Մինչ ժամանակն է անցնում գլխիկոր,

Ծանրանում հոգնած սրտերի վրա,

Իսկ ճանապարհը դեպի մայրամուտ

Պատվում ճերմակով՝ տարիներն ապրած,

Չա՛րն է թեժացնում կրակն իր որջում,

Նոր դավեր նյութում գոյի վիհերում,

Եվ անկարելին մատուցում դյուրին,

Հպարտությունը դարձնում գովելի:

Փառքի տենչանքով միտք է խաթարում,

Կախարդանքներով ներկան քայքայում,

Բազմանուն եսով հոգիներ որսում,

Սուրբ հոգուն վայել մարմինը պղծում:

Իսկ մանկությունը՝ մարդկայինի հետ,

Կյանքի քաոսում ծերանում անտես,

Խիստ ճյուղավորված ափսոսանքի հետ

Մանկացող սրտում հավատք է փնտրում:

Հավատքից կաթող հույսով բոցկլտում

Ու խունկ է ծխում,աղոթք խնկարկում,

Բարձրյալով ապրում,անարցունք լացում,

Սպասմամբ,զղջմամբ շղթաներ փշրում:

Ու մոմ է վառում՝ լուռ անցյալ դարձած,

Վախի եզերքի ստվերում գամված

Մեղքերին՝  կամա-ակամա  ծնած,

Հոգու տաճարում՝ պահա-ծ,մեծացրած:

Ռումելյան Նելլի

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.