կարմրաթշիկի վերջը

ձմեռային մի տապ օր

երբ ոչինչ չկար անելու

սակայն աշխարհը շտապեցնում էր

ավելի լավ բան չգտա անելու քան ոչինչ անելը

որի համար նախ քանի մը քայլ արեցի

հետո ուսումնասիրեցի տարածքը որտեղ կենակցել եմ տարբեր մարդկանց հետ

զննեցի բոլոր պուճախներն ու անկյունները

թքած ունենալով հանգամանքի վրա որ պուճախն ու անկյունը նույնն են

քիչիկըմ քորեցի ձախ ձեռքիս մի մատը

ճտտացրեցի մնացածները

անգլերենով լսեցի օբամայի ճառն ու փորձեցի հընթացս զարգացնել անգլերենս

միզելու նպատակով գնացի զուգարան

բայց փոխարենը տեսա հայելի

որից նայում էր բբռեճ մազերով նախկին աղջըկնակ մը

վերցրեցի սանրը

մի լավ ուսումնասիրեցի բոլոր արանքներն ու այնտեղ գտա քանի մը պարկ հիշողություն

մի քանի տոննա կեղտ

ու երեք հատիկ կոտրված ատամ

մոռացա զուգարան մտնելու նպատակն ու սանրը ձեռքիս հետ եկա տարածքը

ուր ենթադրաբար պետք է որ կենակցած լինեի քանի մը տարբեր մարդկանց հետ

նստեցի դիվանին

ձեռքս առա գոյություն չունեցող լրագրերը

մի կողմ շպրտեցի սանրը

հասկանալով

որ էսօր մազ սանրելու օր չէ

լիզեցի մատներս

գլուխս խոթեցի հնարածս քանի մը տասնյակ անցքերն ու տեսնելով որ ժամանակին դրանք

փակել եմ

նորից վերադարձա

երկար չմտածեցի

ու անցա առաջ

ենթադրելով որ մտածելու հետ հավես ու ժամանակ չկա

նորից պտույտ մը

ահա նորից տարածքում եմ

որտեղ ոչ ոքի հետ տենց էլ չկենակցեցի

ու չկար այդ կետը նախապես գրված

սակայն մոռացել ու սխալ էի արտագրել

ու պետք էր սակայն առաջ բրդել ժամանակը

ու այդ նպատակով մտածեցի

թե ոնց է ճիշտ բրդել

թ-ով թե՝ դ-ով

հետո կարծեցի որ դա միևնույնն է

հետո մտածեցի. իսկ ո՞ւմ տանձին է

հետո եկավ գիտակցությունը

որ քարշ եմ տվել ծնվածս օրվանից

ու սակայն  պետք էր ավարտել օրն ու ապրել ամեն մի վայրկյանը

ու այդ նպատակով ուշադիր նայեցի կահույքի բոլոր դարակներն ու լվացարանը

գտա երեք օր առաջ գնած հինգ խոշորաթուշ խնձորներ

որոնք նախատեսել էի հինգ օրվա համար

բութ մատով շոշափեցի նրանցից մեկի կարմրություն ու փորձեցի դնել տեղը

սակայն վերջում ցայեցի լվացարանի մեջ դրված ափսեի մուգ ջրով

որը մգացել էր սուրճի, համեմի արմատներից լվացված ցեխի և տարաբնույթ այլ

գործողությունների արդյունքում

ու երբ այդ բանն արդեն կատարվել էր

եկավ գիտակցությունը

որ չկա ավելի ճիշտ որոշում

քան հնարավորինս լայն բացել բերանն ու ատամները խրել կարմրաթշիկի փորը

աշխարհի ամենակեղծավոր ընկերը

իմն էր

այդ մասին իմացա

երբ նախորդ ոտանավորի մեջ մի կողմ շպրտած սանրը վերագտա ու  սանրեցի մազերսդրանից

փոխվեց ոչ միայն տրամադրությունս

այլև վերաբերմունքս.  «նպաստել է մարմնավաճառությանը՝ տրամադրելով սենյակ ու պահպանակ» արտահայտության նկատմամբ

ես սիրեցի աշխարհի բոլոր ընկերներին

նրանց ընկերների ընկերներին

այդ ընկերների կանանց

ու նրանց բազմազարմազան ու բազմագենդեր սիրեկաններին

բոլոր այն կանանց

որոնք երբևէ տղամարդ չեն տեսել. իսկ այդպիսիք շատ են

բոլոր այն տղամարդկանց ովքեր պառկել են միայն ծախու կանանց հետ. իսկ այդպիսիք նույնպես քիչ չեն

բոլո՛ր

բոլո՛ր այն մարդկանց

որոնք լավ կլիներ որ հանդիպեին բանաստեղծության ու չբանաստեղծության արանքում
ես սիրահարվեցի մատներիս

որոնցից բուրում էր նոր թխված մատնաքաշի հոտը

սեղանիս վրա օրեր շարունակ պարապ վեր ընկած հացի փշուրներին

գազօջախի վրա եռացող թեյնիկին

որը վաղուց արդեն չի եռում

որովհետև մեջի ջուրը պրծել է

իմ սիրասուն ընկերոջը

որն իրենից էն կողմ աշխարհ չի տեսնում

նրա հաստ քթին

որը հոտոտել ու ցայսօր էլ շարունակում է հոտոտել աշխարհի բոլոր պոռնկուհիների վարտիքներն ու սրատված սրտով քաղաքի մասին տխմար պոեմներ գրելով՝ կարծում թե նվաճել է աշխարհը

ու քառատում է յուր միտքը կարծելով թե այդ դժխեմ մտքերն իրենն են ու ըստ այդմ հետը կվարվի ինչպես ուզում է

կարծելով թե մի մեծ տանձի գլուխ է

խնձորի կոթ ու հույսի գեներատոր է

կարծելով թե քանի մը թլպատ խոսքով կատարել է յուր պարտականությունն ու թոթափել լուծը որ կրում է

տղամարդ ծնված լինելու առիթն աչքի առաջ ունենալով

ու քամահրելով կանանց հանդեպ ունեցած վախը

նրանց վարտիքներում հավերժորեն բնադրվելու հույսը

ֆեյսբուքի նկատմամբ ունեցած սերն ու գրելու նկատմամբ տածած կիրքը

բոլոր

բոլոր այս ամենին սիրահարվելուց հետո

ես կարդացի աշխարհում գրված որոշ բանաստեղծություններ

ու զարմացա մտքից

թե ով է հնարել սահմանում բառը

ո՞վ է այդ կտրիճը

աննման իգիթը

երազիս ասպետը

մեխի գլուխն ու տանձի պոչը
հետո հասկացա

եղունգներն աճում են նաև աշխատանքի ժամին

ու պե՛տք է եղունգ աճեցնել

հատկապես ճկույթին

թերևս՝ բթին

մի օր պետք կգա

երբ հանկարծ որոշես փոխել հանգն ու նոր հանգավորումը կոխել ոմանց աչքը

կամ էլ ականջը

միգուցե հետո՞ւյքը

երազի միջի տունը

եվ պետք էր փնտրել այն երազը

որն իմն է

կամ ավելին ճիշտ՝ իմն էր

ես երազ ունեի

մի տան մասին

որ տեսել էի երեկ գիշեր

ու չէի հիշում մանրամասները

երազի հարցը

 կլինե՞ս իմ երազը

որտեղ երգում են մարդիկ

ու չեն բամբասում հարևան կանայք

միասին քայլենք մեր ընտրած ուղով

որն անվանում եմ արահետ

թեպետ ոչ շատ վաղուց էր

որ կոչել էի ճանապարհ

երբ իմ կյանքի ժամանակը պրծնի

պարզապես կանգնիր կողքիս

ու բռնիր ձեռքս

առանց ասելու ոչինչ

տուր ինձ քո հայացքն ու վերցրու հետդ իմ կյանքը

ես գիտեմ

որ դու իմ մարմինն ես

իսկ ես քո ոչինչը

եղիր իմ երազը

թեկուզ մեկ օրով

բայց նախապես ասեմ

որ համաձայն չեմ

թեպետ

կարծում եմ

այդ մասին կարելի է հետո մտածել

կարծում եմ

կարող եմ քեզ տեսնել հետո

երբ մոռացած կլինեմ ով լինելդ

գնա

այնտեղ

որտեղից եկել ես

ես միշտ էլ գիտեի

որ գալու ես մեր հարևանի պարտեզը

որտեղ օրնիբուն դայլայլող միայնակ սարյակներ կան

խորը անցքով ջրհոր

ու վրան մոխրագույն ծակ դույլ

վստահ եմ՝ դու կնորոգես այդ դույլն

ու մենք դա կգործածենք որոշ նպատակների համար

մասնավորապես կհագցնենք որոշ մարդկանց գլուխը

ի՞նչ կասես սիրելիս

լավ միտք չէ՞ արդյոք

ձմեռային այս օրը

երբ բոլորը ձիու պես վազում են

իսկ ես հղանում եմ քո ծնունդը

կարծես հղացքի բաժնի պետ եղած լինեի

նախկին կյանքումս

դու ասում էիր

որ մի բան այն չէ

իսկ ես չհավատացի և ճիշտ էլ արեցի

ես կընկնեմ ու նորից կկանգնեմ այնքան ժամանակ

ինչքան դա պետք է

և պետքը չունեմ քո տգեղ մտքերի ու տիրահաճ հայացքի

ատում եմ քեզ

ու քո տխեխծ մտքերը

ավելի լավ է գնաս այնտեղ

որտեղից եկել ես

միևնույն է՝ մենք միշտ էլ հանդիպելու ենք

իսկ ես երբեք չեմ եղել այսքան դանդաղ ու նույնքան տգեղ

ինչ անե՞մ

ասացիր

ոչինչ

պատասխանեցի

միգուցե պետք էր այլ բան ասե՞լ

կամ լռել

կամ ասել ոչինչ

ինչպես արել և շարունակում եմ

անել

ոչինչը

ոչինչ էիր

դարձիր ոչինչը

ես սիրում եմ քո ներսի ոչինչը

ասա ինձ այն ինչ մտածում ես

միևնույն է

բոլորը գիտեն

այն ինչ լինելու է

ճանապարհի հարցը

ահա և հասա

այն տեղը

որտեղից սկսել ու ոչ մի տեղ էլ չէի հասել

ճանապարհին թողնելով ընկերներիս

որոնց չէի էլ ունեցել

հորս ու մորս

որոնք հայտնի չէ՝ ով էին

հարազատներիս

որոնց չէի կարողանում գտնել
բոլոր ճանապարհները նույնն են

նրանք սկսում են ինչ-որ տեղից ու տանում դեպի նույն տեղը

դեպի անհայտությունը

մամայիս վարդերի հարցը

ուշ ամառային մի երեկո մամաս լացում էր

ու պատճառն էն քնձռոտ վարդի փունջն էր

որ պոկել էի մեր բախչից ու տվել ընկերուհուս՝ ինչ-որ պատճառով

հա՛

պատճառը ոչ էլ անհայտ էր

տարիները նեղ էին

ու ծաղիկի համար փող չկար ոչ մեկի տանը

ու սակայն մարդիկ պռկերեսի պես ապրում էին

ու ծաղիկ նվիրում առիթից առիթ

օրինակ վարդեր

քաղված

մեր տան հայաթում աճած վարդերի թփից

որոնք տնկել էր մամաս ու խնամել քանի մը տարի

մինչև մի օր տեսանք

որ մեկը՝ բաց վարդի

մյուսը՝ գազարի քնձռոտ շորերը հագին

երկու վարդի թփեր էին ծաղկել մեր բախչում

բայց ես չգիտեի որ նրանք ծաղկել էին ուղիղ մամայիս սրտում

բայց ես չգիտեի

որ աշխարհի ամենաքնքուշ ու շքեղ վարդերը որոշել էին աճել մեր պստիկ բախչում

որովհետև մամաս փոքր ժամանակ երազում փնջով վարդեր էր տեսնում

որոնց տարիներ հետո աճեցրեց մեր այգում

որտեղ դրանից մի քսան տարի առաջ շենքի տղերքը դադկի[1] էին խաղում

իսկ դրանից շատ հետո երբ սովետը փլվում էր

մարդիկ հանկարծ զգացին մոտալուտ սովի շունչն ու սեփականացրին ամեն մի քառակուսի սմ օդը

ու հենց էդ ժամանակ էր որ մամաս սկսեց խնամել մեզ բաժին հասած պստիկ հողի կտորն ու տնկեց մի զույգ վարդ

չիմանալով գույնը

ու հենց էդ ժամանակ էր

որ բոլորը փախան երկրից

իսկ ես մնացի տանը

ու ճիշտ էդ ժամանակ էր

որ մարդիկ ատեցին իրար

անգամ հորն ու մորը

ու սակայն էդ չէր պատճառը

որ մտա բախչա

քաղեցի մի փունջ վարդ ու տվեցի ընկերուհուս քրոջը

ու պատճառն էդ չէր

որ նույն երեկո

մամաս բարձր ձենով լացում էր

հայաթում ծաղկած վարդերի համար

հիվանդ լինելու հարցը

ուզում էի գնալ մեր տուն

գլուխս դնել մորս գիրկն ու խնդրել որ խնամի ինձ

ուզում էի հիվանդ լինել

40 աստիճան տաքությամբ

ինչպիսին եղել եմ տարիներ շարունակ

ուզում էի որ գոռա ինձ վրա

ասի որ վատն եմ

արունը շուշեն եմ ածում[2] և այլն

բայց հետո շփի մարմինս ու կոմպրես անի փորս

ոտներս մերսի քացախով

որովհետև տաքությունից վառվում են

չթողի սառը ջուր խմեմ

որովհետև երազիս մեջ պուլպուլակները գրկած եմ ման գալիս

հետո թաքուն գլուխս կոխում բաղնիքի ծորակի տակը

ուզում եմ

ուզում եմ էդ երազս հետ բերել

մտքի հարցը

տևական ժամանակ էր, որ խելացի մտքեր չէի երկնում ու դրանից անտրամաբանական

վիճակների մեջ էի

մասնավորապես ժամեր շարունակ անկապ բարբաջում էի

հընթացս հասկանալով որ դա սովորական վիճակ է

ու հենց էդ պահին երբ մտահայում էի այդ միտքը՝ դուռը ծեծեցին

բացեցի՝ տեսնեմ մի միտք է

անմիջապես գոցել ուզեցի

սակայն ոտքը դռան տակ էր ու փակել չստացվեց

միտքը ներխուժեց տուն

հոտոտեց ներսի հոտը

ծռմռեց քիթն ու հետևից կողպեց դուռը

թեթև քայլերով առաջացավ

աշխատելով չտրորել ցաք ու ցրիվ շորերս

ճկույթի մի ծայրով խոտորեց ներքնաշորերիս կեղտոտ կույտն ու դրա կողքին շուռ եկած սուրճի բաժակը

հայացքը սահեցրեց սենյակի պատերով

որտեղ երեք շաբաթ և մեկ օր էր, որ սարդերը խրախճում էին

ու քայլեց հետ՝ դեպի մուտքի դուռը
տանս դուռը

հավանաբար դա է պատճառը

որ բոլոր մարդիկ խելացի մտքեր ունեն բացի ինձնից

մտածեցի ես

երբ միտքը հետևիցս փակեց իմ տան դուռը

տեքստը որ գրել էի նրա համար

շատ վաղուց էր

որ սկսեցի լաթ կրել զիստերիս արանքում

ամիսը մեկ անգամ

շատ վաղուց էր

որ սկսեցի հաց ուտել

օրը առնվազն մեկ անգամ

դրանից էլ շատ առաջ էր

որ երազեցի նրա մասին ու ծնվեցի

գրեցի կյանքս թղթի վրա ու կարդացի

ախ ինչո՞ւ

ինչո՞ւ սխալ կարդացի

տեքստը որ գրել էի նրա համար

չէ՞ որ մտածել էի.

բոլոր բանաստեղծությունները նրա համար էին

որ փորի տակ բան ուներ ինձ համար պահած


[1] Դադկի- պատանեկան խաղ Սովետական Հայաստանում 70-ականների վերջին։ Դադկի խաղում էին միայն տղաները։ Նրանք կռվեցնում էին սրած փայտի կտորները մի ցեխակույտում։

[2] Արյունը շուշեն ածել- ժողովրդական անեծք

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.