Գուրգեն Խանջյանի «Նստիր Ա գնացքը» վեպի Գևորգին

Վազում էի Գևորգի մոտ: Միայն նրան կարող էի ասել, որ Շողերին քիթմռութի վրա անհոգ մեռած թողել, եկել եմ իր մոտ օգնություն խնդրելու: Շողերի տղուն պարտքերի դիմաց այրել էին մոր աչքի առաջ, պետությունն էլ հողերը խնայելու, ամբողջ Հայաստանը գերեզման չսարքելու համար հիմա դիակիզարաններ էր կառուցում: Հեռուստացույցի ձայնը դիտմամբ բարձր միացրել եմ, որ կարծեն Շողերն անհոգ սերիալ է նայում:

Տաքսու վարորդի վրա գոռացի. «Զգույշ, ագռավ տրորեցիք»: Վարորդը, սիգարետը շուրթի անկյունում պտտելով, ասաց. «Քուր ջան, շատ ռոմանտիկ ես, տղամարդու սև տրուսիկ ա, խի ես խառնվել իրար»: Հետո վարորդը ցուցամատով անընդհատ հայելու նույն տեղին կտտացնում էր: Փողը տալիս նկատեցի, որ նույն տեղից շուրթերս են երևում:

Գևորգի հետ եմ. «Տիեզերքը աղմկում է, նրա հոգոցները մեզ են հասնում, հո չե՞նք թողնելու հողը կորչի, ծերանա, հասկացիր, հողին պետք է ազատենք չարչարանքներից, փրկենք դիակներից»:

Ամբողջ խոսակցության ընթացքում եղունգներս կրծում էի. կարմիր ներկ էի քսել կամ արդեն արյունս էր… Ձեռքերս բարձրացրի, թևերիս ներկ չէի քսել, ուրեմն արյունս էր:

Ափերն աչքերիս մոտ թափ տալով ասում էր. «Ախր ամենակարևորն ես մոռանում` հողը Աստծո սերմն է, մեռած բջիջները նրա ինչի՞ն  են պետք»:

Խելագար Շողերը զուգարանից դուրս գալիս հետույքը մաքրած թուղթը հետն էր վերցնում, միջանցքում սիրուն ծալում, գրպանն էր դնում, ո՞նց հնարավոր է նրա վախը մեռած բջիջ հա-մարեն: Իմ խելոք Գևորգը անկարողությունից էշություններ էր դուրս տալիս: Գևորգս իսկա-պես խելոք է. մեր հանդիպման օրերին սոխ չէր ուտում, գիտեր, որ համբուրվելու ենք, իսկ ես ատում եմ սոխի հոտը:

«Աղմուկը հողի ձայներն են, տիեզերքը վախենում է, նայիր վերև, բա քո կարծիքով ամբողջ աշխարհում աղետներն ինչի՞ց են: Դե արի, արի իմ սիրուն աղջիկ, արի աղոթենք լուսնին, ափերդ բաց արա, ձեռքերդ վեր պարզիր, գայլի նման ոռնա: Տես լուսինն ինչ սիրուն է, ոնց որ տուտուզիկդ լինի թփերի մեջ չիշիկ անելիս»:

Նայել է:

Չէ… էէ՜… ու մտքումս ոտքերս գետնին խփեցի… Իմ Շողեր մորքուրը  ծերությունից շերտ-շերտ իրար վրա հավաքված մաշկով աջ կուրծքը հանում էր, գցում կրծկալի վրա, չոր պտուկը ցուցամատի ու միջնամատի արանքում դնում, երևակայելով կերակրում էր արդեն մեռած տղային, ով հնարավոր է Շողերի համար նոր էր ծնվել… Ոնց կլինի` նրա սերը մեռած բջիջ համարվի… Եթե կարողանայի այս էլ ասել, գուցե իրոք օգներ` փաստաթղթերը ձևակերպեինք, կարգին հուղարկավորեինք (հողն ուղարկեինք) Շողերին…

«Դե հերիք է բարակ մատներդ կոտրատես, արի հիմա էլ էն բարձր սարին աղոթենք»:

Ձախ շրջվեց: Չտեսավ զարմանքս: Ձեռքերը վեր պարզեց ու սկսեց գայլի նման ոռնալ: Ես լուսնի կողմն էի նայում: Արտասովոր հանգիստ եմ, կարծես Շողերն ու նրա մահը երբեք էլ չեն եղել, ոչ ոք բացի Գևորգից չգիտի, որ Շողերին բերանի վրա մեռած թողել, փախել եմ իր տանից: Պատահական, վերացական, հատ-հատ ասված նրա խոսքերն այլևս ոչինչ չէին նշանակում, իր գրածի պես ուզում էի քացով հասցնել հետույքին: Ուր էր, թե կարողանայի արհամարհել նրա մեկիկ-մեկիկ ասված խոսքերը, իր մասին էլ հաստատ մտածում էր. «Ինչ տականքն եմ ես, չէ, ավելի շուտ` ինչ խղճուկ եմ ես…»: Գուցե ինքն էլ ուներ սև փայլուն գոտի ու փոքր աղջկան մանկապարտեզից վերադարձնելու հիշողություն:

Հնարավոր է, Գևորգը երկուսիս էլ սփոփելու կարիքն ուներ. երկուսիս նույնիսկ վաղաժամ մահը (նրա մահը միշտ էլ ինձ վաղաժամ է թվալու) չէր փրկի մեր մարմիններն այրելուց… Եթե սա կարողանայինք ասել միմյանց, կասեի` արի գոնե Շողերին թաղենք: Ուշադիր նայեցի նրան, ասաց` էդպես ուշադիր չեն նայի ծերացող մարդուն: Մենք երկուսով էինք պայքարում իր ճերմակելու դեմ: Նա երիտասարդության, հատկապես Արմենի հետ մրցելու պատճառով է արագ ծերանում: Չնայած Արմենը ինձ էլ էր խանգարում, խանդում էր. նրա մասին հոդվածը համակարգչիս մեջ գցել էր «Գևորգ-1950» վերնագրով: Չեմ ուզում Գևորգս մահանա: Իմ ջահելությամբ նրանից շեղում եմ, գայթակղում եմ մահին: Գևորգին ասում եմ` տխուր եմ, արդեն երկու օր է մամաս պապաս իրար հետ չեն քնում, ասում է` էդպես լինում է, ժամանակ է գա-լիս, երբ ամուսինները միասին չեն քնում, հազարից մեկ, ամիսը մի անգամ: Զզվում եմ ինձանից, որ նա էլ ամիսը մեկ մենակ չի քնում:

Գևորգս հիվանդ է, ջերմում է: Զանգում եմ Օլյային, հարցնում, կարելի է գամ Գևորգին տեսնելու, նա էլ` եթե դու մենյակ ես արի, թե չէ լիքը եռեխեք գալիս են, Գևոռգին խանգառում:

Նոր տարուն երեխեքով Գևորգին շնորհավորելու էինք գնացել, կինը նստեց ննջասենյակում, ռաֆաելոյի տուփի մեջ մոմեր վառեց, սկսեց Աստվածաշունչ կարդալ: Երեխեքից ով տեսավ,  հիացավ` վայ ինչ ռոմանտիկ ա… Հետո Գևորգն ինձ ասաց, որ նա չար ուժերին էր վանում իր տանից: Մեզ:

Աստիճաններին ու դրանից հետո էլ իմ ընկերներից մեկն անընդհատ ծյոծ Օլյայից էր խոսում, մյուսները ծածուկ կամ կտրուկ` շրջվում ու ինձ էին նայում: Չէին հասկանում, որ ես ու Օլյան հարազատների պես սիրում ենք իրար կամ որ նույնն է` նույն մարդուն:

Հիմա բոլորին արհամարհելով գնում եմ նստում Գևորգիս անկողնու կողքին: Օլյան սուրճ է առաջարկում: Հրաժարվում եմ: Տղան թեյ է առաջարկում: Հրաժարվում եմ: Կնոջ հետ ռուսերեն եմ բլբլացնում: Երբեք ռուսերեն բարձր չեմ խոսել: Կինն իրենց ընտանեկան լուսանկարներն է ցույց տալիս. նա և Գևորգը թևանցուկ, երիտասարդ են, լողափին: Նրա միակ առավելությունը երիտասարդ Գևորգին տեսնելն էր: Իրենց առաջնեկը` Գևորգիս գրկին: Կինն էլի է սուրճ առաջարկում: Համառորեն հրաժարվում եմ: Այս լուսանկարում նրանք հարս ու փեսայի շորերով են. «Смотри как он был хорошим женихом»: Սպասում է հաստատեմ իր խոսքերը, ասում եմ` հա, շատ եք սազում իրար:  Հետո ասում եմ` Օլյա, ինչ սիրուն են ձեռքերդ (իրոք սիրուն են): Նա ժպտում է, շփոթվում, նորից նայում ձեռքերին, տրորում, նորից ժպտում: Հետո հանում է նկարների առանձնացված մի խուրց, որտեղ Գևորգը  տարբեր աղջիկների հետ է: «А что, у вас с Геворгом нет фотографии?»: Լռում եմ: Չեմ ափսոսում, որ եկել եմ նրանց տուն: Ընդհակառակը, ուզում եմ ընդմիշտ այդտեղ մնալ` ընտանիքիս` Գևորգի, Օլյայի և նրանց որդու կողքին: Գևորգն արթնացավ:  Տաբատն էր փնտրում: Օլյան խնդրեց դուրս գամ` Գևորգը հագնվի: Միջանցքում վառարանի կողքին մատներս էի այրում. ախր ես Գևորգի մերկ ոտքերը մերսել եմ, նրա եղունգներն էլ եմ կտրել… Գնում եմ նրանց տանից, առանց Գևորգի հետ խոսելու:

Գնում էի իմ ճերմակ պտուկներով մահացած Շողերի մոտ: Գևորգին շատ էի ուզում ասել, որ եթե ինձ փնտրելու լինի, չգնա Շողերենց տուն: Չասացի: Իզուր: Երևի ենթագիտակցորեն ու-զեցի ինքն էլ տեսնի փորի վրա մահացած կնոջ զավեշտը: Շողերն ինձ միշտ մի երազի մասին էր պատմում, իբր իրեն փորի վրա են պառկեցնում դագաղի մեջ, ես էլ մտածում էի, երևի սեքսում  պառավիկիս սիրած դիրքն էր:

111-ով հասնում եմ Նար-Դոս փողոց:  Պետությունը հզոր բան է: Օրենքն ընդունելուց մեկ ամիս անց արդեն աճյունասափորների, պատվանդանների խանութների  փողոց է Նար-Դոսը: Ոչինչ չի վրիպում հայացքիցս: Եթե ես մեռած երեխաներ ունենամ, նրանց ճկույթիս չափ աճյունասափորների մեջ կլցնեն: Տեսա: Փոքր սափոր, փոքր մատ, փոքր երեխա… Վազել…

Զանգում եմ Գևորգին` սեր ջան, երազումս իբր դագաղում ինձ փորի վրա են պառկեցնում: Գևորգը էլի հուսահատ է` իմ երազում էլ քո մեջքին մրջյուններ էին ման գալիս, գուցե իմ երազը քո երազի մեկնաբանությունն է…

Խանդեց…

Տեսնես, ո՞ր արևածագից հետո չեմ սիրի նրան…

Գևորգը հաստատ մտածում էր, թե իր նախկին սերն ինձանից խելացի է, ես էլ մտածում էի իմ նախկին սերն է Գևորգից խելացի…

Ու՜ֆ…

Փախչել  գևորգներից…

Կյանքումս կրկնվող անընդհատ վազքը նման էր պատմվածքի այն պարբերությանը, որն անընդհատ կարդում էի և միշտ նույն տեղից միտքս շեղվում էր, վերադառնում էի` էջը սկսում էի նորից կարդալ, էլի նույն պարբերությունում` նույն միտքը… Երևի բառի ասոցիացիան հեղինակի էներգիայից ուժեղ էր…

Իմ վարձով տան պահարանի դռները ալիքաձև էին, պահարանի մեջքը հաստ փայտից էր. ուրեմն կողքերը կլինեն ալիքաձև. մնում էր կափարիչի հարցը լուծել: Շունչս կտրվում էր: Եր-բեք տունս այդքան հեռու չէր եղել: Եթե իմ վեց տարեկանում Շողերը մահանար, նրան կպառկեցնեի շինարարական վերամբարձ կռունկների վրա, երկինք կուղարկեի, կարծում էի մարդիկ մեռածներից այդպես են բաժանվում, կռունկները շատ մոտ էին երկնքին: Չգիտեի, որ աշխարհը մեծ հոգատարությամբ ու խնամքով թաղում էր մեռելներին:

Երթուղայինում մի կին թաթիս խփեց մատներս կրծելու համար: Գուցե իսկապես պետք էր ենթարկվել: Թողնել, այրել:  Գուցե սափորի պաղած ընդերքը հասնի հողի խոնավությանը:

Չէ: Չհուսահատվել էր պետք:

Դրամապանակիս մեջ Շողերը հետույքը մաքրած զուգարանի թղթերից էր դրել, 100 դրամը հանելիս տեսա, գրած` «նարա ջան, իմ լավ նարա. հիլ չանես էրեն ինձ, բալես»: Իմ խեղճ, ես էլ էի մեղքս գալիս:

Դրամապանակիցս կեղտի հոտ էր փչում:

Անիի հեկեկոցը. «Դու երբեք էլ չես իմանա ինչ է նշանակում  մեջքը թրջված վերնաշապիկով քայլել: Տասնվեց էլ չէի, երբ Շողերիդ տղեն միջանցքում հենց ինձ տեսնում էր, ետևից մեջքս գրկում էր, ափերով սեղմում խակ պոպոքի չափ կրծքերս: Մեջքս սկզբում տաքանում էր, հետո չգիտեի ինչի էր թացանում: Մեջքիս ագռավի ծռտածի պես թացով էի տուն հասնում: Զզվում եմ քո պաշտելի բոլոր տղամարդկանցից, զզվում եմ»:

Նրան բռնացրել էի ընկերուհու հետ իմ տանը մերկ նկարվելիս: Երևի անընդհատ Շողերի մասին մտածելս մսխել էր կանխագուշակության իմ բոլոր շնորհները: Լկտիորեն հատակին փռվել էին, պստիկ ափերով գրկել միմյանց գայթակղող մարմնամասերը: Բազմոցների ու սե-ղանի վրա սև-կարմիր ծաղիկներով  ներքնաշորերի թափթփվածությունը անդրադարձված հայելու մեջ էի տեսել:  Ապարատն իրենց կույր ընկերուհու ձեռքն էին տվել, նա էլ ձայների ուղղությամբ նկարում էր:

«Դա նրա շնորհիվ էր, որ իմացա ինչ սիրուն եմ ես, ինչ հոտ ունի մաշկս…»:

Վերջին երեք բառն ասաց դատարկության մեջ: Միայն  աստիճաններով իջնող կույր ընկերուհու ձեռքի փայտն էր տկտկում` անորոշ, շտապող, մոլորված: Չէի ճանաչում քրոջս: Բայց զրույց էր, դա էլ էր զրույց:

Շատ կարևոր էր չմոլորվելը: Զարմանում էի` էսքան վախերը որտեղի՞ց եմ հավաքել…

«Գիտե՞ս ինչեր ենք արել էդ տղամարդկանց գլխին. կարճ յուբկաներով մտել ենք մետրո, իբր իրար հետ չենք, նստել իրար դիմաց. նա ձեռքով շոյում էր ոտքերը, ոտքը ոտքին էր գցել, գիտեր որ սիրում եմ իր մերկ բդիկները, մեր կողքին նստած տղերքն էլ, իբր իրար հետ կատակ են անում, հրմշտում են  իրար, շորերը քաշում, երկար մայկեքը ծնկներով փաթաթում, որ տնկված անտերները  չերևան… հենց մետրոյի դռները ուզում էին փակվել, ես ու Գայուշս ծլկում էինք, լրբի տղերքին էլ մնում էր կնանիքի հռհռոցը: Այ էդպես ու էդքան ատում ենք տղերքին»:

Տեսնում էի, թե աչքերի մեջ ինչպես է ատելությունը տխրություն դառնում: Բերանս չբացած` գոռաց. «Պապան ի՞նչ»:

Չէ, պապայի մասին հեչ չէի ուզի խոսենք, բայց ում մասին էլ որ ասեի, նա մեր հոր անունն անպայման կտար, որովհետև հայրս իմացել էր` պատմվածքներ եմ գրում, կանաչ կազմով բարակ տետրի մեջ բանաստեղծություններ էր գրել, չորս անգամ ծալած դրել ափիս մեջ ու ասել. «Սրանք կարող ա քեզ պետք գան: Կարաս օգտագործես հոդվածներիդ մեջ (ինքը պատմվածքներին միշտ հոդված էր ասում): Բառերը սովորական են, դու, եթե ուզես, փոխի»: Այդ պահին էնքան ուզեցի հորս վզովն ընկնել, փաթաթվել նրան: Երևի ավելի տխուր բան չկա, քան հորդ գրած բանաստեղծությունները չհավանելը, կանաչ տետրի գոյությունը թաքցնելը և  միլիարդավոր մարդկանց ողբերգությանը շատ նման նրա ողբերգությունը տեսնելը:

Անին մի քիչ լռեց: «Մաման հենց տանն ա լինում, հորդ լռությունը դառնում ա իմաստուն, կարևոր, ասելիքային, բայց հենց մի փոքր բացակայում ա, լռությունը խեղճանում, աչքերը փոքրանում են, իրենից էլ մի քանի հատ են սենյակում ման գալիս: Դու չես էլ նկատել, որ հիվանդանոցում մամային վիրահատարան տանելիս, սայլակը հրելիս պապայի մեջքը թրջվել էր. կամ լացելուց էր, կամ կնոջ կարոտից… ինչ է` վախենու՞մ էր…»:

Վախենում էր:

Ես հասկանում էի` Անին Գայանեին է պաշտպանում: Չգիտեր, բայց երևի գուշակում էր, որ երկու տարի հետո Գայանեն երեխա է ունենալու, ինքը  երկչոտ գնալու է փոքրիկի սենյակ, չորս օրական փոքրիկի հետ խոսելու է, կշտամբելու, ատելու է երեխային, փորձելու է փոքր ոտնաթաթիկները ջարդի, առանձնացնի սրունքներից, այդ պահին Գայանեն  բինտ ու բամբակ ձեռքին մտնելու է սենյակ, իրեն խնդրելու է սենյակից մի րոպեով դուրս գա, որ մշակի ծննդաբերությունից մնացած վերքերը: Անին խնդրում է` ինքն անի, կհամբուրի, կթքոտի, կշոյի, կլավացնի բոլոր վերքերը, ինչ ուզի, կանի, բայց մտնելու է Գայանեի ամուսինն ու Անիին վռնդելու: Ինչ է` Գայանե, քեզ անպայման տղամարդու մարմի՞ն էր պետք, որ  ճանկռելով, հրելով, քերելով որովայնդ լցնես, ինչու լքեցիր Անիիս, իմ պուճուր Անիին, կարմիր շրջազգեստով, փոքր գարշոկին նստած Անիիս:

Եթե քույրս լաց լիներ, ես էլ կլացեի: Եթե նայեր ինձ, կփաթաթվեի նրան, բայց առանց աչքերիս մեջ նայելու` դուրս եկավ տանից, դուռն այնպես շրխկաց, ինձ թվաց դուռն էլ նրան նախատեց: Մոտեցա քացով խփեցի դռանը:

Պահարանի ալիքաձև դուռը քանդելիս մտածում էի այն պատկերների մասին, որոնց մասին երբեք չեմ խոսել, ու որոնք միայն ես եմ տեսել: Դու յոթերորդ հարկի պատուհանից նայում ես. կամ սիրահարված ես, կամ էլ սիրում ես բարձրից նայել: Կին է մոտենում` կրծքին կերակրվող երեխա: Նա ծեծելով հեռացնում է քեզ պատուհանից: Մայրդ է: Նորածին քույրդ  պլշած աչքերով քո կծկված, պուճուր մարմնին է նայում: Չի լացում: Հիմա մտածում եմ` արդյո՞ք հնա-րավոր էր պահարանի դռան սպիտակ քերծվածքի ասոցիացիան կաթից ուռչած, լքված պտուկի հեռավորությանը հասներ: Շողերիս դագաղի աջ մասը պատրաստ է:

«Իսկ դու միշտ ես ուշանում քո ժամադրած հանդիպումներից»,- Գևորգիս  նամակն էր: Ամբողջ 24 ժամ չէինք գրել իրար, «իսկ» շաղկապով տառապանքների, վազվզոցների, շփոթված մտքերի, ժամանակների, դիակների միջից հանեց մի ամբողջ օր, մահվան հետ ապրած մի օր:

Գևորգի հաղորդագրությանն եմ պատասխանում. «Չեմ իմանում, անընդհատ տանջում եմ քեզ: Գուցե իսկապես չգիտեմ ով ես, էնքան համեստ ես, որ չեմ տեսնում: Ուզում եմ գոռալ, դուրս գամ, բարձրանամ կտուրներն ու գոռամ: Քո կասկածներից հետո դառը մենակություն եմ զգում: Հոգնել եմ:  Դու փորձում էիր մարդկանց տուն ուղարկել: Ինձ էլ էլի ուղարկիր… Ուղարկվելիս կլինեմ ծիծաղելի, ինչպես կտուրներին թառած, բարձր գոռացող աղջիկը»:

Աղջիկն ինչի՞ց էր էէէ՜ վախենում…

Չէի գնալու ժամադրության:

Ձախ  մասի ալիքաձև տախտակի ետևը ցրտից, խոնավությունից ուռած էր, այն ձմեռվա մատներիս պես. քեզ ուղարկել են հաց բերելու, կոշիկներդ հագովդ մեծ են, դու երկրորդ դա-սարանի փոքր աղջիկ ես, սառույցների վրա դժվար ես հավասարակշռությունդ պահում: Հաց չկար հերիք չի, ետդարձի ճամփին էլ ինչքան կոմիսիոն բուդկա կա, մռութդ հազիվ  հասցնե-լով ներս ես նայում. փայլուն թղթերը միշտ էլ քեզ դուր են եկել (դրա համար էիր վախենում կասկադի լույսերից): Բայց մեկ է, էլի ծեծ ես ուտելու: Դու չգիտես. հայրդ սև, փայլուն գոտին հանելու է, մեջքդ, տուտուզդ դաղելու է իր փող չունենալու, քեզ  փայլուն թղթով կոնֆետ առ-նել չկարողանալու համար, ու դու հո եթիմ չես, դեբիլի մեկը, ինչի՞ ես ընկել` խանութների ա-ռաջ ժամերով կանգնել, էդպես վիրավորել, նվաստացրել ծնողներիդ: Թե՞ երկու օր առաջ խալխի հարսանիքի հետևից ընկած գնացիր հասար բոշի թաղերը, ջարդդ չտվին, առիթա-վորվեցիր (այս անգամ կարծեմ սև փոքր հաց էլ կար թևիդ տակ): Սառույցների վրա սահելով` օդերից կիսուրի նետած փայլուն շոկոլադներ բռնելը գայթակղիչ էր… Երկու տարեկան քույրդ էլ քո վրայով  արդեն փոքր կարմիր շորդ հագին` նստած է գարշոկին, հորդ գոռգոռոցներից չի լացում: Էդ օրվանից հետո գարշոկին նստած երեխեքի դեմքին ուշադիր եմ նայում:

Դագաղ պատրաստելուն զուգահեռ արցունքներս էի մաքրում ու մանկության պատկերներ թաղում:

Պետք է չկասկածել:

Երևի Շողերին առանց դագաղի կափարիչի թաղեմ, մեկ է, փորի վրա եմ պառկեցնելու, դժվար չի լինի հողով ծածկելը: Մուրճ, մեխեր, փոքր հատակ, պահարանից դագաղ: Պահա-րանը բերանի վրա շրջելը, հաստ տախտակը քանդելը դժվար էր: Դժվար էր. ես միակ ողջն էի` ի պատասխան Շողերի մահվան: Ես ողջ` անորոշ ժամանակով…

Պետք է համոզված լինել, թե Շողերը մեռել է, թե հեռուստացույցը բարձր միացրած եմ թողել: Նորից 111-ով, Նար-Դոսով իջնում եմ, երթուղայինից էլ տեսա երեխեքիս փոքր սափորները: Վերելակում էլ մտածեցի, թե սրանից էլ մի լավ դագաղ կստացվի, պետք է Շողերի տան զանգը չտայի, բանալի ունեի, հեռուստացույցի բարձր ձայնն էլ էր լսվում, սեղմեցի զանգը:

Շողերը բացեց դուռը:

Շատ ծանր, դժվար էր Շողերին կենդանի տեսնելը: Նրա կողքին նստելը, նրա հետ հաց ու-տելը, Օլյայի մասին պատմելը, գլուխս նրա ուսին դնել, արտասվելը:

Բոլոր ծանր, դժվար բաները տանում են հենց այդ ուրվագծված պատկերը, որը շատ պատ-կերների պես զեղչված է. աղջիկը հոր ուսերին նստած` վերադառնում է մանկապարտեզից: Եթե ես այն ժամանակ կարողանայի կռահել հորս ուսերի բեռի ծանրությունը… նրա համար այդ նշանակությունը: Հենց այս թերացմանս մեջ է հորս առաքինությունը` ներկայացնել ինձ բացարձակ բան, ինքն իր` իմ հեղինակը… ես` իր չստացված, անհաջող, կանաչ տետրի  բանաստեղծությունները:

Show Comments Hide Comments

One thought on Լուսինը թփերի մեջ

  1. Igor says:

    Narai grvac yuraqanchyur patmvacq yurahatuk u original e: kcankanaji vor mer orerum shat linen Narayi nman mardik te bnavorutyamb,te mtqi trichq unenalov

Leave a Reply

Your email address will not be published.