Աշխարհիկ մայրության մասին այս հավակնոտ թեման կզարգացնեմ մայրական կրքի դասական ճանապարով առանց անտեսելու, սակայն, «աշխարհիկ» բառը: Եթե ավելի պարզ, կխոսեմ հոգեվերլուծությանը վերաբերող սոցիալ-քաղաքական առնվազն չորս թեմաների մասին: Ցավալի է իհարկե, որ հոգեվերլուծությունը առանձնապես չի հետաքրքրվում այդ բնագավառով, այսուհանդերձ հույս ունեմ, որ իմ խորհրդածությունները որոշ չափով լույս կսփռեն մայրական կրքի վրա:

1. Կյանքի մասին գիտություններն ու մանկաբարձությունը օր օրի ավելի լավ են հասկանում հղիության առեղծվածը, որն անցյալում, հենց առեղծված լինելու պատճառով մորը ինչ-որ զորություն էր վերագրում և միաժամանակ տագնապով և հրամայաբար մերժում այն: Այսուամենայնիվ, հղիությունը վերահսկելու ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կամ պատճառով, կնոջ բեղունությունը և հղիությունը շարունակում են ոչ միայն հմայել մեր հավաքական երևակայությունը, այլ նաև սրբազանի և նվիրականի ապաստանն են համարվում: Եվ իսկապես, եթե հաշվի առնենք ժամանակակից պահանջները, թերևս «անդինը» լիներ մոր արգանդը, ոչ թե այն, ինչ մեր գլխի վերևում է: Արդյոք մեր օրերում մայրությունը կրոնական զգացմունքի վերապրուկը չէ՞, որ կենսատեխնոլոգիաների զրահապատ շերտի ետևում կորցրել է իր բարոյական պաշտպանվածությունը, սակայն ոչ իր դրախտային սպասելիքները: Եթե մի կողմից հրեական կրոնը և մյուս կողմից չինական փիլիսոփայական ուղղությունները որդեծնության և ընտանիքի արժեքները զենք են դարձրել վիտալիստական[1] այդ աստվածապաշտության դեմ ամեն գնով պայքարելու համար, ապա ի՞նչ մոդելներ է առաջարկում ապակրոնացումը:

2. Սրան զուգահեռ, երեխա ունենալու տնտեսական և անձնական դժվարությունները ազգային համերաշխության մթնոլորտ են ստեղծում. ծնողական արձակուրդի իրավունք երկու ծնողների համար, պարգևավճար յուրաքանչյուր երեխայի կամ միայն երրորդ երեխայի համար. այս և նման այլ հարցեր դեռ շարունակում են մնալ չլուծված և հուզել հասարակությանը: Ի հավելումն այս ամենի՝ մեր օրերում մայրությունը բախվում է նաև համաշխարհայնացումից բխող անհարմարություններին, որը, թերևս, անհնար է դարձնում մարդկային տեսակի վերարտադրության առաջնային խնդրի քաղաքական լուծումը:

3. «Հաշմանդամների ազգային խորհուրդ» («Conseil national Handicap»[2]) կազմակերպությունը նախագահելու տարիներին հաճախ եմ առնչվել «խիզախ մայրերի» հետ. մայրեր, որոնց զավակները հաշմանդամ են կամ դպրոցում և, առհասարակ, հասարակությանը մերվելու հետ լուրջ խնդիրներ ունեն: Գաղտնիք չէ, որ սրանք նախ և առաջ այն մայրերն են, ովքեր հանձն են առնում մարտնչել առաջին գծում: Սեփական երեխայի անհաջողություններն ու ուրիշներից տարբերվելը, ճիշտ է, ընկճում են մորը, բայց նա նախ և առաջ մարտիկ է: Նրան միայն մեկ հեռանկար կարող է հուսահատության մատնել՝ իր մահը. «Ի՞նչ կպատահի իմ մահից հետո»: Քանի դեռ մայրը ողջ է, երեխան կապրի հնարավոր ամենաապահով կյանքով: Եվ քանի որ արժեքների բոլորիս հայտնի ճգնաժամը կարծես թե դեռ խնայում է գլխավոր ընդհանուր արժեքի՝ կյանքի կարևորությունը, խիզախ մայրերը մեր օրերում կարծես անկյունաքարը լինեն մի քաղաքկրթության, որն այլևս կորցրել է իր հենքը:

4. Եվ վերջապես Ֆրանսիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, թերթերը հաճախ խոսում են մայրական հանցագործությունների մասին. մանկապղծություն, որն իհարկե կանանց շրջանում ավելի հազվադեպ է պատահում, սակայն պատահելիս չի խնայում նաև մորը, ինչպես նաև տարատեսակ կոպիտ վերաբերմունքներ, մանկասպանություններ, սառցախցում պահված երեխաներ և այլն: Մայրության և հղիության այս համատարած մերժման մթնոլորտը հասարակության հետ ոչ մի առերևույթ «խնդիր չունեցող» մայրերի շրջանակում ծնունդ է տալիս «օբյեկտային հարաբերության»[3] սովորական դարձած աղետին, որին, ըստ ամենայնի, մայրերը հեշտորեն համակերպվում են. այլասերումն ու պսիխոզը սովորական երևույթներ են դարձել, որ մայրությունը ո՛չ փորձում է բացատրել, ո՛չ էլ սուբլիմացնել[4], այլ ընդհակառակը, քողարկում, նույնսիկ խթանում է դրանք:

Վերը նշված այս չորս թեմաների կողքին մեկ թեմա ևս պետք է դիտարկել. մայրական կիրքը: Ֆրոյդից և Լականից[5] հետո հոգեվերլուծությունը սկսեց հետաքրքրվել հոր դերով՝ նրա կարևորությամբ, թուլություններով և այլն: Այն տպավորությունն է, որ փիլիսոփայությունն ու հոգեվերլուծությունը մոր դերով առանձնապես չեն հետաքրքրվում, թերևս այն պատճոռով, որ այն ոչ թե դեր է, այլ կիրք: Այս հարցի շուրջ իր մտրումներում Վինիկոտն[6] ավելի հեռուն է գնացել, քան Ֆրոյդը, և իր առաջարկած «բավականին լավ մայր»[7] տերմինը ինչ-որ առումով խուսափում է մայրական կրքի լծից: Անդրե Գրինն[8] իր աշխատանքներում ավելի խորացրեց «մայրական խելագարության» վերլուծությունը, նրա բազում կոլեգաները՝ ի թիվս այլոց նաև Իլզե Բարանդեն[9], Ֆլորանս Գինյարը[10], Ժանին Շասգե-Սմիրգելը[11], ևս բազում գործեր են հրապարակել այդ թեմայով: Այսուամենայնիվ, պետք է խոստովանել, որ նույնիսկ հիմա՝ Ֆրոյդի ծննդյան 150 ամյակին, մենք պարադոքսալ ձևով դեռ նոր մայրցամաք հայտնաբերած լինելու փուլում ենք:

Այս ամենից ելնելով՝ կարող եմ ենթադրել, որ եթե ժամանակակից մշակույթը և հատկապես լրատվամիջոցները «հղիությունը և դրան հատկացվող օգնությունը գերագույն արժեք են դարձնում», ապա դրա միակ նպատակը այդ մայրական կրքի մասին հարցադրումներից խուսափելն է. կրքի միակ տեսակը, թերևս, որ վիրտուալ չէ, և որևէ մանիպուլացիայի չի ենթարկվում, այլ, ընդհակառակը, սիրային կապի նախատիպն է, որ կա: Կրոնների արժեզրկմանը կամ, ընդհակառակը, բռնկուն վերելքին բախվող մեր ժամանակակից աշխարհում այդ կապը համարվում է միակ «սրբությունը»: Ավելի հեռուն գնալով՝ կասեմ նույնիսկ, որ մայրական կիրքն այնքան խրթին թեմա է, որ մայրերն իրենք են անգիտակցաբար մասնակցում դրա քողարկմանը. նրանք նախընտրում են սրբացնել կնոջ արգանդը, շահարկել «կատարյալ երեխային», «արքա երեխային» և դա ծառայեցնել ի նպաստ իրենց շահերի, քան լույս սփռել այդ կրքի սպառնալիքների և օգուտների վրա, որոնք վերաբերում են նախ և առաջ իրենց՝ մայրերին, ապա նաև երեխային, հորը և հասարակությանը: Ենթադրում եմ՝ արդեն պարզ է, որ մայրության կենսաֆիզիոլոգիական, տնտեսական և գաղափարական կողմերը քննելու համար, ինչի մասին ընդհանուր գծերով խոսեցի նախաբանի մեջ, ամենաընդունելի ճանապարհն այդ կրքի երկակիությունն ընդունելն է:

Արդյոք ի վիճակի՞ ենք մայրության կենսաբանական, սոցիալական դրսևորուներում և, հատկապես, մեդիա ոլորտում իշխող մայրական կրքի համատարած մերժումը փոխարինել այդ երևույթի գիտակցված ուսումնասիրությամբ և վեր հանել դրա սպառնալիքներն ու օգուտները: Ես՝ որպես մայր, հոգեվերլուծող և գրող, կարծում եմ, որ մայրությունն այսօր այս հարցի պատասխանին է սպասում: Եվ ուրեմն կփորձեմ ապացուցել, որ մայրությունը «բնազդ» չէ, որ այն չի սահմանափակվում «երեխա ունենալու ցանկությամբ» (Մարիլիա Այզենշտայնը[12] բոլորովին վերջերս վերլուծության է ենթարկել «երեխա չունենալու ցանկությունը», կխնդրեմ չշփոթել ինքնահիացական մերժման հետ, որ երեխային համարում է «վատ օբյեկտ», «մասնակի օբյեկտ», ինչ-որ արտաթորանք, որ արագ պետք է հեռացնել կամ ֆետիշ, որին պետք է մումիֆիկացնել): Ես կփորձեմ ապացուցել, որ մայրական կիրքը վերանվաճման պես մի բան է, քանի որ շարունակ բացատրում-սուբլիմացնում է կյանքի և մահվան ազդակները, որ մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում և նույնիսկ մահվանից հետո:

I. Ի՞նչ ենք հասկանում՝ կիրք ասելով: Նախնական պատկերացում տալու համար կսկսեմ հուզական կրքից: Մայրությունը կրքի այն տեսակն է, երբ հույզերը (կապվածության և ագրեսիայի զգացում սաղմի, նորածնի, երեխայի հանդեպ) վերափոխվում են սիրո զգացմունքի՝ (իդեալականացում, համատեղ երկար կյանքի պլաններ, նվիրվածություն և այլն) համեմված ատելության մեղմացված զգացմունքով: Մայրը հղիության առաջին իսկ վայրկյանից սկսած հայտնվում է կենսաբանության և իմաստի խաչմերուկում. մայրական կիրքը երեխայի հետ կապը չի բացատրում միայն կենսաբանական տեսանկյունից և աստիճանաբար սուբլիմացնում է հարձակվողական և ագրեսիվ տրամադրությունները:

Մայրական կիրքը երկակի է. այն ի սկզբանե ձևավորվել է կենսաբանության և իմաստի ակներև, նույնիսկ դժվարին միաձուլումից: Այդ երկակիությունն իր հոգեկան արտահայտությունը գտնում է հղի կնոջ՝ ինքն իր հադեպ տածած ինչ-որ իմաստով անտանելի կրքի մեջ: Այդ երկակի կիրքը ծնունդ է առնում հղիության հենց սկզբից, քանի որ հղի կնոջ մոտ ինքնազմայլումը միաժամանակ և՛ ամրապնդվում է, և՛ կորցնում իր կայունությունը. երբ հայտնվում է սիրեկանը՝ իր երեխայի հայրը, մայրն արդեն որոշ չափով կորցնում է սեփական ինքնությունը և, ի հավելումն դրա, երկատվում է՝ արգանդի մեջ ապաստան տալով այդ երրորդ անծանոթին, այդ անկերպ նախաօբյեկտին: Այլ կերպ ասած՝ իր նախնական փուլում մայրական կիրքը, որի վրա իշխում է ինքնազմայլումը, եռանկյան պես մի բան է. այսուհանդերձ, այն իր ներշնչանքը գտնում է այդ նախաօբյեկտի՝ սաղմի մեջ, որի անորոշ կարգավիճակը (որն է՛լ ավելի է ծանրանում ժամանակակից կենսատեխնիկական միջամտությունների արդյունքում) հղի կնոջը մտորել է տալիս սեփական անձի, նույնիսկ սեփական մարդկայնության սահմանների մասին:

Կարիք չկար, սակայն, սպասելու ցողունային բջիջների և նախածննդական գենետիկ հետազոտություններին, որպեսզի հասկանայինք, որ հղի կինը ապրում է կենսաբանության և իմաստի խաչմերուկում: Իտալական Վերածննդի Աստվածամայրերի բացակա հայացքը կամ ներքև խոնարհած աչքերը, օրինակ Ջովաննի Բելլինիի[13] գործերում, վերստին ապացուցում են այն, ինչ մեզանից շատերն արդեն գիտեն. հղի կինը «նայում է» առանց «տեսնելու», ո՛չ իր երեխայի հորը, ո՛չ էլ շրջապատող աշխարհը. նա այլ տեղում է:

Այս առաջին փուլում կիրքն ուղղված է դեպի ներս, դեպի ոչինչը: Սրան հաջորդում է երկրորդ փուլը, երբ մոր կրքի առարկան այդ նոր սուբյեկտն է, որ հետո իր երեխան է դառնալու՝ պայմանով, որ այլևս չընկալվի որպես մոր «լավ» կամ «վատ» շարունակությունը, և որ մայրը նրան սկսի իրենից առանձին գիտակցել՝ այդպիսով երեխային հնարավորություն տալով դառնալու անկախ, ինքնուրույն էակ: Վտարման, ազատ թողնելու այս շարժումը առանցքային նշանակություն ունի: Սա նշանակում է, որ մայրական կիրքն ի սկզբանե իր մեջ կրում է նաև բացասումը: Ուրիշի հետ հարաբերվել սովորելու ընթացքում, ինչը հենց մայրությունն է, մայրը երկու իրարամերժ շարժումների թակարդում է հայտնվում. միաժամանակ վտարումի ուժգին զգացումը (Մելանի Քլայնի[14] «պրոյեկտիվ նույնականացումը», որի միջոցով անձը ներթափանցում է ուրիշի մեջ նրան տիրանալու, վերահսկելու կամ վնասելու համար և որը նկարագրում է մոր և երեխայի կապը և՛ մոր, և՛երեխայի տեսանկյունից) և այդ վտարման դանդաղումը, որը աֆեկտը վերափոխում է քնքշանքի, հոգատարության և բարեհաճության:

Այն, ինչ հիմա կասեմ, թերևս զայրացնի շատերին, բայց իմ կարծիքով, եթե կինը չունի մայրական երկդիմի կրքի փորձառությունը (ինքնազմայլում, որին սպառնում է մոլագարային ամենակարողությունը, օբյեկտի հետ պրոյեկտիվ նույնականացում, որն այնուհետև սուբլիմացվում և վերածվում է քնքշանքի), նա մեծ դժվարությամբ է կապ հաստատում տղամարդու հետ, և առհասարակ ուրիշ մարդու հետ, չի կարող ուրիշին սիրել այնպես, որ վերջինս չտարրալուծվի այդ օսմոտիկ[15] հույզերի մեջ (կապվածություն/թշնամանք) կամ չմատնվի կատարյալ անտարբերության (զսպվածություն, երկատում):

Նշեմ, որ մայրական կիրք ասելով՝ նկատի ունեմ այդ փորձառության կառուցվածքային կողմը, խոսքը միայն կենսաբանական մայրերի մասին չէ. բացառված չէ, որ ինքնավերլուծական մտորումները կնոջը թույլ տան ամբողջությամբ զգալ մայրական կիրքը առանց հղիության և ծննդաբերության փուլերով անցնելու (երեխա որդեգրելով, փոխնակ մայրերի օգնությանը դիմելով, տեխնիկական գալիք բացահատումների միջոցով, կամ բոլորովին այլ ճանապարհներով, ինչպիսիք են օրինակ՝ դասավանդումը, դաստիարակչական և խնամակալական աշխատանքները, հանրօգուտ գործունեությունը): Քաղաքակրթության ներկայիս փուլում շատերի համար (քանի դեռ «արհեստական արգանդ» չի ստեղծվել) կյանք տվողի մայրական կիրքը շարունակում է համարվել սիրային հարաբերությունների նախատիպը:

Ֆրոյդը վստահ էր, որ «սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քո անձը» բանաձևը մոլորություն է, Ավետարանի անիրականանալի պատգամը: Եվ իսկապես, այդպիսի սերը հնարավոր է միայն սուրբ Ֆրանսցիսկոսի[16] և նրա պես մի քանի սակավաթիվ միստիկների համար: Ինչ վերաբերում է ինձ՝ ես այն հավակնոտ կարծիքին եմ, որ «սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քո անձը» աղերսներ ունի Վինիկոտի սահմանած «բավականին լավ մայր» առեղծվածի հետ, որն ավելի դժվարըմբռնելի է, քան հղիության հանելուկը, և երեխային թույլ է տալիս ստեղծել մի անցումային տարածք, որտեղ նա կարող է ինքնուրույն մտածել: Իրականում ինքդ քեզ սիրելը հեշտ բան չէ, նույնիսկ անհնար է, կամ էլ մեծ ողբերգություն: Այսուհանդերձ «բավականին լավ մայրն» իր երեխային կարողանում է սիրել նախ ինչպես ինքն իրեն, իսկ հետո ինչպես ուրիշ անհատի:

Մշակութային պլանում ես նկատել եմ, որ «կնոջ հանճարը» (թեկուզ և մայրական փորձընկալումից անկախ, նույնիսկ իրարից այդքան տարբեր Հաննա Արենդտի[17], Մելանի Քլայնի կամ Կոլետի[18] զանազան ձեռնարկումներում) հոգեկան կյանքի առաջին իսկ վայրկյաններից սկսած վկայում է օբյեկտի հետ կապի գոյության մասին՝ ի տարբերություն Ֆրոյդի այն կանխադրույթի, որ աշխարհ գալու վայրկյանից սկսած ձևավորվում է առանց հստակ օբյեկտի ինքնազմայլում, և ի տարբերություն «տղամարդու հանճարի» (փիլիսոփաներ, արվեստագետներ), որն ավելի շատ տրվում է սոլիպսիստական[19] հմայքին և սուբյեկտիվ տվայտանքներին որպես այդպիսին: Դա հաստատվում է նրանով, որ կնոջ, առավել ևս մոր փորձընկալման մեջ հոգեկան կյանքի հենց ամենասկզբից հայտնվում է այդ Ուրիշը, և դրանում ոչ մի հովվերգականություն չկա: Նախնական օբյեկտային հարաբերությանը բնորոշ է անկայունությունը, որ ամեն վայրկյան սպառնում է դառնալ մոլագար խանդաղատանք, դեպրեսիայի կամ ագրեսիայի պատճառ. պրոյեկտիվ նույնականացում սեփական անձի կամ նրա՝ օբյեկտի, հետ:

Այսուամենայնիվ, այս դրաման նաև դրական կողմ ունի, քանի որ կիրքը մորն ամուր կապերով կապում է ուրիշին, նրա մեջ սերմանում է ոչնչացնող կիրքը, որ բոլոր տեսակ հարաբերությունների հիմքն է, որ մայրությունը (և հատկապե՛ս մայրությունը) արտացոլում է ամբողջությամբ (ես նրան սիրում եմ և ես նրան ատում եմ): Հետևաբար մայրությունը, իր սիրո և ատելության պոռթկումներով կարող է հայտնվել ծայրահեղ հոգեվիճակների և այլասերման սահմանում: Ես համամիտ եմ իրարից այնքան տարբեր երկու գրողների՝ Ֆրանսուա Պերիեի[20] և Անդրե Գրինի հետ, երբ նրանք պնդում են, որ մայրությունն ապահով ապաստան է կնոջ սեքսուալության համար իր այլասերումներն ու պսիխոզները ապրելու: Բայց միևնույն ժամանակ այն խելագարությունը փոխակերպելու միջոց կարող է լինել: Հետևաբար մայրությունը գալիս է բացատրելու կնոջ այլասերվածությունն ու պսիխոզները, որոնց համար հղիությունը պարարտ հող է ստեղծում, նույն կերպ, ինչ հավատալու պահանջը ծնունդ է տվել նախակրոնական փորձերին, կամ էլ աշխարի բազմազանությունը մինչքաղաքական փորձառության առիթ է դարձել:

II. Եվ իսկապես, երեխայի մարմինը և նրան պատկանող իրերը ֆետիշացնելը, տրամադրության փոփոխությունները, մոլագարային վիճակները (խոսքը վերը նշված հանցագործությունների մասին չէ, բայց դրանք գործելու հնարավորությունը շատ մեծ է), հաճախ պատճառ են դառնում, որ կիրքը մորը զրկի մտածելու ունակությունից:
Այսուհանդերձ, մեծամասամբ մայրական կրքի ինչ-որ օտարացում-չեզոքացում է տեղի ունենում, և հենց դրանից էլ մայրական սերը ստանում է իր կենսական ուժը և պայմանավորում մեր տեսակի ճակատագիրը: Եվ քանի որ մայրերի մեծ մասը ինքն իրեն չի վերլուծում, պետք է խոստովանել, որ մայրական փորձառության հենց կառուցվածքի մեջ ինչ-որ բան կա, որ խթանում է կրքի նյութափոխանակությունը այն չեզոքացնելու ճանապարհով: Ձեզ առաջարկում եմ դիտարկել մայրական կրքին ներհատուկ երեք գործոն. հոր տեղը, ժամանակը և լեզուն: Հոր կամ հորը փոխարինողի դերի մասին չեմ խոսի: Այդ թեման քննել են մայրությանն անդրադարձած գրեթե բոլոր հոգեվերլուծողները: Մի քանի խոսք կասեմ միայն մայրական կրքի լեզվի և ժամանակի մասին:

II. Ա. Ենթադրվում է, որ երբ երեխան աստիճանաբար սկսում է բացահայտել լեզուն, մայրը նրա հետ միասին լեզուն սկսում է նորից սովորել: Պրոյեկտիվ նույնականությամբ մայրը տեղավորվում է երեխայի բերանում, թոքերում, կերակրափողում, և մեխանիկորեն կրկնելով նրա բառերը, երեխային ուղղորդում է դեպի նշանները, նախադասություններն ու պատմությունները, և նորածինը դառնում է երեխա, խոսող սուբյեկտ: Բոլոր մայրերն այս ճաապարհով յուրովի իրականացնում են պրուստյան «կորսված ժամանակի»[21] փնտրտուքները: Իր երեխայի լեզվով խոսելով՝ կինը քայլ առ քայլ հաշտվում է «չհամընկնումների» հետ (ինչպես կոգնիտիվիստներն[22] են ասում), նա սկսում է ընդունել աֆեկտը ճանաչողությունից բաժանող անդունդը, մի բան, որի պատճառով հիստերիկներն անվերջ տառապում են:

II. Բ. Ինչ վերաբերում է ժամանակին, որ արևմտյան փիլիսոփայական միտքը միշտ կապում է մահվան հետ (այս միտքը մորն էլ երբեք հանգիստ չի տալիս), մոր դեպքում այն նույնացվում է սկզբի հետ: Իհարկե, և՛ հայրը, և՛ մայրը գիտակցում են, որ բեղմնավորումն ու ծնունդը ինչ-որ բանի սկիզբն ազդարարող գործողություններ են, բայց մոր պարագայում այդ գիտակցումն ավելի ընդգծված է, քանի որ այդ գործընթացին նա մասնակցում էսեփական մարմնով: Մոր համար այդ նոր սկիզբը, այսինքն՝ ծնունդը, մահվան դեմ պայքար չէ միայն: Փիլիսոփաները մեզ սովորեցրել են, որ ազատությունը կարգը խախտելը չէ, ինչպես կարող ենք միամտաբար կարծել, այլ ինչ-որ բան նորից սկսելու կարողությունն է: Վինիկոտն ասում էր, որ երեխան ուզում է արգանդից դուրս գալ և աշխարհ մտնել, երբ բավականաչափ ազատ է շարժվում, որոշակի ավարտուն տեսքի է բերում իր կենսաֆիզիոլոգիական զարգացումը և որոշ չափով ինքնուրույն է դառնում: Ըստ նրա՝ սկիզբն ու ինքնուրույնությունը նույն վիճակի երկու կողմերն են: Մոր ժամանակը միշտ բախվում է այդ սկզբին, կամ սկիզբներին, եթե նա լույս աշխարհ է բերում մի քանի երեխա կամ էլ թոռներ է ունենում: Այն միտքը, որ մեր պարգևած կյանքը վաղանցուկ է, ինչ խոսք, տագնապալի է, բայց տագնապը չքանում է, երբ ամեն անգամ ապրում ենք ինչ-որ բան նորից սկսելու անհարատև բերկրանքը: Մայրական այս փորձընկալմանը ես տալիս եմ ժամանակ անունը, որը ո՛չ հպանցիկ ակնթարթն է, ո՛չ էլ ժամանակի անդառնալի հոսքը (որն, ի դեպ, տղամարդուն ավելի է հուսահատեցնում, քան կնոջը), այլ տևականությունն է՝ շնորհիվ նոր սկզբների: Ազատ լինել նշանակում է նորից սկսելու քաջություն ունենալ. սա՛ է մայրության փիլիսոփայությունը:

Ֆալլոսային ինքնաբավարարու՞մ: Մահվան ժխտու՞մ: Ցնորական հորիզոննե՞ր: Այս բոլոր ածանցյալները ընկած են մայրական կրքի հիմքում: Մայրական կրքի ժամանակը կարող է նաև այդ միակ օբյեկտի հանդեպ տածած կիրքը չեզոքացնող արժեք լինել՝ այսպիսով ծնունդ տալով մոր ազատությանը: Բոլորիս համար ակնհայտ է, որ, մարդկային կրքի նախատիպը լինելով հանդերձ, մայրական կիրքը նաև այդ կրքից ձերբազատվելու նախատիպն է, որ ասուն էակին հնարավորություն է տալիս հեռավորություն պահպանելու իր երկու դահիճներից՝ սեռական հակումներից և օբյեկտից, որոնք նաև իր կրքի երկու հենքերն են:

Ասածս բողոքի ալիք կբարձրացնի, բայց ես կարծում եմ, որ «բավականին լավ մայրը» առանձնապես ոչ ոքի չի սիրում. նրա կիրքը մարում է և վերածվում չեզոքության, որն էլ և կոչվում է հանգստություն և չի դառնում հրեշային զգացում (չնայած դա էլ բացառված չէ): Հանգստության այս զգացումը մենաշնորհային կապեր չի ստեղծում, այն բաց է ամեն ինչի առաջ: Կոլետը նկարագրում է իր պատկերացումների իդեալական մորը՝ Սիդոյին[23]: Սիդոն այն կինն է, որ չի գնում սեփական դստերը տեսնելու, քանի որ նախընտրում է նայել, թե ինչպես է կակտուսի կոկոնը բացվում: «Բավականին լավ» մի մայր, որ բացի փթթումից չի սիրում ոչինչ և ոչ մեկի: «Հնարավոր փթթումը, տրոպիկական ծաղկի սպասումը կասեցրել էր ժամանակի ընթացքը և լռություն տարածել ամենուր, նույնիսկ իր սրտում, որ ստեղծված էր սիրելու համար»: Բացատրեմ. եզակի կրքի սահմանները նրա համար շատ նեղ են, տիեզերական սկիզբն է նրա կրքի սահմանը: Մենք գտնվում ենք մայրական կրքի ներքին պարանոյայի սահմանին: Եթե կրկնենք Ֆրոյդի խոսքերը կնոջ տեսանկյունից, «բավականին լավ մայրը» կասեր «Ես հաջողության հասա այնտեղ, ուր պարանոյիկը ձախողվել է»: Եվ իրոք, Կոլետի մայրը հաջողության է հասնում, նույնիսկ եթե չի գնում դստերը տեսնելու: Նա չի վախենում, որ իրեն կլքեն, քանի որ իր դստերը փոխանցել է լեզվի հանդեպ տածած սեփական կիրքը: (Սիդոն հիասքանչ նամակներ է գրել դստերը: Կոլետը նույնիսկ ասում է, որ ընտանիքի գրողն իր մայրն է, ոչ թե «մեծն Կոլետը»): Կիրքը լեզվի միջոցով փոխանցելու կարողությունը չէ՞ր նշանակի արդյոք ավելի անբռնադատ և հովանավորող ներկայություն, քան դաստիարակչուհի մոր ֆիզիկական ներկայությունը դստեր կողքին, որն այդպես էլ չէր անկախանա իրենից:

III. Այսպիսով, աստիճանաբար հասա մայրական կրքի սուբլիմացման ունակությանը: Իրականում մայրական կիրքն անվերջ սուբլիմացում է, որի շնորհիվ երեխայի մոտ զարգանում է ստեղծարարությունը: Հոր ներկայությունն ու մայրական անակլիզիսը[24] հավասարապես կարևոր դեր են խաղում երեխայի մոտ լեզվի և մտքի զարգացման գործում: Ինչպե՞ս դա հնարավոր կլիներ, եթե կանայք ընդունակ չլինեին սուբլիմացվելու, որի մասին Ֆրոյդը նուրբ ակնարկներ է արել: Հոգեվերլուծության հայրը կանանց այդ հատկությունից զրկելու անզգուշությունն է ունեցել՝ թերևս նկատի ունենալով նրանց հիստերիկ դյուրագրգիռությունը: Մինչդեռ, ի տարբերություն հիստերիային, մայրական կիրքը լիբիդոն փոխակերպում է ճիշտ այնպես, ինչպես քնքշանքը թուլացնում է զուտ սեռական ձգողականությունը, մինչդեռ ինքնազմայլ և մելամաղձոտ խանդավառությունը և նույնիսկ ամենազոր «մայրական խելագարությունը» ընկրկում են մի երևույթի առաջ, որը կկոչեմ սուբլիմացիայի բոլորապտույտ, որտեղ հայտնվելով մայրը սկսում է իրեն տարանջատել նորածնից:

Ֆրոյդը սուբլիմացիայի զարգացման բոլորապտույտն ուսումնասիրել է սրամտության ձևակերպման և դրա ընկալման միջոցով: Եվ իսկապես, սրամտության հեղինակը չեզոքացնում է սեփական աֆեկտները՝ հաղորդելով միայն իր մակերեսային միտքը. նա մի կողմ է թողնում իր սեռական հակումները ու թաքուն մտքերը և կենտրոնանում է միայն իր զրուցակցի ռեակցիայի վրա: Խոսողի հաճույքը կրկնապատկվում է, երբ զրուցակիցը հասկանում է ասվածի թաքնված իմաստը: Բայց, ուշադրությու՛ն, սա թակարդ է: Զրուցակիցն էլ իր հերթին է մեծ բավականություն զգում այն մտքից, որ իր հասկանալը նկատել են:

Սուբլիմացիայի այս բոլորապտույտը ուղիղ համեմատակն է նրա հետ, ինչ տեղի է ունենում, երբ մայրն ու երեխան խոսքեր և մտքեր են փոխանակում, որի ընթացքում բառերով կամ ձայնարկություններով «առեղծվածային նշանակիչներ են»[25] արտաբերում: Մայրը ասպարեզից հեռացնում է սեփական սեռական հակումները և ուշադրությունը կենտրոնացնում միայն երեխայի ռեակցիաների վրա: Խրախուսում է, երբ երեխան սկսում է պատասխանել իրեն, չի կենտրոնանում իր ասածի վրա, միակ կարևոր բանը երեխայի պատասխանն է: Երեխայի պատասխանը փառաբանելով և խրախուսելով՝ մայրն ավելի խոր բերկրաք է ապրում:

Եթե նկատում եք, սուբլիմացիայի այս բոլորապտույտը զերծ չէ մայրական խոսքի և վարքի սուբլիմացված այլասերությունից, քանի որ մայրը թուլացնում է իր ինտելեկտուալ և հոգևոր անմիջական ազդեցությունը երեխայի վրա, որպեսզի ավելի խորությամբ զգա մարմնի ազատումի բերկրանքը, և ստանձնում է իմաստը փոխանցողի դերը, որը և պետք է երեխային «սրամիտ» դարձնի: Ա՜յ քեզ մայր: Այսպե՛ս է նա սուբլիմացնում իր երկդիմի կիրքը և երեխային հնարավորություն է տալիս ստեղծելու իր սեփական լեզուն, ասել է թե՝ ընտրելու մոր լեզվին օտար, մեկ այլ լեզու կամ էլ պարզապես օտար լեզու:

Նրանք, ովքեր հավակնում են կարծել, թե մայրական կիրքը զուրկ է հումորից, չարաչար սխալվում են. եթե մայրերին հաջողվում է երեխայի վրա ունեցած իրենց ինտելեկտուալ և հոգևոր ազդեցությունը փոխակերպել սրամտության հետ աղերսներ ունեցող սուբլիմացիայի բոլորապտույտի՝ այսպիսով նպաստելով մտածելու հաճույքին, ապա նրանք՝ մայրերը, գալիս են ապացուցելու Հեգելի այն միտքը, որ կանայք «համայնքի հավերժ հեգնանքն են»:

Այլ կերպ ասած՝ կրքի աստիճանական չեզոքացման և/կամ սուբլիմացվելու իր հատկության շնորհիվ մայրը երեխային թույլ է տալիս իր ներսում պահել և վերարտադրել ոչ թե մորը («ոչինչ չի կարող ներկայացնել մայրական օբյեկտը», գրում է Անդրե Գրինը), այլ մոր բացակայությունը. բայց սա հնարավոր է միմիայն այն դեպքում, երբ մայրը երեխային շնորհում է մայրական միտքը սեփականացնելու և որպես իր սեփական միտք վերարտադրելու ազատությունը: «Բավականին լավ մայրը» թերևս նա է, ով գիտի մի կողմ քաշվել՝ իր տեղը զիջելով հաճույքին, և ստեղծել մի տարածք, ուր երեխան կկարողանա ինքնուրույն մտածել և ստեղծել իրեն՝ մորը:

Այսպիսով, տեղի է ունենում ինչ-որ առումով խորհրդանշական մայրասպանություն (մատրիցիդ), քանի որ երեխան, խոսել և մտածել սովորելով, հաճույք զգալու համար մոր մարմնի կարիքն այլևս առանձնապես չի ունենում: Երեխայի միակ հաճույքը դառնում է մտածելը, նախ մոր հետ և նրա օգնությամբ, ապա աստիճամաբար մենակ՝ առանց մոր: Սակայն սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մայրը մասնակցի իր սեփական խորհրդանշական մայրասպանությանը: Սա ենթադրում է, որ մայրը ոչ միայն չեզոքացրել է սեփական մոր հետ ունեցած իր կապը և իրենից դուրս, այլ էակի գոյության ժխտումը՝ որպես ինքնասիրահարվածության հետևանք, այլ նաև, որ երեխային ուղղված իր ուղերձը ոչ թե մտավոր առավելությունից է բխում, այլ սրամտության ուղերձ է: Միայն մայրական կրքի չեզոքացման դեպքում է տեղի ունենում կրքի սուբլիմացիան, որն էլ և երեխային ինքնուրույն մտածելու հնարավորություն է տալիս: Մայրական կիրքը կախարդություն չէ, քանի որ այն ունակ է սրամտության վերածվելու և ԴՆԹ-ի միջոցով մշակույթը փոխանցելու հաջորդ սերունդներին:

Այսպիսով, մայրական կիրքը երկատված է մեզ ներկայանում. երկատված երեխայի վրա ազդեցությունը պահելու և սուբլիմացիայի միջև: Այս երկատվածությունը խելագարության անդադար սպառնալիք է մոր համար, բայց միաժամանակ հենց այդ նույն սպառնալիքը նպաստում է մշակույթի հարատևմանը: Կրոնական առասպելներն իրենց սարդոստայնն են հյուսել այդ երկատվածության շուրջ: Կինը «ճեղք է» (եբրայերենով սա « կին՝ » nekeva բառի նշանակությունն է) և թագուհի Աստվածաշնչում. Սուրբ Կույսը համարվում է «ճեղք» քրիստոնեական եռամիասնության մեջ (ՀայրԱստված/Որդի Աստված/Սուրբ Հոգի Աստված) և թագուհի՝ Եկեղեցում: Կրոնները մայրական երկատվածությունը նկարագրում էին այս փոխաբերություններով. ընդունելով երկատվածության փաստը՝ կրոններն այն հավերժացնում էին, բայց միևնույն ժամանակ նաև բերում էին որոշակի հավասարակշռության: Սրա արդյուքնում ձևավորվում էր այսպես ասած մայրական խելագարությունը, որ ներքին հոգեկան բարդ մեխանիզմ ունեցող մարդկությանը օժտում էր իր ներքին հոգևոր կյանքը պահպանելու և արտաքին աշխարհում ստեղծարար գոյություն վարելու ունակությամբ:

Մյուս կողմից էլ, այնքան ենք մեր ուշադրությունը սևեռել մայրության կենսաբանական և սոցիալական կողմերի, ինչպես նաև սեռային հավասարության վրա, որ արդյունքում վերածվել ենք աշխարհում առաջին քաղաքակրթության, ուր մայրության խրթին թեմային վերաբերող խոսույթի մեծ պակաս է զգացվում: Ես երազում եմ, որ այսօր՝ Ֆրոյդի ծննդից 150 տարի անց, մայր լինելու դժվարությունների քննարկումները դուրս գան նեղ մասնագիտական շրջանակներից և սկսեն հուզել ավելի լայն լսարանի՝ ընդգրկելով բոլոր մայրերին և նրանց հետ աշխատող մասնագետներին (գինեկոլոգներ, մանկաբարձներ, հոգեբաններ, հոգեվերլուծողներ, մինչև իսկ զանգվածային լրատվամիջոցները, որոնք ձևավորում են մերօրյա ամենահզոր իշխանությունը՝ հանրային կարծիքը) ու նրանց դրդել ավելի խորությամբ հետաքրքրվելու այդ կրքով՝ հղի խելագարությամբ և վեհությամբ: Այսօր մայր լինելու համար մեզ սա է պակասում:

Ապակրոնացման ապագան, եթե այն ընդհանրապես գոյություն ունի, կախված է կնոջ ՝ «բավականին լավ մայր դառնալու ունակությունից», պայմանով, իհարկե, որ հոգեվերլուծությունը նրան օգնի այդ դժվարին գործում՝ վեր հանելով և բացատրելով մայրական կրքի անտանելի խրթինությունը:

Թարգմանեց Նարե Ֆելեքյանը։

Թարգմանությունը արված է Կրիստևայի կայքից http://www.kristeva.fr/passion_maternelle.html , բնագրի վերնագիրն է՝ La passion maternelle


[1] Վիտալիզմը ուսմունք է համաձայն որի կենդանի օրգանիզմը վեր է դասվում ֆիզիկայի և քիմիայի օրենքներից: Ըստ այս ուսմունքի ինչ-որ վերին, կենսական ուժ է, որ նյութին կենդանություն է հաղորդում: (Այս և հետագա ծանթոգրությունները թարգմանչինն են):

[2] «Conseil national Handicap»ը հիմնադրվել է Փարիզում, 2003 թվ.ին: Նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրմանը հասարակական կյանքին:

[3] Հոգեվերլուծության մեջ «օբյեկտային հարաբերությունը» ցույց է տալիս անհատի (սուբյեկտի) կապը իրեն շրջապատող աշխարհի օբյեկտների հետ:

[4] Սուբլիմացիա, սուբլիմում  (ուշ լատ. sublimatio՝ վսեմացում, լատ. sublimare՝ բարձրացնել), հոգեբանության մեջ, հոգեկան հուզմունքից բխող հակումների էներգիան վերափոխող և անձին հասարակական գործունեության կամ ստեղծագործական աշխատանքի մղող հոգեկան պրոցես:

[5] Ժակ Մարի Էմիլ Լական՝ (1901-1981) ֆրանսիցաի հոգեբույժ, հոգեվերլուծող:

[6] Դոնալդ Վուդս Վինիկոտ՝ (1896-1971) բրիտանացի մանկաբույժ, հոգեբույժ և հոգեվերլուծող :

[7] The good-enough mother (1953) Վինիկոտի բավականին լավ մայրը նա է, ով կարողանում է երեխայի կարիքները բավարարել հավասարակշռված կերպով՝ ոչ չափազանց շատ, ոչ չափազանց քիչ : Բավականին լավ մորը հակադրվում է վատ մայրը, որ երեխային թողնում է մենակ իր տագնապների և տառապանքների հետ, ինչպես նաև շատ լավ մայրը, որ երեխային ապահովում է հնարավոր և անհնարին ամեն ինչով՝ այսպիսով չթողնելով, որ նա հասկանա, թե ինչ է նշանակում լինել կարիքի մեջ, ինչն անհրաժեշտ է երեխայի անձի ձևավորման և իր եսը մոր եսից տարբերելու համար: Մոր անդադար ներկայությունը երեխայի մոտ ստեղծում է ամենակաորղի և ամենահզորի տպավորություն : Վինիկոտն այս երկուսին հակադրում է բավականին լավ մորը:

[8] Անդրե Գրին՝ (1927-2012) ֆրանսիացի հոգեվերլուծող:

[9] Իլզե Բարանդե՝ (1928-2012) ֆրանսիացի հոգեբույժ, հոգեբան:

[10] Ֆլորանս Գինյար՝ (1934) ֆրանկոշվեյցարացի հոգեվերլուծող:

[11] Ժանին ՇասգեՍմիրգելը՝(1928-2006) ֆրանսիացի հոգեվերլուծող:

[12] Մարիլիա Այզենշտայն` Փարիզի հոգեվերլուծողների ընկերության անդամ:

[13] Ջովաննի Բելլինի` (1430 -1516) Վերածնունդի դարաշրջանի իտալացի նկարիչ:

[14] Մելանի Քլայն՝ (1882 –1960) ավստրոբրիտանացի հոգեվերլուծող, «օբյեկտային հարաբերության» տեսության նորարարներից:

[15] Օսմոս՝ (hուն.σμος) հրում, ճնշում:

[16] Ֆրանցիսկոս Ասսիզեցի՝ (Ջովաննի դի Պիետրո Բեռնարդոնե, 1182-1226) իտալացի հոգևորական, միստիկ, քարոզիչ, Կրտսեր եղբայրների կամ պարզապես Ֆրանցիսկյանների միաբանության և այլ ուխտերի հիմնադիր, կաթոլիկ եկեղեցու սուրբ:

[17] Հաննա Արենդտ՝ (1906-1975) գերմանական ծագում ունեցող ամերիկացի քաղաքական տեսաբան:

[18] Սիդոնի Գաբրիել Կոլետ՝ (1873-1954) Նոբելյան Գրականության մրցանակի արժանացած ֆրանսիացի գրող:

[19] Սոլիպսիզմ ՝ (լատիներեն՝ solus, միայն + ipse, անձ) փիլիսոփայական ուղղություն է, որի համար սեփական Եսը գոյություն ունեցող միակ իրականությունն է :

[20] Ֆրանսուա Պերիե՝ (1922-1990) ֆրանսիացի բժիշկ, հոգեբույժ, հոգեվերլուծող:

[21] Վալենտին Լուի-Ժորժ-Էժեն-Մարսել Պրուստ (1871–  1922), ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ։ Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» (ֆր.՝ À la recherche du temps perdu) 7 վեպից բաղկացած վիպաշարն է, որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկը։

[22] Ճանաչողական հոգեբանություն՝ (լատ. cognitio «ճանաչողություն, գիտելիք») հոգեբանության բաժին, որն ուսումնասիրում է մարդկային հոգեբանության կոգնիտիվ, այսինքն՝ ճանաչողական գործընթացները: Այս ոլորտի հետազոտությունները սովորաբար վերաբերում են հիշողության, ուշադրության, զգացմունքների, ինֆորմացիայի ներկայացման, տրամաբանական մտածողության, երևակայության հարցերին, ինչպես նաև որոշումներ ընդունելու ունակությանը: Զարգացման արդի փուլում ճանաչողական հոգեբանությունը մեծապես հիմնվում է հաշվողական սարքում ինֆորմացիայի վերամշակման և մարդու ճանաչողական գործընթացների միջև համաբանության վրա: Ամենամեծ տարածումը գտել է այն ըմբռնումը, որը հոգեկան կառուցվածքը (պսիխիկա) պատկերում է ազդակների վերամշակման ամրակայված ընդունակության տեսքով: Այս ըմբռնման մեջ գլխավոր դերը հատկացվում է ճանաչողական ներքին սխեմաներին և ճանաչողության գործընթացում օրգանիզմի ակտիվությանը: Մարդու ճանաչողական համակարգը դիտարկվում է որպես մի համակարգ, որն ունի ինֆորմացիայի ներբեռնման, պահպանման, արտածման կառուցվածք (հաշվի առնելով նաև այդ համակարգի թողարկման արագության ունակության սահմանափակումները):

[23] Կոլետի «Օրվա ծնունդը» (La Naissance du Jour) վեպի հերոսուհին

[24] Բնագրում հեղինակն օգտագործել է étayage (ֆր. նեցուկ, հենարան) եզրույթը (հուն. անակլիզիս (νάκλισις), գերմ. Anlehnung, որ թարգմանաբար նշանակում է կրկնօրինակելով մեկին կամ մի բանի, anlehnen- հենվել մեկի/մի բանի վրա): Եզրույթն առաջին անգամ օգտագործել է Ֆրոյդը, և այն խոշոր հայտագործություն է համարվում հոգեվերլուծության բնագավառում: Սեռական հակման և մարմնի որոշ գործառույթների մեջ սերտ կապ գոյություն ունի: Այսպիսով, կուրծք ծծելիս նորածինը միաժամանակ բավարարում է իր սննդի պահանջը և ֆիզիկական հաճույք է զգում ամենաէրոգեն գոտում՝ բերանում: Ընդունված է կարծել, որ այդ ժամանակ սեռական հակումը հենվում է սնունդ ստանալու պահանջի վրա և բավարարություն ստանում: Մանկավարժության բնագավառում անակլիզիս հասկացությունը սահմանվում է ամերիկացի հոգեբան Ջերոմ Բուրների (1915-2016) առաջարկած տեսությամբ. «Անակլիզիսը չափահաս մարդու մասնակցությունն է երեխայի զարացմանն ու աճին, որի արդյունքում վերջինս սովորում է այնպես կազմակերպել իր վարքը, որ կարողանա լուծել իր առջև ծառացած խնդիրները՝ մի բան, որ նա չէր կարողանում անել իր կյանքի ավելի վաղ փուլերում»: Եվ վերջապես, ամերիկացի հոգեբույժ, հոգեվերլուծող Ռենե Շպիցը (1887-1974) հոգեվերլուծության բնագավառ է ներմուծել այս եզրույթը ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա հենվելու իմաստով, որպեսզի նկարագրի օբյեկտային հարաբերության մի տեսակը. ապրելու համար երեխան իր մոր վրա հենվելու կարիք ունի, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով:

[25] Շվեյցարացի լեզվաբան Ֆերդինան դը Սոսյուրի սահմանմամբ լեզվական նշանը՝ բառը, կազմված է հասկացությունից և լսողական պատկերից, որոնք համապատասխանաբար կոչվում են նշանակյալ և նշանակիչ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.