Ինքը լավ գիտեր իր ,,ես”-ի ցածրությունը, բայց ամեն անգամ երկար քիթը ցցում ու ինքն իրեն մարդ էր համարում մնացած մարդկանց հավասար: Մենք էլ գիտեինք իր ,,ես”-ի խղճուկությունը, բայց դե իրեն էդ մասին չէինք հիշեցնում: Մենակ երբեմն, երբ զզված էինք լինում մեր շուրջը գարշահոտող աշխարհից, մեր խղճուկ ու ցածր ,,ես”-ից ու ավելի խղճուկ ու ցածր ուրիշ ,,ես”-երից, որ ֆրֆռում էին մեր շուրջը… Մի խոսքով, երբ ամեն ինչ համը հանում էր, մենք էլ էինք համը հանում ու իրեն ասում էինք, թե ինչ տեսակի անասուն ա ինքը: Ինքն էլ, իր հերթին, հայհոյում էր, կատաղում ու հաջորդ օրը քարշ գալիս ներողույթուն խնդրելու: Էդ պահերին ինքը ավելի ցածր, զզվելի ու անտանելի էր լինում, քան սովորաբար:

Տղերքից մեկը դրան ասեց ,,գարշելի ա”, ու էդ օրվանից իրան թիկունքից Գարշո էինք ասում: Ինքը, բնականաբար, էդ մասին չգիտեր: Թե ոնց հաջողացրեց Գարշոյից Գավրոշ դառնալ, արդեն ես չգիտեի: Բայց երբ Արտոն դրան Գավրոշ ասեց, փրփրեցի…

Գավորշն իմ աչքին հերոս էր, դուրս գալիս էր Հյուգոյի էդ կերպարը, սրանից որ հաստատ շատ ավելի բարձր էր, ու հանկարծ…

Մինչև էսօր չեմ հասկանում, թե ոնց ես սկսեցի դրան Գավրոշ ասել, բայց արդեն մի ամիս էր, ինչ ես էլ էի ասում…

Պայմանագիրն էի թարգմանում, միաժամանակ աշխատում էի, որ տեղական օրենսդրությանը հակասող բաներ չլինեն, միաժամանակ փոստս էի մաքրում ավելորդ նամակներից ու վաղնջական ժամանակների չկարդացված նամակները ստուգում, միաժամանակ տարբեր կայքերով գրվում տարբեր ազգերի ու երեվի նաև դավանանքների աղջիկների հետ, տղերքից մի երկուսի հետ ինֆորմացիա փոխանակում ու… ու հանկարծ դրա գարշելի մռութն էրեվաց դռների արանքում:

– Բարլուս:

– Բարև Գավրոշ, ինչ կա?

– Էկել եմ տեսնեմ ոնց ես:

– Լավ: Դու?

– Հարմար: Դե լավ, ց… Պետք եղա, կողի սենյակում եմ…

– Օքեյ:

Որ դուրս եկավ, սկսեցի ծիծաղել… Հիստերիկ ծիծաղ էր, բայց հիստերիկ ամեն ինչից զզվում եմ, միանգամից ձենս կտրեցի ու նայեցի սիգարներիս: Չէ, սովորաբար ուշադիր եմ, բայց թե ոնց էր հաջողացրել եդ երկու վայրկյանում մի քանի հատ թռցնել, չեմ պատկերացնում: Ու զարմանում էի, որ էդքան շուտ սիգարների մասին իմացավ, ախր Մարկը հինգ րոպե առաջ էր Կուբայից իր էդքան գովալուց հետո վերջապես էդ սիգարներից բերել, իր բերած սիգարներից մեկը ծխել ու իր սովորական ,,see you”-ից հետո չքվել գրողի ծոցը իր լրտեսությունը շարունակելու: Իսկ Գավրոշն արդեն էստեղ էր:

Тут как тут…

Մի տեսակ հանդիսավոր սիգար վառեցի: Սկսեցի քթիս տակ հայհոյել, նկատեցի, որ անգլերեն եմ հայհոյում, մի երկու հայերեն բառով թունդ համեմեցի ու շարունակեցի անգլերեն…

էդ ժամանակ միշտ ,,hell”-ով եմ եզրափակում: Էդ անգամ էլ ասեցի էդ  ,,hell”-ն ու Գավրոշը մտավ ներս:

– Էլի ես սիգար ուզում?

– Ինչ սիգար?

– Հավայական:

– Չեմ հասկանում?

– Հաստատ?

– Ինչ սիգարի մասին ա խոսքը, գժվեցիր էլի?

– Ուրեմն չգիտես?

– Չէ, չգիտեմ:

– Դե առանց իմանալու գնա գրողի ծոցը: Մարդավարի ուզեիր, կտայի, բայց հիմա… գնա գրողի ծոցը:

Ձայնս հանգիստ էր, ոչ մի լարվածություն: Ես կարողանում եմ բացարձակ ոչինչ չզգալ, կյանքը սովորեցրել է:

Գավրոշն, այնուամենայնիվ, կես րոպեի չափ հապաղեց, անկեղծ զարմանք ձևանալով դեռ մի քիչ էլ նայեց ինձ, ուսերը թոթվեց ու դուրս եկավ: Գնալուց առաջ էլ քթի տակ նետեց.

– Ինքդ գնա գրողի ծոցը, լրիվ աննորմալ ես:

Նայեցի աղմուկով փակված դռանը: Դուռը շնչում էր, ինչ որ ներքին ցավ էր ապրում անտեղի վիրավորանքից: Ինքն ինչ մեղք ուներ, եր ես ու Գավրոշը հագել ենք իրար: Ինքն իր համար լուռ ու հլու ինձ բաժանում ա միջանցքից, բացվում, փակվում ու վերջ: Ես լրիվ հանգիստ եմ, իսկ դուռը…

Զգացի, որ անկապություններ եմ սկսել մտածել ու սեղանիս դարակը բացեցի… Անհեթեթություն. էնտեղ գտա պակասող սիգարները: Գավրոշի գալուց վայրկյաններ առաջ էի էդ մի քանի հատն առանձնացրել… Էնքան խելագար գրաֆիկով եմ աշխատում, որ լրիվ մտքիցս թռել էր: Բայց էդ Գավրոշին չի արդարացնում: Ինքն էնքան ա մանր-մունր թռցրել, սրա-նրա տակը փորել, սաղին իրար խառնել, ստորություններ արել, որ արդեն ինչ լինում ա, իրան ենք կասկածում:

Հաջորդ օրն էկավ ներողություն խնդրելու, որ ինձ գրողի ծոցն ա ուղարկել…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.