տենդ

դու ծովից ես գալիս, սիրելիս

իմ բերանը լիքն է ժանգահամով

և շուրթերս կծվահամ են նորից

չոր, ինչպես երբեք

չոր սրտով

և խոնավ տագնապով մարմնի

դու պարզեցիր ցուցամատդ դեպի սիրտս

ծակեցիր մատով, մտցրիր ներս, շոշափեցիր,

և, սակայն, տեսածիդ չհավատացիր

դանդաղ, դանդաղ, դանդաղ

ինչպես հանգուցյալն է հեռանում հարազատներից

այդպես վստահ աստված է լքում մեզ

և այդպես դու ես գնում սիրելիս

արցունքներով չիջա թմբիկներին մատների

բառերը սղլիկ են, կանաչ լորձ

տաք եմ, ինչպես փոքր կատվի մլավոց,

և դատարկ՝ օվկիանոսի չափ

պարզ, ես քեզ պարզ տեսնում եմ այստեղ

դու ծովից ես հեռանում, սիրելիս

ես իջնում եմ խորքերը դանդաղ

մի դիակ, ում մեջ բառեր չեն տնկվի

և ոչինչ չի աճի արգանդում

դանդաղ, ինչպես դու էիր արձակում կոճակները

կնեխեմ ջրի մեջ շերտ առ շերտ

դու կխմես ինձ

դու կլողաս իմ մեջ

և քո երեխաները կլողան

և անգամ մի առագաստանավ

ոտնալվա

ես հիմա էլ չեմ ճանաչում ինձ

ով եմ ես

փոքրիկ մարմնավաճառ, թե արդեն մեծացել եմ, չեմ հիշում

ահա գինին, սիրելիս, ահա հացը, ահա սիրտս թունոտ,

ես մեռած բառեր եմ դնում շուրթերիդ

և քո ճիչը՝ գիշեր՝ լի հազարավոր քնած մոծակներով…,

շոյիր բարձս ու նա կդառնա գլուխ սիամ կատվի

երկրորդ անգամ շոյիր ու նա կմլավի ու կլիզի վերքոտ քիթդ

շոյիր ինձ

ու մատներով ցույց տուր շուրթերիս տեղը

քեզ կպատմեն ջրում շնչող կանաչ բույսի մասին

հիշեցրու ինձ որտեղից էին սկսվում աչքերս

և հայացքը գուցե աճի և մոլորվի հանդիպակաց անտառում,

ուր ամեն գիշեր արմատախիլ է լինում ինչ-որ ծառ

իմաստուն ծառեր, որ հետո երկար արնահոսում են ցերեկով

իմ պատուհանի տակ

և ջարդված սրտով քամին մահվանից էլ ծեր Քարոնի նման

տարօրինակ այդ գետով վերուվար է անում

և անհասկանալի բառեր է քրթմնջում

նա երբեմն գալիս է իմ տուն

նա էգ գինի է թունդ, որ կուլ չի գնում իմ ասֆալտե կոկորդով,

նա պարտված նավ է, որ օվկիանոսները թքել են դուրս

և հիմա այս լքված քաղաքում

նա բառ է՝ բանտարկված լռությամբ

և եթե ես չեմ ասում այդ բառը, որովհետև ոչ թե չեմ ուզում, այլ չգիտեմ

և դու նորից պիտի գնաս

և ինչու է ինձ թվում, թե դու գալիս ես մի,

բայց հեռանում ես միշտ մի քանի անգամ,

տունն այս, որ լուռ մարմինն է իմ՝ հիվանդանոց չարտասանված բառերի,

և դու, որ իմաստն ես այս տան իրերի՝ գրքերի, նկարների, իմ բարակ ստվերի

քո գնալուց հետո արնահոսում է քո թողած դատարկ տեղը

մատներիդ, շուրթերի, կոշիկներիդ, որ այլևս միջանցքում չեն

քո գնալուց հետո քամիներ են պոկվում

և ճոճվում են դռները այս տան – անիմաստ թափահարվող թևեր,

որ կարոտում են քեզ, սիրելիս…

ահա գինին, ահա հացը, ահա սիրտս, սիրելիս,

ես հագել եմ բարձրակրունկներն ու ճոճվում եմ բարդու պես

այս քաղաքի նեխահոտ բերանում

ես ցավող ատամ եմ

շպրտիր ինձ, սիրելիս

ես դատարկ որովայն եմ՝ մոծակներով լեցուն,

ես արգանդ եմ՝ հիվանդ բառերի խնամակալ,

ես նավապետ եմ խուլ, ով ավազ է շաղ տվել պատշգամբում

և շարել խխունջներ իսկական

և քամի աղջիկներ է քունում, որ կարոտը առնի բաց ծովի

ես այլևս ոչինչ չեմ հիշում

անատամ այս բերանում, ուր լեզվի օձեր են վխտում,

չորացած պինդ ոտքեր

սպիներ, որ քո անունն են խազած,

դու կտա՞ս իմ անունը, երբ մեռնես

կհիշե՞ս ինձ, երբ այլևս անհիշելի լինենք

և սերը, սերը կհոսի՞ նորից տաք, նոր մորթված թռչնի մարմնի պես տաք

(քո մարմինը միշտ տաք գինի էր բուրում և արյան հոտ էր գալիս…)

ահա և վերջ, սիրելիս,

ահա գինին՝ լռությունը կիսատ, որ խմվում էր կում-կում

ահա հացը, որ չսարքեցի քեզ համար. մարմինը թխվել էր արդեն այլ անկողիններում,

ահա սիրտս՝ միշտ նոր, միշտ կծու, միշտ լվացված ու թարմ

գնալու համար ուժ է պետք և մի քիչ կամք և այն, ինչ թողեցի վերևում

ահա քո քսան արծաթ, համբույրը վերջին

բջջային հեռախոս, որդնած պարտականություններ, բանալի

մի քանի ծխախոտ սեղանին ու մկրատ

և տասնյակ շրխկացող դռներ ու պատուհաններ,

որ կակազում են թևերով օդի մեջ

և տապալվում գետնին:

լեյլա

օ, լեյլա, աչքը խուփ՝

բրեզենտով ծածկված նավակ,

դեմքի տխուր ջրափոսում:

և արդյոք հե՞շտ է կարդալ այդ աչքով:

օ, լեյլա, աչքը քո փակ,

նման է մեռած երգի՝

հատ գնացած բառերով, թելը՝ դուրս,

քեզ համար երգե՞լ են հեռվում

մեղրաջրով բացած օրորներ:

ձեռքերիդ, ձեռքերիդ թե հպվեմ

ճյուղերի բարակն եմ հիշում,

սառած քնքշանքը ձյուների,

օ, լեյլա, դու գիտե՞ս տաքանալ

ձեռքերով՝ նիհար ցախավել,

որ մայրդ գողացավ քեզ համար

ձեր բակում պաղած ձյան մարդուց:
Քո սիրտը՝ քորոցով կպցրած վարդ,

հիշո՞ւմ ես շուրթերը աղջկա,

ով գրկել շուրթերդ, լացում էր

օ, լեյլա,

լեյլա,

լեյլա,

իսկակա՞ն էր քո լացը արդյոք,

երբ բառ-բառ կրում էիր արցունքներդ

փակ ու բաց աչքերիդ ջրհորից:

ես կրկնում եմ քո անունը,

լեյլա,

անտեսանելի թիկնոց հագնելու պես,

դու գրկել ես մորդ, ինչպես նա՝ քեզ,

երբ դու անպաշտպան էիր ու փոքրիկ,

հիմա դու ես գրկել մորդ, ինչպես երեխային կգրկեն,

բայց նորից դու ես անպաշտպան,

և նորից դու ես փոքրիկ,

և ձեռքիդ մեջ տրոփում է սիրտդ՝ կարմիր փշոտ վարդ՝

ամբողջովին ծակծկված ու տկլոր

ուզում եմ մնաս հեռվում՝ երբևէ լույս չտեսած գրքի պես

ես քեզ չեմ ասում շնորհակալություն,

թեև իմ տունը, անկողինը, այն այգին

ինձ տեսնելուց նաև քեզ են դնում ներկա:

ես վախենում եմ, լեյլա, որ երբեք չեմ մոռանա քեզ,

և սարսափում այն օրից, երբ ուրիշն ինձ կգրկի

ու ես դժվարությամբ կմտաբերեմ անունդ,

հեղինակներ, որ կարդացել եմ քեզ համար,

և գրքեր, որ խորհուրդ եմ տվել քեզ,

անուններ, որ լսել եմ քեզնից,

բառեր, որ սովորեցրել ես ինձ:

լեյլա, կարելի է հագնվել ու գնալ

առանց հրաժեշտ տալու տնեցիներին,

բանալին՝ դռան շորի տակ, ծաղիկները՝ չջրած,

բայց վարձերը կմուծես, խնդրում եմ:

Ամեն ինչ ուրեմն չի սկսվում միայն

և շարունակվում, ինչպես կառուցումը

բաբելոնյան աշտարակի:

Լեյլա, դու կարող ես ինձ թողնել:

Լեյլա, ես ազատ կին եմ: Կհասկանամ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.