«Սիրելի բարեկամներ, դեռ դպրոցական, ուսանողական, հետո էլ ասպիրանտական տարիներից միշտ երկյուղել եմ ազգային վեպի մասին բարձրաձայն խոսելուց» (էջ 11):

Այնուամենայնիվ, էջառէջ հաղթահարելով իր «երկյուղը» և շարունակելով խոսքը, Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գրքի» գլխավոր գործող անձը, վեպում դասախոսը, էպոսը մեկնողը, Խեչոյանի ալտեր էգոն, ով համանուն վերնագրով վեպ է գրում առաջին պարբերություններից սկսած հանդիսանում է հեղինակի վիպային ողջ մտայնության միջնորդը, ուստի վեպի պատմությունը փոխանցելու ձևը դասախոսությունն է: Իր կյանքի զգալի տարիները նվիրելով ազգային վեպի հարյուր հիսուն պատումների ընթերցմանը և ուսումնասիրմանը, (ուշադրությունը բևեռելով Փոքր Մհերի ճյուղին, նրա Ագռավաքարում փակվելու նշանավորությանը) դասախոսը շրջագծում է նոր մեկնություններ՝  ներկայացնելով անդրադառնալու հիմքերը.

«Դասախոսություններով հանդես գալու մյուս պատճառներից մեկն էլ ազգային վեպի հիմքի վրա գեղարվեստական գիրք գրել չկարողանալս էր, սեփական շնորհքիս նկատմամբ հուսահատությունը և քանի գնացող, սոցիալ-կենցաղային հոգսերի սաստկանալը, որն այլ հնարավորություն չէր թողել, քան այդ եղանակով ապրելու միջոց գտնելը» (էջ 12): «Դեռ դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում, ինձ համար արդեն անկասկած էր Մհերի կենդանի լինելը» (էջ 13):

Այսուհետ հեթանոսական խորհրդազգացողությունը Խեչոյանի համար Փոքր Մհերի, (ազգի ճակատագիրը) բացատրելու հիմնական ուղեցույցն է, հակադրությունը քրիստոնեականի.

«Բացահայտ է՝ պատմության մեջ մոլորության դուռ բացող շեղումը և ազգային վեպի էական հանգույցների ձևափոխումներն ու վերաիմաստավորումներն ավելի ուշ դարերում քրիստոնեական միջավայրի հետևողական միջնորդությամբ էին իրականացվել» (էջ 213): «Մեր եկեղեցին էլ ազգային վեպի հիմնադիր գաղափարները յուրացնելով՝ փորձել է քրիստոնեական արարողակարգերի մեջ մտցնել, այդ նպատակով հետագա դարերի ընթացքում պարբերաբար խոշոր մտավոր և նյութական կարողություններ է ներդրել: Հիմնականում փորձել է Մհերի երկրորդ գալստյանը վերաբերող Համբարձման տոնի իրական նշանակությունը Քրիստոսի իջնելու պայծառատեսությանը վերագրել» (էջ 214):

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը հրատարկել է «Անտարես» հրատակաչությունը 2014-ին:

Ազգային վեպին վերաբերող ելույթները, որոնք զուտ ընթերցողին ուղղված մենախոսություններ են հիշեցնում, (միայն վեպի միջնամասում է լսվում ուսանողի ներկայության ձայնը) դասախոսը չմերժելու և չսահմանելու եղանակով է պատրաստել: Երկուստեք մերժման ու սահմանման թերակերտություն է: Պատմաբանները, ազգագրագետները, եկեղեցին նաև ազգային վեպի որոշ պատումներ Փոքր Մհերին, նրա արարմունքը, Ագռավաքարում փակվելու որոշումն այլ կերպ են ներկայացնում մի տեսակ ըստ շահավորության, իսկ ինքը՝ իր երազներով, մտահանգումներով, զգացողություններով փաստորեն այլ կերպ: Եթե դասախոսի համար վտանգավոր է հստակությունը, դրանից բխող արձագանքը, ուրեմն պիտի խոսի մասամբ, որպես ի կողմանէ, որ կտրուկ դիմադրության չարժանանա, և իհարկե չարժանանա գիտակցված լռապահության: Խեչոյանը այս մտադրության կանխատեսելիությունով պարզապես վեպի շարունակությունն է ապահովում` հերոսին պարսպելով հեղինակային-անձնական պաշտպանությամբ: Դասախոսը, որ երկարուձիգ տարիներ մանրամասնորեն ուսումնասիրել է ազգային վեպի պատումները, նաև ծանոթ է այլ գիտնականների, ազգագրագետների աշխատանքներին, համակված է անբավարարվածության զգացողությամբ և ունի սեփական հետևությունների տրցակը, որի բաղադրությունը կազմում են.

երազը – (դասախոսը ուսանողներին մհերյան իր մոգականությամբ լեցուն երազներն է մեկնում).

նույնանմանությունը, կամ ճակատագիրը – (դասախոսի, բանահավաքի, գրողի, մհերյան տիպի վարքագրությունը).

առաքելությունը – «Պարտավոր ես հնազանդ լինել,- ասում էր,- ինչպես մշակն է հողին ու ցորենին հասկանում, դու էլ պարտավոր ես ազգային վեպը հասկանալ: Ամենաբարի նախախնամությունը վեպի նկատմամբ այնքան զարմանալի ձևով է քո միջոցով իրագործելու, նվիրված շուն, ստրուկ, արհամարված զարկված պիտի լինես, բայց ՆՐԱ ոգու կողմից վաստակած այնքան ճշմարիտ հարգանքն ես վայելելու» (էջ 29):

Վեպում դասախոսի, գրողի, վեպում համանուն վեպի առաքելության տոնայնությունը հույժ կարևորության ու  գերազանցության հատկություն է ձեռք բերում, լռեցնելով ուրիշ հետաքրքական ձայների երևան գալը: Ազգին դեպի ինքնությունը, ակունքները, ազգին հասկանալու իր համար բացառիկ էպոսին հղվելը, առասպելով, մասնավորապես, Փոքր Մհերի ճակատագրով ազգի անցյալի, ներկայի և իհարկե ապագայի բանալիների տեղը մատնանշելը պատումին և ողջ «Մհերի դռան գիրքը» վեպին հատուկ կարգավիճակի մեջ են դնում` սահմանափակելով նրա հնարավորությունների շրջանակը, քանի որ վեպը ծառայեցվում է: Եվ հատուկ կարգավիճակը իր կարևորությամբ որքան էլ համակարգված կամ քաոտիկ լինի, արդեն իսկ որոշակի ծանրություն է նախորոշում: Եթե այս առաքելության ծանրությունը ինչ-որ կերպ մեղմելու կամ թեկուզ այն համակ կործանելու համար Խեչոյանը երգիծանքին, խաղին, կամ դետեկտիվությանը դիմեր գուցե վեպն իր ուսերից թոթափե՞ր այդ կոչված լինելու հատուկ կարգավիճակի Ան-գեղարվեստական, պաստառային բեռը, որն արդեն ստանում է իր վավերականությունը գրքին վերաբերող մի քանի բանասիրական տեքստերում.

«Մհերի դռան գիրքը» ավարտվում է Գուրգեն Գասպարյանի «Լևոն Խեչոյան (դիմանկարի ուրվագիծ) վերջաբանով, որտեղ այսպիսի նախադասություն կա.

«Սա նաև ազգի ապագայի մասին ծրագրային ուղերձ է…» (էջ 395):

«Գրական թերթում» ժենյա Քալանթարյանի «Ազգային ինքնության փիլիսփայությունը էպոսում» հոդվածից.

«Լ. Խեչոյանը Մհերի արարքներին չի նայում իբրև եղած, վերջացած պատմության, այլ դիտում է իբրև մի հավերժական խորհուրդ պարունակող երևույթ, իբրև «Հայասա երկրի, հետո էլ Ուրարտու պետության հավատամքի սուրբ գիրք, որպես սերունդների միջև ընդհատվող ժամանակի ամբողջություն, որպես իշխանական Մեծ տան հարահոս կյանքի կրոնամիստիկ մի ամբողջ կարգակառույց, որ ոչ սկիզբ ուներ, ոչ էլ վերջ» (էջ 301) [1]:

Վալերի Փիլոյանի «Կանչվածի փնտրտուքը (Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» հոդվածից.

«Վեպի զգացմունքային բարձրակետերից է այս հատվածը, որ պիտի հաղթահարվի` հաստատելով Մհերի լինելու, ապրելու գաղափարը: Մհերը պիտի վերագտնվի. նա մեր ինքնության առհավատչյան է, և հեղինակը վկայում, ապացուցում, հաստատում է նրա գոյությունը» [2]:

«Վէմում» Սերգեյ Սարինյանի «Մհերի առասպելը ըստ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի» հոդվածից.

«Հայկական լեռնաշխարհը կենդանակերպի հայրենիքն է։ Հերմեսյան օրենքով այն, ինչ վերևում է, նույնը ներքևում է, այլ կերպ ասած, երկինքը քարտեզագրված է ըստ Հայկական լեռնաշխարհի։ Փոքր Մհերը վերջին աստվածությունն է, տիեզերական լոգոսը, այսինքն՝ «տիեզերական հոգին տիեզերական նյութի մեջ»։ Դրա համար է նա Ագռավաքարում։ Սա մեր էպոսի թաքնագիտական հղումներից մեկն է։ Թաքնագիտություն է նաև ազգի հեռանկարի հարցը էպոսում։ Այս իմաստով, Փոքր Մհերը ոչ միայն տիեզերափուլը փակող աստվածություն է, այլև նոր փուլ, նոր հարություն բերող աստվածություն։ Վերջապես մի դիտարկում ևս. Բիբլիան բառացիորեն չի նշանակում Աստվածաշունչ, այլ Գիրք, և հավանաբար «Բիբլիա» հասկացությունը ծագում է մեր հին հեթանոսական իմացաբանությունից։ Ինքնին ուշագրավ է, որ Խեչոյանն իր վեպն անվանել է «Մհերի դռան գիրքը»։

mher

«Անցումներն Ագռավաքարի ամբողջ տարածքով, տառապանքի, չարչարանքի, մղձավանջային տեսիլների ամբողջ պատկերը Խեչոյանը ներկայացնում է մտովի վերապրումով, ցնորական տեսիլների և ուրվականների ուղեկցությամբ, քանզի այլ ավարտ չէր կարող տալ վեպի սյուժեին, քան բնազանցորեն գիտակցված դրույթ։ Այստեղ է նրա գրողական կեցվածքը. «Ինձ արևն է կարգել, որ Ագռավաքար մտնեմ, ընթացքը տեսնեմ, ազգային վեպի մարդկանց հետ հանդիպեմ» [3]:

Գրքի հատուկ կարգավիճակը վերասահմանող այս տարատեսակ պիտակների ճնշման ներքո մոռացության են մատնվում «գլխավոր ուղերձներից» դուրս մնացած առավել ուշագրավ դրվագներն ու կերպարները, թեպետ ակներև է, որ Խեչոյանի համար էլ այդ դրվագներն ու հպանցիկ կերպարները մեծ հաշվով առաքելությանն ու կոչվածությանն են ծառայում և նրանց կյանքի այլ կողմերն այդպես էլ աննշան ու չհետազոտված են մնում: Վեպը շարունակում է զարգանալ էպոսի արձակ շարադրանքով (և ընդհանրապես վեպի զգալի մասը հատկացված է դրան) իրականի ու հորինվածքի (հեքիաթայնության, առասպելական ռեալիզմի) զուգադրումով: Կարծես Սանասարի ու Բաղդասարի, Մեծ Մհերի, Մըսրա Մելիքի, Դավթի ու Խանդութի, Փոքր Մհերի պատմությունները, որոնք կրկին ազգի էությանն ու ճակատագրին են միտված՝ դասախոսի համանուն, անավարտ վեպի հատվածներից են, որի մասին պարզում ենք «Դասախոսի ներկար օրագիրը» ենթագլխի տակ ծավալվող դեպքերից: Այստեղ որոշակիորեն պատկերահանվում է (ավելի շատ գրողի ոչ դասախոսի կամ բանահավաքի) կեցությունը, «Մհերի դռան գիրքը» վեպը գրելուն, ավարտելուն ուղղված գործողությունները, նրա սիրային արկածները, կնոջ, սիրուհու, աղջկա, էպոսով տարված ծանոթ նկարչի հետ փոխհարաբերությունների շրջանակը: Եվ բոլորն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ մտցված են ազգային վեպի, Փոքր Մհերի չարխի մեջ:

Էպոսի արձակացման գործընթացը ժամանակավորապես ընդհատվում է՝ Ազգային Ժողովի դահլիճի պատին համբարձման գիշերվա միստերիաներով եռամաս պաննո հեղինակած նկարչի կերպարով: Մի մարդ, որ նույնպես տարված է Մհերի Ագռավաքարում փակվելու որոշման մեկնությամբ:

«Ագռավաքար մտնելը ողնաշարի ծուծքը մտնելուն էր նման, Մհերը ժողովրդի մեջ գնալու և նրա քրոմոսոմի միջոցով կրկին վերադառնալու ճամփան էր գտել» (էջ 126-127): «Չգիտեմ, հնարավոր է՝ այս ամենն ասում եմ, որ ինքս իմ հավատն ամրապնդեմ, թե գալու է Հայոց աշխարհի կապանքները փշրելու, վերելքի ժամանակը: Տեսնելու եմ մեր երկրի խորհրդանիշը՝ ընկույզի չափ դարձած կարմիր գարեհատիկը, որի խորքից դուրս է գալու նոր դարաշրջանի երջանիկ Հայաստանը՝ իր նորացած մարդկանցով. նրանց արթնացած մարմինները պիտի հագնեն հոգիները, և այն ժամանակ ներկային հակառակ՝ հոգին դուրս պիտի լինի, մարմինը՝ ներսը, և հոգու աչքերը սկսելու են տեսնել…»: «Նկարիչն ուզում էր բոլոր հնարավոր և անհնար միջոցներով արդարացնել Մհերին. սա էր նրա ցանկությունը» (էջ 129-130):

Նկարչի ու դասախոսի բացահայտ նմանությունը, (նկարիչն ասես դասախոսի կերպափոխուկը լինի) ազգային վեպի վերաբերյալ նույնախոհությունը նրան զրկում են առանձնակի լինելու կամ գոնե այդպես թվալու հատկանիշներից: Նկարչի բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով Մհերին արդարացնելու ձգտումը դասախոսի նկարչին վերագրած գեր ցանկությունն է: Վեպում նկարիչը ևս ծառայելով հատուկ կարգավիճակ ունենալու առաքելությանը՝ (փոխանցելով ոչ թե այն ինչ մտածում է, այլ այն ինչ հեղինակային խիստ տեսանելի կամայականությունն է ուզում) հապճեպ դուրս է մղվում ասպարեզից՝ անհետանալով Հունաստանի կղզիներից մեկում, որտեղ իր պաննոյի համար գնացել էր կապտալույս որոնելու:

Այդօրինակ անհետացումների ի հայտ գալը վերածվում է Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելուն-կորելուն հղվելու փոխաբերության: Անհետանում-գտնվում է դասախոսի աղջիկը, անհետանում-հեռանում է սիրուհին: Անհետացումների շարքին կարելի է ավելացնել դասախոս-արձակագրի կյանքի փոփոխությունը` (գնալով ծանրացող սոցիալական վիճակը, անձնական կյանքի չստացվածությունը, գիրքը չավարտելը, դասախոսությունների չհասկացվածությունը), բայց սրանք միսիան ի կատար ածելու անհրաժեշտ պետքություններ են, որոնք չեն ծնվում ոչ գոյապաշտական, ոչ էլ հոգեբանական պահանջմունքներից: Պարզապես անդրդվելի քայլերով գլխավոր հերոսի մեջ Փոքր Մհերին են հիշեցնում՝ հասցնելով նրան ազգը բացարձակացնող ընտրյալ «քրոմոսոմի» մեջ: 20-րդ դարում ազգը ընտրյալ-քրոմոսոմով, գենի անաղարտությունով բացատրելը, դրանով առաջնորդվելը նացիստների կողմից գործադրած զտումների «Ռասսայական Հիգիենա» ծրագրի ատաղձն էր, որի արդյուքները հայտնի են, ուստի վեպում Խեչոյանի կողմից «քրոմոսոմ» օգտագործվող եզրը խիստ վտանգավոր դիրք է գրավում՝ մերձենալով մահվան պատմությանը, նույնիսկ այն դեպքում, երբ այդ եզրը հանդես է գալիս, որպես ազգի ուրույն հատկանիշները համահավաք բնութագրող այլասացության:

«Դասախոսի ներկար օրագրի» գլուխները, որոնցում դասախոսն ավելի շատ, որպես գրող է հանդես գալիս, ցուցադրում են թերևս հեղինակի համար միայն բուն գաղափարի շուրջ կցված օգտագործելի անձանց (կնոջ՝ Եվայի, սիրուհու՝ Մարոյի, աղջկա՝ Նվարդի, ուսանողներ Նադիայի, Վիկտորի և նույնիսկ մհերասեր նկարչի կերպարները), սակայն նրանց վերապահված դերակատարումների սահմանից դուրս նոր կարելիություններ դրսևորելն արգելված է: Օրինակ գրողի սիրուհու Մարոյի կերպարն ասես կերտվում է միայն նրա համար, որ վեպում էլի մեկը կլանված լինի էպոսով.

«Մի անգամ, երբ հասել էի՝ Իսմիլ Խաթունի՝ խաբեությամբ Մելիքին ծննդաբերելու դրվագին, արթնացավ թմբիրից ու կիսաքուն վիճակից, ոչ մի անգամ նման բան չէր եղել, հմայվածի պես մոլագար կատաղությամբ տրվեց նորից ու նորից: Ինձ թվում է՝ հենց այդ օրը, այդ պահին էլ հղիացավ Մարոն» (էջ 146) որ հետո գրողի պնդմամբ փորձի աբորտ անել երեխային, այնուհետև ծանր ապրումների ներքո նրա կյանքից անհետանա, որ գրողը՝ իր կամքին հակառակ լույս աշխարհ եկող երեխային նույնացնի Դավթի ու Փոքր Մհերի (հոր՝ իր դեմ ելած որդուն նզովելու) բախտագրությանը: Եվ վեպում կյանքի այլ իրավունք Մարոն չունի:

«Դասախոսի ներկար օրագրում» և ընդհանրապես ողջ վեպում նրա միակ ընդդիմախոս ուսանողը Վիկտորը (Խեչոյանի կողմից ընտրված այս անունը հեգնական բնույթ ունի) հայտնվում է մի քանի անգամ հնչեցնելով իր անհամաձայնությունը. «Դուք ձեր դասախոսություններով արցախյան երկրորդ պատերազմի համար մարդ եք հավաքագրում» (էջ 192): «Կուրսեցիների առաջ խոստովանում եմ՝ ինչին դուք ազգային վեպ եք անվանում, ստուգարք չեմ հանձնելու: Դուք սովորեցնող եք աշխատում, ապրել սովորեցնելու վարժապետ: Ամենազզվելին սովորեցնելն է, մանավանդ, մեռնել: Ձեր ազգային վեպը երկրորդ պատերազմի համար կամավորականներ հավաքագրելու խայծ է: Լսարանում՝ քար լռություն: Վիկտորը սևեռված՝ աչքերիս մեջ է նայում: Ոչ մի բանի չի հավատում՝ ոչ գրին, ոչ էլ ազգային վեպին, որը եղել է և կարող է հայ ժողովրդի Աստվածաշունչը լինել: Ծաղրուծանակի է ենթարկվում Աշոտի քիչ առաջվա ելույթը, ծաղրում է Դավթին, ավելի ճիշտ, փնովում է նրա հերոսությունը, որ նա ժողովրդին ինքնապաշտպանության բնազդից է զրկել, որ մարդկանց վախկոտություն է քարոզել. թող նրանք տանը նստեն, ինքը կկռվի նրանց փոխարեն, այդպիսի հերոս կլինի՞:

Վիկտորը.

«Ասում են՝ դուք առաջին պատերազմին մասնակցել եք: Ասողներն ասում են, ես էլ չեմ հավատում, պարզապես դուք հավաքագրող եք, երիտասարդներին սրբազան իդեալներով թակարդն եք գցում, մղում եք մեռնելու»:

Ես.

Արձակել եմ վերնաշապիկս կոճակները, պորտի տակից մինչև աջ պտուկը կայծակի պես անցնում է շուլալած կապտավուն փայլուն սպին:

Ինքը

«Մարդու ազատությունը ավելի կարևոր, բարձր արժեք է, քան պետության անվտանգությունը»» (էջ 194-195):

Այս երկխոսությունից հետո դասախոս-արձակագիրը «Ես»-ով կարճ պարբերություններով իր կենսագրության հատկանշական դրվագներն է ներկայացնում, որի վերջին նախադասությունն է՝ «Երևի իմ ներսի առյուծն արդեն մեռել է» (էջ 196):

Մինչ Վիկտորի ելույթը, վերևում հիշատակված ուսանողներից մեկը՝ Աշոտը, որ իր մի քանի ընկերների հետ բանակ է կամավորագրվում, հրաժեշտից առաջ լսարանին հայրենասիրական խոսք է առաքում. «Հավատում էին՝ կդիմանային և դիմացան: Այս էլ քանի դար կյանքը նորից սկսվեց ամայությունից, չոչնչացանք: Եղաններով գնացին Սարդարապատ՝ Հայաստանը փրկելու… Ջարդել են և Շապուհին, և Հուստինիանոսին, և Բեյազիդ սուլթանին: Անդրանիկը, Նժդեհը, Մյասնիկյանը հոգու զորությամբ պահեցին Հայաստանը: Եթե մի թաշկինակի չափ հող մնա մեզ, այդտեղից էլ կսկսվի հայոց երկիրը…» (էջ 194):

Աշոտի ճառասացությունը գործի է դրվում, որ Վիկտորը ծաղրի այն, և դասախոսը ընդգծի ծաղրը: Վիկտորի հետ բախումը շարունակվում է.

«Առանց թույլտվության երրորդ շարքի վերջում կանգնել, ձախ ձեռքը շալվարի գրպանում, խոսում է, որ ամբողջ դասախոսությունը, սովետի և Մարքսի ոգով ասված՝ կարևորը պայքարն է, տխրահռչակ քարոզչությունն է հիշեցնում: Այնինչ, իրականում իշխանությունների պատվերով իմ կողմից ընդամենն արցախյան երկրորդ պատերազմի նախապատրաստման՝ կամավորականների մարդաորսն է սկսվել»: «Կրկնում եմ նախորդ ժամին բոլորովին ուրիշ առիթով ասած իմ այն միտքը, որ մերի նման փոքրիկ պետության անվտանգությունը ավելի կարևոր է, քան անձի ազատությունը: Գուցե Վիկտորը, որպես անհատ, կարող էր զենքը, բանակը վատ, շատ վատ բան համարել, եվրոպական պացիֆիստական արժեքների կողմնակից լինել, բայց Եվրոպան, նրա բոլոր պետությունները խոսքի ազատությունը, մարդասիրությունը, համամարդկային արժեքները ստեղծել են, երբ վաղուց հաստատել էին իրենց սահմանները, նույնիսկ երկինքն ու օվկիանոսի ջրերն էին իրար մեջ բաժանել, դրանից հետո, երբ արդեն անվիճելի հարցերը կարող էին կլոր սեղանների շուրջն ընդամենը մի ժպիտով ծաղկանոցների վերածել»: «Ես. Գիտե՞ք՝ ազգային վեպի իմ մասին խորհրդածությունները կարող է պատահել սխալ են, բայց դե, հո դիտմամբ չեմ գնում սխալ ուղիով: Ազգային վեպը վերածվում է Մհերի դռան քարի, մի միասնության, որ, այո, սահմանափակ է, այո, նման պատմականությունն ու արվեստը տարածելի չէ շատ ժողովուրդների վրա, առավել ևս անընդունելի է Եվրոպայի գլոբալիզացվող մշակույթի, գրականության համար, բայց մեր ընտրած ուղին միակ արդար ճանապարհն է» (էջ 249-251):

Առաջին հայացքից ավելի անկախ թվացող Վիկտորի նույնպես վաղանցիկ կերպարը, որի մեղադրական եզրահանգումների առջև դասախոսը թեևաթափ է լինում ահա  հայտնվում է իբր ցուցանելու հայրերի դեմ ելած երիտասարդ որդիների մի հատվածի՝ ազգի, նրա գոյության, ներկայի ու ապագայի հանդեպ նմանօրինակ «անողնաշար» մոտեցումը: Սակայն առկախ հարցեր են մնում: Ինչո՞ւ է Վիկտորն այդպես մտածում: Հասարակական-քաղաքական ի՞նչ հանգամանքներում են ձևավորվել այդ ամփոփումները: Իր հերթին դասախոսը որտեղի՞ց է իրականում քաղում, ապա սահմանում այդ խարխուլ իսկությունները, թե ազգային վեպի ստեղծած նման միասնության պատմականությունն ու արվեստը տարածելի չեն շատ ժողովուրդների վրա, առավել ևս անընդունելի են Եվրոպայի գլոբալիզացվող մշակույթի, գրականության համար, երբ (ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում): Կամ արդյոք գիտե՞նք մեր Եվրոպայից վիրավորվելու ու անարդարության պահանջ ունենալու իրական պատճառը: Հիմա Եվրոպայի գլոբալիզացվող մշակույթի հետ առնչվելո՞ւ ենք, թե հիմնովին մերժելու ենք և այլն: Ահա այս առանցքային հարցերն առաջադրված չեն, չեն քննվում, որոնց ուսումնասիրությունների բացակայությունն էլ վեպից վերջնականապես խլում է ազգային-փիլիսոփայական հարցերը ստանձնած պատվիրակի դերը: Գոնե որոշակի պատասխաններ չկան, իսկ երեսանց ձևակերպումները կարող են մեր վերլուծությանը ենթարկվել միայն անհեռանկար կանխագուշակումների տեսքով:

էպոսը, որ ըստ Խեչոյանի ազգի արգանդն է, գաղտնագրությունը, բանաձևը, իսկ Դավթի անեծքի խարանով անժառանգ, Փոքր Մհերը, որ ազգի թվացյալ նեղացած ու քարայրում փակված հայրն է, այնինչ իր մեջ ներառել է նրա ողջ արժեհամակարգը, որ այս հին, ապականված աշխարհի փլուզումից հետո դուրս է գալու մութ անձավից ու արժեքների փայփայած պաշարով նոր կյանք է նրան նվիրելու վերափոխվում է ազգային պետության անվտանգության էթիկական (արդար ճանապարհի) գաղափարապաշտության: Փաստորեն հին աշխարհի փլուզման ու նոր աշխարհի կառուցման գործընթացներին մեր ազգը որևէ մասնակցություն չի ունենալու քանի որ եզրագծվել է նրա էպոս-էության քրոմոսոմային հավերժականությունը, նրա ի բնուստ ընտրյալությունը: Աշխարհի բանուգործին մասնակցելու համար կարծես չափից դուրս վերժամանակյա ենք:

Աշոտ Ոսկանյանի բնորոշմամբ՝ «Նեղանալ էպոսում մյութոս է, նշանակում է լքել առօրյան հանուն հավերժության: Սակայն հավերժությունը մյութոսի համահարթ շրջանակներում պոզիտիվ սկզբունք չէ. այն ոչ «այնկողմնային» է, ոչ «այսկողմնային»: Դա ուղղակի բացակայություն է ժամանակայինի ոլորտից»[4]:

Ուրեմն, եթե նացիստների դեպքում բացառիկության հռչակումը «հին, թույլ աշխարհին» ոչնչացնելն է, ապա մեր դեպքում Ագռավաքարում անշառ նստած, ժամանակային ոլորտից բացակայելով սպասելը, որ գուցե թույլ տա մեզ հին ու նոր աշխարհների արանքը ճղելով մի նոր կյանք կերտել:

Վեպում մի քանի տեղ արցախյան երկրորդ հավանական պատերազմի ակնարկներ կան: Եվ էպոսը բերվում է որպես առմիշտ պատերազմող ժողովրդի դիմադրության ու փրկության (միակ արդար ճանապարհը) հայացք առասպելական ավանդույթին, Ագռավաքարի միստիկ ոգուն, որ եվրոպական և այլական հոսանքներից ձերբազատված՝ մի տեսակ նոր, ավելի շատ էզոթերիկ  ազգայանականություն է այլևս կասկածի տակ առնող սահմանադրություն ունեցող պետության հասկացության կարելիությունները:

Աշոտ Ոսկանյանը «Հայ անհատը և նրա «վիրտուալ հասարակությունը» հոդվածում ավանդույթի հանդեպ վարմունքի դրության մասին գրում է.

«Համակարգային առումով, ավանդույթի անձեռնմխելիության պահանջը հիմնավորվում է հարեւանների կողմից սպառնացող վտանգին դիմակայելու անհրաժեշտությամբ: Երբեմն նույն հիմնավորմամբ պահանջ է ներկայացվում հայագիտությունը դիտարկել որպես պետականորեն ուղղորդվող զենք*: Երեւի նման դեպքերում ենթադրվում է, որ եթե մրցակից պետությունը քարոզչական նպատակներով իրականությունից հեռու մի վարկած է ներկայացնում այս կամ պատմական անցքի վերաբերյալ, պատասխանը պետք է լինի է՛լ ավելի չափազանցված: Բայց դրանով ավանդույթի ռացիոնալ իմաստավորման, նրա վերաբերյալ քննադատական ռեֆլեքսիայի իրագործման գործառույթը ընկալվում է որպես ոչ միայն ավելորդ, այլեւ վնասակար` սեփական հասարակության կայունության տեսակետից» [5]:

Իսկ թե ժամանակակից իրականության մեջ, ասենք համազորային (արդեն ոչ կամավորական-ֆիդայական) մարտերի վերսկսման դեպքում ի՞նչպես է գործի դրվելու մեր «իրական Աստվածաշունչը» թերևս հայտնի չէ: Գուցե ազգի ինքնամեծության գիտակցությունը բարձրացնող առաքելությա՞մբ: Բայց այս էզոթերիկ բնույթի ազգայնականությունը դասախոսի կողմից բնավ չի պարտադրվում, քանի որ առաջին դասախոսությունից սկսած նրա խոսելու, գաղափարները պարզելու ավելի անվտանգ թվացող կազմությունն է այդպիսին` շարժում չմերժելու և չսահմանելու եղանակով: Այս փոփոխամտությունը վեպի գաղափարական ուղերձին, որի հավակնոտությունը ակնհայտ է, ի վերջո անեփ է թողնում՝ շարունակելով ձախողման ավանդույթը, երբ գրականության միջոցները ծառայում են գաղափարական ուղերձի թրծմանը՝ զրկվելով ներքին միջոցներից: Օրինակ՝ առաքելության,  կոչվածության ծանրության տակ ճնշված է ոչ միայն վեպի կառույցը, այլև լեզուն, որ զուրկ է ինքնաստեղծումից: Վեպն ավարտվում է դասախոսի Արևմտյան Հայաստան ուղևորությամբ: Վանա լճի ափին՝ Տոսպան լեռներում, նրան հաջողվում է գտնել Ագռավաքարի հնարավոր դուռը, թափանցել դրա մեջ և վերջապես տեսնել Փոքր Մհերին` «…Ագռավաքարի դռան մեջ հանկարծ մի ակնթարթ կարմրածուփ սուրհանդակը բոցկլտացող նշանով, կողքին՝ կապտալույսի մեջ, ձեռքերը կրծքին կանգնած Մհերին ցույց տվեց. Մհերն էր. միանշանակ նրան էի տեսել» (էջ 385):  Եթե այս պատմությունը գլխավոր հերոսի համար Փոքր Մհերին տեսնելու ոդիսականը լիներ կստացվեր ճամփորդություն դեպի գրականությունը, ուր հնարավոր է գլխավոր ու երկրորդական ուղերձները կատակներ են:

[1]  Տես, ժենյա Քալանթարյան. «Ազգային ինքնության փիլիսփայությունը էպոսում», Գրական թերթ, 2014,

http://www.grakantert.am/%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%83%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D5%B8%D6%83%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82/

[2]   Տես, Վալերի Փիլոյան. «Կանչվածի փնտրտուքը», Գրական թերթ, 2014, http://www.grakantert.am/%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A1%D5%AE%D5%AB-%D6%83%D5%B6%D5%BF%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D6%84%D5%A8-%D5%AC%D5%A5%D5%BE%D5%B8%D5%B6-%D5%AD%D5%A5%D5%B9%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4/

[3]      Տես, Սերգեյ Սարինյան. «Մհերի առասպելը ըստ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի», Վէմ, 2014, հոդվածը կարող եք կարդալ նաև այստեղ http://granish.org/the-myth-of-mher-according-levon-khechoyans-novel/

[4]    Տես, Աշոտ Ոսկանյան. Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները, Ռուբիկոն պարբերական (2005թ., թիվ 7), կարող եք կարդալ նաև այստեղ http://www.arteria.am/hy/1349514646

[5]  Տես, Աշոտ Ոսկանյան. Հայ անհատը և նրա «վիրտուալ հասարակությունը», այստեղ http://www.arteria.am/hy/1327488242   26.01.2012

*Այդ մասին տես. Ա. Ոսկանյան, Հայագիտություն. զե՞նք, թե՞ գիտություն. – Հայաստանը Եւրոպայի ճանապարհին (Ընդ. խմբ. Ա. Ոսկանյանի), Երեւան, Անտարես, 2005թ., էջ114-125:

Show Comments Hide Comments

One thought on Ձախողման ավանդույթը Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը

  1. Գևորգ says:

    Թագավորը մերկ է, բայց ոչ ոք չի ասում այդ մասին…

Leave a Reply

Your email address will not be published.