խորքային առումով, բուրժուական մոդելը սև մտավորականների համար ավելի շատ խնդրի, քան թե լուծման մաս է կազմում։ Բայց քանի որ մեր կյանքի յուրաքանչյուր օրն ապրում ենք այս համակարգում, մեզանից նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում բուրժուական մոդելին, պետք է փորձեն հեղաշրջել այն, մասամբ՝ սպիտակ բուրժուական ակադեմիայի ներսից։ Սև մտավորականների և նրանց ոչ-սև առաջադեմ մտավորական դաշնակիցների համար, սա նշանակում է ստեղծել և ընդլայնել սև մտավորական գործունեության ենթակառուցվածքները։

Մարքսիստական մոդելը․ Սև մտավորականը որպես հեղափոխական

Սև մտավորականներից շատերը ծնկային ռեֆլեքսի անմիջականությամբ են հակազդում բուրժուական մոդելի խիստ սահմանափակումներին (ինչպես նաև կապիտալիստական հասարակությանը). այն է, որդեգրում են մարքսիստական մոդելը։ Վերջինս բավարարում է սև մտավորականության որոշ հիմնական կարիքներ՝ ունենալ հասարակական այժմեականություն, քաղաքական մասնակցություն և կազմակերպչական ներգրավվածություն։ Այս մոդելը նաև մուտք է ապահովում դեպի ամենաքիչ այլատյաց սպիտակ մտավորական ենթամշակույթ, որ հասանելի է սև մտավորականներին։

Մարքսիստական ​​մոդելն արտոնում է սև մտավորականների գործունեությունը և նպաստում նրանց մարգարեական դերին։ Սակայն, ինչպես Հարոլդ Քրուզն է նշել,[10] նման արտոնումը չափազանց սահմանափակող է և հազվադեպ է կարևորում սև մտավորական գործունեության տեսական կողմը։ Կարճ ասած, մարքսիստական արտոնումից հաճախ մեծամտության հոտ է գալիս, որը նեղացնում է սև մարգարեական դերը խոսնակների կամ կազմակերպիչների. սև մտավորականներին հազվադեպ է թույլատրվում հանդես գալ որպես ստեղծագործ մտածողներ, ովքեր արժանի են լուրջ քննադատական ուշադրության։ Պատահական չէ, որ այն բազում սև մտավորականները, ովքեր վերջին վաթսուն տարիների ընթացքում տարված են եղել մարքսիզմով, դեռևս պետք է ծնունդ տան մի նշանավոր մարքսիստ տեսաբանի։ Միայն Վ․ Է․ Բ. Դու Բոյսի «Սև վերակառուցում»-ը («Black Reconstruction», 1935թ.), Օլիվեր Քոքսի «Կաստա, դաս և ռասա»-ն («Caste, Class, and Race», 1948թ.) և ինչ-որ չափով Հարոլդ Քրուզի «Նեգրո մտավորականի ճգնաժամը» («The Crisis of the Negro Intellectual», 1967թ.) կարող են համազոր թեկնածուներ լինել այդ կոչման համար։ Սա մարքսիստական ճամբարում սև մտավորական տաղանդի բացակայության պատճառով չէ, այլ որովհետև չկա այնպիսի ավանդույթ ու համայնք (ազդու քննադատական փոխանակում), որը թույլ կտա նման տաղանդի ծաղկում։

Ի հակադրություն բուրժուական մոդելի, մարքսիստական մոդելը սև մտավորականների մոտ ո՛չ պաշտպանականության կարիք է առաջացնում, ո՛չ էլ կարճաժամկետ հանրային քաղաքականությունների համար պատշաճ վերլուծական ապարատ է տրամադրում։ Ավելի շուտ այն հանգեցնում է սև մտավորական ինքնագոհության, ինչը հաճախ խանգարում է աճին․ այն նաև ընդգծում է հասարակական կառուցվածքային սահմանափակումները, գրեթե չառաջարկելով որևէ գործնական քայլեր իրադրային (կոնյուկտուրային) հնարավորությունների համար։ Այս ինքնագոհությունը հանգեցնում է կա՛մ ներկուսակցական խմբավորումների կամ նախակուսակցական ձևավորումների ներսում դոգմատիկ ենթարկության և վերընթաց շարժման, կա՛մ բուրժուական ակադեմիայում լուսանցքային տեղակայման, որտեղ տիրում է կռվարար մարքսիստական հռետորություն և երբեմն խորաթափանց վերլուծություն՝ լիովին կտրված սև համայնքի բովանդակ դինամիկայից, շոշափելի իրականություններից և առաջադիմական հնարավորություններից։ Հասարակական կառուցվածքային սահմանափակումների վրա սևեռվածությունը հաճախ հանգեցնում է անմիտ, քիլիաստական կանխատեսումների կամ կաթվածահարող, հոռետեսական հայտարարությունների։ Նման կանխատեսումներն ու հայտարարությունները վերաբերում են թե՛ սև մարքսիստ մտավորականների ինքնապատկերացմանը և թե՛ սև ազատագրական շարժման հեռանկարին։

Հաճախ պնդում են, որ «մարքսիզմն արմատականացած, բուրժուական մտավորականության կեղծ գիտակցությունն է»։ Սև մտավորականների համար մարքսիստական մոդելը գործում է ավելի բարդ ձևով, քան այս մակերեսային ձևակերպումն է ենթադրում։ Մի կողմից, մարքսիստական մոդելը սև մտավորականների համար ազատագրող է այն իմաստով, որ այն քննադատական գիտակցություն և վերաբերմունք է սերմանում գերիշխող բուրժուական հարացույցների և հետազոտական ծրագրերի հանդեպ։ Մարքսիզմը սև մտավորականներին գրավիչ դերեր է բաշխում՝ սովորաբար շատ տեսանելի առաջնորդական դերեր, և նոր իմաստ ու հրատապություն է հաղորդում նրանց աշխատանքին։ Մյուս կողմից, այս մոդելը սև մտավորականներին հաշմում է, քանի որ՝ բավարարելով նրանց ինքնամաքրագործման կարիքները, խեղդում է սև քննադատական գիտակցության և կեցվածքների հետագա զարգացումը։

Մարքսիստական մոդելն, իր թերություններով հանդերձ, սև մտավորականների համար ավելի շատ լուծման, քան թե խնդրի մաս է կազմում։ Քանզի մարքսիզմը մեր հետարդի ժամանակների «կրակե գետն» է (Feuer-bach)՝ քավարանը։ Սև մտավորականները պետք է անցնեն դրա միջով, հաշտվեն դրա հետ, և ստեղծագործաբար արձագանքեն, եթե ցանկանում են, որ սև մտավորական գործունեությունը հասնի խրթնության և հղկվածության ճանաչելի մակարդակի։

Ֆուկոյական մոդելը․ Սև մտավորականը որպես հետարդի սկեպտիկ

Մինչ արևմտյան մտավորական կյանքի ճգնաժամը գնալով խորանում է, և մինչ սև մտավորականներն ավելի լիովին են ինտեգրվում մտավորական կյանքին՝ կամ «ուշիմ և քննադատական դիսկուրսի մշակույթին» (ինչպես Ալվին Գուլդներն էր այն անվանում), հորիզոնում նոր մոդել է հայտնվում։ Այս մոդելը, որն էապես հիմնված է Միշել Ֆուկոյի ազդեցիկ աշխատանքի վրա, միանշանակորեն մերժում է բուրժուական մոդելը և խուսափում մարքսիստականից։ Ֆուկոյի պատմական նոմինալիզմի նախագիծը մեր օրերի ամենաոգևորիչ մտավորական մարտահրավերներից է։ Գիտելիքի և իշխանության, դիսկուրսի և քաղաքականության, ճանաչողության և հասարակական վերահսկողության բարդ հարաբերությունների այս մանրակրկիտ հետազոտությունը մտավորականներին դրդում է վերաքննել ու վերասահմանել իրենց ինքնապատկերացումն ու գործառույթը մեր ժամանակակից իրականությունում։

Ֆուկոյական մոդելը և նախագիծը գրավիչ են հատկապես սև մտավորականների համար, քանի որ կապված են սևերի հետարդի կացության հետ՝ պայմանավորված ողջ ակադեմիայում գերիշխող բուրժուական հումանիզմի անսանձ այլատյացությամբ, մարքսիզմի նեղ-ուղղահավատ և գիտական տարբերակների հանդեպ մարող հետաքրքրությամբ, և աֆրո-ամերիկացիների կեղեքման առանձնահատկության և բարդության վերաիմաստավորման կարիքով։ Ֆուկոյի խորը հակաբուրժուական տրամադրվածությունը, բացահայտ հետ-մարքսիստական համոզմունքները, և գերիշխող դիսկուրսների և ավանդույթների կողմից արմատականորեն «Այլ» համարվողների վրա խորին սևեռվածությունը բավականին գայթակղիչ են այն քաղաքականացված սև մտավորականների համար, ովքեր զգուշանում են սև ազատագրական շարժման հնացած համադարմաններից։

Ֆուկոյի «ճշմարտության քաղաքական տնտեսության» առանձնահատուկ վերլուծությունները (դիսկուրսային ձևերի և հաստատութենական միջոցների ուսումնասիրությունը, որոնցով հասարակությունները տարածության և ժամանակի ընթացքում «ճշմարտության ռեժիմներ» են կազմավորում) մտավորականին նոր ձևով են հղացնում։ Այս հղացումն այլևս հիմնված չէ «լավագույնը, որ մտածել և ասել են»-ի սահուն փոխանցման վրա, ինչպես բուրժուա-հումանիստական մոդելում է, կամ մարքսիստական մոդելի ուտոպիական էներգիաների վրա։ Հետարդի իրավիճակը պահանջում է «առանձնահատուկ մտավորականի», ով խուսափում է գիտականության, բարեկրթության և մարգարեության պիտակներից և փոխարենը ընկղմվում է քաղաքական, տնտեսական և մշակութային մատրիքսների առանձնահատկության մեջ, որոնցում արտադրվում, բաշխվում, շրջանառվում և սպառվում են ճշմարտության ռեժիմները։ Մտավորականներն այլևս չպետք է իրենք իրենց խաբեն, հումանիստ և մարքսիստ ​​մտավորականների պես՝ հավատալով, որ պայքարում են «վասն» ճշմարտության․ խնդիրն իրականում ճշմարտության հենց կարգավիճակի, ինչպես նաև այդ կարգավիճակը ձևավորող վիթխարի հաստատութենական մեխանիզմների համար պայքարն է։ Բուրժուական հումանիզմի և մարքսիզմի նախասիրած հիմնաբառերը՝ «գիտություն», «ճաշակ», «նրբանկատություն», «գաղափարախոսություն», «առաջընթաց», «ազատագրում», այլևս չեն խոսում հետարդի մտավորականների ինքնապատկերացման մասին։ Փոխարենը, կարևոր են դառնում «ճշմարտության ռեժիմ», «իշխանություն/գիտելիք», «դիսկուրսային պրակտիկաներ» հասկացությունները։

Ֆուկոյի առանձնահատուկ մտավորականի գաղափարը հիմնված է պահպանողական, ազատական և մարքսիստական ​​հռետորությունների խորհրդազերծման (demystification) վրա, որոնք վերականգնում, վերատեղադրում և վերակառուցում են մտավորականների ինքնություններն այնպես, որ նրանք շարունակեն գերի մնալ և սատարել գերիշխման և վերահսկման հաստատութենական ձևերին։ Այս հռետորությունները տարբեր ձևերով լիազորում և վավերացնում են մտավորականների արտոնյալ կարգավիճակը, որը ոչ միայն վերարտադրում է մտավորական և ֆիզիկական աշխատանքի միջև գաղափարախոսական բաժանումները, այլև վերամրապնդում է ենթարկման և հպատակեցման կարգապահական (disciplinary) մեխանիզմները։ Այս ինքնալիազորումն ակներև է մտավորականների այն պնդումներում, որ նրանք իբրև թե «պահպանում են» բարձր մշակույթի ձեռքբերումները կամ «ներկայացնում» են որոշակի խավերի և խմբերի «համամարդկային շահերը»։ Աֆրո-ամերիկյան մտավորական պատմության մեջ հաճախ ենք հանդիպում այդպիսի ինքնալիազորող պնդումների՝ «տաղանդավոր տասներորդը», «մարգարեներն անապատում», «սև գեղագիտության ձևակերպողները», «սև վերածննդի հիմնադիրները», «հեղափոխական շարժման առաջամարտիկները» և այլն։

Ֆուկոյական մոդելն առաջադրում է հետարդիական թերահավատության ձախական մոտեցում․ այն խրախուսում է իշխանությամբ լծված դիսկուրսների խիստ և անդադար հարցաքննում՝ ոչ հանուն վերականգնման, բարեփոխման կամ հեղափոխության, այլ հանուն հեղաշրջման։ Եվ մտավորականների ձեռնարկած հեղաշրջումը ժամանակակից հասարակություններում գերիշխող «ճշմարտության ռեժիմների», ինչպես նաև դրանց ճնշող ազդեցությունների ընդհատումն ու քանդումն է։ Այս մոդելն արձագանքում է առաջադեմ սև մտավորականների քննադատական, թերահավատ և պատմական մտահոգություններին, և սոփեստական արդարացում է ընձեռում՝ ազատագրմանն ուղղված սև ընդվզական շարժումներից գաղափարախոսական և հասարակական հեռավորություն պահելու համար։ Մտավորական աշխատանքը հղացնելով որպես ընդդիմադիր քաղաքական պրակտիկա, այն բավարարում է սև մտավորականների ձախական ինքնապատկերացումը, և քննադատական գիտակցությունը պաշտամունքի առարկա դարձնելով, սև մտավորական գործունեությունը պարփակում է հետարդի Ամերիկայի հարմարավետ բուրժուական ակադեմիայի մեջ։

Ընդվզողական մոդելը. Սև մտավորականը որպես քննադատական, բնական կատալիստ

Սև մտավորականները շատ բան կարող են սովորել նախորդ երեք մոդելներից, սակայն չպետք է անքննադատորեն ընդունեն դրանցից և ոչ մեկը։ Պատճառն այն է, որ բուրժուական, մարքսիստական և ֆուկոյական մոդելները թեպետ առնչակցվում են, բայց բավարար չափով չեն արձագանքում սև մտավորականների կացության յուրահատկությանը։ Այս յուրահատկությունը մնում է և կմնա համեմատաբար չուսումնասիրված այնքան, մինչև սև մտավորականները չձևակերպեն մի նոր «ճշմարտության ռեժիմ», որը թեև կապված է, բայց սահմանափակված չէ բնաշխարհիկ հաստատութենական պրակտիկաներով, որոնք ներծծված են աֆրո-ամերիկյան կյանքի կինետիկ բանավորությամբ և հուզական ֆիզիկականությամբ, ռիթմիկ սինկոպայով, պրոթևսյան իմպրովիզությամբ, և կրոնական, հռետորական ու փոխերգական կրկնություններով։ Նման ձևակերպումը մասամբ կախված է բարդ սև ենթակառուցվածքներից, որոնք կարևորում են ստեղծարար և կատարելագործված սև միտքը։ Այն նաև ենթադրում է գերիշխող եվրո-ամերիկյան «ճշմարտության ռեժիմների» խորը իմացություն, որոնք պետք է խորհրդազերծվեն, ապակառուցվեն և տարրալուծվեն այնպես, որ ընդլայնեն ու հարստացնեն ապագա սև մտավորական կյանքը։ Սև մտածողների կողմից բացահայտվելիք նոր «ճշմարտության ռեժիմը» ո՛չ համափակ դիսկուրս է (կամ դիսկուրսների շարք), որը պահպանում է միջակ սև մտավորական արտադրանքը, ո՛չ էլ սև գրի վերջին նորաձևություն, որի շարժառիթը հաճախ բխում է սպիտակ բուրժուական մտավորական հաստատության համար շքահանդես անելու ցանկությունից։ Ավելի շուտ, այն անբաժանելի է նոր մշակութային ձևերի առաջացումից, որոնք կանխատեսում են (և ուղղված են դեպի) հետ-(ոչ թե հակա-)արևմտյան քաղաքակրթություն։ Ներկայումս նման խոսակցությունները կարող են երազանք և պատրանք թվալ։ Այնպես որ, պետք է սահմանափակվենք առաջին քայլով` սև ընդվզում և սև մտավորականի դերը։

Սև մտավորականների համար առաջնահերթը պետք է լինի այն հաստատութենական ցանցերի ստեղծումը կամ վերագործարկումը, որոնք բարձրարժեք քննադատական սովորույթներ կխրախուսեն՝ հանուն սև ընդվզման։ Հաստատութենացված քննադատական գիտակցությունից զուրկ մտավորականությունը կույր է, իսկ հավաքական ընդվզումից կտրված քննադատական գիտակցությունը՝ դատարկ։ Հետարդի սև մտավորականության հիմնական գործը՝ գերիշխող դիսկուրսները և ուժերը տեղահան անելով, այլընտրանքային ընկալումներ ու պրակտիկաներ խթանելն, արագացնելն ու հնարավոր դարձնելն է։ Սրան հասնելու միակ ձևն անխոնջ մտավորական աշխատանքն է և ներգրավված ընդվզման պրակտիկան։

Սև մտավորական գործունեության համար ընդվզողական մոդելը կառուցվում է նախորդ երեք մոդելների վրա, բայցև զանցում է դրանք։ Բուրժուական մոդելից այն վերցնում է մարդու կամքի և հերոսական ջանքի շեշտադրումը։ Սակայն ընդվզողական մոդելը հրաժարվում է այս կամքը և ջանքն անհատապաշտական և էլիտիստական առումով հղացնել։ Միայնակ հերոսի, մարտնչող աքսորյալի և մեկուսացած հանճարի փոխարեն (մտավորականը որպես աստղ, հռչակավոր անձ, ապրանք), այս մոդելը նախապատվությունը տալիս է հավաքական մտավորական աշխատանքին, որը նպաստում է համայնական դիմադրությանը և պայքարին։ Այլ կերպ ասած, այն ստեղծագործաբար առոգանում է բուրժուական մոդելի կամապաշտությունն ու հերոսականությունը, բայց մերժում է վերջինիս միամտությունը՝ կապված հասարակության և պատմության դերի հետ։ Մարքսիստական ​​մոդելից այն վերցնում է կառուցվածքային սահմանափակումների, դասակարգային ձևավորումների և արմատական ժողովրդավարական արժեքների շեշտադրումը։ Սակայն ընդվզողական մոդելն այդ սահմանափակումները, ձևավորումներն ու արժեքները չի ​​դիտարկում էկոնոմիստական և դետերմինիստական տեսանկյունից։ Արդյունաբերական աշխատավոր դասակարգի ի սկզբանե արտոնման և համեմատաբար ներդաշնակ սոցիալիստական ​​հասարակության բնազանցական դրույթի փոխարեն, այն կազմակերպում է հասարակական ստորակարգության տեսակների վրա զանգվածային հարձակում և հասարակական տարասեռության արմատական ​​ժողովրդավարական (և ազատամտական) միջնորդություն, ոչ վերացում։ Կարճ ասած, ընդվզողական մոդելը հնարամտորեն ընդգրկում է մարքսիստական ​​մոդելի կառուցվածքային, դասակարգային և ժողովրդավարական մտահոգությունները, սակայն գիտակցում է մշակույթի վերաբերյալ վերջինիս միամտությունը։

Եվ վերջապես, ֆուկոյական մոդելից ընդվզողական մոդելը յուրացնում է աշխարհիկ թերահավատության, «ճշմարտության ռեժիմների» պատմական կազմավորման և «իշխանություն/գիտելիք»-ի բազմատեսակ գործարկումների վրա սևեռվածությունը։ Սակայն ընդվզողական մոդելն այս թերահավատությունը, ճշմարտության կազմավորումը և մանրակրկիտ ծագումնաբանական հարցադրումը չի վերագրում միայն իշխանության միկրոցանցերին։ Իշխանության ամենուրեքության (որը պարզեցնում ու տափակեցնում է բազմաչափ հասարակական ընդհարումը) և անցյալ ուտոպիականություններին կաթվածահար անող գերհակազդեցության փոխարեն այն ստեղծում է արդյունավետ դիմադրության և հասարակության իմաստալից փոխակերպման հնարավորությունը։ Ընդվզողական մոդելը զգուշորեն ընդգծում է խորին նիցշեական կասկածը և ֆուկոյական մոդելի լուսավորող ընդդիմական նկարագրությունները, թեև այն գիտակցում է վերջինիս միամտությունը կապված հասարակական ընդհարման, պայքարի և ընդվզման հետ․ միամտություն, որը նախ և առաջ պայմանավորված է ուտոպիականության ցանկացած ձևի և թելոսի ցանկացած ենթադրության մերժմամբ։

Սև մտավորական աշխատանքը և սև հավաքական ընդվզումը պետք է արմատավորված լինեն աֆրո-ամերիկյան կյանքի և պատմության առանձնահատկության մեջ, բայցև պետք է անխզելիորեն կապված մնան ամերիկյան, եվրոպական և աֆրիկյան տարրերի հետ, որոնք կերտում ու ձևավորում են դրանք։ Այս աշխատանքը և ընդվզումը բացահայտորեն մասնավորական են (համայնքի շահերով պայմանավորված), թեև ոչ առանձնական-բացառական, և այդ իսկ պատճառով էլ աշխարհայացքով ու գործնականում միջազգային են։ Իրենց պատմական նախորդների՝ սև քարոզիչների և սև երաժիշտների պես (նրանց ուժեղ և թույլ կողմերով հանդերձ), սև մտավորականները պետք է գիտակցեն, որ «նոր» և այլընտրանքային պրակտիկաների ստեղծումը գալիս է հավաքական մտավորական աշխատանքի հերոսական ջանքերից և համայնական դիմադրությունից, որոնք ձևավորում և ձևավորվում են ներկայի կառուցվածքային սահմանափակումներից, իշխանության գործադրումներից և մշակույթների միաձուլման եղանակներից։ Հատկանշական աֆրո-ամերիկյան մշակութային ձևերը, ինչպիսիք են սև քարոզի և աղոթքի ոճերը, հոգևոր երգերը, բլյուզը և ջազը պետք է ոգեշնչեն բայց չսահմանափակեն ապագա սև մտավորական արտադրանքը. այսինքն, գործընթացը, որով այս ձևերը ստեղծվել են, պետք է արժեքավոր ներըմբռնումներ փոխանցի, բայց դրանք չպետք է նմանակվեն կամ ընդօրինակվեն։ Ավելորդ է նշել, որ այս ձևերը բարգավաճում են շնորհիվ անընդմեջ քննադատական ​​նորարարության և համընթաց ընդվզման։

Սև մտավորականի ապագան

Պետք չէ, որ սև մտավորականի կացությունը դժվար ու վհատեցնող լինի։ Չնայած ամերիկյան հասարակության համատարած ռասիզմին և սև համայնքի հակամտավորական լինելուն, քննադատական ​​տարածքը և ընդվզական գործունեությունը հնարավոր է ընդլայնել։ Նման ընդլայնումն ավելի դյուրին կլինի, երբ սև մտավորականներն ավելի անկեղծ հայացքով նայեն իրենք իրենց, իրենց կերտող պատմական և հասարակական ուժերին, և իրենց համայնքի սահմանափակ, բայցև զգալի միջոցներին։ Եվ ուրեմն անհետաձգելի է քննադատական այն ​​«ինքնագույքագրումը», որը կզննի սև մտավորականների հասարակական դիրքերը, դասակարգային տեղակայումները և մշակութային սոցիալականացումները։ Նման զննումը չպետք է դրդվի ո՛չ ինքնախղճահարությամբ, ո՛չ էլ ինքնաբավարարությամբ։ Ավելի շուտ, այս «ինքնագույքագրումը» պետք է մարմնավորի քննադատության և դիմադրության ոգին, որը գործադրելի կլինի թե՛ սև համայնքի, թե՛ ամերիկյան հասարակության և թե՛ արևմտյան քաղաքակրթության համար՝ որպես ամբողջություն։ Ջեյմս Բոլդուինը նշել է, որ սև մտավորականն «ինչ-որ առումով Արևմուտքի խառնածինն է»։ Սև մտավորականի ապագան ո՛չ արևմտյան ծնողի հանդեպ խոնարհական հակվածության մեջ է, ո՛չ էլ աֆրիկյան ծնողի կարոտաբաղձ փնտրտուքում։ Ավելի շուտ, այն երկրագունդը պաշտպանող ու ավելի լավ աշխարհ պատկերացնող այս հիբրիդային տոհմագծի քննադատական ժխտման, իմաստուն պահպանման և ընդվզական փոխակերպման մեջ է։

Աղբյուրը՝ Cornel West, “The Dilemma of the Black Intellectual,” Cultural Critique No. 1 (Autumn, 1985), 109-124։


 

 

[1] W. E. B. Du Bois (1868-1963), ամերիկացի հասարակագետ, պատմաբան և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Ավարտել է Բեռլինի համալսարանը եւ Հարվարդը, դառնալով առաջին սև ամերիկացին, որ արժանացել է փիլիսոփայության դոկտորի աստիճանին։ Եղել է Նայագրա շարժման (Niagra Movement) առաջնորդը և Գունավոր մարդկանց առաջադիմության ազգային ընկերակցության (National Association for the Advancement of Colored People) համահիմնադիրը։ Հեղինակած գրքերից ամենահայտնիներն են «The Souls of Black Folk» (1903թ.) ակնարկների ժողովածուն և «Black Reconstruction in America» (1935թ.) ծավալուն աշխատությունը։ [Խմբ. ծանոթագրություն]

[2] E. Franklin Frazier (1894-1962), ամերիկացի հասարակագետ։ Հեղինակել է բազում գրքեր, որոնցից առավել հայտնի են «The Negro Family in the United States» (1939թ.) ավարտաճառը և ֆրանսերենով գրված «Bourgeoisie noire» (1955թ.) գիրքը, որը հետագայում թարգմանվեց նաև անգլերեն՝ «Black Bourgeoisie» (1957թ.)։ [Խմբ. ծանոթագրություն]

[3] John Hope Franklin (1915-2009), ամերիկացի պատմաբան և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Նրա գրքերից ամենաընթերցվածը «From Slavery to Freedom» (1947թ.) աշխատությունն է։ Դասավանդել է տարբեր համալսարաններում, ներառյալ Հարվարդի, Նյու Յորքի, Քեմբրիջի, Դյուք համալսարանները։ [Խմբ. ծանոթագրություն]

[4] Richard Wright (1908-1960), ամերիկացի հրապարակախոս և արձակագիր։ «Native Son» (1940թ.) վեպը նրա ամենաճանաչված և աղմուկ բարձրացրած ստեղծագործությունն է։ [Խմբ. ծանոթագրություն]

[5] Ralph Ellison (1913-1994), ամերիկացի գրող և գրաքննադատ։ Շատ հայտնի է իր «Invisible Man» վեպով, որի համար 1953թ. արժանացել է Ազգային գրքի մրցանակին։ [Խմբ. ծանոթագրություն]

[6] James Baldwin (1924-1987), ամերիկացի գրող, հրապարակախոս և հասարակական քննադատ։ Նրա «Giovanni’s Room» (1956թ.) վեպը, Ալեն Գինսբերգի «Howl» (1955թ.) բանաստեղծության պես, իր բացահայտ հոմոէրոտիկ բովանդակությամբ այդ ժամանակաշրջանի ամենավիճահարույց ստեղծագործություններից էր։ [Խմբ. ծանոթագրություն]

[7] St. Clair Drake (1911-1990), ամերիկացի հասարակագետ և մարդաբան։ Հետազոտել և գրել է 1960-ականների խռովությունների և սև ազատագրական շարժման մասին, դասավանդել է Սթանֆորդի համալսարանում, որտեղ հիմնադրել է Աֆրիկյան-ամերիկյան ուսումնասիրությունների ծրագիրը։

[8] Toni Morrison (1931-), ամերիկացի գրող, գրաքննադատ և հրապարակախոս, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Random House հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի առաջին սև կին խմբագիրն է եղել, հեղինակել է ավելի քան երկու տասնյակ գրքեր, որոնցից ամենահայտնին՝ «Beloved» (1987թ.) վեպը 1988 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

[9] Zora Neale Hurston (1891-1960), ամերիկացի արձակագիր, բանահավաք և մարդաբան։ Հայտնի է ամերիկյան Հարավի մասին, ինչպես նաև հայիթյան վուդու ավանդույթի իր հետազոտական աշխատանքով։ Հիսունից ավելի պատմվածքների ու պիեսների հեղինակ է, գրքերից ամենաընթերցվածը «Their Eyes Were Watching God» (1937թ.) վեպն է։

[10] Harold Cruse (1916-2005), ամերիկացի ակադեմիկոս և հասարակական քննադատ։ 1947 թվականից մինչև 1969 թվականը եղել է ԱՄՆ Կոմունիստական կուսակցության անդամ։ Երկար տարիներ դասավանդել է Միշիգանի համալսարանում, հայտնի է «The Crisis of the Negro Intellectual» (1967թ.) աշխատությամբ։


 

Քորնել Ուեսթը (Cornel West) ամերիկացի փիլիսոփա է, աստվածաբան, հրապարակախոս և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Ավելի քան քսան գրքի հեղինակ է, որոնցից ամենակարևորներն են՝ «Race Matters» (1993թ.) և «Democracy Matters» (2004թ.) գրքերը։ Նկարահանվել է «The Matrix Reloaded» և «The Matrix Revolutions» գեղարվեստական ֆիլմերում, և «Examined Life» վավերագրական ֆիլմում (Ավիտալ Ռոնելի, Փիթեր Սինգերի, Քուամե Անթոնի Ափիայի, Մարթա Նուսբաումի, Մայքլ Հարդթի, Սլավոյ Ժիժեկի և Յուդիթ Բաթլերի հետԴասավանդում է Հարվարդի համալսարանում։ Ինքն իրեն անվանում է «մտավորական ազատամարտիկ»։

Անգլերենից թարգմանեցին Աննա Առաքելյանը, Անի Բաղումյանը, Քրիստինե Բոյաջյանը, Հրանուշ Գևորգյանը, Մարգո Գևորգյանը, Գոհար Դադայանը, Ժենյա Եսայանը, Նարինե Հովհաննիսյանը, Տաթևիկ Հովսեփյանը, Հասմիկ Ներսեսյանը, Լիլիթ Սահակյանը, Զարուհի Սողոմոնյանը և Տաթևիկ Վարդանյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանչական ծրագրի շրջանակում։ Թարգմանությունը համադրեց, ծանոթագրեց և խմբագրեց Շուշան Ավագյանը։

 

 

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

fifteen − six =