Ես չեմ փորձի մեղքս քավել
Ափսոսանքի արցունքներով.
Ես լավ գիտեմ, որ խեղդել եմ
Քո մեջ ապրող շունչը ամեն,
Գույնը գարնան
Եվ գալուստը վաղվա ծնվող արեգակի…

Արդարանալ ես չեմ փորձի,
Որ մարել եմ
Մեկ ուրիշի ափերի մեջ
Քո փոխարեն,
Որ ձուլվել եմ ուրիշ կրծքի,
Ուրիշ սրտի զարկն եմ հաշվել…

Ես լավ գիտեմ,
Որ այսուհետ դու ինձ կատես,
Ինչպես ես եմ ատել հաճախ,
Երբ մեր միջև վիհ եմ տեսել,
Հազարավոր մղոնների
Տարածության տեսքը ստացած,
Իրականի ու երազի անջրպետում…

Ես քեզ տվի հուգուս միջի լավն ու բարին,
Լույսը միջիս և ափերիս ալիքները էլեկտրական`
Սիրո տեսքով`
Ամենաջինջ ու լուսավոր տեսքով սիրո…
Քեզ տվել եմ ես ավելին,
Քան թե կտար մի ապրող մարդ
Մեկ այլ մարդու,
Մի ապրող սիրտ մեկ այլ սրտի,
Ու թրթռուն մի էություն
Մի լուսավոր ամբողջության…

Քեզ հետ ապրած ամեն րոպես
Ես շարել եմ թելի վրա շղթայի պես
Ու կախ տվել պարանոցից
Այս աշխարհի,
Իմ երազի
Ու իմ տեսած իրականի պարանոցից…

Ես ինչ անեմ,
Որ չեմ կարող ոչինչ անել,
Քեզ ինձ կապել,
ինձ էլ պոկել սովոր հողից,
Կուրծքս բանալ կյանքի բոլոր հողմերի դեմ
Ու ընթանալ չգիտես ուր…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.