Աղջիկը ձեռքը սեղմած քաշում էր նկուղ ու կրկնում` մի վախենա, մի վախենա։ Սկզբում հաստատ Լիլին էր, թե՞ նմանեցրեց. մոտիկից լրիվ անծանոթ էր։ Նրա դեմքի վարդագույնը խավար միջանցքում թեթև լուսավորում էր։ Երբ ոտքն իջացրեց նկուղ ու հայացքը ներս գցեց` աղջկա մարմինն ամբողջությամբ սկսեց լուսավորվել ու ծածանվելով տարրալուծվել։

Լույսը բացվել էր ու թափանցիկ վարագույրներից ծակծկում էր Համիի աչքերը։ Աղջիկը անծանոթ էր, ու լավ էր, որ չհասցրեց հետը մինչև վերջ գնալ։ Բայց մի կերպ պետք ա քունը շարունակել, թե չէ ամբողջ օրը վատ կզգա։ Սիրտը արագ թփթփում ա, ձախից աջ շուռումուռ ա գալիս, բայց անհույս. վարագույրից լույսը աչքերը ծակում ա։ Ինչքան մորը խնդրեց անթափանց վարագույրներ կախի, առավոտները չի կարողանում քնի, լույսը աչքերն ա ընկնում, չլսեց, հո նորը չե՞մ առնելու,- ասեց,- սրանք դուրս գալիս են, ու կախեց։ Չէ, քնելն անհնար ա, ու Համին նստեց մահճակալին։ Գլուխը ցավի թփթփոցից պայթում ա։ Համին կանգնեց ու պահարանից բռնվեց։

– էդ ինչ ա, էլի լակե՞լ ես,- մոր ձայնն ա միայն լսում, աչքերը խավար են,- այ տղա, բժիշկը ի՞նչ ասեց։ Ուզում ես մեռնե՞ս, մեռի։

– Մամ, ես չէի խմում, խմացրին։

– Ո՞վ խմացրեց։

– էս կողքի հայաթի Ճուճոն։ Ասի՝ ախր ինձ չի կարելի։ Ասեց՝ Համի, կարո՞ղ ա քո վատը ուզենք, արի մի բաժակ խմի, մեր ախպերը Ռուսաստանից էկել ա, բան չի ըլնի։

– Վայ էդ Ճուճոյի գլուխը հողեմ, լավ օր չտեսնի, որ սրան էս օրն ա գցել,- ու մայրը տղային թևը մտած բերեց հյուրասենյակ ու նստեցրեց աթոռին։ Համիի աչքերը փակվեցին։ Լիլին դիմացը նստած՝ իր ձեռքն առել ափի մեջ շոյում էր… Համիի գլուխը դրնգաց սեղանին.

– Մամ, ինձ Լիլին չի զանգե՞լ,- գլուխը բարձրացնելով հարցրեց։

– Չէ, չի զանգել,- խոհանոցից լսվեց մոր ձայնը։ Հետո եկավ ու Համիի առաջ շաքարավազ, կտրտած լիմոն ու թեյ դրեց,- էդ որ բաժակը դեմ են տալի` էդ ժամանակ հիշի Լիլիիդ։

Համին նայեց պատի ժամացույցին՝ ինն ա։ Լիլին հիմա քնած ա, մի ժամից կզանգի։ Շաքարավազը լցրեց ու սկսեց խառնել։ Մենակ Լիլին չիմանա, որ խմել ա։ Արդեն առանց էն էլ սկսել ա իրան լուրջ չընդունել, մի օր էլ տեսար ասեց` Համի, հաջող, քեզանից պողոս-պետրոս դուս չի գա։

– Համի, թեյը խմի, որ գնաս հացի։ Տանը հաց չկա։

Լիմոնով թեյը մի քիչ սրտխառնոցը թուլացրեց, բայց սիրտը շարունակում ա արագ թփթփալ։

Հեռախոսը զրնգաց։ Համին տեղից թռավ։

– Ալո՞, Լիլի՞։

– Համլետ Դաստակյանին։

– Համլետ Դաստակյանն է։

– Զինկոմիսարիատից մայոր Հովհաննիսյան։ Զանգել եմ, որ հիշեցնեմ։ Վաղը ժամը 8-ին կներկայանաք զինկոմիսարիատ։

– Հա, եղավ, կգամ,- Համին մի պահ տատանվեց, էլի ասի՞ իրա հոգեկանի մասին,- իիիսկ, պարոն Հովհաննիսյան, բժշկական եզրակացությունը…

– Չէ, Համլետ, դա խաղաղ ժամանակ քեզ կազատեր, դու դա լավ էլ գիտես, էլ ինչի՞ ես հարցնում, նախարարը կարգադրել է` բոլորին, բոլորին։

– Եղավ, վաղը կգամ։

Մի շաբաթը շուտ անցավ։ Մի կողմից լավ էր, որ հիվանդությունը չօգնեց ազատվել, ինքը ներքուստ իսկապես ուզում էր բանակ գնալ։

– Էդ ո՞վ զանգեց, Համի,- զանգի ձայնից մայրը խոհանոցից եկել էր։

– Զինկոմիսարիատից էր, վաղը տանում են։

– Ամբողջ քո ծուլության պատճառով, բժիշկն էլ, փաստաբանն էլ ասեցին, չէ՞, որ դու ազատման ենթակա ես, մենակ էրկու օր գոսպիտալ պառկեիր, էրկու թուղթ ավել հավաքեիր, հեն ա ազատվել էիր։

– Լավ, մամ, կգնամ բանակ, ամեն ինչ կանցնի։ Բժիշկն ասեց, չէ՞, միջավայրը որ փոխի, էդ ցնորքները կվերանան։

– Հիմար-հիմար մի խոսի։ Միջավայրը փոխիրը բանակն ա, հա՞։ Ամբողջը քո մեջի չգիտեմ ինչն ա։ Բժիշկը բացի էդ հազար ուրիշ ձևեր ասեց,- ու պատասխանի այլևս չսպասելով՝ մայրը վերադարձավ խոհանոց։

Համին նստեց իր` արդեն դատարկ թեյի բաժակի դիմաց։ Դունչը հենեց բաժակին։ Մայրը կրկին եկավ.

– Հիմա՞ ոնց ես։

– Նորմալ,- ասի՞ մորը իր նոր վախը։ Որ մորն էլ չասի, էլ ում պիտի ասի,- մամ, մենակ մի բանից եմ վախում։ Վախում եմ, որ չեմ կարա կռվեմ։

– Բա որ գիտես, տեղովդ մնա։ Ապուշ ես, ինչ ասեմ, նեղանում ես, բայց ապուշ ես։

Համին աչքերը փակեց։ Արցունքները լցվեցին աչքերը։ Վաղուց մոր քֆուրները վրան չէին ազդում, բա ինչի՞ կրկին հուզվեց։ Երևի բանակը արթնացրել էր մեջը մանկության վիրավորանքները, երբ իրա ջարդած բաժակի կամ հայաթում էրկու րոպե ավել մնալու վրա մոր ասած ամեն «ապուշի մեկ»-ից հետո թաքնվում էր մի տեղ ու թաքուն լաց լինում։ Տարիների հետ վիրավորանքի զգացումը անհետացել էր, ու մոր քֆուրներն էլ էն թշնամանքով չէին, բառերն էլ` ավելի մեղմ։ Բայց երևի մի կողմից երեկվա հարբելը, բժիշկն ասեց` Համլետ ջան, որ չխմես, նյարդերդ չեն սրվի, էդ ցնորքները կտեսնես ոնց կանհետանան, ու ըտենց շուտ ամեն մանրուքից աչքերդ չեն լցվի։ Մյուս կողմից՝ բանակը գուցե կրկին կենդանացրեց իր ներսում հարևան-հարազատներից, ընկեր-ծանոթներից ազատվելու, այլևս չտեսնելու, դրանց կարեկցանքն ու մտահոգ խորհուրդներն այլևս չլսելու ցանկությունը։ Որ մի անմեղ «ապուշ»-ից աչքերը լցվում են՝ ապուշ ա, բա ինչ ա։ Համին աչքերը տրորեց, իբր քունն ա փախցնում.

– Մամ, թող տանեն, կտեսնես՝ ամեն ինչ լավ կլինի։ Էդ վախ էլ չի սկի, տեսիլների հետ համեմատած հեչ բան ա։ Համ էլ որ ես չգնամ, մյուսը չգնա…,- բայց մայրը չլսեց արդեն` խոհանոցում էր։

Համին էլի աչքերը փակեց։ Ի՞նչ ա վախենում կռվից, գիտի, որ իսկապես երկիրը պատերազմի մեջ ա, թուրքը հես ա քթիդ տակ ա, ինչ ուզում ա լինի, կռիվը կռիվ ա, դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը։ Միայն Լիլին։ Լիլիին դժվար ա թողնել ու հեռանալ, բայց մյուս կողմից, որ ուղեղը ցրվի, մաքրվի, որոշ ժամանակ Լիլիին չտեսնի, անպայման ցնորքները կվերանան, էլ ո՞վ պիտի աչքին երևա։ Վերջին այցելուն Լիլին ա մնացել։

… Էս ինչ ա, ոտք չունի՞։ Ոտքերը տեղում են, բայց առաջ չի կարում շարժվել, ինչպես մեխված հատակին։ Լիլին ժպտում ա, ձեռքը սահեցնում դրա կրծքով։ Լիլի, դու ինձ էլ չե՞ս ուզում։ Լիլին միայն ժպտում ա, ձայն չի հանում, բայց ո՞վ ա էս մեկը։ Դեմքը չի երևում, գոնե Լիլին դրա դոշը թողնի, գլուխը շոյի՝ դեմքը երևա։ Երևի Լիլին ձեռ ա քաշել, գժի հետ չի ուզում ապրել։ Համի, վեր, հեռախոսի մոտ։ Սիրտը էլի խփում ա։ էդ ե՞րբ քնեց, չզգաց։ Համին աչքերը տրորելով թախտից իրեն գցեց հատակին, աթոռից բռնվելով դժվարությամբ ոտքի կանգնեց ու լսափողը վերցրեց։

– Համի, ո՞նց ես։

– Լիլի՞։

– էդ ինչ ա, խմել ե՞ս։

– Չէ, Լիլի, պրոստը վատ եմ մի քիչ։ Լիլի…

– Թե՞ խմել ես։ Մամադ ասում ա` վատ ես զգում, քնել ես։

– Չէ, Լիլի, վաղը գնում եմ հայրենիքին ծառայեմ։

– Այսինքն։

– Բանակ են տանում։

– Ոնց թե՝ բանակ։

– Առավոտ զինկոմիսարիատից կանչեցին։ Լիլի, հանդիպենք, ամեն ինչ կպատմեմ։

– Լավ, ես ժամը 6-ին ներկայացման եմ։ 7-ին ազատ եմ, արի թատրոն։

– Էղավ։

Ժամը 1-ն էր։ 3 թե 4 ժամ ոնց էր քնել` չէր զգացել։ Հիմա ոչինչ, լավ ա, սրտխառնոցը չկա, գլխացավը մեղմացել ա։ 5 ժամ դեռ կա, ի՞նչ անի։ Համին որոշ ժամանակ կանգնած մտածում էր, հետո պահարանի դարակից գրիչն ու խունացած աշակերտական տետրը հանեց։ Գրի՞, թե՞ նկարի։ Նկարել էդպես էլ չէր ստացվում, Լիլին կծիծաղի, կասի՝ 5 տարեկան դեբիլիկս, ուր մնաց պատից կախված «Անծանոթուհուն» մի քիչ նման նկարի։ Մնում ա գրելը։

– Էդ ի՞նչ ես անում, Համի,- Համին ցնցվեց. չէր նկատել, թե ոնց ա մայրը հայտնվել իր գլխի վերևը։

– Ուզում եմ գրեմ, մամ…

– Էլի հիմար-հիմար սկսեցիր։ Գնայիր մի գործ գտնեիր, աշխատեիր։

– Մամ, ի՞նչ փնտրեմ, վաղը բանակ են տանում։

– Բանակ են տանում,- ծաղրական ասաց,- էս 4 տարի ա զվռնում ես, ու հիմա բանակ են տանում։

Համին ձայն չհանեց։ Թերթեց տետրը ու մաքուր էջի վրա բացեց։ Ի՞նչ գրի, որ Լիլիի դուրը գա.

Քո դեմքը քնքուշ ինձ կյանք է տալիս,

Ու մարմինդ անուշ ծարավս հագեցնում է…

Չէ, հանգը չի բռնում։

– Վեր կաց, վեր կաց, գնա խանութ, տանը հաց չկա,- աչքը տետրին գցած՝ ասում ա մայրը։

Համին տետրը դրեց դարակը, մորից փող վերցրեց ու դուրս էկավ։

Աշնանային զովությունը քսվեց Համիի դեմքին, ու գլխացավն ավելի մեղմացավ։ Չէ, բանակը իսկականն ա։ Աշխատանքի անվերջանալի որոնումներից մի ակնթարթում կազատվի։ Էլ ո՞վ պիտի ասի` ընկեր ջան, մի հատ կազմ չես կարում կպցնես, ես չեմ՝ դու ես, ասա, քեզ ո՞նց պահեմ, հետո դե արի մորդ համոզի, լավ, էդ գործը չեմ կարում անեմ, ձեռներս դողում են։ Ինձ ավելի խորը բուժում ա պետք, որ էս ձեռներիս դողը գոնե անցնի։ Թե չէ էդ անտեր կազմելու էղածը ինչ ա։ Ընենց գործ, որ ձեռով չանես։ Մտքի լինի, թեկուզ՝ հաշվապահություն։ Գիտես, որ թվի հետ ուժեղ եմ։ Բայց ասա ուրիշ գործ էղա՞վ, որ չարեցի, մամ, գործ էս երկրում չկա, ուր ա, թեկուզ բանվորի գործ լինի, առողջությունս չի ներում, բայց կանեմ։ Էլ չի լսի` էհ, բալա ջան, քեզնից բան դուրս չի գալիս, էսինչը ոնց ա օֆիս բացել, միլիոններ ա աշխատում…

Շենքի անկյունից երբ պիտի խանութ թեքվեր, լսեց իր անունը.

– Համի, Համի,- Վաղոն էր կանչում, գարեջրի կրպակի դիմաց հայաթի տղերքը շշի բկից գարեջուր էին խմում,- արի, արի…

– Չէ, չեմ կարա, Վաղո ջան։

– Արա, արի մի բաժակ պիվա խմի, հույրասիրում եմ։

– Չէ, ապե, էրեկ շատ եմ խմե, էսօր գլուխս ցավում ա։

– Կակռազ, մի բաժակ խմի, գլխիդ ցավը անցնի,- Համին տատանվեց։ Ճիշտ ա ասում, մի բաժակ որ խմի՝ կդզվի ու, որ Լիլիին հանդիպի, լավ կզգա։ Վաղոն դժվար վրան ֆռռար, հազար տարվա ընկերն ա։ Համին մոտեցավ ու անմիջապես ձեռքին հայտնվեց շիշը։

– Ո՞նց ես, ախպեր,- հարցրեց Վաղոն՝ մյուսներին աչքով անելով։ Համին շիշն արագ բերանը տարավ ու վեր բարձրացրեց, իբր աչքով անելը չի նկատել։ Գարեջուրը կլկլացնելիս հասկացավ, որ սխալ արեց։ Լավ, շիշը կդատարկի ու կհեռանա։

– Այ Համի, չես ասում՝ ոնց ես։

Շիշն իջեցրեց ու ասաց.

– Լավ եմ, վաղը բանակ են տանում,- Հետո նայեց շշին։ Դեռ կեսն էր խմել։

– Արա, քեզ ուր են տանում։ Տոշնի թնդանոթի միս։

– Էհ, եսիմ,- շիշը քաշեց գլուխը ու դատարկեց,- դե լավ, ես գնացի։

– Արա, սպասի, ո՞ւր ես էթում, մի շիշ էլ իմ հաշվին,- Համիի ձեռքից բռնեց Ճուճոն։

– Չէ, չեմ կարա, կվատանամ։ Էրեկ ոնց գլխիս բերիր։

– Ի՞նչ բերի, աչքիդ բան ա՞ էկել,- գոհունակ ժպտալով հարցրեց Ճուճոն։

Համին ժպտաց.

– Ապե, ինչքան ուզում ես՝ խմեմ, էլ բան չի էրևում,- պատասխանեց ու գնաց։

– Դե լավ, ստից մի խոսա, չես հիշո՞ւմ՝ ոնց էիր գոռում…

Համին հետ ֆռաց,- արա, քեզ ինչ, էրևում ա, չի էրևում։ Վաբշե հաբռգել ես,- ու շարունակեց ճամփեն։

Ինչի՞ իրա կյանքը էսպես դասավորվեց, սրանց հավասար տղա էր, ամեն ինչ տեղը, ով կարար իրան ասեր՝ աչքիդ վերևը հոնք կա, խեռը կուտեին՝ կասեին։ Ու հանկարծ տեսիլները, մաշող-սպանող տեսիլները։ Երևի իսկապես ուղեղի ցնցումն էր։ Էս մի բժիշկը ճիշտ էր ասում` տղա ջան, մի մտածի, քո էդ զառանցանքները էքսոգեն են, ուղեղի ցնցումի հետևանք, տարիքի հետ կանցնի։ Լավ էր՝ էս բժշկին գտան, թե չէ անհույս գիժ էին սարքել։ Ձեր բժիշկ ասողի մերը… Գարեջուրը իսկապես դզեց, բայց էլ խմել չի կարելի, ֆսյո։ Խանութի դռան դիմաց, այ քեզ զարմանք, հայտնվեց Լիլին։

– Լիլի,- դիմացից էկողը հրեց մի կողմ Համիին։ Ուսով ընկավ դռանը ու երբ ուղղվեց, շուրջը ոչ ոք չկար։ Երևի աչքին էրևաց։ Խանութում, վաճառասեղանի առաջ դրամը պարզած, Համին քարացավ։

– Ի՞նչ ես սառել, Համի,- ծիծաղելով հարցրեց վաճառողուհին։

Լիլին ի՞նչ գործ ունի էստեղ.

– Լիլի՞։

– Լիլին չի, Լիլին չի։ Ձեր հարևան Հասմիկն ա,- Համիի ձեռքը ցնցելով` աչքերի մեջ գոռաց վաճառողուհին։

Հենց Համին արթնացավ, հայացքը գցեց դիմացը պատի ժամացույցին։ Արդեն 5 անց 10 ա։

– Այ տղա, ո՞նց ես,- բազմոցի մոտ, գլխի վերևը մայրն էր։

– Լավ եմ, մա։

– Հո չէի՞ր խմել հայաթում։

– Չէ, մա։

– Բա ինչի էիր էլի դուս տալի։

– Չգիտեմ, տենց ստացվեց։ Դո՞ւս էի տալի։

Մայրը չպատասխանեց, միայն արհամարհական հայացքը սահեցրեց Համիի վրայով։

Ներկայացումը շուտով կսկսվի։ Լիլիի դերը 20 րոպե հետո ա։ Կհասցնի։ Գոնե վերջին անգամ Լիլիին բեմում տեսնի։ Համին էս անգամ առանց դժվարության ոտքի կանգնեց։ Փորը նվվաց։ Չէ, էս վիճակով չարժի գնալ, պետք ա դատարկվել։ Արտաթորանքը շարժվում էր արտաքնոց, և Համին ունիտազին նստած հրճվանքով հիշում էր Լիլիի ծռված ժպիտը, քունքի կապույտ երակը։ Ամենահաճելի հիշողությունները գալիս են, երբ քաքը մանդրից մեջիցդ դուրս ա գալիս։ Նոր էր դպրոցն ավարտել, երբ դասընկերոջ ծնունդին հանդիպեց Լիլիին, և հենց էդ երակը սիրտը թրթռացրեց։ Ծանոթացիր, Համի, մորքուրիս աղջիկն ա, փորձում ա դերասանուհի դառնա։ Երեք տարի ա անցել, ու Լիլիի երազանքն արդեն կատարվում ա, ճիշտ ա, դեռ չի հաջողվել թատերական կրթություն ստանալ, բայց մարդը նպատակին հասավ, արդեն բեմ ա դուս գալի։ Քիչ անց Համին մի անգամ էլ կտեսնի Լիլիին բեմում արտասանելիս. «Ես էլ եմ պատրաստ, ինձ էլ զենք տվեք, հայրենիքի ոգին թև է առել, ու իմ բոլոր սիրելիները նրա տեսքով են հայտնվում»։ Լիլին էլ իրան սիրեց։ Իրա ի՞նչը սիրեց։ Քո նման տարօրինակ մարդ չկա աշխարհում։ Ի՜նչ տարօրինակություն, ուղեղիս ցնցումից ա, Լիլի ջան։ Էդ հեչ։ Դրա պատճառով էլ անպաշտպան ես։ Ես եմ քո պաշտպանը, կտեսնես, էրկուսով ոնց ենք հաղթելու հիվանդությանդ։ Չէ, արագացնել ա պետք։ Համին դեպի կանգառ գնաց շենքի հետևով, որ տղերքին նորից չհանդիպի։ Բանակում մի բաժակ չի խմի։ Ոչ ոք հանկարծ չիմանա իրա տեսիլների մասին։

Ավտոբուսը 20 րոպեում կհասնի, էնպես որ հանգիստ կարելի ա սպասել։Բանակը կարծես միակ փրկությունն ա, կյանքը նորից սկսելու ավելի լավ առիթ չի լինի։ Ամեն ինչ ջնջվում ա, էն որ ոչ մի մասնագիտություն չունի, ոչ մի արհեստ չի հասցրել սովորել, մեկ էլ պարզվի, որ չի վախենում, որ տեղը գալիս ա, լավ էլ աշխատում ա։ Պատերազմում դու զինվոր ես, քեզնից շատ իմացություն չեն պահանջում, ավտոմատը տալիս են ձեռդ ու հրամայում։ Միայն հրաման կատարես։ Էնտեղ կերևա, թե ինքը ինչեր կարա։ Լավ հնարավորություն ա։ Ավտոբուսը էկավ։ Նստելու տեղ չկա։ Լիքն ա։ Ոչինչ, կկանգնի։ Էստեղից 6 կանգառ ա։ Ամեն կանգառը քեզ 5 րոպե։ 6 անց 20 թատրոնում կլինի։ Ու իսկապես տեսիլները էս անգամ անվերադարձ կանհետանան, հրդեհները վերացան, չէ՞, կարմիր, գարշելի հրդեհները։ Երեխաները, որ ձեռները բռնած իրեն շրջանի մեջ առնում-պարում էին, էլ չեն գալիս, չէ՞, չեն էրևում, չէ՞, անցավ, չէ՞։ Ուրեմն անցնում ա, հիմա միայն Լիլին ա էրևում, միայն Լիլին։ Որ չխմի՝ Լիլին էլ չի էրևա։ Բժիշկը ճիշտ էր ասում՝ տղա ջան, ալկոհոլը քո ամենաահավոր թշնամին է, խմիչքը ուղեղիդ համար նույնն է, ինչ ջուրը՝ սերմի համար, ջուրը որ սերմին ես ածում, ծլում-ծաղկում է, չէ՞, օղին էլ, որ խմում ես, ցնորքներդ է ծլեցնում։ Բանակում բերանն օղի չի տանի, մի ամիս էլ Լիլիին չտեսնի, պատերազմը, զենքը կշեղեն ու այլևս վերջ տառապանքներին։ Բայց տեսիլները Լիլիի՞ պատճառով վերացան, թե՞ դեղերի։ Լիլին ասում ա՝ իմ։ Բժիշկը՝ տեսա՞ր ոնց բուժվեցիր։ Բայց նայի, կողքի աղջիկը չի քաշում։ Կողքը կանգնած, սիրուն, ու մտքով չի անցնում՝ քսմսվի։ Առաջ լիներ, սեղմվել էր, որ քսվեր աղջկա մեջքերին ու ոռին, իբր ավտոբուսը լիքն ա։ Հիմա կողքը յա կանգնած, յա չկանգնած, հեչ խեռին չի։ Էդ էլ մի հիվանդություն էր, էլի։ Որ Լիլիին չհանդիպեր, մինչև հիմա ավտոբուս էր հատուկ նստելու, որ աղջկերքին քսմսվի։ Լիլին իրան փոխեց, մարդ սարքեց։ Առաջին անգամ, ոնց որ էսօր լիներ, տարավ իրանց տուն։ Տնեցիք քաղաքում չէին, ու ամբողջ գիշեր էդ ինչ կայֆ էր։ Առաջինը որ մտցրեց, ոնց էր տենց մնացել։ Ինքը գիտեր, որ պիտի շարժվեր, բայց էդ րոպեին մտքով չանցավ։ Համի, շարժվի, մտցրու-հանի,- ասում էր տակից Լիլին։ Լիլին փորձ ուներ ու գիտեր ոնց են անում։ Գիշերվա մեջ սովորեց ու էն ոնց էր շարժվում։ Ինքը սկի մտքով չէր անցնում հաշվի։ Լիլին հաշվել էր՝ մալադեց, Համի, տասերկու անգամ։ Գռոզնի յոբռ։ Էդ օրից արդեն իրեք տարի ա անցել, բայց տեմպերը չեն պակսել։ Հիմա Լիլին մատները խցկում ա դոշի մազերի մեջ՝ էս ես եմ աճացրել, էհ։ Լիլիի ասելով՝ խելքը գնում ա իրա համար։ Քո նման շինող դժվար թե լինի։ Բանի չափսերն էլ յանմ շատ մեծ են, ասում ա՝ տենց չափսեր չեն լինում։ Լիլիի խելքը գնում ա։ Խմոր էիր, խմոր, տեսա՞ր ոնց տղամարդ դարձրի։ Ու ինքը սաղ ձևերը սովորացրեց։ Ճիշտ ա ասում։ Իրա բժիշկը Լիլին ա, Լիլին։

Արդեն ավտոբուսի դռները փակվում էին, երբ Համին հասցրեց իջնել։ Կարծես էրեկ հարբած չլիներ, ուշադրությունը շեղվել էր գլխացավին և թուլությանը հանկարծ հաճելիորեն փոխարինած հոգեկան հանդարտությանը։ Թատրոնի մուտքն ամայի էր, և միայն աֆիշից կարելի էր ենթադրել, որ ներսում ներկայացում ա.

«Ժիրայր Զեյթունցի

«Անմահների հրավերը»

Հոկտեմբերի 7,8,9,10,11,12»։

Մի էրկու լուսարձակ լուսավորում էին բեմը, դահլիճը խավար էր։ Համին շարքերը շոշափելով հասավ բեմին ու առաջին շարքում նստեց։ Աչքերը խավարին ընտելացան։ 6-7 հանդիսատես կար, դահլիճը դատարկ էր։ Քիչ անց Լիլին կհայտնվի։

Սպարապետի կոչի տեսարանն է, մի կողմից՝ ամրոցի, մյուս կողմից՝ խրճիթների ֆոնին, բրոնզագույն կտորի մեջ փաթաթված, քարին կանգնած Սպարապետը ճառում է` «դու, ծույլ ժողովուրդ, ոսոխի սմբակների տակ քո մանուկների երջանկությունն են տրորում, իսկ դու, բրիչը ձեռքիդ, աստված ես կանչում»։ Մի գյուղացի կին, որդու ձեռքը բռնած, լսում է սպարապետին։ Բեմ են սկսում դուրս գալ մյուս գյուղացիները, ահա և Լիլին` սասունցու տարազով, ոտքերը հատակին սահեցնելով, հայտնվում է։ Գյուղացիները հերթով, սպարապետի ճառից ոգևորված, բացականչում են` ես քո զինվորն եմ, ես էլ եմ քո զինվորը։ Հերթը հասավ Լիլիին` «ես էլ եմ պատրաստ, ինձ էլ զենք տվեք, հայրենիքի ոգին թև է առել, ու իմ բոլոր սիրելիները նրա տեսքով են հայտնվում»։ Սպարապետը քարից իջնում է, ժպիտը դեմքին մոտենում Լիլիին ու ափի մեջ առնում նրա կզակը` «ոչ, դուստր իմ, ազգին ոչ միայն զինվորներ են անհրաժեշտ, այլ գուցե առավել` զինվորի մայրեր»։ Վարագույրը սկսեց իջնել, Լիլիի դերը ավարտվեց։

Ամենադժվարը Լիլիին բացատրելն ա լինելու, մի կերպ տակից պիտի դուրս գալ։ Իսկ սպարապե՞տը։ Որ բանակ գնա, Լիլին դրա տակ չի պառկի՞։ Ներկայացման մեջ թողնում ա դեմքը շոյի։ Համ էլ էս դերասանն ա ռեժիսորին համոզել, որ Լիլիին էս դերը տա։ Ինչ իմանաս։ Որ բանակ գնա, Լիլին կատաղությունից մեկ էլ տեսար արեց։ Էլ Համին իրա տարօրինակը չի լինի։ Տարօրինակը ի՞նչ, հայտնի դերասանը դեմդ։ Համին դուրս էկավ դահլիճից ու բարձրացավ ետնաբեմ։ Դերասանները բեմի վրա խմբված խոսում էին։ Լիլին նետվեց ու Համիին պինդ գրկեց.

– Ո՞նց էր։

– էսօր շատ լավ էր։

– Հա՞,- ուրախացավ Լիլին ու Համիի ձեռքից քաշեց,- գնանք հանդերձարան, տեսնեմ՝ ինչեր ես հորինում։

Լիլին դռան մեջ բանալին էր պտտեցնում։ Համին չէր համբերում, էս բացատրությունները մի ձևով ավարտվի-վերջանա, ինչ լինում է, թող որ լինի միանգամից.

– Լիլի, վաղը գնում եմ։

– Չհասկացա, լուրջ ե՞ս ասում,- արդեն սենյակում թերահավատորեն հարցրեց Լիլին։

– Քո արև։

– Ոնց թե, էդ ե՞րբ կանչեցին, ե՞րբ կամիսիան անցար։

– Դե լսի, մինչև գնալս քեզ չէի ուզում ասեմ։

– Ինչո՞ւ։

– Դե լսի, մի շաբաթ առաջ զինկոմիսարիատից դուռը ծեծում են։ Բացում եմ՝ զինկոմիսարիատից մայոր Հովհաննիսյան, և էլի էրկու զինվորական։ Մի խոսքով՝ քեզ էկել ենք բանակ տանենք։ Մի կողմից՝ ես, մյուս կողմից՝ մերս թղթեր ենք ցույց տալի, բա ես ազատված եմ, էս եմ, էն եմ։ Հեչ։ Նախարարի հրամանն ա. ճակատը դատարկ ա մնացել, էսկոմ-էնկոմ։ Ու տարան զինկոմիսարիատ։

– Բայց ոնց, Համի, քոնը լուրջ խանգարում ա։

– Դրա պատասխանն էլ էղավ։ Դու ազատված ես հերթական զորակոչից, սա համընդհանուր զորահավաք ա, արտակարգ իրավիճակ։ Քոնը տրավմատիկ փսիխոզ ա, ոչ պրոգրեսիվ, այս իրավիճակի համար կամիսիան թույլ ա տվել։ Ուրեմն էս հիվանդությունը իսկապես շատ լուրջ չի։

– Լավ, ինչի ինձ չասեցիր։

Սա մյուս ամենադժվար հարցն էր.

– Լիլ, ես մայորին խնդրեցի, որ էրկու օրից գամ, գործերս վերջացնեմ ու երդվեցի, որ իմ ոտքով կգամ, նա էլ թողեց, լավ մարդ ա էրևում։ Դե պատկերացրու, չէր թողել, ու տարել էին, դու առանց ինձ տեսնելու կիմանայիր։ Կամ փողոցից պատահական տարել էին։

– Բան չհասկացա։

– Մի խոսքով, վաղը առավոտ գնում եմ։ Քեզ չեմ ասել։ Կներես։

Լիլին աթոռի մեջ ավելի փոքրացավ։ Հիմա թվում ա, թե նրան ափի մեջ կարա տեղավորի։ Քունքի երակի կապույտը ավելի ընդգծվեց։ Աչքերը լցվեցին.

– Լիլի, հասկացի, ես ի՞նչ անեմ, որ տանում են։ Գիտես, ես ուզո՞ւմ եմ։

– Չգիտեմ՝ ինչ ես ուզում, բայց մի բան գիտեմ, ինձ համար հեշտ չի լինի։ Էսքան տարի միասին ենք պայքարել, որ դզվես, ու արդեն ամեն ինչ դզվում էր։ Հանկարծ մեր ամբողջ աշխատանքն ու սերը միանգամից ջուրն ես գցում։ Հիմա ինչքան ուզում ես աչքերդ թրջի։

– Լիլի, մեր սերը ո՞նց ա ջուրն ընկնում։ Հանգիստ էղի։ Իրեք ամսով են տանում, սա ժամկետային ծառայություն չի, համընդհանուր զորահավաք ա, հենց սահմանին վիճակը խաղաղվի, տուն կգամ։ Կարող ա իրեք ամիս էլ չմնամ։

– էնպես ես խոսում կարծես կարտոլ հավաքելու են տանում։ Իրեք ամիս։ Էս մեկն էր պակաս։ Լիլի, տե՞ս, ոնց եմ դզվում, Լիլի, էս ամբողջը քո շնորհիվ, Լիլի, հես ա, կտեսնես, մի տեղ կընդունվեմ, մասնագիտություն էլ կստանամ, Լիլի, մենք միշտ իրար հետ կլինենք, հիմա էլ՝ Լիլի, իրեք ամիս պատերազմ։ Կրակ ու ցավ։

– էս էլ դիմացի, ու կգամ, տուն կվարձենք։ Մամաս խոստացավ սկզբի շրջանում վարձի փողը տա։

– Ի՞նչ վարձի փող։ Լավ էլ գիտես, որ փողը էական չի։ Էլ քեզ չեմ հավատում։ Մեկ ա…

Չէ, էսքան ճնշման դիմանալ հնարավոր չի, հանկարծ կսկսվեն տեսիլները։ Տղա ջան, հանկարծ չներվայնանաս, ուղեղդ լարվում է, մեկ էլ տեսար՝ սկսվեց։

– Լավ, Լիլ, խնդրում եմ, վաղը գնում եմ, մի քիչ բարի էղի։

– Բարի՞։ Ուրեմն դու մեկ էլ էդպես թռնես` ես բարի լինե՞մ։

– Գոնե բարի ճանապարհ չես ասում։

– Էհ, ասեմ-չասեմ։

Արդեն դիմանալ անհնար էր, կրկին էրեկվա խմած օղին մարմնի ինչ-որ հատվածից բարձրացավ ուղեղ։ Եվ իրա համար, և Լիլիի ճիշտ կանի՝ հենց հիմա պոկվի.

– Լավ, չեմ դիմանում, կներես, Լիլ,- ու Համին Լիլիին աթոռից հանեց, պինդ շուրթերը համբուրեց,- հաջող,- ու դուրս էկավ։ Լիլին հետևից ոչ մի բառ։

Ուղիղ 9-ին զինկոմիսարիատում էր։ Դարպասի դիմացի հրապարակում մի 100 հոգի խռնված էին, զորակոչիկները քիչ էին, մի 20 հոգի կլինեին, մյուսները հարազատներն էին։ Ինչ ճիշտ արեց, որ մորը չթողեց գա։ Մամ, նյարդերս չեն դիմանա։ Բայց հո սուտ չէր։ Իսկապես, անընդհատ` Համի ջան, զգույշ կմնաս, Համի ջան, ինձ հիշի, որ հիմարություններ չանես։ Ինչքա՞ն դիմանաս։

Դարպասի դռները բացվեցին.

– Միայն զորակոչիկները,- գոռաց ներսից հայտնված լեյտենանտը՝ դիմացի կանգնածներին հրելով։

Զինկոմիսարիատի բակում Համին մոլորված շուրջը նայեց։ Ո՞ր կողմ գնա։ Զինվորականները բարձրաձայն կարգադրություններ անելով, գործնական, արագ-արագ, գրեթե վազելով աջուձախ էին սլանում։ Ինչ-որ մեկը հարվածեց Համիի ծոծրակին.

– Ի՞նչ ես շվարել-կանգնել,- բարձրահասակ մի լեյտենանտ բասով գոռաց Համիի վրա։

– Պարոն լեյտենանտ, ես նոր զորակոչիկ եմ, չգիտեմ ուր գնամ։

– Արի հետևիցս, կիմանաս՝ ուր գնաս,- ասաց լեյտենանտը ու արագ քայլեց։ Համին նրա հետևից մտավ երկհարկանի շենքը, ապա միջանցքով հայտնվեց մարզադահլիճում։ Բասկետբոլի հրապարակի երկայնքով շարված սեղանների մոտ 3-4 հոգի հերթ էին կանգնած։ Էստեղ ի՞նչ անի, գուցե մոտենա սեղաններից մեկին։ Համին նկատեց իր միակ ծանոթին` լեյտենանտին, որ թեքվել էր սեղանին ու ինչ-որ բան էր փսփսում։ Համին մոտեցավ նրան.

– Պարոն լեյտենանտ, հիմա ի՞նչ անեմ։

Լեյտենանտը մի պահ ուշադիր նայեց Համիին.

– Արա, հո դու դեբիլ չես, ներկայացիր, թող արձանագրեն, մնացածը իրենք կասեն,- ասաց լեյտենանտը ու կրկին անցավ փսփսոցին։

Համին մոտեցավ առաջին հանդիպած սեղանին.

– Անուն, ազգանուն,- առանց վեր նայելու խոսեց սեղանի դիմաց նստած ենթասպան։

– Դաստակյան Համլետ։

– Կոշիկի համարը։

– 40

– Գլխի համարը։

– Չգիտեմ։

Ենթասպան գլուխը բարձրացրեց.

– Ո՞նց չգիտես։ 60 եմ գրում,- ու գլուխն իջեցնելով շարունակեց գրել,- իմացի՝ ամենակարևորը պատերազմում գլխի չափն ա, ամեն ինչ վրադ կլինի, մենակ հակագազը սխալ չափս էղավ, կորած ես։

– Էս ինչի՞ են տվյալներն ըստեղ գրում։

– Բա որտե՞ղ գրեն։ Կես ժամից ճակատ եք գնում,- պատասխանեց ենթասպան՝ շարունակելով գրել,- Դաստակյան, երկրորդ գումարտակ, առաջին դասակ, 10 րոպեից բակում շարված։

– Իսկ հագո՞ւստը։

– Հագուստը՝ ճակատում։ Թուրքը չի սպասելու, որ դու հագուստ ստանաս։

Ճիշտ ա, ինքը ավտոմատ քանդել-հավաքել էր, դպրոցում զինղեկը իրենից չէր բողոքում։ Նույնիսկ երբ առաջին անգամ տարան կրակելու, գովեց` մալադեց, Դաստակյան, դու լավ նշանառու կդառնաս։ Բայց հիմա մեկ էլ մոռացած լինի։ Մինչև մարտի մտնելը հնարավորություն կտա՞ն մի քիչ վարժվելու։

Բակում միայն ինքն էր քաղաքացիականով, բոլոր զորակոչիկները զինվորական հագուստով էին։ Մոտեցավ նորակոչիկներին կարգադրություններ անող լեյտենանտին.

– Պարոն լեյտենանտ, հագուստ հիմա՞ պիտի ստանամ։

– Դու ո՞վ ես։

– Դաստակյան Համլետ, երկրորդ գումարտակ, առաջին…

– Արա, հո դու էշի ականջում քնած չես։ Գնա հագուստ ստացի։

Համին վազքով շենք մտավ։ Գտավ հագուստի պահեստը։ Մի սենյակ էր՝ կենտրոնում դաշտային հագուստների առատ դեզ։ Դռանը հենված ենթասպան զրուցում էր իրեն գրանցողի հետ։

– Բա ասեցիք՝ ճակատում շոր կտան, հայացքը բռնացնելով հարցրեց Համին։

– Աա, ես ինչ իմանամ, ախպեր ջան,- ձեռքերը պարզած ենթասպան սկզբում բողոքեց Համիին, հետո շրջվեց ընկերոջ կողմը,- մի գումարտակին ըստեղ են հագցնում, մի ուրիշին էդպես ուղարկում, դե արի գլուխ հանի։

– Անունդ ասա,- հարցրեց պահեստապետը։

– Համլետ Դաստակյան։

Ենթասպան սեղանին դրված մատյանին կռացավ, նշում արեց ու դեզի միջից արագ ջոկեց հագուստը` կոշիկ, գոտի, դարչնագույն շալվար, կիտել, գլխարկ։

– Հենց էստեղ հագնվի, քո շորերն էլ էնտեղ դի,- ու ցույց տվեց պատի մյուս անկյունում շորերի դեզը։ Հագուստը լայն էր վրան, բայց գոտին որ ձգում ա, լայնությունը չի անհանգստացնում։ Դաշտային հագուստից ինչ-որ հոտ էր բուրում։ Ուրիշ անգամ լիներ` էդ հոտից կզզվեր, բայց հիմա նույնիսկ դուր ա գալիս, ինչ-որ բանից ազատվածության զգացողություն ա առաջացնում։

Գումարտակը շարված էր երեք հրամանատարների դիմաց։ Համին իր դասակը գտավ և վերջում կանգնեց։ Դժվար չէր, ընդամենը երկու դասակ էր շարվում, մի 25 հոգի։ Բակում երկու ուրալներ էին հայտնվել։ Երևի սրանք են իրենց տանելու։

– Գումարտակ, զգաստ, հավսար, հավասարություն դեպի կենտրոն,- մայոր Հովհաննիսյանն ա հրամաններ տալիս։ Զեկուցեց փոխգնդապետին.

– Պարոն փոխգնդապետ, երկրորդ գումարտակը պատրաստ է մարտական առաջադրանքին։

– Ազատ, ձևականությունների ժամանակ չկա,- խոսում ա փոխգնդապետը,- կարծեմ բոլորդ ծառայած եք։

Հանկարծ չհարցնի՝ ո՞վ չի ծառայել, էսքանի մոտ դե արի բացատրի։

– Կա՞ն չծառայածներ,- այնուամենայնիվ հարցրեց փոխգնդապետը,- եթե կան, թող առաջ գան։

Համին ու ևս երկու հոգի առաջ եկան։ Հիմա կհարցնի՝ ինչու չեք ծառայել։ Այ էսպես, հենց սկզբից ա մարդ քաքն ընկնում։

– Զենքի հետ վարվել գիտե՞ք։

– Այո,- ասացին երեքն էլ։

– Բա կիմանաք, բա ինչ, հանցագործներ,- ծիծաղելով ասաց փոխգնդապետը։ Գումարտակը նրա հետևից ծիծաղեց։

– Լավ, անցեք տեղներդ։

Համին թեթևացած հետ գնաց։

– Ձեզ երկար-բարակ ոչինչ չեմ բացատրի։ Միայն հայտնեմ ձեզ մեր նախագահի, նախարարի և հրամանատարության անունից շնորհակալություն, որ որոշ բոզի տղաների նման չփախաք, գիտակցեցիք, որ հայրենիքը իրոք վտանգի տակ է։ Ճիշտ է, սահմանին շրջադարձ է նկատվում, բայց վտանգը դեռևս լուրջ է,- ասաց փոխգնդապետը։ Հետո լուռ գնաց-եկավ դասակների դիմաց, ու շարունակեց,- 10 րոպեից կշարժվեք։ Ուրեմն իմացեք, ծառայելու եք հարավարևելյան սահմանում, սահմանամերձ տարածքներում։ Հաջողություն եմ ձեզ մաղթում։ Իմացեք, երկիրը ձեր կարիքը շատ ունի,- ապա շրջվեց մայորի կողմը ու ինչ-որ բան ասաց։

– Առաջին դասակ՝ դիմացի ուրալը, երկրորդ դասակ՝ հետևինը,- հրամայեց մայորը։

Մեքենաները հենց շարժվեցին, թափքի մեջ սկսվեց աշխույժ խոսակցություն։

– Տղերք, ո՞ւր են մեզ տանում, ո՞վ գիտի։

– Կարծեմ Մարգահովիտի կողմը, լսե՞լ եք, մերոնք առաջ են շարժվել։

Ուր էլ տանեն, մեկ ա, ոչ մի տեղ էլ մյուսից վատ կամ լավ չի։ Կարևորն էն ա, որ հարավ են տանում։ Ձմեռը դեմն ա, իսկ էնտեղ տաք ա անում։

– Ապե, դու խի՞ չես ծառայել,- էս իրա՞ հետ են։ Համին կողք նայեց։ Իրան էր նայում կողքինը։

– Ուղեղի ցնցում եմ ունեցել,- հիմա հաջորդ հարցը կտա։

– Խի դրա համար ազատում ե՞ն։

– Ապե, բարդություններ էր տվել։

– էլ մի, էլ մի ստից խոսա։ Ոնց որ ուղեղի ցնցումը չենք իմացել ինչ ա։ Այ ախպեր, դու փող տված կլնես, ճիշտը ասա,- Համին չպատասխանեց, միայն խորամանկ ժպտաց։ Լավ ա, թող իմանան, թե փողով ա ազատվել։ Բայց ինչի՞ պիտի ամեն անգամ թաքցնի, լավ, ի՞նչ կա ամաչելու։ Քի՞չ մարդ կա, որ հոգեկանը խանգարված ա, իրանից ավելի ծանր վիճակում գտնվողներ կան՝ վատ չեն զգում, լավ էլ վստահ, առանց մտածելու ապրում են։ Ինքն ինչի՞ ա էդպես ամաչում։ Ամեն դեպքում, որ վթարը չլիներ, կյանքը հաստատ ուրիշ ձև կդասավորվեր։ Կրթություն կստանար ու էսօրվա օրով մի լավ գործ կունենար։ Ընկերներից ինչո՞վ էր պակաս, ոչ մի բանով, դեռ տեղ-տեղ էլ իրա խելքը ավելի էր հասնում։ Քանի տարի համարյա գերազանցիկ էր։ Վթարը իրան կոտրեց։ Հետագայում էդ ցնորքները վերջնական ուդառ էր։ Ախր ինքը նկատել էր դիմացից էկող մեքենան` պապ, պապ, նայի դեմդ։ Ի՞նչ պապ։ Մերը ճիշտ ա ասում` քո հարբեցողությունը հորիցդ ա անցել. իրա գլուխը կերավ, քեզ էլ ինվալիդ սարքեց։ Բայց գուցե իրա հիվանդությունը իրո՞ք ցնցումի հետ կապ չունի։ Լավ, չորս տարի հետո ինչու հայտնվեց։ Չէ, էս էլ կանցնի, որ իրան հետևի, էս փորձանքից էլ կազատվի։

– Այ ախպեր, մի բան էլ դու ասա,- Համիի ուսն հրեց դիմացի տղան։

– Ապե, էրեկ շատ եմ խմել, հիմա մի քիչ լավ չեմ։

– Հեսա, տեղ հասնենք, մի բաժակ կխմես, կդզվես։ Հիմա մի հատ անուն- ազգանունդ ասա։

– Դաստակյան Համլետ։

Տղան տետրի մեջ գրանցեց անունը։

Մի՞թե ուրիշ բան չէր լինի հորինել, դե արի սրա տակից դուս արի։ Համին ճակատն առավ ափերի մեջ։ Հիշի բժշկին, հիշի բժշկին՝ խմելը մահ ա, խմելը մահ ա, խմելը մահ է, խմելը մահ է, խմելը մահ է, խմելը մահ է…

Արդեն մթնել էր, երբ մեքենաները մտան շրջկենտրոն։ Զորանոցի հրապարակում գումարտակը շարվեց։ Զինկոմիսարիատի լեյտենանտը, որ Համիին հագուստի ուղարկեց, էստեղ էր։ Ձեռքի մատյանը բացեց ու սկսեց կարդալ.

– Ադիբեկյան։

– Ես եմ։

– Աթարբեկյան։

– Ես եմ։

– Դաստակյան։

– Ես եմ։

Հավանաբար հիմա իրանց ուտելու բան կտան, ամբողջ օրը սոված են մնացել, բերանը մի կտոր հաց չեն դրել։

– Ո՞ւմ անունը չկարդացի,- հարցրեց լեյտենանտը։ Պատասխան չեղավ,- դասակի հրամանատարներ, ինձ մոտ։

Առաջին դասակից առաջ գնաց Ադիբեկյանը՝ ուրալի մեջ Համիի անունը գրողը։ Ուրեմն, էս ա իրանց հրամանատարը։

– Պատրա՞ստ են ձեր ցուցակները։

– Ճիշտ այդպես,- պատասխանեցին երկուսն էլ։

– Դե ուրեմն, սրանից հետո դուք կստուգեք,- հետո լեյտենանտը դիմեց ամբողջ գումարտակին,- ուրեմն էսպես, հիմա ձեզ հաց կտան։ Հետո կստանանք մի շաբաթվա պայոկը։ Հետո զենք կստանաք ու դավայ առաջ։ Աջ դարձ, քայլով մարշ,- ու լեյտենանտը առաջ ընկավ, գումարտակը` նրա հետևից ուղիղ ճաշարան։

Ճաշը բերեցին նորակոչիկ զինվորներ։ Սրանք ոնց որ դպրոցական լինեին, յոթերորդ դասարան, ավել չէիր տա։ Կերակուրը էդպես վատը չէր, ոնց որ քաղաքում են ասում։ Մսից էր մի քիչ նեխահամ գալիս, շիլայի մեջ էլ աղը շատ էր լցրած։ Բայց ոչինչ, սնունդ հնարավորին շատ պիտի ընդունել։ Բժիշկն ասում էր՝ սնունդ, սնունդ։ Իսկ բանակում՝ առավել ևս։

– Գումարտակ, ոտքի՛,- լեյտենանտն էր հրաման տալիս։

Ավտոմատը երբ ձեռքդ ես առնում, նոր զգացողություն ա առաջանում, մինչ էդ երբևէ չունեցած։ Ճիշտ ա, էրկու-իրեք անգամ պոլիգոններում ավտոմատը առել ա ձեռը, կրակել ա, բայց դե էն ուրիշ էր, իրան գրանցված ավտոմատ չէր, կրակել, հանձնել ա։ Իսկ սա գուցե ամիսներով հետը լինի։ Ավտոմատը ձեռքիդ ուրիշ մարդ ես։ Մենակ մի թերություն ունի` ավտոմատը միշտ հետներդ լինի, ուր էլ գնաք, կորցնեք՝ գլխներովդ եք պատասխան տալիս, դա ձեր մարմնի նոր մասն է։

– Դաստակյան, ինչ ես շշմել-կանգնել, յաշիկները տար,- իր դասակի հրամանատարն էր ականջին գոռում։ Կողքի պահեստից գումարտակը արկղերով մթերքն էր ստանում, Համին ավտոմատը գցեց մեջքից ու ծանր արկղը կողքինի ձեռքից առավ։

Երևի երկու ժամ կլիներ, որ կրկին ճանապարհին էին։

– Ժամը քանի՞սն ա,- հարցրեց Համին կողքի նստածին։

– Ժամն ինչ ես անում,- ասաց կողքինը ու մթության մեջ ձեռքը աչքին մոտեցրած փորձում էր ժամը ճշտել,- 2-ը։

Համին աչքը մի քիչ կպցրել էր, բայց ուրալը էնպես էր ցնցում, որ քնելն անհնար էր։ Ուրալները վերջապես կանգնեցին։ Գիշերվա խավարում նկատվում էին շենքի ուրվագծերը։ Շարվելու հրաման արձակվեց։

– Ուրեմն, տղաներ, էստեղ եք մնալու։ Գյուղի դպրոցի շենքում կլինի ձեր զորանոցը։ Հարցեր կա՞ն։

– Պարոն լեյտենանտ, սա ինչ գյուղ ա,- լսվեց շարքի միջից։

– Ծաղկավան։ Դե էսպես, սկզբում մթերքը տեղափոխեք, հետո ինքներդ տեղավորվեք։ Առաջին հարկում՝ պահեստներ, խոհանոց, երկրորդում՝ կազարմա, ձեր սենյակները։ Դասակները չցրվեն իրար մեջ։ Առավոտ 7-ին ոտքի։

Քանի որ սենյակները շատ էին, դասակներն էլ բաժանվեցին 6-6 ու առանձին սենյակներում տեղավորվեցին։ Համին միանգամից փռվեց դոշակին։ Դոշակը շատ կեղտոտ էր, նույնիսկ եթե մատդ քսեիր, մուր կկանգներ։ Բայց էնքան հոգնած էր, որ կեղտը ոչ մի զզվանք չպատճառեց։

– Ախպեր, վաղը էս գյուղի պցերը մեր ահից կթռնեն, ի՞նչ ասիք,- թիկն տալով Համիի կողքը ասաց Աբրահամյանը։ Բոլորը ծիծաղեցին։ Հետո շրջվեց Համիի կողմը.

– Դաստակյան, վաղը մի պուց բերեմ՝ ծծցնես,- Համին թեթև ժպտաց,- հը՞։

– Եե…,- Համին ինչ-որ բան փորձեց ասել, բայց լեզուն չպտտվեց, ու միայն չկապակցված հնչյուններ թռան բերանից։

– Արա, դե խոսա,- Աբրահամյանը բարձրաձայն քահ-քահ ծիծաղեց՝ բոթելով Համիի ոտքին, մյուսներն էլ հետը։

– Ապե, երբ բերիր, որ բան չարինք,- իրեն ստիպելով խոսեց Համին։

– Ասա, էհ։ Կբերեմ՝ կտենաս։

Համին տեղից վեր թռավ։ Դասակ, ոտքի։ Դասասենյակում գոռում էր հերթապահը։

Լույսը բացվել էր, բայց արևը դեռ չէր հայտնվել։ Բակում դասակը շարվեց։ Լեյտենանտը զրուցում էր մի անծանոթ մայորի հետ։ Դպրոցի շուրջը գյուղի տնակներն էին, որ անկանոն ձգվում էին լանջով վեր։ Գյուղից էն կողմ կարմրադեղին մացառներ ու ծառուտներ էին ցրված։ Սիրուն բնություն ա, օդը հաճելիորեն ներծծվում ա մարմնիդ մեջ։

– Առաջին դասակ, չորս քայլ դեպի աջ, մեկ-երկու,- հրամայեց Ադիբեկյանը։ Դասակը դեպի կողք քայլեց՝ դխկ-դխկ, դխկ-դխկ,- ուրեմն էսպես, հիմա կներկայացնեմ դասակի ջոկերի հրամանատարներին և ենթականերին։ Առաջին ջոկի հրամանատար` սերժանտ Աբրահամյան Սարգիս։

– Ես եմ։

– Շարքայիններ` Աթարբեկյան Արթուր։

– Ես եմ։

– Դաստակյան Համլետ։

– Ես եմ։

– Երանոսյան Անաստաս։

– Ես եմ։

Վատ չէր լինի, եթե ամբողջ ծառայությունը էստեղ անցներ։ Մենակ էս Սաքոն շատ յազվություն չաներ։ Մեկ էլ կպնողական գնաց, մերը կքունի։ Ադիբեկյանը մոտեցավ լեյտենանտին.

– Պարոն Սուքիասյան, առաջին դասակը ամբողջ կազմով շարված է։ Դասակի հրամանատար Ադիբեկյան։

Հետո զեկուցեց մյուսը։ Լեյտենանտը, ափը ցցած քունքին, շարային երկու քայլով ցցվեց մայորի դիմաց.

– Պարոն Թոխունց, երկրորդ գումարտակը պատրաստ է մարտական առաջադրանքի համար։ Գումարտակի հրամանատար ավագ լեյտենանտ Սուքիասյան,- ու կողք քաշվեց։

– Ողջույն քաջաց,- բղավեց մայորը։

– Ողջույն քաջին,- պատասխանեց գումարտակը։ Մայորը շատ կոլոտ էր, երևի ճակատում կարճահասակությունը առավելություն ա. գնդակները չեն հասնի։

– Տղերք, ձեզ ուրախալի լուր եմ հայտնելու։ Երեկ մեր ստորաբաժանումները անցել են թուրքի սահմանը և երկու գյուղ են գրավել։

– Ուռաա,- ուրախ գոչեց գումարտակը։

– Սա ինչ-որ առումով ձեր բախտից էր։ Կրակի գիծ էս երկու օրը չեք գնա։ Ձեր մարտական առաջադրանքն է լինելու տՐՏփպրօՉՈվՌպ ՎպրՑվՏրՑՌ։ Պարզ է՞։

– Էդ ի՞նչ ա,- հարցրեց երկրորդ դասակից ինչ-որ մեկը։ Տղաները ծիծաղեցին` արա, էսի ռուսերեն չգիտի։

Սարգիս Աբրահամյանը ոգևորվեց.

– Ապե, ռուս պուց քունած չկա՞ս։

– ԿրՑՈՉՌՑՖ,- մայորի ձայնը բոլորին զգաստացրեց,- ուրեմն ինչպես են ասում` սանրել։ Դուք պետք է գրավված տարածքը, Չ փՈրՑվՏրՑՌ գյուղերը մաքրեք թշնամուց։ Այժմ զենքերը կարգի բերեք, Սուքիասյան, զինամթերքը բավարար է, չէ՞,- լեյտենանտը գլխով արեց,- զենքերը կարգի բերեք, կերակրվեք ու առաջ։

– Դասակը հավաքվի առաջին հարկում, որտեղ ճաշարանն ա, իսկ դու, Դաստակյան, իմ հետևից,- հրամայեց Ադիբեկյանը։ Ինչո՞ւ հենց իրեն կանչեց։ Երևի բանակի օրենքներին վարժվել ա պետք։ Դպրոցի առաջին հարկի հենց մուտքի դիմացի դռան մեջ Ադիբեկյանը ձեռքի բանալին մտցրեց ու սկսեց չխկչխկացնել.

– Հը՞, Դաստակյան, դուխդ տեղն ա՞,- մինչ դուռը բացվեր հարցրեց Ադիբեկյանը։

– Հա, բա ոնց։

– Դե էս յաշիկը առ,- սենյակում Համիին ցույց տվեց իրար վրա շարած թիթեղե արկղերից մեկը,- ու տար ճաշարան։

– Բեր ըստե,- արկղից քաշեց Սարգիս Աբրահամյանը ու գրպանից ծալովի դանակ հանեց, բացեց, շեղբը խրեց թիթեղի մեջ ու խրթխրթալով բացեց։ Առաջին մագազինի մեջ փամփուշտները Համին շատ դժվարությամբ էր մտցնում։

– Ըստե նայի, ոնց են մտցնում,- Համիի ձեռքից քաշեց Աբրահամյանը։ Համին նայեց նրա մատների շարժումներին ու նույնությամբ կրկնեց։ Երկրորդ մագազինը արդեն յուղի պես էր լցվում։ Ճաշարան եկավ Ադիբեկյանը՝ ձեռքերի մատների արանքները երկուական օղի.

– Տղերք, բոլո՞րդ լցրիք։

Տղաները գլխով արեցին։

– Դե էկեք հաց ուտենք։

Ադիբեկյանը երկու օղին մի սեղանին, երկուսը մյուս սեղանին դրեց։ Հիմա խմելու են։ Չէ, Համի, ինչ ուզում ա լինի, չպիտի խմես։ Տղաներից երկուսը կերակուրը բերեցին։ Տապակած կարտոֆիլ ու մսի պահածոներ։

– էս մեզ արքայական են պահում, շեֆ ջան,- ոգևորված պահածոն քաշելով ասաց Սաքոն,- ապե, բաժակները բեր։

– Մի ուրախացի, էս ուտելիքը պրծնի, չգիտեմ ինչ ենք արածելու,- պատասխանեց Ադիբեկյանը,- տղերք, լսեք, տուն առ տուն մտնում եք, հենց շարժվող բան տեսնեք՝ կրակեք։ Հուշտ չլնեք, չխփեք՝ ձեզ են խփելու։ Համ էլ չխնայեք, թող ձեռներներդ բացվի։

Երանոսյանը բաժակները դրեց սեղանին ու նստեց։ Ադիբեկյանը լցրեց բաժակները.

– Տղեք, լավ խմեք, ոչ ոք թո գլուխ չգովա… մարդ ես։

Սաքոն հելավ տեղից ու մատը տնկեց Ադիբեկյանի քթին.

– Ի, այ ախպեր, էս ինչ ասիր։ Կարող ա՞ խմում եմ, որ դուխս հելնի։ Արխային, իմ դուխը տեղն ա։

– Այ ախպեր, հո քո մասին չեմ ասում,- արդարացավ Ադիբեկյանը ու արագ բաժակը բարձրացրեց։ Հինգն էլ բարձրացրին ու չխկացրին իրար,- ողջ լինենք։

Համին առանց խմելու բաժակը դրեց։ Սաքոն նկատեց.

– Համո ջան, կարող ա՞ քո դուխն էլ ա տեղը, չես էլ խմում։

– Չէ, պրոստը վատ կզգամ։

– Այ ախպեր, կարող ա՞ վատ տղեք ենք, հետներներս չես ուզում մի բաժակ խմես։

Համոն լրիվ շփոթվեց։ Հիմա Ադիբեկյանը կսկսի.

– Համլետ ջան, խմի։ Խոսքը մեր մեջ, կամանդիրը արաղները ուղարկեց, ասեց` թող տղեքը խմեն, առաջին անգամն են բոյ մտնելու։

– Չէ, չեմ կարա, կվատանամ։

Ադիբեկյանը բորբոքվեց.

– Այ ախպեր, կուզովի մեջ դու չասի՞ր` էրեկ խմել եմ, վատ եմ։ Դե խմի, որ դզվես։

Համին կրկին բաժակը վերցրեց։ Դիմադրելն անհնար էր։ Բաժակը տարավ շուրթերին ու մի ումպ արեց, դրեց սեղանին։ Սաքոն կատաղած ձեռքը սեղանին խփեց.

-Այ ախպեր, էս մեզ ձե՞ռ ես առել։

Համին էս անգամ բաժակը մինչև վերջ դատարկեց։ Սաքոն լցրեց բաժակները։

Նույն տեսարանը կյանքում քանի՞ անգամ կարող ա կրկնվի։ Էս տեքստը մի անգամ արդեն ասվել ա, գուցե Համին երազո՞ւմ ա տեսել. «Տուն առ տուն եք մտնելու, անկյուն չթողնեք, թուրքերից շատ են մնացել, իմացեք։ Հենց շարժվող բան տեսնեք՝ կրակեք։ Չտատանվեք` կրակեմ, թե չէ։ Չխփեք՝ ձեզ են խփելու։ Մարդ սպանել պիտի սովորեք, իմացեք»։ Գումարտակի հրամանատարն ա խոսում։ Միթե էլի՞ ասել ա։ Չէ, հնարավոր չի։ Սկսվում ա, մենակ տեսիլներ չլինեն։ Դաստակյան, մի քնի։ Երկրաշարժ ա սկսվե՞լ։ Էս հողը ինչի՞ ա հոսում։ Դաստակյան, քեզ ի՞նչ էղավ։ Չէ, ուրալն ա, փոսերի մեջով ա քշում։

– Չի լինի մի քիչ դանդաղ քշի։

Ծիծաղում են.

– Դաստակյան, կարող ա՞ կարուսել ես նստե։

Էս ո՞վ ա խոսում։ Թափքի մեջ խավար ա, մենակ կարմիր պատեր են էրևում, բան չի էրևում։ Կարմիրը թանձրանում ա։ Հա, Սաքոն ա։

– Սաքո ջան, գլուխս ֆռում ա։

– Բան չկա, մի քիչ քնի, կանցնի։

– Սաքո, քո ջոկը աջ կողմի, էն ձորի փեշի տները տեսնո՞ւմ ես, դրանք կմաքրեք։

Երկինքը կարմիր կրակ, դիմացը ձորի ափին տները տեսնում ա, ուրեմն էդ կողմ պիտի գնան։ Միայն երկնքի կարմիրն ա պատրանք, օղու սարքածն ա, երևի մի քիչ հետո կանցնի.

– Դաստակյան, ուշքի արի, հետ չմնաս,- Սաքոն ա, առաջ ա ընկնում։ Արահետով շարքով իջնում են։ Լսվեց ավտոմատի կրակահերթ։ Հետո երկրորդը։ Առջևից Սաքոն, ետևից Երանոսյան Անաստասը, ինչի՞ ա էդպես կուչ էկել, մենակ գլուխն ա առաջ տնկած։ Հետո Դաստակյանը, հետևից Աթարբեկյան Արթուրը՝ Դաստակյանի մեջքին կպած։

Սաքոն հրեց առաջին պատահած այգու դուռը։ Ծառերից կրակի կտորներ են կախված, բայց ծառերը ինչի՞ չեն հրդեհվում։ Կրակի կլոր-կլոր գնդիկները ճյուղերից կախ, իսկ ծառերը՝ կանաչ, ու չեն հրդեհվում։ Երանոսյանը ձեռքը տարավ կրակին։

– Դաստակյան, նռան ծառ տեսել էի՞ր։

Համին հանգիստ շունչ քաշեց։ Ուրեմն գլուխը նորմալ ա։ Կրակ չի, նուռ ա։ Կրակահերթը էս անգամ տնից էր.

– Ինչ եք շշմել-մնացել, կրակեք,- Սաքոն չէր էրևում, մենակ ձենն էր լսվում,- Արթուր, դու աջը պահի, Երանոսյան, դու ձախից մտի։ Դաստակյան, ով դուս էկավ՝ գյուլլի։

Դիմացը միհարկանի տունն ա, պատշգամբը` առանց պատուհանների փայտե սյուների վրա։ Պատերից բռնվելով հայտնվեց մի բիձա։ Կրակ։ Կրկին կրակ։ Բիձեն փռվեց։ Հայտնվեց ևս մեկը։ Կրակ։ Աչքերը մշուշվել են, հրդեհ է բռնկվել, ինքն ինչպես չնկատեց։ Չէ, հրդեհ չէ, ռեժիսորի թարմ էֆեկտներն են։ Լիլին էսօր հոյակապ է, սյունից գրկած իսկապես հիանալի է սահում։

– Լիլի, դու հիանալի խաղացիր քո դերը։

– Ի՞նչ ես գոռում, ուշադի՛ր, տանը լիքը զինվոր կա, ուշադիր, որ կրակես։

Ո՞ւր կրակի։ Համին վազեց պատշգամբ։ Բեմը, ասում էր դերասանը, արգելված տարածք է։ Բայց հիմա, արի տես, ազատ բեմ հելավ։ Հատակին փռված էր մի աղջիկ։ Համին չոքեց ու ձեռքը տարավ կոնքին։ Ափը տաք հեղուկից խոնավացավ։ Էս ի՞նչ ա։ Համին ուշադիր նայեց ափի մեջ։ Ռեժիսորի ֆոկուսներից ա։ Տոմատի հյութ ա երևի։

– Արա, վեր կաց, ո՞ւր ես լռվել։

– Էս ի՞նչ ա։

– Արուն ա, ի՞նչ ա։

Սաքոն քաշում էր Համիին,- արա, էկեք սրան էստեղից տանենք, չի գալի,- Երանոսյանն ու Արթուրը միացան նրան։ Բայց Համիին անհնար էր սյունից պոկել, սոսնձի նման կպել էր.

– Ես սպանեցի Լիլիին, ես սպանեցի Լիլիին։

– Արա, ինչ Լիլի։ Թուրքի քած ա։ Էս հարիֆը խելքը թռցրել ա։

* * *

տերտերը էրեկ կնքեց։ հիմա էլ ա կնքում։ երևի ձևը փոխել են։ էրկու օր իրար վրա։ բայց թռչունները ինչ լավ պար են բռնել։ ղշեր են։ ոնց են օդի մեջ շրջան կազմել։ կարմիր գույնի։ ո՞վ ա տեսել կարմիր գույնի ղշեր։ տերտերի ուղիղ գլխի վերևը։ իմ պատվին պապան ա բերել տվել։ կարո հոպարի ղշերն են։ պապ, վաղը դպրոց չեմ գնա, չէ՞։ պապան չկա։ երևի ոչխարի հետևից ա գնացել։ տղիս համար մի հատ էլ ոչխար եմ մատաղ անելու։ խաչը բա չեմ պաչո՞ւմ, տեր հայր։ բայց էրեկվանը ուրիշ էր։ չէ, նույն տերտերն ա, մենակ շորն են փոխել։ խի՞ են փոխել, սև էր, կարմիր ա դառել։ տուր խաչը։ չի հասնում, ձեռս խի՞ չի բարձանում։ տերտերը ուր ա անհետանում… Բժիշկը Համիի ճակատից բարձրացրեց ափը։ Քույրը ասեղը հանեց Համիի թևից։

– Չէ, բուժման համար մի վեց ամիս կպահանջվի,- որ Համին աչքերը փակեց, առանց նրանից հայացքը կտրելու ասեց բժիշկը։

– Բժիշկ ջան, բա որ Լիլիին տեսավ, չի լավանա՞։ Էլի որ տեսնի՝ Լիլին սաղ ա, չի մեռել, ու Համիս կլավանա։

– Չէ, տիկին ջան։ Տեսաք, դուք էլ համոզվեցիք, որ չի օգնում։ Նրա գիտակցության մեջ Լիլի չկա։ Նա մանկության զառանցանքների մեջ է։Նրա հիվանդությունը շատ է խորացել, տենց հեշտ որ լիներ, հեն է, բոլոր հիվանդները էրկու օրում կբուժվեին,- բժիշկը մի պահ գլուխը քորեց ու ձեռքը բարեկամաբար թեթև թփացրեց տիկին Քնարիկի ուսին,- բայց ոչինչ։ Կարևորը, որ կբուժվի։ Ես վստահ եմ։

– Բայց տենց չէր, բժիշկ ջան։ Իրան արդեն լավ էր զգում։ Դու էլ գիտես, ամեն ինչը անցել էր։

– Ինչ ասեմ։ Բայց լավ կլինի։ Մի անհանգստացեք։ Համին վեց ամսից տունը կլինի,- հետո բժիշկը նայեց ժամացույցին,- դե լավ, ես գործեր ունեմ,- և ուղեկցեց կանանց մինչև դիմացի աստիճանները։

Տիկին Քնարիկն ու Լիլին իրար թևանցուկ դուրս եկան հիվանդանոցից։ «Տղիս տարան ինվալիդ սարքին» անընդհատ կրկնում էր նա ու հեկեկում։ Իսկ Լիլին լուռ էր։ Մենակ արցունքներն էր սրբում։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.