«Դուք գտնվում եք ապստամբ զապատիստական տարածքում: Այստեղ ժողովուրդը հրամայում է, կառավարությունը՝ ենթարկվում»:

Մեքսիկայում Զապտիստների տարածքի մուտքերից մեկի մոտ այս  ցուցատախտակն է. Արեգակի տակ այն միակ կետը, այն փոքրիկ ամպը, ուր հարստանալու մուլուցքը չի ստիպում վազել երկրի պտույտից ավելի արագ և ուր ստեղծել են մարդու գազանային բնույթը մերժող  այլընտրանքային մի այնպիսի հասարակություն, որը ուտոպիա են համարել փողի գերի դարձած սպառողները:

Զապատիստների շարժումը՝ ավելի կոնկրետ Ազգային Ազատագրական Զապատիստական բանակը (EZLN) ձևավորվել է 1980 ական թվականներին և կրում է Էմիլիանո Զապատայի անունը(կամ Սապատա, սապատիստներ), որը 20-րդ դարի սկզբին պայքարել է Մեքսիկայի բնիկ ժողովուրդների իրավունքների համար :

«Ya basta ! Հերի՛ք եղավ» հնչում է 1994 թվին զապատիստների ապստամբությունը, որին նրանք պատրաստվել էին 10 տարի: Հերիք եղավ հինգ դար ձգվող հարստահարմանն ու ճնշմանը. ապստամբները գրավում են Մեքսիկայի հարավ արևմուտքում գտնվող Չիապաս նահանգի մի քանի շրջան:

Զապատիստները ստեղծում են մի հանրություն, որտեղ իրագործում են իրենց պահանջները՝ հավասար իրավունքներ բնիկ ժողովուրդների համար՝ հող, աշխատանք, առողջապահություն, կրթություն: Նրանք չեն շարժվում ավանդական ազգային-ազատագրական պայքարների ճանապարհով՝ տարանջատվում ուրիշներից՝ սեփական անկախ պետականաություն, ոչ, նրանց ուզածը անկախությունը չէր, նրանց պահանջն է Մեքսիկայի իշխանությունների առաջ՝ ճանաչել բնիկների գոյության իրավունքը, նրանց համարել լիիրավ քաղաքացիներ, ընդունել նրանց մշակութային առանձնահատկությունները և չպարտադրել իրենց պետական կառույցները ապստամբների տիրապետության տարածքում:

Սուբկոմանդանտե(Subcomandante), ենթահրամանատար՝ այսպիսին է ապստամբության առաջնորդ  Մարկոսի զինվորական կոչումը, հրամանատարը պետք է ենթարկվի ժողովրդին, ուրեմն նա ոչ թե հրամանատար է, այլ ենթահրամատար: «Ժողովրդի ենթակա» խոսքը ծանոթ քաղաքական դեմագոգիան չի,  21 գրքերի հեղինակ գրող և փիլիսոփա Մարկոսը հերոսի մի նոր կերպար է, ում դեմքը թերթերի ու պլակատների վրա փայլելու փոխարեն, միշտ փակ է՝ գլուխն ու վիզը ծածկող դիմակով` դիմակից ցցված ծխամորճով, անտեսանելի դարձնելով իրենց՝ մարտիկներին «տեսանելի են դարձնում բնիկ հնդկացիներին, որոնք մինչ այդ աներևույթ էին», ում իրական անունը դեռ ճշգրիտ հայտնի չի, ով իր ծննդյան թիվն է նշում 1994-ը՝ հնդկացիների ապստամբության տարին:

Մարկոս, լուս՝ libcom.org

Մարկոս, լուս՝ libcom.org

«Մեզ վերաբերվում են որպես երկրորդ կարգի մարդկանց, որպես երկրում խանգարող մի երևույթի: Բայց մենք թափոններ չենք : Մենք հազարամյակների պատմություն ու իմաստություն ունեցող ժողովուրդների մաս ենք կազմում, ժողովուդներ, որոնք ոտնահարված են ու մոռացված, բայց դեռ մեռած չեն: Ու մենք ձգտում ենք դառնալ քաղաքացիներ մյուսների նման, մենք ուզում ենք մաս կազմել Մեքսիկայի առանց կորցնելու մեր առանձնահատկությունները, առանց ստիպված լինելու հրաժարվել մեր մշակույթից, կարճ ասած՝ առանց դադարելու բնիկներ լինել : ….. Պետությունը պետք է հրաժարվի գլոբալիզացիայի տրամաբանությունից, որը մեզ լուսանցք է նետում: Որովհետև շուկայի չափանիշները արմատախիլ են անում մարդկության այն հատվածին, որոնց ժամանակակից դարձնելը եկամտաբեր ներդրում չեն համարում: Սա ողջ Լատինական Ամերիկայի բնիկների խնդիրն է»,-  ասում է Մարկոսն բնիկ դարձած, ով ծագումով եվրոպացի է:

Գլոբալիզացիայի գործոնը պատահական չի սահում Մարկոսի խոսքի մեջ : Զապատիստները խորապես համոզված են, որ հենց նեոլիբերալ արժեքներ տարածող ու գլոբալիզացվող աշխարհն է արգելք դառնում մշակութային փոքրամասնությունների գոյության իրավունքին ու արժանապատիվ կենսագործունեությանը:

Ապստամբություն բարձրացնելու օրը ևս պատահական չէր ընտրված: 1994 թվականի հունվարի 1-ին Մեքսիկա-ԱՄՆ-Կանադայի միջև  ստորագրվելու էր Ազատ առևտրի պայմանագիրը, որով է՛լ ավելի էր վատթարանալու ավելի աղքատ երկրի՝ այս դեպքում Մեքսիկայի գյուղացիների տնտեսական վիճակը:

Սա գլոբալիզացիայի դեմ պայքարի առաջին լուրջ բողոքն էր: Մարկոսի բնորոշմամբ զապատիստները չորրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն են ազդարարում: Երրորդ համաշխարհային պատերազմ նա համարում էր Խորհրդային Միություն-ԱՄՆ սառը պատերազմը, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ վերջ դրվեց երկբևեռ աշխարհի գաղափարական հակամարտությանը, առաջ եկավ մեկ այլ գերհզոր ուժ, որն այլևս մեկ ծավալապաշտական երկիր չէր, այլ վերազգային մի իշխանություն՝ ֆինանսական կապիտալի իշխանությունը: Զապատիստները ընդվզել են հենց միջազգային կապիտալիզմի դեմ:

Մեքսիկայում զապատիստական շարժումը ձուլվել-նույնացել է բնիկ հնդկացիների հետ, բայց դրա հետ մեկտեղ չի մնացել որպես միայն տեղային էթնիկ փոքրամասնության շահերի պաշտպան: Նրանց գաղափարները համերաշխ են, պահանջները՝ համընդհանուր աշխարհի բոլոր ճնշված ժողովուրդների հետ:

Նրանք Մարկոսի բերանով ազդարարում են. «Դիմադրելու կամքն է մեզ մղում ասելու. մենք չենք ուզում, որ աշխարհը շարունակվի առանց մեզ, մենք չենք ուզում վերանալ: Բայց մենք չենք ուզում նաև դադարել լինել այն, ինչ ենք: Սա մեր տարբերությունը վերահաստատելու գործընթաց է: Լատինական Ամերիկայի բնիկների պայքարը հաստատվելու իրենց կամքն է: Մենք ուզում ենք նոր պատմության մաս կազմել, աշխարհի պատմության, մենք ասելիք ունենք և տրամադիր չենք ձեր ուզածը դառնալու: Մենք չենք ուզում վերափոխվել այնպիսի սուբյեկտների, որոնց արժեքը հասարակական մակարդակով պիտի որոշվի նրանց գնելու և արտադրելու կարողությամբ»:

Մարկոսը հանդիսանալով հակագլոբալիստական շարժման խորհդանիշ, ոչ բոլոր հակագլոբալիստների հետ է համերաշխ, քննադատում է ծայրահեղ ազգայնական կամ կրոնական հիմքերի վրա կառուցված պետությունները. «Այս ֆունդամենտալիզմը նույնպես այլ աշխարհ է կառուցում, բայց փոքրիկ կղզյակներից բաղկացած աշխարհ, ուր ամեն տեղական իշխանիկ իրեն ամեն ինչի թագավոր է համարում: Մտքումս Ասիայի և Մերձավոր Արևելքի  ֆունդամենտալիստ շարժումներն են, որոնք այսօր տարածվել են նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում: Դրանց մեջ կան ֆանատիկ ուլտրաազգայնականներ, որոնք ի վիճակի են սպանդ իրագործելու հանուն իրենց արժեքների, իսկ նրանց պատասխանը գլոբալիզմին նույնքան անհեթեթ է, դոգմատիկ և իռացիոնալ: Այս ֆանատիկոսները պնդում են՝ այս կղզյակի վրա կարող են ապրել միայն նրանք, ովքեր իրենց նման են: Եվ այս «նմանի» նշանակությունը շատ ավելին է, քան միայն մաշկի, աչքերի կամ մազերի գույնը, դա նաև էթնիկ ծագումն է, լեզուն, կրոնը և այլն: Այս կրոնական կամ ազգայնական դոգմատիզմը հավակնում է գլոբալիզացիայի դիմադրության ձև դառնալ, բայց իրականում այն միայն անհանդուրժողականության,  խավարամտության և հատվածականության արտահայտություն է»:

Զապատիստները մարտահրավեր են նետում դասական քաղաքական համակարգին, մերժելով քաղաքական կուսակցություններով, ուղղահայաց կենտրոնաձիգ կառավարման եղանակը ու նույնիսկ լավագույն տարբերակ համարվող ներկայացուցչական ժողովրդավարությունը: Բոլոր այս դեպքերում քաղաքականությունը դառնում է մի խումբ մարդկանց մենաշնորհ՝ անգամ ներկայացուցչական ժողովրդավարության դեպքում մարդիկ անմասն են մնում իրական քաղաքական գործընթացներից՝ արտոնելով մի խմբի իրենց փոխարեն որոշումներ կայացնել:

Չիապաս նահանգի զապատիստներն ուրիշ մոդել են մշակել.

Զինված պայքարի կողմնակից մի բուռ գործիչներ ժամանակի ընթացքում ձևավորում են նոր հասարակական մշակույթով ապրող մի համայնք, այն հասարակարգը հանուն որի զենք էին բարձրացրել, այսպիսով տարբերվում դասական զինված պարտիզանական ապստամբություններից: Եվրոպական ծագումով ապստամբները իրենց նախնիների ճիշտ հակառակն արեցին՝ բնիկներին ենթարկեցնելու փոխարեն իրենք ձուլվեցին բնիկների մեջ՝ կարծես իրենց նախնիների մեղքը քավելու մի ճանապարհ, որով որդեգրեցին բնիկների երկարամյա ազատագրական պայքարի ավանդույթները՝ «մեծ փորձառությունը, երկարատև դիմադրությունն ու պայծառամտությունը»:

Նահանգի հինգ զապատիստական համայնքներում կազմվել են «լավ կառավարման խորհուրդներ», ուր անդամները ընտրվում են ռոտատիվ սկզբունքով, կարճաժամկետ: Նպատակն է հնարավորինս շատ մարդու հնարավորություն տալ մասնակցելու կառավարման գործին՝ խուսափելով նախ կառավարման համակարգի մասնագիտական, ինչպես նաև իշխանություն բանեցնելու մենաշնորհներից: Սա նաև կառավարման իրական դպրոց է, ուր ի վերջո համայնքի յուրաքանչյուր անդամ հնարավորություն է ստանում կրթվելու: Գործում են նաև անվճար բուժօգնություն տրամադրող հաստատություններ ու դպրոցներ, որոնցից զրկված էին մինչզապատիստական Չիապասի բնիկները:

Սա ինքնակառավարման յուրահատուկ ձև է, հորիզոնական հարաբերություններով, որի փորձառությունը հասարակական նոր իրականության տեսլական է բերում:

«Երբ իրապես իմանան զապատիստական շարժման պատմությունը, կտեսնեն, որ սա մեխանիզմներից մեկն է մեկ այլ հնարավոր աշխարհ, այլընտրանք կառուցելու: Զապատիստները չեն ցանկանում փակվել, ոչ էլ ժողովուրդներին միմյանցից բաժանող պատեր ստեղծել: Նրանք նմանապես չեն ուզում, որ հնդկացիական ժողովուրդները վերադառնան գրավումից առաջ եղած վիճակին: Իրենց որոնածը՝ ինչ-որ ձևով ինտեգրվել ազգային ու նաև միջազգային հանրության մեջ, առանց կորցնելու սեփական ինքնությունը, մշակութային արժեքները և հատկապես առանց կորցնելու բազմազան փորձառությունների փոխանակման հարստությունը»:

Զենքով ինքնավարությունը պաշտպանող, շրջափակված Զապատիստների համայնքում կյանքը հարմարավետ չի, բայց դժվարությունները չեն ընկճում արդար հասարակության մարդկանց, ինչին նրանք հավատում էին, հնարավոր է դարձել, նրանք ներշնչված են աշխարհը փոխված տեսնելու հույսով:

Զապատիստների պայքարը շարունակվում է ամեն պահի:

Նոբելյան մրցանակակիր գրող Խոսե Սարամագոն գրում է Չիապաս կատարած իր այցից հետո. «Մենք այնտեղ տեսանք թերսնուցումից տառապող երեխաների ու երիտասարդ կանանց, որոնք արդեն անատամ էին, իսկ մարմինները ճաքճքած էին իրենց խղճուկ հյուղակների տանիքը ծածկող չորացած ցեխի պես: Տեսանք աղքատություն, նվաստացում ու ցավ, բայց նաև արժանապատվություն այն պարտիզանի խոսքերում, որը մեզ պատմեց, թե ինչու է որոշել ապստամբել և միանալ Զապատիստական բանակի կոչին, վերջին ու գուցե միակ դարմանը Մեքսիկայի  և Ամերիկայի Հնդկացիների դանդաղ ցեղասպանությունը դադարեցնելու»:

Երևանում էլ մի զինված ապստամբություն բռնկվեց՝ «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը և համաժողովրդական աջակցություն վայելելով՝ երկու շաբաթ անց զենքը վայր դրեցին ու հանձնվեցին: Եթե նրանք հաջողության հասնեին, ի՞նչ տիպի Հայաստան էին կառուցելու: Այս հարցի պատասխանը չկար նրանց ապստամբության մեջ:

Մարկոսի Ամպի ծվենի հեքիաթը այն հույսով եմ թարգմանել հայերեն, որ այս կաթիլը մի այլ հասարակության պատկերացումը կստեղծի դրամատիրական Հայաստանում:

Ամպի ծվենի հեքիաթը

Արևածագին ծովը՝ հենց  իմ կողքին, սկսում է լրջանալ  ու մտահոգվել հասարակական ու այլ բնույթի նորությունների կապակցությամբ : Ես էլ, որպեսզի կարողանամ  նրանից մի ժպիտ պոկել  ու կարողանամ իրեն մոտենալ ու ականջին խոսել, սկսում եմ կիսաձայն պատմել այս հեքիաթը :

Կար չկար մի շատ փոքրիկ ամպ կար, որը միշտ միայնակ էր թափառում, մեծ ամպերից հեռու : Նա շատ փոքրիկ էր, ուղղակի մի փոքրիկ ծվենիկ : Եվ երբ մեծ ամպերը անձրև էին դառնում, որ սարերը կանաչ ներկեն, վազելով վրա էր հասնում փոքրիկ ամպը, որ իր օգնությունն առաջարկեր, բայց նրան արհամարհում էին, քանի որ շատ էր փոքր :

-Դու ոչ մի բանի պետք չես,- ասում էին մեծ ամպերը,- շատ փոքր ես է՛:

Եվ նրան չափազանց շատ էին ծաղրում, դրա համար էլ փոքրիկ ամպը տխուր տրտում հեռանում էր, որ մի տեղ անձրևի, բայց ուր գնում էր, մեծ ամպերը նրան քշում էին : Այնպես պատահեց, որ մի անգամ փոքրիկ ամպը շատ հեռացավ ու հայտնվեց մի շատ ցամաք վայրում, ուր անգամ մի ճյուղ չկար : Նա սկսեց իր հայելու հետ խոսել (քանի որ փոքրիկ ամպը իր հետ հայելի էր պահում, որ կարողանար բամբասել, երբ իրեն մենակ էր զգում).

– Սա լավ տեղ է անձրև բերելու համար, հատկապես որ ոչ ոք չկա :

Այդ ժամանակ փոքրիկ ամպը սկսեց մեծ ուժ գործադրել անձևելու համար, ու ի վերջո կարողացավ մի կաթիլ քամել իրենից : Ու փոխակերպվելով անձրևակաթիլի՝ փոքրիկ ամպը վերացավ ու սկսեց կամաց կամաց ներքև սահել : Նա մենակ էր վայէջքի պահին, նրան ներքևում սպասող չկար : Եվ այդպես մենակ էլ կաթիլիկը վերջապես ընկավ : Քանի որ անապատում մեծ լռություն էր տիրում, փոքրիկը՝ քարի վրա ընկնելով, աղմուկ բարձրացրեց : Եվ հողն արթանացավ ու հարցրեց.

– Էս ի՞նչ աղմուկ էր :

– Անձրևի կաթիլ ընկավ,- նրան պատասխանեց քարը :

– Անձրևի կաթի՞լ, ուրեմն անձրև է գալու : Շտապե՛ք, պատրաստվե՛ք, անձրև է գալու,- զգուշացրեց նա բույսերին, որ արևից պատսպարվել էին գետնի տակ :

Ու բույսերն անմիջապես արթնացան, քթերը հանեցին հողի տակից, և միայն մի պահ ամբողջ անապատը ծածկվեց կանաչով, ու մեծ ամպերը, հեռվից տեսնելով այս կանաչը, ասացին.

-Այնտեղ ինչ կանաչ է, գնանք անձրևենք, չգիտեինք, որ այդքան բուսականություն կա :

Ու գնացին անձրևելու մի վայրում, ուր նախկինում անապատ էր, հորդառատ անձրևներ տեղացին ու բույսերն աճեցին, ու ամեն ինչ մեկընդմիշտ կանաչեց :

-Ինչ բախտավորություն, որ մենք կանք,- ասացին մեծ ամպերը, առանց մեզ այսքան բուսականություն չէր լինի :

Ու այդ պահին ոչ ոք չհիշեց ամպի փոքր ծվենիկին, որը կաթիլ դարձավ և որի ձայնն էր, որ արթնացրեց բոլոր նրանց, որ քնած էին :

Ոչ ոք նրան չհիշեց, բացի քարից : Եվ նա պահեց իր մեջ փոքրիկ կաթիլի հուշը : Ժամանակն անցնում էր, և այն մեծ ամպերը, որ առաջինն էին եկել, վերացան, ու առաջին բույսերը թառամեցին : Իսկ քարը, որն անմահ էր, երբեք ոչինչ չպատմեց նոր եկող ամպերին ու նոր ծլած բույսերին փոքրիկ ամպի ծվենի մասին, որը կաթիլ էր դարձել :

Երկնքից ընկավ երեք խնձոր, ու հեքիաթն ավարտվեց :

Տանիքին մի միայնակ կաթիլի ձայն լսվեց. «Անձրև է գալու»,- շշնջացի ես այտս մխրճելով ցորենի ծովի մեջ…

նկարը՝ Մաիդա Չավակի

նկարը՝ Մաիդա Չավակի

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.