Գիշերային թռիչք վերցրինք: Դիարբեքիրում ծանոթ չունեինք, որ դիմավորելու գար, ու գիշերը թռնելով` արկածի հետեւից էինք, թե չէինք` չիմացանք: Նախապատրաստական միջոցառումներից Սոնան կատարել էր միայն էն, որ ճշտել էր մի հայկական տան հասցեն, որն հիմա որպես օթել էր ծառայում, եւ էն, որ մեզ մի քիչ էժան կտան: Բայց օդանավակայանի սպասասրահում անհանգստանալու առիթներն սկսեցին մի թեթեւ բզել արդեն, ու ես ու Սոնան իրար երես նայեցինք` բոլոր բառերը սպառած հին ընկերության անբառ արտահայտություններով: Անկանոն իրավիճակներում Սոնան հիմնականում հարցականներն է կախում օդում կամ մերժումները, ես` հուսադրումներն ու հաստատումը` մի վախեցի, ես ստեղ եմ:

Ահագին դխկդխկացինք ամպերի վրա, հետո իջանք կրպակի մոտ, որ Դիարբեքիրի օդանավակայանն էր, պտտվող ժապավենի վրայից բեռներն արագ թռշկվեցին ու սրահը դատակվեց, դռներն անգամ փակեցին: Մնացինք մենք` մթության մեջ դիմագրավելու մի քանի տաքսու վարորդներին,  որ երկար մռլտում էին Սոնայի handmade քարտեզի վրա, որ փոքրիկ նոթատետրում աճապարանոք գծված երկու գիծ էր ու որեւէ կետ մատնանշել չէր կարող` պոկված լինելով մեծ տարածքի հետ հարաբերությունից ու հասցված անընթեռնելի փոքրության: Վարորդները շտապում էին, հասցեն տեղը չէին բերում, բայց բեռներն արդեն տեղավորել էին թափքում, ու իրար մեջ քննարկում էին, թե որ մութ անկյունում կարող է գտնվել այդ հայկական տունը, ուր ուզում են գնալ այս երկու աղջիկները, որ ներկայացան` իբր թե Ջորջիայից են: Ապակյա դռներից մի քիչ դեսը մի կին կանգնած ծխում էր` հենված իր սեւ ճամպրուկին: Զարդաքարը պեծպեծում էր քթի վրա: Հետո եկավ էն մեքենան, որին սպասում էր, ու վերջին պահին մեզ ձեռքով կանչելով` պոկեց գռմռացող վարորդներից, ու երկու ափը իրար սեղմած ականջի տակ դնելով` հասկացնում էր, թե գնանք մեր տանը կքնեք, առավոտյան կզարթնեք, կորոշեք` ինչ անեք: Իրար երես նայեցինք ես ու Սոնիկը, կինը Սադախլուի առեւտրականի էր նման, նստեցինք մեքենան:

Վարորդը դուրս եկավ նրա հայրը` բենիմ բաբամ, որ քրդական երաժշտությունը քոքած` թռցնում էր մոխրագույն Հոնդան ու բոռբոռում աղջկա վրա, թե էս ինչ խաղեր ես խաղում: Էն էլ ոնց որ ասում էր` տաքսիստները հարձակվել էին վրեքը, հո գիշերով չէ՞ի թողնելու դատարկ ճամփեքին: Բայց իրավիճակն էն տիպի էր, որ հայր ու աղջիկ ավելի անկանխատեսելի էին մեր համար, քան տաքսու վարորդները, որոնք քիչթեշատ նույնն են աշխարհիս բոլոր ծագերում: Հասանք: Կոշիկները հանել դռան մոտ ու ներս մտնել մի տուն, որ անհրաժեշտ ամեն բանով կահավորված է, բայց դատարկ է թվում, ու առարկաներից փչում է դատարկության պաղությունը: Սենյակներում մարդիկ են քնած: Բազմոցներին, հատակին: Մեզ առաջնորդում են հյուրասենյակ, որտեղ օդը սառն է, լույսը` շատ թույլ: Պապին արդեն իմացել է, որ Հայաստանից ենք, ու անդադար կրկնում է` Կարապետ Խաչո, մենք էլ սիրալիր գլխով ենք անում` ցույց չտալով մեր տարակուսանքը: Ընտանիքը քրդական է` իմանում ենք, երբ Սոնային հասկացնում է, որ տարիներ առաջ ռադիոյով միայն Էրիվանն էին լսում, ու մեծ աշխարհի հետ այդ կապը նրանց համար ապահովում էր Կարապետ Խաչոն, ու մենք որոշում ենք, որ Կարապետ Խաչոն, ուրեմն, քրդական հաղորդման հաղորդավարն էր, եւ ում անունը հետո լսելու էինք դիարբեքիրցի շատ մարդկանց բերանից:

Աննա Դավթյանը Ստամբուլում: Լուս. Հայարփի Հովհաննիսյանի

Անկողնուց ելավ եկավ բարեւեց, մեր դիմաց նստեց Մեհմեդը: Որպես ուրախ լուր հայտնեցին, որ Մեհմեդը բանտից նոր է դուրս եկել, ու քույրը` Հեմդիեն, որ Ստամբուլում էր, բանտից հետո առաջին անգամ է տեսնում նրան: Ժպտում էինք ու փորձում էինք հասկանալ, թե ինչ է սիլան, որ անդադար կրկնում էին` փորձելով հստակեցնել Մեհմեդի նստելու պատճառը: Պապը մատը ատրճանակ սարքեց ու նշան բռնեց իմ վրա: Պապի հոմանիշների բառարանն էր: Զենք: Եթե չիմանայիր, որ նստել է, Մեհմեդի դեմքին նայեիր, կիմանայիր, որ նստել է: Սեւ դեմքի վրա կախված ծանրություն, աչքերն արնակոխ, արտահայտության մեջ շփոթ ու շփոթեցնող համ կենտրոնացածություն, համ ցրվածություն: Աչքերին նայելու համար դեմքի վրա ինչ-որ բան պիտի հաղթահարեիր, որ մի պահ թվում էր` հոգնած ծալքերն են, մաշկի թխությունն ու մազակալած ծնոտը, հետո ավելի անշոշափելի բան էր դառնում ու էդ պատճառով` ավելի անշրջանցելի: Հայացքս խխունջի աչքերի պես հետ էր քաշվում: Ինքն էլ չէր նայում: Հայրը բարձր բոռբոռում էր` նեղվելով, որ թուրքերեն լավ չենք հասկանում, ու հորդորելով, որ քրդերեն սովորենք: Քուրմանջի, քուրմանջի:

Անկողիններից ելան եկան Հեմդիեի տղաները: Սեյհանը եվրոպական իր արտաքինը հրամցրեց գիշերով բաղնիքում թրջած-դզած բացգույն մազերով, սիպտակ մաշկով, ու սենյակում պտտեց իր մարմնի տպավորիչ մոտորիկան, որ ամեն մարդու բերանի բան չէ: Հաջորդ օրվանից մեզ շատ էր օգնելու թուրքերենի հարցում` բոլորից շուտ գուշակելով, թե ինչ ենք ուզում ասել, ու փոխադրելով մյուսների ասելիքը մեզ հասկանալի բառերի ու ժեստերի: Երկու ժամ հետո պապը մեզ հայտարարեց իր աղջիկները, Հեմդիեին` մեր քույրը, Մեհմեդին` մեր եղբայրը, ու ասեց` ոչ մի հյուրանոց, մեր տանն եք մնալու: Մեր տանն ասելով` նկատի ուներ` Հեմդիեի տանը, քանի որ ինքն ու կինն ապրում էին երկու շենք էնկողմ`Մեհմեդի, նրա կնոջ ու չորս երեխաների հետ: Ասեց` Մեհմեդն էլ իրա արաբայով ձեզ վարորդ, ուր պետք լինի, կտանի: Էդպես, քաշվեցինք մեզ հատկացված սենյակը, երկու կցված մահճակալների բրդե վերմակի տակ, ու առավոտյան զարթնեցինք Ստամբուլից հորքուրի բերած նվերներն ստացող երեխաների ճռվողյունից: Նվիրված շորերն հետո տարածվեցին տնով մեկ, որ անփույթ ձեռքով հա խոթվում էին տոպրակները, բայց հետո էլի ոտ առած ելնում ու փռվում էին տան միջանցիկ ճամփեքին: Նախաճաշը գետնին էր փռված, սեղանի ոտքերին շատ մոտ, Մեհմեդի որդի Ահմեդը համարյա սեղանի տակից էր հաց ուտում: Երեսին թաթուներ ունեցող տատը նամազ էր անում նախաճաշի սինիին կից: Սինու վրա ֆռֆռում էին նեղփոր թեյի բաժակները եւ այլն:

Մեհմեդն իր արաբա Հոնդայով մեզ տարավ ման տալու: Կաղում էր: Գիշերը բացել, ցույց էր տվել ոտքը. ծնկի բաժակը խրել, դանակով քանդել էին, հետո դանակը բռնել էր, երբ հարվածն ընթացել էր սրտի ուղղությամբ, բայց պտտել ու կտրել էին բութ մատը: Հիվանդանոցից դրել, մեկից բանտ էին տարել, որից Մեհմեդն երկու բառ էր ասում` չոք զոռ: Մատը չէր ծալվում, ծունկը չէր ծալվում, բայց ինչքան ասեցի` էս պարիսպը մի բարձրացի, չլսեց: Դիարբեքիրի պարիսպը:

Պարիսպը` պարիսպ-ամրոցը` դիտաշտարակ-քաղաքը տարածվում է Դիարբեքիրի միջով` երկար, հաստ ու սեւ: Քաղաքի գրանիտե անգին քարը: Թեքադարս աստիճաններով: Շուրջբոլորը եղած ամեն բան թղթե սաղավարտ է` առեւտրի ու կենցաղային աղբի պաճուճանքներով: Մեհմեդն ասում է` չինականից հետո երկրորդն է, ու դիք մարմինն ուղղում է դեպի պարսպի վերընթաց աստիճանները, որոնք բարձրանալիս` կարծես երկու տակ է լինում: Մեծ սեւ քարերով մեծ սեւ պարիսպ, որ խոյանում է դաշտի տկար բոստանների վրա: Հզորության ու գեղեցկության գեներատոր: Վիքիպեդիան ասում է` ասորիներն են սարքել: Մենք մեր ներսում նրան հայկական համարելով ենք քայլում, ու էդ համարելը ընդունել են մենակ մեր ոտքերը, որ հաստատուն հենվում են աստիճաններին ու առաջ հրվում: Խոր Վիրապին է նման, դիտաշտարակի նեղ լուսամուտները նույն ձեւով նայում են բաց դաշտին, մյուս կողմից էլ` պարսպի սեփական երկար պոչին, որ սեւ պայթում է կանաչի մեջ: Զգացողություններս խուսափում են հստակությունից, գնում-գալիս են հետաքրքրության ու հոգնածության շրջանակի մեջ, գիտակցությունս թափառում է, չի ուզում կենտրոնանալ, ընդհանրապես ուզելու հարցը վերանում է, միտքս սկսում է հածել միայն լուսանկարչական պարտադիր կանոնակարգի վրա, որը նույնպես չեմ ուզում կատարել: Ընդամենը մի նկար արեցի, մի պարզ ընդհանուր տեսարան դաշտի ու պարսպի մի հատվածի, ու միտքս տարված մնաց միայն Մեհմեդի ծնկի ցավով, որը զսպած` դիք մարմինը քարշ էր տալիս` փոքրիկ տեսախցիկս ափի մեջ սեղմած` ինչպես բեռ: Զբոսաշրջիկները շատ էին, ու լուսանկարների մի ամբողջ հորդա գնաց միանալու լուսանկարների անսպառ հորձանուտին, որտեղ առարկաները զրկված են իմաստից ու անանուն:

Մեհմեդն արագ էր քշում` քրդական երաժշտության խզզոցն հասցրած վերջին խազին: Նուրբ դաստակները պտտվում էին ղեկի վրա. թափով թեքում էր կամ շեշտակի կանգնում: Մեհմեդի նման երկար, ճարտարապետական ձեւ ունեցող եղունգներով մարդկանց ֆիզիոգնոմիկական թեստերն համարում են ստեղծագործական մեծ հակումներ ունեցողներ: Բայց Մեհմեդն ինտերնետ կաֆե ուներ: Ձեռքերը պատված էին անհամար սպիներով ու դողում էին, երբ մանր շարժումներ էր անում, օրինակ` երբ շրթունքներին էր տանում թեյի բաժակը կամ հեռախոսի մեջ ինչ-որ բան էր ցույց տալիս: Ներքին ինքնակա բարեկրթությունը բեռնվել էր ավանդույթների ու դաստիարակության հաստակճեպ շերտով, ու կնոջը չէր թողնում զանգել իրեն կամ լուսանկարվել կամ ֆեյսբուքի էջ բացել, մի տեղ գնալ ու հազարումի այլ քաքութեք:

Մերջանը` կանաչ աչքեր, բաց կանաչ մաշկ, լայն կուրծք ու անընդհատ գլխից սահող գլխաշոր, որ ուղղում էր հմուտ ձեռքով, բայց դժկամորեն ու շատ ուշ, երբ արդեն բացվել էին ներկած մազերի ամենաներքեւի փնջերն անգամ: Քսանյոթ տարեկանում չորս երեխա ուներ, երկուսն էլ մահացել էին: Խեղճ չէր, իրեն հասանելիքը պահանջում էր, ինչքան թույլ էր տալիս ավանդույթը. ավանդույթն էր քիչ բան թույլ տալիս: Կեսրարն օկուպանտի իր վարքագծով նստում էր մինչեւ ուշ գիշեր` անապատի ժամանակն ուզող զրույցների, ու մի օր Մերջանի համբերությունը հատավ: Կեսրարին շիշը շարեց, որ ջերմությունը վրեն երեխեն գրկին, Ահմեդն էլ ատամը ցավելով` նստած սպասում են, թե երբ պիտի բաբամի քեֆը թմմի, որ տուն տանի իրենց: Կեսրարն ու Հեմդիե տալը կատաղի աբառոտ ֆռռացին, իսկ Մեհմեդը լռեց: Հետո դուռը շրխկացրեց ու գնաց, կնոջը չտարավ:

Մեհմեդի հայացքի դժվարամարսությունը երկրորդ օրվանից անցավ: Աչքերը սկսեցին ձեռք բերել խաղողի ողկույզի հայտնի համեմատությունը, որն, ինչ որ է, էդպես էլ կար: Ու, Սոնայի ասելով` անուշություն էր լցվում դրանց մեջ, երբ փափուկ թաթերի վրա նրան էր մոտենում աղջիկը` Էջեմ Սուն, որ վայրի ձեւեր ուներ` հոխորտալու, չհնազանդվելու, անթարթ նայելու: Վայրի, որ է հիասքանչ: Մեհմեդի աչքերը կուլ էին գնում, երբ քթով հետեւում էր գրկի մեջ շարժվող աղջկա մազերին, հոտ էր քաշում մի բանից, որի անունը թուրքերենից թարգմանվում է` թագուհու ջուր : Էջեմ Սու ~

Հեմդիեի տունը ոստիկանության որոնումներից խուսափողների ապաստարանն էր: Մեհմեդն իր տանը չէր քնում, քնում էր Հեմդիեի տանը, այստեղ էր քնում նաեւ ոստիկանության մյուս փնտրածը` Հաքանը, նրանց մեծ քրոջ որդին` մի տասնվեց տարեկան պատանի, որի պատմության շուրջը ծավալված թուրքերենի մեջ էլի պտտվում էր սիլա բառը: Իսկ Ստամբուլում գողության համար դատված էր նրանց բազմաթիվ քույրերից մյուսը, որի համար զանգել ու բարեխոսում էր քույրերից երրորդը, որ լավ դատապաշտպան վարձելու համար փող ուղարկեն: Մեհմեդը վրդովված շարժում էր երկար ձեռքերը թե` ինքը կիլոյով ոսկի ա գողացել, ես երկու ամիս շարունակ փորել եմ, որ հայկական պահած ոսկիներ գտնեմ, իսկ աշխատանքը ուտել կուզի, խմել կուզի, էդքան աշխատել եմ, մի քոռ կոպեկ էլ չեմ գտել, գտածս ոսկորներով ու ատամներով լի մի կճուճ ա եղել, էն էլ ո՞ւմ էր պետք, ասում է մեզ: Ասում է Մեհմեդը, մեզ:

Երբ գրքերի խանութում հանդիպեցինք Ֆրեդերիկին, որ հոլանդացի լրագրող կին էր, ու արդեն քանի տարի է` Դիարբեքիրում էր ապրում, ու երբ իմացավ հայաստանցի ենք, անմիջապես խնդրեց հարցազրույց վերցնել: Նստեցինք հայկական իջեւանատան կամարակապ անկյունում, որը հիմա գրախանութ էր, եւ որի տերը հայերեն էր սովորել ու փայլում էր ուրախությունից մեզ հանդիպելու համար: Ֆրեդերիկն ինձ հարց տվեց, ես ասեցի` ոչինչ չեմ զգում, դատարկ եմ, տեղին չեմ կապվում, Մեհմեդի ընտանիքն եմ սիրում, հա, գիտեմ, որ հայկական շինություններ են, Սոնայի հետ մեկ-մեկ ափերս դնում ենք պատերին, սեւ սիրուն քար է, բայց կտրված, հեռու եմ զգում, ջարդված, երկու կես: Մի քիչ զարմացավ ու ավելի զարմացավ, երբ իմացավ` քրդերի ներողության տերը չենք զգում մեզ. թե իսկապես հասել են էն տեղին, որտեղից արձակվում է ներողության շշուկը, իրենց հոգու հանգստին լավ: Որ ներողություն խնդրողը ես լինեի, չէի խնդրի, չէի կարողանա, կուզեի գետինը բացվի, մտնեմ մեջը: Հարցական մնաց Ֆրեդերիկը: Բարձրահասակ կին էր, ինձ համար միշտ տարօրինակ է վերեւ նայելով խոսելը:

Հաջորդ օրվանից սկսեցինք քաղաքում առանց Մեհմեդի շրջել: Մերջանն ու Մեհմեդը կռվել էին: Նախորդ օրը Մերջանն իրեն թույլ էր տված եղել զանգել Մեհմեդին` ասելու, որ Ահմեդի ատամը ցավում է, պետք է բժշկի տանել, Յուսուֆն էլ տաքություն ունի, իսկ Մեհմեդը չէր գնացել, մեր հետ էր: Մերջանին տվեցինք մեր համարները, ասեցինք` մեզ զանգի, ու մարդուդ էլ հետներս չենք տանի, իրան պատիժ: Ու չտարանք:

Նոր ու մեծ թաղամասերով շրջանակված պարսպից ներս ընկած է հին քաղաքը, հին քաղաքի մեջ` կենտրոնական հրապարակի շուրջը, ընկած են սեւքար տները` աչքից ծածկված աշխույժ առեւտրային գոտով, ու սեւ տների ու նեղ փողոցների ցանցի մեջ կանգնած է Սուրբ Կիրակոս եկեղեցին` շուրջը հավաքած ու պահած բոլոր այն գեղեցիկ ու նրբաոճ շինությունները, որոնց վրա հերթով մատը դնելով Արմենն ասում է` հայու դուն, հայու դուն, հայու դուն, հայու դուն, հայու դուն, հայու դուն, հայու դուն… Անվերջ: Որոշները դատարկ են, մի մասը վերածվել է գողտրիկ թեյարանների, մեծ մասը բնակեցված է: Քրդեր են ապրում: Տներն անմիջապես չես նկատի, դրանք առանձին-առանձին չեն կանգնած. քայլում ես նեղ սալքարե նրբանցքով, որի երկու կողմից բարձր պարսպի նման պատեր են միշտ, ու միայն ցածրիկ փայտե կամ երկաթե դուռը բացելով է, որ կարող ես տեսնել` ինչ է հայու դունը: Երկհարկանի գեղեցիկ կառույց է, որ չորս կողմից շրջանակել է բակը` իր փոքրիկ ավազանով, ծաղիկներով, կամարակապ իրար կողքի շարված բարձր լուսամուտներով, ճաղաշար աստիճաններով, ու դռներ ամեն տեղ: Կարծես սենյակներն իրար են կցվել ոչ թե ներքին դռներով, այլ բոլոր սենյակներն ունեցել են դեպի բակը բացվող իրենց առանձին դռները: Ամեն դեպքում, այդպես է այն տներում, որոնք վերածվել են թեյարանների ու խնամքով պահպանվում են` հիմնականում նկատի ունենալով զբոսաշրջության մեծ հեռանկարները Դիարբեքիրում:

«Մշակույթի տուն» կոչվող տղամարդկանց հավաքատեղին, որի դուռը հետաքրքրությունից դրդված բացեցի, ու ընկանք Դիարբեքիրի քրդական ինտիլիգենցիայի միջավայրը` բժիշկներ, դասախոսներ, արվեստի ու արհեստի մարդիկ, որ շրջան բռնած նստած էին բակում` անհամար բաժակների թեյագույն խճանկարի մեջ, էլի հայու դուն էր: Այդ մարդկանցից երկուսից մեկի պապն էր Արշալույս եղել, մյուսի` տատը: Նա, ում տատն էր Արշալույս եղել, խնդրեց տատի անունը հայերեն գրել թղթի վրա, ու Սոնայի հանձնած թերթիկին երկար նայելուց հետո` խնամքով ծալեց, դրեց ծոցագրպանը: Ինչ-որ մեկը ինչ-որ տվյալ էր ասել Սոնային, որ քաղաքի երկու միլիոն բնակչությունից յուրաքանչյուր հինգերորդը հայ է, որ վախից կամ ամոթից թաքցնում է իր ինքնությունը: Բայց ինչ ես էի զգում, ոչ էնքան վախից ու ամոթից, ինչքան արդեն իներցիայից, որի տակ ճզմվում է յուրաքանչյուր ձեռնարկի ցանկություն: Թեյ էինք խմում հայու դան բակում, ու մի տեսակ լուռ, խոնարհ հետքաշվածություն կար այդ մարդկանց մեջ, որոնց լրիվ տղամարդկային միջավայրը, որտեղ երբեք կին չէր լինում, երկու կին էին մտել, ում ավելի շատ իրավունք վերապահեցին հանկարծ, քան իրենց: Ու մենք մեզ հատկացվածից բաժին հանեցինք` խնդրելով` երբեմն էստեղ հրավիրեք ձեր կանանց կամ ձեր կին ինտելեկտուալ ընկերներին: Տխուր ժպտացին ինտելեկտուալ տղամարդիկ երկու երիտասարդ կանանց` եկած անտանելի հեռու մի երկրից, որի ներկայությունն զգում ու չէին զգում իրենց ոտքերի տակ:

Գնում էինք ձայների, հոտերի ուղղությամբ, սեւ քարերի ուղղությամբ, հետեւում էինք մեր ներքին GPS-ներին: Մեհմեդը մեզ էդ տեղերը չէր տանի, ինքն էլ տեղյակ չէր դրանցից: Քրդական երաժշտության օրերի հանդիպեցինք` նեղլիկ փողոցներից մեկն ընտրելով: Որտեղ նվագվեց նաեւ հայկական երաժշտություն` քրդերեն բառերով, ու տոննաներով չիքյուֆթե վաճառվեց հայու դան ճաշակավոր բակում: Դելիլոն է քրդերի ամենահայտնի պարը, որը նախորդ օրը կամուրջի վրա էլ էի պարել` Տասակնանի կամուրջի (Օն գյոզլու քյոփրու), որի տակից հոսում էր Տիգրիսը, որ այլ անուն ուներ արդեն` Դիջլե, ու պարելիս` մի միտք էր սողոսկում անընդհատ, որ ինչ-որ բան եմ վերականգնում կամ հաստատում իմ պարով, բայց հետո էլի քանդվում ու բեկոր-բեկոր անհետանում էր դեղին պղտոր լույսով հոսող մարմանդ գետի մեջ:

Արամ Խաչիկյանը հայերին բարեւելիս ու հրաժեշտ տալիս թուրքերեն է խոսում, որի միջից հանկարծ զատորոշվում է քուրիկ բառը: Միշտ եկեղեցու տարածքում է լինում` մուգ մոխրագույն կոստյումով: Եկեղեցում հանդիպեցինք նաեւ նրա դստերը, ում բարեւի ողջույնը, որ պիտի ընդգրկեր երկու թռուցիկ համբույր յուրաքանչյուր այտին, ինչպես ընդունված է Թուրքիայում, տեւեց երկար, Դիարբեքիրի պարսպի չափ երկար, ընդգրկեց ագուցված թեւերի պինդ սեղմումներ, իրար աչքերի մեջ նայել-նայել, իրար մեջ շրջանառվել, լեզու հյուսել: Հայրը հայերենի չիմացությունից կապված լեզուն դնում է եկեղեցու զանգերի բերանը, ու հնչեցնում է օրը երկու անգամ` քու-րիկ, քու-րիկ, քու-րիկ, քու-րի՜կ:

Քսան օր էր, ինչ Մալաթիայից տեղափոխվել ու եկեղեցում էր աշխատում Գյուզիդեն: Խոսելիս` հայացքը պտտվում էր եկեղեցու բարձր պատերի, բարձր զանգակատան վրա` անծանոթ ու սիրելի մի բան պաշտպանողի նման: Տարիներ առաջ էր իմացել, որ մայրը հայ է: Պարտք ուներ երեւի, չգիտեմ, ինքն էլ չգիտեր: Ֆրանսերեն ու անգլերեն էր խոսում, ամեն հարցով Գյուզիդեն էր կանգնած. եկեղեցու ուղեվարն էր, պահակն էր, հուշանվերների խանութի վաճառողն էր, Դիարբեքիրի տեղեկատուն էր, հայերենի ուսուցիչ ման եկողն էր, հայերեն սովորել ուզողն էր:

Իր հայությունից ու դրա գիտակցության ցավից ու հրճվանքից ներվահան եղած Արմենը` Աբդուռահիմը, որ հայու դներն էր ցուցանում հատ-հատ, անդադար կրկնում էր Հայաստանում կամ այլուր ճանաչած հայ մարդկանց անունները: «Մերի Մուսինյան, հայ, հա՞, խնդիր չկա, Նարինե, բժիշկ, հայ, գսիրեմ, արի դուն, հա՞, շատ լավ, խնդիր չկա»,- գրպանից հանում էր աշխարհի ամենափոքր օբսիդիանից քառակուսին, որի վրա խաչ էր փորագրված, ափի մեջ դրած սեղմում էր անտանելի, բայց քառակուսին փոքր էր, մատները տեղ չէին հասնում, ու նորից հառաչելով գրպանն էր դնում, միշտ այն փոքրիկ գրպանը, որ լինում է ջինսե տաբատների իսկական գրպանից ուղղանկյուն եզրով դուրս ցցված, ու որից փոքրիկ առարկաները դուրս են գալիս մի մատով փորփրելով միայն:

Մութն ընկել է, Արմենն անընդհատ ժամին է նայում, քուրդ կինը բացասական վերաբերմունք ունի նրա հայության ու դրա հետ կապված ուշացումների հանդեպ, բայց Արմենը դողեդող փոքրիկ հեռախոսով երգեր է դնում` Դլե յաման, Նազան, Եվա Ռիվաս, Կոմիտաս, ու մենք փոքրիկ հրապարակում նստած երգում ենք` ձայնակցելով հեռախոսին, ու քուրդ երեխաների հրոսակախումբը գրոհում է ու ետ քաշվում` կատուների նման մագլցելով կանգառի մետաղյա ծածկատանիքի վրա, ավիրում է ծաղկաթաղարներն ու ճյուղակոտոր անում ծառը, ու հետաքրքրությունն սպառած` նորից դառնում է մեզ: Մեզ, որ ձայնատարած գիշերային ստվերներ ենք:

Երրորդ օրն ու մեր ճամփորդությունը եզրափակելու է Օննիկ Դինքջյանի համերգը: Նույն պատմությունն է. քրդերի ձեռքով փրկված հայր, հոր պատմություններն հիշող, ի վերջո հոր ծննդավայրը վերադարձող ու ճանաչող զավակ, կոտորածների մեջ կորած մայր, մոր երգելու շնորհ ու ձայն, փոխանցվող գեներ, որոնք Օննիկի որդու` Արայի ձեռքն են տվել ուդը, մինչ տարիներ հետո, երբ արդեն հասակավոր մարդիկ են երկուսն էլ, մի կնոջից կիմանան, որ մորեղբայրը նույնպես ուդ է նվագել, իսկ մոր ձայնի համբավը տարածված է եղել ամբողջ քաղաքում: Հետո ամեն ինչ մշուշ է, ու հիմա առաջին անգամ ու նորից Դիարբեքիրում հնչում է այդ կնոջ ձայնը` իր որդու բերանից, ու թոռան ձեռքին իր եղբոր ուդն է:

Դահլիճը լիքն է: Բեմ է մտնում աշխարհի հասակավոր մարդկանցից ամենաանուշն ու ամենատխուրը, որ Տիգրանակերտ-Դիարբեքիրի երգերն է երգում հենց այն ձեւով, որով դրանք պիտի երգվեն: Ես ու Սոնան հասկանում ենք, որ ուշ է: Համերգ էինք հրավիրել մեր բոլոր տնեցիներին ու Մեհմեդին երեք օր խնդրել էինք Մերջանին համերգ բերել. խոստացել էր… Այդ համերգով հետաքրքրված էր միայն Մերջանը, ով իր օրում ոչ մի տեղ չէր գնացել` համերգ, թատրոն, որեւէ մշակութային իրադարձություն չէր կատարվել նրա կյանքում: Առավոտնից իրիկուն կռվշտում էր Մեհմեդի հետ համերգի համար, չէր խնդրում, պահանջում էր իր իրավունքը, բայց նախօրոք ընդունածի պես, որ դրա իրավունքը չունի: Չոջուխ բառով փակում էին Մերջանի բերանը: Մերջանը իր երեխաների մանկապարտեզն էր: Նրա համար ամենաանհասկանալի ու անհավանական բանն էն էր, որ ես Թուրքիայում եմ, ամուսինս` Ամերիկայում, իսկ Դիարբեքիրը ոտի տակ եմ տվել իր ամուսնու հետ: Մերջանին լեզու պետք չէր` ցույց տալու իր ապշանքն ու վարանումը: Դրանից բացի` Մերջանը ոչ վերբալ հաղորդակցության առաջնակարգ մասնագետ էր, ու նրա տաղանդը խփում էր մինչեւ սուրդո թարգմանություն, բայց աչքերի ու ձեռքերի օժանդակ կիրառությունից զատ` գիտեր ձայնարկություններն այնպես շարել ու հնչեցնել, որ բառարանի ու քերականության հարցը վերանում էր: Այդպես երկար զրուցել ենք Մերջանի հետ աշխարհի փոքր ու մեծ հարցերի շուրջ` ֆեմինիզմից մինչեւ Մեհմեդի ինտերնետ կաֆեն, ու որ ամեն գիշեր հիվանդանոց արշավել պետք չէ ամբողջ ընտանիքով` մենք էլ հետները, երբ երեխեքից մեկի ջերմությունը բարձրանում է: Լավ է` բոբիկ ման չգան ու էն ասպիրինը, որ բժիշկն է տալիս, տանը խմեն:

Մերջանին համերգ չթողեցին: Իրենք էլ չեկան: Տնից ոչ մեկը չեկավ, հիվանդանոց էին գնացել. Հուսեինի ջերմությունը բարձրացել էր, Սեյհանն էլ նույն ճամփին էր: Մերջանը առավոտնից պատրաստվել էր: Երբ սենյակում հագնվում էինք, խորհուրդներ էր տալիս: Հագանք էն, ինչ մատնացույց արեց, քսեցինք էն, ինչ մատնացույց արեց: Սիրուն էինք… Բայց Մերջանը չեկավ:

Էլի մի բան կորցրածի պես նստեցինք դահլիճում` Արմենը մեր մեջտեղում` քրտինքը հուզմունքից վրայից չռռալով:

Կարոոոո՜տ, ախ, կա՜րո՜տ… սկսվեց երգը… Բռնեց` կոկորդ, աչք, քիթ, բերան, սեղմեց, սեղմեց, սեղմեց: Արմենի վրայով Տիգրիսն էր հոսում` աղի ջրերով թրջելով մարմինը: Երեք օրվա մեջ առաջին անգամ մի բան սուր ու բութ գլխով կոկորդով ստամոքսով մխրճվեց ու դմփոցով ընկավ որովայնիս հատակը, ու դմփոցի ձայնը հասավ ականջներիս: Մի վայրկյան միայն գիտակցեցի եղածը, ամբողջ մարմինս գիտակցություն դառավ, լողաց ցավի ու ճենճահոտի մեջ, թանձր ջուրը հաստ մակերեւույթով զմփաց ափերին, կուլ տվեցի, կուլ տվեցի, կուլ տվեցի, հյուծվեցի, գլուխս հենեցի թիկնակին: Խորը շունչ: Հետո անանունին փոխարինելու եկավ վճիտ բանը: Սկսեցի տեսնել երգի պատանուն, ով մթնշաղի կապույտ լույսի մեջ առաջին անգամ բռնել է սիրած աղջկան, ում մեջքը բարակ է, սեղմել չի կարելի, ու դողահար սրսփում են իրար առաջ մեր կողքի նեղլիկ փողոցում, որտեղ իրիկվա այս ժամին շատ մարդ չի լինում:

Պատկերացրի, որ տղան Սերհատն է: Մի խորտկարանի մատուցողն էր, որ գնաց-եկավ, հարցեր տվեց, ու հաշիվը բերելիս` ասեց, որ հայրը հայ է: Բարակ էր, սիրուն էր, սրսփան էր: Մեր մեջ մի բան էր տեսել, պտտվում էր, պտտվում էր, տեղը չէր բերում: Սերհատին էլ էինք համերգ հրավիրել, աշխատանքի լինելու պատճառով չեկավ, բայց հազար անգամ զանգեց, հազար հատ էլ հաղորդագրություն գրեց: Համերգի ժամանակ բռնվեցի Սերհատին թմբիրից արթնացնելու տենդով: Երեւի նույնն էլ Սոնան, որովհետեւ համերգից հետո Դինկջյանի մասին պատմող ֆիլմի սկավառակն առավ Սերհատի համար, ու մենք գիշերով գնացինք նրա գործի տեղը` Արմենն էլ հետներս` աչքը հեռախոսին, որի վրա անընդհատ տզզում էր քուրդ կնոջ զանգը: Ես աղջկան սպասողին Սերհատին էի պատկերացնում, նեղ փողոցներում Սերհատին էի պատկերացնում, պատկերացնում էի, որ պիտի իմանա, որ դրանք իրեն են պատկանում, որ ամենաշատը իրեն են սազում, որ իր բարակությունը դրանց համեմատ է: Բայց Սերհատն էնքան հոգնած էր գործից հետո, որ մոռացել էր էն մի քանի անգլերեն բառն էլ, որ խոսում էր նախորդ օրը, ու չնայած սկավառակն ուրախությամբ ընդունեց, բայց հնար ու ուժ չգտանք բացատրելու, թե ինչի էինք փոխակերպել նրան, ու էլ ինչ կարող էր նա լինել: Գնաց, հետո նոր գլխի ընկավ, որ առավոտյան գնում ենք, վերադառնում ենք Ստամբուլ, սկսեց էլի զանգել, մի կերպ, մի երկու անգլերեն բառով բացատրել, որ առավոտյան օդանավակայան կգա` մեզ ճանապարհելու:

Ընդամենը մի նկար արեցի

Սպասեցինք Սերհատին, ինքնաթիռն արդեն նստեցնում էին, բայց մենք կանգնել էինք առավոտյան ժխորի ու տաքսիստների ոգեւորության մեջ, սպասում էինք` ավելի շատ մտածելով, որ մեղք է` գա-հասնի ու մեզ չգտնի: Բայց Սերհատն էլի զանգեց թե` գործի եմ: Հետո որ երեկոյան արդեն Թաքսիմում քայլում էինք, հա զանգում էր, չգիտեմ` չէր հավատում, թե չէր հասկանում, որ արդեն Ստամբուլում ենք,  անընդհատ հարցնում էր` you are in Diyarbakir? Ասում էինք` չէ, Սերհատ, Ստամբուլում ենք, մի վատ կազմակերպված հայկական համերգի էինք գնացել, հիմա դրանից հետո տուն ենք գնում, Թաքսիմում ենք, անձրեւ ա գալիս:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.